|
|
15 մարտի 2008 թ. 04 (90)
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԴԱԳԱՆԱԿՆ Է Կյանքում ամենադժվար բաներից մեկը բանակցելու, փոխզիջման գնալու և հարդյունս դրա փոխընդունելի համակեցության պայմանների ստեղծման արվեստն է: Խոսքը միայն քաղաքականության մասին չէ, այդ արվեստին դժվար է լինում հետևել և ընտանիքում, և հարևանությունում, և հիմնարկում, մի խոսքով՝ ամենուր: Դժվար է լինում, քանի որ չենք տիրապետում դրան հասնելու միջոցին՝ երկխոսությանը: Առավել հաճախ գերադասում ենք պարտադրել մեր «մենախոսությունը»: Հայերիս համար սա շատ ցավոտ թեմա է: Մեր պատմությունը լի է անհաջող բանակցությունների դրվագներով, երբ զիջել կամ կորցրել ենք: Պատճառներից մեկն էլ այն է եղել, որ «թիկունքից», իմա՝ մեր իսկ հանրությունից մեր իսկ մեղքով ապահով չենք եղել, քանի որ ներքին բանակցությունների ու երկխոսության և դրանց հիման վրա ներազգային պայմանավորվածությունների ավանդույթ չենք ունեցել: Հաճախ ավելի դաժան ենք եղել ինքներս մեր նկատմամբ, քան հակառակորդի, պատահել է՝ լեզու ենք գտել հակառակորդի հետ, բայց ինքներս մեզ հետ չենք գտել երբևէ: Այն, ինչ չի հաջողվել անել դրսի նկատմամբ՝ հաճախ արել ենք ներսում, բավարարելով զորության ու անհողդողդության մեր նկրտումները: Ներսի հակասությունները լուծելիս անզիջում ենք եղել, ուստի ստիպված ենք եղել զիջել դրսում՝ փրկելու համար ներսի մեր անզիջումությունը: Ներսի հակասություններում խաղաղ դաշն կնքելը կամ «մարտական ոչ ոքի»-ն անհնար է լինում, կողմերից մեկն անպայման պիտի հաղթի կամ պարտվի: Մենք միշտ միաբևեռ հոգեբանության կողմնակից ենք եղել, մեզ մոտ ընդունված է հաղթել միանշանակ ու անվերապահ՝ «կապիտուլյացիայի ակտի» եռօրինակ ստորագրմամբ: Ներազգային հակասությունների, կամ, ավելի ճիշտ՝ բազմակարծության պայմաններում երկբևեռ հանրության ձևավորման ավանդույթ չի եղել մեզ մոտ ու չկա: Մինչդեռ «տևական հրադադարի» կնքմամբ իրենց պարտավորեցրած երկու բևեռները՝ միմյանց վերահսկելով ու հավասարակշռելով, կնպաստեին ընդհանուր կայունությանը: Բայց ոչ, ազգային միասնության մեր մոդելը միաբևեռ է և խարսխված չէ երկխոսության ինստիտուտին: Դարերով ապացուցվել է այս մոդելի անկենսունակությունն ու վնասակարությունը, բայց մենք շարունակում ենք հավատարիմ մնալ դրան: Ու շարունակում է տեսլական մնալ միմյանց նկատմամբ հանդուրժող ու համբերատար լինելը, իրար լսելու հույսը: Իսկ քանի դեռ շարունակվում է՝ բևեռներից մեկը ոչ թե կամովին ներգրվում է ազգային միասնության առկա մոդելի մեջ, այլ պարզապես ինքնամփոփվում է, մի կողմ քաշվում՝ մյուս բևեռի նկատմամբ համապատասխան հոգեբանությամբ ու վերաբերմունքով: Բացասական վերաբերմունքով: Ու էներգիայով, որ, կուտակվելով, որոշ ժամանակ անց նորից դուրս է հորդում: Եւ այսպես շարունակ: Երկխոսության այլընտրանքը դագանակն է (մահակը): Ինչպես սրամիտներից մեկն է ասել՝ դագանակը օրենքի հակիրճ տարբերակն է: Մնում է պարզել՝ հակի՞րճ օրինաց երկիր ենք ուզում:
անցուդարձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Կոսովոյի խորհրդարանի կողմից 2008թ© փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագրի վերաբերյալ
Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները. - արձանագրելով« որ Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ հետեւողականորեն իրականացրել են խտրականության« քաղաքացիական իրավունքների սահմանափակման« էթնիկ զտումների եւ բռնատեղահանման քաղաքականություն« ինչի աղետալի հետեւանքները հնարավոր է եղել կանխել բացառապես կազմակերպված ինքնապաշտպանության միջոցով, - գտնելով« որ այդ կերպ Խորհրդային Միության իրավական փլուզման պահից Ադրբեջանը կորցրել էր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետական իշխանություն իրականացնելու իրավական եւ բարոյական բոլոր հիմքերը, - ափսոսանք հայտնելով հակամարտության ընթացքում եւ հատկապես զինված դիմակայության փուլում մարդկային կորուստների եւ զրկանքների առթիվ, - հուսալով« որ բանակցությունների միջոցով կարելի է հասնել կողմերի համար փոխընդունելի այնպիսի լուծման« որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ազատ ինքնորոշման փաստի միջազգային ճանաչումը« աշխարհի երկրների խորհրդարաններին կոչ ենք անում հետեւողական լինել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված պետությունների ճանաչման հարցում` ձեռնպահ մնալով երկակի ստանդարտներից:
ԼՂՀ ԱԺ
"Ժողովրդավարություն" խմբակցության անունից՝ Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ք.
Ստեփանակերտ
Հետընտրական Հայաստանը, սահմանափակումները եւ Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանում հետընտրական զարգացումները շարունակվում են: Մարտի 1-ից հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մի շարք սահմանափակումներին զուգահեռ շարունակվում են հանրահավաքների կազմակերպիչների եւ մասնակիցների ձերբակալությունները: Լրատվամիջոցների համար սահմանված սահմանափակումների պարագայում ՀՀ եւ ԼՂՀ բնակիչների գերակշիռ մեծամասնությունը տեղեկատվություն են ստանում հիմնականում հեռուստատեսությունից, որտեղ ներկայացվում են միայն պաշտոնական տեսակետ ու դիրքորոշում: Բնականաբար, եթե մարդիկ հնարավորություն չունեն այլ տեսակետներ լսելու՝ նրանց մոտ ձևավորվում է «միտեսակետային» դիրքորոշում: Իսկ հետընտրական զարգացումների ողջ ներկապնակին ծանոթ մարդիկ էլ հասկանում են, որ ամեն ինչ չէ, որ տեղավորվում է «սև ու սպիտակի» և «բարու ու չարի» շրջանակներում, և որ խախտումները տարբեր «հասցեներ» ունեն: Եւ առաջինների, և երկրորդների համար ամենացավալին այն է, որ զոհեր ու վիրավորներ եղան: Սակայն մեզ ևս մեկ կարևոր հարց է հետաքրքրում, մի երևույթ, որ կարող է բացասական նախադեպ դառնալ: Պաշտոնական քարոզչությունը տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքներն ամեն կերպ փորձում է ներկայացնել որպես մի խումբ անձանց կողմից հիպնոսացված թափթփուկների, «բոմժերի», քրեածին տարրերի «ժամանց»: Դա այն դեպքում, երբ անգամ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ էին ընդունում, որ ցուցարարների շարքերում բավականին թվով կիրթ ու նորմալ մարդիկ կան, ծանոթներ ու ընկերներ: Բայց ոչ ոք չի ուզում պարզել, թե ինչն է այդ նորմալ մարդկանց բերել Ազատության հրապարակ, որ միգուցե այլ որակի ընտրությունների պարագայում այդ մարդկանց թիվը շատ քիչ լիներ: Ի վերջո, ընտրությունների հարցում լուրջ դիտողություններ ունեին ոչ միայն միջազգային դիտորդները, այլև նախագահի մի շարք թեկնածուներ, քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ ու հասարակական կազմակերպություններ: Ինչ որ է, պաշտոնական քարոզչամեքենան ցուցարարներին դասում է խառնամբոխի շարքը, այստեղից էլ՝ նրանց նկատմամբ ձեռնարկված միջոցների և արդյունքում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու անհրաժեշտությունը հիմնավորումը: Հենց այս նախադեպն է մեզ մտահոգում: Ղարաբաղում բնակչության շրջանում կարծիքները տարբեր են այդ զարգացումների վերաբերյալ, սակայն, գերակշռողն այն տեսակետն է, որ իշխանությունների քայլերը իրավիճակին համարժեք են: Սույն տեսակետը կրողները քիչ նշանակություն են տալիս այն ճշմարտությանը, որ անկախ մարդկանց թվաքանակից՝ նրանց հետ երկխոսելը ցանկալի է, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են և սեփական կարծիք ու այդ կարծիքը պաշտպանելու իրավունք ունեն: Կատարվածին միանշանակ հավանություն տվողների մտքով անգամ չի անցնում, որ այս նախադեպը կարող են զգալ նաև իրենց մաշկի վրա: Դիցուք, մի իրավիճակ, որ, ցավոք սրտի, ամենևին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: Խոսքը ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակներում հնարավոր զարգացման մասին է: Ասենք, իշխանությունները (Հայաստանի և Ղարաբաղի) միջազգային ճնշումների տակ համաձայնվում են վերադարձնել ազատագրված տարածքները (հավանաբար, ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ, որ բանակցային սեղանին դրված առաջարկությունների փաթեթում նաև տարածքների հարցը կա), իսկ արցախյան հանրության մի զգալի մասը դեմ է դրան և իր բողոքն է արտահայտում, փորձելով կանխել ոչ բարենպաստ որոշումը: Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն է լինելու այդ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը: Կռահել պետք չէ՝ նախադեպն արդեն կա: Ուշագրավն այն է, որ սույն նախադեպը վտանգավոր է ոչ միայն հանրության համար, այլև իշխանությունների: Ի վերջո, իշխանություններն էլ անսխալական չեն և որոշակի պարագայում կարող են զգալ հանրության սաստիչ դերի խիստ անհրաժեշտությունը: Հանուն համազգային շահերի: Կարող է պահը գալ, երբ իշխանություններն իրենք ունենան հենց նման աջակցության կարիք, իսկ ժողովուրդը վախենա արդեն առկա նախադեպից: Այս մասին արժե խորհել: Իսկ խորհելու համար հարկ է լսել բոլոր կարծիքները, այլ ոչ թե դրանց վրա տաբու դնել: Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ուշի ուշով հետևելով մայր Հայաստանի ներքաղաքական ցավալի զարգացումներին և տեղեկատվական դաշտում դրանց անդրադարձներին, խոր մտահոգություն ենք հայտնում անհանդուրժողականության առկա դրսևորումների կապակցությամբ և համոզված ենք, որ միայն երկրի ու ժողովրդի ճակատագրի շուրջ շահագրգիռ ու պատասխանատու երկխոսության միջոցով կարելի է ելք գտնել ստեղծված վտանգավոր իրավիճակից, ինչը հնարավոր չէ առանց տեղեկատվական դաշտի բնականոն գործունեության: Ծանոթանալով խնդրո առարկայի շուրջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հայտարարություններին՝ մենք ևս կիսում ենք նրանց մտահոգությունը և ՀՀ իշխանություններին կոչ անում բեկանել արտակարգ դրության մասին հրամանագրով նախատեսված լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները, առավել ևս, որ դրանք փաստացիորեն կիրառվում են անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ միայն: Կատարվածը գնահատելով որպես քաղաքացիների՝ տեղեկություններ տարածելու եւ ստանալու սահմանադրական իրավունքի, ինչպես նաև խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքների խախտում, ՀՀ իշխանություններին կոչ ենք անում վերանայել իրենց որոշումը:
ԳԵՂԱՄ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՆԱԻՐԱ
ՀԱՅՐՈՒՄՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մարտի
Փոփոխություններ՝ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներում Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի օրը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերում են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին: Նախագահի՝ մարտի 13-ի ստորագրած հրամանագրով, մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը՝ «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում», շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ՝ «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»: Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նաեւ ուժը կորցրած է ճանաչվել նույն կետի 5-րդ ենթակետը՝ «առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում»: Հրամանագիրն ուժի մեջ է մտել մարտի 14-ից:
ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ «2008թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում բնակվում են 138834 մարդ, որոնցից 71.8 հազարը կանայք են, իսկ 67 հազարը՝ տղամարդիկ, 15.5 հազար երեխաներ նպաստներ են ստանում, գրանցված է 34585 թոշակառու եւ 10207 հաշմանդամ»,- այս մասին օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշակ Մինասյանը: ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ. հունվար-փետրվար ամիսներին ծնելիությունն աճել է 31 տոկոսով. 2008թ. առաջին երկու ամիսներին ծնվել է 375 երեխա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 89-ով ավել է: Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է 1414 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 97-ի դիմաց, իսկ ամուսնալուծությունների թիվը նույնպես աճել է՝ 4-ից հասնելով 21-ի: Ինչպես պարզվել է, Ղարաբաղում կանանց միջին երկարակեցությունը 76.2 տարեկանն է, տղամարդկանցը՝ 71.8-ը, իսկ գործազրկության ցուցանիշը 5.1 տոկոս է, ընդ որում՝ գործազուրկների 92 տոկոսը դարձյալ կանայք են: Վերջերս Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է նշյալ գյուղի 16-ամյա բնակիչ Սասուն Ժամհարյանը: Խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը ԱԺ մարտի 12-ի նիստում լուրջ քննադատության է ենթարկել Արցախի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Քաղաքական ժամ» հաղորդումը (այն վարում է քաղաքագետ Դավիթ Բաբայանը), նշելով, որ հաղորդումը հետաքրքիր չէ ինչպես ֆորմատի, ընտրված թեմաների, այնպես էլ սուբյեկտիվ մեկնաբանությունների առումով, ուստի խորհուրդ տվեց վերանայել ծրագրի նկատմամբ մոտեցումը: «Արցախի հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենն իր տեղում չէ, այդ պաշտոնը զբաղեցնողը գիտակ պետք է լինի, որպեսզի կարողանա նորմալ կազմակերպել ընկերության գործունեությունը»,- այս կարծիքն է հայտնել պատգամավոր Ռոմելա Դադայանը ԱԺ մարտի 12-ի նիստում: ԼՂՀ Գլխավոր դատախազության տվյալներով, 2007թ© հանրապետությունում գրանցվել է 535 հանցագործություն /նախորդ տարվա 513-ի դիմաց/, որից ոչ մեծ ծանրության՝ 225« միջին ծանրության՝ 142« ծանր՝ 156 եւ առաձնապես ծանր՝ 12: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դատական համակարգի բարեփոխումներին ուղղված օրինագծերի մի փաթեթ, որոնց համաձայն՝ Ղարաբաղում կգործի եռաստիճան դատական համակարգ, որը կազմված կլինի ընդհանուր իրավասության առաջին ատյանի (1 նախագահով եւ 9 դատավորով), վերաքննիչ (1 նախագահով եւ 3 դատավորով) եւ գերագույն (1 նախագահով եւ 6 դատավորով) դատարաններից, իսկ հաջորդ տարի Գերագույն դատարանում կստեղծվեն սահմանադրական և վերաքննիչ պալատներ:
Հայաստան-Արցախ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ Նելլի Կասպարովան ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից է, այն եզակի մարդկանցից մեկը, ով միշտ էլ իր ուրույն կարծիքն է ունեցել կատարվող ամեն ինչի մասին և երբեք այդ կարծիքը չի հարմարեցրել քաղաքական կոնյունկտուրային: Ի՞նչ է նա մտածում այսօր, ինչպիսի՞ն է նրա հոգեվիճակը հայտնի դեպքերից հետո: Առաջինը, ինչպես միշտ, արձագանքեց նրա սիրտը. Նելլին ունեցավ սրտի հերթական տագնապը: Ահա թե ինչպես նա Karabakh-open-ին ներկայացրեց իր այսօրվա հոգեվիճակը. - Ես ամեն ինչ գիտեմ ու ամեն ինչ հասկանում եմ: Առաջին զգացումս անզորությունն էր՝ իր հետևանքներով: Հետո փնտրեցի ու գտա հորս հին հրացանը: Մտքերիս մեջ կորած սկսեցի հանգիստ մաքրել փոշուց, խնամքով տեսքի բերել: Ես հասկացա, որ այս թոհուբոհի մեջ կարող ենք մոռանալ հայրենիքի մասին, որ հայրենիքը կարող է տուժել: Մտովի ինձ նորից նախապատրաստում եմ սահմանը պահելուն: Պաշտպանել հայրենիքը՝ սա էր առաջին միտքը:
ԿԱՐԵԼԻ Է ՑԱՎԱԼ ՄԻԱՅՆ, ՈՐ ԱՐՅՈՒՆ Է ԹԱՓՎԵԼ Karabakh-Open.com-ի հարցերին պատասխանում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: - Ձեր կարծիքով, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցող սրումը հետեւա՞նքն է հայաստանյան հետընտրական իրադարձությունների: - Ես կասեի, որ շփման գծում վերջին սրումը կապված է Ադրբեջանում նախընտրական մարաթոնի մեկնարկի հետ: Օրերս Ադրբեջանի նախագահ Ալիեւն այցելել է Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններից մեկը եւ մի շարք կոշտ հայտարարություններ արել: Եթե գերագույն հրամանատարը հայտարարում է ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին, ապա ի՞նչ է մնում դաշտային հրամանատարին, եթե ոչ` ցուցադրել, թե ինչպես կարելի է դա անել: Չարժե չափազանցնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի գործոնը: Ավելի շուտ, ամեն ինչ կատարվում է Ալիեւի` «միջազգային հարաբերություններում ուժը մնում է որոշիչ փաստարկ» թեզիսի համատեքստում: Ադրբեջանը շատ ցավալի է ընդունել Կոսովոյի անկախության գործընթացը եւ չի ուզում «նոր Սերբիա» դառնալ, որը, պաշտոնական Բաքվի կարծիքով, ի վիճակի չէր պաշտպանել իր ինքնիշխանությունը: Այլ կերպ ասած, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը մարտահրավեր կնետի միջազգային հանրությանն, առաջին հերթին` միջնորդ-երկրներին: Ինչպիսին կլինի արձագանքը` դժվար է կանխատեսել, սակայն կուզենայի արձանագրել, որ ինտենսիվ փոխհրաձգության օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում քննարկում էր «Կասպյան տարածաշրջանում էներգետիկ նախագծերը»: Ինձ թվում է, Ադրբեջանը թակարդի մեջ է հայտնվել. մի կողմից, այդ երկիրն ինչ-որ ձեւով «սրբագրել» է իր հարաբերությունները Մոսկվայի հետ` «միջազգային իրավունքի պահպանման քաղաքականության» համատեքստում` ես նկատի ունեմ Ռուսաստանի դիրքորոշումը Կոսովոյի ապագայի վերաբերյալ, մյուս կողմից` Բաքուն ակտիվ համագործակցում է Մոսկվայի մրցակիցների հետ էներգետիկ նախագծերում: Ադրբեջանի քաղաքականության մեջ գոյություն ունի եւս մեկ ուղղություն` Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները հանդարտ, բայց, անկասկած, վատանում են: Այդ երկրում կայանալիք ընտրությունների ընթացքը դժվար է կանխատեսել, եւ, հետեւաբար, Ալիեւը փորձում է «առաջ անցնել»: - Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, իրադրությունը ռազմաճակատում: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ մարտի 3-ի իրադարձությունները լայնածավալ գործողությունների սկիզբ դառնան: - Չեմ կարծում, որ միջադեպը լայնածավալ հակամարտության «դետոնատոր» կհանդիսանա, սակայն, ինձ թվում է, լարվածությունը կպահպանվի: Համենայնդեպս, մինչ այն պահը, երբ միջնորդները նոր հանդիպում կնախաձեռնեն` գոնե արտգործնախարարի մակարդակով: - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հետընտրական իրադարձությունները եւ, արդյոք, համարժե՞ք էին իշխանությունների գործողությունները: - Ճիշտն ասած, ես ամոթով եւ ցավով եմ ընդունել այն, ինչ կատարվել է Երեւանում: Դիմելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, ուզում եմ հիշեցնել իր իսկ խոսքերը` 1996-ին Վազգեն Մանուկյանի հասցեին ասած, որ «ընդդիմության առաջնորդը ծախսել է իր քաղաքական կապիտալը, որը հասել է իրեն»: Եկեք հիշենք, որ Մանուկյանն այն ժամանակ 48 տոկոս ձայն է ստացել: Եւ, նույնիսկ պաշտոնական տվյալներով, նա ավելի ծանրակշիռ հիմք ուներ` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, քան այսօր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այո, Մանուկյանը ծախսել է իր կապիտալը, երբ փորձել է գրոհել երկրի խորհրդարանը: Բայց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է սրման գնացել, մարդկանց կոչ անելով քաղաքացիական անհնազանդության: Հենց այդ պահից էլ նա սկսեց կորցնել իր քաղաքական կապիտալը: Նա իրեն դրել է օրենքից վեր, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդների գնահատականներից վեր: Կարծում եմ, այս պարագայում ոչ համարժեք էին առաջին հերթին Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլերը, եւ այս պարագայում անտրամաբանական եմ համարում դատել, որքանով էին համարժեք իշխանությունների գործողությունները: Կարելի է ցավալ միայն, որ արյուն է թափվել: Մնացյալ պարագաներում ձեռնարկված քայլերը արդարացված են եւ օրենքով, եւ իրավիճակի ավելի արյունալի զարգացումների վտանգի հաշվարկով: Ինչպե՞ս դա կազդի ղարաբաղյան կարգավորմանը: Ժամանակը ցույց կտա:
ԴԱ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՆՉ-ՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԷՐ` ՍՏՈՒԳԵԼՈՒ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ Karabakh-Open.com-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: - Ձեր կարծիքով, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցող սրումը հետեւա՞նքն է հայաստանյան հետընտրական իրադարձությունների: - Դա չի բացառվում, բայց ես այդքան հակված չեմ այդպես մտածել: Իմ կարծիքով, դա ավելի շատ ինչ-որ փորձարկում էր` ստուգելու մեր ընդհանուր իրավիճակը` թե պաշտպանունակության, թե ներքին կայունության հարցերում: Հայաստանի իրադարձությունները բնականորեն մեր բոլորի մտահոգությունն են, բայց չեմ կարծում, թե այդ իրադարձությունները ուղղակիորեն ազդել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների բնականոն գործունեության վրա: - Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, իրադրությունը ռազմաճակատում: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ մարտի 3-ի իրադարձությունները լայնածավալ գործողությունների սկիզբ դառնան: - Ընդհանրապես մենք երբեք չպիտի բացառենք լայնածավալ հարձակումների փաստը, քանի որ դե-ֆակտո մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ դեռեւս չի ստորագրված հաշտության պայմանագիր, դեռեւս բանակցային գործընթացը ընթացքի մեջ է: Սա կարելի՞ է համարել սկիզբ, կամ սրան կարո՞ղ են հաջորդել լայնամասշտաբ գործողություններ, ես մի առիթով էլ եմ ակնարկել, որ Ադրբեջանը երբ զգա իր վստահությունը, որ հաջողություն կարող է ունենալ` միշտ էլ կարող է լայնամասշտաբ գործողություններ սկսել: Պարզապես խնդիրը մեր մեջ է` որքանով ենք պատրաստ դիմակայելու եւ հակահարված տալու: Կարծում եմ, որ հակահարված տալու պատրաստակամությունը մեր մեջ միշտ պետք է լինի առաջին գծի վրա: Եվ երեւի ադրբեջանական կողմը ամբողջությամբ ծանոթ լինելով մեր սահմանին, գուցե ընտրել է մի թույլ կետ ու օգտվել այդ առիթից` ինչ-որ աժիոտաժ, աղաղակող անդրադարձ ունենալու համար: - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հետընտրական իրադարձությունները եւ, արդյոք, համարժե՞ք էին իշխանությունների գործողությունները: - Հայաստանի ընտրությունների նախընտրական փուլում մեր կողմից մեկնաբանություններ չեն եղել, որովհետեւ այդ փուլում խառնվելը Հայաստանի ներքին գործերին այդքան էլ ճիշտ չէր: Հետընտրական փուլում արձանագրվել է մի ողբերգություն, որը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ հայ ժողովրդի ողբերգությունն է եւ կարող է ուղղակիորեն անդրադարձ ունենալ նաեւ Լեռնային Ղարաբաղի վրա, որը նաեւ մեր բոլորիս ամոթն է: Ինչ վերաբերում է իշխանությունների գործողությունների ադեկվատ կամ ոչ ադեկվատ լինելուն, ապա ասեմ, որ երկու կողմերն էլ` իշխանություն եւ ընդդիմություն, ունեն իրենց լուրջ մեղքի բաժինը: Կարծում եմ, որ չպետք է ամեն ինչ հասներ այդ աստիճանին: Բնականորեն այդ իրադարձությունները որոշակի ազդեցություն կունենան նաեւ ղարաբաղյան հարցի կարգավորման վրա: Համենայնդեպս կունենան այնքանով, որքանով որ փորձ կարվի թե Ադրբեջանի, թե միջազգային կառույցների կողմից առիթը բաց չթողնելով որոշակի ճնշումներ գործադրել: Մենք պետք է նախապատրաստվենք եւ կարողանանք մեր պատասխան քայլերով դիմակայել այդ որոշակի ճնշումներին: Իհարկե, սա կախված է նաեւ Հայաստանի հետագա իրադարձություններից, ընդհանուր քաղաքական իրավիճակից: Համենայնդեպս, ես լավատես եմ, որ կարող ենք մեր մեջ ուժ գտնել եւ էքստրեմալ պայմաններում երկրորդականը առաջնայինից տարբերակելու միտումները ունենալով հանդերձ, միասնականորեն մեր բոլոր ուժերը կենտրոնացնել մեր արտաքին քաղաքականության կարեւոր բնագավառներից մեկի` Ղարաբաղյան հիմնահարցի վրա:
ՄԻՋԱԴԵՊԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՄԸՆԿԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՊՐՈՑԵՍՆԵՐԻՆ Karabakh-Open.com-ի հարցերին պատասխանում է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Թովմասյանը: - Ձեր կարծիքով, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցող սրումը հետեւա՞նքն է հայաստանյան հետընտրական իրադարձությունների: - Ընդհանրապես շփման գծում միշտ էլ կրակոցները եղել են` 1994թ. մայիսի 12-ի զինադադարից հետո, միշտ էլ միջադեպեր արձանագրվել են: Իմ կարծիքով, այդ միջադեպը պատահականորեն համընկնում է նաեւ ՀՀ-ում տեղի ունեցող պրոցեսներին: -Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, իրադրությունը ռազմաճակատում: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ մարտի 3-ի իրադարձությունները լայնածավալ գործողությունների սկիզբ դառնան: - Միանշանակ ասեմ, որ՝ ոչ, պատերազմական գործողությունները վերսկսելը այս պահին անհնար եմ համարում: Բայց այդպիսի միջադեպերը հետագայում բացառել չի կարելի, քանի որ նույնիսկ միջնորդների առաքելության, երկու պետությունների` ՀՀ եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների լավագույն ցանկության դեպքում միջադեպեր լինելու են նաեւ հետագայում: Իմ կարծիքով, ոչ մի պայման չկա պատերազմը վերսկսելու առումով, որովհետեւ Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթամուղը կառուցելու ժամանակ, քանի որ ներդրումները կատարել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գործարարները` նրանք տարածաշրջանում կայունության երաշխիքներ են պահանջել Ադրբեջանից: Ես միշտ ասել եմ, որ այսօր նավթամուղը խաղաղության երաշխավորն է մինչեւ 2015 թվականը: Ինչու մինչեւ 2015 թվականը, որովհետեւ այդ նավթամուղը Ադրբեջանի տնտեսության համար շահութաբեր է աշխատելու մինչեւ այդ ժամանակը: Բացառվում է մինչ այդ ժամանակը պատերազմական գործողությունների վերսկսումը, քանի որ այսօր եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել խաղաղ բանակցային գործընթացում: - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հետընտրական իրադարձությունները եւ, արդյոք, համարժե՞ք էին իշխանությունների գործողությունները: - ՀՀ ԿԸՀ-ն փետրվարի 25-ին հայտարարությամբ հանդես եկավ եւ քվեարկության արդյունքներով առաջին փուլում հաղթող ճանաչվեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Դրանից հետո ցույցերը շարունակվեցին, որոնք իշխանությունը չարտոնեց օրենքով սահմանված կարգով ցույցեր անցկացնելու: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բացառեցին կոալիցիոն կառավարություն կազմելը: Իշխանությունը ստիպված, որպեսզի պահպանի իր սահմանադրական կարգը, գնաց այդ քայլերին: Այսօր, քան երբեւէ, պետք է ՀՀ-ում ստեղծվի փոխվստահության մթնոլորտ` բոլոր ուժերի միջեւ, քանի որ հզոր Հայաստանի առկայության դեպքում ԼՂՀ-ն կարող է հասնել անկախության ճանաչմանը: Իշխանությունները օրենքով սահմանված կարգով իրենց լիազորությունների շրջանակներում են գործել: Վիճակն անկայուն էր, եթե այդպիսի քայլեր չձեռնարկվեին, ապա անկայուն Հայաստան կունենայինք, որը ձեռնտու է մեր թշնամիներին: Ոչ ոք չպետք է ձերբակալվի իր քաղաքական հայացքների համար, իսկ նորմալ պետություններում ապօրինի զենք կրելը քաղաքական հայացքների հետ կապ չունի: Եթե արարքը հակաօրինական է, ապա այն պետք է պատժվի: Ինչ վերաբերում է զարգացումների ազդեցությանը ղարաբաղյան կարգավորման վրա, ասեմ, որ գտնում եմ, որ բանակցային գործընթացը ոչ մի կապ չունի Հայաստանի հետընտրական զարգացումների հետ, որովհետեւ միանգամայն համոզված եմ, որ վիճակը կկայունանա Հայաստանում:
ՓՈՐՁՈՒԹՅԱՆԸ ՉԴԻՄԱՑԱՆ Մայր Հայաստանում կատարվածում ամենաողբերգականը հայորդիների թափած ու թափված արյունն է և դրան հավասարազոր՝ մի դառը ճշմարտության բացահատումը: Դա այն է, որ հայ հանրության ներսում չկան ներազգային երկխոսության ռեսուրսներ: Սակայն երևույթն ավելի դառը խորք ունի: Խոսքն, ըստ էության, հանրային-պետական կյանքի բաղկացուցիչ մասերի, հանրային-պետական ինստիտուտների չկայացածության կամ կիսակայացածության մասին է, ինչը ժողովրդի ու պետության համար շատ վատ երևույթ է: Իշխանություն, ընդդիմություն, լրատվական դաշտ, ստեղծագործական մտավորականություն, քաղաքացիական հասարակություն, եկեղեցի. այս ատրիբուտների փորձությունն էր, որին չդիմացավ ոչ մեկը: Պարզվեց, որ իշխանության համար հանրության հետ խոսելու ամենահուսալի, եթե չասենք՝ միակ, միջոցը ուժն է՝ բառի բուն իմաստով: Ինչն էլ համարժեք հոգեբանություն է սերմանում: Այս պարագայում եթե հանրային-պետական կյանքի մյուս ատրիբուտները կայացած լինեին, ապա կարող էին միջնորդ լինել իշխանության և ընդդիմության միջև: Բայց այդպես չէ, և ոչ ոք չգտնվեց, որ անշահախնդրորեն խոսի ժողովրդի հետ: Նույնիսկ՝ եկեղեցին: Այս մասին պիտի մտածել: Իսկ ողբերգության արմատները նրանում են, որ մեր երկրում չկա ներազգային երկխոսություն-բանավեճ հայրենիքի ճակատագրի շուրջ: Ինքնին բանավեճ-երկխոսությունը դավաճանության ատրիբուտ է համարվում, և ամենացավալին այն է, որ սև-սպիտակի վերածված այս գունասնանկությունը հասարակական պահանջարկ ունի:
Հայաստան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Արդեն 2007թ. դեկտեմբերին ՄԻԺԻ-ն իր հստակ դիրքորոշումով է հանդես եկել և համապարփակ վերլուծել Հայաստանի Հանրապետության անցյալ 16 տարիների զարգացումները և 2008թ. նախընտրական կացությունը (տես` «Տեսակետ-ՄԻԺԻ» թիվ 24-ի խմբագրականը www.idhr.am): Իբրև հայ և հայաստանյան ինքնուրույն և անկախ քաղաքացիական գործոն` մենք ցավով ենք արձանագրում, որ այս վերլուծություններն ու կանխատեսումներն արդարանում են: Սույն թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Երևանի Ազատության հրապարակում խաղաղ ցույցի բռնի ցրումը, չնայած իր կանխատեսելիությանը, կրկին անգամ փաստում է, որ իշխանությունները և նրանց հետ համագործակից բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական ուժերը, պաշտոնական մտավորականությունն ու արվեստագետները, նրանց սատարող այլ ուժերը գործում են ոչ քաղաքական և Սահմանադրական կարգով ու մեթոդներով: Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի պաշտոնական պատասխանատու ուժերը կրկին անգամ փորձում են վերարտադրել իրենց` ոչ քաղաքական խաղի օրենքներով, մանիպուլացիաներով, հակաիրավական ու անպատասխանատու գործելաոճով: Ներկայումս առավել ևս հանդես եկավ քաղաքական ուժերի, վարչարար-իշխանավորների անվստահելիությունը, անպատասխանատվությունը և անկարողությունը` քաղաքական և իրավական սկզբունքներով առաջնորդվելու, կառավարելու մեր հասարակությանն ու ժողովրդին: Վառ վկայությունն են փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, որոնք նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակահատվածում ուղեկցվեցին բազմաթիվ խախտումներով, կեղծումներով և բռնարարքներով, ընտրակաշառքներով, Հանրային հեռուստատեսության կողմնակալ վերաբերմունքով, ընտրական խախտումների նկատմամբ իրավապահ մարմինների անգործությամբ ու կաշկանդվածությամբ, քաղաքական ուժերի ոչ սկզբունքային, անբարոյական գործելաոճով և մանրառևտրի մեջ մտնելով: Այս ամեն գործողությունները քողարկվում են հայտարարություններով, թե իբր ազգը պառակտված է, թե ազգային խնդիրների հարցում դավադրություններ են եղել, թե հանուն քաղաքացիական պատերազմից խուսափելու են քաղաքական ուժերը միավորվում այսօրվա իշխանությունների շուրջ: Սակայն մեր ազգը պառակտված չէ, իսկ եթե պնդում են, որ Արցախի հարցում ու պետական այլ գործերում կան դավաճաններ ու հանցագործներ, ապա դրանք պետք է ժամանակին օրինական կերպով, օրենքի շրջանակում դատապարտվեին կամ դատապարտվեն: Մեր հասարակությունը և ժողովուրդը պառակտված չէ, այլ կա սոցիալական և տնտեսական հսկայական բևեռացում, չկա քաղաքացիական պատերազմի վտանգ, այլ կա լուրջ վտանգ պետականության և հասարակության ճգնաժամի ու քայքայման` շնորհիվ նույն այդ անպատասխանատու և վարկաբեկված քաղաքական, «մտավորական» ու «հոգևոր» ուժերի անմարդկային և ապազգային, անպատասխանատու և անբարոյական վարքագծի ու գործելաոճի: Վարկաբեկված է իշխանությունը, վարկաբեկված են պաշտոնական «մտավորականությունը», քաղաքական դաշտը և ուժերը, Հայ Առաքելական Մայր Աթոռի ղեկավարությունը… Ինչպես արդեն իսկ հանդես ենք եկել մեր դիրքորոշմամբ` ՄԻԺԻ-ն չի կիսում Հայոց համազգային շարժման` ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները և չի համակրում դրանք և մինչև օրս էլ շարունակում ենք մնալ այդ նույն գծի վրա: Սակայն գտնում ենք, որ իշխանությունները և նրանց հետ համագործակցող ուժերը իրավունք չունեին բռնություն գործադրելու Ազատության հրապարակի ցուցարարների դեմ, որոնք քաղաքական և Սահմանադրական ձևով էին իրենց դժգոհությունը և քաղաքացիական պահանջն արտահայտում: Քաղաքակիրթ մարդկային ու ազգային քաղաքական և հասարակական ուժերը պարտավոր են հանուն իրենց հասարակության, ազգի և պետության զարգացման, առաջնորդվել և բոլոր խնդիրները լուծել միայն ու միայն քաղաքական ճանապարհով և Սահմանադրության շրջանակում: ՄԻԺԻ-ն դատապարտում է ՀՀ իշխանավորների կողմից ծրագրված և կիրառված հանցագործ բռնատիրական գործելաոճը, որը վտանգում է քաղաքացիական և հասարակական համերաշխությունը` ի հավելումն իրենց կողմից մինչ օրս իրականացվող սոցիալ-տնտեսական անարդար քաղաքականության, որի հետևանքով բևեռացվել և թուլացվել է մեր երկիրն ու պետությունը, և որի հետևանքով ճաշակում ենք այս ըմբոստացումն ու ընդվզումը: Մեր գերակա քաղաքական ուժերի մեջ բացակայում է քաղաքական, բարոյական, ազգային և մարդասեր ուղեգիծը, մշակույթն ու գործելաոճը. բացակայում է նաև այս հատկանիշներով տոգորված ՈՐԱԿԱԿԱՆ քաղաքական երրորդ ուժը: Այդ իսկ պատճառով ցավով ենք ականատես, որ մեր երիտասարդության, հասարակության և ժողովրդի դժգոհությունն ու քաղաքական պահանջարկը ուղղորդվում և առաջնորդվում է ՀՀ առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձով: ՄԻԺԻ-ն գտնում է, որ հայ ժողովրդի, ՀՀ հասարակության խավերի ցուցաբերած դժգոհությունն ու ըմբոստությունն ունեն արդարացի և իրավացի արմատներ: Ազգային և մարդկային հավաքական շահերը իր անձնական, հատվածական հանցագործ կամ ոչ հանցագործ շահերից գերադասող յուրաքանչյուր ուժ և իշխանավոր պարտավոր է հաշվի նստել այս արդարացի դժգոհության և պահանջի հետ` ճշմարիտ ինքնաքննադատության ենթարկելով իրենց և իրենց քայլերը. հանուն հայ երիտասարդության, ՀՀ հասարակության, բովանդակ հայ ժողովրդի մեծամասնության հավաքական բարօրության և համերաշխության` պարտավոր են որակական և արմատական քաղաքական բարեփոխումներ կատարել իրենց կեցվածքի, ուղեգծի, քաղաքականությունների և գործունեության մեջ: Հայաստանի Հանրապետությունը իր Սահմանադրությամբ ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մենք սթափության կոչ ենք անում հայ երիտասարդության, հասարակության և ժողովրդի գիտակից, ինքնուրույն, անկախ գործոններին` անհատ և կառույց, վեր կանգնել ամբոխային և ամբոխավարական մանիպուլացիաներից և սթափվել, լիարժեք տերը լինել մեր ժողովրդի և հայրենիքի, թույլ չտալ, որ մեր հասարակությունը և ժողովուրդը նորից հուսահատության, անտարբերության, հարմարվողության և ստրկության ուղին բռնի: Դիմե°նք քաղաքական և քաղաքացիական ակցիաների, արհամարհե°նք և ամոթանքի մատնե°նք հատվածական, հանցագործ, անբարոյական, քաղաքական և քաղաքացիական մանրավաճառությամբ զբաղվող թե° հովանավորողներին և թե° նրանց գործիքներին` քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներին, «մտավորականներին», լրագրողներին…` դպրոցներում, համալսարաններում, աշխատավայրերում, հարևանության մեջ, հանրային վայրերում, ամենուր, մեր ամենօրյա քաղաքացիական վերաբերմունքով ու վարքագծով, տարբեր քաղաքական-քաղաքացիական ակցիաների միջոցով: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության հասարակության և հայ ժողովրդի յուրաքանչյուր գիտակից անհատի ու կառույցի` ինքնակազմակերպվել, քաղաքական և հասարակական սահմանադրական, իրավական համարձակ, անվախ գործունեություն ծավալել` անհապաղ: Գիտակցելով և հարգելով ՀՀ Սահմանադրությունը` տերը լինենք սահմանադրական կարգի և իրավունքի գերակայությանը մեր հայրենիքում, չթողնելով, որ այն մանիպուլացվի այս կամ այն իշխանավորի կամ գործիչի հատվածապաշտ ձգտումներով: Հասարակական և սահմանադրական կարգը պաշտպանելու համար բռնության հրահանգ տվող և իրականացնող յուրաքանչյուր ոք պարտավոր կլինի հաշվետվություն տալ իր որոշումների և գործողությունների օրինականության համար. մենք` ժողովուրդս, պահանջում ենք այդ հաշվետվությունը: Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ, Երևան, 1 մարտի 2008թ.
հասարակություն ԻՆՉՈՒ՞ ՇԱՆՍ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ԻՐԱՐ Շուտով մեկ տարին կլրանա, ինչ անազատության մեջ է «Արցախկապ» ՓԲԸ նախկին ղեկավար Սուրեն Միրզոյանը: Նրա պատմության մեջ մի շարք անհասկանալի հարցեր կան, որոնք կուզեի բարձրաձայնել. - Մարդը ստեղծածի համար է հայտնվել ծանր կացության մեջ, կամ, ավելի ճիշտ՝ ստեղծելիս-արարելիս: Ինչու՞ եմ սա շեշտում: Որովհետև ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ հաճախ մարդ չի պատժվում քանդածի-ավերածի համար, ավելին՝ քիչ չեն դեպքերը, երբ նույն մարդուն ոչ միայն չեն հարցնում, թե ինչու է իրեն հանձնարարված ոլորտը կամ ձեռնարկությունը փոշիացել, այլև վստահում են մեկ այլ ձեռնարկություն, մեկ այլ ոլորտ: Իսկ Ս. Միրզոյանը, համենայն դեպս, ստեղծել է, հեռուստացանց է ստեղծել, որն արդեն իսկ դրական դեր է խաղացել և կարող էր ավելի շատ լավ գործեր անել: Լավ է արել, թե վատ, ամեն ինչ օրենքի շրջանակներում է արել, թե ոչ՝ այլ խնդիր է: Ինչ խոսք, ոչ ոք օրենքից դուրս չի կարող լինել, ոչ ոք չպիտի արտոնված լինի շրջանցելու օրենքը, այդ թվում՝ ստեղծողը: Բայց այս վերաբերմունքը պիտի համատարած լինի և վերաբերի բոլորին, այլ ոչ թե ընտրովի կիրառվի: - Քրեական գործը հարուցվել է մոտ մեկ տարի առաջ, բայց գործը դեռ չի հասել դատարան: Ինչ խոսք, օրենքը սահմանում է նման հնարավորություն, բայց դա պիտի արդարացված ու հիմնավորված լինի: Իրավական հատուկ գիտելիքների կարիք չկա հասկանալու համար, որ ցանկության դեպքում գործը վաղուց կարող էր հայտնված լինել դատարանում: Այսօր արդեն շատերը գիտեն, որ նախկին դատախազը ոչ թե օրինականության պահպանմանն էր հետամուտ լինում այս գործում, այլ միանգամայն այլ խնդիրներ ու շահեր էր հետապնդում: Բայց, չգիտես ինչու, այսօր էլ ոչինչ չի փոխվում այս հարցում: - Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պարագան լուրջ կասկածների տեղիք է տալիս: Ի վերջո, Ս. Միրզոյանը առանձնակի վտանգավոր հանցագործ չէ, որ մինչև գործի քննությունը մեկուսացվի հանրությունից: Հանրությանը ծանոթ են դեպքեր, երբ շատ ավելի լուրջ պարագաներում նման միջոցի չեն դիմել մեզ մոտ: - Եթե Ս. Միրզոյանի գործունեության հետևանքով կազմակերպությանը վնաս է հասցվել, ապա մի՞թե պետությանն ավելի ձեռնտու չէ հնարավորություն տալ փակելու պատճառած վնասը: - Ս. Միրզոյանն իր հեղինակության ու կապերի շնորհիվ կարողացել է ներդրողներ ներգրավել և բավականին մեծ գումարների ներդրումներ ապահովել, ձեռք բերել թանկարժեք սարքավորումներ, որոնք այսօր շարքից դուրս են գալիս: Մի՞թե պետությանն ավեի ձեռնտու չէ առկա հնարավորությունների օգտագործումն ի շահ սպառողների: -Եւ, վերջապես, ու՞մ է ձեռնտու, որ մինչ այդ միջադեպը բարի համբավ ունեցող, մեր երկրին նվիրված մարդը, չորս երեխաների հայրը շարունակի մնալ ճաղերի ետևում, ի՞նչ է դրանից շահում երկիրը, ժողովուրդը, քաղաքացին: Իսկ հարցերից ամենակարևորը հետևյալն է՝ ինչու՞ մենք շանս չենք տալիս իրար: Պետությունը միայն պատժիչ մարմին չէ, պետությունը նաև քաղաքացու հենարանն է: Խնդրո առարկան մեր հայրենակիցն է, մեր քաղաքացին, մեր հայը: Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՄԻ՞ԹԵ ԱՅԴՊԵՍ Է ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ԿԱՌՈՒՑԱԾԸ Կուզեի հայրենակիցներիս տեղյակ պահել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում սեփական եկամուտներով կատարած շինարարական աշխատանքների ու նույն նպատակների համար նախատեսված պետական գումարների տնտեսման մասին: Կատարված աշխատանքներով հանրային հեռուստատեսության ազդանշանները հասանելի են դարձել բնակչության մոտավորապես 70-80 տոկոսի համար: Մասնավորապես. 1. Կառուցելով Բերդաշենի բարձունքում՝ մասնավորի տարածքում, սարքավորումների տեղադրման սենյակ, հեռուստաաշտարակ, հոսանքատար գիծ ԱՀ-ի և Հ1-ի հեռուստաազդանշանները հասանելի ենք դարձրել Բերդաշեն, Գիշի, Խնուշինակ գյուղերի բնակչության 30 տոկոսի, Աշան, Նորշեն, Վազգենաշեն գյուղերի բնակչության՝ 40 տոկոսի, Նախջիվանիկի 50 տոկոսի համար, ինչպես նաև Ուխտասարի ու մի շարք սահմանամերձ բնակավայրերի համար: Տնտեսվել են ԼՂՀ կառավարության թիվ 61 առ 09.02.2007թ. որոշմամբ հասարակական նշանակության օբյեկտների շինարարության (Մարտունու շրջանի Բերդաշենի համայնքում և Խնուշինակի բլուրում հեռուստահաղորդման կայանների կառուցման) համար նախատեսված 12.7-ական մլն դրամ գումարները: 2. Կառուցելով Հինշեն համայնքին կից՝ մոտակա բարձունքում, հեռուստակայան, ԱՀ-ի և Հ1-ի հեռուստաազդանշանները հասանելի են դարձել Հինշենի, Մեծշենի, Կանաչթալայի, Եղծահողի, Քիրսավանի, Քաշաթաղի բնակչության 50 տոկոսի, դեպի հարավային սահմանները՝ մի շարք բնակավայրերի համար: Աշխատանքներն իրականացվել են կառավարության հատկացրած գումարներով: 3. Կառուցելով շարժական հեռակայաններ ու տեղադրելով Հաթերքի, Լիսագորի «ՂՏ» ՓԲԸ կայանների տարածքներում, հնարավոր է դարձել Բովուրխանի հեռակայանից ԱՀ-ի և Հ1-ի հեռուստաազդանշանները վերաուղղել Քաշաթաղի, Հաթերքի, Շահումյանի ու ՀՀ շրջանների ուղղությամբ: Նույն աշխատանքների համար ԼՂՀ կառավարության թիվ 61 առ 09.02.2007թ. որոշմամբ նախատեսված էր հատկացնել 2.4-ական մլն դրամ գումար: 4. Տեղադրելով Խաչենի «ՂՏ» ՓԲԸ կայանի տարածքում 200 վատտ հզորության դեցիմետրային տիրույթի հեռուստահաղորդակ, ԱՀ-ի և Հ1-ի հեռուստաազդանշանները հասանելի են դարձել Կիչանի, Քոլատակի, Առաջաձորի, Ծմակահողի բնակչության մեծ մասի համար, Գառնաքարի կայանը վերահաղորդելով՝ Գառնաքարի, Վանքի բնակչության համար: Տնտեսվել է նույն ծրագրով մոտավորապես 2.0 մլն դրամ: 5. Տեղադրելով Հաթերքի հեռուստակայանում 200 վատտ հաղորդակ, ԱՀ-ի և Հ1-ի մետրային տիրույթի հեռուստաազդանշանները հասանելի են դարձել Մարտակերտի հյուսիսային ենթաշրջանի՝ կայանի համար տեսանելի բոլոր բնակավայրերում: Տնտեսվել են նույն ծրագրով 2.0 և 1.2 մլն դրամ գումարներ: 6. Կառուցելով հեռակայաններ ու տեղադրելով հեռուստահաղորդակներ՝ Քարվաճառում, Մարտակերտում, Վաղուհասում, Տումիում, Խնապատում, Չլդրանում, Հինշենում, Նորշենում (Հացի համայքի համար), Սուսիում, Միջնևանում, Ծաղկավանում, Կովսականում ապահովել ենք Հ1-ի, ԱՀ-ի և ՌԴ հեռուստածրագրերի ազդանշանների հասանելիությունը լոկալ բնակավայրերում: Նախատեսված էր հատկացնել Կառավարության միջնաժամկետ զարգացման ծրագրով մոտ 6-9 մլն դրամ: 7. Տեղադրելով Շուշիի հեռուստակայանում 200 վատտ հզ. դեցիմետրային հեռուստահաղորդակ՝ «Արցախ», «Հ1» հեռուստաազդանշանները հասանելի են դարձել՝ Ստեփանակերտ քաղաքի Բովուրխան հեռուստակայանից ոչ տեսանելի 15%, Ասկերան քաղաքում՝ 60%, Կարմիր գյուղ, Շոշ, Սարիշեն բնակավայրերի տարածքներում: 8. Տեղադրելով Ճարտարի հեռուստակայանում 200 վատտ հզ. դեցիմետրային հեռուստահաղորդակ՝ ԱՀ-ի և Հ1-ի հեռուստաազդանշանները հասանելի են դարձել Մարտունի քաղաքի, Ճարտարի, Կաղարծու բնակչության 60 տոկոսի, Խնուշինակի բնակչության 70 տոկոսի, մինչև Կարմիր շուկա 40 տոկոսի համար՝ կայանը տեսանելի բոլոր բնակավայրերում: Նույն աշխատանքների համար նախատեսված էր հատկացնել ԼՂՀ կառավարության թիվ 61 առ 09.02.2007թ. որոշմամբ 2.4 մլն դրամ գումար: 9. Տեղադրելով Մոխրաթաղի հեռուստակայանում 200 վատտ հզ. դեցիմետրային հեռուստահաղորդակ՝ ՌԴ «Առաջին» ալիքի ազդանշանները հասանելի են դարձել ք. Մարտակերտում, Մոխրաթաղում, Ներքին Հոռաթաղում, զորամասերում, Մեծշենում ու կայանը տեսանելի մի շարք այլ բնակավայրերում: Նույն աշխատանքի համար ԼՂՀ կառավարության թիվ 61 առ 09.02.2007թ. որոշմամբ նախատեսված էր հատկացնել 2.4 մլն դրամ գումար: 10. Վերակառուցելով Հադրութի Սարիշենի հեռակայանի 700 վատտ հզորության հեռուստահաղորդակը, ԱՀ-ի և Հ1-ի մետրային տիրույթով հեռուստաազդանշանները տեսանելի են դարձել ք. Հադրութի ու կայանը տեսանելի բնակավայրերի 70 տոկոս բնակչության համար: 11. Տեղադրելով Բովուրխանի հեռուստակայանում ներքոնշված հեռուստահաղորդակները, նրանց ազդանշանները հասանելի են դարձել հանրապետության՝ կայանը տեսանելի բնակավայրերի 75 տոկոս բնակչության համար. -մետրային 12 կապուղի/700վատտ հաղորդակով սփռվում են ԱՀ-ի ազդանշանները, -մետրային 2 կապուղի/200վատտ հաղորդակով սփռվում են «Արմենիա» հեռուստաընկերության ազդանշանները, - դեցիմետրային 38 կապուղի/200վատտ երկու հեռուստահաղորդակով սփռվում են ՌԴ «1» հեռուստաընկերության ազդանշանները, - դեցիմետրային 25 կապուղի/ 200վատտ հեռուստահաղորդակով սփռվում են ՌԴ «ՌՏՌ» հեռուստաընկերության ազդանշանները, -FM տիրույթի 102.3ՄՀց հաճախությամբ 200վատտ հզորության ռադիոհաղորդակով սփռվում է Արցախի հանրային ռադիոծրագիրը: Ներկայացնում եմ մինչև իմ պաշտոնավարումը և իմ պաշտոնավարման ժամանակ կառուցած, տեղադրած հաղորդակների, հեռակայանների վիճակագրական տվյալները, քանակական հարաբերությունները. Մինչև իմ պաշտոնավարումը Հեռակայանների թիվը՝ 14 Հաղորդակների թիվը՝ 23 Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում Հեռակայանների թիվը՝ 29 Հաղորդակների թիվը՝ 48 Այսքանից հետո, կարծում եմ, հասկանալի կլինի իմ տարակուսանքը իմ նկատմամբ վերաբերմունքից: Մի՞թե այդպես են գնահատում կատարածը:
Սուրեն ՄԻՐԶՈՅԱՆ
ԼՂՀ սահմանամերձ, քիչ բնակչություն ունեցող լեռնային բնակավայրերում բնակիչների ու քաղաքացիների համար համապայմաններով տեղեկատվության պաշարներից օգտվելու հնարավորության ապահովման մասին Արդի ժամանակաշրջանում տեղեկատվությունը մարդու համար դարձել է խիստ պահանջված, օդի պես անհրաժեշտ: Հեռակապի մասնագետների խնդիրը երեք «Հ»-երի ապահովումն է «երեքը մեկում» սկզբունքով՝ «հեռուստատեսություն, հեռախոսակապ, համացանց»: Դա կարելի է անել հետևյալ կերպ՝ խիտ բնակեցված բնակավայրերում օպտիկական մալուխով, հոսքերով, իսկ լեռնային, սահմանամերձ բնակավայրերում՝ ռադիոգծերով: Մարդկանց համար հեռուստատեսությամբ տեղեկատվություն ստանալը ամենադյուրընկալելին է, ահա թե ինչու ցանկացած երկրում այս ոլորտին մեծ ուշադրություն է դարձվում: Մեր երկրում օրախնդիր է տեղեկատվության հասանելիությունն ապահովող ժամանակակից տեխնիկական միջոցների ներդնումը, միջազգային կազմակերպու-թյունների կողմից առաջարկվող համակարգի օգտագործման նպատակահարմարությունը: Այսօր տեխնիկապես հնարավոր է հեռուստածրագրերը դիտել համացանցով, բջջային հեռախոսով, արբանյակայից ընդունիչներով ու տարբեր տեսաձայնային համակարգերով: Իսկ ինչպե՞ս տեղեկատվության մեծ ծավալները իրական ժամանակում մեկ սարքի միջոցով հասանելի դարձնել բաժանորդին, ընդ որում՝ այնպես, որ ինքնածախսածածկում ապահովվի: Այս հարցը մասնագետներին ստիպել է գտնելու նոր լուծումներ: Հաճախությունների բաշխման միջազգային կազմակերպությունը որոշում է ընդունել ու դիմել է եվրասիական պետություններին, առաջարկելով հեռուստաարտադրությունն ու սփռումը կազմակերպել միայն թվային ձևաչափով, հեռուստացանցերում ներդնել թվային կցորդներ, սփռել թվային ձևաչափով: Դա պիտի արվի մինչև 2015 թվականը: Թվային հեռուստատեսության համակարգի այսօր կիրառվող ստանդարտները հետևյալն են՝ DVB-S, DVB-C, DVB-T, DVB-G, Hi-F:.... Այդ ծրագրում ընդգրկված են Հայաստանն ու հարևան պետությունները, որոնց միջև կնքվել են հաճախությունների օգտագործման համաձայնեցված պայմանագրեր: Իսկ Ղարաբա՞ղը…. Ուսումնասիրելով գործող անալոգային հեռուստատեսության թերությունները, «մեկ հեռուստածրագիր-մեկ հեռուստակապուղի» սկզբունքով հնարավորինս շատ կապուղիների անհրաժեշտությունը, մատուցվող ծառայությունների մեծ ծախսերն ու դրանց ինքնածախսածածկման անհնարինությունը, սահմանամերձ տարածքներից հակառակորդի կողմից ձեռնարկվող խափանման փորձերը, մշակվել է ծրագիր, ներկայացվել ոլորտի զարգացման ռազմավարություն և շահավետ բիզնես ծրագրերի հեռանկարներ: Ժամանակակից թվային հեռուստատեսության կայան շահագործման է հանձնվել 2007թ. փետրվարի մեկին, բայց ոչ լրիվ կազմավորված, այլ սկզբնական փուլում ներդնելով միայն DVB-S ձևաչափի սաքավորումներ` Արցախի հանրային հեռուստատեսության ազդանշանը «Արցախկապ» ՓԲԸ հեռակայաններից բարձր որակով վերահեռարձակման կազմակերպման նպատակով, ինչը կարևորագույն ձեռքբերում էր: Թվային հեռուստատեսություն ղեկավարման համակարգում ընդգրկելով արբանյակային կապի հատկանիշները, թվային հոսքերի միավորումներ, համակարգիչներ , գումարների հավաքագրման ծրագրեր, ռադիոկապ՝ ստեղծվել է ներկայիս թվային հեռուստացանցի համակարգը, որն ունի բոլոր ձևաչափերը ինտեգրելու հնարավորություն, նաև նախատեսվել խիտ բնակեցված տարածքների համար ազդանշանները սփռել DVB-T ձևաչափով: Կենտրոնական հեռասփռող կայանից ազդանշանների տարածման համար ընտրվել է DVB-S ձևաչափը, մալուխային հեռուստատեսության օպերատորների համար՝ DVB-S-DVB-C ձեւաչափի փոխակերպող սարքով, թվային հեռուստահաղորդակների համար առկա են փոխարկիչներ DVB-S-- DVB- T ձեւաչափի փոխակերպող սարքով և ապագայի շատ պահանջների համար այլ ձևաչափերի սփռման հնարավորություններ: Ափսոս, որ մասնագետի բացակայության պատճառով կայանը լրիվ կազմով չի աշխատում, լրիվ ծավալով չի մատուցում ծառայություններ, ու փչանում են ներդրած 500000 ԱՄՆ դոլար արժողության սարքավորումները, նախատեսված աշխատատեղերն այսօր դեռ չեն բացվել, պետությանը վճարվելիք հաշվարկված հարկերը մնացել են թղթերին գրված: Ղարաբաղում թվային հեռուստացանցի ազդանշանները ներկայումս տարածվում են միայն DVB-S ձևաչափով: Սակայն, հաշվի առնելով զարգացման հեռանկարներն ու արդեն կատարված որոշակի աշխատանքները՝ պարզապես անխոհեմություն է առաջինը տարածաշրջանում չօգտագործել, չզարգացնել կեսից ավելին կառուցած կայանը: Ինչու՞ չգնահատել կատարվել, ինչու՞ չհավատալ, որ արդեն առկա է ու գործում է կայանը, որը ստեղծվել է անհատների միջոցներով, առանց պետությանը ծանրաբեռնելու: Թերևս ճիշտ կլիներ, որ այս հարցը հասարակական հնչողություն ստանար, առկա հնարավորությունների ու հեռանկարների մասին քննարկումներ անցկացնեին մասնագետները, մասնակցեին շահագրգիռ բոլոր անձինք: Ի վերջո, խոսքը հազարավոր արցախցիների ստանալիք ծառայությունների մասին է: «ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՑԱՆՑ» ՓԲԸ
գյուղ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ Արդեն 20 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղն անկախացել է: Խորհրդային իշխանության փլուզումից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, կոլեկտիվ սեփականությունից անցել ենք մանր սեփականատիրական տնտեսությունների, յուրաքանչյուր գյուղական տնտեսության հողամաս են տվել սեփականության իրավունքով, մի խոսքով՝ սոցիալիստական արտադրության եղանակից անցել ենք շուկայական հարաբերությունների, կոլտնտեսությունները լուծարվել են, եղած տեխնիկան չնչին գներով վաճառվել է մի քանի մարդկանց, որոնք պետք է կատարեն գյուղացիների վարը, ցանքսը, հունձը: Պետությունը ձեռքերը թափ է տվել, հեռացել գյուղացու հոգսերը հոգալուց, ասելով՝ ինչպես ուզում ես՝ հողը մշակիր, բայց հողի վարձը պարտավոր ես վճարել: Գյուղացին որքան էլ որ ցանկանա ցանքսը, հունձքը ժամանակին կատարել՝ չի կարող, որովհետեւ տեխնիկա չունի, տեխնիկան գտնվում է անհատ մարդկանց սեփականության տակ, նրանցից պահանջող չկա, որ տեխնիկան սեզոնային աշխատանքներին պատրաստ լինի: Իսկ դաշտային աշխատանքները ժամանակին չկատարելու դեպքում բարձր բերքի ստացումը բացառվում է: Այդ է պատճառը, որ քանի գնում՝ հացահատիկի արտադրությունը պակասում է, ստացած ցածր բերքը չի փակում գյուղացու կատարած ծախսերը, ուստի շատերը հրաժարվում են ցանքս կատարելուց: Մյուս կողմից էլ ցանքսերը չեն պարարտացվում, ցանքսաշրջանառություն չի կիրառվում, իսկ մոնոկուլտուրայի դեպքում հողը հյուծվում եւ կորցնում է բերքատվությունը, իսկ այս ամենը կարծես թե չի մտահոգում մեր գյուղնախարարությանը: Մեր պաշտոնյաներից շատերը զբաղված են իրենց բիզնեսով, ստացված տեխնիկան, պարարտանյութերը, որակյալ սերմերն առաջին տերցին իրենք են օգտագործում, քանի որ ազատագրված շրջանների հազարավոր հեկտարների վրա ցանքս են կատարում, գյուղական համայնքներում գտնվող տեխնիկան առաջին հերթին տանում են իրենց դաշտային աշխատանքները կատարում և հետո միայն գյուղացու մասին մտածում: Գյուղացին սպասում է, բայց ահա եղանակը, բնությունը չեն սպասում: Նախորդ կառավարությունը գյուղատնտեսության առաջընթացի համար գրեթե ոչինչ չի արել, ահա թե ինչու ներկայիս կառավարությունը պետք է շրջադարձային միջոցներ ձեռնարկի գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, հատկապես՝ հացահատիկի արտադրության գծով, գյուղական համայնքները պետք է ապահովի նոր տեխնիկայով, գյուղացու համար ստեղծի նորմալ պայմաններ, որպեսզի ստեղծվեն կոոպերատիվներ, ֆերմերային տնտեսություններ, քանի որ փոքր գյուղատնտեսական սեփականությամբ հեռու գնալ հնարավոր չէ: Իսկ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները նախնադարյան ձեւի անասնապահություն են վարում, ամառ-ձմեռ բաց երկնքի տակ, ձմեռվա համար կեր չեն կուտակում, բացակայում են անասնաբուժական միջոցառումները: Սանիտարակարանտինային միջոցառումների բացակայության պատճառով ոչնչացվել է հավերի, խոզերի հսկայական գլխաքանակը, վաղն էլ գալու է խոշոր եղջերավոր անասունների լիկվիդացման հերթը: Էսպես աշխատելով ո՞ւր պիտի հասնենք... Վնասների համար գյուղացին քիչ հատուցում է ստանում: Գյուղացին մինչեւ անգամ շուկայում տեղ չունի իր մթերքը վաճառելու համար, առաջներում կոլխոզային շուկա է եղել, այժմ ամբողջ շուկան լցված է ներմուծվող մթերքներով ու ապրանքներով, իսկ գյուղացուն գետինն է բաժին հասնում՝ ցեխի մեջ, անձրեւի տակ, պատերի տակ, փողոցներում: Մեր իշխանավորները մի անգամ ոտքով չե՞ն շրջում և այս ամենը չե՞ն տեսնում: Եթե հողը հանդիսանում է անհրաժեշտ պայման ցանկացած արտադրության համար, ապա գյուղատնտեսության մեջ այն հանդես է գալիս որպես արտադրության հիմնական միջոց, որը մյուս միջոցներից տարբերվում է իր սահմանափակ լինելով: Հողի սահմանափակ լինելը երկրագործին պարտավորեցնում է պահպանել եւ անընդհատ բարելավել այն, որը հնարավոր է նաեւ հողի մեկ այլ՝ չմաշվելու հատկության շնորհիվ, մինչդեռ արտադրության բոլոր միջոցները (մեքենաներ, շինություններ եւ այլն) օգտագործման ընթացքում մաշվում են եւ փոխարինվում նորերով: Իսկ հողը ոչ միայն չի մաշվում, այլև ճիշտ օգտագործման դեպքում անընդհատ բարելավվում է: Նշելով հողի այս հատկությունները, Մարքսը մարդկության յուրաքանչյուր սերնդի պարտքն է համարել հողի բարիքներից այնպես օգտվել, որպեսզի այն հետնորդներին թողնվի ավելի բարվոք վիճակում, քան ընդունել է տվյալ սերունդը իր նախնիներից, այսինքն՝ սիստեմատիկաբար բարձրացնել հողի բերրիությունը: Արդյո՞ք մանր գյուղացիական տնտեսություններով կարող ենք այդպես վարվել: Ոչ, և նորից՝ ոչ: Դա հնարավոր է միայն խոշոր գյուղացիական տնտեսություններ ստեղծելով՝ բոլոր տեխնիկական միջոցներով, բարձրորակ սերմերի առկայության, ագրոմիջոցների ժամանակին կատարման դեպքում: Պետությունը պիտի նպաստի, չեմ ասում՝ պարտադրի, որ կայանան նման տնտեսություններ: Պետական բոլոր պաշտոնյաները պետք Է զբաղվեն իրենց գործով, իրենց ծառայ | ||