ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ ԸՆԹԵՐՑՈՂՆ Է ԵՂԵԼ
Կարինե ՕՀԱՆՅԱՆ
Լրագրությունում
կա այսպիսի չգրված օրենք՝ նյութի հերոսը ոչ թե նա պիտի լինի, ում մասին
գրվում է և ոչ էլ ինքը՝ նյութը պատրաստող լրագրողը: Ոչ, ցանկացած նյութի
գլխավոր հերոսը պիտի լինի ընթերցողը, հեռուստադիտողը կամ ռադիոունկնդիրը:
Մեր աշխատանքի հինգ տարիների ընթացքում «Դեմո»-ի բոլոր նյութերի գլխավոր
հերոսն, ըստ իս, հենց ընթերցողն է եղել՝ Ավետարանոց գյուղի բնակիչ Արաքսյա
տատիկից մինչև որեւէ չինովնիկ: Մեր նյութերի կիզակետում միշտ էլ եղել են
մարդն ու իր հոգսերը, և դա էր հենց հանրային թերթի հիմնական
առաքելությունը: Հինգ տարվա ընթացքում ես ականատեսն եմ եղել այն բանի, թե
ինչպես են բազմաթիվ մարդիկ եկել մեզ մոտ՝ արտահայտվելու, որովհետև “լսված
լինելու” ուրիշ տեղ ուղղակի չկար...
Մեզ
տարբեր կերպ են անվանել՝ ընդդիմադիր թերթ, արևմտամետ, նեգատիվ և այլն:
Բայց մեզ՝ թերթում աշխատողներիս համար, անիմաստ էր արդարանալը, որովհետև
մեր լրագրողական խիղճը մաքուր էր. մենք միայն մի պատվեր ենք կատարել՝
հանրության պատվերը, հասարակ մարդու պատվերը: Դրա պերճախոս վկայությունը
թերթի արխիվն է: Անցած հինգ տարում մեր համարները թերթելու դեպքում կարելի
է տեսնել մեր երկրի ողջ կյանքը՝ իր նվաճումներով ու հիմնախնդիրներով,
ապագայի նկատմամբ սրտացավությամբ և անցյալի հանդեպ ակնածանքով: Կտեսնեք
այն, ինչով մենք տարբերվել ենք այլ լրատվամիջոցներից՝ մենք չենք եղել
երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի կամ այլ պաշտոնյայի գործունեության
ժամանակագիրը: Մենք եղել ենք թերթ, որի դռներն ու էջերը միշտ էլ բաց են
եղել յուրաքանչյուրի, ամենաշարքային մարդու առաջ:
Ափսոս,
իհարկե, որ ղարաբաղյան լրատվամիջոցների համապատկերը զրկվում է «Դեմո»-ից՝
ԼՂՀ-ում այլընտրանքային տեղեկատվության գրեթե միակ աղբյուրից: Բայց,
ինչպես ասում են, կան քարերը նետելու և քարերը ժողովելու ժամանակներ: Մեզ
բոլորիս համար «Դեմո»-ում աշխատելը եղել է շատ կարևոր մի փորձ՝ ազատ
լրագրության փորձ, որտեղ չկան թույլատրելիի և համընդունելիի սահմաններ: Եւ
թերթի այս վերջին համարում կցանկանայի երախտագիտություն հայտնել «Դեմո»-ի
լրագրողների ողջ թիմին, մեր արտահաստիքային հեղինակներին, ովքեր հինգ տարի
շարունակ հանդիսանում էին թերթի դեմքը, եւ, իհարկե, մեր բոլոր գլխավոր
հերոսներին՝ մեր ընթերցողներին:
Շնորհակալություն
ձեզ, և թող Նոր տարին բոլորիս բերի նոր հույսեր, սոցիալական
հաջողություններ, քաղաքական կայունություն, խաղաղություն և անձնական
երջանկություն:
ԿՅԱՆՔԸ ԹԹՎԱԾԻՆՆ Է
Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Ղարաբաղ
այցելած մարդիկ, սովորաբար, երկու հիմնական բան են նշում. այստեղ շատ
գեղեցիկ է, մարդիկ բարի ու հանգիստ են, սակայն շատ փոքր է, եւ շնչելու օդ
չկա: Իհարկե, փոքր է, սակայն օդը ծանր է ոչ այդ պատճառով: Պարզապես,
մարդիկ այս տարիների ընթացքում կորցրել են սեփական բնակարանը օդափոխելու
ոչ միայն ունակությունն, այլեւ կարիքը:
Այդ
պարագայում «Դեմո»-ն փոքրիկ պատուհան էր, որտեղից Ղարաբաղ էր մտնում թարմ
օդ եւ թարմ ինֆորմացիա: Դժվար թե այդ պատուհանը փակվելուց հետո Ղարաբաղում
բոլորը «խեղդվեն»՝ մարդիկ արդեն իմունիտետ ունեն ծանր օդի հանդեպ: Բայց
շնչել, անկասկած, մի քիչ դժվար կլինի:
Բացեք պատուհանները, դռները եւ շնչեք: Կյանքը թթվածինն է:
ԿԱ ԱՅՍՊԻՍԻ ՄԻ ՊԱՐԶ ԲԱՌ՝ ՍԿԶԲՈՒՆՔ
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այս
տարին էլ շուտով կգլորվի պատմության գիրկը: Հասցե, որտեղ պարտադիր
գրանցում են ստանում մեր ապրած օրերի եւ վատ, եւ լավ պահերը: Այդ նույն
ճակատագրին է արժանանում նաեւ «Դեմո»-ն՝ դարձյալ իր արած-չարածով: Իսկ թե
արածն ու չարածն ինչ հարաբերակցության մեջ են՝ գիտեն միայն այն բազմաթիվ
ընթերցողները, որոնց մի մասը մեզ հետ կիսել է իր դարդն ու ցավը,
ուրախությունն ու տխրությունը, կամ էլ այցելել մեզ՝ պարզապես զրուցելու
համար: Թե որքանով է մեզ հաջողվել այս տարիների ընթացքում լինել հասարակ
մարդկանց կողքին՝ դարձյալ թողնենք այդ նույն մարդկանց դատին: Ամեն
դեպքում, ձգտել ենք լինել նրանց կողքին, լսել նրանց, կիսել ապրումները,
հնարավորինս օգնել...
Ոչ,
սրանք ամենեւին էլ հրաժեշտի խոսքեր չեն, այլ պարզապես ապրումներ, որոնք
կարծես թե ամփոփվում են կյանքի ամեն մի փուլից հետո, որին հաջորդում է
մյուսը: Իսկ մյուս փուլը դարձյալ շարունակությունն է այս ամենի, որը մի
պարզ բառով կոչվում է ՍԿԶԲՈՒՆՔ: Իսկ դա պարտավորեցնում է ինձ շարունակել
աշխատել նույն ոգով, լինել հասարակ մարդկանց կողքին: Ուրեմն, դեռ
կհանդիպենք ու դարձյալ կկիսենք մեր ապրումները՝ անկախ այն բանից, թե որ
թերթում կլինեմ:
Թող
այս նոր տարին այնքան հաջողություններ բերի մեր ժողովրդին, որ մարդիկ մեզ
այցելեն միայն ու միայն ուրախություններ կիսելու համար: Շնորհավոր Ամանոր
եւ Սուրբ ծնունդ:
ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՁԵՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ...
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Այս
դեպքում ես նախընտրում եմ չքայլել ժամանակի հետ եւ հրաժեշտս «կազմակերպել»
գրավոր տեսքով: Համենայն դեպս, հուսով ենք, որ մեր երկրում խոսքը դեռ ուժ
ունի: Ու միգուցե դրա շնորհիվ է, որ «Դեմո»-ն հինգ տարի շարունակ ապրեց:
Դժվարանում եմ միանշանակ ասել, որովհետեւ իմ պրակտիկայում բազմաթիվ
պաշտոնյաներ են մերժել մեկնաբանություն տալ, զրուցել, կարծիք արտահայտել:
Շատերն են խուսափել «Դեմո»-ի հետ «գործ ունենալ»: Ա°յ, այդ մարդկանց արժե
շնորհավորել` համոզված եղեք, դուք շատ համախոհներ ունեք այդ հարցում: Իսկ
այն մարդիկ, ովքեր համարել ու դեռ կշարունակեն համարել, որ «Դեմո»-ն
ինչ-որ բան է փոխել մեր երկրում` ցանկանում եմ համբերություն: Համոզված
եմ, որ մեր թերթի համարները խնամքով կպահպանեք ձեր արխիվում:
ԵՐԲ ԱՅԼԵՎՍ ԳՆԱԼՈՒ ՏԵՂ ՉԷՐ ԼԻՆՈՒՄ...
Մարութ ՎԱՆՅԱՆ
Անկեղծ
ասած, չեմ ցանկանում, որ «Դեմո» այլեւս չհրատարակվի, չեմ էլ պատկերացնում,
որ վերջին համարի վրա ենք աշխատում: Ինձ համար միշտ հաճելի է եղել
Ստեփանակերտի հրապարակներում տարեց մարդկանց (եւ ոչ միայն) ձեռքին տեսնել
մեր թերթի ճերմակ էջերը: Բազմաթիվ անգամներ ականատես եմ եղել, թե մարդիկ
ինչպիսի էմոցիաներով են գալիս խմբագրություն՝ որպես դիմելու, բողոքելու
վերջին ատյան, երբ նրանց գործերը չէին ստացվում, կամ անարդարության են
հանդիպել եւ այլն...
Լինելով
տպագիր տեղեկատվական աղբյուր, զուտ տեխնիկական տեսանկյունից նայելով`
թերթն ավելի հասանելի է եղել հասարակությանը Արցախում եւ նրա սահմաններից
դուրս: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այն իսկապես հանրային թերթ է եղել
եւ բաց՝ բոլորի համար: Ինչևէ, «Դեմո»-ն երշիկ կամ շիշ փաթաթելու թուղթ չի
եղել, համենայնդեպս՝ մինչեւ կարդալը, համենայնդեպս՝ ինձ համար: