Հայ    Рус
       

Գլխավոր էջ
Ինֆո
Խմբագրակազմ
Հղումներ

Բաժիններ
  • Համահայկական
  • Հարցում
    Արդյո՟ք համարժեք եք համարում ԼՂՀ իշխանությունների արձագանքը հարավ-օսական իրադարձություններին:
    Всего ответов: 3
    Արխիվ
    Այլ
    Վիճակագրություն
    Site Meter 

    ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐՎԵՆ ՆԱԵՎ ՕՏԱՐԱՑՈՒՄԻՑ
      
    Ազատագրված տարածքների ամենատարբեր բնակավայրեր պարբերական այցելությունների շնորհիվ մեր հայրենակիցների տրամադրությանն ու հոգեբանությանը ծանոթանալով, ինչպես նաեւ տարիներ շարունակ Քաշաթաղի եւ, չգիտես ինչու, Շահումյանի շրջան վերանվանված Քարվաճառի շրջանների ղեկավարների վարած քաղաքականության, նորանկախ երկրի ղեկավարների վերաբերմունքի եւ արցախյան հանրության ներսում շրջանառվող մի շարք կարծրատիպերի ուսումնասիրությունը մեզ ստիպել է հանդես գալ սույն հոդվածով:
    Ազատագրված տարածքների վերաբնակեցման առաջին փուլից հետո անհասկանալի պատճառներով նվազել է այս հայրենաշեն առաքելության կարեւորությունը, շրջանների նկատմամբ ոչ հոգատար վերաբերմունքն աստիճանաբար վերաճել է խափանման քաղաքականության, ինչի հետեւանքով ազատագրված տարածքները զգալիորեն տուժել են, վերաբնակեցման գործընթացն, ըստ էության, դադարեցվել է, ավելին՝ այս տարածքներից բնակչության մեծ արտահոսք է եղել:
    Կատարվածի վերլուծությունը, մեր սեփական դիտարկումներն ու շահագրգիռ մարդկանց հետ մեր խորհրդատվությունները մեզ բերել են այն եզրահանգման, որ ազատագրված տարածքների նկատմամբ մեր պետության վերաբերմունքի փոփոխումն օրվա հրամայականն է: Այլապես կարող ենք մեր իսկ մեղքով կասկածի տակ դնել հայության համար անգնահատելի պատմական-ռազմական-մշակութային-մարտավարական-ռազմավարական նշանակություն ունեցող այս տեղաշրջանի ապագան:
    Ակնկալում ենք, որ արցախյան հանրության շահագրգիռ քննարկմանը կարժանանան մեր դիտարկումներն ու առաջարկությունները:

    Տիգրան ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
    Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

    ՍԱ ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

    Յուրաքանչյուր մարդ ունի Հայրենիք ունենալու իրավունք: Արդյո՞ք Հայրենիք են ազատագրված տարածքները, թե՞ ոչ: Դրանից ելնելով՝ ազատագրե՞լ ենք, թե՞ գրավել այդ տարածքները: Այսօր ամենաբարձր մակարդակներով սերմանվում է այն միտքը, որ այդ տարածքները պարզապես նորանկախ երկրի՝ ԼՂՀ-ի անվտանգության գոտին են, ավելին՝ որ պատերազմական գործողությունների հենց սկզբից էլ մենք ծրագրել էինք ստեղծել նման գոտի՝ հետագայում մեր անկախության ճանաչման պայմանով բանակցությունների սեղանի շուրջ այդ տարածքների վերջնական ճակատագիրը որոշարկելու համար:

    Ի գիտություն ոչ տեղյակ մարդկանց՝ հիշեցնենք, որ այդ տարածքները մեր պատմական հայրենիքն են: Հայկական տարրը Քարվաճառ-Քաշաթաղը վերջնականապես լքել է 18-րդ դարում, պատմական տեսանկյունից՝ բոլորովին վերջերս: Ամբողջ ազատագրված տարածքներում ցիրուցան եղած հազարավոր պատմական հուշարձաններ եւ մասունքներ կան, որոնք հարյուրավոր տարիների մեթոդական ոչնչացումից հետո էլի մնացել են եւ վկայում են տարածքի հայկական լինելու մասին: Աշխարհագրական տեսակետից ազատագրված տարածքները Հայկական լեռնաշխարհի՝ հայության բնօրրանի բնական սահմաններից՝ Արաքս-Կուր գետերից ներս ընկած տարածքներ են: Ազատագրված տարածքները մեր Հայրենիքի կորսված հատվածն է, որը Արցախյան ազատամարտի արդյունքում վերամիավորվել է մայր Հայրենիքին:

    Սա մեր հայրենիքն է, ինչի ընկալումը ապրեցնող է: Տեղացիները շատ դիպուկ բնորոշել են այս հանգամանքի կարեւորությունը՝ «որ իմանում ես սա քո պատմական հայրենիքն է, որ քո իսկ պապերն են այստեղ ապրել ու արարել՝ ավելի վստահ ես զգում քեզ, ավելի ես կապվում այս հողի հետ»:

    Իսկապես, մի բան է անվտանգության գոտու բնակիչ լինել, մեկ այլ բան՝ հայրենիքը շենացնող մարդ:

    ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

    ԼՂՀ (ՀՀ) քաղաքացիությունը հայերի բնական եւ անօտարելի իրավունքն է: Տարածքը դառնում է Հայրենիքի լիիրավ մաս, երբ այն ամբողջությամբ, առանց որեւէ բացթողումների, յուրացվում է, գիտակցվում է, նկարագրվում է, ընկալվում է ազգի կոլեկտիվ գիտակցության մեջ: Դրա համար այն պետք է բնակեցնել ու բնակեցնել: Պահել ու չբնակեցնելը ենթադրում է ինչ- որ միջազգային առեւտուր: Դրա համար էլ անվերադարձ դարձնելու համար ազատագրված տարածքների ճակատագիրը՝ պետք է դրանք բնակեցնել ամբողջությամբ:

    Իսկ բնակեցումը պիտի սկսել քաղաքացիության շնորհումից: Ապշեցուցիչ է, բայց փաստ՝ անկախության հռչակումից անգամ 17 տարի անց մենք (ԼՂՀ-ում) չունենք քաղաքացիության մասին օրենք: Ինչ վերաբերվում է վերաբնակիչներին, ապա հիմնականում նրանք քաղաքացիություն չունեն: Ավելին՝ շատերը նույնիսկ մշտական եւ ժամանակավոր գրանցում չունեն, ինչը նրանց զրկում է ընտրելու եւ ընտրվելու իրավունքից:

    Մեր կարծիքով՝ ազատագրված տարածքներում ապրողներն անվերապահորեն պիտի ստանան ԼՂՀ քաղաքացիություն եւ այս հարցում նրանց մշտական հաշվառման վայրը չպիտի խոչընդոտ հանդիսանա: Քաղաքացիություն ստանալուց հետո էլ նրանք պիտի օժտվեն հողի եւ գույքի նկատմամբ սեփականության իրավունքով, այսինքն՝ ունենան այն բոլոր իրավունքները, որ ունեն ԼՂՀ մյուս քաղաքացիները:

    ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

    Ամեն ինչից զատ՝ ազատագրված տարածքները ռազմական բացառիկ նշանակություն ունեն, առանց որոնց երկու հայկական պետությունների անվտանգության համակարգը թերի ու խոցելի կլինի: Ընդ որում՝ այդ տարածքներն ապահովում են մեր անվտանգության բազմատարրությունը թե հաղորդակցական եւ թե պաշտպանական առումներով: Քարվաճառն, օրինակ, բնական, անձեռակերտ ու անառիկ միջնաբերդ-ամրոց է: Աստված մի այնպիսի հրաշակերտ, բազմաանվտանգ, բազմածալ, բազմաշերտ ու բազմախորունկ ամրոց է ստեղծել, որ մարդու միտքը երբեւէ չի կարող մրցակցել դրա հետ:

    Հարթավայրային տարածքների բնակեցումն առաջին հերթին պաշտպանական-ռազմական նշանակություն ունի: Ինչպե՞ս պիտի արվի այդ բնակեցումը: Մեր կարծիքով՝ ներկայիս քաղաքականությունն անբավարար է ու ոչ լիարժեք: Կարծում ենք, որ շատ ավելի նպատակահարմար կլիներ այստեղ տեղակայվող զորամասերում ծառայող սպայական կազմի եւ պայմանագրային զինծառայողների համար բնակարանային լիարժեք պայմանների ապահովումը: Օբյեկտիվ իրավիճակը թելադրում է, որ մենք բանակը մասամբ անցկացնենք պայմանագրային ծառայության: Այսպես՝ շուտով բանակ կզորակոչվեն 1990-ականներին ծնված տղաները, ովքեր քանակով կրկնակի պակաս են 1980-ականներին ծնվածներից: Բացը, բնականաբար, լրացվելու է պայմանագրային ծառայողների հաշվին: Եթե զուգահեռաբար պայմանագրային ծառայողների համար բնակարանաշինություն արվի, ապա կարելի է ԼՂՀ համար կարեւորագույն երկու հարցերը՝ պաշտպանությունը եւ վերաբնակեցումը համատեղ եւ արդյունավետ լուծել:

    Բայց սա հնարավոր է անել այդ տարածքների նկատմամբ մեր իսկ վերաբերմունքի ելակետը պարզելուց հետո միայն: Ղարաբաղյան կարգավորման մեզ առաջարկված բոլոր տարբերակներում էլ ամրագրված է ազատագրված տարածքների վերադարձը: Որքան էլ տարօրինակ լինի, բայց մեր ղեկավարներն ու գեներալիտետը երբեւէ չեն ժխտել այս հանգամանքը, չեն ժխտել, քանի որ իրենց իսկ ջանքերով հայ հանրությունը շատ հանգիստ, ուղղակի օլիմպիական հանգստությամբ է վերաբերվում դրան: Նրա ուղեղն են մտցրել այն միտքը, որ տարածքների հանձնմամբ կապահովվի մեր անվտանգությունը:

    Այսօր շփման գծում հարաբերական անդորրը պահպանվում է կողմերի ռազմական հավասարակշռության շնորհիվ: Պարզից էլ պարզ է, որ այդ հավասարակշռության խախտումն էլ հենց պատերազմի վերսկսման հիմնական պատճառը կարող է լինել: Այսինքն, ավելի պարզ ասած՝ մեր անվտանգության երաշխիքը հանդիսացող տարածքների հանձնմամբ մենք մեզ մերձեցնելու ենք ոչ թե խաղաղությանը, այլ պատերազմին, քանի որ մեծ է լինելու թույլին պատժելու գայթակղությունը:

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՈՒՆԵՆԱ

    Ազատագրված տարածքների բնակեցման ուղղությամբ քիչ գործ չի արվել, բայց քանի որ այն առավելապես իրականացվել է առանց հեռագնա հստակ ծրագրի, ապա արդյունքները ցանկալիից շատ են հեռու: Հատկանշական է, որ ս.թ. մարտին «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Քաշաթաղի զարգացման միջազգային խորհրդաժողովի ժամանակ նույնինքը՝ Ջեյմս Թուֆենկյանը, ԼՂՀ ղեկավարության ներկայությամբ մաքուր սպիտակ թուղթը ցույց տալով, ասել էր՝ «Սա Քաշաթաղի շրջանի այս 15 տարիների զարգացումն է», հավելելով, որ շրջանում մաքուր թղթից պիտի սկսվի ամեն ինչ: Եւ առարկություններ չեղան այն ժամանակ:

    Քաշաթաղում կայացած նույն խորհրդաժողովում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է. «Գիտակցելով Քաշաթաղի թե° քաղաքական եւ թե° տնտեսական կարեւորությունը, բոլորս միասին պետք է ձեռնամուխ լինենք շրջանի զարգացման գործին, ստեղծենք կայուն ու մրցունակ տնտեսություն, բարձրացնենք բնակչության կենսամակարդակը, բարելավենք մարդկանց կենսապայմանները: Դա է այսօրվա հրամայականը, եւ դա են պահանջում մեր ազգային անվտանգության շահերը»: Նախագահը, կարեւորելով շրջանում վերաբնակեցման քաղաքականության վերանայումը, շեշտել է, որ ուժեղ, զարգացած ու վերաբնակեցված Քաշաթաղի առկայությունը կայուն նախադրյալներ կստեղծի նաեւ ավելի ամրացնելու մեր դիրքերն ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այնպես էլ ճակատային գծում, դարձնելով այն առավել պաշտպանված ու անվտանգ: «Ելնելով մեր ազգային ռազմավարության շահերից՝ ԼՂՀ իշխանությունը նպատակ ունի հզորացնել Քաշաթաղի շրջանը»,- տեղեկացրել է երկրի նախագահը:

    Ամեն ինչ ճիշտ է ասված, սակայն խնդիրը կայանում է, որ խորհրդաժողովից մոտ կես տարի անց եւս որեւիցե դրական տեղաշարժ չկա այս ուղղությամբ, ավելին՝ նորերս էլ լուծարվել է Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը:

    Մեծ հաշվով կարեւորը նույնիսկ կառուցվածքային համապատասխանությունը չէ, այլ տարվող քաղաքականության էությունը: Ի վերջո, կարելի է ոչինչ չանել մի քանի վարչությունների առկայությամբ, եւ ընդհակառակը՝ լուրջ միջոցներ ձեռնարկել առանց հատուկ կառուցվածքային փոփոխությունների: Սակայն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ հենց տարվող քաղաքականությունն էլ, մեղմ ասած, ոչ լիարժեք է:

    Իսկ դա այդպես է եւ այդպիսին է լինելու, քանի դեռ պետությունը չունի ազատագրված տարածքների զարգացման ծրագիր-հայեցակարգ՝ ընդունված հանրության համաձայնությամբ ու շահագրգիռ քննարկումների հիման վրա:

    ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ ԵՎ ԼՈԿԱԼ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐ

    Ազատագրված տարածքները կարելի է զարգացնել՝ փոխելով տնտեսական զարգացման մարտավարությունը: Ավանդական մեթոդներն ու եղանակներն այստեղ անբավարար են, հարկ է նոր ու հնարամիտ մոտեցումներ որդեգրել:

    Կարծում ենք, ընդունելի է տնտեսական ազատ տարածքների՝ օֆշորային գոտիների տարբերակը, ընդ որում՝ ոչ թե ամբողջ շրջանը կամ շրջանները, այլ այս կամ այն շրջանի այս կամ այն կարեւոր տարածքում լոկալ օֆշորային գոտիների ստեղծումը, ինչը կնպաստի եւ կապիտալի ներհոսքին, եւ նոր աշխատատեղերի բացմանը:

    Կարծում ենք՝ շուկայական տնտեսության մեզ մոտ դեռ ամբողջովին չձեւավորված համակարգին անհարիր չէ պետական միջամտության ու հոգածության հանգամանքը: Կարելի է այստեղ զարգացնել տնտեսության պետական սեգմենտը: Մասնավորապես, առաջին փուլում պետությունը կարող է իր վրա վերցնել գյուղմթերքների վերամշակման գործը, ինչպես նաեւ էապես նպաստել արտադրանքի իրացմանն ու շուկայի հայտնաբերմանը:

    ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

    Կարեւորագույն հարց է մեր հաղորդակցության ցանցի մեջ ավելացնել Քարվաճառ-Քաշաթաղ-Արաքսի ափ ռազմավարական ճանապարհը: Հայաստանի (ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միասին) հարավային մասի իրար զուգահեռաբար անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհների՝ 1) Երեւան-Վայք-Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի, 2) ԼՂՀ Հյուսիս-Հարավ՝ Դրմբոն-Ստեփանակերտ- Կարմիր Շուկա-Հադրութ-Ջեբրայիլ, 3) Մարտակերտ-Աղդամ-Մարտունի- Ֆիզուլի-Հորադիզ, արանքում գտնվելով այն լրիվ պաշտպանված է արեւելքից եւ արեւմուտքից ու հնարավոր ռազմական հակամարտության դեպքում անգնահատելի դեր կխաղա զորքերի տեղաշարժի համար:

    Անհրաժեշտ է ամբողջականորեն բնակեցնել այդ ճանապարհի հյուսիսային հատվածի առանցքային գյուղերը՝ Թութխուն (Քարվաճառի տարածքում), Հայթաղ, Արախիշ, Մովսեսաշեն, Վազգենաշեն: Առանց այդ բնակավայրերի ամբողջական եւ հիմնավոր բնակեցման հնարավոր չէ ճանապարհը մշտապես գործող վիճակում պահել:

    ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԼԻՆԻ, ԵՎ ՀԱՐԿ Է ԽՈՒՍԱՓԵԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ

    Մեզ մոտ ընդունված է վերաբնակեցման մասին խոսելիս առաջին հերթին կապիտալ շինարարությունը մատնացույց անելը: Սակայն շինարարություն անելն ու բնակեցնելը տարբեր բաներ են, ու ոչ մի կապ, ըստ էության, չունեն իրար հետ: Այսինքն՝ եթե դու ինչ-որ տեղ տուն ես կառուցում ու ասում՝ այստեղ պետք է բերենք մարդ ապրեցնենք, այդ մարդը դառնում է այդ տան կահույքի մի մասը, որովհետեւ ինքը չի մասնակցում այդ պրոցեսին, ինքն ուղղակի դառնում է գործիք: Այս դեպքում բնակեցում ասածը հաստատ չի ստացվի: Այսինքն՝ շատ կարեւոր է այդ տարածքում բնակեցվող մարդկանց մասնակից դարձնել այդ գործընթացին: Եթե մարդ ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվել, պարզ է, որ ամենալավ հողերը պիտի տաս, ոչ թե ամենալավ հողերը տաս ինչ-որ օլիգարխի, որպեսզի նա մշակի, այդ վերաբնակին էլ տանես մի անապատ տեղ:

    Պետք է լայնորեն կիրառել պետական անտոկոս հիփոթեքային վարկերը, որպեսզի արդեն տարածքում ապրող բնակիչներն իրենք իրենց տները կառուցեն: Դրանով մենք կխնայենք պետական միջոցները եւ լայնածավալ կդարձնենք բնակարանաշինությունն ազատագրված տարածքներում:

     ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕՖՇՈՐ

    Այցելելով Քաշաթաղի շրջան՝ հայտնի բարերար Ջեյմս Թուֆենկյանն այն անվանել է կովբոյի երկիր: Այսպիսին է եղել նրա առաջին տպավորությունը, ազատ մարդու տպավորությունը: Իսկ վերոնշյալ՝ Բերձորում կայացած Քաշաթաղի շրջանի զարգացման համահայկական առաջին խորհրդաժողովի հայտարարության մեջ էլ հատուկ շեշտվում է՝ «խոնարհվելով շրջանում բնակվող մարդկանց տղամարդկության առջեւ»:

    Իրոք որ՝ այդպես է: Միչդեռ այսօր մենք ուզում ենք մեր վարչա-հրամայական պրոկրուստյան մահճում զոռով տեղավորել խոնարհման արժանի տղամարդկանց, մեր կովբոյներին, ուզում ենք կախյալ ու «կառավարելի» դարձնել նրանց, իմա՝ սանձել կովբոյներին: Մեզ հասու չի դառնում այն պարզ ճշմարտությունը, որ ազատագրված տարածքներում կամ ապրելու են ազատ մարդիկ, կամ ոչ ոք չի ապրելու: Ծանրագույն պայմաններում Հայրենիք պահողը արժանի է գոնե ազատության: Մարդկանց այստեղ բերողը բնությունից տրվող ու բնության կողմից ամեն օր ներշնչվող ազատության գաղափարն է: Մարդիկ ուզում են ազատ ու արժանապատիվ ապրել իրենց վերագտած հայրենիքում: Եւ համոզված են, որ միայն ազատ մարդը կարող է շենացնել երկիրը, ազատ մարդը կարող է պաշտպանել այն:

    Վերաբնակեցման քաղաքականության մեջ, կարծում ենք, առաջին հերթին այս հոգեբանական նրբերանգը պիտի հաշվի առնվի: Մարդիկ այստեղ անասելի ծանր պայմաններում հայրենիք են շենացնում, ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող տարածք են պահում-ամրապնդում, ուստի, մեղմ ասած, պետք չէ նրանց համար լրացուցիչ դժվարություններ ստեղծել, այլ պիտի պարզապես երջանիկ լինել, որ կան նման մարդիկ եւ պիտի աջակցել նրանց:

    Ազատ տնտեսական, օֆշորային գոտին, տնտեսական եւ այլ արտոնությունները, կապիտալի ու ձեռներեցության «գայթակղումը» ելքերից մեկն է, բայց ամենակարեւորն այստեղ հոգեբանական օֆշորն է, որպեսզի մարդիկ այստեղ կաշկանդված չլինեն:

    Մարդիկ այստեղ կամ ապրելու են հարուստ եւ ազատ, կամ էլ՝ պարզապես չեն ապրելու: Պիտի ոչ թե մարդկանց մեջքը կոտրել, այլ ամրապնդել թիկունքը: Իսկ վերաբնակեցման քաղաքականությունն էլ պիտի մարդամոտ ու մարդահենք լինի:

     ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ

    Արցախյան հանրության մեջ շրջանառվում է այն թյուր կարծիքը, թե ազատագրված տարածքներում խառնամբոխ է ապրում, այլ ոչ թե բնակչություն կամ հանրություն: Մինչդեռ փաստն այն է, որ այստեղ նոր հանրություն է ձեւավորվում կամ արդեն իսկ ձեւավորվել է: Ընդ որում՝ դժվարագույն պայմաններում ձեւավորված այդ հանրությունը բնական ընտրության շնորհիվ շատ ավելի ամրապինդ, կենսունակ ու հայրենանվեր է:

    Ասում են՝ եկել են ապասոցիալական տարրեր, կասկածելի անցյալի տեր մարդիկ, անհաջողակներ, անկարողներ եւ այլն: Ինչ խոսք, վերաբնակեցման «պատկերասրահում» այս բոլոր պերսոնաժներից էլ կային ու կան: Սակայն ժամանակի ընթացքում այդ «պատկերասրահի» բազմաբղետությունը նվազում է, հստակվում է բնակիչների սոցիալական կազմը, սկսում է հասարակություն ձեւավորվել: Ամեն ինչ, սակայն, ածանցյալ է վերաբնակեցման քաղաքականությունից՝ ու՞մ եւ ինչպե՞ս ենք ուզում վերաբնակեցնել եւ ի՞նչ նպատակներ ենք հետապնդում:

    Թեեւ կյանքն ու իրականությունն արդեն իրենց քաղաքականությունն են թելադրել: Սկզբում եկողներն են տարածք ընտրել, հետո տարածքն է ընտրել նրանց: Ում տարածքը չի ընտրել՝ թողել-հեռացել են, իսկ մնացել են նրանք, ովքեր հարմարվել են այդ կոնկրետ տարածքին, նրա բնությանն ու բնական տրամաբանությանը, բնական ընտրությանը:

    Մնացել են նրանք, ովքեր պատրաստ էին եւ ունակ էին գոյության պայքարի, ովքեր կռվել են բնության հետ ու սանձել նրան իրենց կամքով: Նրանք, ովքեր տիրոջ զգացողություն ունեին, նրանք, ովքեր արարող են: Կովը կինոյում տեսած մարդիկ այսօր կաթ են արտադրում: Եւ հենց այսպիսիների «սոցիալական պատվեր» պիտի լինի, այլ ոչ թե պարզապես վերաբնակեցման պլան կատարելու, նախանշված ծավալով շինարարություն իրականացնելու եւ այլն:

    Հիմնախնդիրներ շատ կան ազատագրված տարածքներում, բայց ամենածանր նստվածքը թողնում է օտարացման մթնոլորտը: Այնտեղի բնակիչներն իրենց օտարացված են զգում, բայց սա մեդալի մի կողմն է միայն, քանի որ երբ խոսում ես մեր որոշ պաշտոնյաների ու ոչ միայն պաշտոնյաների հետ, զգում ես, որ նրանց մոտ էլ նույն օտարացվածության զգացումն է: Ամենասարսափելին այն է, որ արցախյան հանրության ներսում էլ կա այդ օտարացման մթնոլորտը:

    Հենց այս օտարացման մթնոլորտից պիտի ազատագրվեն օտարությունից ազատագրված տարածքները:

    ԻՆՏԵԳՐՈՒՄՆ ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է ԵՎ ԱՅՆ ԿԱՐԵԼԻ Է ՍԿՍԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԻՑ

    Ազատագրված տարածքների նկատմամբ մեր կողմից տարվելիք քաղաքականության հիմնաքարը եւ առաջին անհրաժեշտության խնդիրն, ըստ մեզ, պիտի լինի այդ շրջանների ինտեգրումը արցախյան հանրությանը, հայկական երկրորդ պետականությանը:

    Հակված ենք կարծելու, որ այդ գործընթացը հարկ է սկսել տեղեկատվական ինտեգրումից, քանի որ ինչքան վերաբնակիչներն են քիչ իրազեկված հանրապետության այլ տարածքների անցուդարձի մասին, նույնքան էլ Արցախի մյուս շրջաններն են անտեղյակ ազատագրված տարածքներում կյանքի մասին: Առաջարկում ենք այն, ինչ սրանից 6-7 տարի առաջ համատեղ հայտարարությամբ առաջարկել են Ստեփանակերտի մամուլի ակումբն ու Բերձորի «Մենք» ակումբը, կարեւորելով արցախյան տեղեկատվական դաշտում Քաշաթաղի շրջանի ամրագրման հիմնախնդիրները եւ այդ գործում իշխանությունների, զանգվածային լրատվամիջոցների, լրագրողական ու հասարակական այլ կազմակերպությունների դերն ու նշանակությունը: Իմա՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի թղթակցային կետի բացում Քաշաթաղի շրջանում, Արցախի հանրային հեռուստատեսության ու ռադիոյի հաղորդումներն ընդունելու հնարավորություն բոլոր բնակավայրերում, շրջանի առօրյայի պարբերական լուսաբանում, ինտերնետից օգտվելու հնարավորություն, շրջանային թերթի հիմնադրում, թերթերի տարածմամբ զբաղվող կազմակերպությունների բաժանմունքների ստեղծում շրջանում, Քաշաթաղի շրջանի լրագրողների եւ հասարակական գործիչների ներգրավում ԼՂՀ լրագրողական եւ այլ հասարակական կազմակերպություններում, համատեղ սեմինարների ու այլ միջոցառումների անցկացում Ստեփանակերտում եւ Բերձորում, պարբերական փոխայցելություններ:

    Այս առաջարկությունները կիրառելի են նաեւ ազատագրված մյուս տարածքների նկատմամբ:

    Արդեն շուրջ 15 տարի շարունակ մեկ կաթսայի մեջ եփվում են տարբեր տեղերից եկած վերաբնակիչներ, ովքեր իրար հետ հարմարվելով, ձեռք են բերել հայ հասարակության համար կարեւորագույն՝ ինտեգրելու հատկություն: Կարելի է հանգիստ պնդել, որ ձեւավորվել է նոր հանրույթ՝ քաշաթաղցիներ, որը, լինելով Հայաստանի (ՀՀ եւ ԼՂՀ) հասարակության մանրակերտը, նաեւ ինքնահաստատվում է որպես այդ տարածքի լիիրավ տեր: Քաշաթաղցիները կարող են կարեւորագույն դեր ստանձնել «հայաստանցի-ղարաբաղցի» հակասությունների վերացման գործում, եթե քաղաքական ղեկավարությունը համապատասխան վերաբերմունք ցուցաբերի այդ հարցում:

    ԿՈՉ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ

    Մեր առաջարկների իրականացման գործում, ինչ խոսք, շատ կարեւոր է լինելու իշխանությունների որդեգրելիք դիրքորոշումը, բայց հակված ենք կարծելու, որ նրանց գործունեությունը նպատակաուղղված ու պատասխանատու կլինի, եթե հանրությունը գիտակցի այդ ամենի կարեւորությունը եւ աջակից լինի, միով բանիվ՝ որ հանրության կարծիքն է վճռորոշ լինելու:

    Հենց այս վերջին հանգամանքի կարեւորության գիտակցումով էլ ուզում ենք դիմել մեր երիտասարդությանը:

    Ուղղեք ձեր անսպառ էներգիայի գոնե մի մասը ազատագրված տարածքներին: Հայրենիքի այդ հատվածը ձեր ուշադրության կարիքը ունի: Ձեզ հետ շփվելու եւ կիսվելու կարիքը ունեն այնտեղ բնակվող մարդիկ: Օգտագործեք ձեր արձակուրդը ոչ թե արտասահման գնալու, այլ Հայրենիքի խորքերը մխրճվելու համար: Ձեզնով կապեք Հայրենիքի այդ հատվածը մեր գլոբալիզացվող մայրաքաղաքներին: Ուսումնասիրեք եւ ճանաչեք Հայրենիքի այդ հատվածը, որպեսզի այն սիրեք եւ դարձնեք ձերը: Փնտրեք ձեզ ազատագրված տարածքներում եւ, հնարավոր է, որ գտնեք ձեզ այնտեղ, որպես Հայրենիքի մի փոքրիկ անկյան տիրոջ:
     
     
     
    NO MAN'S LAND
    Մենախոսություն՝ հայկական ազատագրված տարածքներում

    Սիրելի ընթերցող:

    Իմ՝ արդեն հինգ ամիս է ապրած «դրախտի» մասին, կարծում եմ, որ այստեղից-այդտեղից ձեր ականջին հասած ոչ հավաստի տեղեկությունից զատ որեւէ այլ բան չգիտեք, դրա համար էլ շատ եմ ուզում ձեզ այն ինչպես որ կա, այսինքն՝ ճշմարտորեն ներկայացնել: Դժբախտաբար, մեր իրականությունում ճշմարտությունն ասել դեռ չի նշանակում այն ամբողջությամբ ասել, ինչպես շատ ուրիշ բաներում, այստեղ եւս iceberg-անման մի իրողության հետ գործ ունենք: Ցանկացած իրադրության չերեւացող մասը շատ ավելին է եւ դաժան ու վտանգավոր, քան երեւացող մասը: Հայրենիք հասկացողությունն էլ է այդպես, ամեն մարդ հասու չէ այն ունենալու: Բայց երբ հայրենիքդ արդեն պետություն է դառնում, ահա եւ այդտեղ էլ անկախ մեր ցանկությունից երեւան են գալիս ինչպես իմ, այդպես էլ ձեր կողմից ապրված դաժան իրադարձություններն ու անարժանաբար մեզ այսօր հրամցված առօրյան: Չէ՞ որ միշտ էլ կեղտն է ջրի երեսում լողում, ուրեմն դա իսկույն եւ երեւում է:

    Մասնագիտությամբ գրող, հրապարակախոս կամ լրագրող չեմ եւ, լինելով ձեզնից մեկը, մեզ հետաքրքրող ճշմարտության շուրջ կարող եմ ձեզ հետ անկեղծորեն, ազատ ու անկաշկանդ զրուցել: Մեր պատմության գրեթե բոլոր շրջաններում ճշմարտությունը միշտ էլ քողարկվել է եւ մեզ է հասել կիսաճշմարտանման մի բան հիշեցնող կցկտուր մի երեւույթ, որը խորհրդային կարգերում դուք, իսկ սփյուռքյան հատվածում մենք «հալած յուղի տեղ» կլանել ենք: Այսինքն, մեր պատմությունը մեզ ազնվորեն չի պատմվել, այն մեզ մշտապես խեղաթյուրված է ներկայացվել: Այդ պատճառով էլ մենք չենք կարողացել մեր պատմության այս կամ այն ժամանակահատվածը, դրվագն ու անցուդարձը ճշգրիտ իմանալ, հասկանալ, սերտել:

    Ստով սնված, ստով սնվող ու ապրող մարդն ստիպված է նաեւ ստով պահպանելու իր անհեթեթ գոյությունը՝ ստից գոյությունը. սա ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է: Հիմա այստեղ՝ ազատագրված տարածքների բարձունքներից վայելելով մեր ամենամեծ ձեռքբերում Արցախը, հայրենի բնության գեղեցկությամբ զմայլվելով, նայում եմ հեռու հորիզոնները ու հպարտությամբ սքանչանում մեր ձեռք բերածով: Ինձ անսահման թվացող ազատագրված տարածքներում՝ մտքերիս հետ մենմենակ, լիակատար մենություն եմ վայելում: Ավելի ճիշտ կլինի ասել, որ ազատագրված տարածքները մենակությանս անսահմանություն են հաղորդում:

    Ինձ թվում է, այստեղ մտքերս՝ մաղվող ալյուրի նմանությամբ, ինձնից ազատագրվում եւ կարծես ընդհանուր մի մարմնից պոկվելով, առանձնանում-ընկնում են: Համենայն դեպս, մեջս այդպիսի տարօրինակ մի զգացողություն կա, որ բառերով երբեք չեմ կարող բացատրել:

    Այժմ իմ գտնված տեղը NO MAN'S LAND, այսինքն՝ «ոչ ոքին պատկանող երկիր» է: Նրա մասին մեզ ՀՀ բոլոր հեռուստաալիքներից վաղուց, առանց անունը տալու եւ միայն «եղանակի տեսության» ամենօրյա հաղորդումների իբրեւ պարտադիր ատրիբուտ բոլորիս աչքը խոթվող քարտեզի ցուցադրումով անընդհատ հիշեցվում է: Եվ "մերոնք" ինչքան էլ դա հարեւան Ադրբեջանը մեզնից տարբերող նույն գույնով, 24 ժամ շարունակ՝ առավոտից գիշեր մեր մտապատկերում դաջել փորձեն, միեւնույն է՝ այն 1993 թվականից ի վեր հայկական ուժերի կողմից ազատագրված հայապատկան տարածք է: Վիրավորականն այստեղ ինձ, ձեզ, մեզ, բոլորիս անտեսելն է. սա նշանակում է, որ այստեղ, ուր հիմա ես եմ, դուք եք, մնացած հազարներով հայրենակիցներն են՝ մենք-բոլորս չկանք, չկան նաեւ այն իրենց արյան գնով ազատագրածները, զոհվածների խնկելի հիշատակն իսկ չկա, գոյություն չունի: Մենք չկանք, չկան ազատագրված տարածքները, այստեղ NO MAN'S LAND է:

    Ասածս, ցավոք, տխուր իրականություն է, քանի որ դրա ազատագրումից ի վեր, բացառությամբ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Ալեքսան Հակոբյանի ղեկավարած մի բավականին կարճ ժամանակաշրջանի, այն առայսօր միայն տարերայնորեն գոյատեւելով, իրականում ավելի շատ անտերության է մատնված եղել: Այո, «անտերությունը» հենց իրավիճակը լիովին բացատրող բառն է, ցավոք, եւ դրա համար նախ հայկական իշխանությունները, ապա նաեւ մնացած բոլորով իրոք շատ մեղավոր ենք:

    Ես ցավն, անշուշտ, միայն դա զգացողին եմ պատճառված համարում, այլ ոչ նրանց, ովքեր ի սկզբանե համամարդկային արժեքներին կամ մարդուն հատուկ բանականությանն անհաղորդ են եւ այդպես էլ ցայժմ մնացել են: Ասածս այն աստիճան այդպես է, որ երբ հիշում եմ սրանից 15 տարի առաջ, երկար տարիների գերությունից գրեթե անվնաս ազատագրված շրջանի բարեկեցիկ դրությունը եւ անկախ իմ ցանկությունից դա համեմատում դրա այսօրվա լաց լինելու վիճակի հետ, ուզեմ թե չուզեմ անզորության զայրույթն ինձ հուսահատության աստիճան խեղդում է:

    Տարածաշրջանի ազատագրմանը մասնակցող հայկական զինված ուժերից մի մասի համար «ալանն ու թալանը» զինվորին խորթ հասկացողություններ լինելով, Լեոնիդ Ազգալդյանի գլխավորությամբ իսկական հայ մարտիկի ոգեղեն դարբնոցից ելածս, 1993թ. ապրիլ-մայիս ամիսներից սկսած այստեղ տեղի ունեցած համահայկական ավարառությանը, բարեբախտաբար, չեմ մասնակցել: Ընդհակառակը՝ շրջանի ազատագրման առաջին օրերին նույնիսկ Քարվաճառի թաղերում զանազան-զարմանազան ավազակներից զինված պահակություն անելու գնով պաշտպանելու համար կանգնածների, ավաղ, ոչ ստվար շարքերում փորձել եմ ստացած դաստիարակությանս եւ հոգուս ու խղճիս թելադրածով շարժվել: Մեծ ափսոսանքով եմ հայտնում, սակայն, որ ականատես եմ եղել շրջանի մասշտաբով կատարված ավազակային շուրջօրյա հարձակման եւ «հայկական» հրոսակախմբերի ձեռոք իրականացվող կողոպուտներին եւ այս ամենը տեղում իրավիճակի տեր լինելուն կոչված «հայկական ինքնապաշտպանական ուժերի» անտարբեր ներկայության պայմաններում, որին հետեւել են «ներոնյան Հռոմի» նմանությամբ համատարած հրդեհն ու ավերիչ հրկիզումները:

    Միայն ազատագրված շրջանի հանդեպ բացակայող սերը կարող էր պատճառ հանդիսանալ այդ քաղաքներն ու գյուղերը նման թշնամական վերաբերմունքի արժանացնելու համար, եւ փաստորեն մենք առաջին իսկ պահից սկսած ձեռք բերվածին գուրգուրանքով մոտենալու փոխարեն՝ թշնամաբար վերաբերվել կարողացանք միմիայն: Դրանք էին մեր իշխանությունների ազգային գիտակցության եւ կարողության, իմա՝ ընդունակությունների դրսեւորման սահմաններն ու մակարդակը, շատ դժբախտաբար: Այն ժամանակ կատարված ավերին ականատես չգիտեմ քանի սրտացավ հայ մարդ այդ առթիվ կարողացավ իր ափսոսանքը բարձրաձայն արտահայտել, սակայն պարզ էր մեզ դարեր ի վեր հետապնդող տգետ, անհեռատես, արկածախնդիր ու տհաս կառավարիչներ ունենալու տխուր ավանդույթին արժանանալու իրոք ցավալի փաստը: Ցավ, որ ոչ երբեք նման «կառավարիչներին», այլ հիմա էլ միայն դա զգացողներին է իրեն դեռեւս սաստկանալով զգացնել տալիս:

    Սա էր իրականությունը երեկ, սա է նաեւ 15 տարի հետո, եւ մենք այսօր միայն եղած տխուր փաստն արձանագրելով բավարարվում, «Աստված էլ բեթարից ազատի» մտածելով փորձում ենք ինքներս մեզ մխիթարել, առանց հասկանալու եղածում մեր ունեցած, ավելի ճիշտ՝ չունեցած դերակատարման շատ էական կարեւորությունը: Հակառակ դեպքում, այսօր ազատագրված այս երկրային դրախտավայրում՝ բարեկեցիկ կյանքով ապահովված, իր հողին սիրով կառչած, բարիք արարելով ապրող հարյուր հազարավոր հայրենակիցներ կունենայինք: Որ այդպիսիք չունենք՝ մեղավորը մենք ենք եւ ոչ երբեք հայտարարված դարավոր կամ ինչո՞ւ չգիտեմ միայն մեր աչքերին երեւացող, իր զանազան հողմաղացներով հանդերձ՝ դոնկիխոտյան թշնամին:

    Ձեզ չթվա հանկարծ, որ խոսում եմ մերօրյա ցավալի իրադարձությունների մասին, առանց դրանց պատճառները նշել փորձելու: Ելնելով ներքոբերյալ օրինակից՝ պետք է խոստովանել, որ եթե տարածքը ադրբեջանցիների իշխանության տակ գտնվելու լիներ, ապա առավել քան վստահ եմ, որ տեղի հայ բնակչությունը այժմյան իր վիճակից շատ ավելի բարեկեցիկ պայմաններում կապրեր: Քանի որ չգիտեմ՝ հոդվածս ընթերցողներից քանիսն են անձամբ երբեւէ լսել կամ ճանաչում նրան, բայց ֆրանսիացի մեծ գրող Վիկտոր Հյուգոյի սքանչելիորեն ու պատկերավոր ներկայացրած «…ամեն ինչ ավիրվել է, ամեն ինչ քանդվել, այստեղով թուրքերն են անցել» տողերի հար եւ նմանությամբ մեր ազատագրված տարածքներից էլ, իբրեւ վարչակազմի ղեկավար՝ մի տեւական ժամանակ, Համլետ Խաչատրյան հայկական անուն-ազգանունով այդպիսի մեկն է անցել: Խոսքը մի տմարդու մասին է, որ լինելով հոմոսովետիկուս՝ «նախկին դատախազ», տարածքի ամբողջ հայ ազգաբնակչության շատ թարմ հիշողություններում ցեղասպան թուրքի հետ նույնացված է հիշվում միայն, ում ծավալած հակահայկական գործունեության անմարդկային ավերը փոխանակ այսօրվա հայ կառավարիչների կողմից ըստ էության գնահատվելով քրեական խստագույն պատժին արժանացվի եւ վերջինս ուղղիչ աշխատանքային գաղութում հայտնվի, նզովյալը Սերժ Սարգսյանի «պատվավոր մտերիմի» կարգավիճակով Երեւաններում ցոփ կյանք վարելով՝ իր համար հանգիստ ֆռֆռում է:

    «Դե եկ, վարդապե°տ, ու մի խենթացիր»: Մեր վարդապետը 1915 թիվը տեսնելով՝ խենթացավ, մեզ էլ այսօրերը տեսնել բաժին ընկավ, զարմանալի է բայց, որ մենք չենք խենթանում: Վստահաբար մեր կենսաբջիջները այդքան էլ ազնիվ չեն, ինչպես ազգիս վարդապետինն է եղել:

    Որպեսզի հասկանանք նմանատիպ չարի առանցքի իրական պատճառները եւ փորձենք բարին արարել, նախ մենք մեր մասին ճիշտ տեղեկություն, իսկ հետո չարը վերացնելու վճռականություն եւ գիտակցում պիտի ունենանք: Դժբախտաբար, մեզ հետ կամ մեր շուրջը կատարվող իրադարձություններին, լավ կամ վատ եղելություն ու երեւույթներին, վատագույնը միայն կողքից «ինձ չի վերաբերում»-ի անտարբերությամբ ենք վերաբերվում կամ էլ լավագույն դեպքում՝ «ինձնից ի՞նչ է կախված, որ...» ինքնաթերահավատությամբ ենք միայն արձագանքում: Ահա այդ բազմաթիվ պատճառների հիմնավոր պատճառը՝ ինքնաթերագնահատման արդյունք հանցավոր անտարբերությունն է, եւ ոչ այլ բան: Նախ մենք մեզ՝ մեր ապրած կյանքը չենք արժեւորում, հետո մեր թափած արյուն-քրտինքի շնորհիվ չարչարանքով ստեղծածի արժեքը չենք գիտակցում եւ վերջում բնականոն պայմաններում ապրելու ձգտողին արժանի կեցվածք չենք դրսեւորում: Այդ էլ պատճառ ու հիմք է հանդիսանում, որ մեր արյուն-քրտինք ձեռք բերածի վրա նստած սուտլիկ իշխանիկները՝ իրականում, սակայն, պարոնյանական «ազգային ջոջերը», կարողանան մեզ անտեսող, ազգիս օգուտ չտվող, ոչ բարեբեր՝ ապազգային քաղաքականություն իրականացնել:

    Եվ սա նշանակում է, որ հայոց արեւելից կողմանց մեր փոքրիկ լեռնաշխարհում վերաբնակիչ անհատ հայ մարդը, գյուղացին, շինականը, ուսուցիչը, աշակերտը, ուսանողը, բուժքույրը, բժիշկը, լրագրողը, զինվորականը, գրողը, բանաստեղծն ու գիտնականը իրականում գոյություն չունեն: Առաջին հայացքից թվում է, թե կարծես նրանք կան, բայց մարդկային անմիջական շփման առաջին իսկ փորձից հասկանում ես, որ նրանք՝ իրենք իրենց աչքում թեկուզ վաղ միջնադարյան ֆեոդալական հասարակարգի ամենաստորին դասակարգի նսեմ ներկայացուցիչը լինելուց բացի, այլ արժեք չեն ներկայացնում: Սա շատ ցավալի է, բայց եւ անհերքելի փաստ: Ուստի մենք, ավելի շատ՝ մեր իսկ մեղքով, երկու քարի արանքում մնացածի ճակատագրով, ահա՝ այս թե այն կողմում հայտնված «մեր» նորօրյա «վայ կառավարիչների» իշխանության, իմա՝ մերօրյա «Խամսայի մելիքությունների» վատագույն տնազի եւ անհաջող ներկայացմանն ենք արժանանում:

    Աշխարհի արարմամբ կյանքի կոչված բնության հրաշագործության գլուխգործոց մարդն այսպիսով իր բնօրրան հայկական դրախտային լեռնաշխարհում ազատորեն ապրելու եւ իր ստեղծարար գոյությունը տեւականացնելու հիմնարար իրավունքից զրկված է մնում, քանի որ իր բնակած կենսատարածքը «ոմանց» համար այդտեղ կարծես ժամանակավորապես ճամբարած զինվորականության կից ինչ-որ տարածք է ընկալվում միայն: Իսկ մարդու գոյը որտեղ վտանգված վիճակում է գտնվում, այդտեղ մարդկային կյանքը լիարժեքորեն երբեք չի կարող իմաստ եւ բնական զարգացում ունենալ, ուստի մենք ամեն ինչից առաջ մեր ապրած տարածքում մեր ազատ կամքի արտահայտման բոլոր պայմանների ստեղծման համար պայքարելու դատապարտված մարդ-արարածներ ենք: Սա մեր ապրած միջավայրում մարդկային կյանքի ապահովման եւ զարգացման համար գործելու նվազագույն պայմանն է, ուրեմն պետք է նախ մարդուն ազատագրել եւ հետո նոր մնացածը, քանի որ վերջապես պիտի գիտակցել նաեւ, որ անազատ մարդն առհասարակ եւ ոչ մի դեպքում չի կարող համամարդկային որեւէ արժեք ստեղծել:

    Իսկ մենք ուզում ենք այստեղ պետություն ունենալ, կարողանալ այն պահել-պահպանել եւ պաշտպանել, ամենակարեւորը՝ նաեւ մարդկայնորեն զարգանալ ու զարգացնել, մեր ապրած դարին համընթաց քայլելով՝ արժանապատվորեն, մարդավարի ապրել: Ահա հենց սա է մեր ամենամեծ վրիպումը եւ անցնող, վատնվող-մսխվող, անիմաստ կորած ժամանակների լրջագույն բացթողումը:

    Իմաստուն խոսքն ասում է. «ավելի լավ է՝ ուշ, քան՝ երբեք»: Համոզված եմ, որ մեր պատմականորեն ձեւավորված «հայի վերջին խելքի» որակներն ի գործ դնելու շնորհիվ հայկական այս «երկիր դրախտավայրը» վերջապես կդադարի no man's land լինելուց: Այդ դեպքում մեր հեռուստաալիքները եւս կդադարեն հայկական ազատագրված տարածքների մասին միայն «եղանակի տեսությունը» հաղորդելիս հիշելուց, հրաժարվելով նաեւ այն մեզ անդադար իբրեւ ադրբեջանապատկան մաս ցուցադրելու շուրջօրյա ապազգային գործելակերպից:

    Այսպիսով, Հայոց Արեւելից կողմանց հսկայական մի հատվածում փյունիկյան ավետյաց երկիր ստեղծող հազարավոր մարդիկ եւս իրենցից արժեք ներկայացնող հայրենակից կհամարվեն, եւ կսկսվեն ազատագրված տարածքներում՝ ազատագրված հայ մարդու կողմից ազատորեն կյանք ստեղծելու երանելի ժամանակները: Այլապես՝ հավիտենապես կորստի մատնելով այս պատմական առիթը եւս, ինչպես դա բազում անգամ պատահել է մեր պատմության ընթացքում, հայը մեր իսկ մեղքով 21-րդ դարին համընթաց կյանքին կարող է երբեք չարժանանալ:

    Հարգանքներով՝
    Սարգիս ՀԱՑՊԱՆԵԱՆ
    Ազատագրված տարածքներ, հուլիս, 2008թ.
                                                                                                                      
     
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        
    Powered by NKSoft Company


    Copyright Demo © 2008   ԵԼՔ