30 օգոստոսի, 2008 թ., 14 (100)

 

«ԴԵՄՈե-ԿՐԱՏԻԱ
Լռե՞լ, թե՞ չլռել՝ այս է խնդիրը

 Հասարակության առողջ զարգացման հիմքը հրապարակային բաց քննարկումն է:

Այն մարդը, որ խուսափում է հրապարակային քննարկումից՝ կամ հիմար է,
կամ հետապնդում է շահեր, որոնք հակասում են հասարակության շահերին:

 ՍՈԼՈՆ

 Ուզում ենք «Դեմոե հանրային թերթի փոքրիկ հոբելյանը՝ 100-րդ համարը, որը չորսուկես տարվա գործունեությունը խորհրդանշող ակորդն է, ևս մի առիթ ծառայեցնել ժողովրդավարության մասին խոսելու համար:

Ժողովրդավարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանությունների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն: Պարզելու համար, թե երկրում կա՞, արդյոք, ժողովրդավարություն, յուրաքանչյուր ոք կարող է իր «հետաքննություննե անցկացնել: Իսկ դրա համար պարզապես պետք է պատասխանել ընդամենը մի հարցի՝ քո խոսքը, քո գործողությունները ազդու՞մ են իշխանությունների վրա, վերջիններիս գործունեությունը պայմանավորվա՞ծ է քո և նմանների կարծիքով: Եթե այո, ապա ուրախացիր, եթե ոչ, ապա, կներես, ինքդ ես մեղավոր:

Ժողովրդավարություն կարող է լինել այնտեղ, որտեղ հրատապ հարցերը հրապարակայնորեն քննարկվում են: Իսկ քննարկել կարող են տեղեկացված, իրազեկ մարդիկ: Ահա թե ինչու մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարտավոր ենք տեղյակ լինել ամեն ինչի: Որովհետև միայն տեղյակ մարդը կարող է ճիշտ ընտրություն կատարել: Որպես ազատ հասարակության քաղաքացիներ՝ մենք պարտավոր ենք հարցեր տալ իշխանությանը, որպես հարկատու՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի և պարտավոր է իմանալ՝ ի՞նչ է անում իր կառավարությունը, ինչպե՞ս են գործում պաշտոնյաները, և ինչպե՞ս են ծախսվում հարկերից ստացված գումարները:

«Դեմոե հանրային թերթն իրենից կախվածն անում է ժողովրդավարության արմատավորման համար: Որպես լրատվամիջոց՝ նրա հիմնական գործառույթներից մեկն էլ ամբիոն ու հրապարակ ծառայելն է հասարակական կարծիքի համար: Որքան շատ մարդ օգտվի նման ամբիոնից, այնքան շանսերը շատ կլինեն հաղթահարելու համատարած անտարբերությունը սեփական երկրի ու սեփական ճակատագրի հանդեպ:

Անտարբերությունն այդ շատ է հիշեցնում առաջին լուսանկարի երեք մարդակապիկների խորհրդանշած երեք գործողությունները՝ չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում: Մինչդեռ, լռե՞լ, թե՞ չլռել՝ այս է խնդիրը: Մյուս լուսանկարում պատկերված մեկ այլ կենդանակերպի՝ սագերի պահվածքն ավելի ողջախոհ է: Կանխելու համար ընթերցողական քմծիծաղը՝ շտապենք հիշեցնել, որ ժամանակին սագերը փրկեցին Հռոմը:

Այլ կերպ, ինչպես մեծերից մեկն է ասել՝ ազատության գինը հավերժական զգոնությունն է:

 «ԴԵՄՈե-ԿՐԱՏՆԵՐ

 

 անցուդարձ

 Կնշվի անկախության օրը 

ԼՂՀ անկախության հռչակման 17-րդ տարեդարձի առթիվ տոնական մի շարք միջոցառումներ կկայանան ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ հանրապետության շրջաններում: Կառավարական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրով՝ սեպտեմբերի 1-ին Արցախի ուսումնական հաստատություններում 2008-2009 ուստարվա առաջին պարապմունքը կնվիրվի անկախության օրվան. դասին  կմասնակցեն ԼՂՀ անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ եւ ԱԺ պատգամավորներ: Սեպտեմբերի 2-ին զինվորական շարասյուները քայլերթով կանցնեն հանրապետության քաղաքների փողոցներով: Պետական կառավարական պատվիրակությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից կուղեւորվի մայրաքաղաքի հուշահամալիր, ուր տեղի կունենա ծաղկեպսակադրություն եւ զինվորական նվագախմբի շարանցում:

Երեկոյան կկայանա ԼՂՀ նախագահի ընդունելությունը օրվա կապակցությամբ:

Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ: Կտրվի հրավառություն:

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում եւ շրջաններում կկազմակերպվեն համերգային եւ մարզական միջոցառումներ, կկայանան ժողովրդական զբոսահանդեսներ:

 ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ, ԲԱՅՑ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ԼԻՆԻ

Այս տարի դպրոցական առաջին զանգը կհնչի հանրապետության թվով 232 հանրակրթական դպրոցներում, որոնք հիմնականում պատրաստ են նոր ուսումնականին: ԼՂՀ կրթության եւ գիտության փոխնախարար Սլավա Ասրյանի խոսքերով՝ պետբյուջեով նախատեսված 100 մլն դրամի շրջանակներում հանրապետության դպրոցներում իրականացվել են ընթացիկ վերանորոգումներ, իսկ դպրոցական նոր շենքերում պարապմունքներ կանցկացնեն Հադրութի շրջանի Դրախտիկ եւ Տող գյուղի աշակերտները:

Այս տարի, նախնական տվյալներով, առաջին դասարան կհաճախի շուրջ 2300 հոգի: Փոխնախարարի հավաստիացմամբ, առաջին դասարանցիներին 20 հազարական դրամի տրամադրման գործընթացը շարունակվում է:

Խոսելով նոր ուսումնականի նորությունների մասին, փոխնախարարը տեղեկացրել է, որ 150 մլն դրամի սահմաններում ֆիզիկայի 28 կաբինետներ են ստեղծվել, սպասվում են քիմիայի եւ կենսաբանության կաբինետները եւս: «Մոտակա ժամանակներս «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից համացանցով կապահովվեն թվով 37 կրթական հաստատություններ: Սա առաջին փուլն է, ծրագիրը շարունակական բնույթ կկրի»,- մեր զրույցի ժամանակ նշել է Ս.Ասրյանը:

Հանրապետության մի շարք դպրոցների 100 մլն դրամի շրջանակներում դպրոցական նոր գույք է տրամադրվել: Դասագրքերի որոշ մասն արդեն ստացվել է, իսկ մյուս մասը կապահովվի մոտակա օրերի ընթացքում: Փոխնախարարը տեղեկացրեց, որ ստացվել են առարկայական չափորոշիչներն ու մեթոդական ամսագրերը: «Նոր ուսումնականում կշարունակվի կրթական բարեփոխումների գործընթացը, որի առանցքային հիմնախնդիրն է 12-ամյա ուսուցման անցումը, եւ որպես կրթության ոլորտում հիմնական խնդիր դրված է կրթության որակի բարձրացումը: Նոր ուսումնականում կավարտվի հանրակրթական դպրոցների պետական ավարտական եւ միասնական քննությունների անցումը բոլոր առարկաների գծով»,- հավելել է նա:

Մասնագետների վերապատրաստման ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվել. 2007-2008 ուստարում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ են անցկացվել 12 մասնագիտությունների գծով, որոնց մասնակցել են հանրապետության բոլոր դպրոցների թվով 324 ուսուցիչներ:

Ավագ դպրոցի ստեղծման մասին հարցին Ս.Ասրյանը պատասխանեց, որ կառավարության կողմից ընդունվել էր ավագ դպրոցի հայեցակարգը, որի համաձայն նախատեսվել էր Մարտունի եւ Մարտակերտ քաղաքներում փորձնական դպրոցներ ստեղծել, սակայն ուսումնական ծրագրեր եւ դասագրքեր չլինելու պատճառով գործընթացը հետաձգվել է:

Բուհեր ընդունվողների վերաբերյալ կարողացանք միայն ճշտել Արցախի պետհամալսարան ընդունվածների թիվը՝ 734, որից 83-ը ՀՀ պետական ագրարային համալսարանի նորաբաց մասնաճյուղում կսովորեն: ՀՀ պետական բուհեր պետպատվերի շրջանակներում Ղարաբաղից ընդունվել են 60 ուսանողներ:

 

 ԱՐՑԱԽՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2008թ. հունվար-հունիսին կազմել է 6206.2 մլն դրամ, ինչը 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է  13.1 տոկոսով` պայմանավորված  բուսաբուծության համախառն արտադրանքի 82.6 տոկոս աճով:  Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 70.6 տոկոսը կազմել է անասնաբուծության, իսկ 29.4 տոկոսը բուսաբուծության համախառն արտադրանքը: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 35295.8 մլն դրամ՝ 2007թ. հունվար-հունիսի 28732 մլն դրամի դիմաց: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 252.9 հազ. դրամ՝ 2007թ. հունվար-հունիսի 208.3 հազ. դրամի դիմաց: Այս մասին, տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելով, հայտնել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշակ Մինասյանը:

Ծառայության տվյալների համաձայն, 2008թ. առաջին կիսամյակում հանրապետությունում թողարկվել է 11417.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք,  իրացվել է 11471.4 մլն  դրամի պատրաստի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում՝ 6087.7 մլն դրամի, այլ երկրներում՝ 64.8 մլն դրամի:

Արդյունաբերական արտադրանքից մշակող արդյունաբերությանը բաժին է ընկնում 35,7 տոկոսը, հանքագործական արդյունաբերությանը՝ 41,2 տոկոսը, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությանը եւ բաշխմանը՝ 23,1 տոկոսը:

 Որոշակի աճ է գրանցվել մանրածախ առեւտրի շրջանառության բնագավառում. շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 23947,8 մլն դրամ, որը 2007 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4,4 տոկոսով: Մեկ բնակչի հաշվով առեւտրի շրջանառությունը կազմել է 171586.4 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 3.0 տոկոսով: 9.1 տոկոսով աճել է նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը, ընդ որում՝ արտահանումը նվազել է 29.4 տոկոսով, իսկ ներմուծումը աճել է 24.6 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հունիսին կազմել է 37561.5 մլն դրամ կամ 122112.4 հազար ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 6939.9 մլն դրամ (22561.9 հազ. դոլար), իսկ ներմուծումը՝ 30621.6 մլն դրամ (99550.5 հազ. դոլար): 2007թ. հունվար-հունիսի համեմատ արտաքին ապրանքաշրջանառության ծավալն աճել է 29.4 տոկոսով, ընդ որում արտահանումը՝ 4.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 36.7 տոկոսով:

Այս ամենին զուգահեռ աճել են բնակչության դրամական եկամուտները. վերոնշյալ ժամանակահատվածում դրանք կազմել են 34074.9 մլն դրամ՝ աճելով 22.4 տոկոսով: Բնակչության դրամական եկամուտների կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենաբարձր տեսակարար կշիռն ունի աշխատանքի վարձատրությունը՝ 62.9 տոկոս: Դրամական եկամուտների ընդհանուր ծավալից հունվար-հունիսին ապրանքների գնման եւ ծառայությունների վճարման համար բնակչությունը ծախսել է 29279.7 մլն դրամ  (85.9 տոկոս), պարտադիր վճարումների եւ կամավոր մուծումների վճարման համար՝ 1776.5 մլն դրամ  (5.2 տոկոս): Իսկ տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 78775 դրամ եւ նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատությամբ ավելացել 20.2 տոկոսով:

Հանրապետության հիմնական հեռախոսային ապարատների թիվը  2008թ.  հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 21864 /անցյալ տարվա 20344-ի դիմաց/: Դրանց թվում բնակարանայինը կազմել է 18534 կամ 84.8 տոկոսը: Բջջային ցանցի ապարատների թիվը կազմել է 32379՝ 26037-ի դիմաց: Ինտերնետ ցանցից օգտվողների թիվը կազմել է 2531, այդ թվում բնակարանայինը՝ 2038  բաժանորդ: Հանրապետությունում բնակչությանը, հիմնարկներին, կազմակերպություններին մատուցված կապի ծառայություններից ստացված  եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով (առանց ԱԱՀ), կազմել է 2658698.1 հազ. դրամ, որը 2007թ. հունվար- hունիսի  նկատմամբ աճել է 39.8  տոկոսով:

Աննախադեպ աճել է ամուսնությունների թիվը. 2008թ. հունվար-հունիսին գրանցված ամուսնությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 5.7 անգամ, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ 10.7 տոկոսով: 2008թ. հունվար-հունիսին 100 նոր կազմավորվող ամուսնական զույգերին բաժին է ընկել մոտ 3 ամուսնալուծություն՝ 2007թ. հունվար-հունիսի 16 ամուսնալուծության դիմաց: Ամուսնությունների միջին տարիքը հանրապետությունում կազմել է 27 տարեկան:

2008թ. հունվար-հունիսին ԼՂՀ-ում ծնվածների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5 տոկոսով՝ կազմելով 1126 երեխա: Ծնունդներն աճել են գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի: Մահացածների թիվը ավելացել է 8.6 տոկոսով՝ կազմելով 716 մարդ: Մահացածների թվում զգալի մաս են կազմում նաեւ մանկամահացության դեպքերը. այս տարվա նշված ժամանակահատվածում մահացել է մինչեւ 1 տարեկան 20 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10-ի դիմաց, իսկ մինչեւ 5 տարեկան մահացած երեխաների թիվը կազմել է  25՝ 10-ի դիմաց: ԼՂՀ-ում մայրական մահացության դեպք 2008թ. հունվար-հունիսին չի գրանցվել:

Ըստ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած տվյալների՝ հունվար-հունիսին  նպաստառու երեխաների ընդհանուր թիվը կազմել է 18684՝ աճելով 28.6 տոկոսով: Մեկ երեխայի հաշվով ամսական նպաստի միջին չափը կազմել է 5914 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  4591 դրամի դիմաց: Հանրապետությունում իրագործվող ծրագրերի արդյունքում 2008թ. առաջին կիսամյակում ընտանիքներում ծնված 3-րդ եւ հաջորդ երեխաների թիվը աճել է 78-ով՝ կազմելով 327: Շուրջ 2,2 անգամ աճել են նաեւ բացված ավանդների գումարները, առանց մայրերին տրամադրվող գումարների:

Շինարարության բնագավառում որոշակի նվազում է արձանագրվել. 2008թ. հունվար-հունիսին հանրապետությունում իրականացվել է 8322.2 մլն դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 2.6 տոկոսով: Ըստ ֆինանսավորման աղբյուրների նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը զիջում է պետական բյուջեի հաշվին կատարված՝ 20.5 տոկոս, մարդասիրական միջոցների հաշվին կատարված՝ 33 տոկոս, բնակչության միջոցների հաշվին կատարված՝ 11.6 տոկոս շինարարությունը, փոխարենը 4.9 անգամ աճել է արտաբյուջետային միջոցների հաշվին կատարված եւ 3.3 անգամ՝ օտարերկրյա ֆինանսական աղբյուրների հաշվին կատարված շինարարությունը:

 

 

քաղաքականություն 

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Աբխազիայի ողջ ժողովրդին` նշանակալի իրադարձության` Աբխազիայի Հանրապետության պետական անկախության  ճանաչման առթիվ:

Արցախի ժողովուրդը անկեղծ ուրախությամբ է ընդունել Ձեր ժողովրդի համար անչափ երկար սպասված այս լուրը: Աբխազիան հասավ նրան, ինչին ձգտել է երկար տարիներ` արժանիորեն հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ:

Վստահ եմ, անկախության միջազգային ճանաչումը  նոր թափ կհաղորդի Աբխազիայի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը:

Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին,  մաղթում խաղաղություն, բարգավաճում եւ բարօրություն»:

28 օգոստոսի

 

 

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՐ. ՕՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ  

Նույն օրը Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիին` պետական անկախության ճանաչման առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարավային Օսիայի ժողովրդի համար փշոտ էր անկախության ճանապարհը, լի բազում դժվարություններով եւ կորուստներով: Սակայն հանրապետությունն իր մեջ ուժ գտավ եւ պատվով հաղթահարեց դրանք:

Արցախն անկեղծորեն ուրախ է ՀՕՀ անկախության ճանաչման համար: Կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Հարավային Օսիայի ողջ ժողովրդին:

Թող խաղաղությունը մշտապես հաստատվի Ձեր երկրում: Բարգավաճում եւ բարեկեցություն բոլորիդ»:

 

 ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ողջունում են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պետական անկախության ճանաչման փաստը: Այն լիովին համապատասխանում է ազգերի ինքնորոշման եւ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին, որոնք  ամրագրված են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերում եւ իրավական ակտերում:

Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ ուժի կիրառման սպառնալիքները, ռազմական ներուժի չափից դուրս ավելացումը եւ զենքի ուժով հարցերն իրենց օգտին լուծելու ձգտումը հղի են հումանիտար աղետներով:

Լիահույս ենք, որ տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգիռ բոլոր ուժերը ճիշտ հետեւություններ կանեն վերջին ժամանակահատվածում Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձություններից եւ գործնական քայլեր կձեռնարկեն առկա հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եւ տարածաշրջանային կայունությունը վերականգնելու համար:

 27 օգոստոսի 2008թ.
ք.Ստեփանակերտ

 

 

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Օգոստոսի 25-ին Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման եւ Դաշնության Խորհուրդը, հաշվի առնելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը, հարգելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կառավարությունների եւ ժողովուրդների՝ իրենց երկրների անկախության ճանաչման դիմումները, քննարկեցին եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչեցին որպես անկախ պետություններ:

Սա ոչ միայն ճշմարիտ պատմական որոշում էր, որում հարգվեցին իրենց պատմական տարածքներում անկախություն հռչակած բնիկ ազգերի իրավունքները, այլեւ արժանի հակահարված էր Կոսովոն՝ պատմական սերբական տարածքը, բնիկներից խլելու եւ մահմեդական եկվորներին Արեւմուտքի կողմից նվիրաբերելու փաստին:

Սա նաեւ արժանի հակահարված էր անարդարորեն այլոց տարածքները զավթած, պետություններ ու արհեստական ազգեր ստեղծած կառավարություններին, որոնք տարածքային անձեռնմխելիության իրավունքը մշտապես հակադրում էին ազգերի ինքնորոշման իրավունքին, հատկապես բնական ազգերի՝ իրենց պատմական տարածքներում ինքնորոշվելու իրավունքին:

Չնայած այն հանգամանքին, որ Հայ Արիական Միաբանությունը Արցախ-ԼՂՀ-ն (ազատագրված տարածքներով) համարում է Հայաստանի Հանրապետությանն այլեւս միավորված տարածք եւ անբաժան մաս, այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության իշխանություններին դիմում ենք Արցախ-ԼՂՀ ինքնորոշման իրավունքը նույնպես հարգելու միջնորդությամբ:

Դիմում ենք նաեւ աշխարհի ազատատենչ ազգերին ու երկրներին՝ ճանաչելու եւ սատարելու ՌԴ իշխանությունների որոշումը, ինչպեսեւ՝ Արցախ-ԼՂՀ-ի արդեն իսկ ինքնորոշված իրավունքը:

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդներին՝ անկախության ճանաչման առիթով եւ իր աջակցությունն է հայտնում նորանկախ երկրների իշխանություններին:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
26.08.2008թ.

 

 ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ 

Երբ նորերս Ստեփանակերտում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին վրաց-օսական պատերազմի կապակցությամբ հարցրել են, թե ինչպիսին է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում, նա պատասխանել է, որ մենք պիտի միասնական լինենք: Հավանաբար, նա նկատի է ունեցել Հայաստանը, քանի որ Ղարաբաղում այդ խոսքի հասցեատեր նա դժվար թե գտնի:

Միասնականությունը Ղարաբաղում հասել է լիակատարության աստիճանին: Այստեղ խառնել են «այլախոհություն», «ընդդիմություն», «սեփական կարծիք», «քննադատություն», «գնահատական» հասկացությունները, այս ամենից շիլաշփոթ պատրաստել եւ հանրությանն են ներկայացնում որպես միասնականությանն ու ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ:

Այնինչ, հենց այդ ամենի՝ այլախոհության, ընդդիմության, սեփական կարծիքի, քննադատության, գնահատականների դիտավորյալ խլացումն է ամենամեծ վտանգը ազգային անվտանգության համար: Լռել են քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները /ժամանակն է իրապես լրատվա-միջոց դառնալ/: Ու այս լռության մեջ կատարվում են լավ եւ վատ գործեր, որոնց մասին, ինչպես մեռելների, խոսվում է կամ լավ, կամ ոչինչ: 

Վրաց-օսական պատերազմի և դրա հետեւանքների կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել է, որ պետք չէ ձեւացնել, թե ոչինչ չի պատահել: Դա ասել է մի այնպիսի հզոր պետության ղեկավար, որը  գտնվում է հակամարտության գոտուց ահագին հեռու: Իսկ մենք՝ գտնվելով հենց նույն տարածաշրջանում, ձեւ ենք անում, որ, իրոք, առանձնակի ոչինչ չի պատահել, որ մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը եւ, ընդհանրապես, ամեն ինչ վերահսկողության տակ է:

Ապշել կարելի է, դիտարկելով ղարաբաղյան լրատվամիջոցները այս թեժ պահին: Համոզված եմ, որ ամեն երեկո մարդիկ անհամբեր միացնում են Արցախի հանրայինը, որպեսզի լսեն, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները մեր ճակատագրի վրա: Ուզում են լսել ոչ թե այլ երկրների ղեկավարների եւ քաղաքագետների կարծիքները, այլ իրենց կողմից ընտրված, իրենց սատարած մարդկանց գնահատականները: Սակայն նրանք ստիպված են լինում բավարարվել այլ լրատվամիջոցներից «փոխառած» տեղեկատվությամբ եւ գյուղատնտեսության բուռն զար-գացման մասին լուրերով:

Լրագրողները մեղավոր չեն: Նրանք չեն կարող իրենք իրենց հարցազրույցներ տալ եւ «տելեվիզորով ցույց տալ», նրանք պետք է խոսող մարդիկ գտնեն: Եւ խնդիրն այդ մարդկանց բացակայության մեջ է: Հարավօսական զարգացումների պարագայում, համենայն դեպս, «խոսող» մարդիկ մեզ մոտ գտնվեցին մեծ ուշացումով, ինչը լրջորեն ազդեց նրա խոսքի ազդեցիկության ու հրատապության վրա:

Ճիշտ չէ մտածելը, որ Ղարաբաղում չկան մարդիկ, ովքեր ի վիճակի են իրադարձություններին ադեկվատ գնահատական տալ կամ ազատ խոսել տեսախցիկի առջեւ: Կան, իհարկե: Սակայն նրանք գերադասում են լռել: Որովհետեւ «միասնական» մթնոլորտը չի հանդուրժում ոչ միայն այլախոհություն, այլ նաև սեփական կարծիք ընդհանրապես: Սեփական կարծիքի ցանկացած արտահայտություն դիտարկվում է որպես միասնականությունը պառակտելու փորձ, իսկ մարդիկ գերադասում են չկրել այդպիսի պիտակ: 

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ գիտակից մարդիկ, ովքեր լռությունը ոսկի են համարում, լուռ աշխատող իշխանություն, որը, գուցե եւ, կարիք է զգում խորհուրդների եւ քննադատության, բայց ի սկզբանե այն չի ընդունում, անտեղյակ եւ ցանկացած զարգացման պատրաստ հանրություն, որը դեռ հավատում է պաշտոնական տեղեկատվությանը: Այս ամենը հրաշալի դաշտ է աշխարհում փոփոխություններ գծագրողների համար. կարելի է անել ամեն ինչ, մնում է ղեկավարի հետ պայմանավորվել, իսկ մնացածները հոտի պես կգնան նրա ետեւից:

Նման պարագայում ղեկավարն էլ հայտնվում է աննախանձելի վիճակում: Չէ՞ որ նա երկար փորձել է համոզել աշխարհին, որ Ղարաբաղում միասնականություն է, որ ընդդիմություն գոյություն չունի եւ իշխանության քայլերի դեմ ոչ ոք անգամ ծպտուն չի հանում: Եւ հիմա, եթե այդ նույն ղեկավարին պարտադրեն հակաժողովրդական, հակազգային քայլեր, նա այլեւս չի կարողանալու արդարանալ, որ «ընդդիմությունը, հասարակությունը թույլ չի տա ինձ դրան գնալ»: Նա ստիպված կլինի անել այդ քայլը, եւ դրա դեմ, իրոք, ոչ ոք չի ըմբոստանա:

Որովհետև փաստորեն կազմալուծվել է ազգային  անվտանգությունն ապահովող կարեւորագույն ինստիտուտը՝ հրատապ եւ հեռանկարային խնդիրների հանրային քննարկումներն ու կարծիքների փոխհավասարակշռումը: Հանրությունն այլևս չի մասնակցում որոշումների ընդունմանը, եւ իշխանությունները վերջնականապես կտրվել են հասարակությունից: Դրանք արդեն երկու անկախ համակարգեր են՝ իշխանություն եւ հասարակություն:

Այս ամենը սխալ քաղաքականության հետեւանք է: Ընդդիմություն ու այլակարծություն չի հանդուրժում բռնապետական կամ, որ գրեթե նույնն է, քրեական աշխարհը: Դա նաեւ հոգեբանության հարց է. այլ կարծիքից վախենում է նա, ով գիտի, որ ի զորու չէ դրան հակադրել ավելի հզոր կարծիք: Կամ գիտի, որ ինքը չի որոշում, եւ պետք է պարզապես «բարենպաստ պայմաններ» ստեղծել, որ իջեցված որոշումները կյանքի կոչելուն ոչ ոք չխանգարի:  

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

համահայկական 

ԻՄ ԱԶԳԱՅԻՆ ԻԴԵԱԼԸ, ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ

Նվիրում եմ որդուս` Շահեն Հարությունյանին և բոլոր նրանց, ովքեր հավատում են ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻԴԵԱԼԻՆ

Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որ ճշմարտությունն ասի այնպես, ինչպես կտեսնի:

 Բորիս Պաստերնակ 

Շուրջ 15 տարի է, որ հայությունը ձեռք է բերել անկախություն և փորձում է կերտել սեփական պետությունը: Ահա այս տարիների ընթացքում, երբ ձևավորվում են պետությունը խորհրդանշող ինստիտուտներ, ցավոք, դրանից պետության որակը չի բարելավվում: Հայ մարդը դժգոհ է իր պետությունից. բոլորը մեղադրում են բոլորին: Այսպիսի իրավիճակը ոմանք մեկնաբանում են պետության երիտասարդ տարիքով, ոմանք` օրենքների անկատարությամբ, մյուսներն էլ նշում են հայության դարերով սեփական պետությունից զրկված լինելու հանգամանքը: Փաստորեն, հայը սեփական պետության թշվառությունը բացատրում է ամեն կերպ, բացի հիմնականից: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով: Այսօր հայությունն արդյո՞ք դավանում է ազատության և արդարության իդեալներ:

Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները` համոզվում ենք, որ նա վաղուց դադարել է հավատալ ազատության և արդարության իդեալներին և միայն հավատում ու ոգևորվում է նյութական «իդեալներով»: Այսինքն` ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական էլիտան, պատրաստ են զոհել ամեն ինչ, նույնիսկ սեփական ազատության իդեալը` հանուն «կուշտ ուտելու», թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը բնական և հատուկ է ոչ միայն հայությանը, այլ բոլոր մեռնող ժողովուրդներին: Ժողովուրդները մեռնում են այն ժամանակ, երբ կորցնում են հավատի զգացումն ընդհանրապես և հավատն ազատության իդեալի նկատմամբ` մասնավորապես: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները նախ վերածվում են նյութապաշտ զանգվածի` ուստի և անընդունակ են լինում զգալ բոլոր այն արժեքների կորուստը, որոնք դուրս են նյութական ոլորտից: Մարդն իր իդեալը կորցնում է այն ժամանակ, երբ կորցնում է իդեալի նկատմամբ ունեցած զգացողությունը: Նրանք, ովքեր մեռնող ժողովուրդների մեջ փորձում են խոսել իդեալների անհրաժեշտության մասին, ենթարկվում են ծաղրի կամ լավագույն դեպքում` լուռ անտարբերության: Ընդհանրապես, ցանկացած ժողովուրդ իր մեծամասնությամբ անհաղորդ է բարձր իդեալներին: Սակայն միշտ գոյություն ունի նաև կազմակերպված իդեալիստ փոքրամասնություն, որը համախմբվելով որոշակի բարձր իդեալների շուրջ, իր հետևից տանում է անտարբեր մեծամասնությանը: Ցավոք, այսօր հայոց մեջ չի նշմարվում կազմակերպված այն իդեալիստ փոքրամասնությունը, որն իր շուրջը համախմբելով ողջ հայությանը` կկարողանա մղել դեպի բարձր իդեալներ կերտելու: Համոզված եմ, որ ինչպես մարդկության, անպես էլ հայության համար լավագույն իդեալը Ազատությունն է: Նաև կարծում եմ, որ միայն հավատն ազատության իդելաի նկատմամբ կօգնի հայությանը կերտել սեփական բարգավաճ պետությունն ու ապահովել ժողովրդի բարօրությունը:

Սույն գրքույկում վերոհիշյալ թեմայի անդրադարձը հնարավոր է վիճարկելի թվա, քանի որ իդեալի դերն ու նշանակությունը հայության համար վաղուց անկարևոր է դարձել: Իսկ նրանք, ովքեր դեռ կարևորում են իդեալի դերը, ունեն իդեալի մասնավոր ընկալում:

Հեղինակ

ժողովուրդ, ասա ինձ որն է քո իդեալը, և ես կասեմ` քո ապագան: 

Միշել Մոնտեն

 Պետությունների ծագումը 

Պետությունների ձևավորման պատմությունը դիտելիս, նկատում ենք, որ այն արդյունք է բացառապես երկու իրողության` որևէ ժողովրդի կողմից դավանած իդեալի և գործող աշխարհակարգի փոփոխության: Պետությունների ձևավորման փուլում այս երկու իրողությունները կարող են հանդես գալ և° միաժամանակ, և° առաձին-առանձին: Այն պետությունը, որն առաջանում է առանց տվյալ ժողովրդի կողմից դավանած իդեալի առկայության, այլ միայն աշխարհակարգի փոփոխության արդյունքում, պատմականորեն դատապարտված է կործանման, եթե, իհարկե°, տվյալ ժողովուրդն իր պետության ներքո ի վիճակի չէ իր համար ձևավորել համապատասխան իդեալ: Կործանման է դատապարտված նաև այն պետությունը, որի ժողովուրդը սկզբնապես ունեցել է առաջադիմական իդեալ, բայց ժամանակի ընթացքում դադարել է հավատալ իր իդեալին: Մարդկային պատմությունը լի է այս տեսակետը հաստատող բազմաթիվ օրինակներով, որոնցից կարելի է նշել բարձր քաղաքակրթություն ստեղծած Հռոմեական կամ Բյուզանդական կայսրությունների կործանումները, որ տեղի ունեցան ոչ թե թշնամու հարվածների ներքո, այլ` երբ սեփական ժողովուրդները դադարեցին դավանել որևէ առաջադիմական իդեալ: Ի տարբերություն վերջիններիս, Արաբական հսկայածավալ խալիֆայությունը ստեղծվեց անապատներում թափառող, չձևավորված մի ժողովրդի կողմից, որին Մուհամեդ անունով ջորեպանը կարողացավ պարտադրել համընդհանուր, հավաքական առաջադիմական իդեալ: Այս օրինակները համապատասխանում են իդեալի արդյունքում ծնված կամ կործանված պետություններին: Աշխարհակարգի փոփոխության արդյունքում ծնված պետությունների օրինակ են Ադրբեջանը, որն առաջացավ Ցարական Ռուսաստանի քայքայման հետևանքով և այսօրվա Ղրղզստանն ու միջինասիական մյուս հանրապետությունները, որոնք արդյունք են ՍՍՀՄ փլուզման: Որպեսզի տեսնենք, թե ի՞նչ ապագա և հեռանկարներ ունի այսօրվա Հայկական պետությունը, նախ, պետք է պարզենք, թե ինչի արդյունք է այն` ժողովրդական իդեալի՞, թե՞ աշխարհակարգի փոփոխության: Սրա համար, կարծում եմ, կարիք չկա վերլուծել լոկալ քաղաքակրթությունների փուլում հանդես եկած հայկական պետությունների պատմությունը: Ճիշտ կլինի վերլուծել առաջին գլոբալ քաղաքակրթության` հելլենիզմի ժամանակ առաջացած Հայկական պետության պատմությունից:

 Արտաշիսյանների հայկական կայսրությունը 

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Մերձավոր Արևելքում առաջացել էր հելլենական ամենամեծ` Սելևկյան կայսրությունը, որի կազմում էր Հայաստանը: Կայսրությունը բաժանված էր կուսակալությունների, որոնցից երեքը հայկական էին` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք: Մ.թ.ա. 190թ. Մագնեսիայի ճակատամարտում, պարտություն կրելով արագ հզորացող Հռոմից, Սելևկյան կայսրությունը սկսում է թուլանալ: Դեռևս մ.թ.ա. 201թ. Մեծ Հայքի կուսակալ նշանակված Արտաշեսը, օգտվելով կայսրության թուլացումից և համագործակցելով հայկական Ծոփքի կուսակալ Զարեհի հետ, մ.թ.ա. 189թ. իրենց ղեկավարած հայկական երկրները հռչակում են Սելևկյան կայսրությունից անկախ պետություններ: Այդ տարիներին իրենց անկախությունն են հռչակում նաև կայսրությանը ենթակա բազմաթիվ երկրներ և ժողովուրդներ, որոնցից միայն երեքը հայկական էին: Փաստորեն, ինչպես մյուս բոլոր պետությունները, այնպես էլ Արտաշիսյան Հայաստանը ստեղծվեց գործող աշխարհակարգի (տՏՐÿՊՏՍ) փլուզման արդյունքում: Պատմությունից հայտնի է, որ անկախություն հռչակած այս բազմաթիվ երկրներից կարողացան գոյատևել և զարգանալ ընդամենը երկու-երեքը, որոնցից էր նաև Արտաշիսյան Հայաստանը: Երբ վերլուծում ենք, թե ինչպես գոյատևեց և հզորացավ Արտաշիսյան Հայաստանը, նկատում ենք, որ աշխարհակարգի փլուզման արդյունքում ծնված պետությունն, ի տարբերություն շատ ուրիշ պետությունների, ամրապնդված էր նաև իրեն ենթակա ժողովրդի դավանած հավաքական, բարձր իդեալով:

Ուսումնասիրելով Արտաշեսի գործունեությունը, համոզվում ենք, որ նա հանդես չեկավ սոսկ որպես երկրի հերթական կառավարիչ, այլ առաջ քաշեց պետության կառուցման բոլորովին նոր նախագիծ, որն ամրապնդված էր տվյալ ժամանակի համար առաջադիմական, բարձր և կուռ իդեալներով: Արտաշեսի նոր նախագիծը, փաստորեն, բարձրագույն արժեք, իրականանալի իդեալ էր հռչակում մարդու իրավունքը և նրա սեփականության պաշտպանությունը պետության կողմից, ինչպես նաև` սոցիալական արդարությունը: Այս նախագիծն իրականացնելու համար նրա առանձին քայլը հայկական նախկին էլիտային պետության ղեկից հեռացնելն էր, առաջ քաշելով և ձևավորելով մի նոր, այնպիսի էլիտա, որը ոչ միայն հավատաց նոր նախագծի իրականացմանը, այլ նոր իդեալների կրողը եղավ: Նոր իդեալներ կերտելու համար Արտաշեսն իրականացրեց մի շարք պետական բարեփոխումներ, որոնք ձևավորեցին այդ իդեալները սպասարկող բարձր մշակույթ: Բարձր մշակույթ կարող է լինել միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջադիմական իդեալ: Այսինքն` մշակույթն իդեալի ծնունդ է, իդեալի հայելային արտացոլանք: Յուրաքանչյուր ժողովուրդ ունակ է ստեղծելու այնպիսի մշակույթ, ինչպիսին նրա իդեալն է:

Աշխարհակարգի փոփոխության արդյունքում Արտաշեսի ստեղծած և հայ ժողովրդի դավանած իդեալով ամրապնդված հայկական պետությունը, բնականաբար, պետք է զարգանար և տարածաշրջանի լիդերի հայտ ներկայացներ իր մրցակից երկրներին այնքան, որքան թույլ էր տալիս այդ պետության ու ժողովրդի դավանած իդեալի ներուժի զարգացման հզորությունը: Մինչ օրս ոչ մի պատմաբան չի կարողացել, շատ թե քիչ, հավաստի, խորքային մեկնաբանել, թե ինչի արդյունքում առաջացավ և կործանվեց Տիգրան Մեծի հայկական կայսրությունը:

Ընդհանրապես, որևէ պետական կազմավորում չի առաջանում սոսկ այն պատճառով, որ այդպես ցանկանում է որևէ էթնիկական, կրոնական կամ սոցիալական խումբ: Պետական կազմավորումները և նույնիսկ կայսրություններն առաջանում և կայանում են, եթե այն ստեղծող հանրությունն առաջ է քաշում մի մշակույթ` խարսխված այնպիսի առաջադիմական իդեալի վրա, որն ապահովում է մարդկության առաջընթացն ընդհանրապես և տարածաշրջանի ժողովուրդներինը` մասնավորապես: Այլ խոսքով, պետության ծնունդն ու գոյատևումը կարող է լինել միայն մի դեպքում, երբ այդ պետությունն իրականացնում է որևէ միսիա, առաքելություն: Այս պայմանը ոչ միայն գլխավոր, այլև թերևս միակ պայմանն է պետությունների ստեղծման համար, որում երկրորդական նշանակություն ունեն թվաքանակը, զբաղեցրած տարածքը և այլ չափանիշներ: Այս պայմանը վեր է մարդու, ժողովրդի պարզ գիտակցությունից և առնչվում է կյանքի ու մահվան պայքարի տրամաբանությանը: Ցանկացած աշխարհակարգի փլուզում անկարգությունների սկիզբ է և մահվան խորհրդանիշ: Բնականաբար, կյանքի խորհրդանիշ է երկրագնդի վրա կարգուկանոնի հաստատումը, որևէ նոր աշխարհակարգի ձևավորումը: Սելևկյան կայսրության մեջ, երբ հելլենական մշակույթը դադարեց զարգանալ, կայսրությունը դատապարտվեց մահվան` իր հետևից բերելով հսկայական տարածաշրջանում գործող աշխարհակարգի փլուզումը: Քանի որ Հռոմն այդ փուլում զբաղված էր այլ խնդիրներով, ուստի Սելևկյան կայսրության տարածքում նոր աշխարհակարգի ձևավորման համար պայքարն ընթացավ հենց նույն կայսրությանը ենթակա, առավել բարձր մշակույթ ունեցող ժողովուրդների միջև:

Աշխարհակարգի փլուզման արդյունքում, Արտաշեսի կողմից ստեղծված և հայ ժողովրդի դավանած իդեալով ամրապնդված պետության մշակույթը պետք է տար իր բարձր արդյունքները, որը համընկավ Տիգրան Երկրորդի գահակալությանը` նրան դարձնելով Մեծ և Արքայից Արքա: Իհարկե, Տիգրանն ինքն էլ իր անհատական ողջ ունակությունները ներդնելով` դարձավ Արտաշեսի առաջ քաշած նոր նախագծի լավագույն իրականացնողն ու իդեալների կրողը: Ինչպես յուրաքանչյուր նվաճող, Տիգրանը նույնպես չէր կարող միայն զենքի ուժով իրեն ենթարկել բազմաթիվ ժողովուրդների, եթե նրանց չմատուցեր առաջադիմական մշակույթ և որոշակի աշխարհակարգ: Պատմությունից հայտնի է, որ շատ հաճախ ենթակա ժողովուրդները ոչ միայն լրջորեն չեն դիմադրել, այլև նրան դիմել են, որպեսզի իրենց ղեկավարի: Եվ պատահական չէ նաև այն, որ Տիգրանի կայսրությունը ստեղծվեց այն տարածքներում, որտեղ աշխարհակարգ գոյություն չուներ, այսինքն` փլուզված Սելևկյան կայսրության սահմաններում: Ցավոք, Հայկական կայսրության ստեղծումը համընկավ հելլենական քաղաքակրթության վերջին` համընդհանուր անկման փուլին: Փաստորեն, Արտաշեսի առաջ քաշած նախագիծը` հայկական ազգային իդեալը, հիմնված լինելով հելլենական քաղաքակրթական արժեքների վրա, պետք է թուլանար, մեռներ` իրեն սնած քաղաքակրթության հետ միասին: Եթե հայ ժողովրդի ստեղծագործական ոգին բավականաչափ հզոր գտնվեր մեռնող քաղաքակրթությունից իր իդեալը պաշտպանելու, ապա ոչ միայն Հայկական կայսրությունը կպահպանվեր, այլև տեղի կունենար մշակութային հեղափոխություն, որը հիմք կդներ համաշխարհային կամ տարածաշրջանային մի նոր մշակույթի: Ի տարբերություն Հայաստանի, Հռոմը մեռնող քաղաքակրթության մեջ կարողացավ իրականացնել մշակութային հեղափոխություն, որով էլ ապահովեց իր համաշխարհային գերակայությունը մյուս ժողովուրդների նկատմամբ: Փաստորեն, մարդու իրավունքների և սոցիալական արդարության իդեալներն իրագործելու կոչված Հռոմի նախագիծը, որը պատմությունից հայտնի է որպես Հռոմեական իրավունք, իր բնույթով լինելով ավելի առաջադիմական, խոտանեց և մրցակցությունից դուրս մղեց Արտաշիսյան նույնատիպ նախագիծը՝ պարտության մատնելով նաև Հայկական կայսրությունը: Հայկական հելլենական կայսրության կործանումն իր հետ պատմության ասպարեզից պետք է հեռացներ նաև կայսրության գաղափարակիր և Արտաշեսի նախագիծն իրականացնող Արտաշիսյաններին ու նրանց գործակից ազգային էլիտային, որն էլ տեղի ունեցավ մի քանի տասնամյակի ընթացքում: Արտաշիսյան Հայաստանի կործանումից հետո, հայկական էլիտան այլևս երբեք չկարողացավ իր ստեղծած պետություններում ձևավորել որևէ առաջադիմական իդեալ, որի շուրջ հնարավոր էր համախմբել հայ ժողովրդին: Եվ պատահական չէ, որ դարաշրջանի մասին Խորենացին հիացմունքով գրում է.«Բոլոր առաքինություններից և ճշմարիտ գործերից հետո Արտաշեսը հրամայում է գյուղերի և ագարակների սահմանները որոշել, որովհետև նա մեր երկիրը բազմամարդացրեց շատ ժողովուրդներ բերելով…»: «Բայց ասում են, թե Արտաշեսի ժամանակ Հայաստանում անմշակ հող չմնաց, ոչ լեռնային և ոչ դաշտային, այնքան շենացել էր երկիրը»:

  ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(շարունակելի)

 

 

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈՒՆ 

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ

Սկիզբը` նախորդ համարներում

 ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ 

Ֆուլեականների կողմից առատորեն օգտագործվում էին զանազան խորհրդանիշներ: Դրա նպատակն էր ազդել մարդու վրա` շրջանցելով մարդու տրամաբանությունը և դատողությունը: Ֆուլեականները նպատակ ունեին խորհրդանիշների մոգական զորությամբ մարդկանց մոտ առաջացնել ֆանատիկ հավատ ազգային-սոցիալիզմի հանդեպ: Բացի այդ, գտնում էին, որ խորհրդանիշները մարդկանց մոտ կառաջացնեն կարոտ հին հերոսական ժամանակների հանդեպ: Իսկ քանի որ ազգայնական շարժումը խոստանում էր վերականգնել հին հերոսական շրջանի ավանդույթները, ապա հուսով էին այդ կերպ ստանալ լայն զանգվածների աջակցությունը:

Խորհրդանիշներից գլխավորը կեռխաչն էր, որը խորհրդանշում էր արիական շարժման հաղթանակը, ինչպես նաև` արարում:                Որպես խորհրդանիշ օգտագործվում էին նաև ռունական, հինգերմանական և սկանդինավյան գրերը, որոնք նույնպես մոգական ու մանտիական հատկություն ունեին: Յուրաքանչյուր ռունա ունի երեք բաղադրիչ` ձայն, ձև և հինգ զգայարանների համար քողարկված օրենք, որը դուրս է եռաչափ մեր աշխարհից: Ռունայի մոգականությունը հենց դրա մեջ է:

Երկու ռունա (սոուլի, զիգ, Արմանական դասավորության մեջ 11 և 12-րդ), որ խորհրդանշում են արևային սկավառակը շարժման մեջ, ինչպես նաև` կայծակ և որոտ, կազմում են ՍՍ նշանը: Համաձայն ֆուլեականների ընկալումների, երկու ռունայի օգտագործումը կրկնապատկում էր ազդեցության էներգիան: Պատերազմի աստված Տյուրին նվիրված «թեյվազ» ռունան ընտրվել էր որպես Հիտլերյուգենդի էմբլեմ` նպատակ ունենալով երիտասարդներին մղել ռազմատենչության:

Ռեյխի խորհրդանիշներից էին նաև արծիվը և կաղնին (կաղնու տերևը), որոնք հիշեցնում էին Ռեյխի իմպերատորական ծագումը: «Մեռած գլուխը», որ ՍՍ-ականների դիվիզիաների նշանն էր, փոխառված էր ռոզենկրեյցերներից, բայց արդեն մահվան և ավերման խորհուրդ չուներ, այլ նյութի հանդեպ ոգու հաղթանակի իմաստ:

Մեծ տարածում ուներ արևի նշանը: Արևը ընկալվում էր որպես մոլորակի վրա կյանքի աղբյուր: Այն նորացման և բարձրագույն ուժերի խորհրդանիշն էր: Արևը ոչնչացնում է փտածությունը, ոչինչ հզոր չէ արևից: Արևային սկիզբը հակադրվում էր լուսնային սկզբին:

Առանձնակի ուշադրություն էր դարձվում նաև ժեստերին: Պարզվել է, որ թե° մասսայական ճոխ շքերթների անցկացման ձևերը, թե° առաջնորդի շարժուձևն ընդօրինակված են տիբեթյան Լխասի մենաստանի արարողակարգից: Առաջնորդի ժեստը՝ ուղիղ անկյան տակ կրծքին ծալված երկու ձեռքերը, գերագույն մագիստրի ծիսական պահվածքի ձևն է, որը համապատասխանում է ռունական «դակ» նշանին և խորհրդանշում է կրկնակի կացին, իսկ այն իշխանության սիմվոլն է:

Ֆուլեի միության անդամները միմյանց ողջունում էին «Ողջույն և հաղթանակ» (“Heil und Sieg”) արտահայտությամբ, որն ուղեկցվում էր աջ ձեռքի  առաջ պարզումով: Ձեռքի այդ շարժումը եղել է մոգական ծես, այն խորհրդավոր լարվածություն էր առաջացնում: Հետագայում ողջույնը ձևափոխվեց և դարձավ «Ողջույն հաղթանակին» (“Sieg heil”), որն օգտագործվում էր կուսակցականների կողմից: 1933 թվականից ողջույնի այդ ձևը դարձավ պարտադիր Ռեյխի բոլոր քաղաքացիների համար: Հասարակական միևնույն խմբի ներկայացուցիչները եթե հանդիպում էին իրար, ապա միմյանց ողջունում էին առաջ պարզած աջ ձեռքով, այնպիսի անկյան տակ, որ դեմքը երևար ափի տակից: Եթե քաղաքացին պատահում էր հասարակական կամ այլ առումներով ցածր շերտում գտնվող մարդու, ապա աջ ձեռքը պահում էր ուղղահայաց դիրքով` աչքի բարձրության վրա: Աջ ձեռքը պիտի բարձրացվեր նաև պետական և կուսակցական հիմների ժամանակ: Այստեղ նկատենք, որ աջ ձեռքով ողջույնը օգտագործում էին նաև իտալացիները: Եթե իտալացիները ողջունելիս ձեռքը պարզում էին վեր, ապա գերմանացիները մոտ 50-60 աստիճանով իջեցրին պարզված ձեռքը:

Ֆուլեականները գիտեին, թե մարդկանց կառավարելու առումով ինչ մեծ էֆեկտ կարող են տալ միջնադարյան պատումները րաալի գավաթի մասին, գիշերային ժամերին բոցկլտացող հազարավոր ջահերը և այլն: Իրենց գործողություններում նրանք հաշվի էին առնում գերմանացիների տիպիկ ռոմանտիզմը և պրագմատիզմը:

Միայն գերմանացիները չէ, որ օգտագործում էին մոգական ժեստեր: Բացված մատներով հաղթանակի նշանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործեցին անգլիացիները, մինչև 1940 թվականը հայտնի էր Ազատ Որմնադիրների բարձրագույն նվիրյալներին միայն: Չերչիլը երկյուղ ուներ, թե մոգական ծեսեր կիրառող գերմանացիները հաղթանակի կհասնեն, և նրա մոգության ուսուցիչ Կրոուլին խորհուրդ տվեց այդ վտանգը կանխել առաջ պարզված ձեռքի բացված մատներով, որն այժմ ընկալվում է որպես հաղթանակի («V») նշան, մինչդեռ իրականում ունեցել է այլ իմաստ:

 ԿՐՈՆ 

Վերը բերված նյութից առավել քան ակնհայտ է, որ ֆուլեականները նորարարություն պիտի իրականացնեին նաև կրոնի ընկալման հարցում: «Կամ մենք կունենանք գերմանական աստված, կամ չենք ունենա ընդհանրապես: Մենք չենք կարող ծնկի գալ համընդհանուր աստծո առաջ, որը ֆրանսիացիներին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան մեզ: Առաջին համաշխարհային պատերազմում մենք պարտվեցինք, քանի որ հավատում էինք ոչ թե մեր` գերմանական, այլ համընդհանուր աստծուն»,- սա էր գերմանացիների վերաբերմունքը կրոնի հետ կապված հարցերին:

Նրանք փաստորեն հիմնեցին նոր կրոն, որն ուներ Արյուն և Հող հիմնասյուները, ինչպես նաև ֆյուրերության սկզբունքը: Մի նկատառում ևս. նրանք չէին ընդունում հոգու վերամարմնավորումը ամբողջությամբ, նրանց համար տանելի չէր կարող լինել այն, որ արիացու հոգին մյուս կյանքում  մարմնավորվեր ցածր ռասայի մեջ: Արիացին անմահ է` սա էր նրանց դիրքորոշումը: Եվ որպես դրա հաստատում՝ մյունխենյան պուտչի զոհերի հիշատակի օրերին, երբ բազմամարդ շարքերի առջև կարդում էին զոհվածների անունը, շարքերը կանչում էին` «Ներկա»:

Արդյունքում ֆուլեականներին հաջողվեց գերմանական ժողովրդի հոգու խորքում առաջացնել աննախադեպ հզորության փսիխոֆիզիկական պայթյուն: Մասնագետների գնահատումներով` դրա դեմ խամրում է ատոմային ռումբի հզորությունը:

Այս քայլերը հանգեցրին տնտեսական հրաշքի. իշխանության առաջին մի քանի տարիների ընթացքում ազգայնական կուսակցությունը ապահովեց տնտեսական այնպիսի վերելք, որ Գերմանիան իր հզորությամբ գերազանցեց բոլոր մերձակա և հեռավոր հարևաններին:

ԿՅԱՆՔԻ ԾԱՂԻԿՆԵՐ 

Ազգային-սոցիալիստները գտնում էին, որ մարդու արտաքին տեսքի լավացումը երաշխավորում է ռասայի ոգու վեհությանը: Եվ այդ պատճառով հոգ էին տանում, որպեսզի  ծնվող երեխաներն ունենան արիական տվյալներ: Իսկ այդպիսի երեխաներ կարող էին ծնվել ստուգված, ռասայապես կատարյալ ծնողներից:

Ծնելիությունը խթանելու նպատակով մտադրություն կար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո օրինականացնել երկկնությունը: «Եթե այն լավ արյունը, որը կա մեր ժողովրդի հիմքում, չբազմապատկվի, ապա մենք չենք կարող տիրել աշխարհին... Ժողովուրդը, որն ունի միջինում  չորս տղա, կարող է համարձակվել պատերազմի, քանի որ եթե երկուսը զոհվեն, ապա մնացած երկուսը կշարունակեն իրենց տոհմը: Մեկ կամ երկու տղա ունեցող ղեկավարները ցանկացած որոշում ընդունելիս կտատանվեն: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման իրավիճակ»,- գտնում էին նրանք:

«Կյանքի աղբյուր» ծրագիրը նպատակ ուներ սելեկցիոն ընտրության միջոցով գերմանական ազգին դարձնել տիրակալների ռասա: Պաշտոնական գաղափարախոսությունը հատուկ ընդգծում էր, որ գերմանացի կանանց պարտքն է աշխարհ բերել ռասայապես լիարժեք երեխաներ, անկախ այն բանից, նրանք ծնվում  են ընտանիքներում, թե արտամուսնական են (խոսքը չէր վերաբերում օրիորդներին):  Խրախուսվում էր հղիությունը ՍՍ-ի անդամներից:

Ծնունդի նախօրեին գերմանացի կանանց գործուղում էին հատուկ ծննդատներ, որտեղ ցուցաբերվում էր լիարժեք, անվճար բժշկական սպասարկում:

Խրախուսվում էր  բազմանդամ ընտանիքը. նրանց, ովքեր ցանկություն էին հայտնում շատ երեխա ունենալ, նպաստ էր տրվում:

 ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՇՐՋԱԴԱՐՁ 

Մեր խնդիրը չէ ամենևին քննել Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական կողմի պարտության պատճառները: Բայցևայնպես, ներկայացնենք կատարվածի բացատրության ոչ ստանդարտ մի տարբերակ, որին ընթերցողը դժվար թե տեղյակ լինի:

Սկզբնական շրջանում ՍՍ-ում երկու հիմնական թեզեր կային` Արյան և Հողի: Արյան թեզի կողմնակիցները գտնում էին, որ պետությունը հարկավոր է կառուցել արյան հայտանիշով, էթնիկ ընդհանրությամբ: Այս դեպքում, սակայն, ընտրյալ ազգը հարկադրված էր լինելու ապրել թշնամիների մեջ:

Մյուս թեզի կողմնակիցները հաշվի էին առնում միևնույն տարածքի վրա ապրող բոլոր ժողովուրդների շահերը: Այսինքն, յուրային էին հավարվում բոլոր նրանք, անկախ ազգային պատկանելությունից, ովքեր անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին կպաշտպանեին Գերմանիայի շահերը: Սա այն ժամանակ կոչվեց ինտերֆաշիզմ: Շրջանառվում էր նաև ինտերֆաշիզմի ընդլայնված տարբերակը` յուրային համարել նաև եվրասիական ժողովուրդներին, իսկ թշնամի` Անգլիային և ԱՄՆ-ին, և  աշխարհաքաղաքականությունը կառուցել եվրասիական ժողովուրդների շահերի համադրման հիման վրա:

Պանգերմանիզմի հետևորդները հաղթեցին բազմազգ պետության կողմնակիցներին:

Թե ինչ եղավ հետո` հայտնի է բոլորին:

 ԻՏԱԼԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

 Կարծում ենք ընթերցողին հետաքրքիր և օգտակար կլինի տեղեկանալ նաև ազգի վերափոխման իտալական տարբերակին, որը նույնպես իրականացվեց Կոնսերվատիվ հեղափոխության միջոցով: Ընդ որում, իտալացիներն այս հարցում ժամանակագրորեն առաջ էին անցել գերմանացիներից, և վերջիններս, կարելի է ասել, զարգացրին նրանց մեթոդները և ստեղծեցին կուռ մի համակարգ:

Իտալական ազգայնականությունը նպատակ ուներ Կոնսերվատիվ հեղափոխության միջոցով վերականգնել հինհռոմեական ժամանակաշրջանը և, ինչպես ցույց տվեց կյանքը, դա նրան մասնակիորեն հաջողվեց:

Նկատենք, որ իտալական ժողովրդի անցյալը մեր իսկ պատմությանն ավելի նման է, քան գերմանականը: Հռոմեական կայսրության անկումից հետո մինչ Գարիբալդի նրանք զուրկ էին եղել միասնական պետությունից և այդ ավելի քան հազար տարիները որոշակի բացասական գծեր էին առաջացրել 20-րդ դարասկզբի իտալական ժողովրդի մեջ, ում և ազգայնականները ցանկանում էին վերափոխել:

Բացասական այդ երևույթներից էր ինդիվիդուալիզմը, որը խանգարիչ ազդեցություն էր ունենում նորմալ հասարակության ձևավորման և ամուր պետության կայացման գործընթացների վրա:

Իտալական ազգի մտավոր առաջնորդները նկատելով դարերի բերած այդ թերությունը` որոշեցին չեզոքացնել այն: Նրանց դավանած ազգայնական գաղափարախոսությունը ջանում էր ժողովրդին ներարկել այնպիսի հատկանիշներ, որոնք նա չուներ իր ինդիվիդուալիզմի պատճառով: Դրանցից հատկապես կարևոր էին կարգապահությունը և սերը դեպի կարգուկանոնը: Բացի այդ, իտալական ազգայնականությունը քաղաքական տարրին համադրեց նաև ներքին կյանքի կազմակերպման ռազմական ուղղվածությունը, գտնելով, որ ռազմական ոճն ինքնին ենթադրում է ակտիվ դեպերսոնալիզացիա և հանդիսանում է սոցիալ-քաղաքական օրգանիզմի կայունության հիմնական գործոնը: 

Իտալական ազգայնականները համազգեստ հագցրին պետական ծառայողներին: Դա նպատակ ուներ մի կողմից հաղթահարել չինովնիկական ոգին, մյուս կողմից սիրաշահել պետական ծառայողներին: Գորշ, չնախաձեռնող, պատասխանատվությունից ամեն կերպ խուսափող բյուրոկրատին հակադրեցին աշխատողի նոր տիպ, որի համար պետությանը ծառայելը մեծ պատիվ էր: Մյուս կողմից, հանրային գիտակցության մեջ բարձրացնում էին պետական ծառայողի դերը, ասելով, թե պետությանը ծառայել ամեն ոք չէ, որ կարող է, որ դա անելու համար պիտի հատուկ տվյալներ ունենալ: Պետությանը ծառայելը հավասարեցվեց բանակում ծառայելուն, իսկ ահա համազգեստը պետական ծառայողի համար ունեցավ ծիսական իմաստ: Արդյունքում էականորեն բարձրացավ պետական համակարգի արդյունավետությունը:

Ինդիվիդուալիզմի դեմ պայքարելու և իտալական ազգ ձևավորելու նպատակին էր ծառայեցվում  նաև ռասայական տեսությունն ու արյան թեզը: «Իտալացու մեջ հարկավոր է արթնացնել ռասայական պարզ, սուր զգացողություն, որը հնարավորություն կտա ոչ միայն գիտակցել ուրիշներից իր տարբերությունը, այլև բացահայտ առավելությունը»,- գտնում էր Մուսոլինին:

Իտալիայում ապրող մարդկանցից իտալական ազգ ձուլելու համար նրանք նախ և առաջ ջանում էին ոգի հաղորդել մարդկանց. «Ցանկանում ենք և դառնում ենք ավելի ու ավելի ռազմաշունչ ազգ: Մենք դառնում ենք ռազմիկների ազգ... Յուրաքանչյուր ոք իրեն պիտի զինվոր զգա, նույնիսկ նա, ով զինվորական համազգեստ չի կրում, այլ աշխատում է գրասենյակում, գործարանում, հանքում կամ դաշտում: Յուրաքանչյուրն իրեն պիտի զգա որպես մի մեծ բանակի զինվոր»:

 ԵՎ ԱՅՍՊԵՍ               

Կոնսերվատիվ հեղափոխություն ասվածը ուտոպիայի ժանրից չէ, և նշված ժողովուրդների էլիտան, թոթափելով «ելքի հնարավորություն չկա» տրտունջը, փաստորեն իրականացրեց ազգային մտածողության ոչ ստանդարտ վերափոխում: Այդ նպատակին հասնելու համար`

- չբավարարվեցին զուտ քաղաքական և քաղաքագիտական տեխնոլոգիաներով,

- ստեղծեցին Տիեզերակարգն ու մարդուն ուսումնասիրող հատուկ կառույցներ,

- հասարակության առջև դրեցին ահռելիորեն մեծ մի խնդիր (գերմանականի դեպքում` հասնել համաշխարհային տիրապետության), համոզելով նրան, որ ինքը, որպես  հանրություն, ունի համաշխարհային առաքելություն: Նպատակը հետևյալն էր` մեծ խնդրի լուծմանը ձգտող ժողովրդի համար ներքին կյանքը կարգավորելը դառնում է սոսկ միջոց, ինչն էլ օգնում է ներքին կարգավորման հասնել գրեթե աննկատ,

- հասարակությանը ոգևորելու, նրա մեջ եղած վհատությունը թոթափելու նպատակով ժողովրդի լայն շերտերին հասու դարձրին հին էպոսների հերոսական պատումները,

- հերոսական հին շրջանը ներկայացնելով հանրությանը`  կարոտ առաջացրին նրա մեջ այդ շրջանի հանդեպ,

- ժողովրդի մոտ ձևավորեց առաքելակիր-առաջնորդի սպասում, առաջնորդ, ով կվերադարձներ հերոսական հին շրջանը,

- նախապատրաստեց Տիեզերակարգին ու մարդու գաղտնի հնարավորություններին տեղյակ առաջնորդի,

- հասարակության մոտ առաջնորդի հանդեպ ստեղծեցին առաքելակիրության ընկալում,

- ստեղծեցին ժողովրդական զանգվածներին ոգևորող, նրանց գործողությունների տրամադրող գրավոր փաստաթուղթ-քարոզչամիջոց,

- օգտվեցին ձևավորվելիք առաջնորդի ազատազրկված լինելու հանգամանքից, հաշվի առնելով, որ ազգային գործի համար ազատազրկվածը հանրային գիտակցության մեջ լուսապսակի է  արժանանում,

- սեփական ժողովրդի մոտ արժանապատվության զգացում առաջացնելու նպատակով կիրառեցին ռասայական տեսությունը,

- կիրառեցին գիտակցությունը շրջանցող ազդման համակարգ` խորհրդանիշեր, երաժշտություն և այլն,

- նպատակների իրականացման համար ստեղծեցին քաղաքական գործիք` կուսակցություն, ձևավորեցին կուսակցական, ապա՝ պետական էլիտա, որն առաջնորդվում էր քրմական խստագույն կանոնակարգով,

-  հասարակական աջակցություն ունենալու նպատակով կիրառեցին կուսակցության արտաքին գործունեության կառնավալային պրակտիկա,

- կուսակցությունը հանրությանը ներկայացրին որպես ուժի կրողի,

- ժողովրդին լարված վիճակում պահելու նպատակով ստեղծեցին ներքին և արտաքին թշնամու կերպարներ,

- իրականացրին կրոնահավատքային փոփոխություններ,

- մշակեցին նոր ծեսեր և տոներ եւ այլն:

 (շարունակելի)

 

 «ԵՐԱՆԻ ԹԵ ԴԱՌԸ ՍԽԱԼՆԵՐԸ ԴԱՍ ԾԱՌԱՅԵՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ»

Մեր դժբախտությունների ու անհաջողությունների հիմնական պատճառն այն է եղել, որ մենք դաս չենք քաղել մեր իսկ պատմությունից: Իսկ դա այդպես է ստացվել ոչ միայն այն պատճառով, որ առանձնակի ջանքեր չենք գործադրել այդ ուղղությամբ, այլև այն պարզ պատճառով, որ մեզ հասու չի եղել մեր պատմությունը, մեր իրական պատմությունը: Մեր ժողովրդի պատմությունը միշտ էլ սրբագրված-խմբագրված է ներկայացվել հաջորդ սերնդին: Այդպես է եղել Ավարայրից սկսած, այդպես է հիմա՝ արցախյան ազատամարտից հետո: Միայն հերոսական ու վեհ է ներկայացվել մեր պատմությունը: Ինչ խոսք, հերոսական ու վեհ էջեր շատ ենք ունեցել, բայց դրանց կողքին եղել են նաև անհերոս ու խայտառակ ժամանակներ:

Մենք ընտրել ենք միայն լավն ու հերոսականը և ներկայացրել սերունդներին, առանց խոսելու խայտառակությունների մասին, առանց վեր հանելու դրանց պատճառները: Լավագույն դեպքում՝ մեր անհաջողությունների պատճառները որոնել ենք դրսում, մեղքը գցել ուրիշների վրա, մեզնից հեռու վանել դրանք: Ահա թե ինչու հետագայում չենք կարողացել կանխել դժբախտությունները, հոգեբանորեն պատրաստ չենք եղել: Մինչդեռ մեր իսկ պատմության խորխորատներում «պեղումներ» անցկացնողը կարող է համոզվել, որ մեզնից շատ բան էր կախված, և որ մեր անհաջողությունների արմատը հենց մեր իսկ մեջ է: Այս դառը ճշմարտությանը հասու լինելով միայն կարող ենք բացառել հետագա անհաջողությունները:

Նորերս «Արարատ» ռազմավարական կենտրոնը «Հայրենատիրություն» մատենաշարով հրապարակել է «Ռազմավարության և անվտանգության հարցեր» բացառիկ գիրքը (կազմել և խմբագրել է Արմեն Այվազյանը): Այս բացառիկ կարևոր գրքում նորովի հայացք է ձգված մեր պատմությանը, փորձ է արվում ուսանել նրա դառը դասերը: Այս առումով ուղղակի մեծ կարևորություն է իրենից ներկայացնում Գևորգ Յազըճյանի «Կարսի անկման բուն պատճառները» ուսումնասիրությունը: Այստեղ հանգամանորեն խոսվում է մեր ոչ վաղեմի պատմության ամենաանփառունակ էջերից մեկի մասին: Ընթերցողներին ենք ներկայացնում հատվածներ, հուսալով, որ նրանք աղերսներ կգտնեն մերօրյա իրականության հետ, ինչը կնպաստի համատեղ ուժերով խուսափելու դեպքերի զարգացման մեզ համար ոչ բարենպաստ ընթացքից: Ավելի ստույգ՝ կօգնի ճիշտ դասեր քաղել մեր պատմությունից:

 "Դեմո"

 

 ԿԱՐՍԻ ԱՆԿՄԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ (1920թ.)

  

Գեւորգ ՅԱԶԸՃՅԱՆ

 Կարսի անկումը 1920թ. հոկտեմբերի 30-ին մնում է հայոց նորագույն պատմության ամենից խայտառակ ու ամոթալի էջերից մեկը /լիբանանահայ արձակագիր եւ Բեյրութի «Նայիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Աբդրանիկ Ծառուկյանը Կարսի անկումը համարում է «Դեր Զորեն ետք հայ ժողովուրդին կրած մեծագույն աղետը՝ որուն շուրջ պատմության խոսքը հստակ չէ դեռ, եւ շատերու մտքին մեջ կմնա առեղծվածային շփոթությամբ»/: Ուրիշ ի՞նչ որակում կարելի է տալ այն փաստին, որ հօգուտ հայերի՝ բանակի թվակազմի եւ ռազմամթերքի բազմապատիկ գերազանցության պայմաններում, մի քանի ժամվա ընթացքում (ըստ Հայաստանի վրա արշաված թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի՝ Կարսն ինքը գրավել է 3.5 ժամվա ընթացքում), «առանց կռվի» թշնամուն է անցել ամրությունների բազմաշարք համակարգ ունեցող մի բերդաքաղաք՝ իր ավելի քան 700 թնդանոթներով եւ անհաշվելի այլ ռազմամթերքներով /իր հուշերում Կարաբեքիրը հայտնում է. «Կարսի մեջ ահագին քանակությամբ զինամթերք գրավեցինք: Լավ գործածելի վիճակի մեջ 377, նորոգության կարոտ 339 թնդանոթ եւ միլիոններով ռումբ ու փամփուշտ»: «Գյումրիի մեջ ալ մեծ քանակությամբ զինամթերք ու զենքեր ձեռք անցուցինք»,- ավելացնում է նա: Այս քանակների մի մասը իրեն պահելով հանդերձ, Կարաբեքիր արեւմտյան ռազմաճակատ՝ մուստաֆա Քեմալին ուղարկել է 117 թնդանոթ, 12 հազար հրացան, 244 գնդացիր, 14 հազար սվին եւ սուր, 170 հազար հրետանու ռումբ, 32 միլիոն փամփուշտ, 110 հազար պայթուցիկ «եւ սնդուկներով, դեզերով, շոգեկառքերով (վագոն-վագոն) զինամթերք եւ մեծագումար դրամ»: Այս բոլորը նկատի ունենալով, Ֆեւզի փաշան Թուրքիայի ազգային մեծ ժողովում իր հրճվանքը հայտնելով Կարսի առումի առթիվ, հոխորտում էր. «Հայերեն առնված զենքերով անկախության պատերազմը տասը տարի ալ կրնանք շարունակել» /«Քյազըմ Կարաբեքիրի հուշերը Հայաստանի Հանրապետության վրա թրքական հարձակումներուն մասին», «Զարթօնք», 1966թ./, գերի են ընկել տասնյակ հազարավոր հայ քաղաքացիներ, հազարավոր զինվորներ, ավելի քան 120 սպա, որոնց շարքին՝ երեք գեներալ /Արարատյան, Փիրումյան, Ղազարյան/ եւ մեկ նախարար /Բաբալյան/: Մինչեւ Կարսի մարզի ամբողջական հայաթափումը, 1921թ. թուրքերը քաղաքում կոտորել են 8 հազար, իսկ մարզում՝ 12 հազար հայ՝ հիմնականում տղամարդիկ: Գերի ընկած ռումին քաղաքացի Վասիլ Իոնեսկուն վկայում է, որ Կարսում Նուրի բեյից իմացել է, «որ քաղաքում սպանված են 8 հազար հայեր /կանայք, երեխաներ եւ տղամարդիկ/, բայց իմ դիտարկումներով սպանվածների թիվը 10-12 հազարից քիչ չէր կարող, քանի որ մի ամիս անց քաղաքի շրջակայքում դեռեւս կարելի էր տեսնել բազմաթիվ դիակներ»:

...Եվ այսքանից հետո, ընդամենը երեք սպա է ինքնասպանությամբ փորձել քավել համազգային այս մեծ ԱՄՈԹԸ, որին հետեւեց Հայաստանի առաջին Հանրապետության լիակատար պարտությունը, Հայրենիքի տարածքի զգալի մասի եւ թեկուզ կիսատ-պռատ անկախություն ունեցող պետականության կորուստը, հարվածներ, որոնցից հայությունը չի սթափվել մինչեւ օրս:

...Մեր համոզմամբ, Կարսի անկման լավագույն եւ ճշմարտացի վերլուծական գնահատականը տվել է մեծ ռազմագետ, քաղաքագետ եւ ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհը՝ «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության մեջ: Նա «մեծ կեղծիք» է հայտարարում Կարսի անկման բուն պատճառը այլ պատճառներով /այլեւայլ երկրորդական հանգամանքներով/ փոխարինելու հանցագործ վարքագիծը: «Տարիներ են անցել Կարսի անկման օրեն, տարիներ, եւ ... այդ բերդի շուրջը տեղի ունեցած ողբերգության մասին հրապարակում կա ամեն ինչ, միայն ոչ ճշմարտություն»: Նժդեհը նշում է, որ այս մասին շատ են խոսում, մտավորականից սկսած մինչեւ սափրիչը, «բայց ոչ ճշմարտությունը երեւան հանելու մտահոգությամբ: ...Եվ ամեն մեկը, որ տգիտություն եւ վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները՝ կրկնեց հիմարություններ միայն»: Նա գրում է. «Ընդունել ճշմարտությունը հանրապետական բանակի անհաջողությանց մասին, պարզել Կարսի անկման իսկական պատճառները – կնշանակի պատասխանատվության բաժինը ընդունել»: Նժդեհը հայտարարում է. «Կարսի ամոթը Հ.Հանրապետական կառավարությանը չէ միայն, այլ՝ ողջ հայ ժողովրդի: Չափվում են, բախվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտվողը հայ զինվորն ու զորավարը չէին միայն, այլ՝ բովանդակ հայությունը, հայ ժողովրդի՝ իր ամբողջության մեջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին:

Ահա ճշմարտությունը, հայ երիտասարդ...»:

Նժդեհի դատողությանը համահունչ է Կարսի 1919թ. ապրիլի 12 – 1920թ. հոկտեմբերի 30 ժամանակաշրջանի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի տեսակետը, թե քաղաքի անկման ու պետականության կործանման համար պատմությունը մեղադրյալների նստարանին տեղ վերապահած կլինի հայ հասարակության համար:

Նույնը հաստատում է նաեւ Մեծ Բրիտանիայի Անդրկովկասում բարձր կոմիսար, գնդապետ Ստոկսը իր կառավարության 1920թ. դեկտեմբերի 24-ին ուղարկած ծածկագիր զեկուցագրում. «/Հայ- Գ.Յ./ ժողովրդի մոտ կռվելու կամքի բացակայությունը բացատրվում է նրանով, որ հենց սկզբից համոզված էին, թե պայքարը իրենց ուժերից վեր է»:

...Թուրքական հարձակումն սկսվելուց 20 օր հետո իսկ ՀՀ կառավարությունն իր հույսը դնում էր ոչ թե սեփական ուժերի, այլ դաշնակիցների վրա: Խաղաղության խորհրդաժողովին ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը ՀՀ անունից 1920թ. հոկտեմբերի 6-ին հուշագիր է ներկայացնում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար մարշալ Ֆերդինանդ Ֆոշին, ուր ասվում է, թե «ՀՀ կառավարությունը գտնում է, որ թուրք-բոլշեւիկյան պլանը ոչնչացնելու ամենից ազդու միջոցը դաշնակիցների կողմից Տրապիզոնի գրավումն է»: ՀՀ կառավարությունը, որպես օժանդակ միջոց, ցանկություն էր հայտնում հունական զորքի առաջխաղացումն արեւմտյան ռազմաճակատում: Ֆոշի անունից ՀՀ դիմումին պատասխանում է դաշնակից միացյալ զորքերի շտաբի պետ, գեներալ Մաքսիմ Վեյգանը՝ իր պատասխանը հղելով խորհրդաժողովի նախագահին: Նա հայտնում է, որ հայկական ցանկությունը «որքանով էլ սկզբունքով արդարանալի է», սակայն նրա բավարարումը «պահանջում է այնպիսի ուժեր, որոնք Անտանտի արդի հնարավորություններից վեր են»:

Այսքանից հետո էլ ՀՀ ղեկավարությունը համառորեն շարունակում էր նույն հանկերգը երգել:  

  Հույսը Կարսի անառիկ ամրությունների վրա դնելը

 Դրանց վրա իրենց հույսն էին դրել շատերը՝ բարձր զորահրամանատարներից մինչեւ ՀՀ քաղաքական վերնախավն ու Կարսի բնակչությունը: Եթե բացակայում է պայքարելու, դիմադրելու եւ հաղթելու ոգին, ամենաանառիկ ամրություններն իսկ անկարող են պարտության դառնությունը կանխելու: Ճիշտ է այն, որ «եթե Կարադաղի ամրություններից մեր թնդանոթները միայն գործեին, ո’չ միայն քաղաքը պաշտպանված կլիներ, այլ նոքա /թուրքերը՝ Գ.Յ./ չէին կարող բերդին իսկ մոտենալ»,- գրում է Գարեգին սրբազանը: Սակայն, գերաշնորհ հայրը մոռանում է, որ թնդանոթները բանեցնում են մարդիկ, որոնք պետք է աներեր հավատք ունենան իրենց հաղթանակի նկատմամբ:  

Ռազմահոգեբանական պատճառները եւ սխալներ 

Պատերազմին հոգեբանական անպատրաստվածությունը, թուրքական վտանգի արհամարհումը կամ, առնվազն, թերագնահատումը եւ սեփական կարողությունների գերագնահատումը 

Մեր համոզումով, սա Կարսի եւ դրան հետեւած ՀՀ անկման գլխավոր գործոններից է: Որեւէ պատերազմի կամ նույնիսկ դրա վտանգի նկատմամբ հոգեբանական անպատրաստությունն անխուսափելիորեն առաջնորդում է մարտական ոգու թուլացմանը: «Կառավարության ու պարլամենտի համար տաճկական վտանգ չկար, կամ այդ վտանգը սպառնալից չէր»,- գրում է նախարար Արտաշես Բաբալյանը: Դա ունի իր հոգեբանական բացատրությունը. ՀՀ-ն Կարսի մարզը ձեռք էր բերել հեշտությամբ, առանց մեծ զոհողությունների՝ այն ստանալով բրիտանացիներից 1919թ. գարնանը: Իսկ ինչ ձեռք է բերվում հեշտությամբ, ընդհանրապես, իսկական արժեքը թերագնահատվում է, նմանապես՝ թերագնահատվում են այն կորցնելու վտանգն ու նշանակությունը:

Թուրքական վտանգի թերագնահատումն ուղեկցվում էր սեփական կարողությունների անհիմն գերագնահատումով, «որովհետեւ հաղթական էինք մեր անկախության առաջին օրերից իսկ», «լավ զինված եւ պարենավորված, Անդրկովկասում կռվողի հռչակ հանած, թվով գերազանց» բանակ ունեինք եւ «ուժեղ էինք Անդրկովկասյան մյուս հանրապետությունների համեմատ»: Ըստ Կարո Սասունու՝ «Հայկական զինվորական անձնավստահությունը իր կարծեցյալ թվական առավելության վրա էր»: Առաջ ընկնելով նկատենք, որ այս դիտարկումները զարմանալիորեն նմանվում են Արցախյան ազատամարտից հետո ու մինչեւ օրս էլ հնչող գնահատականներին:

Ըստ Գարեգին եպս. Հովսեփյանցի արժանահավատ վկայության, հայոց զորքը «գրեթե ամբոխից էր բաղկացած»: Այդ զորակոչիկների մեծ մասը եկել էր գյուղերից, որտեղ աշնանային բերքահավաքի եռանդուն շրջանն էր ընթանում, եւ գյուղացի երիտասարդը չէր կարող չմտահոգվել օր առաջ տուն դառնալով իր ընտանիքի ձմեռվա պաշարն ապահովելու, մի քիչ էլ սեւ օրվա համար խնայողություններ ունենալու բնական ու տրամաբանական խնդրով:

Զորակ