31 մայիսի 2008 թ. 09 (95)

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ 

ԼՂՀ օրենսդրությամբ հստակ սահմանված է, որ պետական պաշտոնյան իրավունք չունի զբաղվելու բիզնեսով: Այդուհանդերձ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ միջին և ավելի բարձր աստիճանի պաշտոնյաների մեծ մասը մեզ մոտ զբաղվում է գործարարությամբ, ավելին՝ դա նույնիսկ արժանապատվության հարց է դարձել: Եթե հետերկրաշարժյան Գյումրիում առաջին կարևոր հարցը, որ արծարծվում էր որևիցե մարդու մասին խոսելիս, հետևյալն էր՝ «դոմիկ ունի՞», ապա մեզ մոտ «պրեստիժի» հարց է «խանութ ունի՞» հարցի դրական, կամ եռակի դրական պատասխանը:

Ընդ որում՝ որքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է բիզնեսը: Ստեփանակերտում նույնիսկ երեխաները գիտեն, թե այս կամ այն խանութը ումն է, այս կամ այն սերվիսի տերն ով է, այս կամ այն ոլորտն ով է վերահսկում: Մեկ-մեկ էլ կարող ես տեսնել այս կամ այն պաշտոնյային սեփական խանութի մոտ կանգնած, որպեսզի ծանոթները հանկարծ հարևան խանութը չմտնեն: Այսինքն՝ ոչ ոք էլ առանձնապես չի թաքցնում, որ բիզնես է անում:

Քանի դեռ այդպես է՝ տնտեսության զարգացման, ազատ շուկայական հարաբերությունների արմատավորման, արդար մրցակցության մասին խոսակցությունները պարապ վախտի խաղալիք կմնան, և դրանց ոչ ոք չի հավատա: Ի վերջո, ինչպե՞ս կարող է արդար մրցակցություն լինել պաշտոնյա-խանութպանի և սովորական խանութպանի միջև, ինչպե՞ս կարող է տենդերը արդարացի անցկացվել, երբ մասնակիցներից մեկը հենց այդ նույն տենդերը անցկացնողն է: Երբ հարկայինի հետ հարաբերությունները միանգամայն տարբեր որակի ու մակարդակի են:

Վաղուց է խոսվում եկեղեցին պետությունից անջատելու մասին, բայց այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եկեղեցին ուղղակի չի ուզում անջատվել իշխանությունից, և այդ «սերն» էլ փոխադարձ է: Բայց այսօր շատ ավելի կարևոր է բիզնեսը պետությունից, ավելի ճիշտ՝ իշխանությունից տարանջատելու խնդիրը: Իսկ ո՞րն է պետության, իշխանության դերը՝ կհարցնեք: Նորից հեծանիվ հնարելու կարիք չկա՝ քաղաքակիրթ աշխարհը վաղուց է գտել այդ հարցի պատասխանը: Իշխանությունը գոյատևում է այն հարկերի հաշվին, որ մուծում են շարքային քաղաքացիներն ու գործարարները, ուստի նրա առաքելությունը կայանում է գործարարությունից վեր լինելու և շարքային քաղաքացիների ու գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծման մեջ:

Իսկ ո՞րն է այդ դեպքում իշխանավորի շահը: Գործարարությանը նպաստելը, ստեղծողին աջակցելը, քանի որ դրա հաշվին է ինքն ապրում, ինքը, որ չի ստեղծում-արարում:

Մինչդեռ մեր պայմաններում իշխանավորներն ուզում են և գործարարների հաշվին ապրել, և նրանց խանգարելու գնով իրենք բիզնես անել: Եւ ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել իրենց բիզնեսից, ամեն ինչ կանեն, ամեն ձևի կհիմնավորեն, բայց չեն հրաժարվի: Ու քանի այդպես է՝ ոչ ոք նրանց անկեղծությանը չի հավատա:

Կամա թե ակամա հիշում ես Բեռնարդ Շոուի հայտնի խոսքը՝ «Հայրենասերը պատրաստ է հանուն հայրենիքի զոհել այն ամենը, ինչ չի վնասում սեփական բիզնեսին»:

  

կարգավորում 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ ՑԱՏԿԵՆՔ ԻՐԱՎԱԿԱՆ, ԻՍԿ ԱՅՆՏԵՂԻՑ ԷԼ՝ ՌԱԶՄԱԿԱՆ

 Ստեփանակերտում ավարտվել է «Ղարաբաղյան շարժման 20-ամյակ. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել են տարբեր կառույցների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Հունաստանից, Գերմանիայից, Բելգիայից, ՌԴ-ից, Հայաստանից, Իրանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Մերձդնեստրից:

 Միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ է այցելել նաեւ ՌԴ նախագահի ղարաբաղյան կարգավորման հարցերով նախկին ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նա եկել է Ղարաբաղ՝ ասելու, որ պատերազմի վերսկսման վտանգ կա, եւ դա բացառելու համար հայկական կողմերն երկու քայլ պետք է անեն. նախ՝ Ադրբեջանին առաջարկեն մի պայմանագիր, որով կողմերը կպարտավորվեն չվերսկսել ռազմական գործողությունները, եւ երկրորդ՝ պատերազմը չվերսկսելու խոստումների դիմաց հայկական կողմը պետք է հանձնի «գրավյալ» տարածքները:

Կազիմիրովն առաջարկել է Ղարաբաղյան խնդիրը դիտարկել ոչ թե ռազմական, այլ քաղաքական դաշտում: Ռուսաստանյան դիվանագետը կարծում է, որ կողմերի դիրքորոշումները իրարամերժ են միայն ռազմական տեսանկյունից: Այսինքն, եթե Ադրբեջանը Ղարաբաղին չսպառնա պատերազմով, ապա Ստեփանակերտն առիթ չի ունենա խոսել տարածքների պահպանման մասին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Նա առաջարկել է Ադրբեջանին հանձնել մեր անվտանգության երաշխիք համարվող տարածքները՝ միայն թե Ադրբեջանը խոստանա պատերազմ չսկսել:

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր զեկույցի մեջ եւս կոչ է արել խոսել բացառապես քաղաքական դաշտում՝ հետ քաշվելով իրավական եւ այլ դիրքերից: Այսինքն, էքս-նախարարը կոչ է արել «ռեալ պոլիտիկ» վարել: Նա ասել է, որ Ղարաբաղյան խնդրի միջազգային հանրության ընկալումները տարբերվում են մեր ընկալումներից: Եթե մեզ համար արդեն կասկած չկա, որ Ղարաբաղն անկախ երկիր է, եւ դա  այլընտրանք չունի, ապա աշխարհում դեռ որոշում են՝ սա էթնի՞կ, դավանաբանակա՞ն պատերազմ է, թե՞ մեկ երկրի կողմից մյուսի տարածքների զավթում: Ըստ երեւույթին, վերջին «ենթադրությունն» առավել ռեալ է, եւ ըստ այդմ աշխարհը գործարկում է հիմնախնդիրը կարգավորելու սխեմա: Այլ կերպ ասած, Վ. Օսկանյանը խոստովանում է, որ հայկական դիվանագիտությունն ու քարոզչությունն այդպես էլ չկարողացան աշխարհում ձեւավորել հիմնախնդրի ադեկվատ ընկալում: Եւ քանի որ «իրավիճակը սա է», պետք  է որոշ բաներում նահանջենք:

Դա գիտաժողովի երկրորդ մեսիջն էր:

Իսկ երրորդը հնչեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շուրթերից: Կազիմիրովի եւ Օսկանյանի «ռեալ պոլիտիկ»-ից հետո ղարաբաղյան խորհրդարանի ղեկավարն առաջարկեց քաղաքական դաշտից տեղափոխվել իրավական դաշտ, եւ իր զեկույցում բավականին համոզիչ ապացուցեց, որ Ղարաբաղն ունի իրավական բոլոր հիմքերը՝ անկախ երկիր կառուցելու, որ միջազգային իրավունքի մեջ չկա հակասություն տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքների միջեւ, որ աշխարհը պետք է անհապաղ ճանաչի ԼՂՀ-ն:

Փաստորեն, դահլիճում հավաքվածները մեկ ժամվա ընթացքում մեկ քաղաքական դաշտում էին հայտնվում, մեկ՝ իրավական, մեկ՝ ռազմական: Նրանք շփոթված հարցեր էին տալիս եւ խորհուրդներ ստանում: Օրինակ, Լիտվայի հայ համայնքի ղեկավար Վահան Արզումանյանը Վ. Կազիմիրովին հարցրեց, թե ինչպես է նա պատկերացնում Ղարաբաղի անվտանգությունը տարածքների հանձնման դեպքում: Կազիմիրովը խորհուրդ է տվել հարցը դիտարկել ոչ թե ռազմական, այլ քաղաքական դաշտում: Իր հերթին Վ. Կազիմիրովն իր ելույթում Ադրբեջանը, Հայաստանը եւ Ղարաբաղը կոչել է «երկուսուկես պետություններ»: Մասնակիցները փորձեցին հիմնախնդիրը դիտարկել իրավական դաշտում, բայց ստիպված եղան իսկույն տեղափոխվել քաղաքական ասպարեզ: Իսկ Վարդան Օսկանյանը, մեկնաբանելով Կազիմիրովի առաջարկը պատերազմ չվերսկսելու մասին, նույնիսկ Ադրբեջանի քաղաքական դաշտ տեղափոխվեց, ասելով, որ «դա լավ առաջարկ է, բայց Բաքուն չի համաձայնվի»:

Գիտաժողովի երկրորդ կեսն անցավ առանձին բաժանմունքներում: Քանի որ մենք ներկա չէինք բոլոր քննարկումներին, չենք կարող խոսել ընդհանուր արդյունքների մասին: Սակայն կարելի է արձանագրել, որ հաստատ մեկ դրական արդյունք եղել է. հիմնականում Հայաստանից եւ Ռուսաստանից եկած մեր հայրենակիցները հնարավորություն ստացան քննարկել Ղարաբաղի հետ կապված հարցեր: Չէ՞ որ նման առիթներ քիչ են լինում:

Իսկ ընդհանուր առմամբ՝ գիտաժողովի արդյունքները գնահատելու համար պիտի տեղյակ լինել դրա նպատակներին: Ըստ Աշոտ Ղուլյանի՝ դա փորձ էր վերլուծելու 20 տարվա անցած ճանապարհը, գնահատելու խաղաղ կարգավորմանը խոչընդոտող հանգամանքները: Ըստ երեւույթին, եղել է եւս մեկ նպատակ՝ գոնե մեկ անգամ հիշեցնել աշխարհին ղարաբաղյան գործոնի մասին:

Եթե արդյունքները գնահատենք՝ ելնելով նպատակներից, ապա պետք է ասենք, որ գիտաժողովի նյութերը որոշ ժամանակ անց կտպագրվեն գրքի ձեւով: Որքանով այդ նյութերի վերլուծությունը կազդի մեր երկրի արտաքին քաղաքականության վրա՝ դժվար է գուշակել, համենայն դեպս...

Երկրորդ նպատակից ելնելով՝ պետք է արձանագրենք, որ գիտաժողովը «մեծ աղմուկ» չառաջացրեց նույնիսկ հայաստանյան մամուլում: Այն լրատվամիջոցները, որոնք Ստեփանակերտում սեփական թղթակից ունեն, բարեխղճորեն զետեղել են մի քանի լուր՝ առանց մեկնաբանությունների, մյուսներն էլ արտատպել են: Ադրբեջանական մամուլում եւս մի քանի արձագանք է հնչել՝ աննշան:

Կարծում ենք, արձագանքը շատ ավելի մեծ կլիներ, եթե գիտաժողովին հրավիրեին ոչ թե «նախկիններին», այլ ներկայիս քաղաքական դեմքերին: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կամ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պետեր Սեմնեբիին: Գոնե լորդ Ռասել Ջոնսթոնին կամ ՄԱԿ-ի այն ներկայացուցչին, որն օրերս հայտարարել էր, որ «ՄԱԿ-ը չի կարող պահպանել Լեռնային Ղարաբաղում գտնվող հուշարձանները»:

Գոնե ղարաբաղյան արտգործնախարարության ներկայացուցիչները հանդես գային զեկույցներով ու ներկայացնեին մեր երկրի պաշտոնական տեսակետը, այդ թվում՝ հնչած առաջարկների վերաբերյալ: Ախր ԱԳՆ-ի կողմից ոչ մի ելույթ չեղավ:

Կարող է կարծիք հնչել, որ պետք  չէ խիստ գնահատել նման համաժողովը, քանի որ դա ընդամենը մեկ միջոցառում է: Սակայն մեր պարագայում դա այդպես չէ: Ղարաբաղում այդքան էլ հաճախ չեն անցկացվում նման միջոցառումներ, առավել եւս՝ ղարաբաղյան կարգավորման թեմայով: Եւ մենք չպիտի թույլ տանք պետական ահռելի միջոցները անարդյունավետ ծախսել:

 Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

 ՀԱՆՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ...

Եկել է ժամանակը, որպեսզի երկիրը ղեկավարեն հայրենասեր ուժերը, թե չէ հետագայում ուշ և վատ է լինելու թե ժողովրդի, և թե ղեկավարների համար

 Վերջերս ղարաբաղյան կարգավորման հարցով թե° Հայաստանում և թե° Ղարաբաղում կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ: Այլ առաջարկությունների հետ հնչել են նաև տեսակետներ, որ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային երաշխիքների դեպքում հնարավոր է քննարկել ազատագրված տարածքները վերադարձնելու հարցը: Այդպես են ասում նաև տարբեր քաղաքական գործիչներ թե° Հայաստանում, թե° արտասահմանյան երկրներում:

Ես գտնում եմ, որ այժմ ժամանակը չէ, որ մենք այդ տեսակետը քննարկենք: Միայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման դեպքում եմ հնարավոր համարում այդ հարցի, ինչպես նաև ազերիների կողմից գրավված տարածքների խնդրի փոխկապակցված քննարկումը: Չէ՞ որ Ադրբեջանի կողմից գրավվել են Շահումյանի շրջանը, Գետաշենը, Մարտակերտի հյուսիսային եւ Մարտունու արևելյան շրջանները: Մենք չենք գրավել Ադրբեջանի տարածքները, այլ ազատագրել ենք պատմական Արցախի մի մասը, որը 1920-30-ական թթ.-ին մեզնից խլել են անհիմն կերպով: Այդ տարածքներն ազատագրելու ժամանակ մենք տվել ենք բազմաթիվ զոհեր, և դրանք հենց այնպես վերադարձնել՝ կնշանակի դավաճանել զոհերի հիշատակը:

Ես գտնում եմ, որ եթե մենք վերադարձնենք մի շրջան, ապա այդ նույն ժամանակ պետք է որոշվի նաև ԼՂՀ անկախության հարցը, եթե ոչ, ապա ոչ մի թիզ հող չի կարելի վերադարձնել: Հենց այնպես խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղում նոր հանրաքվե անցկացնելու հավանականության մասին: Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ անենք նախկին հանրաքվեի արդյունքները: Բացի այդ, մեզնից հիմա խլված է Շահումյանի շրջանը, որը նույնպես մասնակցել է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեին:

Գոյություն ունի մի աքսիոմա, ես այդ տեսակետը ասել եմ 1994-ի հրադադարից անմիջապես հետո: Դա այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հյուսիս-արևմտյան մասով պետք է սահման ունենա Հայաստանի հետ, իսկ հարավ-արևելյան մասով՝ Ադրբեջանի և Իրանի հետ: Այս սկզբունքը պետք է մշտապես ասվի բանակցություններ վարող բոլոր կողմերին, լինեն դրանք  Հայաստանի ղեկավարները, Ղարաբաղի ղեկավարները, թե Մինսկի խմբի համանախագահները:

Ներկայումս, իմ կարծիքով, Ղարաբաղի հարցը չեն կարող լուծել ոչ Ադրբեջանը և ոչ էլ Հայաստանը, որովհետև հարցը կլուծվի միայն այն դեպքում, եթե բանակցային կողմ դառնան ԼՂՀ օրինական իշխանությունները: Եթե Կոսովոյի կարգավիճակն ակնհայտ է, ապա Ղարաբաղը պետք է ձգտի անկախության:

Ես գտնում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի ԼՂՀ նախագահը հետևություններ անի, որ ժողովրդին հավատ ներշնչի ապագայի հանդեպ: Այնպես անեն, որ ԼՂՀ բնակչությունը հասցվի 250-300 հազարի: Դրա համար պետք է ղեկավար պաշտոնների նշանակվեն հայրենասեր եւ ունակ մարդիկ, որոնք պատրաստ են ծառայել հանուն հայրենիքի և ԼՂՀ ժողովրդի: Իսկ այդպիսի մարդիկ շատ կան թե Արցախում  և թե Հայաստանում: Ամեն ինչ որոշում են մարդիկ՝ եթե չլինեին 1988թ. հայրենասեր մարդիկ, ապա Ղարաբաղի հարցը չէր բարձրացվի և չէին ապահովվի հաղթանակները կռվի դաշտում:

Եկել է ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ղեկավարեն հայրենասեր ուժերը, թե չէ հետագայում ուշ և վատ է լինելու թե ժողովրդի, և թե ղեկավարների համար:

 Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ

   

hամահայկական 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Օրերս Ստեփանակերտում ավարտված «Ղարաբաղյան շարժման 20-ամյակ. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտական խորհրդաժողովի բաժանմունքներից մեկի քննարկումներն էլ «Տեղեկատվական մարտահրավերները ղարաբաղյան կարգավորման գործընթացում» թեմայով էին:

Դարձյալ հնչեց վերջին շրջանում արդեն բազմիցս շրջանառված այն միտքը, որ մեր տեղեկատվական քաղաքականությունը ոչ պատշաճ մակարդակի վրա է գտնվում: Այս անգամ մեղադրանքները ոչ միայն ղարաբաղյան տեղեկատվական դաշտին էին ուղղված, այլ նաեւ հայաստանյան ու համահայկական, նույնիսկ նշվեց այն կարծիքը, որ տեղեկատվական քաղաքականություն վերջին տարիներին չի վարվել: Այդ կարծիքը չէր կիսում ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը /Մոսկվա/, նշելով, որ ոչ թե չի վարվել, այլ շատ քիչ գումարներ են ծախսվել այդ նպատակով: Ի հակառակ դրան՝ Ադրբեջանում հասկացել են տեղեկատվական քաղաքականության կարեւորությունը ու շատ ավելի մեծ գումարներ են ուղղում այդ ոլորտին: Արտգործնախարարի խորհրդականը մատնանշեց Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը, որի միջոցների հաշվին տպագրվում են տարբեր տեսակի գրքեր, բրոշյուրներ, որոնք շատ ակտիվ կերպով տարածվում են ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում, այլեւ հանրապետության շրջաններում, այսինքն՝ եւ արտաքին, եւ ներքին գործածության համար են: Ըստ նրա, Ադրբեջանի ինֆորմացիոն քաղաքականությունը վարվում է «մարտիշկայի» սկզբունքով, այսինքն՝ եթե մենք խոսում ենք Արեւմտյան Հայաստանի մասին, նրանք իսկույն սկսում են խոսել եւ նյութեր տարածել Արեւմտյան Ադրբեջանի /ակնարկելով Հայաստանը/ մասին»: Զեկուցողը փաստեց նաեւ, որ փող են ստանում նույնիսկ  այն երիտասարդները, ովքեր ինտերնետում տարբեր ֆորումներում կռվում են հայերի հետ: Իսկ մեզ մոտ բացի այն, որ քիչ են լրատվամիջոցները, շատ անգամ կարեւոր նշանակություն ունեցող գրքերն ամիսներով կամ մի ամբողջ տարի մնում են տպարանում: Ա. Մելիք-Շահնազարովը նաեւ ափսոսանքով հայտնեց, որ ռուսաստանյան լրատվամիջոցներում սկսել են ավելի քիչ խոսել Հայաստանի եւ Ղարաբաղի մասին:

Հայաստանի հետ բարեկամության մոսկովյան ընկերության համանախագահ Վլադիմիր Զախարովը, նույնպես անդրադառնալով տեղեկատվական քաղաքականությանն ուղղված ֆինանսական միջոցներին, շեշտեց, որ այդ խնդիրը միշտ էլ առկա է, ինչի պատճառով հարյուրավոր էջերով պատրաստված նյութերը հնարավոր չի լինում տպագրել, ինչպես նաեւ թարգմանել տարբեր լեզուներով: Ընդսմին, նշվեց, որ Ղարաբաղի վերաբերյալ գրքերն ու փաստաթղթերը քիչ են նաեւ ռուսերեն լեզվով, էլ չենք խոսում անգլերենի մասին, ինչի արդյունքում ականատեսն ենք լինում այն բանի, որ եվրոպական մի շարք երկրներում մեծ թվով գրքեր են տպագրվում Ադրբեջանի` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեսակետների մասին, սակայն հայկական կողմինը բացակայում են:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանն անդրադարձավ հայկական կողմի տեսակետներին, նշելով, որ եթե տարիներ առաջ Հայաստանի կոալիցիայի բոլոր երեք կուսակցություններն ունեին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշում, ապա այսօր որոշ խնդիրներ կան, քանի որ հասարակությունում միասնական կարծիք չկա: Այն ունենալու համար, ըստ պատգամավորի, անհրաժեշտ են հանրային քննարկումներ, ինֆորմացիայի փոխանակում եւ այլն: Նա միաժամանակ փաստեց, որ նոր սերունդն ավելի պրագմատիկ է վերաբերվում Ղարաբաղյան խնդրին, ինչի վրա աչք փակել չի կարելի: Նա կարեւորեց ղարաբաղյան շարժման գաղափարների եւ արժեքների ընկալմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք, ըստ նրա, վերջին տարիներին չեն իրականացվել:

Քննարկումների ընթացքում խոսվեց նաեւ դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների եւ լրատվամիջոցների մասին: Մասնակիցներից մեկը նույնիսկ առաջարկեց հետեւել Ռուսաստանի իշխանությունների օրինակին եւ նման կազմակերպությունների գործունեությունն արգելել: Ի պատասխան նշվեց, որ Հայաստանում թերթերից շատերը ֆինանսավորվում են արտասահմանյան երկրներից, այլ հարց է, որ դրանցից միայն երկուսն են «սնվում» Ռուսաստանից: Հնչեց նաեւ այն կարծիքը, որ ոչ թե պետք է արգելել նման կազմակերպությունների եւ լրատվամիջոցների գործունեությունը, այլ պետք է համակարգել այն:

Տեղեկացնենք, որ օրերս նախագահ Բակո Սահակյանն ընդունել է խորհրդաժողովի շրջանակներում արտերկրից Արցախ ժամանած՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով զբաղվող մի խումբ հայ փորձագետների: Քննարկվել են ԼՂՀ-ում տեղեկատվական դաշտի ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված խնդիրները: Երկուստեք կարեւորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Արցախ-Սփյուռք սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

  

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԽՈՍՔԻ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Անցած նախագահական ընտրությունների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը ողջ սրությամբ ընդգծում է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում կոնկրետ, վճռական քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Եվ այդ բարեփոխումների արդյունավետության կարեւորագույն պայման է երկրում տեղեկատվական միջավայրի փոփոխությունը, խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների բազմակարծության ապահովումը:

Վերջին մեկ տարին փորձությունների շրջան էր Հայաստանի ԶԼՄ-ների համար: Լրատվամիջոցների ազատության վրա իշխանության հարձակումներն ակտիվացան 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Բավական է հիշել հեռարձակման ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու կառավարության հապշտապ նախաձեռնությունը, որը փաստորեն միտված էր հայաստանյան եթերից «Ազատություն» ռադիոկայանը դուրս մղելուն: Մի քանի ամիս անց սանձազերծվեց պետական մարմինների արշավն ընդդեմ Գյումրիում գործող «ԳԱԼԱ» հեռուստաընկերության:

ՀՀ նախագահական ընտրություններից առաջ, դրանց ընթացքում եւ հետընտրական շրջանում հեռուստաընկերությունների մեծամասնության կողմից քաղաքական գործընթացների խիստ կողմնակալ լուսաբանումն ուղղակի հետեւանք էր հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ իշխանության ճնշումների ուժեղացման:

2008 թվականի մարտի 1-ից մինչեւ 20-ը Երեւանում հայտարարված արտակարգ դրությունն ուղեկցվում էր նախնական գրաքննությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել էր մի խումբ առաջատար թերթերի հրատարակությունը, արգելափակվել էին իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներով հայտնի ինտերնետային կայքերը: Մի շարք հեռուստաընկերություններ իրադարձությունների միակողմանի, ընդդիմության համար վիրավորական լուսաբանմամբ անհանդուրժողականություն եւ թշնամանք էին տարածում քաղաքական դաշտի եւ հասարակության մի ստվար հատվածի նկատմամբ: Դրանով խախտվում էին ինչպես համընդհանուր իրավական եւ բարոյական նորմերը, այնպես էլ  արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի համապատասխան դրույթները:

«Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության` ս. թ. ապրիլի վերջին հրապարակած 2007 թվականին աշխարհում մամուլի ազատության մասին զեկույցում Հայաստանի ԶԼՄ-ները  հերթական անգամ դասվեցին «ոչ ազատների» թվին: Իսկ երկրում նախորդ տարվա համեմատ ԶԼՄ-ների ազատության մակարդակի երկու կետով անկումը «Ֆրիդոմ Հաուսը» բացատրեց առաջին հերթին «Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ուժեղացմամբ»:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 2008 թվականի ապրիլի   17-ի թիվ 1609 բանաձեւը փաստեց. «Թեեւ գոյություն ունի բազմակարծ եւ անկախ տպագիր մամուլ, իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների եւ նրանց գործունեությունը կարգավորող մարմինների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացիկ մակարդակը,  ինչպես նաեւ` իսկապես անկախ եւ բազմակարծություն ապահովող հանրային հեռարձակողի բացակայությունը, խոչընդոտում են լրատվամիջոցների դաշտում բազմակարծության ձեւավորմանը եւ խորացնում քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասի խնդիրը»:

ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի ընդունումից, Հայաստանում նախագահական ընտրությունների եւ հետընտրական իրավիճակի մասին մի շարք այլ միջազգային եւ տեղական կազմակերպությունների քննադատական հայտարարություններից հետո բավականին ժամանակ է անցել, սակայն տպավորություն է ստեղծվում, թե երկրի իշխանությունները համապատասխան գործնական հետեւությունների չեն հանգել: Ստեղծված իրավիճակը շտկելու համար Երեւանի մամուլի ակումբը առաջարկում է հետեւյալ առաջնահերթ քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում.

1. 2007 թվականի խորհրդարանական եւ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ` հետընտրական ժամանակաշրջանում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որն անկախ կարգավորող մարմնի կարգավիճակ ունի եւ կոչված է «վերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը» («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 37, մաս 1), չկատարեց իր հիմնական գործառույթներից մեկը եւ միջոցներ չձեռնարկեց կանխելու հեռարձակողների մեծ մասի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումները: Այս խնդիրն արտացոլվել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի մարտի 8-ին կայացրած որոշման մեջ եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2008 թվականի ապրիլի 25-ին տարածած Արտահերթ հրապարակային զեկույցում: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը գտավ,  «որ 2008թ© Հանրապետության Նախագահի ընտրության ընթացքում (...) օրենքի պահանջների կատարմանը ձեւական մոտեցում է դրսեւորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Դրանց արդյունքում լրատվամիջոցներում ոչ միայն տեղ են գտել կողմնակալ մոտեցումներ, այլեւ առանձին լուսաբանումների ընթացքում արձանագրվել են նաեւ իրավական ու բարոյական նորմերի խախտումներ»: Իսկ ՀՀ նախագահական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության 2008 թ. փետրվարի 20-ի նախնական եզրակացության մեջ ասված է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ադեկվատ կերպով չի իրականացրել իրավական դրույթներին լրատվամիջոցների համապատասխանության վերահսկման իր լիազորությունները»: ԵԽԽՎ 2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւն ուղղակիորեն նշում է. «Պետք է երաշխավորել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախությունը քաղաքական շահերից:  Բացի այդ, պետք է վերանայել նշված մարմինների կազմավորման կարգը` երաշխավորելու դրանցում հայաստանյան հասարակության իրական ներկայացվածությունը:  Այս ոլորտում Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկությունները պետք է ի վերջո հաշվի առնվեն»: Այդ մարմինների կազմերի ձեւավորման մասին ժամանակին առաջարկներ էր արել նաեւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին իր` «Մամուլի ազատության վիճակը Հայաստանում»  2006 թվականի զեկույցում` նշելով, որ դրանք «... պետք է արտացոլեն երկրի քաղաքական-հասարակական բազմազանությունը եւ պետք է ներառեն ՀԿ-ներ եւ մասնագիտական ընկերակցություններ»:

Վերը շարադրվածից ելնելով` մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում օրենսդրական փոփոխություններ կատարել` ապահովելու համար ՀՌԱՀ-ի ձեւավորմանը տարբեր քաղաքական ուժերի,  քաղաքացիական հասարակության մասնակցությունը, իսկ Հանձնաժողովի ներկա անդամներին կոչ ենք անում կամավոր հրաժարական տալ: Օրենսդրության արմատական փոփոխություններով նախատեսված կարգով ՀՌԱՀ-ի նոր կազմի ձեւավորմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնելու ՀՀ Սահմանադրության 83.2 հոդվածի պահանջները, ինչպես նաեւ` ԵԽԽՎ 2008 թվականի ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի առաջարկությունները:

2. Անցած մեկ տարվա ընթացքում առավել ակնհայտ է արտահայտվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության` իր կարգավիճակին ու առաքելությանը չհամապատասխանող գործունեությունը: 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ եւ դրանց ընթացքում այս հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերը ներկայացնում էին միակողմանի տեղեկատվություն եւ չէին պահպանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի` քաղաքական բազմակարծություն ապահովելու պահանջը: Ավելին, իր գործունեությամբ Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն չէր նպաստում ազգային համաձայնությանը, այլեւ, ընդհակառակը, փոխադարձ ատելություն էր բորբոքում: Նույն ոճով էր այն աշխատում նաեւ հետընտրական շրջանում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հիշյալ զեկույցում արձանագրվել է.  «(...) անընդունելի լուսաբանման (խոսքը արտակարգ դրության ժամանակաշրջանին է վերաբերում - ԵՄԱ) ամենացցուն օրինակը տալիս էր ՀՀ հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը (Հ1), որը ոչ միայն անտեսում էր Հրամանագրի դրույթը, այլեւ խախտում էր «Հեռուստատեսային եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջները, այն է` Հանրային հեռուստառադիոընկերությունում (...) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը (...) արգելվում է»: 

Օրենսդրության, հանրային հեռարձակման չափանիշների, պրոֆեսիոնալ նորմերի խախտման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի վրա: Մենք համարում ենք, որ  Խորհրդում, օրենսդրական համապատասխան փոփոխությունների արդյունքում, պետք է հավասարապես ներկայացված լինեն ինչպես իշխող քաղաքական ուժերի, այնպես էլ ընդդիմության առաջարկած մասնագետները: Այդպիսով կկատարվի ԵԽԽՎ 2008 թ. ապրիլի 17-ի 1609 բանաձեւի առաջարկությունը. « (...) օրենսդրությունը բարեփոխելուց զատ, իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն` ապահովելու Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի անկախությունն ու բազմակարծությունն առօրյա գործունեության մեջ»: Եվ իբրեւ Հայաստանի հանրային հեռարձակման բարեփոխումների առաջին քայլ, մենք տեսնում ենք նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ողջ կազմի կամավոր հրաժարականը:

3. Խոսքի ազատության համար հատկապես վտանգավոր նախադեպ էր 2008 թվականի մարտի 1-ից 20-ը Հայաստանում նախնական գրաքննության կիրառումը, թեպետ դա արգելված է ՀՀ օրենսդրությամբ, եւ Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրով կամ որեւէ այլ պաշտոնական փաստաթղթով այն նախատեսված չէր:

Մենք պահանջում ենք` մարտի 1-ի դեպքերի ու դրան հաջորդած իրադարձությունների անկախ հետաքննությունը, որ պետք է իրականացվի ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւի համաձայն, ներառի նաեւ ուսումնասիրություն, թե ովքեր, ում հրահանգով եւ ինչ իրավական հիմքով էին անցկացնում նախնական գրաքննություն, եւ պատասխանատուները պատժի ենթարկվեն ՀՀ օրենքներով:

4. Մենք պահանջում ենք դադարեցնել այլակարծության համար հետապնդումները լրատվամիջոցների նկատմամբ` ինչ պատրվակով էլ որ դա իրականացվի: Քաղաքական պայքարը չի կարելի վերածել ընդդեմ ժողովրդավարական արժեքների արշավի, ինչը ավելի է սրում առանց այն էլ լարված իրավիճակը եւ վտանգում երկրի ապագան:

19 մայիսի, 2008 թ.

 

hամահայկական

 ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

 ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանից

 Պարոն նախագահ, 

Անցյալ տարի ես դիմել էի ԼՂՀ նախագահին՝ ինձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու հարցով: Այն ժամանակ ինձ պատասխանեցին, որ դիմումս քննության կառնվի ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո, իսկ մինչ այդ նման դիմումները ժամանակավորապես չեն քննվում:

Սույնով վերահաստատում եմ ԼՂՀ քաղաքացիություն ստանալու ցանկությունս և պատրաստ եմ ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո, ընդունվելիք կարգի համաձայն, նոր դիմում ներկայացնել:

Մինչ այդ ս/թ հունիսի 9-ին ավարտվում է ազատազրկմանս ժամկետը, որին, ի դեպ, դատապարտվել էի ԼՂՀ ՊԲ-ի կողմից որպես մարտական պարգև ինձ տրված զենքի համար: Դատավճռում, մասնավորապես, ասվում էր, որ այդ պարգևը ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը ինձ էր հանձնել ինչ-որ կարգի խախտմամբ և այդ պատճառով ես այն պահելու իրավունք չունեի:

Հայտնում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում, սկսած առնվազն 2006թ.-ից, իմ նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Այդ ընթացքում ինձ նախ ձերբակալեցին անհիմն մեղադրանքներով, մասամբ արդարացրեցին, մասամբ մեղավոր ճանաչեցին չկատարած հանցանքների համար: Անգամ դատարանում «հաստատված» մեղադրանքի համեմատ անհամաչափ պատիժ կիրառեցին: Հետո նույնքան անհիմն զրկեցին այդ «մեղմ» համարվող պատժից պայմանական վաղաժամ ազատվելու իրավունքից: Բացի այդ, նախորդ տարիներին ՀՀ նախագահը երկու անգամ փաստացի մերժեց ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել, իսկ ոստիկանության համապատասխան մարմինները չտրամադրեցին մշտական կեցության իրավունք և հիմա էլ հրաժարվում են ընդունել իմ նույնաբովանդակ դիմումները:

Այսօր էլ իմ նկատմամբ քաղաքական հալածանքը տակավին շարունակվում է և դրա նոր արտահայտությունը ինձ Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագիրն է: Հայրենիքից հեռանալու հնարավորությունը ես ինձ համար բացառում եմ, ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայցում եմ քաղաքական ապաստան: Հուսով եմ, որ գոնե Արցախը ինձ չի մերժի:

 Հարգանքներով` Ժիրայր Սէֆիլյան
21 մայիսի 2008թ.

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Արցախյան ազատամարտի փառապանծ հերոսներից մեկի սույն դիմումը սոսկ անձնական երանգներ չունի, և փաստորեն ոչ միայն վճռվելու է կոնկրետ մարդու ճակատագիրը, այլև այդ դիմումի նկատմամբ մեր վերաբերմունքը երևակելու է մեր իսկ վերաբերմունքը մեր պատմությանը, մեր ազատամարտին, մեր սրտացավության ու երախտագիտության աստիճանը նույն այդ ազատամարտի հերոսների նկատմամբ: Եւ սա անհետ չի կորչելու, դիմումի նկատմամբ մեր վերաբերմունքը պատմության մեջ մնալու է կամ որպես ուսանելի օրինակ գալիք սերունդների համար, կամ էլ որպես նշավակման արժանի երևույթ, որ դեռ երկար ժամանակ կրծելու է մեր հոգին: Ամենակարևորը՝ եթե մենք այսօր չօգնենք ու չաջակցենք մեր հողի ազատագրման ու մեր պետության կայացման նվիրյալին, ապա վաղը դժվար է լինելու մատաղ սերնդի մեջ սերմանել նվիրյալության գաղափարը:

«Դեմո»-ի խմբագրակազմը միանում է Ժիրայր Սէֆիլյանի խնդրանքին և երկրի ղեկավարից ակնկալում դրական պատասխան:

 

ՀԱՐՑԻ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՔԱՅԼ ԿԼԻՆԵՐ 
(«Դեմո»-ի հարցին պատասխանում է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար
Մասիս
ՄԱՅԻԼՅԱՆԸ)

 -Պարոն Մայիլյան, շուրջ 15 տարի Դուք աշխատել եք ԼՂՀ ԱԳՆ-ում, իսկ վերջին տարիներին էլ ընդգրկված եք եղել քաղաքացիության հարցերով պետական հանձնաժողովի կազմում: Ի՞նչ եք կարծում, Ժիրայր Սէֆիլյանին ԼՂՀ քաղաքացիություն շնորհելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ:

 -Կարծում եմ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի խնդրանքը լիովին կամ մասամբ բավարարելու հնարավորություն կա: Համաձայն մեր երկրում գործող «ԼՂՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կեցության մասին» օրենքի՝ նրան և ընտանիքի անդամներին առաջին փուլում կարող է տրվել կեցության սովորական կամ հատուկ ձեւ ԼՂՀ-ում, իսկ «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո Ժիրայր Սէֆիլյանի խնդրանքը պիտի լիովին բավարարվի: Թեեւ մեզ մոտ կա նախադեպ, երբ ԼՂՀ նախագահն իր հրամանագրերով քաղաքացիություն է շնորհել օտարերկրյա հայազգի քաղաքացիների:

Եթե անգամ օրինական համարենք Ժիրոյի ձերբակալությունը 2006-ին, ապա, միեւնույն է, իրավագիտությունը հուշում է, որ մարդ չի կարող երկու անգամ պատժվել նույն արարքի համար: Հայրենիքում ապրելու՝ հայ հայրենասերի խնդրանքի մերժումը նրա համար կլինի ավելի խիստ պատիժ, քան արդեն կրած առաջին պատիժն էր:

Իսկ ահա Ժիրայր Սէֆիլյանի խնդրանքը կատարելը շատ կարեւոր նշանակություն կարող է ունենալ: Նախ՝ նման քայլով Արցախը համայն հայությանը ցույց տված կլիներ, որ քաղաքական կոնյունկտուրայից անկախ կարող է երախտագետ լինել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են ԼՂՀ պաշտպանությանն ու կայացմանը: Երկրորդ՝ այդկերպ մենք կարող ենք ակնկալել Սփյուռքի գործուն աջակցությունը ԼՂՀ դեմ հնարավոր զինված ագրեսիայի դեպքում:

Հարցի դրական լուծումը բարոյական քայլ կլիներ, որը լիովին հարիր կլիներ մեր համազգային շահերին:

 

Բաց նամակ Արցախի ժողովրդին

 Ողջույն, սիրելի արցախցիներ:

Ուղղակի ապշած եմ ձեր լռությունից. մի ժողովուրդ այսքան ցավ ու տառապանք, վիշտ ու արցունք, մահ ու սարսափ տեսած ու այսքան անհաղորդ ուրիշի ցավին, առավել եւս, որ այդ «ուրիշն» ուրիշ չէ, այլ յուրային, որ ժամանակին  ու առ այսօր էլ ձեր ցավն ու վիշտը կրել ու զգացել է հոգով ու սրտով, իր մաշկի վրա, արյուն ու կյանք է տվել, փարատել ու սատարել է ձեզ, որովհետեւ դա համարել է նաեւ իր գործը, կռվել ու հաղթել է թշնամուն:

Իսկ հիմա դուք այդպես լուռ ու հանգիստ նայում եք, թե ինչպես ձեր երկու զավակները մեր հողի վրա մեր արյունն են թափում, զնդան են նետում ազատամարտիկների, որոնց արյան, առողջության եւ հերոսության գնով հող ազատագրեցինք, հայրենիք ու սահման պահեցինք, ուզում են ընկճել նրանց ոգին եւ զորք ու տեխնիկա են հանում իրենց իսկ ժողովրդի դեմ: Մի՞թե դա է մեր հերոսական բանակի առաքելությունը, որ զավակները դուրս գան իրենց ծնողների, քույրերի, եղբայրների դեմ: Փոխանակ Արցախը բնակեցնելու, դատարկում են այն, մարդկանց բերում այստեղ, նաեւ պաշտոններ բաշխում, որ ապահովեն ու երկարացնեն իրենց  իշխանությունը՝ գիտակցելով, որ ժողովուրդը դժգոհ է իրենցից: Իսկ Արցախի հողը հիմա բանտերում փակված ազատամարտիկների համար սուրբ է ու հարազատ, քանի որ նրանք, ինչպես ասում են, ամագ ունեն այդ հողի վրա, իրենց արյունով ու կյանքով ավելի են քաղցրացրել ու սրբացրել այն, դրա համար էլ երկրաշարժի փլատակներից նոր դուրս բերած հայորդու առաջին հոգսն ու խնդիրը Արցախի հարցն էր, որ զարմացրել էր շատերին:

Մենք հարազատ ու անդավաճան ենք. Արցախը հայկական հող է, ինչպես ասել է մեր հերոս հրամանատար, մտավորական Լեոնիդ Ազգալդյանը. «Սա Հայաստան է, ու վերջ»: Բայց այսօր Ժիրայր Սեֆիլյանի նման քաջարի հրամանատարն  ու Վարդան Մալխասյանի նման հայորդին բանտում են նրա համար, որ համախմբել էին կամավորականներին ու ասել, թե ոչ մի թիզ հող չենք տա: Հիմա արդեն պետք չեն Սասուն Միքայելյանի, Սմբատ Այվազյանի, Մյասնիկ Մալխասյանի, Մանվել Գրիգորյանի նման հրամանատարներն ու ազատամարտիկները:

Սիրելի արցախցիներ, երբեք մտքովս չէր անցնի, որ երբեւէ ձեզ նման բովանդակությամբ նամակ կհղեմ: Երկար սպասեցի, որ մի արձագանք լինի, բայց, ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի: Հավատացեք, որ գրում եմ ձեր նկատմամբ սեր ու հարգանք, պատկառանք ունենալով: Արցախի ու արցախցու հանդեպ ձեւավորված իմ կարծիքն ու պատկերացումները ոչ թե այստեղից-այնտեղից լսածով է, ոչ միայն գրքերից ու ֆիլմերից է, այլ ձեզ հետ միասին ապրած, պայքարած, դառնություն ու քաղցրություն ճաշակած, հաղթանակ ու պարտություն կրած, մահ ու սարսափ տեսած, արյուն թափած, բազում ընկերների կորստյան ցավ ապրած, բարեբախտաբար նաեւ շատերին սպեղանի լինելու, կյանք փրկելու նվիրական առաքելություն ունեցած տասներկու տարիների արդյունք է: Ես չէի կարող չգրել, քանի որ, ինչպես մեծերն են ասել ու կյանքն է ապացուցել՝ երեխաները պատասխանատու չեն իրենց ծնողների վատ արարքների համար: Ամենաշատը՝ նրանք կարող են ամաչել դրա համար եւ եթե գիտակցեն՝ իրենց հետագա լավ գործերով ու արարքներով մասաբ մաքրեն ու մեղմեն ծնողների արածը: Իսկ, այ, ծնողները պատասխանատու են իրենց երեխաների վատ արարքների համար, քանի որ նրանք են կրթում ու դաստիարակում: Ինչ խոսք, միշտ չէ, որ երեխան մեծանում ու գործում է այնպես, ինչպես ծնողը կցանկանար: Ինչպես ասում են` ամեն տուն իր պատուհասն ունի: Սխալներն ու վրիպումներն անխուսափելի են, բայց եթե այդ սխալը գործելիս, առավել եւս հանցանք կատարելիս ծնողը լռում է, չի տալիս իր ծնողական խրատը, չի նախատում ու պարսավում, դա նշանակում է, որ համամիտ է, դեռ մի բան էլ ավելի՝ ոգեւորում է:

Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ կարող ինձ թույլ տալ այդ երկու անձանց հանդեպ վերը նշված որակները վերագրել մի ամբողջ ժողովրդի, դա իսկապես մեղք կլինի, բայց ի՞նչ անեմ, ինչպե՞ս լռեցնեմ հոգուս ճիչը, ցավը, վիրավորանքը, երբ ականջս կարոտ մնաց գոնե ձեր ցավակցական ձայնին կամ այն արտահայտող տողերը կարդալուն:

Գրում եմ այս տողերը որպես հայուհի, նաեւ որպես «Արցախի դուստր», ինչպես դուք եք ինձ անվանել, ինչի համար շնորհակալ եմ և ինչը մեծ պատիվ եմ համարում: Ես ունեմ Արցախում բազում ընկերներ, հրամանատարներ, բարեկամներ, ովքեր ինձ համար նաեւ չափանիշ են եղել մարդկային որակի ու նկարագրի, ահա թե ինչու կուզեի ասել նրանց՝ մեզ հուսախաբ մի արեք, մեղմացրեք մեզ պատճառած վերքերի ցավը, մի կոտրեք ազատամարտիկների ոգին ու հավատը իրենց կատարած սուրբ գործի հանդեպ: Իսկ թե ինչպես՝ որոշեք ինքներդ, ինչպես արժան ու վայել կհամարեք ձեզ: Համենայնդեպս, լռությունն ու անտարբերությունը վայել չեն ձեզ: Դեռ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու ժողովրդի երազած եռագույն դրոշով, ազատ ու անկախ Հայաստանով: Մենք չենք թողնի, որ քարերի երկիր, դարերի երկիր, արարման երկիր Հայաստանը դառնա ոստիկանի ու մահակի երկիր Հայաստան:

Ազատ ու անկախ Հայաստան ենք ուզում, ուր կիշխեն ազատ խոսքն ու ոգին:

 Սիրով ու հավատով, սկզբունքներիս հավատարիմ՝ազատամարտիկ-բուժակ
Աղավնի ՍԱՀԱԿՅԱՆ

 Հ.Գ. Ողջունում եմ խմբագիրներ Գեղամ Բաղդասարյանին եւ Նաիրա Հայրումյանին, ովքեր հանդես եկան հայտարարությամբ եւ դատապարտեցին ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները, հատկապես ազատ ու ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ: Փառք Աստծո, որ գոնե «Դեմո» թերթի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը՝ լինելով զտարյուն մտավորական, արձագանքեց Հայաստանի իրադարձություններին եւ իրոք եղբոր նման ապաշխարեց բոլորի փոխարեն: Դա մարդկային մեծ արժանիք է:

 

մենք

 ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ  ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈՒՆ 

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ

սկիզբը՝ նախորդ համարներում

 ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ 

«Այն խոսքը, թե` ով առավոտ քնից շուտ վեր կենա, նա է իշխանության տերն ու տնօրենը, այս պարագայում կարելի է հանգիստ խղճով թույլատրել, որ այդ վարկաբեկիչ խոսքը վերագրվի Հայաստանի Հանրապետական կառավարությանը»,- գրել է «Աշխատանք» թերթը 1919 թվականի փետրվարին:

«Մեր պաշտոնեության 90 տոկոսը զեղծարար է: Զեղծում ու կեղծում են ամենքը, ալան-թալան են անում բոլորը, ովքեր ծույլ չեն, որովհետև որքան շատ են զեղծում ու հափշտակում` այնքան բարձրանում է նրանց աստիճանն ու պատիվը»,- նշել է «Հայաստանի աշխատավորը»:

Հայաստանի տարածքի Վարչակազմի ու միլիցիայի տեսուչ Բագրամյանցի 1919 թվականին գրած զեկուցագրում նշված է. «Միլիցիայի պետին հայտնի չէր, թե ինչ է կատարվում տեղամասերում, կոմիսարները ոչինչ չգիտեին իրենց օգնականների գործողությունների մասին, որի ապացույց կարող է ծառայել այն փաստը, որ ինչ-որ գողության համար Ալեքսանդրապոլում ձերբակալվել էին 15 կանայք, տղամարդիկ և օրիորդներ: Նրանք պահվել էին մոտ տասնհինգ օր, նրանց նկատմամբ կիրառվել են իսկական տանջանքներ, առանց տարբերելու սեռն ու հասակը: Բռնաբարվել են կանայք, և այս բոլորի մասին Միլիցիայի պետին ոչինչ հայտնի չէր...»:

Ղարաքիլիսայում միլիցիայի պետը ձերբակալել էր սպանության մեջ կասկածվող չորս մարդու, «նրանց նկատմամբ կիրառել էին միջնադարյան ինկվիզիցիայի դարաշրջանը հիշեցնող տանջանքներ: Ձերբակալվածները հատուկ եղանակով կապվել են հրացանափողին և խոշտանգվել: Նրանց մարմինը դաղվել է շիկացած երկաթե ձողերով», որի հետևանքով նրանք խոստովանել են չգործած հանցանքը: Այդ մարդկանց տներում անցկացվել էին խուզարկություններ՝ «առանց ձևականությունը պահպանելու, և այդ խուզարկությունները ուղեկցվում էին դրամի և այլ շարժական գույքի ավազակային հափշտակությամբ»: Հետո այդ անձանց միլիցիան սպանել էր՝ եղածը բացատրելով որպես փախուստի փորձի հետևանք:

1919 թվականի մարտին Զինվորական նախարարը հետևյալն է գրել Ներքին գործերի նախարարին. «Պետք է անմիջապես հեռացնել Նոր Բայազետի ողջ վարչակազմին, որի համատարած հանցավորությունը երևում է Արտակարգ Հանձնաժողովի կողմից կատարված քննությունից»:

 ԺՈՂՈՎՈՒՐԴ 

«Մեր քաջարի զորքերը ներկայումս ամենածանր պայմաններում կռիվներ են մղում՝ ապահովելով Հայաստանի սահմանները հյուսիսից և հարավից: Մինչ գիտակից քաղաքացիները ծառայում են զորքերի մեջ, մյուսները ամոթաբար թաքնվում են թիկունքում՝ գերադասելով տաք անկյունն ու անկողինը ռազմական կյանքի չարչարանքից ու զրկանքներից: Ամոթ ու նախատինք այն մարդկանց, որոնք արժանի չեն գիտակից քաղաքացու անվանը: Մեր զորքերը նոսրանում են հիվանդությունից ու կռվի կորստից: Ամեն կողմից շարքերը խտացնելու պահանջներ են ստանում: Այնինչ իմ հայտարարած ներկայանալու օրը անցավ, իսկ ծառայությունից խուսափող դասալիքները ազատ զբոսնում են փողոցներում՝ չուզենալով զորքի շարքերը մտնել, բարձր գնահատելով իրենց թանկ կյանքն ու առողջությունը: Ամաչեցեք փոքրոգությունից, շտապեցեք կենտրոններ՝ ի կատարումն հայտարարված զորակոչի, Հայաստանի բնակչությանն ուղղված Հանրապետական զինվորական նախարարի կոչից: Ալեքսանդրապոլի գավառում երկու ամսվա ընթացքում ձերբակալվել էր 1358 դասալիք, Բայազետում՝ 392, Էջմիածնում՝ 567:

Չօգնեց անգամ «Զորքերի դասալքության դեմ կռվելու մասին» օրենքով խիստ պատիժների սահմանումը: Բայց դասալքությունը դեռ չարիքի փոքրագույնն էր: Զգալի թվով զինապարտներ կոմիսարիատներ էին ներկայանում առանց փաստաթղթերի, պատճառաբանելով, թե այդպիսիք չունեն, հաշվառվում էին հորինովի անուններով, ընդունվում բանակի շարքերը և պարենավորվելով ու հագուստ ստանալով՝ անպատիժ կերպով դասալքում՝ ողջ պետական գույքի հետ միասին: «Գործուղման ժամանակ շրջագայելով Ղարաքիլիսա, Քոլագերան ու Ջալալ-Օղլի շրջանի գյուղերով, ես նկատեցի մեծ քանակությամբ դասալիք զինվորներ, որոնք շրջում էին գյուղում: Դասալիք՝ առողջ ջահել տղային կարելի է տեսնել և գյուղի խանութում՝ մանր առևտրով զբաղվելիս: Ինձ մոտենում էին տեղի միլիցիայի հետ միասին և խոսում ինձ հետ, բոլորովին չամաչելով ու չվախենալով, որ իրենք հանցագործներ են, և իրենց կարող են ձերբակալել: Ողջ գյուղը հագած է զինվորական հագուստ, հաճախ նույնիսկ՝ ուսադիրներ: Ըստ երևույթին, տեղական վարչակազմը բոլորովին չի պայքարում այդ չարիքի դեմ և մտադիր չէ ձերբակալել դասալիքներին ու պետական զգեստը գողացողներին այն ժամանակ, երբ հայկական բանակի շարքերը նոսրանում են օր-օրի և նա քայլում է համարյա տկլոր: Դասալքությունը չի կրճատվում: Քանի որ դասալիքները ապրում են իրենց գյուղերում ու քաղաքներում: Զորքերը, չունենալով համալրում, հալումաշ էին լինում և ի վիճակի չեն կատարելու իրենց վրա դրված ծառայությունը»,- ցավով արձանագրել է Հայաստանի զինվորական շտաբի պետը:

 ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ 

Անցյալ դարասկզբի քաղաքական միտքը իրավիճակի լուրջ վերլուծություններ անելու, ժողովրդի բացասական հատկանիշների ծագման պատճառները պարզելու և ելքի հիմնավոր ուղիներ առաջարկելու փոխարեն բոլոր դժվարությունները հիմնականում պայմանավորում էր իշխող կուսակցության գործունեությամբ: Քչերը փորձեցին Առաջին Հանրապետության տարիներին դրսևորված քաոսը պայմանավորել ժողովրդի անցյալով և վերլուծել հասարակության հոգեբանությունը: Այս խնդիրների վերլուծությանն իր կյանքը նվիրած, Տարոնականության հիմնադիր Հայկ Ասատրյանի եզրահանգումն ավելի քան սահմռկեցուցիչ էր. հայ ժողովրդի մեջ ձևավորվել է մարդու մի տեսակ, ում հիշողությունից դարավոր ստրկության արդյունքում ջնջվել են «ազգ», «հայրենիք» զգացումները և ով սեփական ժողովրդի ու հայրենիքի հանդեպ վարվում է այնպես, ինչպես կվարվեր թուրքը: Մարդու այս տեսակը նա կոչեց թուրքացած հայ՝ գտնելով, որ այն ազգի գոյության հիմնական հակառակորդն է, և հայի այդ տեսակի դեմ պայքարը պիտի լինի հասարակության գլխավոր խնդիրը:

Գարեգին Նժդեհը ևս գտնում էր, որ դաժան պատմության արդյունքում ժողովրդի մեջ առաջացել է հայի յուրահատուկ տեսակ՝ ներքին թշնամի: «... Իրենից ի՞նչ է ներկայացնում ներքին թշնամին՝ հոգեբանորեն: Ո՞վ եւ ի՞նչ է դա որպես հոգեբանական նկարագիր: Անարին է դա: Դա կենդանի համադրութիւնն է հին փառասէր հայու եւ դարերի ընթացքում օտար լծերի տակ տկարացած, անարիացած հայու... Անարին է դա, Տիգրան Մեծի եւ Արշակունիների աշխարհակալ հայութեան փառասիրութեամբ օժտված, բայց դարերի ստրկութեան մէջ իր արիութիւնը կորցրած հայն է ներքին թշնամին: ...Իսկ նմանը եւ դժբախտ է, եւ դժբախտացնող. իսկ նմանը չար ոյժ է, չարագործ, հրէշ:... Քանի դեռ հայ մարդու փառասիրութեան չէ միանում վտանգն ու մահը անգիտացող արիութիւնը, քանի դեռ կայ անարի հայը կը լինի ներքին թշնամին. իսկ քանի դեռ կայ այդ հրեշը, քաղաքական աւելի բարւօք վիճակը երազ պիտի մնայ մեզ համար: ...Վատ հայը՝ ահա հայ ժողովրդի դարերի եւ այսօրւայ դժբախտութեան գլխավոր պատճառը» (Գարեգին Նժդեհ, «Անարիութիւնը  մայր չարյաց», 1926թ.):

  ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆ 

Թուրքական իշխանությունների դեմ տասնամյակներ տևած հակադրության ծնունդ սակավաթիվ գաղափարակիրներն ու մտավորականները բոլշևիկների գալուն պես հեռացան երկրից: Հայաստանն ընկղմվեց կարմիր տեռորի մեջ, և այն, որ իշխանափոխությանը հաջորդած շրջանում տեղի ունեցած դաժանությունների քանակով Հայաստանն առաջինն էր Անդրկովկասում, կարելի է բացատրել, թերևս, հիմք ընդունելով Հայկ Ասատրյանի դրույթը: Երկրի խորհրդայնացումից հետո, հետագա տաս տարիների ընթացքում համայնավարները նախանձելի հետևողականությամբ ոչնչացրին կամ աքսորեցին վերջին ազգայնականներին՝ Դաշնակցություն կուսակցության անդամներին: Իսկ երեսունականներին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ժողովուրդն այս էլ որերորդ անգամ հայտնվեց սերուցքից գրեթե զուրկ վիճակում: Խորհրդային ռեժիմն իր անվտանգ գոյությամբ մտահոգված՝ յոթանասուն տարում ձևավորեց մարդու ձևախեղված մի տեսակ, որը գիտությանը հայտնի է «հոմո սովետիկուս» անվամբ: Դա իրավիճակին հարմարվելուն վարժեցված, անըմբոստ, զգուշավոր, սեփական պատյանի մեջ պարփակված, իշխանական համակարգի առջև ստրկացված, երկկենցաղ (յուրայիններին մեջ՝ այլ, հասարակության մեջ՝ իրեն բոլորովին այլ կերպ դրսևորող) մարդն էր, որի գիտակցության մեջ դաջված էր «ինձանից ոչինչ կախված չէ, ես ոչինչ փոխել չեմ կարող»՝ հասարակական կյանքի կարգավորման գործում իրեն ոչ մի դեր չվերապահող թեզը:

Վաթսունական թվականներին, երբ խորհրդային ռեժիմը զգալի թուլացավ, ստեղծվեց հնարավորություն վակուումը թույլատրելիության սահմաններում լցնել ազգային արժեքային համակարգով, բայց քանի որ պատմությունը մեզ այդպիսի համակարգ մշակելու հնարավորություն չէր ընձեռել՝ չունեինք այն, և ազգային մտակեցվածքի՝ կաշկանդումներից ձերբազատված բացասական դրսևորումները հետզհետե սկսեցին այլասերել հասարակական կյանքը՝ դարձնելով այն տրամաբանությունից իսպառ զուրկ: Սկիզբ առած կաշառակերությունը դանդաղ սողոսկեց բոլոր ասպարեզները, իսկ ութսունականներին այն ամբողջապես կաթվածահարել էր երկիրը: Կոմկուսին անդամագրվելը դարձավ փողով: Վերնախավի կողմից իրականացվող հանրային ունեցվածքի քողարկված թալանը ստորին շերտերին դրդեց տնտեսական մանր ու մեծ հանցագործությունների: Պետական որևէ գործարանի հարևանությամբ ապրող բնակչությունն իր գլուխը պահում էր գործարանից գողացված ապրանքի իրացումով: Ոստիկանությունը հմտացավ մարդկանց գրպանը թմրանյութ գցելու մեջ, տեղական իշխանությունները քաղաքացիներին հուզող հարցերը կարգավորելու փոխարեն վերածվեցին քաղաքացիների համար բարդություններ ծնող օղակների: Օրենքի և առողջ տրամաբանության փոխարեն հասարակական կյանքը սկսեցին կառավարել հովանավորչությունն ու անձնական շահը: Դատարանը դարձավ կրկնակի ծախու՝ իշխանությանը և փողին: Խելացի երեխաներին ուսման տալու և դրանով իր ապագա զարգացումը երաշխավորելու փոխարեն հասարակությունը սկսեց բուհական կրթություն ապահովել դրամատեր միջակությունների համար: Ձևավորվեց խորհրդահայ առևտրի համակարգը, ստվերային եկամուտը դարձավ կյանքի նորմ, պետությունից գողանալը դիտվեց հերոսություն: Ցեխավիկը հորջորջվեց աղա տղա, դարձավ իրականության մեջ որոշիչ գործոն և ընդօրինակման արժանի տիպար, իսկ խելքն ու տրամաբանությունը վերածվեցին ավելորդության: Ազնիվ և հիմար բառերը դարձան հոմանիշ, «ինտելիգենտ» արտահայտությունը դարձավ հայհոյանք, իսկ իրենց մտավորական կոչողները կամ սսկվեցին, կամ խորհրդային կարգերը փառաբանեցին` հանուն օրվա հացի և արտոնությունների: Ընդդիմանալու ընդունակները վաղուց էին ոչնչացվել՝ երկու հազար տարի անընդմեջ:

Հասարակության մեջ ձևավորվեց իրեն էլիտա կոչող կաստա, որը սեփականացրեց իշխանությունը: 

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԳՈՐԾՈՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՂԵՏԸ 

Խանդավառ կերպով ընկնելով կապիտալիզմի գիրկը, մենք գիտեինք միայն այն, որ տնտեսական այդ համակարգը բարեկեցություն է բերել աշխարհի մեծ մասին: Գիտեինք նաև, որ կապիտալիզմն սկսվում է կապիտալի նախասկզբնական կուտակումից, իսկ թե ինչ է իրենից ներկայացրել և ինչպես է ընթացել այդ գործընթացը կապիտալիզմի հայրենիք Արևմուտքում՝ ունեինք մոտավորապես այն պատկերացումը, որն իշխող է եղել քաղաքատնտեսության հայրերի մոտ երկու հարյուր տարի առաջ. «Գոյություն ունեին, մի կողմից, աշխատասեր և, առաջին հերթին, խնայող բանական ընտրյալներ ու, մյուս կողմից, ծույլ թափթփուկներ, որ վատնում էին այն ամենը, ինչ ունեին, դեռ նույնիսկ ավելին... Ստացվեց այնպես, որ առաջինները հարստություն դիզեցին, իսկ վերջիններիս մոտ, վերջիվերջո, իրենց մաշկից զատ վաճառելու ուրիշ ոչինչ չմնաց»: Մոտավորապես այսպիսի քնքուշ պատկերացումներ ունեին նաև համազգային շարժման մեր առաջնորդները, երբ ժողովրդին խոստանում էին բարեկեցիկ երկիր: Մինչդեռ կապիտալիզմի սկզբնավորումն իրականում ուղեկցվել է նմանը չունեցած դաժանություններով, սոցիալական աղետով, որպիսիք առկա են այսօր նաև մեզանում:

Առաջինն այդ դաժանությունների մասին հիշատակել է Մարքսը, հանգելով այն հետևության, որ կապիտալիզմը սկսվել է ոչ թե բարերար կուտակումներով, այլ ագրարային դաժան հեղափոխությամբ:

Մարքսն առաջինն էր, որ փաստեց, թե կապիտալիզմի կայացումն ամենևին նույնական չէ քաղաքական հեղափոխության հետ. վերջինիս դեպքում փոխվում է պետական իշխանության և իրավական հարաբերությունների համակարգը, իսկ ահա առաջինի դեպքում տեղի է ունենում սոցիալական կատակլիզմ և արմատապես փոխվում են ունեցվածքային /գույքային/ հարաբերությունները, ընդ որում՝ փոխվել ասելով հասկացվում է միևնույն երկրի փոքրամասնության կողմից հասարակության մեծամասնության թալանը:

Շուկայի զարգացման ոչ մի օրենքով հնարավոր չէր բացատրել զանգվածային այն չարագործությունները, որ տեղի ունեցան Անգլիայում հողերի «մաքրման» ժամանակ, եվրոպական մյուս երկրներում, ԱՄՆ-ում:

Կապիտալիզմի այլ տեսաբաններ պարզեցին, որ ունեցվածքի վերաբաժանման ժամանակ հասարակության ներսում տեղի ունեցած գենոցիդն ուներ մշակութային-հոգեբանական շարժառիթ. դա Աստվածընտրյալության գաղափարն էր, համաձայն որի հասարակության մեջ կան Աստծո կողմից ընտրված մարդիկ, որոնց տրված է իշխելու, փրկվելու, հավերժական կյանքով ապրելու արտոնություն, իսկ մյուսները մարդակերպ անասուններ են, որոնց կարելի է նաև անխնա ոչնչացնել...

(շարունակելի)

 

 արձագանք

 ԱՅՈ°, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

  «Դեմո»-ի հարգարժան խմբագիր:

Ստեփանակերտից ինձ տեղեկացրին, որ Ձեր թերթը տպագրել է պրն. Հրաչիկ Հարությունյանի հերթական «մերկացումը»` այս անգամ Տիգրանակերտի մասին: Կարդացի ինտերնետային կայքում և շատ տխրեցի: Ոչ թե պրն Հարությունյանի համար: Տխրեցի այն բանի համար, որ կարողանում եք այդպես հանգիստ, անտարբեր, ինտրիգի թաքուն ակնկալիքով թույլ տալ, որ գիտական նման լուրջ բացահայտման վրա ցեխ շպրտի հենց մեր ջանասեր ու կիսագրագետ հայրենակիցը: Կարելի էր, չէ՞, մի քիչ տարակուսել, որ դժվար թե Համլետ Պետրոսյանը չհասկանա սովորական բառերի իմաստը, կամ զուրկ լինի տարրական բարեխղճությունից. լավ թե վատ, մարդը հարյուրից ավել գիտական աշխատությունների և հրապարակումների հեղինակ է և երևի գիտի ինչպես օգտագործել ու գնահատել նախորդների աշխատանքը: Թե՞ մենք պատրաստ ենք վարկաբեկել մեր ցանկացած հաջողություն, հանուն նրա, որ գավառական բավականությամբ ասենք, չէ°, էս մարդն էլ (այսինքն` ես, որի անունը չեք էլ ուզում տալ) էն չի: Ես հիսուներեք տարեկան եմ, երբեք չեմ արձագանքել որևէ թերթային հոդվածի, ու մեծ ցավով եմ հիմա պատասխանում:

Հրաչիկ Հարությունյանը պատվից ցածր է համարել գրել, որ զեկուցողը ես եմ եղել, որ նա հենց ինձ է ուզում դաս տալ: Բայց այդ զեկուցմանը ներկա են եղել բազմաթիվ լրագրողներ, նաև Ձեր թերթից, կարելի էր, չէ՞, գոնե նրանցից հետաքրքրվել, թե ինչի մասին է խոսք գնացել:

Այն, որ Շահբուլաղի մերձակայքը համարվել է Տիգրանակերտի տարածք, այն էլ սկսած Սարգիս Ջալալյանցից, անշուշտ քաջ հայտնի է հայագիտությանը: Բավական է ծանոթանալ Տիգրանակերտի մասին մեր արշավախմբի կողմից հրատարակած առաջին երկու հոդվածներին (Հ Պետրոսյան, Ժ. Խաչատրյան, Ա. Փիլիպոսյան, Վ. Սաֆարյան, «Արցախի Տիգրանակերտի և շրջակայքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները - Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը», Եր., 2006, էջ 361-365: Հ Պետրոսյան, Ժ. Խաչատրյան, Ա. Փիլիպոսյան, Վ. Սաֆարյան, Արցախի Տիգրանակերտի ենթադրվող տարածքի և շրջապատի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները - Լեռնային Ղարաբաղի հանրապետություն. անցյալը, ներկան և ապագան, Միջազգային գիտաժողով, Զեկուցումների ժողովածու, Եր., 2007, էջ 434-445), որպեսզի պարզ դառնա, որ մենք (նկատի ունեմ արշավախմբի անդամներին), մեր մասնագիտական կոչման բերումով, մատենագրական և ճամփորդական տեղեկությունների մասին անշուշտ գիտեինք շատ ավելի լավ և շատ ավելի մանրամասն, քան պրն. Հարությունյանը:

Տիգրանակերտի մասին` քաղաքի հայտնագործումից ի վեր մոտ մեկ տասնյակ գիտական հոդվածներ են լույս տեսել, զեկուցումներ են կարդացվել միջազգային գիտաժողովներում, և մարդիկ հասկացել են, որ խոսքը վերաբերում է անտիկ` այսինքն Տիգրանի ժամանակ կառուցած քաղաքի հայտնաբերմանը, որի հսկայական ավերակները եղել են հողի տակ թաղված և որոնք չեն տեսել և չէին կարող տեսնել նախորդ այցելուները: Իսկ եթե մի երկու բան էլ տեսել են, ինչպես ադրբեջանցի մի քանի գիտնականներ, ապա այն չեն համարել անտիկ քաղաքին պատկանող: Ավելին, մինչև մեր պեղումները շատերը որպես Տիգրանակերտի ավերակներ ընդունում էին 18-րդ դարի ամրոցի ավերակները: Մենք ինքներս էլ Տիգրանակերտում բազմիցս ականատես ենք եղել նման կազուսների: Մարդիկ գալիս են, շրջում լեռան ստորոտում գտնվող աղբյուրի շուրջը և կարծում, թե գետնի երեսին երևացող, երկու հարյուր տարվա հնություն ունեցող ավերակները Տիգրանն է կառուցել: Նույնիսկ 2006թ. նկարված «Բարի գալուստ, Արցախ» հեռուստաֆիլմում, երբ արդեն Տիգրանակերտի ավերակների ճշգրիտ տեղը հստակորեն որոշված էր և անտիկ կառույցների որոշ հատվածներ էլ պեղված, Տիգրանակերտը ներկայացվում է բացառապես 18-րդ դարում կառուցված և 20-րդ դարի 70-ական թթ. ադրբեջանցիների կողմից չափազանցություններով վերականգնած ամրոցի մանրամասն ցուցադրությամբ: Ուրիշ ոչինչ: Համոզված եմ, որ մինչև մեր պեղումները այդպես է կարծել և մեր քննադատը: Եվ դա բնական է, նա մասնագետ չէ, և կարիք չկա այդպիսին ներկայանալ այն բանից հետո, երբ մասնագետներն արդեն հայտնաբերել են իրական  ավերակները:

Եթե մեր քննադատը մի քիչ ավելի ուշադիր լսեր իմ խոսքը կամ մի քիչ ավելին կարդար, ապա կհասկանար, որ կոնկրետ այդ հավաքի ժամանակ ես խոսել եմ ոչ թե Մակար Բարխուդարյանցի, այլ Սեդրակ Բարխուդարյանի մասին: Եվ ահա թե ինչու: 1950-ական թթ. Շահբուլաղից մոտ ութ կիլոմետր հեռու գտնվող Գյավուրկալա կոչվող հնավայրում (Սոֆուլու գյուղի մոտ) գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ գտնվել էր մի սարկոֆագի (քարե դագաղի) կափարիչ` վրան ընդարձակ հայերեն արձանագրությամբ: Ադրբեջանի ակադեմիան այստեղ շտապ պեղումներ է ձեռնարկել, իսկ արձանագրության տեքստը հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը, որն այդ ժամանակ զբաղված էր Արցախի արձանագրությունների ակադեմիական հատորը կազմելով: Պեղումների հետևանքով բացվել է մի ընդարձակ ամրացված բնակավայր, վաղքրիստոնեական եկեղեցի, մեծ դամբարանադաշտ և այլն: Սեդրակ Բարխուդարյանը, նկատի ունենալով նման մեծ բնակավայրի առկայությունը Շահբուլաղից ոչ հեռու, հավանական է համարել, որ Տիգրանակերտը պիտի փնտրել ոչ թե աղբյուրների անմիջական մերձակայքում, այլ Գյավուրկալայի տարածքում (Բարխուդարյան Ս., Տապանագիր Համամ իշխանի անունով - ԳԱ տեղեկագիր, 1964, թիվ. 1, էջ 61-64): Զարմանալի է, որ պրն. Հարությունյանը, որն զբաղվում է Շուշիի վիմագրությամբ, քաջածանոթ չէ Արցախի արձանագրություններին նվիրված Դիվան հայ վիմագրության ակադեմիական մատենաշարի 5-րդ հատորին (Ս. Բարխուդարյանի` հատուկ այս խնդրին նվիրված հոդվածին նա կարող էր և ծանոթ չլինել), որտեղ Ս. Բարխուդարյանը` Գյավուրկալայի արձանագրության բաժինը վերնագրել է ուղղակի «Սոֆուլու-Տիգրանակերտ», իսկ տեքստում էլ գրում է, թե Տիգրանակերտի մնացորդները հենց այստեղ են գտնվում (տե°ս Դիվան հայ վիմագրության, պր. 5. Արցախ /կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, Եր., 1982, էջ 135): Եվ նման մոտեցումն ամենևին էլ բացառություն չէր: Օրինակ, Բագրատ Ուլուբաբյանն իր «Դրվագներ Հայոց արևելից կողմանց պատմության» (Եր., 1981) գրքին կցված քարտեզում Արցախի Տիգրանակերտը տեղադրել է Կարկառ գետի ներքնահովտում, թեև նույն գրքում բառացիորեն օգտագործում է և «Շահբուլաղի Տիգրանակերտ» (էջ 34) արտահայտությունը: Արցախի հուշարձանների հայտնի հետազոտող Սամվել Կարապետյանն այս կապակցությամբ գրել է, որ Արցախի Տիգրանակերտը «հետազոտողները տեղորոշում են Շահբուլաղ ամրոցից հյուսիս-արևելք` հռչակավոր աղբյուրի և ներկայիս Թարնոյուտ (Թառնագյուտ) գյուղի (Վանքասարի ստորոտում) և կամ Գյավուրղալա քաղաքատեղիի տարածքում» (տե°ս նրա «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Եր., 1999, էջ 227): Տիգրանակերտի տեղադրության հարցում շփոթ կա նաև Հ. Սիմոնյանի ու Հ. Սանամյանի վերջերս լույս տեսած «Վանքասարի հուշարձանները» հոդվածում («Հուշարձան», Գ, Եր., 2005, էջ 159-163): Հեղինակները թեև նկարագրել են Շահբուլաղի շրջակայքը, բայց բնակատեղին երկիցս հիշատակում են Գյավուրղալա-Տիգրանակերտ անունով: Հասկանալի չէ նաև, թե Վանքասարի արևելյան երեք կիլոմետրանոց լանջի կոնկրետ որ հատվածում է վավերացվել անտիկ խեցեղենը, որի մասին հիշատակում են հետազոտողները: Ինչպես տեսնում ենք, Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը մասնագետների համար այնքան էլ պարզ չէր, և ես իմ խոսքում հենց դա էլ շեշտել եմ: Տվյալները շատ ավելի տարակուսելի են եղել, քան թեթևամտորեն կարծում է մեր քննադատը: Եվ մեր հնագիտական փնտրտուքներն էլ նպատակ ունեին ոչ թե ճանապարհորդների խոսքերի հիման վրա, այլ հնագիտորեն ապացուցելի դարձնել անտիկ քաղաքի առկայությունը կամ բացակայությունը: Ինչն էլ որ մենք արել ենք: Այո, Արցախի հնագիտական արշավախումբը Խաչենագետի ներքնահովտի մի ընդարձակ տարածքում կատարել է մանրամասն հնագիտական հետազոտություն և դրա հիման վրա եզրակացրել, որ հայտնաբերվել է Տիգրան մեծի կողմից կառուցված քաղաքի ավերակները: Ո°չ Սարգիս Ջալալյանցի, ո°չ Մակար Բարխուդարյանցի, ո°չ Լեոյի, ո°չ Րաֆֆու մոտ որևէ փաստացի, նյութական, ճարտարապետական, առավել ևս հնագիտական տվյալ չկա հօգուտ Տիգրանակերտի: Նրանց համար փաստարկ է ծառայել բանավոր ավանդույթը և (կամ) տեղանքի անվանումը: Այո, ես այդ տեղեկությունները համարում էի լեգենդար, քանի որ հնագետի համար չեն կարող կռվան լինել քարուկիր պատերի (Տիգրանի ժամանակ նման պատեր չէին կառուցում), եկեղեցու ավերակների (Տիգրանի ժամանակ դեռ քրիստոնեություն չկար), գերեզմանոցի հետքերի (Տիգրանի ժամանակ թաղումներն արտաքին նշաններ չունեին) մասին հիշատակությունները, որ բերել են տեղագիրները հօգուտ Տիգրանակերտի: Այս ամենն ի վիճակի՞ է հասկանալ մեր քննադատը:

Կուզենայի մի քանի խոսք էլ ուղղել հենց պրն. Հարությունյանին, որին ճանաչում եմ արդեն չորս տարի, և որն առաջիններից մեկն է իր հիացմունքն ինձ արտահայտել (հիմա համոզված եմ` արտաքուստ և աչառու) թե° Շուշիի պեղումների և թե° Տիգրանակերտի հայտնագործման առթիվ:

Հիմա ի՞նչ է տեղի ունեցել: Եթե պրն. Հարությունյանը կարծել է, թե ես այնքան էլ տեղին չեմ օգտագործում «հայտնաբերում» եզրը, կարող էր, չէ՞, մոտենալ ինձ և ասել այդ մասին: Կբացատրեի, և Տիգրանակերտը նեգատիվ երանգով չէր երևա հայրենական թերթում: Այդքան բա՞րդ է հասկանալ, որ եթե բամբասում եք Տիգրանակերտը հետազոտողին, հընթացս արժեզրկում եք  հուշարձանը: Բայց պրն. Հարությունյանը նախընտրել է դա անել իր ոճով, «հրապարակավ» ինձ ցույց տալ իմ «տեղն ու արժեքը»: Կարծում եմ, որ պատճառն ուրիշ տեղ է: Երբ 2004թ. Շուշիում հանդիպեցինք, տեսա, որ այս մարդն ահռելի աշխատանք է անում Շուշիի արձանագրությունների հավաքման ուղղությամբ: Հիացա նրա աշխատասիրությամբ, բայց և վշտացա նրա գիտելիքիների պաշարով: Տեսնում էի` շատ է ջանում, բայց և չի կարողանում արձանագրական տեքստերում բառերն իրարից անջատել, նախադասություններ կազմել կամ մտքերը կապակցել: Ստիպված արտանկարում էր արձանագրություններն ու այդպես էլ հրատարակում:  Վիմագրությունը լուրջ գիտություն է, դրա համար կրթություն և մասնագիտական հատուկ կարողություններ են պետք: Ես «համարձակություն» եմ ունեցել դա ասել հենց իրեն: Նաև առաջարկել իմ օգնությունը, որը նա չի ընդունել: Ինչու՞, միայն ինքը կարող է ասել: Վերջերս էլ երկու անգամ, երբ ինձ որպես մասնագետի հարցրել են Շուշիի արձանագրությունները հրատարակելու մասին` այն տեսքով, ինչպես որ հավաքել է պրն. Հարությունյանը, ես առանց վարանելու ասել եմ, որ դա հակագիտական մոտեցում է, այն հարիր չէ հայագիտությանը և պատվաբեր չէ Շուշիի համար: Հիմա էլ նույն կարծիքին եմ: Մի անգամ էլ հեռուստացույցով տեսել եմ, թե ինչպես նա կանգնած մեր հայտնաբվերած պարսպի առաջ` լուրջ տեսքով «բացատրություններ» է տալիս: Ու խնդրել եմ ընդհանուր ծանոթներից մեկին, որ հորդորի պրն. Հարությունյանին զերծ մնալ Տիգրանակերտի շինարվեստի վերաբերյալ ոչ մասնագիտական ու անհեթեթ մեկնաբանություններից: Երևում է` պրն. Հարությունյանն իր կարողությունների մասին այլ կարծիքի է: Ես` տրամագծորեն այլ: Համոզված եմ, որ կիսագրագիտությամբ գիտություն չեն անում, բայց մեծ-մեծ վնասներ են հասցնում: Ինչպես տեսնում ենք:

Անցյալ տարի Ադրբեջանի գիտությունների ակադեմիան ծավալուն մի որոշում է ընդունել այն մասին, որ իրականում ոչ մի Տիգրանակերտ էլ չի հայտնաբերվել, որ դա հայերի հերթական զեղծարարությունն է: Այդ տեքստը կա ադրբեջանական ցանկացած կայքում, կարող եք կարդալ: Նրանց հիմնական կռվանն էլ հենց այն է, որ  Շահբուլաղի տարածքը հայտնաբերված է վաղուց անտի և այնտեղ Տիգրանի ժամանակի քաղաքի ավերակներ չկան: Այո, ադրբեջանական հնագետներն այնտեղ ժամանակին անտիկ քաղաքի հետքերը չեն նկատել: Մենք նկատել ենք, վավերացրել ենք ու պեղումներով էլ ապացուցում ենք: Միթե՞ կարելի է այդքան տրվել վարկաբեկման մարմաջին ու ինքնաբերաբար համաձայնակցել մեր հակառակորդներին:      

Ցավոք, Արցախում հայագիտական համայնքը դեռ ձևավորման փուլում է, դեռ չկա գիտական այն դաշտը, որը կարող է սաստել գիտության անվան տակ հնչեցվող կիսագրագետ, հավակնոտ ու բամբասկոտ ելույթները` նետելով դրանք արհամարհանքի աղբարկղը: Տեղին և ժամանակին կլիներ Արցախով զբաղվող հայագետների մի ընկերակցության ստեղծել, որի փորձաքննությունը, խոսքն ու գնահատականը նման պայմաններում խիստ էական կլինեին: Ես քանիցս այդ մասին խոսել եմ ասպարեզի պատասխանատուների և մասնագետների հետ, թվում է մոտ ապագայում ինչ-որ մի բան պիտի փոխվի: Հուսանք և ջանանք:  

Մինչ այդ եկեք չվշտացնենք մեզ և չուրախացնենք մեր հակառակորդներին` մեր մեծ գործերը մանր-անձնական ամպերով ստվերելով:

Շատ կուզենայի, որ մենք բոլորս հասկանանք, որ Տիգրանակերտը, մեր մշակութային ժառանգությունն ընդհանրապես շատ ավելին արժեն, քան մեր համեստ գիտելիքների ցուցադրության գայթակղությունը, և առավել ևս այդ համեստ գիտելիքների հիմամբ արվող աճպարարությունները:

Տա Աստված, որ սա իմ առաջին և վերջին մամուլային-հրապարակային պատասխանը լինի մեր մշակութային արժեքների վրա կեղծգիտական ու անձնավորված հարձակումներին:      

Ետգրություն. իմ լուսանկարի փոխարեն ուղարկում եմ Տիգրանակերտի միջնաբերդի պեղած հատվածը: Որպես ապացույց, որ այն իրոք հայտնաբերվել է հզոր հողաշերտի տակից:

Համլետ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի
Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր

 ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Միանգամայն հիմնավոր է պարոն Պետրոսյանի անկեղծ վրդովմունքը և նրա՝ որպես գիտնականի կեցվածքը: Առավել ևս դժվար է վիճարկել Արցախով զբաղվող հայագետների ընկերակցություն ստեղծելու մասին նրա առաջարկը, ընկերակցություն, որի մասնագիտական փորձաքննությունը շատ կարևոր կլիներ խնդրո առարկա և այլ դեպքերում, ընկերակցություն կամ փորձագիտական խումբ, որի անհրաժեշտությունն արծարծվել է քանիցս:

 Այլ հարց է, որ պարոն Պետրոսյանը հավելորդս զգացական է ընկալել մեր թերթի հեղինակներից մեկի՝ Հրաչիկ Հարությունյանի հոդվածը: Համոզված ենք, մեր հեղինակը նպատակ չի ունեցել վարկաբեկելու կատարված ահռելի աշխատանքը և ստվերելու դրա ազգանպաստ դերը, առավել ևս՝ ջուր լցնելու հակառակորդի ջրաղացին (այլապես հոդվածը չէինք զետեղի թերթում): Ընդհանրապես, այս վերջին հանգամանքը (հակառակորդի ջրաղացին ջուր լցնելը) դարձել է մի հերթապահ խարան այլ կարծիքի ճակատին, խեղճացնելով բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կարևոր հարցում փոքր ինչ այլ կարծիք ունեն: Հ.Պետրոսյանի մակարդակի գիտնականը, նրա նման մեծ մտավորականն ու զտարյուն հայրենասերը պիտի որ սա բոլորից լավ հասկանար և իր հերթին ջուր չլցներ այս «ջրաղացն» աշխատեցնող «ջրաղացի» մեջ: Առավել ևս անսպասելի էր նրա նման մտավորականի կողմից խնդրի անձնականացման միտումը, ինչը, ցավոք սրտի, այնքան սովորական է դարձել մեր «մտավորական» բանավեճերում, երբ քննարկվում է ոչ միայն կամ ոչ այնքան ասվածը, որքան ասողը:

Ինչ վերաբերում է թերթի դիրքորոշմանը, ապա «Դեմո»-ն այն քիչ լրատվամիջոցներից է, որ ուշի ուշով հետևել է Տիգրանակերտի պեղումներին ու առանձնակի կարևորել թե կատարվող աշխատանքները և թե դրանք իրականացնողների ազգանպաստ ու հայրենասեր էու