ՄԵՂՐԻՑ ԼԱՎԸ ՄԵՂՐՆ Է
կամ՝ եթե ուզում եք առույգ լինել մինչեւ վերջ
Ուսումնասիրությունները հաստատել են, որ մարդու ամենօրյա սնունդը պետք է ածխաջրերի բարձր պարունակություն ունենա /մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ եւ այլն/: Այսպիսի սննդամթերքները ապահովում են օրգանիզմն անհրաժեշտ պատրաստի սնուցիչ տարրերով: Եթե մենք կարողանում ենք մեր օրգանիզմն ապահովել անհրաժեշտ սննդամթերքներով, ապա դրանով իսկ պահպանում ենք մեր առողջությունը, վերականգնում այն, երկարացնելով կյանքի տեւողությունը: Պետք է բոլորս լավ իմանանք, որ կենսական ակտիվության մակարդակը կախված է օգտագործվող սննդի խելացի ընտրությունից: Հիշենք նաեւ, որ օգտագործվող բոլոր սննդամթերքները սպիտակուցներից, ճարպերից եւ ածխաջրերից բացի պետք է պարունակեն նաեւ հանքային տարրեր: Ոսկուց եւ արծաթից բացի մնացած բոլոր հանքային տարրերը գործնականորեն օգտագործվում են մարդկային օրգանիզմի կողմից:
Մեղրը բնության մեջ այն բացառիկ սննդամթերքն է, որը պարունակում է ամենահեշտ յուրացվող ածխաջրածինները, շատ քիչ սպիտակուցներ, աննշան քանակությամբ ճարպեր եւ ամենագլխավորը՝ հանքային տարրերի պարունակությամբ գերազանցում է մնացած բոլոր սննդամթերքներին: Այդ պատճառով էլ մեղրը համարվում է մարդու օրգանիզմի ամենաօգտակար սնունդը եւ միաժամանակ բուժում է մի շարք հիվանդություններ:
Մեղրի այսքան շատ օգտակարությունը եւ բուժիչ հատկությունները պայմանավորված են նրա արտակարգ հարուստ քիմիական բաղադրությամբ: Ուշադրություն դարձրեք. մեղրի 73 տոկոսը հեշտ մարսվող ածխաջրեր են /գլյուկոզա, մալտոզա և քիչ սախարոզա): Մեղրը պարունակում է մինչեւ 1.9 տոկոս սպիտակուցներ: Մեղրը շատ ածխաջրեր եւ քիչ սպիտակուցներ պարունակելու համար անփոխարինելի սնունդ է հիվանդ երիկամներ ունեցող մարդկանց համար: Մեղրում կան 13 տեսակի ամինաթթուներ, B խմբի յոթ վիտամիններ, որի համար էլ մեղրով բուժում են նյարդային հիվանդությունները, A, C, E, K վիտամիններ, ահա թե ինչու հեշտամարս ածխաջրածիններ պարունակելու համար ծծկեր երեխաների մեծանալուն զուգընթաց, երբ մայրական կաթը երեխային չի բավականացնում, մայրական կաթի փոխարեն կամ ուղղակի որպես լրացում, կովի՝ ջրով բացված կաթին ավելացնում-քաղցրացնում են մեղրով: Մեղրում կա նաեւ խնձորաթթու, լիմոնաթթու, կաթնաթթու: Մեղրում հայտնաբերված են 37 հանքային տարրեր (K, Ca, P, Cl, S, Wa, Mg եւ այլն), իսկ միկրոտարրերից՝ երկաթ, մանգան, պղինձ, կոբալտ: Մեղրում ջրի պարունակությունը կազմում է մոտ 18.4 տոկոս: Մեղրում կան նաև մինչեւ 120 բուրավետ նյութեր /սպիրտներ, թթուներ, ալդեհիդներ, էթերներ/: Դրանք են առաջացնում մեղրի անուշահոտ բուրմունքը:
Մեղրն իր բաղադրության մեջ կալիումի առկայության պատճառով ունի մանրէասպան հատկություն: Մաքուր մեղրի մեջ տեղավորված բոլոր տեսակի հիվանդաբեր միկրոօրգանիզմները ոչնչանում են մի քանի ժամում: Այսպիսի սնունդ մեղրից բացի մենք չունենք: Փաստորեն, սնվելով մեղրով՝ մենք միաժամանակ բուժում ենք այն հիվանդությունները, որոնք առաջացել են միկրոօրգանիզմներով վարակվելուց հետո: Մեղրը սպանում է որովայնային տիֆի հարուցիչները, խրոնիկական բրոնխաթոքաբորբի հարուցիչները մահանում են չորրորդ օրը, իսկ դեզենտերիայի մանրէները՝ 10 ժամ հետո ոչնչացնում: Մեր աղիքներում գտնվող ախտածին մանրէները ոչնչանում են մեղրը ուտելուց հինգ ժամ հետո: Ընդհանրապես, մեղրը ոչնչացնում է 19 տեսակի ախտածին մանրէներ:
Մեղրն ունի նաեւ ուրիշ շատ առավելություններ՝ համեմատած մյուս սննդամթերքների հետ: Այսպես, եթե շաքարը, օսլան, ճարպերը, սպիտակուցները աղեստամոքսային տրակտում ֆերմենտների ազդեցության տակ ենթարկվում են փոխակերպման՝ վերածվելով պարզ նյութերի, ապա մեղրը, որպես մեղուների կողմից վերամշակված սննդամթերք, արդեն պատրաստ է յուրացվելու օրգանիզմի կողմից: Այս տեսակետից մեղրն ավելի անհրաժեշտ է հիվանդ օրգանիզմների համար: Քանի որ բոլոր դեպքերում մեղրով սնվելիս մեր օրգանիզմը քիչ էներգիա է ծախսում, այն յուրացնելը շատ հեշտ է կատարվում եւ նրանից ստացվող էներգիան շատ արագ է կատարվում՝ 3-4 ժամում, այդ պատճառով մեղրը փաստորեն նպաստում է, որպեսզի մեր օրգանիզմը, մեր բջիջները ավելի շատ դիմանան /ավելանում է երկարակեցության հնարավորությունը/: Մեղրն ուրիշ առավելություններ էլ ունի, այն չի գրգռում մարսողության օրգանների լորձաթաղանթը, այլ հուսալիորեն պաշտպանում է մարսողության օրգանները: Մեղրը նաև հանգստացնող հիանալի բուժամիջոց է:
Ժողովրդական բժշկությունը, որպես լավագույն քնաբեր, նախապատվությունը տալիս է մեղրին: Եթե պառկելուց հետո ձեր քունը դժվարությամբ է տանում, կամ քնելուց հետո հեշտությամբ արթնանում եք եւ երկար ժամանակ չեք կարողանում քնել, ապա պետք է օգտագործեք մեղր: Մեկ ճաշի գդալ մեղր ուտելուց հետո շուտով կզգաք, որ չեք կարողանում հաղթահարել ձեր նինջը:
Մեղրն օգտագործում են նաեւ անհանգստացնող հազը բուժելիս: Վերցրեք մեկ լիմոն եւ դանդաղ կրակի վրա խաշեք 10 րոպե: Փափկելուց հետո կարող եք նրանից շատ հյութ քամել: Քամեք հյութը, լցրեք բաժակի մեջ, վրան ավելացրեք երկու ճաշի գդալ գլիցերին, լավ խառնեք եւ բաժակը մինչեւ վերջ լցրեք մեղրով: Լիմոնի փոխարեն կարելի է օգտագործել խնձորի քացախ: Եթե հազվադեպ եք հազում, օրական ընդունեք մեկ թեյի գդալ: Եթե հազը անհանգստացնում է ձեզ գիշերը, ընդունեք մեկ թեյի գդալ պառկելուց առաջ եւ մեկն էլ՝ արդեն գիշերը: Ուժեղ հազի դեպքում խորհուրդ է տրվում արթնանալուց անմիջապես հետո ընդունել մեկ թեյի գդալ խառնուրդ, եւս մեկը՝ մինչեւ ճաշը, ճաշից հետո նորից մեկ թեյի գդալ եւ մեկական էլ՝ ընթրիքից հետո եւ պառկելուց առաջ: Հազը թեթեւանալուն զուգընթաց կարող եք խառնուրդի ընդունման քանակը կրճատել:
Ժողովրդական բժշկությունը հնուց մեղրը օգտագործել է որպես մաշկի այրվածքները բուժող արդյունավետ միջոց: Այրված տեղը քսեք մեղրը, որը շատ արագ թուլացնում է ցավի զգացողությունը այրվածքի դեպքում եւ կանխում բշտերի առաջացումը: Մեղրով բուժելու դեպքում այրվածքից ախտահարված մաշկը արագ լավանում է:
Մեղրահացը (չիչը) հրաշալի բուժամիջոց է շնչառական համակարգի որոշ հիվանդությունների համար: Մեղրահացի ծամելը ունենում է բարենպաստ ներգործություն շնչառական տրակտի լորձաթաղանթի վրա: Միաժամանակ՝ բուժման ընթացքում ցանկալի եւ պարտադիր է մեղրի ամենօրյա գործածությունը՝ ամեն ուտելուց հետո մեկ ճաշի գդալ:
Մեղրի օգտագործումը շատ ավելի արդյունավետ է, երբ այն ուտում են՝ տաք ջրում կամ կաթի հետ խառնելով: Մեղուները մեղրը պատրաստում են՝ խառնելով իրար հետ բույսերից վերցրած նեկտարը եւ ծաղկափոշին:
Արցախի մեղրը աշխարհի լավագույն մեղրերից է, քանի որ մեզ մոտ են աճում ամենահայտնի մեղրատու բույսերը /լորենի, ուրց, իշառվույտ, առվույտ եւ այլն/:
Մեղրով ժողովրդական բժշկությունն առանձնակի կհետաքրքրի նրանց, ովքեր չեն ընդունում ծերության անխուսափելիությունը, օրգանիզմի ֆիզիկական վիճակի վատացումը եւ գերադասում են սեփական կյանքն տնօրինել այնպես, որպեսզի մինչեւ իրենց օրերի վերջը ապրեն առույգ եւ առողջ կյանքով եւ ի վիճակի լինեն դիմակայել բոլոր հիվանդություններին:
Մի խորհուրդ ևս՝ սիրելի արցախցիներ, մի հրաժարվեք մեղրից նրա թանկության պատճառով, առողջությունն ավելի թանկ է, առողջության համար հարկավոր չէ խնայել ոչ մի բան, հակառակ դեպքում որոշ ժամանակ անց դուք դեղերի վրա ավելի շատ կծախսեք, քան… մեղր գնելիս: Կարելի է յոթանասունը, ութսունը բոլորելուց հետո էլ աչքի ընկնել ֆիզիկական եւ մտավոր բարձր կարողություններով, լավ մարսողությամբ, տեսողությամբ, լսողությամբ եւ ծերության զգացման բացակայությամբ մինչեւ կյանքի վերջը:
Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանավեճը շարունակվում է
ՄԻԱՅՆ ԹԱՄԱԴԱՅԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՊԱԿԱՍ-ՊՌԱՏ Է
Թաղման ծեսի, արարողակարգի մասին վեց-յոթ հոդված է արդեն տպագրվել «Դեմո»-ում եւ հետաքրքիրն այն է, որ բոլոր հոդվածներում էլ նոր ասելիք է եղել, խոսվել է նոր մոտեցումների, նրբերանգների, նույնիսկ ավանդույթի կարգ անցած նորամուծությունների մասին: Եւ մի պահ թվում է, թե ասելիքը վերջացած է, էլ ասելու նոր բան չկա, թեման սպառված է:
Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես թվում: Իրականում դեռ նույնիսկ շատ (եւ ոչ թե քիչ) արարողակարգային տարբերակներ կան, որոնք կիրառվում են մեր ժողովրդի այս կամ այն հատվածում: Կարող են առարկել, թե ինչ պարտադիր է այդ տարբերակների մասին իմանալը եւ մանավանդ կիրառելը մեր՝ արցախյան թաղման արարողակարգերում: Առարկությունը ընդունելով հանդերձ, միաժամանակ, մեր կարծիքով, վատ չէր լինի իմանալ այդ մասին: Օրինակ, հենց սկզբից վեճը գնացել է սգո հացկերույթի ժամանակ հանգուցյալի ընկերներին ու մտերիմներին ելույթներ թույլատրելու վերաբերյալ:
Հիշեցման կարգով նշենք, որ հոդվածագիրներից շատերը /նույնիսկ «վաստակավոր թամադաները»/ կտրականապես դեմ են ելույթներին, քանի որ մի երկու-երեք բաժակ խմելուց հետո նույնիսկ չխմողները սկսում են աղմկել եւ, հասկանալի է, դժվարություն են ստեղծում թամադայի համար՝ կառավարելու սգո սեղանը: Այս հարցում բոլորը միանշանակ համաձայն են, առարկություն չկա: Բայց սգո սեղանի ավարտից հետո հանգուցյալի ընկերներից ու մտերիմներից շատերը տրտնջում են, որ «չթողեցին երկու խոսք ասեմ ընկերոջս հիշատակին», մանավանդ որ՝ ելույթի համար ձայն էր խնդրել, բայց անսահմանափակ լիազորություններով օժտված թամադան ձայն չէր տվել: Եվ ահա այստեղ կարիք կա նշելու ելույթների հարցում մի ընդունված արարողակարգի մասին, որը լայնորեն տարածված է մայր Հայաստանի շատ մարզերում, որպեսզի մի քանի բաժակ օղի խմելուց հետո ելույթ ունեցողները ավել-պակաս չխոսեն, ձայն են տալիս հենց սկզբից, նախքան օղիով նշվող կենացներին անցնելը:
Հայ ժողովուրդը հանգուցյալի հիշատակը նշելու, արժեվորելու սովորույթներ, ավանդույթներ շատ ունի եւ, մեր կարծիքով, այս ավանդույթը լավագույններից մեկն է. Արցախում այս ավանդույթի աստիճանաբար արմատավորումը հնարավորություն կտա գոնե մասամբ արժեվորելու հանգուցյալի արած-թողածը: Ոչ հեռու անցյալում շուրջ 70 տարի ժողովամոլությամբ էինք ապրում: Հիմա՝ միանգամից հակառակ բեւեռում ենք հայտնվել, մնացել ենք միայն հարսանյաց հանդեսների եւ թաղման ծեսերի ժամանակ խոսելու թույլտվություն ստանալու հույսին: Կարեւոր է նշել, որ այդ ելույթները միայն ելույթ ունեցողների «սրտհովության» համար չեն. այս կերպ հանգուցյալի կյանքի արժեվորումով այն դառնում է ժողովրդի մի ստվար զանգվածի «սեփականությունը»: Ավանդույթի արմատավորումը կարեւոր է հատկապես քաղաքային վայրերում: Ճիշտ է, գյուղական վայրերում դրա արմատավորումը պակաս կարեւոր չէ, բայց գյուղական վայրերում մարդիկ ավելի շատ հնարավորություն ունեն իրար հետ «երկու խոսք փոխանակելու»:
Այո, նորամուծությանը, ինչ խոսք, առաջին հերթին դեմ կլինեն «ալկագլդորիկները» եւ խմել սիրողները. նրանց համար շատ դժվար կլինի «ինչ-որ» ելույթների պատճառով մի տասնհինգ-քսան րոպե ուշ սկսել կենացներ խմելու արարողությունը: Փույթ չէ, կարճ ժամանակ անց տրտունջները կվերանան, եւ ամեն բան կընկնի իր տեղը:
Հարգելի ընթերցողներ. մայր Հայաստանում վերոնշյալ սովորույթի մասին գիտեի վաղուց, քանի որ երկար տարիներ որպես լրագրող աշխատել եմ Հայաստանի տարբեր շրջաններում: Սակայն թերթի էջերում ամիսներ տեւող այս բանավեճի ընթացքում շատ ավելի «մեծածավալ» վեճեր են տեղի ունենում ընկերական, մտավորական շրջանակներում: Այս հարցին ես նորից անդրադառնում եմ մի շարք մտավորական ընկերների հորդորանքով եւ նույնիսկ պահանջով: Որ թաթախվել ես՝ գնա մինչեւ վերջ՝ ասում են նրանք:
Սրան գումարվում է նաեւ «պյատաչոկի» մշտական այցելուների՝ թոշակառուների կարծիքը: Վերջիններս անքննինը քննած մարդիկ են, որոնք նույնպես այս կարծիքին են: Որպես լրագրող ես չեմ կարող հաշվի չառնել նրանց կարծիքը, քանի որ մենք ամբողջ օրը զբաղված ենք «երկու մատան տեղի» մասին հոգսերով, ժամանակ չի մնում ավելի երկար ժամանակ հատկացնել ընդունվելիք որոշումներին, իսկ նրանք ժամանակ ունեն ավելի լրջորեն կշռադատելու իրենց ասելիքը եւ, բարեբախտաբար, այդ ասելիքը թերթերի միջոցով հրամցնելու ընթերցողներին: Շատ թոշակառուներ արդյունավետ, լրջորեն են օգտագործում այդ ժամանակը:
Երբ երիտասարդ գիտնականներից մեկն իր նոր լույս տեսած գիրքը ափալ-թափալ հասցրեց հանճարեղ Ավետիք Իսահակյանին, որ նա կարդա, կարծիք հայտնի, վերջինս ասաց, որ ինքն արդեն կարդացել է գիրքը: «Բայց Դուք ե՞րբ ժամանակ գտաք կարդալու գիրքը»,- զարմացավ գրքի հեղինակը: «Տղա ջան, դժբախտաբար, ես հիմա միայն ժամանակ ունեմ»,- պատասխանեց մեծ բանաստեղծը եւ իր կարծիքը, խորհուրդները հայտնեց գրքի մասին:
«Միայն ժամանակ ունեցող» մեր շատ հարգելի թոշակառուների դեռ շատ իմաստուն խորհուրդների, մտքերի, վերլուծությունների ականատեսը կլինենք:
Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ժԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՐՔԵՐ
ԱՆԱՐԳՎԱԾ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ
Փոքրիկ աղջիկը երբեք ծաղկեփունջ չէր ստացել: Գուցե առիթ չէր եղել, բայց ինքն նույնիսկ չգիտեր, թե ինչ առիթով են ստանում կամ նվիրում ծաղկեփունջը: Կյանքում շատ բան կա, որ ինքը անտեղյակ է, օրինակ, ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու հայրիկը իրեն ու եղբորը, սիրելի մայրիկին թողել` տնից հեռացել է: Մայրը շարունակ տրտնջում է, իրեն դժբախտ է համարում:
... Մեծ, շքեղ ծաղկեփունջը գրկին, տարված մանկական խոհերով, փոքրիկ աղջիկը մարդաշատ մայթով քայլում էր դեպի տուն երջանիկ, ուրախ այն բանի համար, որ կյանքում առաջին անգամ ծաղկեփունջ է ստացել՝ գեղեցիկ բազմերանգ ծաղիկներից կազմված: Այդ օրը նշանավոր էր, լրացել էր փոքրիկ աղջկա տաս տարին: Առավոտյան մայրը համբուրել դպրոց է ճանապարհել` ասելով, որ մի երկու օրից հետո նվեր կառնի, երբ աշխատավարձը ստանա:
- Մայրի°կ ջան, ոչ մի բան չեմ ուզում, ինձ ոչինչ պետք չէ, ավելի լավ է դու քեզ համար դեղեր գնիր, խնայողություն մի արա, շարունակ բողոքում ես, որ սիրտդ հիվանդ է, քեզ բուժվել է հարկավոր, իսկ ես առողջ եմ, հիվանդ չեմ,- ասելով բարձրաձայն ծիծաղել է, որպես առողջության ապացույց:
Օրը փոքրիկ աղջկա համար իրոք նշանավոր էր, հաջող ու նպաստավոր, հայոց լեզվից եւ մաթեմատիկայից «հինգ» էր ստացել՝ հետն էլ «ապրես»:
Փոքրիկ աղջիկը իր շքեղ ծաղկեփնջով շարունակ մայթի մի կողմից մյուսը` ավելի ապահով կողմ էր անցնում, որպեսզի դիմացից եկողները չդիպչեն, չվնասեն թանկագին նվերը: Նա շտապում էր տուն` սիրելի մայրիկին ուրախացնելու:
Վերջապես տուն հասավ: Մայրը դռան մոտ ուրախ դիմավորեց դստրիկին, ձեռքից վերցրեց ծաղկեփունջը ու երանելի հիացմունքով, դեմքին երջանիկ ժպիտ շարունակ գովասանական բառեր էր ասում` շոյելով դստրիկի գլուխը:
- Ի¯նչ լավ դասղեկ ունեք, ինչպիսի¯ հոգատարություն, ուշադրություն, ապրի°, շատ ապրի°, դու էլ ձգտիր դասերդ միշտ է°լ ավելի լավ սովորել, որպեսզի քեզնից միշտ գոհ լինի, ուշադրության արժանանաս:
Փոքրիկ աղջիկը զարմացած նայում էր մոր ուրախությանը, մի բան, որ շատ հազվադեպ էր լինում: Նա վաղուց մորն այդքան ուրախացած չէր տեսել, միաժամանակ հասկացավ, որ մորը թվում է` ծաղկեփունջը դասարանում են նվիրել:
- Մայրիկ ջա'ն, ծաղկեփունջը դասարանում չեն նվիրել, դասղեկը չի նվիրել:
- Ո՞նց թե դասղեկը չի նվիրել, իսկ ո՞վ է նվիրել:
-Երբ դասերը վերջացան՝ ես դպրոցից դուրս եկա, տեսա հայրիկը դռների մոտ կանգնած է ծաղկեփունջը ձեռքին, նա է նվիրել, համբուրել ու ասել, որ շնորհավորում է իմ ծննդյան օրը:
-Իսկ էլ ոչինչ չի՞ տվել,- միանգամայն կերպարանափոխված, խիստ զարմացած, վշտահար ու դողդողուն ձայնով հարցրեց մայրը:
-Չէ, էլ ոչինչ չի տվել:
-Գոնե մի քիչ փո՞ղ, որեւէ քաղցր բան,- արդեն համարյա գազազած բարձրաձայն հարցրեց մայրը:
-Չէ, ճիշտ եմ ասում, էլ ուրիշ ոչ մի բան չի տվել, հասկացա,- տխուր, ընկճված պատասխանեց փոքրիկ աղջիկը:
-Ինքը ռեստորաններում ուտում-խմում, սրա-նրա հետ զվարճանում է, ոչ մի բանի կարիք չունի, էս ծաղկեփունջն էլ ուղարկել է, որ մեր դատարկ սեղանը զարդարե՞նք, սա ծաղր է,- համարյա գոռալով՝ ասաց մայրը ու հանկարծ, հիստերիկ ճչոցներով սկսեց ծաղկեփունջը պատառ-պատառ անել այնպես, ինչպես անպետք թուղթն են պատռոտում դեն գցելուց առաջ: Ապա դրանով չբավարարվելով՝ սկսեց երկու ոտքով կոխկրտել ու կոխկրտել կտրտված, ճմրթված ծաղիկները, այդպես արտահայտելով իր հակակրանքը, արհամարհանքը, ատելությունն ու թշնամանքը` իր երկու հոգսերի մեջ ապրող անչափահաս երեխաների հոր նկատմամբ, միաժամանակ անվանելով «անխիղճ անասուն», «գազան», «սրիկա», «հրեշ»...
Փոքրիկ աղջկա քիչ առաջվա երջանկությունից փայլող աչքերից սկսեցին արցունքներ հոսել թե° անարգված, գեղեցիկ ծաղկեփնջի, թե° սիրելի մայրիկի այդ աստիճան զայրացած լինելու պատճառով, որոնց համար չգիտես ինչու, ինքն իրեն շատ մեղավոր զգաց...
Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ