ԱՐԴԵՆ 2106
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

2000 դոլար + 500 դոլար + 300 հազար դրամ: Այս գումարը ձեռք կբերեն այն երիտասարդ զույգերը, որոնք իրենց ամուսնությունը հունիսի 28-ից հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում են գրանցել ԼՂՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման համապատասխան տարածքային բաժիններում: 2000 դոլարը կտրամադրվի հովանավորների կողմից, 500 դոլարը կհատկացվի պետբյուջեից՝ հարսանյաց հագուստի եւ մատանիների ձեռքբերման համար, իսկ 300 հազար դրամը պետական ծրագրով հունվարի 1-ից նախատեսված գումարն է, որը տրամադրվում է յուրաքանչյուր զույգի՝ անկախ ամուսնությունը գրանցելու ժամկետից:
Նշված ժամանակահատվածում իրենց ամուսնությունը գրանցած թվով 690 զույգերն էլ կդառնան հոկտեմբերի սկզբներին Ղարաբաղում նախատեսվող կոլեկտիվ հարսանիքի գլխավոր հերոսները: Հարսանիքը սկզբից նախատեսված էր սեպտեմբերի սկզբներին, սակայն հետո որոշվեց այն անցկացնել հոկտեբերի սկզբներին՝ Բերքի տոնից հետո: Մեր տվյալներով, այն հետաձգվել է նաեւ նախատեսվող շինարարական աշխատանքների պատճառով, որպեսզի դրանք ավարտին հասցվեն. Շուշիում եւ Գանձասարում բարեկարգվում է եկեղեցու շրջակայքը, իսկ Ստեփանակերտում վերանորոգվում են Վերածննդի հրապարակից դեպի մարզադաշտ տանող աստիճանները: Նախատեսված է, որ զույգերը Գանձասարում եւ Շուշիում պսակադրության արարողությունից հետո գալու են Ստեփանակերտ եւ հենց այդ աստիճաններով են իջնելու մարզադաշտ, որտեղ կայանալու են հիմնական միջոցառումները:
Մեր տվյալներով, հեռանկարային ծրագրով նախատեսվում է բարերարների կողմից նորապսակներին՝ առաջին երեխայի ծնվելու դեպքում 3 000 դոլարի տրամադրում, ինչը ամեն հաջորդ երեխայի դեպքում կավելացվի: Իսկ 7-րդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին կտրամադրվի 50 000 դոլար:
Ամուսնացող զույգերի պետական ծրագիրը եւ կոլեկտիվ հարսանիքի գաղափարը կարելի է ասել դրական տեղաշարժ են գրանցել Ղարաբաղում ամուսնությունների առումով. այս տարի անցած տարիների համեմատ ամուսնությունների զգալի աճ է գրանցվել: ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ուրախությամբ նշեց, որ առաջին կիսամյակում ԼՂՀ ՔԿԱԳ բաժիններում գրանցվել է 2042 ամուսնություն, նախորդ տարվա 519-ի դիմաց: Ամենաշատ ամուսնությունները՝ 832, գրանցվել են Ստեփանակերտում, 326-ը գրանցվել է Մարտակերտում, 243-ը՝ Մարտունիում, 238-ը՝ Ասկերանում, 168-ը՝ Հադրութում, 125-ը՝ Շուշիում, 76-ը՝ Քաշաթաղում, 34-ը՝ Շահումյանում:
ԼՂՀ արդարադատության նախարարությունից տեղեկացանք, որ հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում ընդհանուր առմամբ արդեն գրանցվել է 2106 ամուսնություն:
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԵՆ
Հարկային մարմինների կողմից վերջին շրջանում իրականացված ստուգումները բնակչության շրջանում քննարկվող ամենահրատապ թեմաներից է: Մայրաքաղաքի մի քանի խանութներ, ինչպես հավաստիացնում են որոշ բնակիչներ, հարկային մարմնի կողմից տուգանվելուց հետո գները կտրուկ իջեցրել են: Ասում են, որ մի քանի խանութներ էլ դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ որոշ տնտեսավարող սուբյեկտների գործերը հասել են դատարան:
Այս տվյալները ճշտելու համար դիմեցինք ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանին, որը մեզ տեղեկացրեց, որ հարկային մարմնի կողմից, 2008թ. 1-ին կիսամյակի արդյունքներով, կատարվել են թվով 584 ստուգումներ, այդ թվում՝ բյուջեների հանդեպ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների հաշվարկման եւ վճարման ճշտության, հարկ վճարողների դիմումների համաձայն՝ լուծարային, հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման եւ շահագործման կանոնների պահպանման ճշտության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւ այլն:
Ա.Բալայանի հավաստիացմամբ, ստուգումների արդյունքներով վերոնշված ժամանակահատվածում ԼՂՀ դատարաններ է ներկայացվել թվով 20 քաղաքացիական գործ: Արձանագրված խախտումները տարաբնույթ են՝ բյուջեների հանդեպ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների հաշվարկման եւ վճարման, հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման եւ շահագործման կանոնների, հաստատագրված վճար վճարողների կողմից հայտարարագրված ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների խախտումներ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր:
- Դատական կարգով է ընթացք ստացել «Արցախառեւտուր» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների գանձումը: Տնտեսավարող սուբյեկտների իրական շրջանառությունների, ձեռնարկատիրական առարկաների գրանցման եւ իրացման փաստացի գների վերահսկման նպատակով առեւտրի ոլորտում 2007թ. դեկտեմբեր ամսում թվով 15 տնտեսավարող սուբյեկտի, այդ թվում եւ «Արցախառեւտուր» ՓԲԸ-ի մոտ իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների դիմաց սուբյեկտները տուգանվել են «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված չափով: Տուգանված տնտեսավարող սուբյեկտների մի մասը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, մարել է տուգանքը, մյուսները, բացի «Արցախառեւտուր» ՍՊԸ-ի, վճարման ժամկետը երկարաձգելու համար դիմել են ԼՂՀ կառավարություն եւ օգտվել վերջինիս կողմից ընձեռված արտոնությունից. երկարաձգվել են պարտավորությունների վճարման ժամկետները: Համաձայն չլինելով ստուգման ակտի հետ` «Արցախառեւտուր» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան: Բացի ստուգմամբ հայտնաբերված խախտումների դիմաց ունեցած պարտավորություններից, կազմակերպությունը ուներ նաեւ 6 ամսվա ընթացիկ չկատարած պարտավորություններ եւ իր գործունեության ընթացքում ժամանակին չկատարած վճարումների դիմաց առաջացած տույժեր: Հարկային մարմինը հանդես է եկել հակընդդեմ հայցով՝ նշված սուբյեկտի կուտակած եւ ստուգմամբ հայտնաբերված պարտավորությունների գծով գումարների մարման համար: Հայցը բավարարվել է հօգուտ հարկային մարմնի: Այնուհետեւ հարցը տնտեսավարող սուբյեկտի վերաքննիչ բողոքով տեղափոխվել է վերաքննիչ դատարան, այս անգամ եւս հարկային վեճը լուծվել է հօգուտ հարկային մարմնի,- մեզ տված հարցազրույցում տեղեկացրել է Ա. Բալայանը:
Նրա հավաստիացմամբ, «Արցախառեւտուր» ընկերությանը պատկանող որեւէ գործունեության կասեցում չի կիրառվել:
- Ի դեպ, իր գործունեության ընթացքում «Արցախառեւտուր» ՓԲԸ-ն միշտ էլ հարկային պարտավորությունների կատարման հարցում ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք: Ավելացնենք նաեւ, որ նույն տնտեսավարող սուբյեկտը շարունակում է չկատարել իր ընթացիկ հարկային պարտավորությունները՝ ապառքներ կուտակելով պետական բյուջեի հանդեպ,- հավելել է պարոն Բալայանը:
ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ
Հաջորդ տարվանից շրջանառության մեջ կդրվեն միանգամից 4 օրենսգրքեր՝ դատական, քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության եւ վարչական դատավարության՝ այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը:
2008թ. առաջին կիսամյակում ԼՂՀ արդարադատության նախարարությունում հրավիրվել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց եւ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի մեկ նիստ, որի արդյունքում 5 քաղաքացու շնորհվել է բռնադատվածի կարգավիճակ եւ տրվել համապատասխան վկայականներ:
Հարկային պետական ծառայության տվյալներով՝ 2008թ. առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 5555.1 մլն դրամ հարկային եկամուտներ եւ տուրքեր, ինչը պլանավորված ցուցանիշը գերազանցել է 0.9 %-ով կամ 47.1 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 10.8%-ով կամ 539.8 մլն դրամով:
Առեւտրի հարկով հարկվող տնտեսավարող սուբյեկտների իրացման շրջանառության ծավալը 2008թ. 6 ամսվա արդյունքներով կազմել է 16305.6 մլն դրամ, 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ 210.5% կամ 8561.3 մլն դրամով ավել, իսկ նույն ժամանակահատվածում առեւտրի հարկից պետական բյուջե է մուտքագրվել 435.4 մլն դրամ՝ կազմելով նախորդ տարվա ցուցանիշի 201.1%-ը:
Հարկային մարմինների կողմից ստուգումների ընդհանուր թվաքանակից 171 -ը կատարվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման եւ շահագործման կանոնների պահպանման ճշտության նպատակով, արդյունքում արձանագրվել է խախտման 122 դեպք՝ լրացուցիչ բյուջե հաշվարկվելով 12.2 մլն դրամ:
2008թ. փետրվարին գործողության մեջ է դրվել նաեւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության կասեցման ընթացակարգը, որի արդյունքում առ այսօր գրանցվել են գործունեության կասեցման 15 դեպք. 12 տնտեսավարող սուբյեկտի 5 օրով՝ առաջին անգամ խախտումն կրկնվելու եւ 3 տնտեսավարող սուբյեկտի 10 օրով՝ երկրորդ եւ ավելի անգամ կրկնվելու համար:
Հարկային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 2008թ. առաջին կիսամյակում հարուցվել է 7 քրեական գործ, որով պետության հասցված վնասը կազմել է 738.3 մլն դրամ: