30 ապրիլի, 2008 թ. 07 (93)

 

ԵՂԲԱՅՐ ԵՆՔ ՄԵՆՔ 

«Հայաստանցի-ղարաբաղցի» տարաբաժանումը վերջին ժամանակներս անցել է հատվածային մտածելակերպի թույլատրելի բոլոր սահմանները և վերածվում է անջրպետի, ինչը չի կարող չտագնապեցնել հայ ազգի զտարյուն մտավորականությանը: Տագնապալից ընթացքի առաջն առնելու ուրիշ ձև չկա, քան միմյանց դարդուցավը հասկանալը, անաչառ լինելու լավագույն ձևն այն է, երբ քեզ դնում ես դիմացինիդ վիճակի մեջ ու փորձում հասկանալ քո հնարավոր վարքագիծը:

Տվյալ պարագայում մտապահելով, որ մենք բոլորս Հայ ենք, ես պայմանականորեն հանդես եմ գալիս միջինվիճակագրական ղարաբաղցու դիրքերից և փորձում մաշկիս վրա կրել այն, ինչ կրել են իմ երևանցի միջինվիճակագրական եղբայրներն ու քույրերը:

Եւ այսպես, ի՞նչ կանեի ես, եթե ԼՂՀ-ում կայացած ընտրություններին ՀՀ-աբնակների չմասնակցության պարագայում մի բնիկ երևանցի մասնակցության իրավունք ձեռքբերեր ու  հասներ իշխանության: Իշխանության հասնելով էլ՝ կամաց-կամաց Ստեփանակերտ տեղափոխեր իր երևանցի ընկեր-բարեկամներին, պարզապես՝ բնիկ երևանցիների, ու նրանց պաշտոններ տար, խանութներ բացելու, արտոնյալ բիզնես ունենալու հնարավորություն ապահովեր: Որպես հենարան էլ ընտրեր ոչ թե ղարաբաղյան ճանաչված ու հարգված մտավորականների ու կադրերի, այլ, մեղմ ասած, տեղի հասարակության հարգանքը չվայելող անձանց:

Ես, որպես միջինվիճակագրական «էշ ղարաբաղցի», հավանաբար, կկատաղեի երևանցի «կատուկրասկատվողների» մերօրյա արշավանքից, իմ հոգում եթե ոչ ատելություն, ապա քամահրանք կառաջանար երևանաբնակների նկատմամբ, և իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու անհնարինության մեջ համոզվելով՝ ես էլ դուրս կգայի հանրահավաքի: Եւ եթե ինձ նման միջինվիճակագրական արցախցի քույրերիս ու եղբայրներիս փորձեին համոզել մահակով, ապա հոգուս քամահրանքը ինձնից անկախ կվերածվեր ատելության, հատկապես եթե հոգիս կրծի այն կասկածը, որ իմ գլխին իջնում է ոչ թե արցախյան սեգ անտառների կաղնու փայտից պատրաստված միջինվիճակագրական հարազատ մահակը, այլ Երևանում ներկված դագանակը՝ ներկողի հետ միասին:

Այո, որպես միջինվիճակագրական ղարաբաղցի՝ ես, երևի, այդպես կանեի: Բայց, որպես հայ մտավորական, ես այլ կերպ կվարվեի: Ես առաջին հերթին կմեղադրեի ինձ ու նմաններիս, որ չենք կարողացել դեպքերի նման զարգացման առաջն առնել: Ես ատելությամբ չէի լցվի շարքային ՀՀ-աբնակների նկատմամբ, լեզուս չէր պտտվի վատ բան ասել երևանցի շինարարի, հացթուխի, մանկավարժի, երաժիշտի, վաճառականի, ֆուտբոլիստի, քաղաքագետի, լրագրողի, բանաստեղծի և այլոց հասցեին: Ես կհասկանայի, որ նրանք մեղավոր չեն, որ նրանք ինձ նման խեղճ ու անպաշտպան են: Ես բոլորին չէի նույնացնի իշխանության հետ, ես չէի սիրի իշխանությանը, նրա կողքին չէի լինի, բայց հոգուս դառնությունը չէի ուղղի այդ իշխանավորների ծագումնաբանական տարածքի ու դրա բնակիչների դեմ: Ես կհասկանայի, որ դա ոչ միայն ծիծաղելի է, այլև նողկալի, որ դա թույլի ու անճարակի հոգեբանություն է:

Որպես հայ մտավորական ես կնկատեի, որ «երևանցի» ղեկավարին բերողը տեղաբնիկ վերնախավն էր, որ նրա ուղեգիծն իրականացնողների ջախջախիչ մեծամասնությունը տեղաբնիկ հայրենակիցներս են, որ տեղաբնիկ մտավորականությունն է ներբողներ ձոնում նրան, որ տեղաբնիկ շոու-աստղերն են նրա փառքը երգում, որ տեղաբնիկ քաղաքական ուժերն են վարձահրավիրվել սատարելու, որ տեղաբնիկ լրատվամիջոցներն են լվանում մեր իսկ ուղեղները, որ տեղաբնիկ գիտնականներն են նրա ուղեգիծը հիմնավորում, որ տեղաբնիկ գործարարներն անհամեմատ շատ են ու ապօրինի ավելի շատ արտոնություններ ունեն...Մի խոսքով՝ որ, ինչպես երգիծաբանն էր ասում՝ «միլիոններով բռակ ենք տվել»: Կնկատեի ու կսարսափեի, կնկատեի ու չէի դիվայնացնի «երևանցի» ղեկավարին, այլ կհասկանայի, որ նա էլ է զոհ՝ մեր իսկ բարքերի, մեր իսկ դարավոր «մենատնտեսական» հոգեբանության զոհն ու պրոդուկտը: Կհասկանայի, որ եթե ընդունեմ, որ երկու «երևանցի» կարողացել են ճկել բազմադարյա քաջությամբ հայտնի իմ ժողովրդին, ապա ստիպված պիտի լինեմ ընդունել նաև իմ բազմադարյա փոքրոգությունը:

Կհասկանայի այս ամենն ու կսարսռայի: Կսարսռայի՝ հասկանալով, որ «երևանցիներից» ազատվելով՝ մենք չենք ազատվելու համազգային միասնության մեր մենատնտեսական ընկալումից, մեր հոռի բարքերից, մեր ստրկամտությունից: Կհասկանայի, որ մինչև ինքներս չփոխվենք՝ իշխանությունը չի փոխվի: Ու քամահրանքիս հասցեն կփոխեի:

Սրանք ընդամենը խոսքեր չեն: Որպես արցախաբնակ հայ մտավորական քանիցս փորձել եմ իմ ուժերի ներածին չափ նպաստել, որ Արցախ աշխարհս ավելի քաղաքակիրթ լինի: Բայց եղած չնչին շանսն էլ միշտ շնչահեղձ է եղել ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով, ընդ որում՝ դա այդպես է եղել և Տեր-Պետրոսյանի, և Քոչարյանի օրոք, քանի որ Հայաստանի ղեկավարությունը միշտ էլ ձգտել է կառավարելի ու ձեռնասուն իշխանություն ունենալ Արցախում: Ամեն անգամ հույսերս թաղելուց կամ, ավելի ճիշտ՝ անթեղելուց հետո իմ ու նմաններիս մեջ երբևէ ատելություն չի առաջացել ոչ միայն  Մայր Հայաստանում ապրողների, այլ նույնիսկ ՀՀ ղեկավարության նկատմամբ, քանի որ տեսնում էի նաև այն լավը, որ արվել է Արցախ աշխարհիս համար: Ատելություն չի առաջացել, թեև բարեփոխման մեր փորձերն արժանացել են ոչ միայն ՀՀ իշխանությունների հակազդեցությանը, այլև հայաստանյան հանրության քար անտարբերությանը:

Ուստի անիմաստ է այսօր բողոքել կողմերից մեկի անտարբերությունից, քանի դեռ կա այդ արատավոր երևույթը՝ կողմերը, քանի դեռ չենք հասկացել, որ մենք ոչ միայն նույն իրավաքաղաքական ու ֆինանսատնտեսական, այլև նույն դարդուցավի դաշտում ենք, նույն մարտահրավերների դեմ հանդիման ենք: Սա կարող է հասկանալ զտարյուն մտավորականությունը և հասկանալով հանդերձ՝ չլռել: Չլռել ու այսօրվա միջինվիճակագրական ատելությունը հանել մեջներիցս:

Այս պահին մեծ է հատկապես Արցախի մտավորականության անելիքը: Ի վերջո, հնարավոր չէ փախչել այն իրողությունից, որ Հայաստանում ողբերգություն է կատարվել, որն իրավացի-հանիրավի առնչվում է Արցախի հետ, իսկ առնչողներն էլ ոչ թե մեկ կամ տասը մարդ են, այլ հարյուր հազարավորներ: Այս պահին առավել համբերատարն ու սրտացավը, առավել հանդուրժողականն ու պատասխանատուն մենք պիտի լինենք: Որովհետև թեև ցավը բոլոր հայերինս է, բայց առավել ցավեցնողը մեր ՀՀ-աբնակ եղբայրների վերքերն են, նրանք են տուժածը:

Չգիտեմ, թե կոնկրետ ես՝ Գեղամ Բաղդասարյանս, ինչով եմ մեղավոր այդ ամենի համար, բայց ես իմ ու ինձ նմանների անունից ներողություն եմ խնդրում իմ ՀՀ-աբնակ եղբայրներից ու քույրերից ու ասում նրանց՝ կիսում ենք ձեր ցավը:  Ես իմ ու ինձ նման ազատ մարդկանց անունից ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու բարեկամներին, նաև բոլոր նրանց, ում հոգում զոհվել են հավատը, հույսն ու սերը: Ներողություն եմ խնդրում ձեզնից ու ներում եմ ձեզ՝ արցախցուս նկատմամբ հանիրավի ատելության համար: Դառնացած, վիրավոր հոգին նաև աչքերը պղտոր ու անարդար է լինում, և ո՞վ պիտի դա հասկանա, եթե ոչ եղբայրը:

Իսկ մենք եղբայրներ ենք բախտակից: Ու ինչ էլ լինի՝ կառուցելու ենք մեր երազած երկիրը, մեր ընդհանուր հայրենիքը:

 ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

կարգավորում

 ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ

 Ղարաբաղյան կարգավորումն անցել է մի հետաքրքիր փուլ: Հարաբերությունները պարզվում են ոչ թե հայկական կողմերի եւ Ադրբեջանի կամ այլ երկրների հետ, այլ հենց Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ: Փառք Աստծո, հարաբերությունների պարզումը չի վերածվում «ռազբորկաների», սակայն ակնհայտ հակասությունները թաքցնելը հղի է վտանգներով: Առավել արդյունավետ է մինչեւ վերջ պարզել երկու կողմերի արած-չարածը, պատասխանատվության չափերն ու ոլորտները:

 Սխա՞լ էինք, թե՞ ոչ  

Անհամաձայնություններն իրոք ակնհայտ են: Վերջին 10 տարիների ընթացքում հայ որոշ գործիչներ բազմիցս են հանդես եկել անարձագանք մտահոգությամբ առ այն, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը «այլ» ուղղությամբ է ընթանում: Մասնավորապես, բացասական առումով ճակատագրական էր բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրսբերումը, Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, Սփյուռքի քաղաքական ներուժի ոչ բավարար օգտագործումը, Ղարաբաղում Հայաստանի ռազմական ներկայության իրավական բազայի բացակայությունը եւ վերջապես՝ ակտիվ, խելամիտ տեղեկատվական քաղաքականության բացակայությունը: Ընդ որում, աներկբա նշվում էր, որ այդ ամենի պատճառ է հանդիսացել Ռ. Քոչարյանի որոշումը՝ բանակցություններում ներկայացնել եւ Հայաստանը, եւ Ղարաբաղը:

Հայաստանի իշխանությունները, որոնք իրենց վրա են վերցրել բանակցային գործընթացի ողջ պատասխանատվությունը, չեն խոստովանել այդ սխալները եւ ասել են, որ բանակցություններն ընթանում են հայկական կողմերի օգտին: Սակայն, քանի մոտենում էր  Ռ. Քոչարյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հեռանալու ժամանակը, ուժեղանում էին զրույցները բանակցություններում Ղարաբաղի ներգրավման եւ նույնիսկ Հայաստանի չմասնակցության անհրաժեշտության մասին:

Օրերս Հայաստանի խորհրդարանը շտապ կերպով ընդունել է ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող նի հայտարարություն, որն իր մեջ կրում է մի քանի սկզբունքային մոտեցումներ: Մասնավորապես, պատգամավորները կոչ են անելու նախագահին ավելի նախաձեռնող քաղաքականություն վարել կարգավորման գործընթացում: «Մենք խնդիր ենք դնելու՝ ձեւավորել եւ համակարգել իրավական, գիտական հիմքերը Ղարաբաղի հակամարտության գործում», - ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Հայտարարության երկրորդ եւ հիմնական կետը ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանի կողմից արցախահայության անվտանգության ապահովման համար իրավական հիմքերի ստեղծումն է: Երրորդ՝ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի վերականգնվի Ղարաբաղի՝ որպես բանակցային կողմի դերը: Եվ չորրորդ՝ ի մի բերել համայն հայության ռեսուրսները ԼՂՀ միջազգային ճանաչման համար:

Դրան զուգահեռ ապրիլի 28-ին ՀՀ խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է  Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դեռ անցած տարվա աշնանը քննարկման ներկայացված օրինագիծը ԼՂՀ ճանաչման մասին: Ընդ որում, նշվել է, որ դրա փոխարեն խորհրդարանը կընդունի վերոնշյալ հայտարարությունը: Սակայն «Ժառանգություն» կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանը նկատել է, որ դա պետք է լինի ոչ թե հայտարարություն, այլ առնվազն որոշում: Բացի այդ, ըստ պատգամավորի, այն ուշացած է:

Ըստ իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ «այս հայտարարությունը կապ չունի նախորդ շրջանի մեր վարած քաղաքականության հետ, որը, ես գտնում եմ, միգուցե կարելի էր ավելի ակտիվացնել»: Նրա կարծիքով, հայտարարությունը մեր արձագանքն է այն բանի, որ Ադրբեջանը խախտեց խաղի կանոնները: «Պատահական երեւույթ չէր, որ դեռ ամիսներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային Ժողով մի նախագիծ բերեց, որպեսզի ճանաչենք Ղարաբաղի անկախությունը: Այսինքն, պարտադրված մի բան էր, որ մենք խաղի կանոնները խախտենք: Մենք խաղի կանոնները գիտակցորեն չխախտեցինք: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանն ընդունում է Ղարաբաղը որպես անկախ պետություն, կամ Հայաստանի մաս: Եթե ընդունեինք այդ օրինագիծը, ապա դա փաստորեն կնշանակեր, որ մենք էինք խաղի կանոնները խախտում, եւ դրա հետեւանքներն ավելի բարդ էին լինելու մեզ համար: Այժմ հետեւանքներն ավելի բարդ են լինելու Ադրբեջանի համար»,- գտնում է Գ. Սահակյանը:

Հատկանշական է, որ մինչ հայտարարության ընդունումը ՀՀ ԱԺ պատգամավորների մի խումբ այցելեց Ղարաբաղ եւ խորհրդակցեց արցախցի գործընկերների հետ: «Արդյունքում, մենք, իհարկե, լսել ենք նոր եւ օգտակար առաջարկներ, սակայն սկզբունքային առումով տարաձայնություններ չկան», - ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը հանդիպումից հետո:

«Ղարաբաղի պատգամավորները հայտնել են, որ չեն ընդունում միջնորդների կողմից առաջարկված «մադրիդյան սկզբունքները», սակայն Հայաստանի նոր իշխանություններն արդեն հայտնել են, որ շարունակելու են բանակցությունները: Շարունակվելո՞ւ են, արդյոք, բանակցությունները մադրիդյան սկզբունքներով»£ Պատասխանելով մեր այս հարցին, Տիգրան Թորոսյանը նշել է. «Մամուլում կարդացել եմ ինչ-որ սկզբունքների մասին, չնայած, չկա հստակ ձեւավորված սկզբունքներով փաստաթուղթ: Երկու սկզբունք կա, որոնք ընդունվել են նաեւ համանախագահների կողմից՝ տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Եւ արդեն պարզ է, որ հակամարտությունը լուծվելու է այդ սկզբունքների հիման վրա»:

Հայաստանյան գործընկերների այցից առաջ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդլայնված նիստ էր հրավիրել, որտեղ փաստորեն խաչ է դրել այն ամենի վրա, ինչ արվել էր մինչ այսօր: Հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդգծել էր՝ «1998-2008թթ. Հայաստանը հանդես է եկել որպես հիմնական բանակցող: Այսօր նոր շեշտադրումներ կամ նոր ընդգծումներ անելու համար հարկ է ամփոփել անցած ամբողջ փորձը՝ եւ ձեռքբերումները, եւ բացթողումները, եւ ի վերջո որոշարկել՝ մենք աշխարհին ունե՞նք ներկայացնելու այս խնդրի լուծման մեր պատկերացումը»:

 Իսկ բանակցությունները կշարունակվե՞ն

 «Հայաստանը պատրաստ է շարունակելու առկա գործընթացը՝ լուծումը գտնելու համար», - հայտարարել է ՀՀ նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իսկ ի՞նչ սկզբունքների հիման վրա է Հայաստանը պատրաստ շարունակել բանակցությունները: Արդյո՞ք նույն մադրիդյան:

«Բանակցությունների առանցքը ԼՂ կարգավիճակի հարցն է, և այն պետք է լուծվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտելու իր կամքը, ինչն էլ բանակցային այս փուլի էությունն է: Կարծում եմ, որ լուծման հնարավորությունն այսօր առկա է, և քաղաքական կամքի դրսևորման դեպքում մենք կկարողանանք հասնել դրան», - նշել է նախարարը:

Մադրիդյան սկզբունքներն ի սկզբանե անընդունելի են ղարաբաղյան կողմի համար, քանի որ դրանցից մի քանիսը չեն համապատասխանում ԼՂՀ Սահմանադրությանը՝ նորերս տեղեկացրել էր ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նույն օրը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հայտարարել էր, թե հայկական կողմը պետք է վերախմբագրի իր մոտեցումները բանակցային գործընթացում, հատկապես՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին: Դրանից մի քանի օր առաջ էլ մադրիդյան որոշ սկզբունքների անընդունելիության մասին միանշանակ հայտարարել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Այս ամենից հետո ինչպե՞ս ընկալել ՀՀ ԱԺ խոսնակի պնդումը տարաձայնությունների բացակայության մասին, և ԼՂՀ ԱԺ խոսնակի ու նորանկախ երկրի իշխանությունների լռությունը:

Այսպես թե այնպես, Բուխարեստում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում՝ բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիման վրա լուծելու մասին: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան էլ փաստել էր. «Ակնհայտ է, որ բանակցային գործընթացը շարունակվելու է»:

 Ջրերը դեռ չեն պարզվել 

Նախքան պաշտոնից հեռանալը ՀՀ նախկին նախագան Ռոբերտ Քոչարյանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, շրջանառության մեջ է դրել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջպետական պայմանագրի ստորագրման գաղափարը: Այն, կարծես թե, ընդունվել է եւ Հայաստանում, եւ Ղարաբաղում: Սակայն վերջում մեծ պայմանագրի ստորագրումը վերածվել է իրական ուժ չունեցող մի հայտարարության: Ինչպես և ինչու տեղի ունեցավ այս մետամորֆոզը՝ անհասկանալի է շարքային քաղաքացուս համար: Ճիշտն ասած, շատ բան է անհասկանալի: Տպավորություն է ստեղծվում, որ բոլորը գիտեն, և միայն աջ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված ձախը:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

  

ՔԱՅԼԸ ՁԵՐՆ Է, ՊԱՐՈՆԱՅՔ

 Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԼՂՀ դիրքորոշումը ոչ բավարար կերպով է ներկայացվել միջազգային հանրությանը՝ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նորերս Արցախ կատարած այցելության ժամանակ

Այն մասին, որ տեղեկատվական քաղաքականության մեջ զգալիորեն զիջում ենք հարեւան Ադրբեջանին, բազմիցս է խոսվել, սակայն տարիներ շարունակ հայկական իշխանություններն այդ «առաքելությունը» հաջողացրել են, ինչպես ասում են, «ականջի հետեւը գցել»£ Արդյունքում ստացվել է այնպես, որ հիմա ամենաբարձր ատյաններից հնչում են տեղեկատվական քաղաքականության ոչ պատշաճ մակարդակի մասին գնահատականներ ու խոստովանություններ, նույնիսկ՝ մեղադրանքներ£ Իսկ թե ո՞ւմ են մեղադրում՝ անհասկանալի է, քանի որ, ի վերջո, լրատվամիջոցները չեն այդ ամենի պատասխանատուները, այլ նրանք, ովքեր պետք է այդ քաղաքականության վարման մի մասը կազմեին, լինեին այդ ամենի մատուցման աղբյուրը, այդ քաղաքականության վարողը£ Եվ զարմանալին այն է, որ հաճախ այնպիսի մարդիկ են հայտարարություններ անում, որոնց իրավասությունների եւ պարտավորությունների շրջանակներում է հենց այդ նույն գործընթացի իրականացումը£

Տիգրան Թորոսյանի հայտարարությունն ինչ-որ չափով, գուցե թե, ուղղված է նաեւ ՀՀ արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` անցած 10 տարիների գործունեությանը£ Չէ՞ որ հենց նրա նախագահ ընտրվելուց հետո Ղարաբաղը դուրս մնաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններից այն պատճառաբանությամբ, թե Հայաստանի ղարաբաղցի նախագահը բանակցություններում կարող է ներկայացնել նաև Ղարաբաղի շահերը£

Ինչեւէ, դա միայն բանակցություններին է վերաբերում£ Իսկ ի՞նչ են արել մյուս պատասխանատու մարմինները, տեղեկատվական քաղաքականության վարման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկել, ի՞նչ ակտիվությամբ են ԼՂՀ իշխանությունները ներկայացրել ղարաբաղյան հասարակության կարծիքն ու դիրքորոշումը՝ բանակցային սեղանին դրված այս կամ այն տարբերակի վերաբերյալ£ Հիմա, հետադարձ հայացք ձգելով անցած տասը տարիների վրա, պարզվում է, որ տեղեկատվական քաղաքականության վարման համար ոչինչ էլ չի արվել, եթե չհաշվենք, որ իշխանություններն իրենց պասիվությամբ նույնիսկ խոչընդոտել են£ Եվ դա պսակվեց այն փակուղային վիճակով, որի մեջ հայտնվել ենք այսօր, երբ փաստորեն միջազգային տարբեր կառույցների կողմից խոսվում է ժողովրդի կարծիքի հարգման մասին, սակայն գործնականում շատ հաճախ մոռանում են, որ Ղարաբաղը միայն տարածք չէ, այլ այնտեղ նաեւ մարդիկ են ապրում:

Եթե միջազգային հանրությանը, ինչպես նշել է ՀՀ խորհրդարանի նախագահը,  ոչ բավարար կերպով է ներկայացվել ԼՂՀ դիրքորոշումը, ապա մեղավորներ առաջին հերթին մեր մեջ պետք է փնտրել: Իսկ ի՞նչ լուրջ աշխատանք է կատարվել ժողովրդի կարծիքի ուսումնասիրման ուղղությամբ: Երևի՝ ոչ մի: Դա խոստովանում են նաեւ այստեղ: «Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միասնական պետական հայեցակարգ չի ձեւավորվել: Բոլոր դեպքերում՝ եւ հակամարտության զինված փուլի տարիներին, եւ դրան հաջորդած հրադադարի տարիներին փորձ է արվել գտնել խնդրի իրավիճակային լուծում»,- խոստովանում է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Վահրամ Աթանեսյանը: Պատգամավորի կարծիքով, այսօր ի վերջո պետք է  որոշարկել՝ մենք աշխարհին ունե՞նք ներկայացնելու այս խնդրի լուծման մեր պատկերացումը: Եթե ունենք, ապա ամբողջ քարոզչական ճառագայթները՝ եւ ներքին, եւ արտաքին, պետք է բխեն դրանից: «Այս հարցում ընդհանրական մոտեցում մշակելու համար անհրաժեշտ է ունենալ հասարակական հզոր կոնսենսուս£ Դժբախտաբար, ես անձնապես տպավորություն ունեմ, որ այսպիսի կոնսենսուս մեր հասարակության մեջ չկա»,- գտնում է նա:

Իսկ ի՞նչ ռեսուրսների  հաշվին պետք էր իրականացնել այդ ամենը: Պարզվում է, որ ոչ համապատասխան կառույցներ ունենք, ոչ համապատասխան մասնագետներ եւ այլն: «Մենք այդպիսի կադրեր չունենք: Չունենք վերլուծաբան, վերլուծական միտք Ղարաբաղում չկա: Այն, ինչ անում ենք՝ դա պրոֆեսիոնալիզմից բավական հեռու մակարդակ է»,- այս կարծիքին է պարոն Աթանեսյանը: Այս ամենի լուծումը նա տեսնում է ազգային անվտանգության հայեցակարգի մշակման, որի մի բաղկացուցիչ մասն էլ պետք է լինի տեղեկատվական քաղաքականությունը, այն որպես օրենք ընդունելու եւ դրանով առաջնորդվելու մեջ: Նրա խոսքերով, Ազգային ժողովի խմբակցությունները մի նախագիծ են ներկայացրել գործադիր իշխանությանը, որում առաջարկվում է մշակել ազգային անվտանգության հայեցակարգ եւ ներկայացնել ԱԺ քննարկմանը, իսկ որպես իրավիճակային լուծում փորձում են առաջարկել գործադիր իշխանության համակարգում ստեղծել ռազմավարական հետազոտությունների եւ տեղեկատվության հատուկ աշխատանքային խումբ: Ասել է թե՝ ամեն ինչ պետք է սկսել զրոյից ու մեծ թափով: Թե չէ, ինչպես պատգամավորն է նշում, եթե անելու ենք այն, ինչ մինչեւ հիմա ենք արել՝ հաջողության չենք հասնելու:

Այսպես թե այնպես, գոնե կարելի է առաջընթաց համարել այն բանի գիտակցումը, որ տեղեկատվական քաղաքականության հաջողությունը կամ անհաջողությունը պայմանավորված է ոչ թե կամ ոչ այնքան լրատվամիջոցների լավ կամ վատ գործունեությամբ, որքան լուրջ արտաքին քաղաքականություն վարելու մեր ունակությամբ: Թե չէ՝ մեզ մոտ արդեն սովորական էր դարձել արտաքին տեղեկատվական քաղաքականության պատասխանատվությունը լրատվամիջոցների վրա բարդելը: Լրատվական դաշտը կրողն է այդ քաղաքականության, այլ ոչ թե վարողը: Ինչպես նորերս կայացած խորհրդարանական քննարկումներում հնչեց՝ բանակցային կողմ դառնալու համար առնվազն պիտի քայլ անել, և քայլ անելուց հետո միայն կարող է գալ «լրատվամիջոցների քայլի ժամանակը»: Հնարավոր չէ արտաքին տեղեկատվական քաղաքականություն իրականացնել, եթե չկա արտաքին քաղաքականություն ընդհանրապես:

 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

  

անվտանգություն

 

ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ՄԻՋՆԱԲԵՐԴ
որ կարող է կորսվել մեր ձեռքով
 

ԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑ 

Շարունակելով ազատագրված տարածքներ այցելելու, հայրենիքը նորովի ընկալելու ու մեր հայրենակիցների կյանքը լուսաբանելու «Դեմո»-արշավը, նորերս շրջեցինք Քարվաճառում, կամ ինչպես մենք ենք անխոհեմաբար անվանել՝ Շահումյանի շրջանում: Շատ բան կարելի է գրել Քարվաճառի ու այդտեղի մարդկանց մասին, բայց առաջին ու ամենակարևոր միտքը, որ չի լքում քեզ, այն է, որ այս տեղաշրջանը բնական, անձեռակերտ ու անառիկ միջնաբերդ-ամրոց է: Աստված մի այնպիսի հրաշակերտ, բազմաանվտանգ, բազմածալ, բազմաշերտ ու բազմախորունկ ամրոց է ստեղծել, որ մարդու միտքը երբևէ չի կարող մրցակցել դրա հետ: Բայց կարող է անխռով հանգստանալ այնտեղ: 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԻԿ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ 

Ղարաբաղյան կարգավորման մեզ առաջարկված բոլոր տարբերակներում էլ ամրագրված է ազատագրված տարածքների վերադարձը: Որքան էլ տարօրինակ լինի, բայց մեր ղեկավարներն ու գեներալիտետը երբևէ չեն ժխտել այս հանգամանքը, չեն ժխտել, քանի որ իրենց իսկ ջանքերով հայ հանրությունը շատ հանգիստ, ուղղակի օլիմպիական հանգստությամբ է վերաբերվում դրան: Նրա ուղեղն են մտցրել այն միտքը, որ տարածքների հանձնմամբ կապահովվի մեր անվտանգությունը, ինչն էլ տեղավորվում է փոխզիջումային տրամաբանության շրջանակներում, թեև ոչ ոք հոդաբաշխ ձևով չի բացատրում, թե ադրբեջանական կողմն ինչ է զիջում, իմա՝ որն է փոխզիջման ադրբեջանական «փայը»:

Իհարկե, յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ առանց փոխզիջման ոչ մի հակամարտություն մշտատև լուծում չի ունենում, լինի դա ազգամիջյան, թե միջանձնային հակամարտություն: Բայց փոխզիջում չի կարող լինել, այն ուղղակի աբսուրդ է, եթե ձեռք է բերվում կողմերից մեկի անվտանգության հաշվին: Իսկ ղարաբաղյան հակամարտությունը, ավելի ճիշտ՝ ղարաբաղյան շարժումն առաջին հերթին հենց անվտանգության ապահովմանն էր միտված:

Այսօր շփման գծում հարաբերական անդորրը պահպանվում է կողմերի ռազմական հավասարակշռության շնորհիվ: Պարզից էլ պարզ է, որ այդ հավասարակշռության խախտումն էլ հենց պատերազմի վերսկսման հիմնական պատճառը կարող է լինել: Այսինքն, ավելի պարզ ասած՝ մեր անվտանգության երաշխիքը հանդիսացող տարածքների հանձնմամբ մենք մեզ մերձեցնելու ենք ոչ թե խաղաղությանը, այլ պատերազմին, քանի որ մեծ է լինելու թույլին պատժելու գայթակղությունը:

Այս առումով Քարվաճառը բացառիկ, անգնահատելի ու անփոխարինելի դեր ունի, այն մեր անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Ասում են՝ սա մի հայացքից հասկացել է անգամ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը՝ հայ-ադրբեջանական բանակցություններից մեկի ժամանակ ադրբեջանցի գործընկերներին միանշանակ հակաճառելով՝ «առանց այս տարածքի ուղղակի լուրջ չէ խոսել Ղարաբաղի անվտանգության ու տնտեսական զարգացման մասին»: Ասել է ու իր ադրբեջանցի գործընկերների ուշադրությունը բևեռել քարտեզին:

Եւ այն, ինչ հասկացել է օտարը՝ քարտեզի վրա սոսկ մի հայացք ձգելով, մենք չենք կարողանում հասկանալ` հազար անգամ տեսնելով «օրիգինալը»:

Այսօր միջնորդները մեզ ասում են՝ վերադարձրեք տարածքները, և մենք կապահովենք ձեր անվտանգությունը: Այսինքն՝ տուր ինձ քո անվտանգությունը, և ես կապահովեմ քո անվտանգությունը: Ավելի պարզ՝ տուր ինձ հրացանդ, և ես կապահովեմ քո անվտանգությունը այ էն հրացանավորից, քեզ մի գեղեցիկ, գույնզգույն թուղթ կտամ, որի տակ խայտաբղետ ստորագրությամբ պարտավորվում եմ ապահովել քո անվտանգությունը:  Եղբայր, եթե քեզ իրոք հետաքրքրում է իմ անվտանգությունը, ապա հրացանով ես ինձ ավելի անվտանգ եմ զգում, մանավանդ, որ իմ բազմաչարչար պատմության մեջ քո տված-չտված թղթով-ֆանտիկով երբևիցե չեմ կարողացել պաշտպանվել: Իսկ «միջանցքն» էլ, որ վերապահումով թողնում եք ինձ, փախչելու համար է, այլ ոչ թե պաշտպանվելու:  Առաջարկն ինքնին այնքան անխոհեմ է, որ ուղղակի պիտի մերժես, և շատ հավանական է, որ դրա համար էլ այնպես են առաջարկում՝ որ մերժես: Համենայն դեպս՝ հիմա, ներկայիս աշխարհակարգի ու համաշխարհային բարքերի, տարածաշրջանային հարևանության ներկայիս փորձի պայմաններում:

 ՀԱՆՈՒՆ ԱՆԱՌԻԿ  ՄՇԱԿՈՒՅԹԻ  

Լինելով Քարվաճառի Ծար բնակավայրում, կարող ես սեփական աչոք պատկերացնել, թե ինչ է ցեղասպանությունը, մշակութային ցեղասպանությունը: Ժամանակին պատմական արցախանիստ այս փառահեղ վայրում հինգ եկեղեցի կար, որոնցից մնացել են երկուսի ավերակները: Թե ինչ է արվել մյուս երեքի ու հատկապես գլխավոր եկեղեցու հետ, կարելի է իմանալ՝ այցելելով այստեղի ադրբեջանական սովետակառույց դպրոց: Սրա պատերը «համեմված» են եկեղեցու քարերով՝ խնամքով թաքցված, թարսադիր: Նաև՝ խաչքարերի ու շիրմաքարերի կտորներով: Ուղղակի հոգիդ է լացում՝ տեսնելով դրանք:

Հենց սա էլ անվտանգության խնդիր է: Մեր անվտանգության խնդիրը լուծելով՝ մենք նաև մեր մշակույթի անվտանգության, նրա անառիկության հարցն ենք լուծելու: Հայ ժողովուրդը միշտ էլ ապրել է արարելու համար, բայց չի կարողացել պահպանել իր իսկ արարածը: Հերիք եղավ մեր արարածը աշխարհով մեկ սփռելուն, եկել է մեր մշակույթը ժողովելու ժամանակը, մեր քարերը հավաքելու ժամանակը: Ու նոր եռանդով, նոր ոգեկոչմամբ արարելու ժամանակը: Այսօր դրա համար պատմական բացառիկ շանս է ընձեռված մեզ:   Մեր մշակույթը պահպանելը մեր իսկ արժանապատվության հարցն է:

 ԱՆԱՌԻԿ ԿԵՐՏՈՂՆ ԱՍՏՎԱԾ Է, ԱՆԱՌԻԿ ՊԱՀՈՂԸ՝ ՄԱՐԴԸ

 Քարվաճառն, իրավ, բնական, անձեռակերտ ու անառիկ միջնաբերդ-ամրոց է, ավելի ճիշտ՝ այդպիսի առաքելությամբ է արարվել:  Անառիկ կերտողն Աստված է, բայց ահա անառիկ պահողը՝ մարդը: Այս ամրոցը հնարավոր չէ տալ միայն մի դեպքում՝ եթե այստեղ ապրում են այստեղի տերերը, ում համար սա հայրենիք է, պապերի հիշատակ, ազգային-մշակութային արժանապատվության հարց: Այս ամրոցն այդպիսին չէր ազերիների համար, որոնք հանձնեցին այն ֆանտաստիկ հեշտությամբ, ապացուցելով, որ իրենք չեն իսկական տերերը:

Սակայն այսօր էլ մենք գրեթե ոչինչ չենք անում, որպեսզի այստեղ ապրեն տերերը, ավելին՝ ֆեոդալական մեր մոտեցմամբ մենք, կամա թե ակամա, այնպես ենք անում, որ այստեղ ճորտեր ապրեն: Ովքեր չեն ուզում այդպես ապրել՝ հեռանում են: Արդյունքում մենք մեր իսկ ձեռքով սասանում ենք մեր իսկ անվտանգությունը, մենք մեր իսկ խելքով առիկ ենք դարձնում այս անառիկ ամրոցը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

  

hամահայկական 

ԱՐՑԱԽԻՑ ԵՎ ՈՉ ՈՔ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵԿԱՎ...

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՈՂՋՈՒՅՆ               

Սիրելի Գեղամ:

Երկար ժամանակ է, որ ցանկանում էի «Դեմո»-ին ու նրա ընթերցողին գրել, սակայն այդ անել միայն հիմա ինձ համար շատ անսովոր ժամանակների «արտակարգ իրավիճակում» ստացվեց: Մարտի 1-ից գտնվում եմ հայկական ազատագրված տարածքներում եւ, ի տարբերություն Հայաստանի բանտերում լցված անմեղ հայորդիների, այստեղ կարողանում եմ գոնե շնչել ազատության մաքրամաքուր օդը: Եվ հայրենի օդը ամեն անգամ թոքերս լցնելիս, նրանց` բանտարկված եղբայրներիս բաժին ազատությունն անարժանորեն վայելելու փաստն ինձ հանգիստ չի տալիս ու այդ պատճառով էլ մշտապես անհարմարության զգացումներ եմ ունենում: Հետո, ենթարկվելով ճակատագրիս, ինքս ինձ մխիթարում, թե իբր ազատությունը նրանց տեղն էլ եմ շնչում, նույնիսկ հենց նրանց համար, ովքեր այսօր կարոտ են դրան:

Ուղիղ 15 տարի առաջ այս օրերին իբրեւ սփյուռքահայ կամավոր՝ այժմ գտնվածս տարածքի ազատագրմանն էի մասնակցել, հիմա թեկուզ ստիպողաբար, բայց, այնուամենայնիվ, հենց այստեղ հայտնվելս ինձ թվում է նախախնամության նշան է կենսագրությանս համար: Երբեմն ինքս ինձ մտածում եմ թե՝ «տես ճակատագրի ինձ պարգեւածին, ժամանակին ես էի մեր բռնազավթած տարածքների ազատության համար մարտնչում, հիմա իր հերթին դա է ինձ ազատություն շնորհում»:        

Ինչ որ է, թերթի միջոցով ուզում եմ այսօր դիմել արցախցի եղբայրներիս:

ՍԱՐԳԻՍ

  Սիրելի արցախցի եղբայրս:

2008թ. մարտ ամսին իմ Ֆրանսիայից մշտապես Հայաստան տեղափոխման 18 տարին լրացավ: Այս տարիների՝ 1991-1995 թթ., ինձ համար լավագույն ժամանակահատվածը ապրել եմ Արցախ աշխարհում եւ դրանից հետո էլ՝ մինչեւ 2002թ., իմ հայրենակիցների հետպատերազմյան ծանր վիճակից դուրս գալու՝ դեպի բնականոն կյանք վերադարձին ծառայելու նպատակն իրողություն դարձնելուն ուղղված իմ համեստ կարողություններից շատ ավելին փորձել եմ անել: Մի խոսքով՝ ինձ հավերժ հպարտություն շնորհած Արցախի հերոս ժողովրդի հանդեպ ես իմ բաժին պարտքը վճարել եմ ճիշտ ժամանակին, երբ նա դրա կարիքը շատ էր զգում եւ այս առումով միտք ու խիղճս հանգիստ է:

Արցախում ապրած տարիներին տեղաբնակ հայրենակիցներս ինձ «Ֆրանսիայի Սարգիս» էին կոչում, իսկ Հայաստանում՝ «Ղարաբաղի Սարգիս»: Առաջինը իմ քաղաքացիությունն էր մատնանշում, երկրորդը՝ ազգությունս: Հենց այստեղ, մեր այս փոքր աշխարհում ինձ պարգևվեց «իմաստալից ապրելու» վեհագույն գաղափարն իրագործելու դաշտը, ինչի համար Արցախին ու սեփական ճակատագրիս շնորհակալ եմ:

Հաստատվելով Երեւանում՝ ամուսնացա տեղաբնիկ հայուհու հետ, ունեցա աղջիկ եւ տղա. երկու հրաշք երեխաներ ու, ապրելով շատ սովորական կյանքով, բավարարվեցի համեստագույն պայմաններում ընտանեկան առօրյային նվիրվելու՝ հավանաբար բառերով անբացատրելի մեծագույն հաճույքով: Կենսագրությանս արցախյան հպարտ էջերին եկավ հաջորդելու ավելի լուրջ եւ պատասխանատու ժամանակահատված՝ լծվել ապագա երկու ՀՀ քաղաքացի մեծացնելու նվիրյալ գործին: Գիտակցելով, որ քաղաքացին կարող է ձեւավորվել միայն իր կոչմանը համապատասխանող պայմանների առկայության դեպքում, այսինքն՝ քաղաքացիական հասարակության համակարգում, ուստի եւ բոլոր այս տարիներին բացարձակապես փորձել եմ դրա ստեղծմանն ուղղված հասարակական գործունեությամբ զբաղվել: Հաճախ ելույթներով հանդես եմ եկել Հայաստանի գրեթե բոլոր հեռուստա-ռադիոալիքներով, նաեւ հայրենի տպագիր մամուլի տարբեր ներկայացուցիչների՝ ինձ ընծայած հնարավորության շնորհիվ կարողացել եմ սեփական աշխարհայացքիս պատկանող գաղափարները հանրության դատին հասցնելու միջոցով հրապարակախոսական համեստագույն աշխատանք իրականացնել:

Այդ անելիս եղել եմ ազնիվ, անկեղծ ու անկաշկանդ եւ դրա արդյունքում արժանացել հասարակության դրական կարծիքն արտահայտող ժողովրդական վստահության փաստորեն ամենանշանակալից գնահատականին` «այդ տղան ինչ էլ որ ասում է՝՝ դյուզ է ասում»:

Ճշմարտախոսությունը, ժողովրդական լեզվով ասած «դյուզն ասել ու խոսելը» այսօր մեր ապրած իրականության մեջ շատ անտեղի իբրեւ «քաջության- խիզախության» դրսևորում է ընկալվում, «հպարտ կեցվածքի-ըմբոստանալու» հետ է նույնացվում: Կարող է եւ Ստալին տեսած խորհրդային կարգերի ժառանգորդը հանդիսացող homo sovieticus-ի մտածելակերպում այդքան էլ անտեղի չլինել վերոնշյալ բնորոշումները, բայց Ֆրանսիայից եկած իմ նմաններն ազատ մտածելու եւ գործելու ավանդույթների ծնունդ են, որտեղ միայն «դյուզ խոսքն էշին ասելու» վատ սովորությունը չի գործում:

Ինչեւէ, վերջին տաս տարիներին, իմ հայաստանյան կյանքում տեղի ունեցած ամենավատ իրադարձությունը Արցախյան շարժման շնորհիվ գոյություն ունեցող եւ ըստ իս մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը հանդիսացող ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ սպառնացող «հայաստանցի-ղարաբաղցի» ազգի բաժանման նպաստող արտահայտության ի հայտ գալն ու տարի առ տարի արդեն բոլորի մոտ հիմնովին հաստատվող բացասական երեւույթ դառնալու փաստն էր: Հավատա ինձ, որ ուրիշ եւ ոչ մեկ երեւույթից այդքան չեմ վիրավորվել, որքան բոլորի բերանի ծամոն դարձած, ամբողջ Հայաստանով մեկ ամենուր ատելությամբ՝ համարյա թշնամաբար արտահայտվող այս անհավատալի, տխուր փաստի իրողությունից: Եւ ամեն ոք գիտի, թե ինչպես ափերից դուրս գալով, ուժերիցս ավելին օգտագործելով, փորձել եմ անարդար, անհարկի վիրավորանքների ենթարկվող, Լինչի դատաստանին արժանացող անմեղ "ղարաբաղցի"-ներին պաշտպանել:

Ինձ էլ հաճախ կեսկատակ «դե, դու էլ արդեն կես ախպար - կես ղարաբաղցի ես» ասում էին, իսկ ես նման ձեւի արտահայտվող անհույս մոլորյալներին «եթե դուք մի երկու հոգու պատճառով Արցախի ամբողջ բնիկ ժողովրդին անպատվելու ազգակործան հետեւանքները չեք գիտակցում, ուրեմն ինձ այլեւս ձեր հայրենակից եղբայրը մի համարեք»՝ պատասխանում էի: Երեւույթը համատարած էր, դեմն առնելը՝ գրեթե անհնար: Անզորությունից խեղճանում, անելանելի թվացող իրավիճակի ողջ ծանրության տակ ճզմվում էի: Սակայն այս ամբողջի հիմքում եղածը հենց այն էր, ինչին ժողովուրդը «առանց կրակ ծուխ չի լինում» էր ասում՝ առերեւույթ հետեւանքը, բնականաբար, պատճառներ ուներ:

ՀՀ պետական պաշտոնական ատյաններում Արցախից բերված մարդկանց հայտնվելը եւ կարճ ժամանակ անց այս դատապարտելի երեւույթը արդեն համատարած, երկրի ամենաբարձր իշխանավորի կողմից հովանավորվող քաղաքականություն դարձնելու անհերքելի փաստը, ծայրաստիճան աղքատության պայմաններում ապրող, սոցիալական հազար ու մեկ անլուծելի խնդրի հետ դեմ հանդիման գտնվող ժողովրդի մոտ խնդրո առարկայի սերմանման համար սկզբում աննկատ, բայց հետո մեծ արագությամբ զարգացող «ատելության» համար պարարտ հող ու հարմար միջավայր ստեղծեցին:

Մինչեւ ինձ՝ Արցախից ծանոթ երկու հոգու պատահաբար իրավապահ համակարգում հանդիպելուս զարմանալի պահը, ես էլ այս առթիվ լսածներս դեռ ամենասկզբից պարզ բամբասանք, անհիմն «ասեկոսեներ» էի համարում: Իսկ իմ արցախցի ծանոթներս ԼՂՀ-ում մի գործարանի պահակախմբում էին աշխատում եւ ընդհանրապես բարձրագույն կրթություն, իսկ մասնավորապես իրավաբանական կրթությունն ի՞նչ է՝ չգիտեին նույնիսկ: Ծանոթներս «Դե մեզ, քո մոտիկ… զամմինիստրի խոխան ա պիրալ ու գործի տեղավորալ, լի...»-ասելով՝ փորձում էին մի կերպ արդարանալ:

Նմանատիպ առիթների պատճառով զարմանքս գնալով շատացավ եւ մի քանի տարիների ընթացքում Արցախից ինձ ծանոթ մարդկանցից տեղում անտառտնտեսության աշխատողին ՀՀ-ում մաքսավոր, ԼՂՀ ՊԲ նախկին զինվորականին՝ Ազգային անվտանգության համակարգում վարչության պետ, ԼՂՀ ՊԲ սահմանապահ զորքերի սպային՝ զինկոմիսար, հիվանդանոցի գլխավորի կես դրույքով հիվանդապահուհի-սիրածին՝ լուրջ բուժհիմնարկում տնօրենի տեղակալ, կոմբայնավարին՝ հարկային տեսուչ, գյուղատնտեսին՝ «Լինսի հիմնադրամ»-ում շինարարության գծով բարձր պաշտոնյա, ԼՂՀ անվտանգության խորհրդի նախկին անդամին՝ երեւանյան բացօթյա շուկայի տեր, նախկին արտգործնախարարին՝ հիմնադրամի տնօրեն, էլի մի այլ նախկին արտգործնախարարին էլ հենց վերջերս ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ  նախկին նախարարին՝ փոխնախարար, փոխնախարարին՝ տնտեսվարող սուբյեկտի տնօրենի տեղակալ, շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալին էլ՝ երթուղային գծի տեր, ԼՂՀ տեխնիկումներից մեկում փականագործի մասնագիտություն ձեռք բերածին՝ անսլուխ երգիչ ու դեռ տասնյակ ուրիշ այսօրինակ «յուղոտ-փողոտ» պետական պաշտոններում հանգրվանած նախկին արցախցի հայրենակիցներիս այսպես պարաշուտիստի կարգավիճակում հանդիպելու դժբախտությանն արժանացա:

Իսկ ես այս ընթացքում, արցախցի մտավորական մի ընկերոջս աշխատանք փնտրող հարազատ քրոջը որեւէ կերպ օգնել չկարողացա (քույրը տարիներ Ռուսաստանում ապրելուց հետո հանգամանքների բերումով եւ հարգելի պատճառներով Երեւանում էր հայտնվել, ուներ բարձրագույն կրթություն): Միայն Աստված գիտի, թե այդ պատճառով ինչքան ծանոթ ու անծանոթի դուռ եմ թակել, նույնիսկ իմ պատկերացմամբ ընդամենը մարդու տնազ հանդիսացող անարժան երկոտանիներին դիմելով՝ բերան ծռել, բայց՝ ապարդյուն:  Այն էլ այն դեպքում, երբ երկրի նախագահից սկսած, վարչապետն ու բազմաթիվ նախարարներ պատահաբար ինձ հանդիպելիս միայն «Դուք»-ով էին դիմում եւ իբրեւ մտերմության նշան՝ ջերմորեն ուսս թփթփացնում: Ինչեւէ, կյանքը մարդուս պարտադրում է հաշտվել անհերքելի իրականության հետ, Աստվածաշնչում իզուր նշված չէ. «Նմանն զնմանին գտանե»: 

Հայաստանում կաշառատու-կաշառառու փոխհարաբերությունների կեղտոտ համակարգում բարձր համբավ ունեցող մի քանի պետական կառույցներում կաշառակեր աշխատելու մարմաջով, հող ու հայրենիք լքելով՝ բազմաչարչար Արցախ աշխարհից ընդմիշտ հեռացող դասալիքների շարքերը տարիներ շարունակ խտանում, ի տես բոլորի՝ վերոհիշյալ զնմաններով էր համալրվում:

Եթե Արցախը Բաքվի դավադիր ծրագրերով հայաթափ անել փորձեին՝ ես գուցե կհասկանայի պատերազմական իրավիճակում թշնամուց սպասվելիք նման քայլի տրամաբանությունը, բայց որ Երեւանն էր այս դեպքում Արցախն իր բնիկներից դատարկողը, սա, անկեղծորեն խոստովանեմ, այդպես էլ ինձ համար մինչ օրս անհասկանալի մնաց: Ինձ անհանգստացնող տարակուսանքով շվարած, այս անտրամաբանական-անընդունելի երեւույթը շարունակ եւ հրապարակայնորեն դատապարտելուց բացի, ընդունում եմ ցավով, որ չկարողացա այլ բան անելու ընդունակ լինել: Երեւույթը պարտության մատնեց մեզ` բոլորիս ու դրա կանխարգելման, վարակիչ վիրուսի դեմ պայքարելուց անզոր գտնվելուս համար մեղավոր եմ նաեւ ես` նախկին սփյուռքահայ-արցախցիս: Հենց այս մեղքիս համար ես ինձ ցկյանս չեմ ներելու երբեք:

Սակայն բնության մեջ ոչ մի բան հենց այնպես չի լինում, ամեն ինչ ունի պատճառ եւ դրանից բխող հետեւանքներ: Այս ահասարսուռ երեւույթի հիմնական պատճառը, գլխավոր մեղավորն ու պատասխանատուները ՀՀ ղեկավար «ղարաբաղյան դուետն» է անշուշտ: Այսինքն՝ ընդամենը տաս տարում նրանք կարողացան ամբողջ ազգին պառակտման եզրին հասցնել եւ Հայաստանում ազգակործան ատելության միջավայր ստեղծել: Սա ինձ համար մինչեւ վերջերս սոսկ սեփական կարծիք էր դեռեւս, սակայն 2008թ. մարտի 1-ից դարձավ անքննելի համոզմունք այլեւս: Հասկանալի դարձնելու համար ասածներս դրանք հիմնավորեմ այժմ, փորձեմ մի կերպ բացատրել անբացատրելին:

Թեկուզ 18 տարուց ավել ապրում եմ Հայաստանում, այնուամենայնիվ՝ հանդիսանում եմ Ֆրանսիայի քաղաքացի, ուստի եւ ՀՀ բարձրագույն օրենքի՝ Սահմանադրությամբ նախատեսված՝ երկրում իշխանություն ձեւավորելու դրույթների զույգ հոդվածներից օգտվել չեմ կարող: Այսինքն՝ ես, բնականաբար, ՀՀ-ում ընտրելու եւ ընտրվելու իրավունք չունեմ: Ելնելով իմ չունեցած զույգ իրավունքների փաստացի առկայությունից էլ, իբրեւ օրինապաշտ հայորդի՝ ՀՀ-ում 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին նախորդած ժամանակաշրջանում առկա ուժերի միջեւ անհավասար պայմաններում տեղի ունեցող, ոչ բարեկիրթ, բռնություն եւ սադրանքներով լի, բայց չգիտեմ ու՞մ աչքին թոզ փչելու համար իբրեւ քարոզարշավ կոչված անհեթեթ խայտառակություններին բարեբախտաբար երբեք չեմ մասնակցել:

 Սակայն, ինչ մեղքս թաքցնեմ, ընտրություններից առաջ ընդամենը երկու անգամ՝ «Առավոտ» օրաթերթում եւ «168 Ժամ» եռօրյայում հեղինակած զույգ հոդվածներում բացահայտ իմ կարծիքն եմ հայտնել եւ քարոզել եվրոպական արժեքային համակարգի ամենամեծ ձեռքբերման՝ ժողովրդավարության օգտին: Այդտեղ հայտնել եմ արդեն 21-րդ դար թեւակոխած Հայաստան պետությունում այս անգամ գոնե, իմ քաղաքացին հանդիսացած Ֆրանսիայի նման ընտրություններ անցկացնելու հանդեպ ներքուստ փայփայածս հույսն ու հավատքը, շեշտելով դրա անհրաժեշտությունը:

Լավատեսությունս չարդարացավ ափսոս եւ ես փետրվարի 20-ին հեռուստատեսության հաղորդած ակնհայտ սուտի, կեղծիքի եւ խաբեության դեմ մարդկային բողոքս արտահայտելու, անարդարության հանդեպ դիրքորոշումս ցույց տալու, իմ ընտանիքի երկու փոքր երեխաների ապագա ճակատագրով մտահոգված լինելու եւ, վերջապես, Հայաստանում «քաղաքացիական հասարակարգ» ստեղծել ցանկացող անձիս երազանքների վեհության հանդեպ ունեցած հարգանքը պահպանելու համար, հենց նույն օրը տնից դուրս եմ եկել ու… մինչայսօր չեմ վերադարձել:

Այո, կարող է ձեզ համար զարմանալի է, բայց գրածներս իրողություն է՝ հավատացեք: Մի քիչ էլ չարաշահելով ձեր համբերությունը, փորձեմ ամփոփ շարադրել այս ընթացքում անձնապես ինձ հետ տեղի ունեցածը, ավարտին հասցնելով սույն ոդիսականը վերջապես:

Փետրվարի 21-ից մինչեւ մարտի 1-ի առավոտյան մշտապես գտնվել եմ Երեւանի Ազատության հրապարակում, շուրջօրյա ապրել եմ իմ վրանի մեջ, մինչեւ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի խնդրանքով այն դադարեցնելու պահը՝ չորս օր հացադուլ եմ արել: Տասը օր շարունակ նույն վայրում եւ նույն պայմաններում ապրող ինձ նման հարյուր հազարներից շարքային մեկն էլ ես եմ եղել, եւ ընդամենը՝ այսքան բան: Այդ անմոռանալի օրերին, շատ հաճախ՝ օրը մի քանի անգամ, հարթակից բարձրախոսով ելույթ եմ ունեցել եւ քաղաքացիական հասարակության նվաճման միտված՝ բոլորիս աչքի առաջ դեռեւս իր առաջին քայլերն անող համաժողովրդական շարժման ծնունդը կարեւորել ճիշտ այդքան, ինչքան որ ինձ համար ազգիս առաջնային ու ամենակարեւոր խնդիրը հանդիսացող Արցախյան արդար դատը:

Նույն հրապարակում ականատես եմ եղել եւ հերթական տհաճությամբ ունկնդրել ինձ համար անընդունելի "հայաստանցի-ղարաբաղցի" դիլեմայի նորանոր դրսեւորումների կիզակետում իբրեւ թիրախ հայտնված մեր արցախցի հայրենակիցներին մատնացույց անող, անանուն եւ անհասցե հնչեցված ծայրաստիճան վիրավորական, շատ-շատերիս մոտ սրտխառնուք առաջացնող նենգաբարո արտահայտությունները (որպիսի տմարդություն թույլ տվողներից ինձ շատ մտերիմ մի ծանոթիս նույնիսկ չխնայելով), հրապարակավ դատապարտել եմ, թեկուզ եւ այդպես մտածելով հանդերձ՝ երբեք այդ առթիվ բարձրաձայն չարտահայտվողներին նույնիսկ արժանացրել բացահայտ պարսավանքի: Հավատացնում եմ ձեզ, որ Ազատության հրապարակում ներկա գրեթե կես միլիոնի հասնող մեր հարյուր հազարավոր հայրենակիցները, բարեբախտաբար, նման ոճով նույն ազգի զավակների միջեւ «եղբայրություն-միասնություն» քարոզող գաղափարներն էին ընկալում, այդ առթիվ արտահայտված խոսքերին երկար ծափողջույններով եւ հաճախ «մի-ա-ցում» վանկարկելով էլ իրենց համաձայնությունը հայտնում:

Արդարեւ, ահավասիկ այսպիսին է իրականությունը, բայց… Այո, իսկապես կա մի բայց, որ ինձ հենց այդ հրապարակի հարթակում եւ ի տես բոլորի ծնկաչոք էր արել: Ես իմ ամենասկզբնական ելույթներից մեկի ժամանակ ասել էի. «Այո, ես հավատում եմ, որ ինչպես եւ եղել է 20 տարի առաջ՝ ոտքով, հիմա եւս Արցախից մեր հայրենակիցներից ամենաազնիվները ելնելու են ու գան հասնեն այստեղ եւ հենց այս հարթակից իրենց քաղցր բարբառով ձայնակցելով մեզ՝ փաստելու են ազգի միասնական ոգու առկայությունը», ավելացնելով, որ այդ հույսով էլ ամեն րոպե ապրում եմ:

Բայց, այո… իրոք որ, բառիս հենց բուն իմաստով, բայց Արցախից եւ ոչ ոք այդպես էլ չեկավ: Ամեն օր  վրանիս մոտ ինձ հանդիպող տասնյակ հայրենակիցներ իրենց «դե, շատ մի տխրիր, Սարգիս ջան, իզուր ես սպասում, այդ քո արցախցիներդ երբեք չեն գա»-ներով ինձ հուսահատեցնում, վհատում էին անվերջ: Ամբողջ տաս օրեր սպասեցի, որ գոնե մի հատ արցախցի կգա, հարթակ կբարձրանա եւ կասի՝ «վերջ տվեք մութ սենյակում չեղած կատուն փնտրելուն, եղբայր ենք մենք»: Ավաղ, երազանքս չիրականացավ: Անուժ, անօգնական, անհույս արդեն հազար անգամ զղջում էի բարձրաձայն արտահայտած մտքերիս համար, հերոս Արցախի իրական հպարտ զավակների կողմից հայոց մայրաքաղաքի ժամանակին հենց արցախահայության ազատություն պարգեւելու սկզբնաքարը հանդիսացող հրապարակում ինձ լքված զգալով, ինքս ինձնից ամաչում, նույնատիպ հարցումների տեղատարափից խույս տալու համար էլ փորձում էի վրանիցս դուրս չգալ:

Ժողովրդական առածն ասում է. «Խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում»: Պատկերացրեք, որ ինձ հետ այդօրինակ մի բան տեղի ունեցավ: Իրոք, հոգեպես ծանր այդ ապրումների ընթացքում բոլորովին պատահաբար վրանիս մոտ հայտնվեց իմ 16 տարուց ավելի ժամանակ ճանաչածս, շատ երկար տարիներ ԼՂՀ ՊԲ թիկունքային ծառայող հանդիսացող, Արցախի Մարտունու շրջանից ինձ մոտիկ մի ծանոթս, ում բացատրելով իրավիճակի լրջությունը, անձնական մտահոգությունս հայտնեցի եւ խնդրեցի իրեն հենց այդ պահին՝ ձեռք-ձեռքի միասնաբար բարձրանալ հարթակ, որպեսզի նա իր հայրենի բարբառով "ազգի միասնության մասին" մի երկու խոսք ասի: Նույն պահին իմ խեղճ բարեկամս "հայաստանցի-ղարաբաղցի" ցավոտ թեմայով գրված իր հոդվածը տպագրած «168 Ժամ» թերթն ինձ մեկնելով ասաց. «Չէ, Սարգիս ջան, ես վախի պատճառով նույնիսկ այս հոդվածն եմ ծածկանունով ստորագրել, խնդրանքդ կատարել չեմ կարող»: Դա իմ վերջին հույսն էր, որ …:

Հետո իր հեղինակած հոդվածն ընթերցելով՝ հասկացա, որ բնիկ արցախցի ծանոթիս վախը հենց իր հայրենակից «ղարաբաղյան զույգից» էր գալիս, բարեկամս չէր ուզում, որ նրանք հանկարծ իմանան, թե ինքն իրականում ինչպես է մտածում: Նա իր հայրենակիցների իշխանության օրոք Հայաստանում իբր թե հրապարակավ հանդես էր գալիս, թերթում հոդված տպագրում, բայց իրականում թաքնվում հորինված մի կեղծանվան ետեւում: Այս ի՞նչ ողբերգություն էր, Աստված իմ, այս ի՞նչ խեղճություն: Հազար ամոթ նմանօրինակ հոգով թույլերին խեղճացնող՝ իրականում նրանցից շատ ավելի խեղճերին եւ հազար ափսոս իրենց ստեղծած ողբերգական այս նողկալի միջավայրը վայելող անասնական գոյություն քարշ տվողներին: Ախր չէ՞ որ երբ պետք էր՝ Հայաստանի ու Սփյուռքի լավագույն զավակները Արցախին թեւ ու թիկունք էին եղել, բայց հիմա մեր ապրած այս ծանր ժամանակներում Արցախի լավագույն զավակները զլացան իրենց ներկայությամբ պատվել մեզ՝ Ազատության հրապարակ եկածներիս:

Եղելության առթիվ ընդհանուր միտք արտահայտելս կարող է եւ ճիշտ չհասկացվել, բայց խոսքս գոնե հատկապես ինձ մոտիկից ճանաչող բոլոր արցախցի քույրերիս ու եղբայրներիս ուղղելով, ասում եմ, որ տողերիս հեղինակ, իր ծննդավայրը այժմ թուրքի զավթած Կիլիկիայի բնիկ հայազգի Գեւորգի որդի Սարգիս Հացպանեանը, երբ դուք դրա կարիքն շատ ունեիք պատերազմի տարիներին, Ֆրանսիայից Արցախ հասնելով՝ ձեզ հետ ճակատագիր ու բախտ կիսեց: Նա իր կյանքում առաջին անգամ, օրուգիշեր մոտ կես միլիոն հայորդու մեջ լինելով հանդերձ, գեթ մեկ անգամ, այդ էլ՝ խաղաղ պայմաններում, ձեր՝ արցախցի հայրենակիցների ներկայության կարիքն զգաց, բայց ճաշակեց ձեր բացակայության դառնությունը: Խնդրում եմ սա ընդունել իբրեւ ափսոսանքի մարդկայնորեն եւ վերին անկեղծությամբ արտահայտված խոսքեր, որոնք հասցեաուղղված են այդ գիտակցողներին միայն: Նրանք, համոզված եմ, շատ լավ պիտի հասկանան իմ՝ վիրավորված հայ մարդուս, սրտի խորքից եկած ցավն ու եղբայրաբար արտահայտած ցասումը: Այսքանը միայն:

Վերադառնալով Երեւանի Ազատության հրապարակ, ցանկանում եմ իմ այդտեղ համառորեն մնալու հիմնական մի պատճառ եւս բացահայտել: Սրանից ընդամենը մի քանի ամիս առաջ, իմ՝ իր լույս աշխարհ եկած օրվանից մշտական ընթերցողը հանդիսացած սիրելի «Դեմո» երկշաբաթաթերթի առաջնորդող հոդվածը մեծատառերով վերնագրված էր «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԽՓԵՆ, ՔԱՆ ԽԱԲԵՆ»: Խոստովանեմ, որ ոչ միայն արտահայտված վերոնշյալը, այլ թերթի ամբողջ առաջին էջում տպված հոդվածը ինձ համար այնքան հոգեհարազատ մտքեր էր պարունակում, որ կարող էի այդտեղ արտահայտված ամեն մի նախադասության տակ անձամբ ստորագրել: Ավելին, ինչ աստիճանի հոգեհարազատ, որ այժմ իմ գտնված ազատագրված տարածքներում՝ սարի գլխին մի վրանի տակ ապրելով հանդերձ, եթե ձեռքիս թուղթ ու գրիչ հայտնվեր, կարող էի այդտեղ արտահայտված միտքը, ծայրից ծայր իմ բառերով վերաշարադրել նույնիսկ:

Ուրեմն, Ազատության հրապարակում գրեթե ամեն օր ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները մոտենալով ինձ, փորձում էին հորդորել այդտեղից հեռանալ: Տեսնելով, որ բոլորովին չեմ պատրաստվում իրենց բարեկամական խորհուրդներին հետեւել, այս անգամ էլ, իբր վախեցնելու համար, խոստովանեցին, որ իրենց համակարգում հրապարակի վրա ամեն պահ զինված հարձակում իրագործելու մշակված ծրագիր կա, եւ ես կարող է պարզապես սապոգների տակն ընկնելով՝ ընդմիշտ մյուս աշխարհ գնամ:

«Ոչինչ,- պատասխանում էի ես,- դա միայն թուրքերին կուրախացնի, եւ եթե դահիճիս ինքնությունը ճշգրիտ իմանալու լինեն, չկասկածես, որ կպարգեւատրեն էլ»  ու հավելեցի, քանի որ «որտեղ իմ ժողովուրդը, այդտեղ էլ՝ ես» մտածում էի, ինչպես ժամանակին Արցախում, հիմա էլ Հայաստանի մայրաքաղաքում էր խրամատը փորված: Ինձ նման կամավորի համար, ի վերջո, ի՞նչ տարբերություն, երբ միտքդ ու սիրտդ մաքուր է եւ խիղճդ հանգիստ ես քնում ամեն գիշեր: Հետո, ավելի լավ չէ՞ քեզ խփեն, քան խաբեն: Անձամբ ես Ազատության հրապարակում էի գտնվում աննկարագրելի մի մեծ խաբեության դեմն առնելու համար եւ պատրաստ էի, որ դրա համար ինձ խփեն:

Չնայած նստացույց-հանրահավաքի բոլոր մասնակիցներով մենք խաղաղ էինք մեր լեռների պես, սակայն 2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում մեզ այլազգի թշնամու տեղ դնող բարբարոսներն որեւէ դիմադրություն իսկ ցույց տալուց զուրկ ինձ նման հազարներով հայերին իրենց վրանների մեջ քնած վիճակում հարձակվելու ստորությունն ունեցան: Չնայած մենք հպարտ էինք մեր լեռների պես, բայց նախընտրեցինք մեր մոլորյալ «իրավապահ» հայրենակիցների տմարդի ծեծ ու ջարդերին որեւէ դիմադրություն ցույց չտալ հանկարծ եւ մեծն Մահաթմա Գանդու փիլիսոփայությամբ բռնությունից զերծ մնացինք մեր անձնազոհության գնով՝ բերանքսիվայր գետնին բրվելով, հարվածները կամովին մեզ վրա վերցրինք:

Բայց... Այո, այստեղ եւս կա մի «բայց», որի բացատրությունը շատ ավելի վիրավորական է, քան մինչեւ այս իմ գրած յուրաքանչյուր բառ ու բան, միտք ու գաղափար: Երեւույթը հիշատակածս օրվա առավոտյան կանուխ համատարած բնույթ կրելով հանդերձ, ես բերում եմ ինձ հետ կատարվածի օրինակը միայն, նախազգուշացնելով ձեզ դրա ահասարսուռ բնույթի առթիվ, ներքոհիշյալ անմարդկային տեսարաններին ձեզ եւս մասնակից դարձնելու համար էլ բոլորից նախօրոք ներողություն եմ խնդրում:

«Ռազմադաշտ հիշեցնող իրավիճակում, ցուցարարների մեծամասնությունը գետնին բրված, աչքերը փակ, եթե ֆիզիկապես դեռ կարողանում էին շարժվել, ապա փորձում էին ձեռքերով մի կերպ իրենց գլուխն ու երեսը պաշտպանել:

Ոստիկանները բարբարոսաբար խփում, 5-6 հոգով մի մարդու վրա հարձակվում, անմարդկային անխղճությամբ հարվածում, սպանելու աստիճան խփում էին: Այդ ընթացքում հեռվից, խզված, խռպոտ գոռալ փորձող տղամարդու ձայն լսեցինք. "Մի խփիր, ախպերս, այդ կինը հղի է": Քիչ անց նույն ձայնը անասնական վայրագ ճիչի էր վերածվել արդեն. "մի խփիր, անաստված, դու հայ չե՞ս, քույրիկը հղի է՝ ասում եմ": Ես՝ զգետնված, փորիս վրա շրջվել փորձեցի, ուղղվելով շուրջբոլորս նայել ուզեցի, բայց չկարողացա: Քանի որ մարմնիս տարբեր տեղերում մեջքի կամ փորի վրա ընկած առնվազն երեք-չորս մարդ կլիներ: Նրանք, մեզ վրա հարձակման ամենասկզբում, ինձ պաշտպանելու նպատակով անմիջապես վրանիս մոտ վազող, անձնազոհ, մաքրամաքուր հոգիների տեր տղերքը պիտի լինեին հաստատ՝ Գեւորգ, Աշոտ, Գոռ, Արմեն, Հմայակ, Վարդան, Գնել ու Լյովա: Հենց նրանք էին, որ արցախյան բարբառով ինձ մայր ու քույր հայհոյելով  հարձակվող հրոսակների առաջ պատ կազմելով՝ կանգնում, մեկը մյուսի հետեվից մահակների տեղատարափ հարվածների պատճառով արյան մեջ գետնին ընկնելով հանդերձ, իրենց կյանքի գնով նույնիսկ այդ վիճակում ամեն ինչ անում էին ինձ փրկելու համար: Իսկ ես՝ արնաշաղախ, անշարժ, գետնին բրված, մարդու համար անդիմանալի հուժկու հարվածների տեղատարափին արժանացողս, այդքան ցավ չէի զգում, ինչքան դահիճներիս բերանով ինձ շատ հոգեհարազատ արցախյան բարբառը լսելիս: Եվ նրանց արտաբերած ամեն մի բառից հետո ցնցվում, մարմնովս մեկ դողում, անկախ ինձնից արցախյան իմ երանելի տարիները վերհիշելով, ջղայնությունից հեծկլտալով՝ երեխայի նման լաց էի լինում»£

Ինձ թվում է՝ այսքանով պետք է բավարարվեմ: Սիրտս ավելին գրել չի տանում:

2008թ. փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում անցկացրած անմոռանալի հրաշք օրերի մասին գրառումներս, ըստ իս, այժմ հրապարակման ենթակա չեն: Ուստի «օրը կգա, բարին հետը» ժամանակներում դրանք միասնաբար, խոստանում եմ, կըմբոշխնենք:

Հարգանքներով՝   Սարգիս ՀԱՑՊԱՆԵԱՆ

 

 մենք 

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ  ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈՒՆ

 Արծրուն Պետանյանը ծնվել է 1958թ. Ալավերդի քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1992 թվականից հանրապետական մամուլում հանդես է եկել քաղաքական մեկնաբանություններով, 1993-1996թթ. եղել է «Հայք» թերթի գլխավոր խմբագիրը, 1997թ.՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի քաղաքական մեկնաբանը: Վարել է «Ար» հեռուստաընկերության «Հետագիծ»,  «Անթեղ», «Կամ-կամ», «Ճանապարհ»,  ինչպես նաև «Կենտրոն» հեռուստատեսության «Վերելք» քաղաքական հաղորդաշարերը: Տպագրել է «Խորհելու ժամանակը» քաղաքական վերլուծությունը,   «Հուլիոս Կեսար», «Ալեքսանդր՝ որդի Ամմոնի», «Կալիգուլա», «Այրվելու գնացողը» և «Մեգիրա» վեպերը:   «Կոնսերվատիվ հեղափոխությունը» լույս է տեսել 2007 թվականի աշնանը:

 «ԴԵՄՈ»-Ի ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի և հնարավոր ելքերի շուրջ բանավեճը շարունակվում և էական արդյունք չի տալիս: Սեփական երկրի առաջընթացն ապահովելու փոխարեն, որը նաև ազգային անվտանգության հարցը կլուծեր, քաղաքական իրադարձությունները եղած խնդիրները հարթելու փոխարեն նորերն են ստեղծում` պատճառ դառնալով ներհասարակական լարվածության մեծացման: Իսկ գուցե անկախության հռչակումով մենք քաղաքական համակարգի ոչ ճիշտ ընտրությո՞ւն ենք կատարել: Ներկայացնելով իրավիճակի բացատրության սեփական տարբերակը, ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում  ելքի ոչ ստանդարտ մի համակարգի ուրվագծի վրա:

Շնորհակալություն հայտնելով «Դեմո» թերթի խմբագրությանը «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքիս թերթային՝ հատուկ «Դեմո»-ի համար պատրաստված տարբերակի տպագրության համար, միաժամանակ ուրախ կլինեի տեղեկանալ ընթերցողի առաջարկներին ու դիտողություններին՝   միասնական ջանքերով համընդունելի ելքի տարբերակ գտնելու և մեր երկիրը հզորացնելու համար:                                                                                  

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

ՆԱԽԱԲԱՆ 

Անկախության առաջին տարիներին հայ ժողովուրդն ունեցավ էական ձեռքբերումներ, նույնիսկ այնպիսին, որը նախադեպ չէր ունեցել ավելի քան հազար տարի: Բայցևայնպես, երկրի ներքին կյանքի կարգավորվածությունը, մեղմ արտահայտված, անչափ հեռու է բավարար լինելուց: Կառավարությունների հայտարարած ծրագրերն այդպես էլ իրականություն չեն դառնում և չի երևում արդար, բարգավաճ և ժողովրդավարական երկիր կառուցելու սկիզբն անգամ: Ընդդիմության փորձերը` հասարակության ակտիվ հատվածին քաղաքական պայքարի մղելով երկրի զարգացումը փոխադրել ռացիոնալիզմի ռելսերի վրա, ոչ միայն արդյունք չեն տալիս, այլև շարունակական պարտությունների պատճառով հանգեցնում են հանրության խոր հուսալքության, ապատիայի, որն իր հերթին նպաստում է բացասական բնազդների հաղթարշավի կայացմանը:

Ինչու՞ է այսպես, մեր իշխանություններն ինչու՞ նման վարք ունեն, ի՞նչն է սխալ հաշվարկում ընդդիմությունը, ինչու՞ է ժողովուրդն անհավաքական: Սրանք հարցեր են, որոնց խորքային ու սպառիչ պատասխանները մեր քաղաքական միտքը զլանում է տալ: Մինչդեռ այդ հարցերի իրական պատասխանները չունենալով` անհնար է նախանշել իրավիճակից իրատեսական ելքի ուղին:

Սույն գրքում շոշափվում են բարձրացված հարցերի պատասխանները և ապա ներկայացվում է հնարավոր ելքի մի տարբերակ: 

ՀԱՐՑԱԴՐՈՒՄ 

Հայաստանում տեղի ունեցող սոցիալքաղաքական երևույթներին մեր քաղաքական միտքը տվել է մակերեսային մի պարզաբանում, որը թևածում է մամուլում և հանրային վայրերում արդեն 16 տարի` «երկրում տեղի ունեցող բոլոր արատավոր երևույթներն ու գործընթացները պայմանավորված են բացառապես իշխող /նախկինում` հհշական, ներկայում` կոալիցիոն) վարչախմբի գործունեությամբ»: 

Զանց առնելով այդ պարզաբանումը, ստորև  ներկայացվում է Հայաստանում տիրող իրավիճակի բացատրության մի մոդել, որը գնահատում է երկու կարևորագույն գործոնների բացասական ազդեցությունը մեզանում տեղի ունեցող հասարակական գործընթացների վրա՝

ա) ազգային գործոն. մեր իսկ պատմությամբ պայմանավորված բացասական դրսևորումների դերը հայ ժողովրդի վարքում,

  բ) անցումային փուլի գործոն. հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բարդությունները և դրանց բացասական ազդեցությունը հանրային կյանքի կարգավորման վրա:

Այս գործոնների հանրագումարային ազդեցությունը պարզելուց հետո կունենանք իրավիճակի ամբողջական բացատրությունը և այդ ժամանակ առավել քան ակնհայտ կդառնա, թե ինչ իրատեսական քայլեր է հարկավոր անել երկրում արմատական փոփոխությունների հասնելու համար: 

ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՆ Ո՞Վ  ԵՆՔ ԵՂԵԼ ՄԵՆՔ Ի ՍԿԶԲԱՆԵ

 «Այսպիսին եղել ենք, այսպիսին էլ կմնանք»,- հոռետեսական այս մտքին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Այն գերիշխող է քաղաքական քննարկումների, բանավեճերի ու կենցաղային զրույցների ժամանակ: Ու քանի դեռ այդպես ենք մտածում, ապա արմատական փոփոխության հույս անգամ լինել չի կարող: Այնպես որ, նախևառաջ հարկավոր է ջարդել կարծրացած, ամլության դրդող այդ տեսակետը£ Այո', մենք հիմա այսպիսին ենք, բայց բոլորովին ուրիշ տեսակ ենք եղել նախկինում: Մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր ու նաև աշխարհակալ: Ու սրանք վերամբարձ խոսքեր չեն ամենևին, այդպես մեր մասին արտահայտվել են մեր պատմության ընթացքում մեզ հետ շփված ժողովուրդները: Շումերական էպոսում հայերի երկիրը (մեր թվարկությունից մի քանի հազար տարի առաջ) անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, իսկ ըստ անգլիացի պատմագիր Ֆինլեյնի` «Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության»: «Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ»,- սա էլ Շապուհի խոսքն է:

Դարեր շարունակ հայերը եղել են տարածաշրջանի, ինչու՞ ոչ` նաև աշխարհի հզորների թվում: Արժանապատվորեն պաշտպանել են իրենց երկիրը, իսկ երբ նվաճումներ են իրականացրել, ապա այլոց նման ոչ թե ավեր են տարել այլ ժողովուրդներին, այլ երկիր կառավարելու արվեստ:

Ապացուցված է, որ արշավանքների և զինական տեղաշարժերի արդյունքում հայերը դարձել են նախահայրերը մի շարք, այդ թվում՝ նաև ներկայիս եվրոպական, ժողովուրդների: Բայց միայն ռազմարվեստում չէ, որ մեր նախնիները դրսևորել են իրենց գերազանցությունը: Նրանք դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում ստեղծել էին ոգեղեն արժեքներով ապրող հանրություն, որի մեջ ձևավորվել էին հասարակական երեք շերտեր՝ գերիշխող քրմական դասը, զինվորականները և ռամիկները: Քրմական դասը պատասխանատու էր երկրում տիրող ներքին իրավիճակի համար, իրականացնում էր արդարադատություն և, ի տարբերություն այլ ժողովուրդների, մեր պատմության այդ հատվածը «չի հիշում» սոցիալական պայքարի որևէ դեպք: (Հայության հերոսական հին շրջանի պատմությամբ հետաքրքրվողներին խորհուրդ է տրվում անպայման ծանոթանալ Ա. Վարպետյանի, Է. Խուրշուդյանի և այլոց գրքերին, որից հետո արմատապես կփոխվի սեփական ժողովրդի ու նրա պատմության և, որ ամենակարևորն է` նաև ապագայի  հանդեպ գոյություն ունեցող հոռետեսական վերաբերմունքը):

Մեր նախնիներն առաջիններից էին, որ համակարգված պատկերացումներ ունեին Տիեզերքի մասին, նրանք աշխարհին տվել  են մշակույթ, արհեստներ, հայտնագործություններ հողի, մետաղի մշակության և այլ ոլորտներում: Բերենք օտարների կողմից արձանագրված մի քանի օրինակներ: Գիտնական Յոզեֆ Ստրջիգվսկին իր «Հայ ճարտարապետությունը և Եվրոպան» աշխատության մեջ (1918թ.) հայ եկեղեցական ճարտարապետությունը համարել է մայրը, բուն իսկ նախատիպարը Պոլսի Սուրբ Սոֆիայի, ապա նաև՝ Աախենի, մինչև իսկ Քյոլնի հռչակավոր մայր տաճարների:  Նա գտնում էր, որ Եվրոպայի արվեստը Արևելքից և առաջին հերթին Հայաստանից է գալիս:

Գերմանացի Գերհարդ Քլինգեն դեռ հարյուր տարի առաջ է վկայել, որ հայերը հայտնագործել են թուլիում արծաթը, հայտնաբերել պողպատը,  աջակցել և կրթել իրենց շրջապատող հարևաններին:

Մեր կողմից ավելացնենք, որ այս ամենից բացի, հայերը 15-17-րդ դարերում, զրկված լինելով պետականությունից, հաջողեցրել են տիրել համաշխարհային ծովային առևտրին:

«Իսկ ի՞նչ կատարվեց մեզ հետ, որ կերպարանափոխվեցինք այսպես,- կհարցնի անշուշտ ընթերցողը:- Եվ ինչու՞, ի հակառակ մյուս ժողովուրդների, մեր պատմության երթը եղավ քաղաքակրթությունից դեպի քաոս»:

 ԳԱՀԱՎԻԺՈՒՄ 

Ինչպես  ասացինք, հնում հայերի մոտ ձևավորվել էին երեք հիմնական դասեր:    

Այնուհետև, արևելքում ռազմականացված պետությունների ի հայտ գալուն զուգընթաց, զինվորական դասը հետզհետե սկսեց միջամտել երկրի կառավարման գործերին, և ոգեղեն արժեքներ կրող քրմական դասն աստիճանաբար մեկուսացավ: Սեմական ժողովուրդների հետ շփումը զգալիորեն սասանեց առաջավորասիական տեղաբնակների արիական արժեքային համակարգը, ապա սկսվեց հելլենների ներխուժումը տարածաշրջան: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի ընթացքում ավերվեցին երկրի հարավում գտնվող մեր տաճարները, իսկ ոգեղեն արժեքներ կրող քրմական դասը հալածվեց: Հելլեններն իրենց հետ բերին նյութապաշտություն, պոռնկություն, արվամոլություն, վաշխառուություն՝ երևույթներ, որոնք մինչ այդ խորթ էին հայերին: Արձանագրվեց մեր պատմության մեջ ոգեղեն արժեքների առաջին ճգնաժամը, որն ավելի խորացավ մեր թվագրության առաջին-երկրորդ դարերում, երբ հռոմեական զորքերը ներխուժեցին Ասորիք՝ իրենց հետ բերելով նաև իրենց բարքերը (այդ շրջանում հին հռոմեական արժեքային համակարգը վաղուց արդեն ճգնաժամ էր ապրում):

Այդ նույն ժամանակ Հայաստանում և հարևան տարածքներում հայտնվեցին Հրեաստանից գաղթած փախստականներ, և հետզհետե մովսեսականության հիման վրա ստեղծվեց մի աղանդ, որը նյութականությունից փրկության հույսը կապում էր Բարձրյալի հետ (պատմաբանները սա համարում են քրիստոնեության առաջին մուտքը Հայաստան): Շատ չանցած՝ քրիստոնեությունը երկրորդ անգամ մուտք գործեց երկիր, սակայն այս անգամ զգալիորեն կերպափոխված, հունահռոմեական միջավայրի ազդեցության տակ նյութապաշտականացած: «Երկրի քրիստոնեացումը կատարվում էր հեշտ, կայծակնային արագությամբ: Այդ մի գաղափարական շարժում չէր մտցված ժողովրդական զանգվածների մեջ` համոզում, գիտակցություն առաջ բերելու համար: Այդ մի հրաման էր. ձևական արարողություն: Լուսավորում էր Գրիգորը ոչ թե խոսքով, համառ ու երկարատև քարոզչությամբ, այլ հրով և երկաթով: Հեթանոսական Հայաստանում մեհյանը մի ավատական հիմնարկություն էր, ուժեղ ու հեղինակավոր, մանավանդ նրանով, որ հարստություններ էր կուտակում իր մեջ: Հիմնովին կործանել այդ տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին` այս էր, որ Գրիգորի համար նշանակում էր «տարածել քրիստոնեություն», երբ նա, թագավորի զորքերի գլուխ անցած, մի տեղից թռչում էր մյուս տեղը մեհյաններ քանդելու և քուրմեր փախցնելու համար» (Լեո, «Հայ կղերական դիվանագիտություն»): Այս նոր կրոնը հաստատելու նպատակով ոչնչացվեցին գրեթե բոլոր տաճարները, գրականությունը, պատմագրությունն ու գիտությունը:

Ոգեղեն արժեքների հանդեպ դրսևորվող այս վերաբերմունքը պատճառ դարձավ ընդհարումների, որի արդյունքում հազարամյակների ընթացքում ձևավորված ընտրախավը հիմնականում ոչնչացավ: Միայն Տարոնի նվաճման համար, ըստ Զենոբ Գլակի, ոչնչացվեց վեց հազար ընդդիմադիր:

Պետությունը հետզհետե խարխլվեց, և շատ չանցած՝ հայերը, իրենց իսկ մեղքով կորցրին պետականությունը՝ պարսից թագավորին գրելով, թե իրենց թագավոր այլևս պետք չէ: Արշակունյաց հարստության կործանումով, փաստորեն, հայ ժողովուրդը դուրս դրվեց պատմական զարգացման տրամաբանությունից:

 ՆԵՐՔԻՆ ԲԱԽՈՒՄ 

Քրիստոնեության հաստատումով Հայաստանի ներքին կյանքն ամենևին չխաղաղվեց: Առաջացան տարաձայնություններ արդեն բուն քրիստոնեական հավատքի ներսում, որի արդյունքում ձևավորվեցին մի շարք շարժումներ: Մի կողմ թողնելով պաշտոնական եկեղեցու հետ ունեցած նրանց նուրբ դավանաբանական տարաձայնությունները, անդրադառնանք միայն սոցիալ-քաղաքական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող թեզերին: Այդ շարժումներից մանիքեականները մերժում էին քրիստոնեության բացասական վերաբերմունքը մարդու աշխարհիկ կյանքի նկատմամբ և, երկինքը աստվածների համար բավարար համարելով, պահանջում էին երկրի վրա վերականգնել մարդու իրավունքը, նրան դարձնել դրա տերը և այն ծառայեցնել իր իսկական տիրոջ կարիքներին: Հինգերորդ դարում քրիստոնեության համար լուրջ վտանգ էր արդեն բորբորիտների շարժումը, որի անդամները հանդես էին գալիս որպես կամքի ազատության կողմնակիցներ, հակադրվելով քրիստոնեական ճակատագրապաշտությանն ու մերժելով եկեղեցու ղեկավար դերը մարդկանց կյանքի կազմակերպման գործում: Մեկ այլ շարժման՝ մծղնեականության հետևորդները բացասաբար էին վերաբերվում եկեղեցու մեջ սրբագործված ծիսակատարություններին:

Իշխող դավանանքին հակադրվող բոլոր այս շարժումների հետևորդները դաժանորեն ոչնչացվեցին: Այսպես,   Խորենացին գրում է, թե Սահակ Պարթև կաթողիկոսը «հրամայում է քննել պղծագործ բորբորիտներին, և եթե ոչ մեղմությամբ և ոչ խստությամբ ուղղության չգան, ապա չարչարելով հալածել, ինչպես թշնամիներ թշնամիներից վրեժ առնեն, որպեսզի իրավացի մահով հոգիների անիրավ մահը խայտառակվի»:

Սա հայ ժողովրդի սերուցքին հասցված երկրորդ խոշոր հարվածն էր:

ՊԱՎԼԻԿՅԱՆՆԵՐ 

                Ըստ բյուզանդական աղբյուրների՝ պավլիկյան շարժման հիմնադիրը եղել է մանիքեական մի հայ տիկնոջ՝ Կալինիկեի որդի Պավղոսը, որն իր որդիների և եղբոր հետ Հայաստան գալով՝ մեծ գործունեություն է ծավալել: Պավլիկյանները մարդու ակտիվ գործունեության սկզբունքի կողմնակիցներ էին և ձգտում էին երկրի վրա իրականացնել այն, ինչը եկեղեցին խոստանում էր երկնքում՝ արդարություն և հավասարություն: Մարդու իրավունքի, նրա ազատագրության հարցը գլխավորն էր նրանց համար: Մարդուն նյութի գերությունից ազատել, վերջ տալ ամեն տեսակ ավելորդապաշտություններին, երկրի վրա հավասարություն ստեղծել՝ այս էր պավլիկյանների նպատակը:

                Պավլիկյանները մերժեցին եկեղեցական ճոխ արարողությունները, հակադրելով դրանց սկզբնական քրիստոնեության պարզ աղոթքները սովորական աղոթատներում: Բարձր իդեան չպետք է ապականվի, մարդը չպետք է ստորանա և ծունկի գա նյութի առաջ: Խաչը փայտի կամ երկաթի մի կտոր է, ի՞նչ զորություն կարող է ունենալ դա, որ հարկ լինի դրան երկրպագել: Մի փայտի կամ երկաթի կտոր ի՞նչ կարող է անել մարդու համար և առհասարակ մի՞թե կարելի է մի որևէ բան հայցել դրանից: Մաքուր գաղափարականությունը ոսկյա խաչերի և նման արդուզարդերի հետ առնչություն չունի: Ահա այսպես էին դատում պավլիկյանները:

                Նրանք այլոց նման հույսը չդրին ինչ-որ մեսիայի գալստյան վրա, այլ զենքը ձեռքներին դուրս եկան երկրի կառավարիչների դեմ՝ սարսափ տարածելով անգամ բյուզանդական կայսրերի վրա: 720 թվականին Դվինի եկեղեցական ժողովը