DEMO — the first public newspaper in Karabakh - Քաղաքականություն
                         
Հայ    Рус
       

Գլխավոր էջ
Ինֆո
Խմբագրակազմ
Հղումներ

Բաժիններ
  • Լուրեր
  • Մշակույթ
  • Համահայկական
  • Հարցում
    Ըստ Ձեզ, ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի դիրքորոշումը հայանպա՞ստ է:
    Всего ответов: 43
    Արխիվ
    Այլ
     

     
    Վիճակագրություն
    Site Meter 

    ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ,

    ՉՆԱՅԱԾ ԱՄԵՆ ԻՆՉԻ,

    ԿՐԿԻՆ ԿՓԱԹԱԹՎԻ ԽՈՐՈՎԱԾԻ ԾԽԻ ՄԵՋ

     

    2008 թվականը նոր էջ բացեց «հայ-ղարաբաղյան» հարաբերություններում: Հանկարծ պարզվեց, որ ղարաբաղյան խնդիրը եկել ու բախվել է մի կարեւոր խնդրի. Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, եւ դրա մեղավորն, ըստ երեւույթին, Հայաստանն է: Եւ հիմա երկու հայկական պետությունները փորձում են պարզել այդ կազուսը, ինչն առայժմ չի ստացվում:

    Իրավիճակը, մեղմ ասած, տարօրինակ է. Մոսկովյան հռչակագրից հետո Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում՝ կոալիցիայի անդամ Դաշնակցությունը, նշել են, որ Ղարաբաղի ստորագրության բացակայությունը բացասական է անդրադարձել կարգավորման կոնֆիգուրացիայի վրա: Նույն բանը պնդել է նաեւ ԼՂՀ ղեկավարությունը, նախընտրելով չմեկնաբանել մի հռչակագիր, որն իրեն «չի վերաբերում»: Նույնիսկ տարվա վերջին օրերին Ղարաբաղ այցելած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է նշել, որ Ղարաբաղը պետք է բանակցությունների կողմ լինի: Այդուհանդերձ, Հայաստանը գերադասում է չզիջել իր տեղը Ղարաբաղին:

    Այս համատեքստում այս տարվա առանձնահատկությունը, թերեւս, այն է, որ Ղարաբաղի իշխանությունները, դեռ ոչ այնքան հստակ եւ համոզիչ, բայց գոնե արտահայտվել են, որ համաձայն չեն Հայաստանի պարտվողական դիրքորոշման հետ եւ պատրաստ են սեփական քաղաքականություն վարել: Իսկ լռում են բացառապես Հայաստանի իշխանությունների հանդեպ ունեցած հարգանքի կամ այլ զգացմունքների պատճառով: Թեկուզև ակնարկում են, որ մի պահ կարող է դա էլ չօգնել: Այնպես որ, ավելի լավ է Հայաստանը հրաժարվի երկկողմ բանակցություններից:

    Իսկ կկարողանա՞ Հայաստանը դիմել այդ քայլին: 2008-ի վերջին այդ հարցին դժվար թե որեւէ մեկը դրական պատասխան տա: Տարին չափազանց դժվար էր Հայաստանի համար եւ գրեթե զրո-ի է հասցրել Հայաստանի հնարավորությունները: Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների բացասական արձագանքը չի լռել առայսօր: Մարտի 1-2-ի իրադարձությունների համար Հայաստանի իշխանություններին նոր թափով են մեղադրում միջազգային ատյանները, սպառնալով կտրուկ պատժամիջոցներ կիրառել: Իշխանությունները մեղադրում են արմատական ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը: Հասարակությունը մոլորության մեջ է. եւ այս, եւ այն կողմից համոզիչ փաստարկներ են հնչում, սակայն դրանք գրեթե կապ չունեն իրականության հետ: Հասարակությունը լռել ու սպասում է. ի՞նչ կլինի, եթե ԵԽԽՎ-ն Հայաստանին իրոք զրկի ձայնի իրավունքից:

    Տարին դժվար էր նաեւ տնտեսական առումով: Համաշխարհային ճգնաժամն արդեն հասել է Հայաստան եւ սպառնում է մշտական բնակություն հաստատել այստեղ: Իշխանությունն արտաքուստ հանգիստ է, սակայն, դատելով ձեռնարկած քայլերից, շփոթված փորձեր է անում որևէ տեղից գումար հայթայթել, որպեսզի ճգնաժամի հետեւանքով սոցիալական բողոքի ալիք չբարձրանա: Վարչապետը Վաշինգտոն գնաց, փորձեց համոզել Համաշխարհային բանկին փող տալ, հետո մեկնեց Մոսկվա, բայց չկարողացավ համոզել լուրջ ներդրումներ կատարել, ասենք, Իրան-Հայաստան երկաթուղու մեջ: Որոշվեց, որ այդ նախագիծը դնեն Ազգային ժողովի նախագահի ձեռքին եւ ուղարկեն Չինաստան: Ով-ով, Չինաստանը փող ունի, բայց Չինաստանի ինչի՞ն է պետք այդ երկաթուղին:

    Մինչ իշխանությունները փորձում են փող գտնել, մարդիկ թե Հայաստանում և թե Ղարաբաղում պատրաստվում են Նոր տարվան: Հայաստանում, նախկինի պես, խոզի բուդ են պատրաստում: Ճիշտ է, այս տարի Ղարաբաղը չկարողացավ մատակարարել այն մայր-հայրենիքին՝ աֆրիկյան ժանտախտը խանգարեց: Սակայն դա չի խանգարի ղարաբաղցիներին նոր տարվա երեկոյան խորոված անել, եւ Ստեփանակերտը, չնայած ամեն ինչի, կրկին կփաթաթվի խորովածի ծխի մեջ:

    Իսկ հաջորդ տարի թող լինի այն, ինչ կլինի: Եթե բախտներս բերի, միջնորդներն այս անգամ էլ ընդհանուր լեզու չեն գտնի, եւ ստատուս-քվոն, այսինքն՝ խաղաղ կյանքը ղարաբաղյան հակամարտության գոտում կշարունակվի եւս մեկ տարի: Մնում է միայն հուսալ, որ Հայաստանի իշխանություններին կհաջողվի «թարմ» պահել գերտերությունների հակասություններն ու ժամանակ շահել: Բայց դրա համար պետք է առնվազն հրաժարվել այսօրվա պայմանավորվածություններից:

     

    Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

     

                                                                                                                      
     
     
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           
    Powered by NKSoft Company


    Copyright Demo © 2010   ԵԼՔ