|
|
15 ապրիլի 2008 թ. 06 (92) ԿՈՐՈՒՍՅԱԼ, ՎԵՐԱԳՏՆՎԱԾ ՈՒ ԿՈՐՈՒՍՎՈՂ ԴՐԱԽՏ Լուսանկարում պատկերվածը միջնադարյան Քրոնք ժայռափոր վանքն է, որ նորերս մեզ համար «հայտնագործեցինք» Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի մոտերքում, ինքներս մեզ բռնեցնելով այն մտքի վրա, որ մեզ համար դեռ ինչքան չհայտնագործված հրաշքներ կան այս տարածքում, որքան անձեռակերտ, կիսաձեռակերտ ու ձեռակերտ գանձեր ունի այն: Տարածքն այս իսկապես հրաշափառ է, ու պատահական չէ, որ տեղի մտավորականներից ոմանք ամենայն լրջությամբ փորձում են ապացուցել, որ բիբլիական դրախտը հենց այստեղ է եղել, այն էլ մի քանի «պատճենով»՝ Հակարի և Որոտան գետերի մի քանի հովիտներ, ինչպես նաև Դիցմայրի բնակավայրի մերձակա մայրու անտառի մի քանի բացատներ: Սույն վարկածները գոյություն ունենալու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ՝ դժվար է ասել, բայց մերօրյա ադամորդիներիս կարծիքով՝ Ադամն ու Եվան դժվար թե դժգոհեին նման «բնակարանից»: Եւ սա մեր հայրենիքն է, ինչի ընկալումը ապրեցնող է: Ինչպես տեղացիներից մեկը անկեղծացավ՝ «որ իմանում ես` սա քո պատմական հայրենիքն է, որ քո իսկ պապերն են այստեղ ապրել ու արարել՝ ավելի վստահ ես զգում քեզ, ավելի ես կապվում այս հողի հետ»: Ավելի լավ չես կարող ասել: Բայց ահա կարող ես ճիշտ դասեր քաղել: Ամենակարևոր դասը՝ ապրելու և ապրեցնելու համար պիտի ճանաչես հայրենիքդ, հոգով յուրացնես նրա ամեն մի հատվածը, ամեն մի նյարդը, ամեն մի բջիջը: Այսօր շատ է խոսվում Հայաստանի կողմից Արցախի ճանաչման և ընդհանրապես միջազգային ճանաչման մասին: Սա, թերևս, գլխավորը չէ մեր այսօրվա դարդուցավում: Գլխավորն այն է, որ ինքներս ճանաչենք այս տարածքը, մեր հայրենիքը: Ճանաչենք ու սիրենք: Բայց հայրենիքը ճանաչելը հնարավոր չէ առանց այստեղ ապրողներին ճանաչելու, առանց նրանց նկատմամբ սրտացավության: Այս հարցում միջազգային ճանաչումը փրկություն չէ: Այո, ճանաչում, բայց առաջին հերթին ճանաչում՝ Մարդուն, որպես այս հողի տիրոջ: Ամբողջ երկրով մեկ, ամենուր և ամենեցուն: Առաջին հերթին՝ մեր կողմից: Թե չէ օրերս խմբագրություն եկած ստեփանակերտցի մի բարի ու համակրելի, կիրթ ու դաստիարակված մարդ հուզմունքով պատմում էր, թե ինչպես է պատեպատ խփվում իր իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար և արդեն տեղ չունի գնալու, արդեն մտածում է ուրիշ տեղի մասին: Նա արդեն կորցրել է հայրենիքը, մենք նրանից արդեն խլել ենք հայրենիքը: Այս պարագայում չի օգնի միջազգային ճանաչումը, չի օգնի, անգամ եթե միջազգային գիտական միտքն ընդունի քաշաթաղցի մտավորականների այն վարկածը, որ բիբլիական դրախտը հենց այստեղ է եղել: Մարդն արդեն կորցրել է այդ դրախտը, մարդուց մենք արդեն խլել ենք այդ դրախտը: Ոչ ուրիշը, այլ մենք ինքներս:
կարգավորում ԼՂՀ ԱԺ-ում կայացել են ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկումներ Ապրիլի 2-ին կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական միտումների մասին տեղեկատվությամբ հանդես է եկել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը: Այնուհետեւ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին: Նիստի ավարտից հետո կայացել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի եւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գեորգի Պետրոսյանի ճեպազրույցը` տեղացի եւ հավատարմագրված լրագրողների հետ: ԱԺ մամլո ծառայություն
ԿՈՂՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ԳՈՆԵ ՔԱՅԼ ԱՆԵԼ Խորհրդարանում կայացած քննարկումների ժամանակ արտահայտվեցին տարբեր կարծիքներ, տրվեցին տարբեր գնահատականներ առկա իրավիճակին և ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին: Սակայն մի միտք հնչեց գրեթե բոլոր ելույթներում: Դա այն է, որ նաև մեր մեղքով է Լեռնային Ղարաբաղը հակամարտության սուբյեկտից վերածվել օբյեկտի, իսկ ղարաբաղյան կողմն էլ դուրս մնացել բանակցային գործընթացից: Տրվեցին նաև բավականին կոշտ ու միանշանակ գնահատականներ: Պատգամավոր Մաքսիմ Միրզոյանն, օրինակ, նշեց, որ մեր բարդությունները սկսվել են այն պահից, երբ հակամարտության կողմի մեր բոլոր իրավունքները պատվիրակեցինք Երևանին: Ըստ նրա, բոլոր այն ժամանակահատվածներում, երբ վերջին խոսքը Ստեփանակերտինն էր, որտեղ էլ ընդունվում էին որոշումները՝ մենք հաջողության ենք հասել, ինչը վերաբերում է թե ռազմական գործողություններին և թե բանակցություններին: Պատգամավոր Գեղամ Բաղդասարյանն արցախյան դիվանագիտության հիմնական թերությունը համարում է դրա իրավիճակային ու անդրադարձային բնույթը, երբ մենք նախաձեռնազուրկ կեցվածք ենք ընդունում և ընդամենը պատասխանում կամ չպատասխանում Ադրբեջանի այս կամ այն քայլին: Ընդգծելով այն հանգամանքը, որ տևական ժամանակ ղարաբաղյան կողմից ոչ մի նախաձեռնություն չի եղել, նա եզրահանգեց՝ կողմ լինելու համար պիտի գոնե քայլ անել: Ըստ նրա, էն գլխից սխալ էր նորանկախ երկրի միջազգային ճանաչումը կախվածության մեջ դնելը բանակցային գործընթացից, շատ ավելի խելամիտ կլիներ զուգահեռել այս երկու ուղղությունները: Լուրջ քննադատության ենթարկվեց հատկապես մեր արտաքին գործերի նախարարությունը: Նշելով, որ կասկածում է, թե այստեղ գոնե տեղյակ են բանակցային սեղանին դրված առաջարկներին, պատգամավոր Արպատ Ավանեսյանը սրամտորեն նկատեց, որ մեր ԱԳՆ-ն պարզապես վերածվել է «զբոսաշրջիկների ընդունման և տեղավորման գերատեսչության»: Սեփ. լրատվություն
«Եթե ամեն ինչ չէ համաձայնեցված, ուրեմն ոչինչ էլ համաձայնեցված չէ» «Ես չեմ կարծում, թե ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը հասնելու գործընթացում մենք յուրաքանչյուր քայլ պետք է համաձայնեցնենք Հայաստանի իշխանությունների հետ: Սա ԼՂՀ ժողովրդի կամքի ազատ արտահայտությունն է՝ հաստատված հանրաքվեի միջոցով, որը վերահաստատվել է նաեւ 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությամբ, եւ մենք պարտավոր ենք իրականացնել մեր ժողովրդի կամքը՝ որքանով մենք այդ հնարավորությունը ունենք: Ինչքանով կհամընկնի այս դիրքորոշումը Հայաստանի, տարածաշրջանի այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ սա արդեն դիվանագիտություն է, բանակցություններ: Բայց ԱԺ-ն պարտավոր է իրացնել ժողովրդի կամքը, որը ձեւակերպված է Սահմանադրության մեջ՝ ԼՂՀ-ն անկախ, ինքնիշխան պետություն է, եւ մենք պետք է ձգտենք հասնել այդ ձեւակերպման միջազգային ճանաչմանը բոլոր հնարավոր միջոցներով»,- հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ օրերս Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ անցկացված հանձնաժողովի ընդլայնված նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ: Պատասխանելով լրագրողի՝ ԼՂՀ-ի աշխարհաքաղաքական գործոն դառնալու մասին հարցին, հանձնաժողովի նախագահը հայտնեց այն կարծիքը, որ «ԼՂՀ-ն արդեն իսկ գործոն է, եւ որեւէ մեկը չի կարող դա անտեսել»£ «Այն, ինչ որ իրողություն է այսօր՝ հրադադարի ռեժիմը, որը պահպանվում է կողմերի բարի կամքի դրսեւորմամբ£ Իսկ այդ կողմերից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, որը հավասարի իրավունքով ստորագրել է հրադադարի հաստատման ռեժիմը£ Որտեղ պատասխանատվություն, այնտեղ էլ՝ իրավունք£ Ոչ ոք ԼՂՀ-ին չի զրկել միակողմանի քայլերի դիմելու իրավունքից»,- ավելացրել է Վ.Աթանեսյանը£ Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ բանակցային գործընթացի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները. Ադրբեջանի փորձերը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելու ուղղությամբ, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի ակտիվացումը£ Արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի կարծիքով, Ադրբեջանը ձգտում է իրեն լիովին բավարարող համաձայնության: «Ադրբեջանն ուղղակի խստացրել եւ կոշտացրել է իր դիրքերը: Եվ դա պահանջում է, որ հայկական կողմերը համապատասխան հետեւություններ անեն եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն՝ այդ մարտահրավերը չեզոքացնելու համար»,- շարունակել է նա: Ճեպազրույցի ընթացքում հայտարարվեց, որ մադրիդյան որոշ սկզբունքներ չեն համապատասխանում ժողովրդավարական ճանապարհով ընդունված ԼՂՀ Սահմանադրությանը: «Առավելագույնը ստանալու համար Ադրբեջանն այսօր ճնշումներ է գործադրում՝ ենթադրելով, թե մադրիդյան սկզբունքները ղարաբաղյան կողմի համար արդեն իսկ ընդունելի են£ Բայց դա բառիս բուն իմաստով թյուրըմբռնում է£ Ղարաբաղյան կողմը երբեք չի վստահեցրել, որ մադրիդյան սկզբունքներն իր համար լիովին ընդունելի են£ Այդ սկզբունքներն ի սկզբանե անընդունելի են ղարաբաղյան կողմի համար»,- ասել է Վահրամ Աթանեսյանը: Արտգործնախարարն իր հերթին նշեց, որ ԼՂՀ ժողովրդի ազատությունն ու ԼՂՀ անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող: «Եթե ամեն ինչ չէ համաձայնեցված, ուրեմն ոչինչ էլ համաձայնեցված չէ»,- հավելել է նա: Բնականաբար, խոսվեց նաեւ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվող այն հայտարարության մասին, որ եթե Ադրբեջանն այսպես շարունակի, Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը: «Ի՞նչ պայմաններում Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն» հարցին ի պատասխան արտգործնախարար Գ. Պետրոսյանը նշեց. «Չեմ կարծում, որ այդ հարցը ավելի շատ ուղղված է ինձ: Մենք ծրագիր ունենք ճանաչվելու, բայց դա չէ, իմ պատկերացմամբ, գերխնդիրը: Գերխնդիրը ազատ ապրելու վիճակի ստեղծումն է: Իսկ եթե Հայաստանի ժողովուրդը եւ իշխանությունները նպատակահարմար գտնեն ճանաչելու ԼՂՀ-ն, ես դա տեսնում եմ մի քանի հնարավոր ձեւերով, ապա ի՞նչ արգելք, կամ առարկություն պետք է ունենանք այդ հարցի վերաբերյալ»: Անդրադարձ եղավ նաեւ Կոսովոյի անկախությանը եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Արտգործնախարարը նշելով, որ Կոսովոյի անկախության նախադեպ լինել կամ չլինելու վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ կան, հայտնեց այն կարծիքը, որ «դա շատ լուրջ նախադեպ է՝ թե իրավական, միջազգային իրավունքի տեսանկյունից, թե բարոյահոգեբանական իմաստով»: Իսկ Վ. Աթանեսյանն իր հերթին նշեց. «Ես չեմ կարծում, թե մենք պետք է կառչենք այն բանից, որ Կոսովոյի անկախությունը ճանաչվել է, մանավանդ որ այդ ճանաչվածությունը միանշանակ չէ: Եթե մենք կառչենք այն փաստից, որ Կոսովոն մեզ համար նախադեպ է, ապա Կոսովոյի խնդիրը եթե լուծվի մեզ համար ոչ ընդունելի տարբերակով, ապա մենք գերի կդառնանք մեր իսկ դիվանագիտական անճկունությանը: Մենք ունենք մեր ճանապարհը: Մենք մեր անկախությունը Կոսովոյից առնվազն 15 տարի առաջ ենք հռչակել, եւ պետք է հասնենք անկախության միջազգային ճանաչմանը»:
ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի կողմից չպետք է «միայնակ կրակոց» լինի Այն, որ Հայաստանի կողմից ակտուալ է դառնում ԼՂՀ-ի իրավաբանական ճանաչման հարցը, կարելի է միայն ողջունել, սակայն ՀՀ-ի նման քայլը չպետք է, պատկերավոր ասած, միայնակ կրակոց լինի: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը: Նրա կարծիքով, այդ ճանաչմանը պետք է հաջորդեն այլ երկրների նմանատիպ հայտարարությունները: «Եթե նման նախնական աշխատանք չի տարվել, ապա հարկավոր է լրջորեն զբաղվել դրանով ստեղծված նոր միջազգային հարաբերությունների պայմաններում: Տեսականորեն, ցանկալի կլիներ, որ Ադրբեջանն այն երկրների թվում լիներ, որոնք առաջինը կճանաչեն ԼՂՀ անկախությունը: Այդ դեպքում հակամարտությունը սպառված կհամարվեր, եւ հնարավորություն կառաջանար տարածաշրջանային արդյունավետ համագործակցության համար՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների: Բայց քանի որ մեր հարեւանները նման գործողությունների պատրաստ չեն, ԼՂՀ-ն ու Հայաստանը ղարաբաղյան հարցում պետք է քաղաքականություն վարեն երկու զուգահեռ ուղղություններով»,- նշել է դիվանագետը: Նա համարում է, որ, մի կողմից, անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացը լիարժեք եռակողմ ձեւաչափով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ, մյուս կողմից՝ ակտիվ աշխատանք վարել առանձին երկրների եւ միջազգային կառույցների հետ դե-յուրե ԼՂՀ-ի ճանաչման ուղղությամբ: «Նման մոտեցումը դրական է բոլոր առումներով, քանի որ նույնիսկ ամենափոքր հաջողությունն երկրորդ ուղղությամբ կխթանի առաջընթացը Մինսկի գործընթացում: Հայաստանի կողմից ԼՂՀ-ի «միանձնյա» ճանաչումը էական անհրաժեշտություն կդառնա Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ զինված ագրեսիայի վերսկսման դեպքում: Իսկ այս փուլում ցանկալի կլիներ պայմանագրա-իրավական հիմք ստեղծել երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության համար: Դա շատ հարցեր կհաներ, այդ թվում՝ կապված ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում Հայաստանից կամավորների ծառայության հետ: Ակնհայտ է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պաշտպանում է ոչ միայն ԼՂՀ սահմանները, այլ նաեւ ՀՀ արեւելյան սահմանները՝ հյուսիսում Մռավի լեռներից մինչեւ հարավում գտնվող հայ-իրանական սահմանը: Համապատասխան միջպետական համաձայնագրերում անհրաժեշտ է նաեւ իրավաբանորեն ձեւակերպել Հայաստանի Հանրապետության՝ որպես ԼՂՀ-ի եւ նրա ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակը»,-ընդգծել է Մայիլյանը: Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական կողմի վերջին գործողությունները ավելի շատ շանտաժի են նման, քան իրական քայլերի, ուղղված Մինսկի խմբի համանախագահների փոփոխմանը կամ փլուզմանը: «Բանը նրանում է, որ Ադրբեջանից բացի կան հակամարտության նաեւ այլ կողմեր եւ միջնորդների ընտրությունը մեկ կողմի գործը չէ: Այստեղ հարկավոր է երեք կողմերի համաձայնությունը: Որոշ չափով այդ շանտաժը գործեց: Ինձ զարմացրեցին արդարացման երանգները համանախագահներից մեկի հարցազրույցում»,- ասել է Մայիլյանը:
Նոր իշխանություններ, նոր քաղաքականություն. ո՞վ է պատասխան տալու հին սխալների համար Հայկական կողմերը պետք է կոշտացնեն իրենց դիրքերը ղարաբաղյան կարգավորման հարցում£ Այս մասին Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտոնական անձինք սկսել են խոսել ՄԱԿ-ում հակահայկական բանաձեւի ընդունումից հետո£ Զրույցներն ավելի թեժացան, երբ ԼՂՀ եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը£ Դրանից հետո սկսվել են գործնական քայլեր£ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդլայնված նիստ հրավիրեց՝ կարգավորման նոր միտումները քննարկելու համար£ Հանձնաժողովի նիստում փաստորեն խաչ դրվեց վերջին տարիների բանակցային գործընթացի վրա£ Համենայնդեպս, հայտարարվեց, որ մադրիդյան սկզբունքներն անընդունելի են Ղարաբաղի համար, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին եւ այլն£ Այլ կերպ ասած՝ պետք է մի կողմ դնել այն, ինչ արվել է մինչ այսօր, եւ սկսել մաքուր թղթից£ Իսկ ո՞րը պետք է լինի մաքուր թղթի վրա գրված առաջին տառը£ Ըստ երեւույթին, դա կլինի մեծատառ «Մ»-ն£ Այսինքն՝ «Միջպետական պայմանագիր»£ Ինչպես հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը՝ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ պետք է ստորագրվի միջպետական պայմանագիր£ Ընդ որում, այդ պայմանագրի կարեւոր մաս պետք է կազմի անվտանգության երաշխիքների մասին հոդվածը£ Այլ կերպ ասած՝ եթե որեւէ մեկը հարձակվի Ղարաբաղի վրա, Հայաստանը պարտավոր կլինի ապահովել ԼՂՀ բնակչության անվտանգությունը£ Դա բավականին մեծ փոփոխություն կլինի ԼՂՀ խնդրի կարգավորման գործում£ Առայսօր Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ռազմական ոլորտում որեւէ փաստաթուղթ չկա£ Եւ դա հնարավորություն է տալիս ընդդիմախոսներին ԼՂՀ տարածքում հայ զիվորների գտնվելու փաստը գնահատել որպես Հայաստանի կողմից ագրեսիա£ Եւ մինչ օրս որեւէ փաստարկ դրա դեմ հայկական դիվանագիտությունը չի ունեցել£ Բացի այդ, որեւէ պետության հետ միջպետական պայմանագրի ստորագրումը հավասարազոր է այդ պետության ճանաչմանը£ Հատկանշական է, որ նորերս ՀՀ Ազգային ժողովն էլ շուտափույթ կերպով որոշում է ընդունել՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման մասին հարցն արտահերթ ձեւով մտցնել ԱԺ օրակարգ£ Կարելի է ենթադրել, որ կքննարկվի հայկական կողմի դիրքերի կոշտացման եւ միջպետական պայմանագրի ստորագրման հարցը£ Ընդ որում, խորհրդարանը հորդորում է կառավարությանը՝ իրավական հիմքեր գտնել Ղարաբաղի հանդեպ ագրեսիայի դեպքում Հայաստանի համապատասխան քայլերի մասին£ Այս ամենը կարող է դրական լինել միայն այն դեպքում, եթե քաղաքական պատասխան տրվի մի քանի հարցերի. ինչո՞ւ նման որոշում ընդունվում է այսօր՝ Ռ. Քոչարյանի հեռանալուց հետո, ո՞վ է մեղավոր, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից, որ մինչ այսօր չկա միջպետական պայմանագիր, որ ժողովրդագրական ու տնտեսական իրավիճակը նախանձելի չէ, ո՞ւմ մեղքն է, որ 15 տարվա բանակցություններից հետո ԼՂՀ անկախությունը միջազգային հանրության կողմից դեռ չի ընկալվում որպես անշրջելի իրողություն£ Հարցերն այնքան ակնհայտ են, որ ներկայիս իշխանությունների ընդդիմախոսները չեն կարող շրջանցել եւ չմեղադրել Ռ. Քոչարյանին£ Օրերս ընդդիմադիր մի շարք կուսակցություններ հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում իշխանության կողմից թույլ տրված սխալների մասին£ Ընդդիմությունը գտնում է, որ իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականությունն է բերել այսօրվա ոչ հայանպաստ իրավիճակին£ «Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի վարչախմբի ապաշնորհ քաղաքականության կործանարար արդյունքների գագաթնակետն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարտի 14-ի բանաձեւը, որով «վերահաստատվեց» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պահանջվեց «բոլոր հայկական ուժերի անհապաղ, լիակատար եւ անվերապահ դուրս բերում Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավյալ տարածքներից»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս բանաձեւը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային դիրքերը վնասող աննախադեպ փաստաթուղթ է, որով փորձ է արվում կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որպես Ադրբեջանի մաս եւ միակողմանի զիջումներ է պահանջվում հայկական կողմից», - ասված է հայտարարության մեջ£ «Հայկական դիվանագիտության այս ծանր պարտությունը պայմանավորված է ինչպես վարչախմբի տասը տարիների վարած սխալ արտաքին քաղաքականությամբ, այնպես էլ ժողովրդավարական սկզբունքներից հետեւողականորեն նահանջելու իրողությամբ», - գտնում են հայտարարության հեղինակները£ «1994 թվականին ռազմական եւ դիվանագիտական հաղթանակների շնորհիվ հաջողվել էր հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովի կողմից ճանաչվեց հակամարտության լիիրավ կողմ, ինչով սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման միջազգային ճանաչմանը: Սակայն 1999-ին ստորագրելով ԵԱՀԿ Ստամբուլի «Խարտիան», Հայաստանի իշխանությունները նախ՝ ըստ էության ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա նաեւ վարչախմբի հանցավոր նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի պայքարը ինքնորոշման համար վերածվեց տարածքային վեճի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» - նշվում է հայտարարության մեջ: Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
ԵՄ. Չնայած ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններին, ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը դեռեւս գտնվում է քննարկման փուլում Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները եւ մնացել է ընդամենը մի քանի հարց կարգավորել, ԵԱՀԿ ՄԽ կողմից 2007 թվականին ներկայացված փաստաթուղթը դեռեւս գտնվում է քննարկման փուլում: Այդ մասին ասվում է չորեքշաբթի հրապարակված Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության կոմիսարիատի զեկույցում Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ 2007 թվականի ընթացքում: Փաստաթղթում հատուկ նշվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում 2007 թվականի հունիսին Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի մտավորականության ներկայացուցիչների այցելությունը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու 2007 թվականի հունիսին: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային բնագավառին, զեկույցում նշվում է, որ առաջխաղացում է արձանագրվել քաղաքական երկխոսության ամրապնդման, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններում մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերում:
ՀՀ ԱԳՆ. Հայկական կողմի համար Ղարաբաղի հարցով բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը «Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում հիմք է հանդիսանում Մադրիդի փաստաթուղթը»,- ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի հայտարարությունը, ով ասել է, թե «բանակցային գործընթացի միջնորդների կողմից 4 տարի առաջ ներկայացված առաջարկությունների փաթեթում հիմնական տեղը հատկացված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման բանաձեւին»: Տ. Բալայանի խոսքերով, «Մադրիդի փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի»: Մեկնաբանելով Ազիմովի խոսքերն այն մասին, որ պաշտոնական Բաքուն առաջարկում է Լաչինի միջանցքի օգտագործման հնարավորությունը երկու կողմերից մի պայմանով, որ այն մնա Ադրբեջանի կազմում՝ Տիգրան Բալայանը հայտարարել է. «Դա ընդամենը Բաքվի ցանկությունն է»: ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումն անցել է լարված մթնոլորտում Նախօրեին Բուխարեստում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց խնդրանքով: Այդ մասին հանդիպման ավարտին լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, լարված հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւը կրկին անգամ «վճռականորեն եւ կոշտ շարադրել է իր դիրքորոշումը» ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Պետության ղեկավարը բացատրություններ է պահանջել համանախագահներից այն դիրքորոշման կապակցությամբ, որ իրենց ներկայացրած երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը զբաղեցրել էին ՄԱԿ-ում «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի քվեարկության ժամանակ: Փորձելով հիմնավորել եւ պարզաբանել իր դիրքորոշումը, համանախագահներն ընդգծել են, որ լիովին սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ իրենց դիրքորոշումը կհայտնեն հատուկ հայտարարության մեջ, որը նրանք պատրաստվում են տարածել, հաղորդում է 1news.az-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը հետեւանքն է Հայաստանի այն քաղաքականության, երբ փորձ էր արվում բավարարվել ընդամենը Ադրբեջանի նախաձեռնությունները տապալելով: Այդ մասին ապրիլի 1-ին «Հայելի» ակումբում նշել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նրա կարծիքով, Հայաստանը չունի հակաքայլեր ադրբեջանական այդ քաղաքականությանը եւ այդ իսկ պատճառով ընդամենը փորձում էր տապալել Ադրբեջանի նախաձեռնությունները, ինչն անարդյունավետ եւ անհեռանկար քաղաքականություն է: Քաղաքագետը նշում է, որ Ադրբեջանի այդ գործողություններին Հայաստանն ընդամենը հակադրում է Ղարաբաղը ճանաչելու սպառնալիքներ, ինչը նշանակում է, որ Հայաստանն ուղղակի չունի խնդրի պարագայում գործողությունների հստակ, մշակված քաղաքականության տեսլական: Քաղաքագետը կարծում է, որ հասկանալի է, թե ինչու Հայաստանի համար ձեռնտու չէ Ղարաբաղի հարցը ՄԱԿ տեղափոխելը, քանի որ այնտեղ որոշումների կայացման մեխանիզմներն այլ են, քան ԵԱՀԿ-ում, եւ շատ երկրներ հետաքրքրված չեն Ղարաբաղի հարցով ու կարող են իրենց ձայնը ծախել այլ հարցերում շահի համար, սակայն ըստ քաղաքագետի, ՄԱԿ-ում Հայաստանը կարող էր փորձել փոխել իրավիճակը, օրինակ՝ պահանջ դնելով, որ եթե հարցը քննարկվում է, ապա Ղարաբաղին պետք է տրվի դիտորդի կարգավիճակ այդ քննարկումների ժամանակ: Մանվել Սարգսյանն ասում է, թե խնդիրն այդ պահանջին ՄԱԿ-ի պետությունների վերաբերմունքը չէ, այլ այն, որ Հայաստանն այդօրինակ քայլերով կարող էր որոշակի անցանկալի իրավիճակներ ստեղծել Ադրբեջանի համար եւ ձեւավորել հարցի քննարկման բոլորովին այլ մթնոլորտ: Քաղաքագետը կարծում է, որ եթե Հայաստանը շարունակի առաջ գնալ միայն ադրբեջանական նախաձեռնությունները տապալելու մղումով, եւ չլինեն հակաքայլեր, ու նախաձեռնողականություն, ապա կգա մի օր, երբ ՄԱԿ-ի պետությունները միգուցե ընդունեն եւ ավելի խիստ բանաձեւ, քան ներկայիս ընդունածը: Ի վերջո, Մանվել Սարգսյանն ասում է, որ դրա վկայությունը Եվրոպայի Խորհրդի ընդունած Ատկինսոնի հայտնի բանաձեւն է: Այն Հայաստանին փաստացի ագրեսոր էր համարում: «Լրագիր»
hայրենիք ՔԱՇԱԹԱՂ. ԴԻՄԱՆԿԱՐԻ ՓՈՐՁ
Գեղամ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«ՍՐԱՆՔ» ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴԻԿ ԵՆ
- Ոչ ոք չի ուզում մարդկանց հետ աշխատել, բոլորն ուզում են ճանապարհ կառուցել, տներ նորոգել, այգի գցել, կարծես այստեղ մարդ չկա,- տարակուսում է քաշաթաղցի մտավորականներից մեկը: - Մեկ այլ մտավորական էլ մի ցնցող օրինակ բերեց. Ստեփանակերտից ստուգումներ էին անցկացնում շրջանի հիմնարկներից մեկում և ավարտից հետո շնորհքով հյուրասիրվելուց և անընդհատ ուշադրության կենտրոնում գտնվելուց փառավորված հյուրերից մեկը մյուսի ականջին քամահրաբար ասել էր. «Սրանք ուրախանում են, երբ մարդ են տեսնում»: Մինչև հոգու խորքերը վիրավորվել են հյուրընկալողները, իսկ միջադեպն էլ, որ ամենևին էլ պատահականություն չէր, այլ ընդունված վերաբերմունքի պարզապես հերթական դրսևորում, խառը նստվածք էր թողել նրանց հոգիներում: - Իսկ որ պատահականություն չէր՝ մեկ այլ օրինակ: Չգիտեմ որ ընտրարշավի ժամանակ երկրի նախկին նախագահը հանդիպել էր շրջանի մտավորականության հետ և նրանց դարդուցավի նկատմամբ իր հետաքրքրությունն արտահայտելուց հետո առաջարկել էր նրանց բրնձով-բանով օգնել: Այդժամ տեղից ելել է շրջանի ամենախոշորամարմին մտավորականը և ասել. - -Պարոն նախագահ, որ ինձ նայում եք՝ ես բրնձի՞ կարիք ունեմ: Այ մարդ, արի քաղաքականությունից, արվեստից-բանից խոսենք... - Ահա այդպես է, մեր մայրաքաղաքային «պտկան ծաղկած» մտավորականությանը թվում է, թե այնտեղ թերուսներ, անգրագետներ, «միայն հացիվ» ապրողներ են: Ի՞նչ ասենք, յուրաքանչյուրը դատում է ըստ իր մակարդակի ու բարոյականության, ամեն ոք էլ գտնում է այն, ինչ փնտրում է: Մենք փնտրեցինք ու գտանք հրաշալի մտավորականների, կիրթ ու դաստիարակված մարդկանց, հայրենի հողուջրին ֆանատիկորեն նվիրված քաղաքացիների: Մեր այս հրապարակման նպատակն էլ հենց դա է, ի լուր ամենքի բարձրաձայնելը, որ այնտեղ մարդիկ են ապրում, մեծատառով մարդիկ: - Ամիսներ առաջ եղել էինք շրջանի հյուսիսային հատվածում, այս անգամ էլ շրջեցինք հարավում: Բնությունը «երկերեսանի» է այս ամբողջ տարածքում՝ երկու երեսն էլ մեկը մյուսից գեղեցիկ: Հյուսիսի վեհ ու խրոխտ, խստաշունչ ու լեռնոտ հրաշքին հարավում փոխարինում է լայնածիր դաշտերի, ջրառատ գետերի ու սաղարթախիտ անտառների մեղմոտ հրաշքը: Իրարից տարբեր այս երկու հրաշքներին միավորել է երրորդ հրաշքը՝ այնտեղ ապրող մարդիկ, ավելի ճիշտ՝ այնտեղ ապրող տղամարդիկ: Իսկ այստեղ Տղամարդ են բոլորը՝ գեղեցիկ և անգեղ սեռի ներկայացուցիչները, մեծ ու փոքր, լեռներում թե դաշտավայրերում ապրողները: Ուշագրավ է, որ նորերս «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից Բերձորում կայացած՝ Քաշաթաղի շրջանի զարգացման համահայկական առաջին խորհրդաժողովի հայտարարության մեջ հատուկ շեշտվում է՝ «խոնարհվելով շրջանում բնակվող մարդկանց տղամարդկության առջեւ»: - Եւ հենց այս մարդիկ իրենց լեռնային ու տղամարդկային բարձունքից կարող են սարոյանական բարի ու անքեն պարզամտությամբ կանչել «ստորոտի» մարդկանց. - -Հեյ, ո՞վ կա այդտեղ... - Եւ «սրանց» տեսնելուց այդ մենք պիտի ուրախանանք, այդ մեր սիրտը պիտի փառավորվի, որովհետև երկրի աղը մարդկային հենց այս տեսակն է: ԼԵՌՆՈՒՀԻՆ Սա կեղծանուն չէ, անուն է: Սա անուն չէ, էություն է: Սա էություն չէ, խորհրդանիշ է: Այս անվան-էության-խորհրդանիշի կրողը մի փխրուն կին է, կին, որի տղամարդկության չափաբաժինը կարող է բավարար լինել շատուշատ տղամարդկանց համար: Նրա մասին մեզ պատմել էր մեր երևանյան գործընկեր Արմինե Պետրոսյանը, և անհավանական էր թվում նրա պատմածը: Ու մենք տեղնուտեղը որոշեցինք՝ մի օր պիտի անպայման տեսնենք նրան: Պատկերացնելու համար, թե ինչեր է քաշել այդ կինը, ընդամենը մի հատված բերենք «ԱրմենիաՆաու» էլեկտրոնային թերթում հրապարակված հոդվածից. «Լեռնուհի Իսոյանը ծնվել է 1968 թվականին: Վերածնվել է Քաշաթաղում, որտեղ 2000 թվականին նոր ոտքեր ու ձեռք է ստացել: Ու նաև աշխատանք՝ դպրոցի գրադարանում: 1995 թվականի մութ ու ցուրտ ձմռանը Լեռնուհին ամուսնու՝ Սամվելի և երկու և չորս տարեկան որդիների հետ ապրում էր Թումանյանի շրջանի Հագվի գյուղում£ Տանը լույս չկար£ Լեռնուհին վառում է շամպայնի շշի վրայի պատրույգը՝ չիմանալով, որ ամուսինը մեջն ամոնալ է լցրել: Շիշը պայթում է: Ամուսինը նկատելով, որ կինը վառել է պատրույգը, բղավում է. «Պայթում ա, դուրս քցի»: Տեսնելով, որ չի հասցնում շիշը դուրս գցել՝ Լեռնուհին մարմնով փակում է շիշը, որ պաշտպանի երեխաներին: Պայթյունի հե-տևանքով կորցնում է երկու ոտքը և աջ ձեռքը: Կորցնում է նաև ամուսնուն. նա լքում է կնոջը: «Հիվանդանոցում պառկած խնդրեցի՝ գոնե երեխաներին տեր կանգնի, մինչև ապաքինվեմ: Ասաց՝ ես քո համար «նյանկա» չեմ»,- ցավով ասում է Լեռնուհին... Չորս հոգանոց ընտանիքը (ներառյալ Լեռնուհու մայրը՝ Ռոզան) մնացել էր Լեռնուհու 2500 դրամ հաշմանդամության թոշակի հույսին, որ նույնիսկ չէր հերիքում էլեկտրականության վարձին... 1998 թվականին Լեռնուհին քրոջ խորհրդով տեղափոխվում է Բերձոր»: Հիմա Լեռնուհին ապրում և աշխատում է Կովսականում, տեղի դպրոցում գրադարանավար է, նաև հյուսք և ձեռագործ է անում: Նա իրոք վերածնվել է, և վերածնվել է առաջին հերթին նրա հոգին: Այսքան չարչարանքներից ու տառապանքներից հետո, ով զարմանք, նրա դեմքին չարության նշույլ անգամ չկա, նրա դեմքից ուղղակի բարություն է կաթում: Այցելեցինք նրա համար շատ հաճելի ժամանակ՝ նոր տուն էր ստացել, ավելի ճիշտ՝ հատուկ նրա համար տուն էին կառուցել, և հիմա երջանկությունից ուղղակի հրճվում էր, իր երախտագիտությունն էր հայտնում աջուձախ՝ հանկարծ չմոռանա որևիցե մեկին, հանկարծ որևիցե մեկը չնեղանա: Տունը դեռ կահավորված չէր, բայց հեռուստացույց արդեն ուներ: Կյանքի դժոխքով անցած այս կնոջ համար առօրյա դժվարությունները պարզապես մանր-մունր բաներ են: Եւ «ինչի՞ կարիք ամենաշատն ունեք այս պահին» մեր հարցին պատասխանում է՝ «ոչ մի բանի»: Ու շուրջբոլոր սփռում իր հմայիչ ժպիտի ալիքները: Աստված միշտ քեզ հետ, Հայուհի: ԽՈՇՈՐ ԳՈՐԾԻՉԸ կամ՝ «Ինձ պետք է պետք լինել անպետք այս աշխարհում» Ենթավերնագրի չակերտված տողի հեղինակը Արմեն Մովսեսյանն է՝ Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը: Միայն նա կարող էր այդպես գրել, միայն նա կարող է իր առօրյան ահա այսպես բանաստեղծականացնել.
Ինչքան
օղի կա իմ մեջ, Հենց այդպես էլ ապրում է՝ առօրյա ունայնությանը քնարական շունչ տալով, ապրելով ու ապրեցնելով: Փրկում են օղու պես երակները մտած ու միտքն ու հոգին զգայացնցած բանաստեղծությունը, գիրն ու գրականությունը, և ամենակարևորը՝ երաժշտությունը: Ու այս ամենը՝ թաթախված հումորով, անզուգական հումորով: Նախաբանում նկարագրած խոշորամարմին մտավորականը նա է, հենց նա էր նախկին նախագահից բրնձի փոխարեն հոգևոր սնունդ պահանջել: Ընդհանրապես, ամենատարբեր ժողովներն ու միջոցառումները դառն ու անհամ կլինեին առանց նրա դիպուկ ռեպլիկների ու հումորի: Նորերս էլ մի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ, երբ ի ցույց էին դրվել շրջանի պրոբլեմները, լսվել էր այսպիսի պատասխան՝ «Եղանակները լավանան, ճանապարհները բացվեն՝ կգանք, կշրջենք տեղերում, հարցերին լուծում կտանք»: Նման պահերին լռությունը սովորաբար խախտում է «արդեն անտանելի դարձած» Արմենը: Այս անգամն էլ բացառություն չէր. - Պարոն, մենք այդ չբացված եղանակով ու փակ ճանապարհներով ամեն օր գնում-գալիս ենք... Մի խոսքով, իսկապես «անտանելի» մի մարդ, որպիսին պիտի լինի իսկական մտավորականը: Մի ամբողջ օր Արմենը մեզ հետ էր, մի ամբողջ օր կիսում էինք նրա ընկերակցությունը, և այդ օրը թաթախված էր գրականությամբ, երաժշտությամբ, հումորով: Հայկական ժողովրդական երգեր, Ռուբեն Հախվերդյան, որի երկրպագուն է, ռուսական ռոմանսներ, ջազ երաժշտություն, Սևակ, Շիրազ... Եւ այս ամենը՝ Քաշաթաղի անծայրածիր դաշտերում, գետահովիտներում, բարձունքներում: Դե արի ու «սրանցով» մի ուրախանա... «ԽԱՉԱԿԻՐԸ» Խաչատուրի հետ մի քանի նախադասություն փոխանակելուց հետո իսկույն ծնվեց համեմատությունը «խաչակրի» հետ: Խոսքը Կովսականի քաղաքապետ Խաչատուր Ադամյանի մասին է: Մեր ծանոթության «պրոցեդուրան» հավուր պատշաճի, բայց շատ արագ ավարտելուց հետո նա, առանց ժամանակ կորցնելու, իսկույն անցավ մեզ լուսավորելու սուրբ գործին: Նա մեզ ապացուցեց, որ հայ ժողովուրդը համաշխարհային առաքելություն ունի, և այդ առաքելությունը կրթա-լուսավորչա-հոգևոր է: Այդ առաքելությունը մենք դարեր ի վեր կատարում ենք, անգամ եթե չէինք ուզում, որովհետև դա Աստծո կամոք է, Աստված հենց մեր ազգի վրա է դրել այդ ծանր միսիան: Եւ հյուրերիս այն երկչոտ դիտարկումը, որ մեր իսկ ազգի համար գուցե ավելի օգտակար լիներ զբաղվել սեփական պրոբլեմներով, իր իսկ տանը նախևառաջ իրականացնել այդ առաքելությունը և հետո միայն համայն աշխարհում՝ էլ ավելի բորբոքեց նրա եռանդը: Ուղղակի ֆանտաստիկ է, որ այսօրվա «աշխարհից» կտրված այս հեռավոր ու քիչ բնակեցված վայրում նման կիրթ ու գրագետ, այսպիսի ու այսչափ լուսավորյալ մարդ կա, որպիսիք մատների վրա կարելի է հաշվել անգամ մայրաքաղաքներում: Եւ սա ասում ենք առանց նշույլ իսկ հումորի: Ինչ վերաբերում է նրա ջերմեռանդությանը, ապա կարելի է ասել հետևյալը՝ եթե հավատում է, հոգու և ուղեղի բոլոր թելերով կապված է այդ առաքելության հետ, ուրեմն՝ ճիշտ է անում: Եթե հավատում է, ուրեմն՝ ճշմարիտ է: Իսկ նա ոչ միայն հավատում է, այլև կարողանում է հավատացնել: Ապացույցը նրա շրջապատն է, նրա գաղափարակիցները: Այդ հավատ-համոզմունքով էլ աշխատում են, արարում, ապրում և ապրեցնում: Լրագրողներիս համար ամենազարմանալին այս սարուձորերում այդքան տեղեկացված մարդու ներկայությունն էր: Իսկ Խաչիկը տեղյակ էր ամեն ինչի, նրա պրպտուն միտքը հետաքրքրվում է ամեն ինչով, այն ամենով, ինչ կատարվում է Արցախում, Հայաստանում, տարածաշրջանում, աշխարհում: Եւ այդ պրպտուն միտքը ոչ միայն թևածում է, այլև երկնում: Չզարմանաք՝ Կովսականն արդեն ոչ միայն ամսաթերթ ունի, այլև զինանշան: Ափսոս, որ Կովսականի ներկայիս քաղաքապետը կարող է շուտով «նախկին» դառնալ, համենայն դեպս՝ նա արդեն դիմում է գրել: Թե ինչու՝ չգիտենք: Իր ասելով՝ առողջական պատճառներով: Բայց ասածի մեջ նաև առեղծվածային երանգ կար: Ասել է թե՝ հրաժարականի վերջնական «դիագնոզը» դեռ չի տրվել: Բայց, բոլոր դեպքերում էլ, ինչպես ինքը՝ Խաչատուրն է ասում՝ պաշտոնից հեռանալը չի նշանակում հեռանալ Կովսականի ճակատագրից ու ապագայից: ՓԵՍԱՑՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ Հյուրընկալվելով կովսականցի Հրաչ Մանուչարյանի ընտանիքում, մենք անմիջապես էլ երևելի տեղում դրված նկարների մեջ ծանոթ հեռուստադեմք տեսանք: Այո, ինքն է՝ ամերիկահայ հայտնի քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Պարզվում է՝ նա Հրաչի փեսան է: Ահա թե որքան նեղ է երկիր մոլորակը (կլորը գիտեինք): Ռիչարդն իր կյանքի ուղեկցին գտել է ի դեմս ազատագրված տարածքի տիրուհիներից մեկի՝ Մարիաննայի: Իր պես համակրելի ընտանիք ունի Հրաչը, իր ընտանիքի պես համակրելի էլ՝ տուն, ուր ամեն ինչ տեղը տեղին է ու ճաշակով: «Գավառական» այս քաղաքի այս տանը «մայրաքաղաքային» ճաշակ էր: ԿրթՕՋԱԽԴ ՇԵՆ ԼԻՆԻ - Օջախդ շեն մնա,- հրաժեշտին ասացինք Վարդանին ու ինքներս էլ միասին անմիջապես ծիծաղեցինք: Այս բարեմաղթանքը երկու հասցե ունի, քանի որ Վարդանի տունը դպրոցի շենքում է: Վարդան Վարդանյանը Քաշաթաղի շրջանի Վան գյուղի դպրոցի տնօրենն է: Արդեն 8 տարի է, որ ընտանիքով տեղափոխվել են գյուղ եւ մինչեւ հիմա բնակվում են դպրոցի շենքում: Վարդանի ընկերները հաճախ են անծանոթների մոտ կատակում, որ Վարդանն իր տունը վարձակալությամբ տրամադրել է դպրոցին: Իսկ նրա «կոլեգա», Հակարիի դպրոցի տնօրեն Արմեն Մովսեսյանն էլ ամեն տեսնելուց ասում է. - Ա°յ մարդ, դպրոցի համար շենք կառուցել տուր, որ քո տունը քեզ մնա: Իսկ «քո տունը» մի հսկա շենք է: Վարդանի կինն էլ է դպրոցում աշխատում՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Երկու երեխա ունեն՝ Սերգեյն ու Անին, որոնք արդեն հարմարվել են իրենց «տան» մեծ չափսերին: Փոքրիկ Անիի պատկերացումներում երևի տուն հասկացությունն այդպես էլ ձևավորվում է՝ մոտ 30 երեխաներ, որոնք ամեն օր, չգիտես ինչու, դասի են գալիս իրենց տուն, ընտանիքի ու դպրոցի հավատարիմ բարեկամ շունը, որը բազմիցս փրկել է երեխաների կյանքը օձերից ու կարիճներից: Զրուցելով Վարդանի եւ կնոջ հետ՝ նորովի ես ընկալում այդ հեռավոր գյուղում ապրելու հերոսությունը, մի որակ, որ իրենք ավելի համեստ են գնահատում: Նրանք պարզապես սիրում են իրենց հայրենիքը և եկել են շենացնելու այն: «Ընդամենը»: Այս ընդամենն առանց չակերտների ընդունողներ կան, որոնց մեղքով էլ մարդը մինչև այսօր տուն չունի: ՆՐԱՆՔ ԱՊՐԵԼ ԵՆ ԱՅՍՏԵՂ ՆԱԵՎ «ՍՈՎԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ» Իրինա Թոխունցն այն համարձակ երիտասարդներից է, ովքեր կարողացել են հարմարվել Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի պայմաններին, համենայն դեպս՝ առայժմ: Ընտանիքով այստեղ են արդեն 1997 թվականից: Բայց նրանց արմատներն այս հողում ավելի խորն են: Խորհրդային տարիներին Իրինայի պապը հենց այստեղ էր ապրում, դրա համար էլ հայրը որոշեց մնալ գյուղում, սակայն երկու տարի առաջ մահացավ հիվանդության պատճառով: Այժմ Իրինան ապրում է 2-րդ կարգի հաշմանդամ մոր հետ: Ընտանիքի ողջ հոգսը իր վրա է, դրա համար էլ Գորիսի մանկավարժական քոլեջն ավարտելուց հետո վերադարձավ գյուղ: Այժմ աշխատում է գյուղի դպրոցում՝ որպես գրադարանավարուհի: - Երիտասարդներն այստեղ զբաղմունք չունեն, դրա համար էլ թողնում են գյուղը,- մտահոգված ասում է Իրինան: -Չնայած մեր գյուղը շրջանի ամենամեծ գյուղերից է, բայց, միեւնույն է, այստեղ երիտասարդն անելիք չունի: Եթե դպրոցի աշխատանքս չլիներ, երեւի ես էլ ստիպված կհեռանայի: ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՆՃԱՐ ԿԱՄ ՀԱՐՈՒՍՏ Շրջանը, մասնավորապես՝ գյուղը լքողների հանգամանքը խիստ մտահոգում է նաև Ծաղկաբերդի դպրոցի զինղեկ Ժորա Ղազարյանին: Ասում է՝ գյուղից կամ հարստացած մարդիկ են հեռանում, կամ անճարները, որոնք չեն կարողանում այստեղ ապրել: -Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ չթողնե՞նք հարստանան:- կատակեցինք: - Չէ, գոնե չթողնենք անճար լինեն: Իսկ հարուստների հեռանալու պատճառներն էլ՝ հասկանալ ու ելք գտնել,- կատակելու հավես չունենալով՝ ասում է նա: Ըստ նրա, բարեկեցության գոնե միջին մակարդակ պարտադիր պիտի ապահովվի. - Գյուղերում պետք է աշխատող լինես, այստեղ պարապ ու ծույլ մարդու տեղ չէ: Այստեղ կան բոլոր պայմանները, չնայած լուրջ խնդիրներ ունենք գյուղտեխնիկայի հետ կապված: Անասնապահությամբ ենք նաեւ զբաղվում, բայց կաթի եւ կաթնամթերքի իրացման խնդիրներ էլ ենք ունենում: Լավ կլիներ գյուղում կամ մոտակա բնակավայրերից մեկում կաթնամշակման ձեռնարկություն ունենալ: Ահա այսպիսին է քաշաթաղյան «միջին» խավը: ԳԻՐՔՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՋՐԻ ՊԵՍ Վարդիթեր Պետրոսյանը հայտնի քաղաքական գործիչ, ազգային հերոս Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոցի տնօրենն է ու, բնականաբար, ամեն ինչին նայում է դպրոցի հիմնախնդիրների տեսանկյունից: 2003-ին շահագործման հանձնված դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի` մարզադահլիճ չունեն, դրսում իրենց ուժերով մարզադաշտն են մի քիչ կարգի բերել: 32 աշակերտ ունեն, 14 ուսուցիչ, սակայն անգլերենի, քիմիայի եւ կենսաբանության մասնագետների կարիք ունեն: Դպրոցի փոքր, բայց գեղեցիկ ու կոկիկ կահավորված գրադարանում համարյա չկան մանկական գրքեր: Շատ զարմացանք, որ գրադարանը նաեւ զուրկ է արցախցի ժամանակակից գրողների գրքերից, ուստի ինչու՞ զարմանալ, որ այստեղ արցախցի ոչ մի հեղինակի չեն ճանաչում: Չէ՞ որ վերջիններս էլ իրենց չեն ճանաչում: Ամեն տարի պետական միջոցներով գրքեր են հրատարակվում, բայց դրանց տարածման «աշխարհագրությունում» Քաշաթաղը չկա: ԳԱՆՁԵՐԻ ԳԱՆՁԸ Քաշաթաղի շրջանում բնությունը հրաշքներ է գործել, անձեռակերտ շատ գանձեր է թողել, բայց ամենամեծ գանձն այստեղի մարդիկ են, այս տարածքը պահող մարդիկ: Իսկ գանձերի գանձն էլ այստեղի երեխաներն են, այստեղի բնության հրաշքներն իրենց դեմքին ու հոգում արտացոլած: Թե հրաշալի եղավ նրանց ապագան, հրաշալի կլինի նաև տարածքի ապագան: Ծաղկաբերդցի այս մանչուկներն իրենց մտքներում հենց այդպիսին են գծում իրենց ապագան: ԿՈՎԲՈՅԻ ԵՐԿԻՐ ՔԱՇԱԹԱՂՍ Այո, այո, հենց այսպես է ընկալել Քաշաթաղի ոգին ու նրա աուրան Ջեյմս Թուֆենկյանը: Ընկալել է միանգամից, մի հայացքից: Այդպես է ընկալել, քանի որ ազատ մարդ է, քանի որ միտքն ու հոգին կապանքների մեջ չեն: Իսկ այսօր Քաշաթաղի ճակատագրով զբաղվող, այդտեղի մարդկանց ապրելակերպը որոշող մեր պաշտոնյաների մեծ մասը այդպիսին չի ընկալում շրջանը, ինչ ուզում ես արա՝ չի ընկալում, ֆիզիկապես չի ընկալում: Մեծ գաղտնիք չկա՝ ստրկական հոգեբանությունն է նրանց մեջ: Նրանք իրենք ազատ չեն և մտքով անգամ թույլ չեն տա ուրիշների ազատությունը՝ «այդ ինչպե՞ս»: Մինչդեռ Քաշաթաղում կամ ապրելու են ազատ մարդիկ, կամ էլ ոչ ոք չի ապրելու՝ թողնելու-հեռանալու են: Իսկ այսօր մենք ուզում ենք մեր վարչա-հրամայական պրոկրուստյան մահճում զոռով տեղավորել նրանց: Դրա գինը շրջանի ու մարդկային այս փառահեղ տեսակի կորուստն է լինելու: Մեր մի ինչ-որ կիսագրագետ չինովնիկ, օրինակ, կարող է իրեն թույլ տալ տեղի «կովբոյներից» մեկի հասցեին հրապարակավ հոխորտալ՝ «ես կկոտրեմ դրան»: Չի կարողանա, պարզապես հայրենիքը կարող է մի «զզված կովբոյ» էլ ձեռք բերել: Իսկ անհայրենիք չինովնիկի վեջն էլ չէ, նա իր «օխտը պորտի» խնդիրը լուծել է արդեն և չվելու է տաք երկիր, իսկ մենք կարող է հայրենիք կորցնենք: Ուղեղումդ չի տեղավորվում, բայց ահա հանդից իր մեքենայով տուն վերադարձող «կովբոյը» կարող է ճամփին հանդիպել չգիտես որ ցավից այս սարերում հայտնված պետավտոտեսուչի, որն իրենից «պրավա» է ուզում: Կատաղում է «կովբոյը», ասում է՝ «չէ հա, զուգարան գնալուց էլ պասպորտս պիտի ջեբու՞մս դնեմ», մի քանի ցուրտ խոսք է ասում ու հայտնվում «օրենքից դուրս» վիճակում, որպեսզի մեր նախկին վարչապետի նմանները իրենց «օրինական դաշտ բերեն»: Այլընտրանք չկա՝ այստեղ ՄԱՐԴԻԿ են ապրելու, այստեղ վարչա-հրամայական համակարգին պիտի փոխարինի վարչա-սրտացավական վերաբերմունքը, պիտի վերջ դրվի մարդկանց կոտրելու, բամբասելու-լրտեսելու-ծառայեցնելու մոլուցքին: Այստեղ պիտի թևածի ազատությունը: Դժվարագույն պայմաններում Հայրենիք պահողը արժանի է գոնե ազատության:
մենք ու մունք Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմՎահան ԻՇԽԱՆՅԱՆ «ԱրմենիաՆաու» «Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաու»-ի լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ յուրաքանչյուր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թե որտեղացի է` կատաղած նրանց մեջ ղարաբաղցի փնտրելով: Ապատեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Ազատության հրապարակի նստացույցը ցրողները խոսում էին Ղարաբաղի բարբառով: Բայց դա պատահական չէր, դա ԼՏՊ-ի շարժման առաջացրած այլատյացության դրսևորումն էր, որի թիվ մեկ թշնամին դարձան ղարաբաղցիները: ... Մարտի 2-ի առավոտյան ընդհարման վայրի մոտակայքում մայթի սալահատակն ուսումնասիրող մի մարդ տեսավ պահակություն անող զինվորներին և առանց կոնկրետ որևէ մեկին նկատի ունենալու՝ նետեց նրանց ուղղությամբ. «Ղարաբաղցի շներ»: Սրանք միակ դեպքերը չեն, դարձել է վերջին շարժման ընթացքում տարածված կարծիք: Ղարաբաղցիների նկատմամբ բացասական վերաբերմունքը առաջացավ, երբ ընդդիմության դեմ իր իշխանությունը ամրացնելու համար Տեր-Պետրոսյանի` Ղարաբաղից բերված գործիչները նրա ձեռքից առան իշխանությունն ու սկսեցին օգտվել նրա ստեղծած կլանային համակարգի պտուղներից: Եթե համակարգը կլանային է, ապա մարդիկ բողոքում են այն կլանի դեմ, ով իշխանության է: Առաջ այդ բողոքի թիրախը ՀՀՇ-ն էր` իր լիդերի հետ միասին, իսկ հետո դարձան ԼՏՊ-ին պաշտոնանկ անողները: Համակարգը նույնն է մնում, եթե վաղը իշխանության գան ախալքալաքցիները՝ նրանք են օգտվելու: ԼՏՊ-ն ղարաբաղցիների նկատմամբ բացասական վերաբերմունքը վերածեց ատելության` հայտարարելով իշխանություններին թաթար-մոնղոլներ և ասելով. «Այս երկու մարդու պատճառով վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան: Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց» (ո՞վ է ստուգել այս թիվը` անհայտ է): Թշնամանքը առաջնորդի գլխավոր զենքն էր 5 ամիսների ընթացքում, երբ նա իր կառավարած տարիների միակ սխալը համարեց Ղարաբաղից երկու գործիչներին բերելն ու միայն դրա համար ներողություն խնդրեց: ... ԼՏՊ-ի և նրա համախոհների քարոզչությունը թշնամության դոզան բարձրացնելով՝ ավելացնում էր նրան ընտրողների թիվը: Նա հայտարարեց, որ Սերժն ու Ռոբերտը տևական ժամանակ թուրքերին ստորաքարշորեն ծառայել են: Մյուս կողմից` դավաճան ու տականք հռչակեց բոլոր նրանց, որոնք իրեն չեն միանում, ու իր ասած իշխանության մեջ ճաքեր բացվելու փոխարեն հասարակության մեջ թշնամանքի խոր ճեղքեր ճյուղավորվեցին. եթե լիդերը դավաճան է հռչակում մեկին, ուրեմն զանգվածը պատրաստ է նրան ոչնչացնել: ... Սակայն գլխավոր թիրախը մնում էին ղարաբաղցիները. «Ղարաբաղը տանք` լավ ապրենք» և «Ղարաբաղցիներից ազատվենք» ոչ հրապարակային ասված ներազգային ֆաշիզմի դրսևորումները հիշեցնում էին 20-30-ական թվականների Վեյմարյան Գերմանիան, ուր կոռուպցիայի, օլիգարխիայի, արժեզրկման, մոնոպոլիզացված տնտեսության մեղավոր հռչակվեցին հրեաները (1919 թվականին Վեյմարում ընդունված սահմանադրությունը շատ նման է 95-ի սահմանադրությանը, որտեղ ուժեղ կենտրոնացված նախագահական համակարգը թույլ չէր տալիս հասարակությանը մասնակցել որոշումների ընդունմանը և նպաստում էր օլիգարխիայի ու մոնոպոլ տնտեսությանը, որը հանգեցրեց որպես ճգնաժամի լուծման տարբերակ նացիստների իշխանության գալուն): Հակաղարաբաղյան այլատյացության գագաթնակետը հասավ փետրվարյան հետընտրական միտինգներին, երբ Օպերայում մի դասախոս հրապարակում էր այն ուսումնական հաստատությունների ղեկավարների անունները, որոնք պետք է պատժվեն` զանգվածի բուռն աղաղակների ներքո շեշտելով նրանց ղարաբաղցի լինելը, իսկ մի ուրիշ հռետոր էլ հայտարարեց. «Այս հրապարակում հավաքված հայորդիները 3 անգամ ավելի շատ են, քան Ղարաբաղի քաղաքացիները, կեցցեն հայորդիները»: Ագրեսիայի դեմ որպես բողոք` բլոգներից մեկում ոչ ղարաբաղցիները սկսեցին հայտարարել՝ ես ղարաբաղցի եմ, ինչպես Դինքի սպանությունից հետո թուրքերը հայտարարում էին՝ ես հայ եմ: Մարտի 1-ին կիրառվեց 5 ամսվա քաղպարապմունքի արդյունքը` Մոլոտովի կոկտեյլների ու ձողերի տեսքով: Զանգվածը հարձակվում էր ոստիկանների վրա` գոչելով. «Թուրքեր, ղարաբաղցիներ, հեռացեք»: Ասում են, թե այդ օրը կոտրվեց հայ ժողովրդի ոգին, եթե կոտրվեց, ապա դա գուցե այլատյացության ոգին էր: Պատմության վայրագությունները հասկանալու համար ամենաանվտանգ ձևը չէ դրանք մաշկիդ վրա զգալը, բայց պատմության դասագրքերի համեմատ ամենաարդյունավետն է, երբ հասկանում ես, թե ճգնաժամի և անարդարությունների հետևանքով ինչպես է ստեղծվում թշնամու կերպար:
ԵՐԲ ՔԱՂՑԿԵՂՆ ՈՒՏՈՒՄ Է, ՍԵՊՆ ԻՆՉ... ...Հայ ժողովրդի երկու հատվածների մեջ սեպ խրելն իսկապես պետք է լինի քրեորեն պատժելի արարք, ինչպես որ ասում էր Ռոբերտ Քոչարյանը, երբ դեռ նախագահ էր: Ավելին, դրա համար պետք է սահմանվի պատժի առավելագույն չափը` ցմահ բանտարկություն, եւ եթե կարողանանք համոզել Եվրոպայի խորհրդին, որն, ի դեպ, պետք չէ մոռանալ, որ պոլիտբյուրո չէ, ինչպես որ կրկին ասում էր Ռոբերտ Քոչարյանը, երբ դեռ նախագահ էր, ապա պետք է հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ սեպ խրելու համար տալ գնդակահարություն: Ընդ որում, քանի որ խոսքը երկու հատվածների միջեւ սեպ խրելու մասին է, ապա պետք է տալ երկու անգամ գնդակահարություն: Եվ այդ նույն սկզբունքով, եթե սեպը խրվում է երեք հատվածների միջեւ, ապա երեք անգամ ենք գնդակահարում մեղավորին, չորսի դեպքում՝ չորս, եւ այդպես շարունակ: Սակայն օրենսդրական այդ կարգավորումը կատարելու համար անհրաժեշտ է իրավաբանորեն հստակ սահմանել երեք բան` ի՞նչ է հայ ժողովուրդը, ի՞նչ է հատվածը եւ ի՞նչ է սեպը: «Ի՞նչ է հայ ժողովուրդը» պետք է պարզել, որպեսզի իմանանք, թե հատվածը, որի մեջ ասենք թե, ենթադրաբար խրվել է սեպը, արդյոք իրապես պատկանու՞մ է հայ ժողովրդին, թե՞ ոչ: Իսկ «ինչ է հատվածը» պարզելը պետք է, որպեսզի իմանանք, թե քանի հատվածի է բաժանված հայ ժողովուրդը: Դա պարզելը երեւի թե այդքան էլ բարդ չի լինի, քանի որ կան հազարավոր պատմական աշխատություններ, որոնց օգնությամբ կարելի է հանրագումարի բերել հայ ժողովուրդ հասկացությունը եւ ինչ որ պահի գալ փոխադարձ, հանրայնորեն ընդունելի, լեգիտիմ սահմանման: ... Մի փոքր բարդ է, բայց նաեւ չափազանց կարեւոր, «սեպ» հասկացությունը հստակ սահմանելը, որպեսզի հանկարծ անմեղ մարդիկ չդատվեն, որովհետեւ միգո՞ւցե մարդը ոչ թե սեպ, այլ մեկ այլ, շատ ավելի փափուկ ու անվնաս բան է խրում հայ ժողովրդի մեկից ավելի հատվածների միջեւ, մինչդեռ այդ հանգամանքը օգտագործվում է նրա հանդեպ հաշվեհարդար տեսնելու համար: ... Այսինքն, իրավաբանական հստակեցումներն ու ձեւակերպումների բյուրեղացումը այս դեպքում դառնում է կենսական անհրաժեշտություն: Դատեք ինքներդ, երբ հստակ սահմանված չեն «հայ ժողովուրդ», «հայ ժողովրդի հատված» եւ «սեպ» արտահայտությունները, ապա կարող է, օրինակ, Արամուսի գազարը համարվել սեպ հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ, քանի որ այն երգի միջոցով առանձնանում է որպես յուրահատուկ գազար եւ այդպիսով կարող է խոցվել, ասենք, հարեւան գյուղի կամ մարզի բնակիչների գյուղական ինքնասիրությունը եւ ազգային արժանապատվությունը: ... «Հայ ժողովուրդ», «ժողովրդի հատված» եւ «սեպ» արտահայտությունների իրավաբանական սահմանումը շատ կարեւոր է գյուղականից մի փոքր ավելի բարձր, հասարակական գործունեության բնականոն ընթացքի համար: Օրինակ, դրանից կարող է կախված լինել մեր շատ ու շատ պաշտոնյաների հասարակական գործունեությունը, առանց որի նրանք երեւի թե ուղղակի չեն պատկերացնում իրենց կյանքը: Օրինակ, մեր շատ ու շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն անդամակցում են, այլ նաեւ գլխավորում են հայրենակցական տարբեր միություններ: Մինչդեռ հայրենակցական միությունը, որը փաստացի առանձնացնում է, ասենք, ապարանցիներին, տավուշցիներին, գուգարքցիներին, արցախցիներին, գարդմանցիներին, ջավախահայերին, վիրահայերին, լոռեցիներին, սյունեցիներին եւ այդպես շարունակ, կարող է համարվել հայ ժողովրդի հատվածների մեջ սեպ խրելու ամենաակնառու փորձը: Հայրենակցական միությունների գոյությունից արդյոք չի ստացվում այն, որ ապարանցու հայրենակիցը միայն ապարանցին է, իսկ գարդմանցունը` միայն գարդմանցին: Իսկ այդ դեպքում ի՞նչ է գարդմանցին ապարանցու համար կամ՝ հակառակը: Եվ թերեւս միայն սեպ խրելը չէ, որ պետք է պատժել քրեորեն: Պետք է քրեորեն պատժել նաեւ հայ ժողովրդին հատվածների բաժանելը, այն դիտելով որպես դրդում սեպ խրելուն: Այսինքն, երբ որեւէ մեկը հայ ժողովրդին բաժանում է հատվածների, թեկուզ միանգամայն խաղաղ օգտագործման նպատակով, ապա դա նշանակում է, որ դրանից կարող են օգտվել չարակամները եւ հատվածներն օգտագործեն սեպեր խրելու համար: Այնպես որ, միանգամայն համաձայն լինելով Ռոբերտ Քոչարյանի առաջարկ-գաղափարին, ես փորձում եմ առաջարկել առաջին կոնկրետ քայլն այդ ուղղությամբ` ընդունել օրենք, որը կարգելի որեւէ հայրենակցական միության ստեղծումը Հայաստանում եւ դրա գործունեությունը, եթե խոսքը չի վերաբերում ազգային փոքրամասնություններին, իսկ արդեն ստեղծված հայրենակցական միություններին տալ ինքնալուծարվելու երեք ամիս ժամանակ:
Հակոբ
ԲԱԴԱԼՅԱՆ
«Կայունացնող» օրենքներ ...Իրենց հերթին են սպասում առնվազն եւս երկու «կայունացնող» օրենք՝ «Ղարաբաղցիներին չնեղացնելու մասին» եւ «Ազատություն» ռադիոկայանը չհեռարձակելու մասին»: Առաջինը ոգեշնչված է նրանով, որ ընդդիմությունը հաճախ է անդրադառնում «ղարաբաղյան կլանին»: Անկախ նրանից, թե որքանով է այս բառակապակցությունը ճշգրիտ, ակնհայտ է, որ խոսքը ոչ թե հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ «սեպ խրելու» մասին է, այլ՝ միայն այսօրվա կառավարիչներին քննադատելու: Ուրիշ բան, որ զուտ կենցաղային մակարդակում կա այդ քաղքենիական եւ խիստ մերժելի վերաբերմունքը: Բայց եթե վաղը երկրի ղեկավարը լինի Սիսիանից կամ Լոռիից ու իրեն դրսեւորի համապատասխան ձեւով, ժողովուրդը նույն բաները խոսելու է սիսիանցիների կամ լոռեցիների մասին: «Տեղայնական ռասիզմի» դեմ պետք է, անշուշտ, պայքարել: Բայց օրենսդրորեն պատժամիջոցներ սահմանելը չի օգնի կամ, գուցե, կխանգարի դրան. այստեղ պետք են պետության եւ հասարակության լուրջ, մտածված քայլեր:
«ԱՌԱՎՈՏ»
պատմություն ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՀՎԱԾՔՈՎ «ՍՏԻՊՈՒՄ» ԵՆ ԲԱՔՎԻՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԵԼ 1988թ.-ին, երբ Ղարաբաղյան շարժումը նոր փուլ մտավ, Արեւմուտքի համար ազգային խնդիրները շահարկելը դարձավ ԽՍՀՄ կազմաքանդման հիմնական միջոցներից մեկը: Այս համատեքստում փաստորեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Արեւմուտքի կողմից քաղաքական նոր իմաստ ստացավ: Պատահական չէ, որ ԱՄՆ կոնգրեսը նախքան ԽՍՀՄ լուծարումը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնցով կոչ էր արվում ԽՍՀՄ ղեկավարությանը հիմնահարցը լուծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքին համապատասխան (այս մասին մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ մի քանի հոդվածներում): Ակնհայտ էր, որ դրանով ԱՄՆ-ն բարոյապես սատարում էր Ղարաբաղի ազատագրական պայքարը: Սակայն արդեն 1991թ. աշնանը, երբ ԽՍՀՄ լուծարումը մտավ ավարտական փուլ եւ Լեռնային Ղարաբաղը Արեւմուտքի տեսակետից արդեն կատարել էր ԽՍՀՄ փլուզման պայթուցիկի դերը, ԱՄՆ-ն հայտարարեց, որ հետխորհրդային տարածքում իրենք նորանկախ պետությունները ճանաչելու են միութենական հանրապետությունների սահմաններում: Եվ ԱՄՆ-ն Ադրբեջանի Հանրապետությանը (ԱՀ) ճանաչեց այն պահին, երբ վերջինս բռնազավթել էր իրեն չպատկանող տարածքներն ու պայքար էր մղում ԼՂՀ-ի դեմ: Ճիշտ է, Երեւանում լուրեր էին պտտվում, թե իբր ԱՄՆ պետքարտուղար Բեյքերը հայտնել է հայ ղեկավարներին, որ ԱՄՆ-ն այդպես է վարվել, որպեսզի ձեռք բերի Ադրբեջանի ագրեսիվությունը սանձելու լծակներ, բայց Բաքուն դրանով ավելի ոգեւորվեց: 1992-ին ԱՀ-ն ՄԱԿ է ընդունվել նախկին ԱդրԽՍՀ-ի սահմաններում եւ այսօր ճանաչված է այդպիսի սահմաններում: Մինչդեռ Բաքուն հրաժարվել էր ԱդրԽՍՀ-ի իրավահաջորդությունից եւ 1991թ. օգոստոսի 30-ի պետական անկախության վերականգման մասին հռչակագրով ու 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունած պետական անկախության սահմանադրական ակտով իրեն հռչակել է որպես 1918-1920թթ. թուրքական ինտերվենցիայի արդյունքում ստեղծված եւ Ազգերի լիգայի կողմից չճանաչված, սահմաններ չունեցող (քանի որ տարածքային հավակնություններ էր ներկայացրել գրեթե ամբողջ Հարավային Կովկասի նկատմամբ), կարճ ժամանակ անց պատմության թատերաբեմը լքած (1920թ. ապրիլի 30-ին Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակը, իշխանությունից հեռացնելով մուսավաթականներին, վերականգնել է 1917 թ. Բաքվում հաստատված խորհրդային կարգերը) Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: 1992 թվին Ռուսաստանը նույնպես ԱՀ-ն ճանաչեց նախկին ԱդրԽՍՀ սահմաններում, ինչն իր դրդապատճառներն ուներ: Հատկապես՝ 1990 թ. ապրիլի 3-ի «Միութենական հանրապետությունների ԽՍՀՄ-ից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման մասին օրենքը» Ռուսաստանը պայթունավտանգ էր համարում իր համար, քանի որ իր տարածքում բազմաթիվ այդպիսի շրջաններ կային, որոնք կարող էին օգտվել այդ օրենքից: Դա իր անմիջական անդրադարձը ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա, քանի որ ԼՂՀ անկախացումը Ռուսաստանը թյուրիմացաբար անմիջականորեն կապում էր այդ օրենքի հետ եւ այդ պահին նախադեպեր թույլ չտալու համար էլ կատարեց քաղաքական այդ քայլը: Կարծում ենք, որ այս դեպքում ճանաչումը իրավական ակտ չէր, այլ քաղաքական: Եվրոպան նույնպես ղարաբաղյան հակամարտության նկատմամբ անհետեւողական ու անսկզբունք վերաբերմունք ունի. 1991թ. մարտի 14-ի եւ 1993 թ.-ի հունվարի 21-ի բանաձեւերում Եվրախորհրդարանը անհանգստություն էր հայտնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակման, մարդու իրավունքների խախտման եւ Ադրբեջանից արտաքսված 300 հազար հայերի ողբերգական վիճակի հետ կապված: Արձանագրվում էր, որ ԵԱՀԽ-ն պետք է գործի Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ անմիջական բանակցությունների ապահովման ուղղությամբ եւ փաստում, որ դաժան շրջափակումով Ադրբեջանը ձգտում է պատերազմի մեջ ներքաշել Հայաստանին: Չնայած դրան, մինչեւ օրս եվրոպական երկրները չեն ճանաչում ԼՂՀ ընտրությունները եւ դրանց արդյունքում ձեւավորված իշխանություններին: Ավելին, 2005 թվականի հունվարի 5-ին Եվրախորհրդի կողմից ընդունված թիվ 1416 փաստաթուղթը, անտեսելով նախորդ բանաձեւերը, մոռանալով Ադրբեջանի Հանրապետությունից հարյուր հազարավոր բռնի արտաքսված հայ փախստականներին, Հայաստանին անուղղակի մեղադրում էր հարեւան պետության տարածքի բռնազավթման մեջ՝ հակառակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822 բանաձեւի, որտեղ նշված է, որ ԼՂ-ի տեղական ուժերն են, ճեղքելով շրջափակումը, դուրս եկել ԼՂԻՄ-ի հարակից շրջանները եւ իրենց վերահսկողության տակ առել դրանք: 1992-ից ի վեր ԼՂ-ի հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԽ (հետագայում՝ ԵԱՀԿ) Մինսկի խումբը նույնպես խնդիրը համարժեքորեն չի ներկայացնում, քանի որ ԵԱՀԿ անդամ գրեթե բոլոր պետությունները ի դեմս իրենց տիտղոսակիր ազգի «չեն սիրում» ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ ամեն կերպ փորձում են խոչընդոտել նման գործընթացները: Եւ հակառակ այն իրավական փաստի, որ ԼՂՀ-ն կայացել է ԱՀ-ին իրավաբանորեն եւ փաստացիորեն չպատկանող տարածքներում, ԵԱՀԿ-ում հարցը ձեւակերպում են որպես ինքնորոշման հիման վրա ԱՀ-ից ԼՂ-ի անջատման խնդիր: Իհարկե, սա չի նշանակում, թե խնդիրը ինքնորոշման հետ ոչ մի կապ չունի: ԼՂՀ ժողովուրդն աշխարհի մնացած ժողովուրդների նման եւս ունի ինքնորոշման անօտարելի եւ վաղուց ճանաչված իրավունք եւ իր այդ իրավունքը նա 1991-ին իրագործել է ԱՀ-ին չպատկանող տարածքներում: Բայց ահա այս հարցադրման իրավական հիմքերի փաստաթղթերի փաթեթն է, որ առ այսօր չկա ԵԱՀԿ փաստաթղթերում, որի կողմից դա օգտագործվում է քաղաքական նպատակներով: Խնդրի նման ձեւակերպումների ԱՀ-ին հաջողվել է հասնել նավթային դիվանագիտության շնորհիվ, որը դեռեւս անցյալ դարի 20-ական թվականներից օգտագործում է Բաքուն: Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ Նարիմանովին է պատկանում «Չտաք Լեռնային Ղարաբաղը՝ կերոսին չենք տա» Մոսկվային ուղղված լկտի սպառնալիքը: Խոշոր պետությունների կողմից ԱՀ-ի ճանաչումը նրան չպատկանող տարածքներում վերջինիս համար 1992-ին դարձել է ԼՂ-ի դեմ պատերազմ սանձազերծելու յուրօրինակ թույլտվություն: 1991-92թթ. խոշոր տերությունները եւ Եվրոպան բավական է հայտարարեին, որ իրենք կսատարեն հիմնախնդրի իրավական փաթեթի հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, որպեսզի կանխվեր պատերազմը: Կատարվեց հակառակը: ԱՀ ճանաչումը իրեն չպատկանող տարածքներում վերջինս ընդունեց որպես պատերազմ սկսելու արտոնություն: Փաստորեն խոշոր տերությունների կողմից 1992-ին խնդրի իրավական հիմքերի անտեսումով ԱդրԽՍՀ սահմաններում ԱՀ-ի ճանաչումը դարձավ պատերազմ սանձազերծելու սադրանք: Զինադադարի հաստատումից հետո արդեն անցել է շուրջ 14 տարի, սակայն խոշոր տերություններում, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ այլ կազմակերպությունների շրջանակներում ԼՂ հակամարտության քննարկումը համընդգրկուն բնույթ չի ստացել, առայսօր, ինչպես նշել ենք, հիմնախնդրի իրավական փաթեթը ոչ մեկի կողմից չի քննարկվում: Դեռ ավելին, մարդու իրավունքներն ու ազատությունները գերագույն նպատակ հռչակած Արեւմուտքն ու ԱՄՆ-ը, միջազգային մյուս ուժերը հիմնականում բանակցում են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հետ, քանզի նրանց հիմնական նպատակը ոչ թե ԼՂ հիմնախնդրի լուծումն է (այլապես չէր առաջարկվի ԼՂ-ի կարգավիճակի հարցը հետաձգել 10-15 տարով, կամ չէին հայտարարի, որ չեն ճանաչում ԼՂՀ-ի ընտրությունները, որոնք փաստացի ավելի ժողովրդավարական են եղել, քան ԱՀ-ի ցանկացած ընտրություն), այլ տարածաշրջանում սեփական խնիրների լուծումը: Հենց այդ պատճառով են խուսափում առայժմ չճանաչված ԼՂՀ-ի հետ բանակցությունները վարելուց եւ նախընտրում են բանակցություններ վարել ՀՀ-ի եւ ԱՀ-ի հետ, որոնց վրա անհրաժեշտության դեպքում կարելի է ճնշում գործադրել: ԼՂՀ ժողովրդի ինքնորոշված իրավունքի չհարգումը անարդարացիորեն հանգեցրել է ԼՂՀ-ում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքների ու ազատությունների չհարգմանը: Այդ մարդկանց իրավունքները ներկայումս էլ չեն գտնվում միջազգային պաշտպանության ներքո եւ շարունակում են ոտնահարվել սոսկ այն պատճառով, որ ապրում են միջազգայնորեն չճանաչված պետություններում, որը չի կարող երբեւիցե արդարացում հանդիսանալ այդ կենսական իրավունքների ու ազատությունների ոտնահարման համար: Քաղաքական շահարկումներից ելնելով, միջազգային ուժերը, մեծ տերություններն առայսօր շարունակում են «ջուր լցնել» ԱՀ-ի ջրաղացին: Նրանք դա անում են, երբ խոսում են Կոսովոյի եզակիության մասին, երբ հայտարարում են, որ թույլ չեն տա Կոսովոն նախադեպ դառնա փաստացի գոյություն ունեցող նմանատիպ պետությունների համար, նրանք դա անում են, երբ համարժեք գնահատական չեն տալիս նույնիսկ նախագահի մակարդակով հնչեցված ռազմատենչ հոխորտանքներին, նրանք դա անում են, երբ բանակցություններին մասնակից չեն դարձնում ԼՂՀ օրինական իշխանություններին: Իսկ Ադրբեջանն էլ մշտապես օգտվում է դրանից: ՀՐԱՅՐ ՓԱՇԱՅԱՆ
ԿԱՅՔԷՋ՝ ՄԱՐԱՂԱՅԻ ՄԱՍԻՆ Հարգելի բարեկամներ Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ծիր Կաթին» ընկերության նախաձեռնությամբ և ԼՂՀ պետական աջակցությամբ, համացանցում գործարկվել է www.maragha.nk.am կայքէջը, որը պատմում է 1992թ. ապրիլի 10-ին Արցախի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ ադրբեջանական հրոսակախմբի ձեռնարկած հրեշավոր սպանդի մասին: Կայքէջում զետեղված են փաստավավերագրական նյութեր՝ գրավոր ու բանավոր վկայություններ, լուսանկարներ ու տեսանյութեր: Կայքէջը հայերեն և ռուսերեն լեզուներով կգործարկվի առաջիկա օրերին: Հիշենք Մարաղայի սպանդի անմեղ զոհերին և մեր ձայնը միավորենք՝ հանուն արդարության: Նախագծի հեղինակ՝ Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ
մայրենի | ||