ԻՍԿ ՀԱՄԱՐԺԵ՞Ք ԷՐ
ԼՂՀ ԱՐՁԱԳԱՆՔԸ
կամ՝ փրկիչը փրկում է վտանգից, այլ ոչ թե մահից, եւ այն էլ՝ բոլորին
Օգոստոսի 7-ի լույս գիշերը վրացական զինուժը մտավ Ցխինվալ, մինչ այդ մեզ ցավալիորեն ծանոթ «Գրադ» կայանքներով, հրանոթներով եւ օդուժով հողին հավասարեցնելով չճանաչված հանրապետության մայրաքաղաքը: Աշխարհը կանգնեց նոր պատերազմի փաստի առաջ, որը փոխեց իրադրությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ դրա սահմաններից շատ հեռու: Սույն մտորումների նպատակը չէ պարզելը, թե ինչպես աշխարհն արձագանքեց: Նոր իրավիճակը փորձություն էր բոլորի համար, տարբեր երկրներ փորձում էին իրենց շահերի տեսանկյունից դիտարկել իրավիճակը: Իսկ ինչպե՞ս դիտարկեցինք մենք՝ մեկ այլ չճանաչված հանրապետություն:
Մեր արձագանքն, ըստ իս, եղավ ծանրաշարժ եւ ոչ մոտիվացված, ըստ էության՝ ճարահատ արձագանք, որովհետեւ բոլորը հասկանում էին, որ ընդհանրապես ոչինչ չասելը ոչ ոքի կողմից չէր ընկալվի:
Ամենաօպերատիվն (օգոստոսի 8-ին) արձագանքեցին հասարակական կազմակերպությունները, որոնք ՀԿ-ների ռեսուրս-կենտրոնի նախաձեռնությամբ հանդես եկան հայտարարությամբ: Հայտարարությունն այդ աչքի էր ընկնում ոչ միայն օպերատիվությամբ, այլեւ շեշտադրումների հստակությամբ: Դատապարտելով չճանաչված հանրապետության դեմ ագրեսիան, արցախյան ՀԿ-ները Վրաստանից պահանջեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, հրապարակվեց ԼՂՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ «կապված Հարավային Օսիայում վերջին դեպքերի հետ»: Այստեղ հստակ շեշտադրումներ չկային, ավելին՝ մեկնաբանության մեջ տեղ էր գտել մի ամորֆ, մեր բախտակից հանրապետության համար տհաճ մի նախադասություն՝ «Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին... ձեռնարկել ամեն հնարավորը՝ արյունահեղությունը անհապաղ դադարեցնելու համար»: Հասկանալու համար նման նախադասության անտեղիությունը՝ փորձեք պատկերացնել հետեւյալ իրավիճակը՝ ադրբեջանական զինուժը, Աստված մի արասցե, մտել է Ստեփանակերտ, կոտորում է խաղաղ բնակիչներին, եւ այդ պահին Հարավային Օսիայի ԱԳՆ-ն «կոչ է անում հակամարտող կողմերին... ձեռնարկել ամեն հնարավորը՝ արյունահեղությունը անհապաղ դադարեցնելու համար»: Կարելի է, չէ՞, պատկերացնել, թե ինչպիսին կլիներ մեր արձագանքը:
Դժվար չէ հասկանալ, թե ինչու այդքան անատամ էր մեր արտաքին-քաղաքական գերատեսչության մեկնաբանությունը: Բանն այն է, որ դրա նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին, ՀՀ ԱԳՆ-ն էր հանդես եկել նման «հավասարակշիռ» հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով եւ հույս հայտնել, որ կողմերը բոլոր ջանքերը կներդնեն վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Ինչպես տեսնում եք, մեր ԱԳՆ-ի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ-ի պատճենն է: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ գոնե մի անգամ մենք կարող էինք ինքնուրույն քայլ ձեռնարկել, այլ ոչ թե նմանակել Հայաստանին, ինչի համար ուղղակի եզակի բարենպաստ առիթ էր: Մեկ այլ հարց դիտարկենք: Հայաստանի նման հավասարակշիռ պահվածքը մի-անգամայն հասկանալի ու հիմնավորված է: ՀՀ-ն ճանաչված պետություն է, ունի իր պարտավորություններն ու շահերը տարածաշրջանում եւ աշխարհում, ունի հաղորդակցական պրոբլեմներ, Ջավախքի խնդիր, ուստի չէր կարող միանշանակ շեշտադրումներ անել:
Իսկ ինչո՞վ էր կաշկանդված ԼՂՀ-ն: Բացարձակապես ոչնչով: Եւ կարող էր արցախյան ՀԿ-ների պես հստակ շեշտադրումներ անել եւ հանգիստ խղճով կանգնել բախտակից հանրապետության կողքին, բարոյապես կանգնել: Այո, մենք չունենք ռազմական դաշինք, բայց բարոյական դաշինք հո ունե՞նք: Մի՞թե աշխարհը կզարմանար ու կզայրանար, որ մի չճանաչված հանրապետություն բարոյական աջակցություն է հայտնում մեկ այլ չճանաչված հանրապետության՝ վերջինիս օրհասական պահին: Աշխարհը շատ լավ էլ կընկալեր, ավելին՝ հաճելիորեն կզարմանար, որ այս մի չճանաչվածը կենդանության ինքնուրույն նշաններ է ցույց տալիս: Էլ չեմ խոսում այն մասին, որ սույն քայլը հաճելի կլիներ նաեւ Ռուսաստանի համար, որին համարում ենք մեր ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը: Ավելին՝ նման քայլով տարբերակած-դիվերսիֆիկացրած կլինեինք հայկական դիվանագիտությունը, ըստ էության՝ ավելի մարսելի դարձնելով Հայաստանի դիրքորոշումը:
Բայց այս հանգամանքն ըստ արժանվույն չգնահատեցին ոչ Հայաստանում, ոչ էլ առավել եւս Արցախում, ինչը նշանակում է, որ Հարավային Օսիայի օրինակը դաս չի եղել մեզ համար: Ըստ իս, հիմնական դասը հետեւյալն էր՝ պիտի սեփական դեմք ու քաղաքականություն ունենալ: Հարավային Օսիան չուներ դա եւ գործում էր միայնումիայն Մոսկվայի թելադրանքով, ահա թե ինչով կարելի է բացատրել միջազգային հանրության քար անտարբերությունն օրհասական օրերին: Ըստ էության, ՀՕ-ն բանակ չուներ, այլապես ցանկացած երկիր պիտի որ կարողանա գոնե մեկ օր դիմադրել: Չի ունեցել բանակ, քանի որ ռուսներն ասել են՝ «ինչների՞դ է պետք բանակը, չէ՞ որ մենք այստեղ ենք»: ՀՕ-ի ղեկավարությունն էլ չի ասել՝ ախր, մենք անկախ պետություն ենք: Ունենար գոնե ռազմական հետախուզություն, ապա գոնե սեփական բնակչությանը կզգուշացներ վտանգի մասին, որպեսզի մարդիկ վաղօրոք պատսպարվեին նկուղներում: Չի ունեցել, կամ էլ եղած-չեղած բանակի «պուլտն» իր ձեռքին չի եղել: Ժողովուրդն էլ չի հարցրել իր ղեկավարությանը՝ «այսքան տարի ի՞նչ բանի եք»: Ու պատժվել է դրա համար:
Այո, հենց ժողովուրդն է պատժվել իր իսկ անպահանջկոտության համար, որովհետեւ ՀՕ նախագահ Կոկոյտին եւ իշխանամերձ պարոնները կարողացել են ծլկել ռուսական սահմանամերձ, գեղատեսիլ ու անվտանգ Ջավա ավանը, իսկ հասարակ ժողովուրդը մնացել է կրակի տակ: Եւ հիմա նույն նախագահն այնպես է «բոյեվիկ» խաղում հեռուստաէկրանին, ասես հարյուրավոր զոհեր տվողն ինքն ու իր իշխանությունը չեն: Ասես ինքը չէ բազմամյա անինքնուրույնության հեղինակը:
Մի՞թե մեր պարագան շատ է տարբերվում: Մենք վաղուց դադարել ենք ինքնուրույն գործոն լինելուց, մենք սովոր ենք սպասել, թե ինչ կասի Երեւանը, վերջինս էլ հրահանգի է սպասում Մոսկվայից, ինչի հետեւանքով Հայաստանն աշխարհում ընկալվում է որպես Ռուսաստանի ֆորպոստ, իսկ Արցախն էլ, երեւի, ֆորպոստի ֆորպոստ, կամ վասալի վասալ:
Այս առումով լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաեւ ԼՂՀ արձագանքի «մեխանիկան», ինչը մեկ անգամ եւս երեւակեց մեր կառավարման համակարգի անկենսունակությունը: ԼՂՀ նախագահը ոչ մի բան չասաց, վարչապետը նույնպես, խորհրդարանն էլ նիստ չհրավիրեց (ավելի լուրջ ի՞նչ իրավիճակ պիտի լիներ արտահերթ նիստ հրավիրելու համար, չէ՞ որ Ադրբեջանը կարող էր օգտվել ստեղծված իրավիճակից): Շրջանառվող հիմնական պատճառներից ամենածիծաղելին արձակուրդային սեզոնն էր, որն անձամբ ես գլխավորը չեմ համարում: Ըստ իս, գլխավորը ինքնուրույն քայլեր անելու ոչ միայն անընդունակությունն էր, այլեւ նման ցանկության բացակայությունը:
Իրավիճակն այս առումով փոքր ինչ փրկեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, որն իր մամուլի ասուլիսում հստակ շեշտադրումներ արեց եւ տվեց մի շարք օրախնդիր ու դիպուկ գնահատականներ (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ ղեկավարության հետ համաձայնեցված): Միակ անհասկանալին նրա մի «թեական» պնդումն էր: Խորհրդարանականը չբացառեց, որ ղարաբաղյան իշխանությունները կարող է հումանիտար օգնություն ցուցաբերեն Հարավային Օսիային: Սա, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ ձեւակերպում չէր: Բայց անիմաստ է այս հարցում խորհրդարանականին պարսավելը, քանի որ մենք հասկանում ենք, եւ ինքն էլ էր քաջ հասկանում, որ իր կարգավիճակով նա ավելին չէր էլ կարող ասել: Ավելին կարող էին ասել երկրի նախագահն ու կառավարությունը: Կարող էին եւ պարտավոր էին միանշանակ ասել: Ինչպես, օրինակ, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն էր առաջարկում՝ կարելի էր շուտափույթ մի ինչ-որ գումար փոխանցել եւ կոչ անել հակամարտության գոտուն սահմանակից տեղաշրջանների հայ բնակչությանը նույնպես հումանիտար օգնություն ցուցաբերել աղետի գոտու մարդկանց: Սա կլիներ նաեւ արցախյան հանրության առաջարկների արձագանք, քանի որ այս օրերին խմբագրություն էին այցելում մարդիկ, հարցնելով, թե ինչպես կարելի է հագուստ եւ սննդամթերք ուղարկել Ցխինվալ:
Մենք դա չարեցինք: Չարեցինք, եւս մեկ անգամ ապացուցելով, որ չենք յուրացրել հարավօսական վիճակի մյուս դասը՝ ամբողջ հույսդ մի դիր ուրիշի վրա, անգամ դաշնակցի վրա: Այո, ռուսները փրկեցին օսերին, բայց ռուսները գեշ սովորություն ունեն փրկելու կոտորածից հետո միայն:
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ «ՋՐԵՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ» ԵՆ. ՄՆԱՑ ՂԱՐԱԲԱՂԸ
Առանց այն էլ անկայուն մեր տարածաշրջանը այս ամենից հետո կհայտնվի լիակատար անորոշության մեջ: Այսպիսի կարծիք այսօր կարելի է լսել հարավկովկասյան տարածաշրջանում: Իրականում այս թոհուբոհից հետո տարածաշրջանում, ընդհակառակը, կպարզվեն ջրերը: Համենայնդեպս, Վրաստանի եւ Ռուսաստանի առումով ամեն ինչ պարզ կլինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում, եւ տարածաշրջանը շատ ավելի կանխատեսելի կդառնա: Անորոշ կմնա միայն ղարաբաղյան հակամարտության գոտին:
Միջազգային փորձագետները փորձում են գուշակել, թե ինչ կլինի արյունոտ պատերազմից հետո: Մեծ մասը հակված է կարծելու, որ Ռուսաստանը կչեզոքացնի վրացական զինուժը եւ հաղթողի իրավունքով կճանաչի Հարավային Օսիան եւ Աբխազիան, ամենայն հավանականությամբ՝ որպես ՌԴ մաս: Դա ընկալվում է որպես «լավագույն տարբերակ» նույնիսկ արեւմտյան եւ վրացական որոշ վերլուծաբանների կողմից:
Իսկ ի՞նչը կարող էր լինել դրանից վատ: Վերլուծաբանները նույնիսկ չեն ենթադրում, որ Ռուսաստանը կարող է էյֆորիայի մեջ գրավել Վրաստանը կամ առնվազն շատ մեծ մարդկային վնասների բերող գործողություններ իրականացնել: Թեկուզ խոսվում է նաեւ ԱՄՆ-ի հնարավոր մասնակցության եւ, որպես հետեւանք, երրորդ համաշխարհային պատերազմի մասին:
Սակայն, դատելով Սահակաշվիլիի, արեւմտյան երկրների, ՄԱԿ-ի պահվածքից, որոնք ընդամենը մեղադրում են Ռուսաստանին, բայց գործուն քայլեր չեն ձեռնարկում, կարելի է ենթադրել, որ առավել հավանական է առաջին տարբերակը՝ Վրաստանը կզրկվի «Աբխազիա եւ Օսիա» կոչվող գլխացավանքից, Ռուսաստանն էլ՝ Վրաստանի ՆԱՏՕ մտնելուն խոչընդոտելու միակ գործոնից: Ընդ որում, Սահակաշվիլին «պատվով» կթողնի իր աթոռը եւ նույնիսկ ազգային հերոս կհռչակվի: Վրացական ժողովուրդն էլ համոզված կլինի, որ ամեն ինչ արել է ազգային շահերը պաշտպանելու համար:
Հետո պատերազմը կշարունակվի իրավական կոչվող առեւտրային դաշտում, որտեղից կողմերը կփորձեն առավելագույնը քաղել: Բայց փաստը կմնա փաստ. Սահակաշվիլին «հանձնման ձեւով» «կլուծի» վիճելի տարածքների խնդիրը, Վրաստանում կհայտնվեն ՆԱՏՕ-ի զորամիավորումները, Ռուսաստանը եւս երկու մարզի լիիրավ տեր կդառնա, իսկ ինքնահռչակ հանրապետությունների բնակչությունը վերջապես հանգիստ կշնչի եւ այլեւս չի հրաժարվի ռուսական թիկունքից:
Այս «մարդասիրական» ծրագիրը, որի արդյունքում «բոլորի համար լավ է լինելու», հավանաբար, մշակվել է լուրջ ռազմաքաղաքական կրթություն ունեցող մարդկանց կողմից: Սովորաբար, նման մարդիկ հուզական չեն լինում, կամ միայն կյանքի վերջում են «դարձի գալիս» եւ իրենց պայծառ գաղափարների զոհերի հիշատակին մատուռ են կառուցում: Հուզական չեն, քանի որ ուրիշի կյանքն իրենց համար արժեք չունի: Ցավոք, մարդկության պատմության մեջ մարդկային կյանքն արժեք այդպես էլ չդարձավ: Մարդկային կորուստները եւ պատերազմական գործողությունները հաշվարկվում են թվերով, այլ ոչ թե կոտրված ճակատագրերով: Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որքանով է անպաշտպան մարդու կյանքը «ընտրյալների» պայծառ գաղափարների առջեւ:
Եւ, վերադառնալով հրապարակման առաջին մտքին, նշենք, որ աշխարհում անորոշ տարածաշրջանների «ջրերը պարզեցնելու» հստակ միտում է նկատվում: Ընդ որում, չճանաչված անկախությունը ճանաչելու միջոցով: Կոսովոյում դա արվեց անարյուն ձեւով, քանի որ սերբ ժողովրդին հաջողվեց համոզել, որ դա է աշխարհի զարգացման ճանապարհը: Վրաց ժողովրդին համոզելու լավագույն ձեւ ընտրվեց պարտությունը պատերազմում: Իսկ ո՞ր ձեւի վրա կկանգնեն աշխարհի ճարտարապետները Ղարաբաղի հարցում:
Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ