Հայ    Рус
       

Գլխավոր էջ
Ինֆո
Խմբագրակազմ
Հղումներ

Բաժիններ
  • Համահայկական
  • Հարցում
    Արդյո՟ք համարժեք եք համարում ԼՂՀ իշխանությունների արձագանքը հարավ-օսական իրադարձություններին:
    Всего ответов: 7
    Արխիվ
    Այլ

     
    Վիճակագրություն
    Site Meter 

    ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

     

    Ես խոնարհվում եմ այն 6 հազար զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց արյունով վերագծեցին

    12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր սահմանները:

    Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց տալու:

     

    Սամվել ԲԱԲԱՅԱՆ

     

    Սեպտեմբերի 17-ին Երևանի «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական ուղուն եւ բանակի հրամանատար Սամվել Բաբայանի գործունեությանը նվիրված «Հաղթանակներն՝ ինչպես եղել են. ազդականչ 44» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին արցախյան ազգային-ազատագրական շարժմանն ուղղակի կամ անուղղակի առնչված հայտնի դեմքեր, քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ, լրագրողներ ու հասարակական գործիչներ:

    Գիրքը նվիրված է հայոց նորագույն պատմության անհատկանություններից մեկի՝ ռազմական, պետական եւ քաղաքական գործիչ Սամվել Անդրանիկի Բաբայանի բարդ ու բազմարժեք ճանապարհի լուսաբանմանը:

    «Հաղթանակներն՝ ինչպես եղել են. ազդականչ 44» գրքի ծանրության կենտրոն հանդիսացող առաջին գլխում («Օմարից մինչեւ Արաքս») փաստավավերագրական նյութերի հիման վրա արտացոլված է Պաշտպանության բանակի եւ նրա հրամանատարի մարտական ուղին (1991-1994):

    Երկրորդ գլուխը («Պետականաշինության բավիղներում») պատմում է զինադադարից հետո կայացման ու զարգացման նոր փուլ թեւակոխած ԼՂՀ պետականաշինության անդաստանում Սամվել Բաբայանի դերակատարության մասին:

    Երրորդ գլուխը («Հարցազրույցների ընտրանի») ամբողջական է դարձնում Սամվել Բաբայան ազգային հերոսի կերպարը:

    Գիրքը պատրաստել է «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը, տպագրվել է «Անտարես» հրատարակչատանը, հեղինակներն են Հենրիկ Խաչատրյանը, Գարեգին Ղազարյանը եւ Սիրվարդ Մարգարյանը:
    Սեփ. լրատվություն
     

     

    ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

    (հատված՝ առաջաբանից)

     Պատմությունը մութ, չբացահայտված էջեր չի հանդուրժում: Վաղ թե ուշ սերունդների պատմական գիտակցության մեջ դրանք ճշմարտացի լուծում են ստանում, արժանանում արդարացի գնահատականի: Բազում արքաներ, իշխաններ, զորավարներ եւ այլ նշանավոր պատմական այրեր պահել են տարեգիրների, վարձել պատմիչների, հօգուտ իրենց կեղծել իրականությունը: Բայց ապարդյուն. պատմությունը, անողոք ժամանակի հրամայականով, սովորաբար յուրաքանչյուրին դնում է իր իրական տեղը: Ավելորդ եւ անիմաստ հավակնությունները դառնում են անցյալ, նետվում պատմության գզրոցը: Սերունդներին հասնում է նորին մեծություն ճշմարտությունը՝ մերկ ու տեսանելի, վեհ ու գեղեցիկ: Եվ որ կարեւոր է՝ օգտակար ուղեցույց ապրողների համար: Փա¯ռք այն երկրին եւ ժողովրդին, որոնք առաջնորդվում են նշված ճշմարտությամբ: Դա հենց այն է, ինչն այնքան փայլուն սահմանել է 19-րդ դարի իտալացի մեծ ազատամարտիկ եւ իմաստասեր Ջուզեպե Մաձինին /1805-1872/` ազգը պետք է ապրի համընդհանուր ճշմարտության միասնական սկզբունքով:

    Ահա մի այդպիսի համընդհանուր ճշմարտության մասին է պատմում ընթերցողին առաջարկվող այս յուրահատուկ գիրքը: Յուրահատուկ, քանզի գրքի գլխավոր գործող անձինք շարունակում են ապրել, կերտել մեր օրերի այնպես հակասական, որոգայթներով լի պատմությունը: Անշուշտ՝ բաղձալի ճշմարտությունը հենց այդ պատճառով մինչեւ վերջ չի բացահայտված: Մենք ազգովին դրան հասու դառնալու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու:

    Այս երկասիրության հեղինակները (Հենրիկ Խաչատրյան՝ առաջին գլուխ, Գարեգին Ղազարյան՝ երկրորդ գլուխ), մեր խորին համոզմամբ, պատմական ներկա պահի համար շատ ճիշտ են ընտրել իրենց հերոսին՝ Սամվել Բաբայանին:

    Ընդհանրապես, առաջին հայացքից պարզ թվացող ազ-գային հերոս երեւույթն ինքնին բարդ է եւ դժվար բացատրելի: Հին հույների պատկերացմամբ՝ հերոսը նա է, ով իր բարոյական պարտքը հասարակության առջեւ կատարում է մինչեւ վերջ: Հետագա ընկալումները քիչ են փոխվել: Հասկանալի է, որ բարոյական պարտքը, նրա ընդգրկման սահմանները որոշվում են տվյալ դարաշրջանի հասարակության կողմից ընդունված չափանիշներով:

    Անցյալի պատմական փորձը ցույց է տալիս, որ հերոսները սովորաբար ունենում են ողբերգական ճակատագիր: Եթե մենք փորձենք բանաձեւել համընդհանուր պատճառը, ապա հանգում ենք բազմիցս արտահայտված մտքին. հերոսը /կամ զինվորը/ հայրենիքն ավելի է սիրում, քան հայրենիքը՝ հերոսին: 

    Իսկ դրա գլխավոր պատճառը, ինչպես արդեն նշեցինք, մեկն է՝ հերոսը գնում է մինչեւ վերջ: Իսկական հերոսը չի կարող կեսճանապարհին կանգ առնել եւ ասել՝ բավական է, ես հոգնեցի, հիմա էլ թող ուրիշներն անեն: Հերոսին միշտ անհասկանալի է մնում, թե ինչու ուրիշներն էլ իր նման մինչեւ վերջ չեն գնում: Այստեղից էլ նրա դրամատիկ հակադրությունները շատերին եւ նույնիսկ հասարակական առանձին խմբերի: Շատերը չեն հանդուրժում հերոսի ուղղամտությունը, շիտակությունը, վճռականությունը, անշահախնդրությունը, անձնազոհությունը, որովհետեւ իրենք այդպիսին չեն: Հենց այս պատճառով է, որ չի ներվում հերոսի նույնիսկ չնչին վրիպումը, էլ չեն ասում՝ սխալը: Իսկ եթե ազգը կարիք ունի ոչ միայն ազատագրվելու օտարի տիրապետությունից, այլեւ՝ հասարակական կյանքի նորացման, ապա վրիպելու կամ սխալվելու հավանականությունը մեծանում է: Կա մի այնպիսի չարդարացված համոզում, ըստ որի՝ պատերազմի հերոսի առաքելությունը ռազմադաշտն է. նա գործ չունի հասարակության չլուծված հիմնախնդիրների, առավել եւս՝ քաղաքականության հետ: Այդպես մտածողները մոռանում են, որ թշնամու դեմ յուրաքանչյուր ազատագրական պատերազմ անխուսափելիորեն իր հետ բերում է ազգային համընդհանուր վերածնունդ՝ վերակառուցում եւ բարեփոխում: Եվ դրանք բոլորը փոխկապակցված գործընթացներ են, որոնցից մեկին հերոսը կարող է մասնակցել, մյուսին՝ ոչ: Եվ որ հերոսը չի կարող հանդուրժել, որ ազատագրված /առավել եւս այդ գործընթացում գտնվող/ տարածքում հասարակությունը պառակտվում է անձնական շահերով առաջնորդվող «իմ թիմի» եւ «նրանց թիմի»: Հերոսն անկարող է անտարբեր նայել, թե ինչպես են տեղի ունենում համընդհանուր բարոյազրկում, հուսալքում եւ բարձր արժեքների անկում: Ազգի համախմբումը ամեն մի հերոսի մեծ երազանքն է, քանզի առանց դրա հնարավոր չէ ազատագրումը: Այդպիսի իրավիճակում հերոսը ստիպված է լինում բացելու «երկրորդ ճակատը», պայքարելու ներքին հակառակորդների դեմ՝ շատ ավելի բազմադեմ, հաճախ՝ անտեսանելի:

    Եթե փորձենք «ազգային հերոս» երեւույթի այս բանաձեւումները կիրառել Սամվել Բաբայանի նկատմամբ, ապա կստանանք հույժ հետաքրքրական եւ օգտակար արդյունքներ: Եվ այդ գործում մեզ կօգնեն ոչ միայն նրա մասին նախկինում ասված բազմաթիվ կարծիքներն ու տրված գնահատականները, այլեւ՝ նախ եւ առաջ այս գիրքը:

     

    Վալերի ՂԼԵՉՅԱՆ

    պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

                                                                                                                      
     
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        
    Powered by NKSoft Company


    Copyright Demo © 2008   ԵԼՔ