ԻԽՇԱՆՈՒԹՅՈՒՆ 

Շոու-բիզնեսը ժամանակակից հասարակությունում մեծ դեր ունի: Եւ ոչ միայն բնակչությանը զբաղեցնելու-զվարճացնելու, կամ մշակույթին զարկ տալու առումով: Այն նաեւ քաղաքական մեծ նշանակություն ունի: Պատահական չէ, որ ասում են՝ Խորհրդային Միությանը քանդեց ռոք երաժշտությունը, կամ ավելի ընդհանրական՝ արեւմտյան մշակույթը: Շատերն են հիշում, թե ինչպես էին գիշերները թաքուն լսում «Բիթլզ»-ի երգերը, որոնք, ուշադրություն դարձրեք, հաճախ հրամցվում էին «Ամերիկայի ձայն» եւ այլ քաղաքական ռադիոկայաններով: Եւ այդ երգերն ավելի առինքնող էին, քան քաղաքական հաղորդումները: Դրանք արեւմտյան ապրելակերպի լավագույն քարոզիչներն էին:

Մեզ մոտ՝ նորանկախ Արցախում, ի թիվս մյուս ոլորտների՝ կայացած չէ նաեւ շոու-բիզնեսը: Ինչպես միայն օրհներգը, զինանշանը եւ դրոշը բավարար չեն պետություն լինելու համար, այնպես էլ հատուկենտ համերգներն ու մրցույթները, մի քանի երգիչներն ու համույթներն ամենեւին էլ չեն վկայում շոու-բիզնեսի առկայության մասին: Փաստ է, որ արցախյան շոու-բիզնես որպես այդպիսին չկա, իսկ եղածն էլ հայաստանյան շոու-բիզնեսի ստվերն է: Համահայկական դաշտում այս առումով արցախյան հանգրվան չկա: Պատահական չէ, որ մեկ-երկու ճանաչված երգիչներն էլ ճանաչվել են Հայաստանում, այլ ոչ թե մեզ մոտ: Որքան տարօրինակ է մեր շուկայական տնտեսությունում գոնե մեկ ապահովագրական ընկերության կամ, ասենք, բորսայի բացակայությունը, նույնքան էլ ապշեցուցիչ է ձայնագրման գոնե մեկ ստուդիայի կամ պրոդյուսերական գոնե մեկ կազմակերպության բացակայությունն այս ոլորտում:

Շոու-բիզնեսի կարեւոր մասերից է հումորի ինդուստրիան: Երկիրը հաճախ շատ ավելի ճանաչելի են դարձնում ոչ միայն երգիչը, ֆուտբոլիստը կամ նկարիչը, այլեւ հումորիստը: Ֆրանսիացի Լուի դը Ֆյունեսը, բրիտանացիներ միստեր Բինն ու Բեննի Հիլը, իսպանացի Ֆերնանդելը (Չապլինին հանգիստ թողնենք) եթե չճանաչված պետությունում լինեին, ապա երկրի միջազգային ճանաչելիության խնդիր չէր լինի:  Իսկ մեզ մոտ եթե մյուս ոլորտներում հիմնական բեռը մի քանի անձանց ուսերին է,  ապա այս ոլորտում տարիներ շարունակ մեկ եւ նույն անձն է: Այն, ինչ անում է Իխշան Փառավոնիչը (Համլետ Մարտիրոսյանը), չզարմանաք, շատ կարեւոր է: Բայց մի ծաղկով, ինչպես ասում են, գարուն չի գա, առավել եւս, որ այդ մի ծաղկի խնամքն էլ անկարող ենք տանել:

Ինչու՞ է այդպես: Ասում են՝ եթե կյանքը վերածվում է թատրոնի, ապա թատրոնը դադարում է գոյություն ունենալ: Մեր պարագայում՝ եթե իխշանությունը ծաղկում է քաղաքական եւ այլ ոլորտներում, ապա Իխշան Փառավոնիչը, բնականաբար, չի կարող ապագա ունենալ իր ոլորտում, քանի որ այլ ոլորտներում նա ահեղ մրցակիցներ ունի:

Ուշադիր դիտարկելով մեր երկրի անցուդարձը, կարեւորվող հարցերն ու հատկապես կադրային բլից-խաղերը՝ երբեմն ուղղակի անհնար է լինում զսպել ծիծաղը: Մեկ-մեկ այն տպավորությունն ես ստանում, որ մենք մանկապարտեզում ենք, որտեղ անցնում են «պետություն» դասը, կամ, ավելի ճիշտ՝ պետություն ենք խաղում: Աղյուսիկներ են փռված, որոնց վրա գրված են՝ «նախագահ», «կառավարություն», «խորհրդարան», «նախարար», «վարչություն», «դատավոր», «ներկայացուցիչ», «խորհրդական», «խորհուրդ» եւ այլն, եւ այլն: Եւ մենք խաղում ենք այդ աղյուսիկներով՝ իրար վրա ենք դարսում, տակից մեկը հանում ու փլուզում մնացածը, հետո նորից իրար վրա դարսում, տեղերը փոխում: Իխշան Փառավոնիչը կերազեր նման սցենարի մասին...

Այ, եթե ամեն ինչ լինի իր տեղում, ամեն մեկը զբաղվի իր գործով, ապա ոլորտներն անպայման կկայանան: Եթե ունենանք պատշաճ իշխանություն, ապա իխշանությունը կտեղափոխվի շոու-բիզնես ու կվերածվի ինդուստրիայի:

Մենք էլ կիմանանք, թե որտեղ լրջանալ ու որտեղ ծիծաղել:

 

 

Լուրեր 

Խորհրդարանական 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՄԻՏՈՒ՞Մ 

ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ   նստաշրջանի  հունիսի 25-ի  լիագումար նիստը նշանավորվեց իշխանության օրենսդիր եւ գործադիր ճյուղերի իրական տարանջատման, ավելի ճիշտ՝ օրենսդիր իշխանության կողմից իր դիրքերի վերահաստատման միտումով:

Սկսվեց նրանից, որ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նրբանկատորեն դիտողություն արեց 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացրած ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանին այն բանի համար, որ կառավարությունը հընթացս ներկայացրել էր նաեւ հաշվետվության հաստատման մասին համապատասխան օրինագիծը, ինչը խորհրդարանի իրավասությունն է: Ըստ խոսնակի, դրանով իսկ խախտվել է իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը: Այսքանից հետո խոսնակը կեսկատակ-կեսլուրջ հարցրեց՝ «Հիմա ի՞նչ անենք՝ հաստատե՞նք, թե՞ ոչ»: Անսպասելի «նախահարձակությունից» թեթեւակի շվարած նախարարը փոքրիկ դադարից հետո «զգուշացրեց»՝ «Ես քանիցս ասել եմ, որ այն, ինչ առաջարկում է կառավարությունը, ակնկալում է, որ անպայման կհաստատվի»:

Սույն «թեթեւհրազենային փոխհրաձգությունը» շարունակեց խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշյանը, տարակուսանք հայտնելով ֆինանսների նախարարի՝ 2008թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվության մեջ որոշ փաստերի առնչությամբ: Բ.Բախշյանը, մասնավորապես,  անհասկանալի եւ անընդունելի համարեց այն, որ, ասենք, որոշ գերատեսչությունների այս կամ այն ոլորտների համար նախատեսված ծախսերն իրականացվել են չնչին տոկոսով, ինչը ոչ թե խնայողության, այլ վատ պլանավորման արդյունք է: Ս.Թեւոսյանը, որ արդեն լրիվ ուշքի էր եկել նախորդ «գրոհից», տեղնուտեղը գնդակը տեղափոխեց մրցակցի դաշտը՝ Բ.Բախշյանին հիշեցնելով, որ նրա՝ գյուղնախարար եղած ժամանակ էլ նման բաներ լինում էին օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Բնականաբար, չընդունելով սուբյեկտիվ հանգամանքը, Բ.Բախշյանը նրբանկատորեն հավելեց, որ պետք չէ իր արած դիտողությունը ցավագնորեն ընդունել, քանի որ նպատակը մեկն է՝ որպեսզի կառավարությունը ճիշտ պլանավորի ծախսերը:

Այնուհետեւ մի քանի պատգամավորներ՝ Արպատ Ավանեսյանի գլխավորությամբ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «կրակի տակ առան» կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանին: Խնդրո առարկան լեզվի մասին օրենքի հնարավոր խախտման մտահոգությունն էր, բարձրագույն կրթության կրեդիտային համակարգի նորամուտը, կենսաթոշակային տարիքի հասած ուսուցիչների հարցը: Փաստարկների ու հակափաստարկների հորձանուտում դժվար էր միանշանակ եզրակացության հանգել, տպավորությունն այնպիսին էր, որ կողմերը յուրովի իրավացի էին: Ինչ որ է, կրթության նախարարը, հասկանալի պատճառներով, «կրակից խամ չէր», ուստի կարողանում էր կրակը տեղափոխել մրցակցի դաշտ: Ինչպես խորհրդարանի խոսնակը կատակեց՝ այդ օրը նրա բենեֆիսն էր:

Այդօրվա աննախադեպ վիճաբանության վերջին ակորդը պատգամավոր Արպատ Ավանեսյանը հնչեցրեց: «Սա մեր տունն է՝ պիտի ասենք» նախաբանից հետո նա դիտողություն արեց խորհրդարանի ղեկավարությանն առ այն, որ զիջողական դիրքորոշում է ընդունում այն դեպքերում, երբ որպես կառավարության ներկայացուցիչ խորհրդարան է գալիս ոչ թե նախարարը, այլ տեղակալը կամ մեկ այլ ոք: Իսկ ահա իր հաջորդ դիտողությունն Ա.Ավանեսյանը հասցեագրեց արդեն ոչ թե խորհրդարանի ղեկավարությանը, այլ անձամբ Ա.Ղուլյանին: Վերջինիս «հասավ» այն բանի համար, որ նա լռեց, երբ, ըստ Ա.Ավանեսյանի, պատգամավորին անպատշաճ դիտողություն էր անում կառավարության ներկայացուցիչը: Խորհրդարանի խոսնակը չընդունեց դիտողությունները, կամ, ավելի ճիշտ, կոչ արեց միակողմանի չդիտարկել հարցը, հասկացնել տալով, որ որոշ պատգամավորներ եւս «մի բարի պտուղ չեն»:

 

ՄԻՏՈՒՄԻ ՄԻՏՈՒՄ ԿԱՄ՝ ԿՐՔԵՐԸ «ԽՈՀԵՄԱԲԱՐ» ՀԱՆԴԱՐՏՎԵՑԻՆ ՆԱԽՔԱՆ ՆԻՍՏԸ

 Դեպքերը ցույց տվին, որ իշխանության ճյուղերի տարանջատման միտումն, ավելի ճիշտ՝ կառավարության գործունեությունը վերահսկելու խորհրդարանական գործառույթի իրականացման միտումն այնքան երկչոտ էր, որ կարելի է ընդամենը որակել որպես  միտումի միտում: Դա հստակորեն երեւակվեց կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումների ժամանակ: Ինչպես հայտնի է, այդ օրինագիծը բուռն քննարկումների տեղիք էր տվել նիստի նախօրեին, լուրջ դիտողություններ ու հակափաստարկներ ունեին խորհրդարանական գրեթե բոլոր խմբակցություններն ու առանձին պատգամավորներ, ովքեր պարզապես անտրամաբանական էին համարում որոշ փոփոխություններ: Կուլուարներում կրքերը բորբոքված էին: Սակայն կառավարության հետ հանդիպումներից ու խորհրդատվություններից հետո կրքերը վաղօրոք հանդարտվեցին, եւ արդեն նիստի ժամանակ գրեթե ոչինչ չէր հիշեցնում բուռն քննարկումների մասին: Արդյունքում ընդամենը երկու «դեմ» եղավ քվեարկության ժամանակ՝ անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի եւ «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ, Քաշաթաղից ընտրված պատգամավոր Կարեն Գրիգորյանի կողմից: Մյուսները «պատսպարվեցին» խմբակցությունների որոշումներով:

Այդուհանդերձ, որոշակի մտահոգություն արտահայտվեց: Մասնավորապես, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը փաստեց, որ քննարկումների համար սահմանափակ ժամանակ է եղել, ինչը տեղիք է տվել տարբեր թյուրիմացությունների: Նա տարակուսելի համարեց նաեւ այն հանգամանքը, որ այդքան լուրջ փոփոխությունների առնչությամբ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված հիմնավորումը շատ հակիրճ էր: Թեեւ այս եւ մյուս հանգամանքները չազդեցին իր եւ խմբակցության դրական եզրակացության վրա:

Տեղեկացնենք, որ հիմնավորումը հակիրճ էր մեկ նախադասության չափ, որտեղ էլ սոսկ ասվում էր, որ փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է ԼՂՀ նախագահի 2008թ. փետրվարի 25-ի «Պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու մասին» կարգադրության պահանջներից: Մինչդեռ փոփոխություններն աննախադեպ էին: Ինչ արժեն միայն միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության եւ կենսաթոշակային հիմնադրամի կարգավիճակի իջեցումը (վերջիններս հայտնվելու են սոցապնախարարության կառուցվածքում):

Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության կարգավիճակի փոփոխությունն ընդհանրապես անհասկանալի է նորերս Քաշաթաղում լուրջ խորհրդաժողով անցկացնելուց եւ վերաբնակեցմանը նոր թափ հաղորդելու մասին իշխանությունների հավաստիացումներից հետո: Բայց, պարզվում է, վարչությանն անկախությունից զրկումը, չզարմանաք, նպաստելու է գործին: Եթե առաջնորդվելու լինենք կառավարության այս տրամաբանությամբ, ապա կապիտալ շինարարության վարչության ստեղծմամբ, իմա՝ նրա անկախության ամրապնդմամբ, կապիտալ շինարարությունը տուժելու է:

Մեկ այլ տարակուսանք է կենսաթոշակային հիմնադրամի կարգավիճակի իջեցումը: Նիստից առաջ խորհրդարանական կուլուարներում խոսվում էր այն մասին, որ սույն հիմնադրամը սոցապնախարարության կառուցվածքում զետեղելը Հայաստանում եղել է միանգամայն սուբյեկտիվ պատճառներով, եւ որ շուտով հիմնադրամին տալու են նախկին կարգավիճակը: Նիստի ժամանակ սա չխանգարեց սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանին ընդգծելու, որ հիմնադրամի զետեղումը սոցապնախարարության կառուցվածքում ուրախալի է, քանի որ փոփոխությունը մի շարք դրական կողմեր ունի եւ էլ ավելի է հզորացնելու համակարգը: Պատգամավոր Գարիկ Գրիգորյանը, ներկայացնելով խնդրո առարկայի շուրջ հայաստանյան հնարավոր զարգացումները, հարցրեց իր գործընկեր Ա.Ավանեսյանին, թե ինչ ենք անելու, եթե Հայաստանում հիմնադրամը նորից առանձնացվի: Մենք էլ ենք նույնը անելու՝ պատասխանեց Ա.Ավանեսյանը: Բա դրական կողմե՞րը՝ ճարտասանական հարց տվեց Գ.Գրիգորյանը:

 

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԿԱՅԱՆՈՒՄ Է 

Հունիսի 25-ի  լիագումար նիստը նշանավորվեց եւս մի դրական միտումով, ընդ որում՝ այս միտումը հստակ էր եւ կարծես թե պիտի շարունակություն ունենա:

Կառավարության լիազոր ներկայացուցչի՝ ԼՂՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության առնչությամբ, համաձայն կանոնակարգային պահանջի, լսվեց նաեւ ԼՂՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը, որով հանդես եկավ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը: Նշելով, որ կատարողականը, իր ընդհանրության մեջ, համապատասխանում է օրենսդրության պահանջներին, նա, այդուհանդերձ, մի քանի էական դիտողություններ արեց, դրանք ձեւակերպելով հստակ ու միանշանակ: Նույնը կրկնվեց նաեւ պետական գույքի մասնավորեցման հաշվետվության առնչությամբ, երբ Ա. Մոսիյանը դարձյալ լուրջ դիտողություններ արեց, մասնավորապես ի ցույց դնելով թույլ վերահսկողությունը: 

Նման երեւույթ, համենայն դեպս, առաջին անգամ է նկատվում պալատի գործունեության մեջ: Ըստ երեւույթին, վերահսկիչ պալատն իրապես կայացման կարեւոր փուլում է, ինչը շատ կարեւոր է ու ողջունելի:  

Սեփ. լրատվություն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ 

ԼՂՀ նախագահը ցանկություն է հայտնել գնելու Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերի հիվանդների ձեռքի աշխատանքները, որոնք օրերս ցուցադրության են հանվել Ստեփանակերտի երիտասարդության պալատի ցուցասրահում:

Հոգեթմրաբանական դիսպանսերի հոգեբան Լիանա Արզումանյանի խոսքերով, 2002 թվականից դիսպանսերի հիվանդներին հնարավորություն է տրվում իրենց ազատ ժամանցն անցկացնել նկարելով, ասեղնագործելով կամ այլ ստեղծագործական աշխատանք անելով:

«Ցուցահանդեսի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ նախագահ Բակո Սահակյանը այցելեց հիվանդանոց ու, տեսնելով հիվանդների ձեռքի աշխատանքները, առաջարկեց ցուցահանդես կազմակերպել»,- պարզաբանել է Լ.Արզումանյանը:

Ըստ նրա, աշխատանքների հեղինակները հիմնականում հանգիստ պահվածքով հիվանդներն են, որոնք ինքնակամ ու հաճույքով էին հաճախում պարապմունքներին:

***

Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում այս անգամ Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտի ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսն էր:

Ինստիտուտի ռեկտոր Յուրի Հովհաննիսյանի խոսքերով՝ ցուցահանդեսի նպատակը առաջին հերթին ուսանող-հեղինակներին ոգեւորելն էր. «Ինչու չէ՝ նաեւ բաց ճակատով հանդիսատեսին ներկայանալը: Քանի որ մեր ուսանողները ոչնչով չեն զիջում այլ տաղանդավոր մարդկանց»,- ընդգծել է նա:

Ցուցահանդեսում ներկայացված տարբեր ժանրերի 100-ից ավել նկարներին զուգահեռ ներկայացվեց նաեւ ինստիտուտի շրջանավարտ Հովսաննա Պետրոսյանի «Հեղնար» կոչվող ազգային տարազով եւ ժամանակակից տարրերով զուգորդվող հագուստի հավաքածուն:

 

ՄԱՅՐ ԹԵՐԹԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է 

ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ 

Եթե ռուս գրականությունը, ինչպես ընդունված է ասել, դուրս է եկել Գոգոլի «Շինել»-ից, ապա արցախյան լրագրողական ընտանիքն էլ քիչ բացառություններով դուրս է եկել մայր թերթից կամ նրա ուղեծրից: Եւ ոչ միայն լրագրողական ընտանիքը: Մի թեթեւակի հայացքն էլ բավական է տեսնելու համար, որ արցախյան մերօրյա պետականության կարեւոր գործիչների մի մասն էլ է թերթային շինելից դուրս եկել: Ասել է թե՝ մայր թերթը իրապես եղել է Արցախ աշխարհի մտավորական էլիտայի բաղկացուցիչ ու առանցքային մասը: Այլ կերպ ասած՝ մայրթերթածին մտավորականությունը միայն լրագրողական-տեղեկատվական առաքելություն չէ, որ ունեցել է, այլ եղել է նաեւ գաղափարական-աշխարհայացքային առանցքակիր:

Հասարակական կացութաձեւի փոփոխությունը լուրջ մարտահրավեր է եղել նաեւ մայր թերթի համար: Եթե առաջներում այն համեմատությունից ու մրցակցությունից դուրս է եղել, ապա նոր ժամանակներում ստիպված է ճաշակել իրական մրցակցության պտուղները, ինչը դժվար է եղել թեկուզեւ պաշտոնաթերթի պրոկրուստյան նեղ շրջանակների պատճառով: Ներկայումս՝ կարգավիճակի գոնե թղթային փոփոխմամբ, այն կարող է եւ պարտավոր է ընդլայնել տեսադաշտը:

Այսօր պահանջված է հանրային լրատվամիջոց լինելը, այսօր թերթը կարող է իրեն թույլ տալ ձերբազատվելու զուտ քարոզչամիջոցի պարտականություններից եւ կատարելու իր առաջին եւ ամենակարեւոր առաքելությունը՝ տեղեկացնելու առաքելությունը: Ներկայացնելու հանրային կարծիքի ողջ ներկապնակը:

Ինչում էլ հաջողություններ եմ մաղթում: 

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Դեմո» թերթի գլխավոր խմբագիր

 

Քաղաքական 

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՈՐՊԵՍ ՆԱԽԱՊԱՅՄԱ՞Ն 

Բանակցային գործընթացը ղարաբաղյան կարգավորման շուրջ շարունակվում է, կարծես, նույն ձեւաչափով եւ սկզբունքներով, սակայն կտրուկ փոփոխվում է կարգավորման ֆոնը: Եւ այդ ֆոնի վրա նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ոչինչ չի որոշում:

Իսկ իրադարձությունները զարգանում են արագ: Բավական է դիտարկել հայաստանյան անցուդարձի մեկ օրը, որպեսզի համոզվենք, թե ինչ ուժեր են պայքարում Հայաստանում քաղաքականություն վարելու համար: Հունիսի 24-ին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկում էր Հայաստանի մասին զեկույցը, երբ վտանգ կար, որ Հայաստանին կզրկեն ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանգիստ այցելում է Մոսկվա: Նա հանդիպում է այդ երկրի ղեկավարների հետ, կարծես հաստատ իմանալով, որ Ստրասբուրգում ահավոր ոչինչ տեղի չի ունենա: Ավելին, ինչ էլ տեղի ունենա,  վտանգավոր չի լինի՝  նման «տանիքի» առկայության դեպքում: Ըստ երեւույթին, ԵԽԽՎ-ն, այդքանը գիտակցելով, չի ցանկացել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ եւ ի պատասխան լսել, որ դա ոչինչ չի նշանակում:

Եւս մեկ հետաքրքիր դրվագ: Նույն օրը, երբ Հայաստանի նախագահը այցելում է Մոսկվա, Երեւան է գալիս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Քրայմերը: Բացի այն բանից, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներ Հայաստանում հաճախ չեն լինում, հատկապես այն ժամանակ, երբ բացակայում է նախագահը, հատկանշական է, որ Քրայմերը այցը սկսել է Հայաստանին մեղադրելով հակահրեական քայլերի մեջ: Քաղաքագետները լավ գիտեն, թե ինչ է նշանակում որեւէ երկրի հակասեմիթիզմում մեղադրելը:

Այդ օրը նշանավորվեց նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, որով նա խոստացել է սեպտեմբերին Երեւան հրավիրել Թուրքիայի նախագահին՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը: Հրավերը դեռ չի հնչել, իսկ Հայաստանում արդեն հակաթուրքական ալիք է բարձրացել: Այդ առաջարկի դեմ հանդես են եկել ոչ միայն ընդդիմադիր ուժեր, այլեւ մինչ օրս չեզոքություն ցուցաբերող կուսակցություններ:

Հետաքրքիր է, որ Թուրքիայի հետ սահմանները բացելու եւ նորմալ հարաբերություններ հաստատելու կոչերով վերջերս հանդես էին գալիս ամերիկյան պաշտոնյաները, սակայն Աբդուլահ Գյուլին հրավիրելու խոստումը Սերժ Սարգսյանը հնչեցրել է Մոսկվայից, կարծես ցուցադրելու համար, թե «ում ասածով» է դա արվում:

Իսկ կարգավորման բուն գործընթացն ավելի է սրվում: Ադրբեջանի նախագահը մաքսիմալիստական դիրքորոշում է ընդունել եւ հայտարարում է խնդրի ուժային լուծման հավանականության մասին: Ընդ որում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն մասնակցում է Բաքվում տեղի ունեցող ռազմական շքահանդեսին, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ «տարածքները ժամանակավոր են գտնվում ուրիշի ձեռքին»:

Իսկ տարածքների հարցը, շնորհիվ Ադրբեջանի, արդեն վերաճել է կարգավորման գլխավոր հարցի: Տարածքների վերադարձի՝ որպես բանակցությունների շարունակման նախապայմանի, մասին խոսում են արդեն ոչ միայն Ադրբեջանում, այլեւ միջնորդները: Հարցը մտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի մեջ, նույնիսկ ԵԽԽՎ այն բանաձեւում է տեղ գտել, որում Ադրբեջանին հորդորում են արագացնել ժողովրդավարական բարեփոխումները:

Ցավալին այն է, որ հայկական կողմերը գրեթե ջանքեր չեն գործադրում բացատրելու, որ տարածքները պահելը Հայաստանի եւ Ղարաբաղի համար ոչ թե ազգային արժանապատվության հարց է, այլ ազգապահպանման կարեւորագույն երաշխիք: Հակառակը՝ հայկական դիվանագետները, խոսելով տարածքների չհանձնման մասին, իրենց պարտքն են համարում  ընդգծել՝ «մինչեւ հակամարտության վերջնական կարգավորումը»:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ, ուր իհարկե ուղղակի չի խոսել Ղարաբաղն ու հարակից տարածքները հետ գրավելու մասին, սակայն ասել է, որ Ադրբեջանը ժամանակավոր է զրկվել իր տարածքներից, եւ պատերազմի ընդամենն առաջին փուլն է միայն ավարտվել: Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է հզորացնել իր բանակը, ավելացնել ռազմական ծախսը, եւ նշել, թե ռազմական ներուժի մեծացումը ազդեցություն է թողնում նաեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:

Մի կողմից այդօրինակ հայտարարությունները նոր չեն, զարմանալի չեն, մյուս կողմից, սակայն, ի վերջո բաց է մնում հարցը` Ալիեւը, կամ Ադրբեջանի մյուս պաշտոնյաները, դրանք անում են բացառապես ներքին օգտագործմա՞ն, թե՞, այդուամենայնիվ, նաեւ հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում: Հատկապես Հայաստանի հասարակական-քաղաքական, փորձագիտական շրջանակները հիմնականում կարծում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմատենչ հայտարարություններն անում է առավելապես, կամ նույնիսկ բացառապես ներքին սպառման համար, հատկապես աշնանն Ադրբեջանի նախագահի ընտրության պարագան նկատի ունենալով:

Սակայն այդ տեսակետը կամ մոլորություն է, կամ, թերեւս, նպատակ ունի գիտակցաբար մոլորեցնել հայ հասարակությանը, նրան հանգստացնելով, որ Ադրբեջանը իրականում բանակցային գործընթացի շրջանակում կատու է եւ առյուծ է կտրում միայն ներքին դաշտում: Բավական է նշել թեկուզ մի հանգամանք: Եթե Ադրբեջանի համար այդ խնդիրը լիներ բացառապես  կամ առավելապես ներքին սպառման, ապա Իլհամ Ալիեւը ձեռնպահ կմնար իր ռազմատենչությունն ու չորությունը դրսեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի օրերին, երբ համանախագահները հերթական առաքելությամբ հյուրընկալվել են հակամարտող կողմերին: Ավելին, հնարավոր է նույնիսկ, որ Ադրբեջանի նախագահը հենց այդ պատճառով էլ հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ:

Բանն այն է, որ հրապարակային հայտարարություններում կոշտացնելով իր դիրքորոշումը, Ադրբեջանը իր համար թերեւս պարարտ հող է ստեղծում բանակցային գործընթացի շրջանակում նահանջի տեղի համար: Այսինքն, ասելով առավելագույնը, Ադրբեջանը տեղ է թողնում հնարավորին հասնելու համար: Վտանգավորը այստեղ այն է, որ դա անընդհատ կրկնելով եւ չարժանանալով որեւէ համարժեք արձագանքի միջնորդների շրջանում, Ադրբեջանն աստիճանաբար կարող է հենց այդ առավելագույնը դարձնել հնարավոր: Այս դիրքորոշումը կարծես թե տրամագծորեն տարբերվում է Հայաստանի կեցվածքից: Օրինակ, հիշարժան է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանն իր զիջումն արդեն արել է եւ այլեւս զիջելու բան չունի: Սա առնվազն տարօրինակ էր, եւ տարօրինակ էր նաեւ այն, որ հանրային կարծիքը չէր տալիս արտգործնախարարի այդ հայտարարություններին համարժեք արձագանք: Մինչդեռ առնվազն զարմանալի է եւ աբսուրդ, որ բանակցությունը դեռ չի հասել անգամ եզրափակիչ հանգրվանին, իսկ կողմերից մեկը հայտարարում է, որ իր զիջելիքը զիջել է: Հայաստանի դիրքորոշումը փաստացի փոփոխության միտումներ չի ցուցաբերում նաեւ այժմ, երբ կա նոր նախագահ եւ նոր արտգործնախարար:

Ավելին, հակամարտության կարգավորման գործընթացում բացարձակապես չի զգացվում նաեւ Ղարաբաղի նոր նախագահի հանգամանքը, եթե չհաշվենք այն, որ ստեղծվեց նախադեպ, երբ միջազգային կառույցների ներկայացուցիչները Ղարաբաղի նախագահի հետ հանդիպում են հյուրանոցում: Առաջ հանդիպում էին եթե ոչ Ստեփանակերտում, ապա գոնե Երեւանի Ղարաբաղի ներկայացուցչությունում: Ինչ է դա, եթե ոչ միջնորդ առաքելությունների անխոս ընդունումն այն փաստի, որ Ղարաբաղն, այդուամենայնիվ, ոչ թե անկախ սուբյեկտ է, այլ վիճելի տարածք, եւ այդ իսկ պատճառով միջազգային առաքելություններն ավելի ու ավելի են ձեռնպահ մնում Ղարաբաղ այցելելուց: Համարել, որ ադրբեջանական ռազմատենչ կոշտությունն այստեղ ազդեցություն չունի, նշանակում է վարել ջայլամի քաղաքականություն, մտածելով, որ միջազգային հանրությունը պարզապես չի ցանկանում Ադրբեջանի ձայնը լսել եւ դրա համար էլ Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպում է Ղարաբաղի տարածքից դուրս:

Ինչ պետք է անի սակայն Հայաստանը, հայկական կողմը, որ չի անում: Իսկապես բավական հեշտ է հայկական կողմին մեղադրել բանակցային իներտության, ոչ նախաձեռնողականության, անփոփոխության եւ կանխատեսելիության համար: Սակայն դժվար է առաջարկել այլընտրանքային քայլեր: Բայց այդ դժվարությունն առավելապես պայմանավորված է տեղեկատվության բացակայությամբ: Քայլերը պատկերացնելու համար անհրաժեշտ է հստակ պատկերացնել իրավիճակը բանակցային գործընթացում, իսկ դա պատկերացնելու համար էլ անհրաժեշտ է տիրապետել բավարար տեղեկատվության այդ գործընթացի մասին: Դրան ներկայում երեւի թե տիրապետում է մարդկանց խիստ սահմանափակ շրջանակ, եթե իհարկե բանակցային գործընթացում առկա է ավելին, քան հայտնի է դառնում հանրությանը դրա մասնակիցների հրապարակային հայտարարություններից: Ի վերջո, պետք է նաեւ հավանական համարել, որ բանակցության մասնակիցներն ասում են իրականում այն, ինչ կա, պարզապես հասարակության թերահավատությունն է, որ ստիպում է մտածել, թե իրականում բանակցությունը շատ ավելի հարուստ է նյութով, քան բանակցության մասին հայտարարությունները:

Սակայն, եթե մի պահ ենթադրենք, որ իրապես բանակցությունը հարուստ է ավելի, քան դրա մասին հնչող արտահայտությունները, որ անում են կողմերն ու միջնորդները, եւ նաեւ ենթադրենք, որ հայկական կողմը ելնելով այդ իրական նյութից, անում է այն, ինչ հնարավոր է, եւ անհնար է անել ավելին, ապա այդ դեպքում առավել եւս իրավիճակը տխուր է, քանի որ ոչ մի ուրախ բան չկա, թե բանակցային գործընթացն այնպիսի հանգրվանում է, որ Հայաստանը չի կարողանում անել ավելին, քան այժմ: Բանն այն է, որ Հայաստանն այժմ գրեթե ոչինչ չի անում:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
«Լրագիր»

 

  

ԼՌԵԼԸ ԴԺՎԱՐ Է ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԲԱՆ ՉԿԱ ԱՍԵԼՈՒ 

Մեծերից մեկի՝ սույն հոդվածում վերնագրված միտքը, կարծում ենք, միանգամայն հարիր է մեր ներքին եւ արտաքին տեղեկատվական քաղաքականությանը: Գրելով այս տողերը՝ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ կրկին գործի է դրվելու իբր թե չարախնդալու մասին հայտնի ու չարչրկված մեղադրանքը: Սակայն իմացողն իմանում է, թե իրականում ինչն ինչոց է: Տվյալ պարագայում չարախնդալու էլ ոչինչ չկա, որովհետեւ խաղաքարտերի վրա ոչ այնքան կոնկրետ անձանց ու պաշտոնյաների, որքան երկրի պատիվն է: Այս իրավիճակում հենց լռելը չարախնդություն կլիներ:

 Ցանկացած երկրի համար կարեւոր է ներքին եւ արտաքին տեղեկատվական քաղաքականությունը: Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը հասկանալի ու ընկալելի լինելու համար: Եթե բնականոն պայմաններում սա առանձնապես մեծ դժվարություն չի ներկայացնում (եթե, իհարկե, գործով զբաղվում են մասնագետներն ու գործից գլուխ հանողները), ապա արտակարգ իրավիճակներում երբեմն կամ ժամանակը չի հերիքում, կամ էլ փորձը: Ահա մի օրինակ մեր պետականության պատերազմական ժամանակահատվածից:

Մեր ղեկավարությունը փորձում էր միջազգային հանրությանը համոզել, որ հակաօդային պաշտպանության կայանքները մենք ոչ թե ռուսներից էինք ստացել, այլ խլել էինք ադրբեջանցիներից, որոնք դրանք տեղակայել էին մարտական գործողությունների անմիջական հարեւանությամբ: Սակայն մերոնց զրույցը, մեղմ ասած, չստացվեց միջազգային փորձագետների հետ: Վերջիններս մեզ այսպիսի մի տրամաբանական հարց տվեցին.

-Դուք ինքնաթիռներ ունե՞ք:
-Ոչ:
-Բա այդ դեպքում ինչու՞ են ադրբեջանցիները հակաօդային պաշտպանության ժամանակակից այդքան կայանքներ տեղադրել  ձեր սահմաններին:
Ինչպես ասում են հեքիաթներում՝ թագավորն այստեղ մատը կծեց:

Առակս զի՞նչ ցուցանե: Որ այս ոլորտում յոթ անգամ պիտի չափել ու նոր կտրել: Բայց բերածս օրինակը, ավելի ճիշտ՝ վրիպումը, միանգամայն հասկանալի էր, որովհետեւ նորանկախ պետություն էինք ու պատերազմական դիվանագիտության ոչ մի փորձ չունեինք, հնարավորություններն էլ հասկանալիորեն սուղ էին: Ուստի կարելի է ներողամտությամբ վերաբերվել դրան, ինչը բացարձակապես չի կարելի անել մերօրյա խաղաղ, ազատ ու հանգիստ ժամանակներում ու հսկայական միջոցների առկայությամբ թույլ տրված, մեղմ ասած, սխալների նկատմամբ: Ի ցույց դնենք մի քանի օրինակներ, հուսալով, որ այդպես այլեւս չի շարունակվի:

Նախ՝ ներքին տեղեկատվական քաղաքականությունից: Այստեղ հիմնականում աչքի ընկնողը նախագահական աշխատակազմն է ու նրա տեղեկատվության գլխավոր վարչությունը: Չենք գտնում, թե ներքոբերյալ վրիպումները հենց այդ վարչության գործունեության արգասիքն են, քանի որ այն, ի վերջո, արտացոլում է ԼՂՀ նախագահի գործունեությունը ու կատարում նրա հանձնարարականները, բայց ահա հակված ենք կարծելու, որ վարչությունը, ինչպես նաեւ երկրի առաջին դեմքի խորհրդականները կարող են եւ պարտավոր են իրենց խոսքն ասել:

Սոսկ մի քանի օրինակ վարչության տարածած հաղորդագրություններից.

«Հունիսի 9-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Հայկ Մինասյանի  եւ Էմիլ Աբրահամյանի հետ: Հյուրերը Նախագահին են ներկայացրել իրենց կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու հեռանկարները: Նրանք երկրի ղեկավարին հավաստիացրել են, որ այսուհետ եւս կաջակցեն մեր հանրապետությունում առկա խնդիրների հաղթահարման գործին: Բակո Սահակյանը ողջունել է նման մոտեցումը, միաժամանակ նշելով, որ ընկերության գործունեության մեջ վերջին ժամանակներս նկատելի է որոշակի պասիվություն, ինչը վերացնելու ուղղությամբ պետք է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»: 

Թվում է, թե արտառոց ոչինչ չկա այս լուրում, բայց միայն թվում է... Ուշադրություն դարձրեք, խոսքը գնում է բարեգործական կազմակերպության մասին, ընդ որում՝ մի այնպիսի կազմակերպության մասին, որը զգալի գործ է արել մեզ մոտ: Բարեգործական կազմակերպության հետ զրույցում ընդունված չէ ասել, որ վերջին ժամանակներս նկատելի է որոշակի պասիվություն: Քեզ օգնողին, քեզ փող տվողին ընդունված չէ ասել, թե պասիվությունը վերացնելու ուղղությամբ պետք է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Այդպես կարելի է ասել նրանց, ում ինքդ ես փող տալիս: Մեր պարագայում աշխարհում ընդունված է միայն մի բան՝ շնորհակալություն հայտնել:

Չենք կարծում, թե հայաստանյան եւ սփյուռքահայ մեր բարերարները ոգեւորված լինեին այս տեղեկատվությամբ:

Մեկ այլ օրինակ.

«Հունիսի 9-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեությանը: Ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը ներկայացրել է ընկերության աշխատանքները, հարկային պարտավորությունները, մարդասիրական, հանքախուզական, ինչպես նաեւ մշակող արտադրության հեռանկարային ծրագրերը»:

Այստեղ եւս առաջին հայացքից կասկածելի բան չկա, բայց ավելի լուրջ դիտարկման դեպքում կպարզվի, որ այնքան էլ խրախուսելի չէ, երբ ձեռնարկատերը երկրի ղեկավարին ներկայացնում է հարկային պարտավորությունները: Նման պարտավորությունները սովորաբար ներկայացնում են հարկային մարմիններին: Սույն տեղեկատվությունը եւս դժվար թե նպաստի նորանկախ երկրի նկատմամբ հայաստանյան եւ սփյուռքահայ մեր բարերարների վստահությանը: Վերջիններս պիտի համոզված լինեն, որ այստեղի օրենսդրական դաշտը հիմնական կամ միակ երաշխիքն է արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Բայց այս երկու լուրերի թողած տպավորությունն ուղղակի խամրում է Ժիրայր Սէֆիլյանի նամակին ի պատասխան ԼՂՀ նախագահի մեկնաբանությունից, որում ԼՂՀ քաղաքացիություն խնդրող լեգենդար հրամանատարը բնորոշվում է որպես «այսպես կոչված՝ մարտիկ»: Ուրիշ բան որ չլինի, արցախյան հերոսամարտի փառապանծ հրամանատարներից մեկը հանդիսացող Ժիրայր Սէֆիլյանը երեւի մի քիչ ավելի արժանի կլինի մարտիկ կոչվելու, քան թե վերոնշյալ աբսուրդը գրած գրասենյակային խորհրդականը կամ լրատվականի աշխատակիցը: Ինչպե՞ս կարելի է հրամանատարին անվանել «այսպես կոչված՝ մարտիկ»: Հանուն հայրենիքի կյանքը բազմիցս վտանգի տակ դրած մարդը, ամբողջ պատերազմի ժամանակ մի սանտիմ անգամ չնահանջած հրամանատարը իրավունք չունի՞ գոնե մարտիկ կոչվելու՝ առանց «այսպես կոչվածի»:

Ինչ որ է, այժմ անցնենք արտաքին տեղեկատվական քաղաքականությանը: Քանիցս առիթ ենք ունեցել ասելու, որ այս ոլորտն ուղղակի անմխիթար վիճակում է: Բայց ոչ միայն ոլորտի նկատմամբ ոչ խելամիտ ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, այլ նաեւ այն պարզ պատճառով, որ հնարավոր չէ արտաքին տեղեկատվական քաղաքականություն վարել, եթե չկա ընդհանրապես արտաքին քաղաքականություն: Քանիցս առիթ ենք ունեցել ասելու, որ առայժմ պետք չէ զբաղվել տեղեկատվական քաղաքականությամբ, քանի դեռ չունենք իրական քաղաքականություն՝ «ռեալ պոլիտիկ»: Այսինքն՝ որ պետք է գործ անել, հետո միայն քարոզել, այլ կերպ՝ քարոզելու բան պիտի լինի: Եթե առանց գործի ես քարոզում, ապա այն փուչիկի է վերածվում, որն էլ, ինչպես հայտնի է, վատ սովորություն ունի շուտ պայթելու:

Մեզ մոտ, հատկապես՝ վերջին ժամանակներս, միանշանակ ընդունվում է, որ արտաքին տեղեկատվության ոլորտում լուրջ բացթողումներ ունենք: Եւ այն տպավորությունն է, որ երկրի ղեկավարը մի գեղեցիկ օր ժողովել է ոլորտի պատասխանատուներին ու պահանջել գործ անել: Վերջիններս էլ սկսել են անել: Համենայն դեպս, աննախադեպ ակտիվություն է այս ոլորտում, գրիչը ձեռքներն են առել անգամ ծույլի համբավ ունեցողները: Բայց նաեւ այն տպավորությունն է, որ ոչ ոք հստակ չգիտեր, թե ինչ գործ պիտի անել:

Այս ոլորտում տոն տվողն արդեն մեր ԱԳՆ-ն է: Գնահատելով, իհարկե, մեր ԱԳՆ-ի ու նրա ներկայիս ղեկավար Գեորգի Պետրոսյանի հանկարծակի ու աննախադեպ ակտիվությունը, միեւնույն ժամանակ հարկ է ասել, որ այս ոլորտում պոռթկումներն այնքան էլ ընդունելի ու հասկանալի չեն, շատ ավելի գնահատելի է ամենօրյա տքնաջան ու հետեւողական աշխատանքը, նպատակային քարոզչությունն ու «թակարդների» մշտատեւ լարումը: Թե չէ՝ տեւական լռությունից հետո անսպասելի աշխուժացումը կարող է զանազան մեկնաբանությունների տեղիք տալ: Բայց գոնե «հետկեսօրյա» ակտիվությունը խոհեմ լիներ:

Սոսկ երկու օրինակ, երկուսն էլ նույն օրը՝ հունիսի 27-ին պատրաստված:

Նախ՝ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի մեկնաբանությունը ԵԽԽՎ  «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» 1614 բանաձևի ընդունման կապակցությամբ: Սույն մեկնաբանությունը տեղին ու ժամանակին, կամ արդարացված կլիներ, եթե մեր նախարարն անդրադառնար եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի մասին բանաձեւերին: Այսինքն՝ եթե խառնվում ես տարածաշրջանի գործերին, ապա հիմնավորապես խառնվես: Այլապես, այսպես անդրադառնալը նույն «չարախնդության» նստվածք կարող է թողնել, որն ընդունելի չէ միջազգային հարաբերություններում: Անդրադառնալով ԵԽԽՎ 1614 բանաձևում արտացոլված այն դրույթին, որ Ադրբեջանում կայուն ժողովրդավարական զարգացումը կդժվարանա այնքան ժամանակ, մինչև չվերականգվի այդ երկրի տարածքային ամբողջականությունը, Գ.Պետրոսյանը մի քանի խելամիտ մեկնաբանությունից հետո այսպիսի ճարտասանական հարցեր է տալիս. «Հարց է ծագում՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությունը տարածքային ամբողջականության խախտման հե-տևա՞նք է: Այդ պատճառով են, արդյո՞ք,  ճնշվում  ԶԼՄ-ները, կամ՝ ծեծի ենթարկվում լրագրողները»:

Ամեն ինչ ճիշտ է ասված, տեղին են նման ծաղրալից հարցադրումները, այլ հարց է, որ մեկնաբանությունների կոնկրետ այս հատվածը անկախ երկրի նախարարի մակարդակի գործ չէ, դա կարող էր անել ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավարը, որեւիցե քաղաքական մեկնաբան կամ լրատվական գործակալություն: Բայց ոչ նախարարը, որին սազում է ծանրումեծ մեկնաբանությունը: Եւ կազմակերպելը, որ «թեթեւքաշային» մեկնաբանությունն ուրիշի միջոցով արվի:

Բայց, հանուն արդարության, պիտի ասել, որ սա այն դեպքն է, երբ կարելի էր ավելի լավ անել, բայց ոչ երբեք այն դեպքը, երբ կատարվածը, մեղմ ասած, պատիվ չի բերում: Իսկ  ահա այդպիսին է ԱԳՆ-ի մյուս տեղեկատվությունը: Լիովին մեջբերում ենք այդ «գոհարը».

«ԼՂՀ ՊԲ լրատվության  ծառայությունից   ստացված  տեղեկատվության համաձայն, ԼՂՀ զինված ուժերի համապատասխան զորատեսակների  պատասխանատուների կարծիքով  ամենայն հավանականությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 26-ին Բաքու կատարած  այցը և Ադրբեջանի  մայրաքաղաքում տեղի ունեցած  զորահանդեսը հազիվ թե  զուգադիպություն լինեն:  Հարց է ծագում` այցն էր պայմանավորված  զորահանդեսով, թե  զորահանդեսն է հարմարեցվել այցին: Բոլոր դեպքերում խորհրդածությունների տեղիք է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի` զորահանդեսին մասնակցությունը:

Ըստ լրատվության աղբյուրի` զորահանդեսի պատրաստությունը կարելի է գնահատել  կայուն բավարար:  Հնարավոր չէր չնկատելուն տալ, որ շարային պատրաստության  պատասխանատուները անլուրջ են վերաբերվել իրենց  պարտականություններին: Ոլորտի մասնագետները կհասկանան, թե ինչ նկատի ունենք:

Տեխնիկան, գոնե արտաքնապես, բավական լավ  վիճակում էր:  Թիկունքի գծով տեղակալները ոչինչ չեն խնայել դրանց թարմ տեսքն ապահովելու համար և խոստովանենք, արժանի են  խրախուսանքի: Օդուժը դեռ շատ բան ունի սովորելու: Զգացնել էր տալիս վարպետության պակասը և  կատարելագործման անհրաժեշտությունը: Հատկապես փայլուն էր  ծովայինների  հանդերձանքը, իսկ ռազմանավերի ու կածերների տեղաշարժերը ոչ միայն  պատճառաբանված չէին, այլև   անիմաստ էին  ու չարդարված:

Զորահանդեսի ողջ  տպավորությունը փչացրեց  հրապարակի ճաքճքված ասֆալտը, ինչը Բաքվի քաղաքապետարանի  համապատասխան  ծառայության  անպատասխանատու վերաբերմունքով պետք է  բացատրել:

ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայություն»

 Թեեւ ստորագրությունը ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայությանն է, բայց նյութը թխվել է ԱԳՆ-ում, ինչի վկայությունն է նաեւ այն, որ հենց ԱԳՆ-ի հասցեից է տարածվել այն, ինչը եւս մի աբսուրդ է, քանի որ եթե ընտրվել է «քողարկման» այս ձեւը, ապա տարրական կանոններից է «չմատնելու» անհրաժեշտ պարագաների մասին հոգալը: Սույն «գոհարը» մեծ հաճույքով տարածվել է ամենատարբեր խողովակներով՝ «Ֆրանս-պրես», Բի-Բի-Սի եւ այլն: Ինչպիսի¯ խորաթափանցություն: Եթե գիտակցաբար որոշես վնաս պատճառել սեփական երկրիդ՝ այսպես հաջող չէր ստացվի: Որպես ոլորտին քաջատեղյակ մարդ կարող եմ ասել, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ից այսկողմ նման մակարդակի աբսուրդ եղած չկար: Այն գերազանցում է նույնիսկ պատերազմի ամենաթեժ պահերին մեր արտաքին տեղեկատվական քաղաքականության մեթոդները: Իսկ պատերազմից 14 տարի է անցել:

«ԼՂՀ ՊԲ լրատվության  ծառայությունից   ստացված  տեղեկատվության համաձայն, ԼՂՀ զինված ուժերի համապատասխան զորատեսակների  պատասխանատուների կարծիքով  ամենայն հավանականությամբ...». այսպիսի սկիզբ ունեցող լուր չի կարդա իրեն հարգող ոչ մի մարդ, քաղաքագետ կամ կազմակերպություն: Ավելին պետք չէր անել, որպեսզի ոչ ոք լուրջ չընդունի այն: Բայց լուրջ չընդունելը մի բան, իսկ ծիծաղելը՝ մեկ այլ: Իսկ որ մեզ վրա այդ օրը կարգին ծիծաղել են՝ չեմ կասկածում: Ուրիշ բան որ չլինի՝ ինքնին տարօրինակ է մեկ այլ երկրի մայրաքաղաքում անցկացված զորահանդեսի կազմակերպչական մակարդակին մեկ այլ երկրի ԱԳՆ-ի կողմից գնահատական տալը:

Բայց, այնուամենայնիվ, եթե մի կերպ կարելի է մարսել Բաքվում տեղի ունեցած  զորահանդեսի «շարային պատրաստության  պատասխանատուներին» մերոնց կողմից արված դիտողությունը կամ թիկունքի գծով տեղակալներին  խրախուսելը, քանի որ մեր հայտարարությունը ստորագրողն, ի վերջո, ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայությունն է, ապա ոչ մի կետչուպով ուտելու բան չէ մեր այն դիտարկումը, որ «զորահանդեսի ողջ  տպավորությունը փչացրեց  հրապարակի ճաքճքված ասֆալտը, ինչը Բաքվի քաղաքապետարանի  համապատասխան  ծառայության  անպատասխանատու վերաբերմունքով պետք է  բացատրել»:

Եթե դժվար է մարսել նման երեւույթը (հերօրհնած՝ ի՞նչ մարսել), ապա մեկնաբանելն առավել եւս դժվար է: Ուրիշ բան որ չլինի՝ արտերկրում, հավանաբար, մտածելու են, որ մեր երկրի կենսագործունության մեջ ինչ-որ խանգարում է եղել: Սա ամենավատը չէ: Ամենավատն այն է, որ մեզ վրա պարզապես ծիծաղելու են: Եւ եթե այսօր մենք բանակցային գործընթացից ենք դուրս մնացել, ապա վաղը կարող ենք դուրս մնալ ամեն ինչից:

Եւ վերջին հանգամանքը: Արտաքին տեղեկատվական ակտիվությունն այն չէ, երբ դու պլան դրածի պես պատասխանում ես դիմացինի ամեն մի քայլին, այլ երբ ինքդ ես քայլ անում: Ոչ թե մեկի գցած քարը հանել ձորից, այլ ինքդ նետել քարը, որ ուրիշները որոնեն, եւ որոնելիս էլ նկատեն, որ ասֆալտը ճաքճքված է: Ու զբաղվեն դրանով...

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

ԱՓՍՈՍ, ՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ  ՉՀԱՅՏՆՎԵՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ... 

Աշխարհն ապրում է եվրոպական ֆուտբոլով: Թեկուզ այն արդեն մաքուր եվրոպական չէ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ ներկայիս առաջնությունը հայելին է այն գործընթացների, որոնք տեղի են ունենում Եվրոպայի շուրջ:

Միջազգային հանրությունը ցնցված է Ռուսաստանի ճեղքումով, Թուրքիայի համառությամբ եւ եվրոպական թիմերի պարփակվածությամբ: Իրենք՝ եվրոպացիներն, առավել հանգիստ են դիտարկում այս ամենը՝ որպես բնական զարգացում: Ասենք, իրենց թիմի անսպասելի պարտությունից հետո հոլանդական երկրպագուները չեն ջախջախել մարզադաշտը: Այնինչ, Թուրքիա-Հորվաթիա խաղից հետո լուրջ բախումներ են տեղի ունեցել Սերբիայում բնակվող թուրքերի եւ տեղացի հորվաթների միջեւ:

Իսպանիայի եւ Իտալիայի քառորդեզրափակիչային խաղը հետաքրքիր բան է հուշել: Խաղում էին երկու թիմեր, որոնք չեն կարողացել դուրս գալ իրենց իսկ կողմից ստեղծված շրջանակներից եւ ստեղծագործական խաղ ցուցադրել: Եւ գրոհի, եւ պաշտպանության տակտիկան նույնն էր, նման էին «նախապատրաստված» թակարդները, նույնիսկ «անակնկալներն» էին ակնկալված: Եւ տխուր խաղ է ստացվել:

Եվրոպական ֆուտբոլը (նաեւ՝ քաղաքակրթությունը) ստեղծվել է շատ հստակ կանոնների եւ նորմերի հիման վրա: Երկար տարիների ընթացքում այդ կանոնները կատարելագործվել են եւ հասցվել գրեթե իդեալի: Հիմա եվրոպական թիմերն այնպիսի տեխնիկա եւ տակտիկա են ցուցադրում, որ այն պարզապես չես նկատում՝ թվում է, որ այլ կերպ հնարավոր էլ չէ:

Սակայն իդեալին հասնելու ճանապարհին եվրոպական երկրները որոշ բաներ կորցրել են: Նախ՝ զարգացումն ու կատարելագործումը տեղի է ունեցել հստակ սահմանների ներսում, մեկուսացված այլ մշակույթներից: Եվրոպական մշակույթն «ամենաբարձրն ու ամենաքաղաքակիրթն» է հռչակվել, իսկ եվրոպական տարածք մտելը ներկայացվում է որպես գերագույն շնորհ: Ասենք, Եվրոպայի հետ «համակեցության»՝ Հնդկաստանի եւ Չինաստանի ցանկության բացակայությունը «բացատրվում» է նրանց «հետամնացությամբ»: Արդյունքում Եվրոպան զրկվել է այլ քաղաքակրթությունների ճեղքմանը դիմադրելու իմունիտետից:

Եւ երկրորդ. մտքի կատարելագործման ճանապարհին եվրոպացիները քիչ մը կորցրել են այն, ինչ կոչվում է բնազդ, հաղթանակին հասնելու ձգտում: Դա բերում է նրան, որ Եվրոպան անպաշտպան է դառնում այն մշակույթների առջեւ, որոնք հիմնված են բնական ուժի եւ պոտենցիայի վրա:

Մինչ Եվրոպան զարգանում եւ կատարելագործվում էր, նրա շուրջ աճել եւ զարգացել են քաղաքակրթություններ, որոնք հաղթում են ոգու ուժով, համառությամբ եւ ցանկացած գնով հաղթանակի հասնելու ձգտումով: Դրա վառ օրինակն է Թուրքիան: Հորվաթիայի հետ խաղը պատմության մեջ կմտնի ոչ թե որպես ֆուտբոլային խաղ, այլեւ ազգային մենթալիտետի ցուցանիշ: Եթե Թուրքիան իր առջեւ նպատակ է դնում, նա հասնելու է այդ նպատակին նույնիսկ վերջին րոպեին, նույնիսկ համարյա պարտված վիճակում: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացն ի վերջո նույն տեսքը կունենա:

Եւս մեկ եվրոպական շրջանակներում չտեղավորվող ուժ՝ Ռուսաստան: Հարստացած, Իսպանիայի վիլլաների կեսն առած, եվրոպական հանգստավայրերը գրաված Ռուսաստանն ապացուցել է, որ հաղթելու համար անպայման չէ խաղալ եվրոպական կանոններով: Ռուսաստանն ապացուցել է, որ սեփական ոճն ունի, եւ այն հաղթական է: Դա գրոհային ուժն է, ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությունը, հաղթանակի ձգտումը եւ սեփական կանոնների թելադրումը: Ռուսաստանը նաեւ ապացուցել է, որ պարտադիր չէ դասական իմաստով լավ ֆուտբոլ խաղալ, բավական է լավ ֆուտբոլ խաղացողներին խանգարել:

Նույնկերպ Ռուսատանը քաղաքական ասպարեզում է խաղում: Նա չի ձգտում Եվրամիություն կամ ՆԱՏՕ մտնել, բայց լավ խանգարում է այդ կազմակերպություններին: Լավ էլ դիվիդենդներ ստանում:

Ափսոս, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչում չհայտնվեցին Ռուսաստանն ու Թուրքիան: Դա կնշանակեր եվրոպական աշխարհայացքի կոլապս. այն հիմունքների քայքայում, շնորհիվ որոնց եվրոպական քաղաքակրթությանն առայսօր հաջողվել է դիմակայել արտաքին աշխարհի գրոհը: Եւ խոսքն արդեն կգնար որոշ երկրների ոչ թե ինստիտուցիոնալ եվրաինտեգրման, այլ Եվրոպայի նոր նվաճման մասին: 

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ՌՈՒՍՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ

Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Ռուսաստան երկրորդ կիսաեզրափակիչ խաղը. անակնկալ տեղի չունեցավ, իսպանացիներն այս առաջնությունում երկրորդ անգամ խոշոր հաշվով հաղթեցին Ռուսաստանի թիմին: Դա լավ էր թե ֆուտբոլային էսթետիկայի, թե այլ առումներով: Մասնավորապես, եթե Ռուսաստանը դուրս գար եզրափակիչ, պետք է խաղար Գերմանիայի թիմի հետ: Հիշելով, թե Ռուսաստանում ինչ պատմա-հայրենասիրական ալիք էր բարձրացել` է°լ Պոլտավայի ճակատամարտ, է°լ Պյոտր Առաջին, դժվար չէ գուշակել, թե եզրափակիչից առաջ ինչ ալիք կբարձրանար` Հայրենական պատերազմ, Ստալինգրադ, «իՈ ՀՏՊՌվց» եւ այլն: Ռուսաստանը ճիշտ ժամանակին եւ ճիշտ թիմի պարտվեց. նախ, Իսպանիայի հետ ռուսները կարծես չեն պատերազմել, չհաշված պարտիզաններին` Ֆրանկոյի դեմ պայքարում, եւ հետո` Իսպանիան Հոլանդիա կամ Շվեդիա չէ ֆուտբոլային առումով:

«Լրագիր»

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՐԱՊԱՏՈՒՄ ՀԵՔԻԱԹ
կամ՝ Հայաստան-Ադրբեջան - 7:0 (հօգուտ մրցակցի)
 

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը պարարտ հող է զանազան վերլուծությունների ու ենթադրությունների համար, ընդ որում՝ պարտադիր չէ, որ մարզական-ֆուտբոլային լինեն դրանք: Ինձ համար եւս ոչ մարզական խորհրդածությունների առիթներ եղան, որոնց մեծ մասը տվեցին Թուրքիայի հավաքականի ֆանտաստիկ ելույթները: Ոչ մարզական գնահատականները միանգամայն տրամաբանական են, քանի որ ֆուտբոլի դաշտում երեւակվում են ոչ միայն ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ հատկանիշները, այլեւ բնավորությունը, որոնք միագումար վերաճում են ազգային բնավորության: Ի վերջո, դժվար թե վիճարկելի լինի այն հանգամանքը, որ ֆուտբոլը (սպորտն՝ ընդհանրապես) ոչ միայն որոշակիորեն քաղաքականացված է, այլեւ ազգային արժանապատվության հարց է շատուշատ երկրների համար:

Եւ այսպես՝ ինչու՞մն է կայանում թուրքական հեքիաթի ֆենոմենը: Նախ՝ նրանում, որ այն հեքիաթ չէ, կամ էլ՝ իրապատում հեքիաթ է: Սույն հեքիաթի սյուժեն այն է, որ հերոսը ելք է գտնում նույնիսկ անելանելի իրավիճակից, ընդ որում՝ ոչ միայն գլուխը չի կորցնում ծանր պայմաններում ու «ճակատագրի» հարվածներից, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, այլ մոբիլիզացնում է բոլոր ուժերը ու «ճանկռոտելով» դուրս գալիս իրավիճակից, արդեն ինքը գոլային հարվածներ հասցնելով բոլորին, այդ թվում՝ ճակատագրին: Հերոսը ծանր պահերին չի մտածում պատճառների, արդարացման, չունեցած բախտի ու բարոյական հաղթանակի մասին, այլ դրանք թողնում է «հետո»-ին, իսկ այդ պահին իրենից կախվածն ու չկախվածն անում է հնարավորինս շատ բան «թռցնելու» համար:

Իսկը «հակահայկական» բնավորություն: Մեր ֆուտբոլիստները նման պայմաններում հենց դաշտից՝ դեռ խաղը չավարտված, բարոյական հաղթանակի մասին SMS-ներ կուղարկեին հայրենակիցներին՝ եթե նման հնարավորություն լիներ: Մերոնք մրցակցի համար անելանելի իրավիճակում հաստատ գլուխները կկորցնեին ու կկանգնեին կոտրած տաշտակի առաջ: Մերոնք ավելի քիչ կհավատային հաղթանակին, քան ծանր կացության մեջ հայտնված մրցակիցը:

Չե՞ք հավատում: Այդ դեպքում ֆուտբոլային դաշտից տեղափոխվեք դիվանագիտական դաշտ, ավելի ստույգ՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղան: Սեղանից անդին վիճակը օրհասական է Ադրբեջանի համար՝ կորցրել է ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլեւ հարակից 7 շրջանները, իր ասելով մեկ միլիոն փախստական ունի, որոնք ուղղակի խեղդվողի վզից կախված ծանր քարի են նման: Մի խոսքով՝ 0:7 վիճակ է: Հիմա տեղավորվեք բանակցային սեղանի շուրջ: Ադրբեջանին առաջարկում են վերադարձնել 7 շրջանները (այսինքն՝ բաց թողած 7 գնդակները «օֆսայդ»-ից խփած, իմա՝ չեղյալ համարել), վերաբնավորել փախստականներին (իմա՝ նորից դաշտ վերադարձնել կարմիր քարտով հեռացվածներին), մրցակցի կարգավիճակն էլ դեռ կասկածելի համարել («լիպա»):

Բայց պարտվող կողմը, ով զարմանք,  չի համաձայնվում: Դրա փոխարեն հաղթող կողմը գլուխը կորցրած եւ առաջին անգամ շշմած իր «ոչ բարոյական» հաղթանակից՝ համաձայնվում է ամեն ինչի, նախանձելով մրցակցի անելանելի վիճակին:

Իսկ կա՞, արդյոք, թուրքական հեքիաթի վերջ: Ֆուտբոլում հաստատ կա, վկան՝ Թուրքիա-Գերմանիա կիսաեզրափակիչ խաղը:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

Համահայկական 

Նորերս մեր թերթում հրապարակել էինք արցախյան ազատամարտի մասնակից, ազատամարտիկ-բուժակ Աղավնի Սահակյանի բաց նամակը արցախցիներին՝ հայաստանյան դեպքերի մասին արցախցիների վերաբերմունքի թեմայով: Նամակը լայն արձագանք է գտել, այն քննարկվում է ամենատարբեր շրջանակներում, մարդիկ հայտնում են զանազան կարծիքներ: Առաջիններից մեկն արձագանքել է մեր հայրենակից Վարդգես Ուլուբաբյանը, ում գրածի շուրջ որոշակի պարզաբանումներ է ցանկացել տալ Ա.Սահակյանը: Ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

«ԴԵՄՈ»

 ՊԱՏԱՍԽԱՆ՝ ՆԱՄԱԿԻՍ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ 

Հարգելի պարոն Ուլուբաբյան: 

Նախ՝ շնորհակալություն նամակիս արձագանքելու համար: Ցանկացած կարծիք արժանի է ուշադրության, բայց Ձեր նամակում կան նաեւ մտքեր, որոնք պարզաբանման կարիք ունեն:

Իմ նամակում ակնարկ անգամ չկար ժողովրդին ահաբեկելու մասին՝ լինի մասամբ կամ բոլորին: Ընդհակառակը՝ այդ «երկու ղարաբաղցիներն», ահաբեկված ժողովրդի արդար ցասումից, կազմակերպված սահմանադրական պայքարից, խաղաղ ցույցերից ու երթերից, գործի դրեցին իրենց միակ իշխանությունը՝ ուժը, եւ ժողովրդի դեմ հանեցին բանակն ու ոստիկանությունը: Բայց ժողովուրդը բոլորովին էլ չահաբեկվեց, այլ շարունակում է պայքարել իր իրավունքների համար:

Թե Դուք ո՞ւմ նկատի ունեք՝ ասելով, որ հաստատ գիտեք, նրանք նման վիրավորանքների համար ողջ չէին թողնի վիրավորողներին, չեք նշում, ինչը եւ հավատ չի ներշնչում:

Հարգելի պարոն Ուլուբաբյան, Դուք ինձ մարտի դաշտում չհանդիպելով հանդերձ, համարում եք Ձեր մարտական ընկերը, իսկ ինչու՞ ես չպետք է մայրաբար եւ քույրաբար հոգամ ու պաշտպանեմ այն տղաներին, որոնց հետ եղել եմ մարտի դաշտում, որոնք ոչ միայն ուս-ուսի տված բոլորի հետ մարտի են գնացել, այլ նաեւ ուս-ուսի տվածներին մարտի են առաջնորդել ու հաղթել: Իսկ Դուք, առանց իմանալու, Ձեզ իրավունք եք վերապահում կասկածելու նրանց կռվելու ու հաղթելու վրա: Իսկ այս շարժումը գլխավորողն իր ընկերների հետ գլխավորել է նաեւ 88-ի Արցախյան շարժումը, պատերազմի ժամանակ եղել է ՀՀ առաջին նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը, ու դարձյալ հաղթել ենք:

Մի ուրացեք: Ապերախտությունը մարդկային արժանիքներից վատագույնն է:

Այժմ քույրաբար պատասխանեմ այն հարցին, որ ինձ տվել եք եղբայրաբար: Ոչ ոք Երեւանի փողոցներում, ասֆալտի վրա, չի խայտառակել զինվորական համազգեստը, եւ ոչ մի վետերանի վկայական որպես արտոնություն չի դիտվել: Այս տարիներին եթե կա մի բան, որ արտոնություն է դիտվում, դա ղարաբաղցի լինելն է, անգամ արցախյան պետհամարանիշով մեքենա վարելը: Որպեսզի շատ չերկարացնեմ, պատմեմ ասածիս իսկությունն արտահայտող մի անեկդոտ: Երեւանում պետավտոտեսուչը կանգնեցնում է արցախյան համարանիշով  մի մեքենա: Վարորդը՝ գլուխը պատուհանից դուրս հանելով, զարմացած հարցնում է. «Էս, Ռոբիկը մըռա՞լ ա»: Չէ՝ ասում է տեսուչը:  «Բա ինձ կանգնացրալ ես՝ հի՞նչ անիս»,- զարմանում է վարորդն ու ինքնավստահ հեռանում:

Ես չգիտեմ, թե Դուք ում նկատի ունեք գիշերային ջարդարարներ ասելով, բայց միանշանակ է, որ ջարդարարներին ազգային հերոս համարել չի կարելի, մանավանդ, որ ջարդել են ոչ թե թշնամու, այլ՝ յուրայինի: Գիշերային ջարդն իրականացրել են բանակն ու ոստիկանությունը՝ ղարաբաղցի նախագահի թեթեւ ձեռքով գրված հրամանի համաձայն: Հենց այդ հրամանը կուրորեն կատարողներն են խայտառակել զինվորականի համազգեստը՝ կրակելով ժողովրդի վրա: Իսկ Ազատության հրապարակում գիշերվա ցրտին իրենց զինվորական տաք բաճկոնները կրած ազատամարտիկներն ու հրամանատարները բարոյապես նվաճել են այն կրելու իրավունքը, եւ դա արտոնություն չի դիտվում, պարզապես այդ հագուստն իր մեջ մի յուրօրինակ ջերմություն է պարունակում, եւ պետք չէ դրանից վատ զգալ:

Ձեր լռելու պատճառը հիմնավորում եք նրանով, որ իբր մենք էլ ստիպված ենք եղել լռել այն պահին, երբ Ազատության հրապարակում Ղարաբաղի ժողովրդի հասցեին սպառնալիքներ էին հնչում: Ցավոք, սխալ եք տեղեկացված, կամ այս ամենի մասին պատկերացում եք կազմում միայն «Հայլուրի» ստահոդ լուրերով ու սադրիչ մեկնաբանություններով: Հայաստանի ազատ ու ընդդիմադիր մամուլը չի հասնում Արցախ, դրանում համոզվել եմ ինքս, երբ մի շաբաթ Արցախում էի, բայց, բարեբախտաբար, տարածվում են (Արցախում՝ նույնպես) տեսասկավառակներ երթերի ու ցույցերի մասին, որոնք նայելով կարելի է իմանալ ճշմարտությունը: Եթե նայեք Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի ելույթներն ու զեկույցները, ինքներդ կհամոզվեք՝ սպառնո՞ւմ ենք Արցախի ժողովրդին, ջուր լցնո՞ւմ ենք ադրբեջանցիների ջրաղացին, թե՞® Կտեսնեք նաեւ մեզ հետ արդարության համար պայքարող, այս ամենը չհանդուրժող արցախցիների, որոնք բացառիկ են եւ ավելի շատ են պահում արցախցու թասիբն ու պատիվը, քան այդ «երկու արցախցուն» պաշտպանողներն ու հաճոյացողները:

Վերջերս շատ արցախցիներ, Ձեր նամակում նաեւ Դուք, հեգնանքով ու արհամարհանքով եք խոսում ցույցերի ու ցուցարարների մասին: Ինչ որ շուտ եք մոռանում անցյալը: Մի՞թե այդ ցույցերով ու ցուցարարներով, ինչպես Դուք եք ասում՝ ասֆալտի հեղափոխականներով չէր, որ Արցախի հարցը թնդաց աշխարհով մեկ, թափ առավ շարժումն ու հաղթեց: Այո, ճիշտ եք ասում, որ այդ հրապարակից սկսվեց մեր սրբազան գործը, իսկ այսօր մենք իրավունք չունե՞նք մեր ձայնը բարձրացնելու հանուն մեր ոտնահարված իրավունքների պաշտպանության: Ստացվում է, որ եթե Արցախի համար է, կարելի է այդ հրապարակում ցույցի դուրս գալ, իսկ եթե իշխանությունն ապօրինաբար զավթած «երկու արցախցու» անարդար քաղաքականության դեմ է` չի կարելի: Դրա համար էլ պղծեցին այդ սուրբ հրապարակը մարտիմեկյան ողբերգությամբ, արյուն թափեցին, հետո անմիջապես սառնասրտորեն լվացին հետքերը, հիմա էլ դարձրել են ավտոկայանատեղի՝ ոստիկանների հսկողությամբ: Ասենք, հրապարակի ասֆալտից լվացին այդ հետքերը, իսկ մարդկանց հիշողությունից ինչպե՞ս են լվանալու: Այն միշտ դաջված է լինելու թե մեր հիշողության եւ թե մեր սրտերի մեջ:

Պարոն Ուլուբաբյան, ինչ-որ դեղատոմս եք առաջարկում հիվանդությունից բուժվելու համար, բայց հենց ինքներդ էլ հակառակ դեղն եք հրամցնում, որն ավելի է խորացնում հիվանդությունը: Ինչպես ասում են՝ համ նալին եք խփում, համ մեխին: Ես կոնկրետ մարդկանց անուններ եմ տվել, որոնք իրոք մասնակցել են ազատամարտին, կռվել, վիրավորվել, պատվով դուրս եկել, իսկ Դուք կասկածում եք նրանց ծառայությունների վրա: Ժամանակին այդ մարդկանց, հատկապես՝ բարձրաստիճաններին ու որոշակի դիրք ունեցողներին, ամպերին էիք հասցնում եւ հիմա, եթե այս մարդիկ իրենց «ոչ»-ն են ասում այդ երկուսին, պետք է ամեն ինչ հողի՞ն հավասարեցնել, աշխատանքից հեռացնել, զրկել ազատությունից: Սա վիրավորանք է մեր հերոսների հիշատակին:

Ի դեպ, Լեոնիդ Ազգալդյանի մասին: Նրա հիշատակը ոչ ոք չի կարող վիրավորել, վիրավորողն առաջին հերթին իրեն վիրավորած կլինի: Նրա գործն ու միտքն է հիմա առաջնորդում ողջերին:

Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանին, ուրիշ էլ ի՞նչ պիտի աներ ու անի Ժիրայրը, որ մարդ իմանա, հատկապես արցախցին իմանա, որ նա արժանի է լինելու ՀՀ քաղաքացի, առավել եւս՝ Արցախի քաղաքացի: Հայաստանի ու Արցախի շատ բնակիչներ, որ ակամա են համարվում քաղաքացի՝ այստեղ ծնվելու հանգամանքով, կռվի տարիներին Արցախից ու Հայաստանից դուրս էին, այդպես էլ չվերադարձան Հայրենիք՝ ոչ արյան կանչով, ոչ ծննդավայրի: Իսկ Ժիրայրը՝ ծնված լինելով Հայրենիքից հեռու, բայց հավատարիմ լինելով իր արմատներին, արյան ու Հայրենիքի կանչով եկավ, կռվեց, հաղթեց, ընտանիք կազմեց, զավակներ ունեցավ Հայրենիքում: Հիմա քաղաքացիություն է խնդրում, իսկ Դուք ասում եք, թե նրան որպես քաղաքացի չեք ճանաչում: Իմանալու բան չկա, պարզապես պետք է բարի կամք դրսեւորել, ձեռք մեկնել Հայրենիքից վտարման վտանգի առջեւ կանգնած մարդուն:

Իսկ 75-ամյա թոշակառու Ժորա Գրիգորյանը չի կարողանում անտարբեր անցնել: Ժիրայրի դիմում-նամակը կարդալով՝ հասկացել է, որ այս մարդն արժանի է ապաստան ու քաղաքացիություն ստանալու, քանի որ իր լուման ունի Արցախի հաղթանակում: Ժորա Գրիգորյանի այս կարճ խոսքից հորդում է հայրենասիրությունը, խիղճն ու բարությունը, արժանապատիվ վերաբերմունքը հանդեպ հայի այս տեսակի: Փառք Աստծո, որ դեռ կան նման մարդիկ, ցանկանում եմ նրան ամենայն բարիք, առողջություն, հանգիստ խիղճ:

Իսկ Ձեր խոսքում, պարոն Ուլուբաբյան, այդպես էլ չզգացվեց խղճի ու բարության որեւէ նոտա, անգամ ափսոսանք կատարվածի համար, ցավակցություն զոհերի առիթով: Դուք ընդամենը նմանվեցիք նախորդ նամակումս ակնարկված այն ծնողին, որը ոչ թե նախատում ու խրատում է սխալ ու հանցանք գործած մարդուն, այլ զանազան պատրվակներ բերելով՝ արդարացնում ու ոգեւորում:

Աղավնի ՍԱՀԱԿՅԱՆ

 

ԿԵՆԴԱՆԻ ԼԵԳԵՆԴԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Լեոնիդ Ազգալդյանի պայծառ հիշատակին
 

1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մերձակա Դաստակերտում նրան սպանող դավադիր գնդակների արձակումից անցել են ուղիղ 16 տարիներ…

Նա ապրեց ուղիղ կես դար եւ 20-րդ դարի վերջում կատարեց հսկայական նշանակություն ունեցող մի առաքելություն, որն էլ նրանից առաջ նույն դարի սկզբում բախտ էր վիճակվել իրագործել ազգիս հայոց անզուգական մեծության՝ Գարեգին Նժդեհին: Ազատագրել ու պահպանել հայրենի հողը՝ միմիայն հարյուր տարին մեկ ծնվողներին է վերապահված ի վերուստ: Եւ նախասահմանված իր բաժին գործը արժանապատվորեն իրագործեց Լեոնիդ Ազգալդյանը:

Լինելով բարձրակարգ գիտնական եւ հայրենանվեր մտավորական, իր ամբողջ գիտակցական կյանքը անց էր կացրել իր դավանած բարոյական արժեքների սեփական համակարգում՝ էությամբ բարի, ազնիվ, արդար, ճշմարիտ, անկեղծ, պարկեշտ եւ արժանապատիվ մարդ էր: Նա մարդկային դրական բոլոր արժեքներն իսկապես իր մեջ մարմնավորող անհատականություն էր: Իր հետ մանկություն, պատանեկություն, երիտասարդություն եւ հասուն տարիքն միասին անցկացրած բոլոր ընկեր, ծանոթ եւ բարեկամները մի շատ էական բանում միաբերան համակարծիք են՝ նա անբացատրելի բնատուր մի տաղանդով օժտված լինելով՝ մշտապես ամենուրեք առաջնորդ էր: Անվիճելիորեն գերազանցություն:

Նրա հայտնված միջավայրում միշտ մարդկային բարձրարժեք մթնոլորտ էր ձեւավորվում, մարդիկ ինքնաբերաբար բարիանում, անկեղծանում եւ անհասկանալիորեն դեպի լավն էին բարեփոխվում: Բոլորի մոտ հոժարակամ ստեղծագործական տրամադրություն ստեղծելով, նրանց իսկ անհայտ իրենց թաքնված շնորհքների բացահայտման  շարժառիթն էր հանդիսանում:

Մարդկանց աներեւակայելիորեն գործի էր լծում, եւ նրանցից ամեն մեկը ինքն իր ոլորտում միանգամայն գործուն եւ պատասխանատու էր դառնում: Նրա հետ շփվող ծանոթ-անծանոթ ամեն մի անհատ, կարծես պարտքի զգացումով շարժվողի կարգավիճակով, փորձում էր իր ծառայություններով այս կամ այն հանրօգուտ գործին պիտանի լինել: Սա, բնականաբար, ինքնըստինքյան էր այդպես ստացվում, եւ իրավիճակը բոլորի համար հաճելիորեն «պարտավորեցնող» էր դառնում:

Ամեն ինչին գիտնականի լրջությամբ եւ ճշգրտորեն մոտեցող Լեոնիդը, մեր ապագա սերունդներին դասավանդման արժանի իմաստուն գործունեությամբ, հատկապես ռազմադաշտում Գարեգին Նժդեհին երկրորդելով՝ հայ ազգին միայն իրեն հատուկ եզակիությամբ հիշատակելի բազմաթիվ հաղթանակներ նվիրեց: Հայոց ոգին էր, որ խտացավ եւ անպարտելի ուժ դարձավ իր իսկ ստեղծած «Անկախության Բանակ» եւ «Ազատագրական Բանակ» ռազմական զույգ կառույցներում:

Ազգս դարեր ի վեր մոռացել էր «բանակ» ունենալու գաղափարն իսկ, Լեոնիդի շնորհիվ մեր ինքնագիտակցությունը վերափոխվեց՝ նա բոլորիս ցույց տվեց ազգային բանակ ունենալու ռեալությունն ու անհրաժեշտությունը եւ իր ստեղծած գրեթե անթերի ռազմական կառույցը հենց դրա սաղմը հանդիսացավ:

Մենք արդեն կորցնում էինք երկրի տիրոջ (տեր լինելու) գիտակցությունը, միշտ օտարին ծառայելով՝ փաստորեն ծառա էինք դարձել: Նա ապացուցեց մեզ, որ մենք տեր ենք ու տերը պիտի տեր լինի եւ ոչ երբեք ծառա: Նա մեզ վերադարձրեց մեր ազգային հպարտությունն ու ինքնահարգանքը եւ փաստվեց, որ մենք ինքնուրույն, հենվելով միմիայն մեր ուժերին, կարող ենք մեր երկիրը պահել:

«Սա Հայաստան է, եւ վերջ»՝ ահա այսքան կտրուկ, ահա այսքան վճռական էր նրա խոսքն ու կեցվածքը, որը եւ նա նվիրյալ գործ դարձրեց: Անթերի ղեկավարելով 27 հատ հաղթանակով ավարտված ռազմական գործողություն՝ նա օտարի տիրապետությունից մեր հայկական հողերն ազատագրեց:

Խստապահանջ, կարգապահ, ամենօրյա չափազանց դժվար զորավարժությունների շնորհիվ մարտական մեծ պատրաստվածություն ձեռք բերող Լեոնիդի մարտիկներն առաջինն էին դադարել ֆիդայի լինելուց, դառնալով իսկական զինվոր: Նա մեծ ուսուցիչ էր ռազմագիտության ոլորտում՝ մեր նորօրյա պատմությանն նորամուծելով «ոչ թե մեռնելու, այլ ապրելու պատրաստ» լինելու գաղափարով դաստիարակված մի ամբողջ սերունդ, նա սովորական մարդկանցից ուժեղ կամքի տեր հայ մարդ կերտեց:

Ինչպես Զանգեզուրն ենք պարտական մեծն Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քարվաճառի տարածքի ազատագրումը: Երկար տարիների զինվորական լուրջ աշխատանքի շնորհիվ, բոլոր մանրամասնություններով հանդերձ, իր նախապատրաստած ծրագրի իրականացման արդյունքում հենց նա է մեր փոքրիկ Արցախ աշխարհը հայրենիքին միացնելու նպատակով կատարված ռազմական հաջող գործողության պատմական հեղինակը:

Նա իր կենդանության օրոք էր արդեն լեգենդ դարձել: «Ազատագրական Բանա»'-ի Արցախի ճակատի հրամանատար Վլադիմիր Բալայանի հետ միասին տարիներ շարունակ Շահումյանում եւ Մարտակերտում ապրող տասնյակ հազարավոր հայ մարդկանց հույսն ու հավատն է եղել:

Լեոնիդի հետ ցանկացած իրավիճակում շփված ամեն հայորդի, անկախ իր ցանկությունից կամ իրերի վիճակից, անպայման ազգօգուտ մի գործ է կատարել, սա հենց այնպես ասված խոսք չէ, այլ իմ նման տասնյակ մարդկանց կենդանի վկայությամբ փաստված անհերքելի իրականություն:

Ինչպես ամբողջ մեր պատմական անցյալն է վկայում, եւ կարծես որպես չգրված օրենք՝ այս անգամ եւս ազգս կարող չգտնվեց խնայելու, պահպանելու իր իսկ ծնած մեծություններից մեկը՝ ուղիղ տասնեւվեց տարիներ առաջ, ռազմաճակատից մոտ քառասուն կիլոմետր հեռու՝ խիտ անտառում, դավադիր գնդակից ընկավ Լեոնիդ Ազգալդյանը:

Նրա կորստից օգտված թշնամին հեշտությամբ կարողացավ բռնագրավել մեր հողերը: Բայց նա մեզ նույնիսկ հետմահու օգնության հասավ՝ իրենից փոխանցված անզուգական ոգու շնորհիվ Լեոնիդի զինվորները կարողացան կրկին ազատագրել կորցրածը, փաստելով, որ «նա մահվանից հետո էլ ծառայում է ազգին» հայրենի աշխարհում վաղուց թեւավոր դարձած խոսքերի ճշմարտացիությունը:

Զոհվելով, սակայն, նա գնաց դեպի հայոց Աստվածներ: Ինչպես իր ամենասիրելի մարտական ընկերոջ՝ Վլադիմիր Բալայանի գերեզմանի վրա էր նա ասել, երեւի «այդտեղ իր կարիքն զգացվում էր, երեւի այդ էր իր գնալու իմաստը»:

Գիտակից ապրող բոլոր հայերի համար անմահության խորհրդանիշ դարձած Լեոնիդը կա, նա միշտ մեզ հետ է:

Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆ

  

Պատմություն 

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ  ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈՒՆ 

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ 

 սկիզբը՝ նախորդ համարներում

 ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԻՆԻԶՄ 

Խորհրդային համակարգի փլուզման պահին հայ հասարակության ունեցած բարոյական նկարագիրն արդեն պարզ է ընթերցողին:

Ազգային ազատագրական պայքարը որոշակիորեն դրական անդրադարձ ունեցավ ժողովրդի հոգեբանության վրա, այդ պայքարը մասամբ զուգահեռվեց հեղափոխականության հետ և առաջացավ արդարության հասարակական ձգտում: Սակայն ազատագրական պայքարի մի քանի տարիների ընթացքում այն չհասցրեց կուռ գաղափարախոսության վերածվել և այդպես էլ մնաց որպես ձգտում: Եթե անկախության ձեռքբերման հետ միաժամանակ մենք ստիպված չլինեինք հասարակարգի փոփոխություն իրականացնել, գուցե թե այդ ձգտումը էականորեն ազդեր երկրում արդարության հաստատմանը, բայց՝ ստիպված էինք: Ու մեզ սպասում էին կապիտալիզմի կայացման փուլի որոգայթները:

Ի մեծ դժբախտություն մեզ, նախորդ ռեժիմում ունեցվածքն ամբողջությամբ պետական