14 հունիսի 2008 թ. 10 (96)

ԻՇԽԱՆՈՒԹՈՒՅՆ 

Ընդունված խոսք է՝ իշխանությունը այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում: Սա ժողովրդավարության այբուբենային ճշմարտություններից է: Հենց այս ճշմարտությունից էլ ելնելով՝ ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքը համարվում է իշխանության ճյուղերի հստակ տարանջատումը, երբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններն իրարից անկախ են, իսկ չորրորդ իշխանությունն էլ (իմա՝ լրատվամիջոցները) վերահսկում են այս տարանջատված անկախության ու հավասարակշռության պահպանումը ի շահ քաղաքացիների: Սա թույլ չի տալիս իշխանությունը կենտրոնացնել մի ձեռքում, մի բևեռում: Եթե այս սկզբունքը կա, ապա ժողովրդավարությունն էլ կա, իսկ եթե այդ սկզբունքը չկա, ապա ժողովրդավարության մասին զրույցները պարզապես պարապ վախտի խաղալիք են:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեզ մոտ, ինչպես և ավտորիտար բոլոր վարչակարգերում, կա միայն մեկ իրական ու կայացած իշխանություն՝ գործադիր իշխանությունն ի դեմս երկրի նախագահի և կառավարության: Օրենսդիր և դատական իշխանությունները ոչ միայն կախված են գործադիրից, այլև, թող ներվի ասել, դրա կցորդն են: Գործադիրը վերահսկում է նաև առանցքային լրատվամիջոցները, այսինքն՝ ժողովրդավարության «պահապան շներ» համարվող լրատվամիջոցներն էլ դարձել են տնային-բազմոցային փափկասուն կենդանիներ:

Դիցուք, օրենսդիր մարմինը` Ազգային Ժողովը: Մեր օրենսդիրների մեծամասնությունը խորհրդարանն ընկալում է միայն որպես օրենքների թխման փուռ, որպես քաղաքական տպարան: Նախկին խոսնակներից մեկը, քմծիծաղելով խորհրդարանի կարևորագույն դերի մասին դասագրքային դրույթը, այսպիսի մի հանճարեղ միտք է ասել՝ «Ուրիշ խորհրդարանների մասին չգիտեմ, բայց մեզ համար միանգամայն բավարար կլինեին մի քսերոքս և 2-3 աշխատողներ»: Կարելի է ենթադրել, թե ինչ նկատի ուներ նա: Այո, հայաստանյան օրենքներում «ՀՀ»-ն «ԼՂՀ» դարձնելու և օրինագծերը բազմացնելու համար, իրոք, նշյալ ներուժը միանգամայն բավարար է: Պարզապես հարկ է հիշեցնել, որ խորհրդարանը նաև քաղաքական մարմին պիտի լինի ու պիտի նաև վերահսկի կառավարության գործունեությունը: Մինչդեռ մեզ մոտ քաղաքական ամենավճռորոշ պահերին խորհրդարանի տեղը գտնելն ուղղակի անհնար է լինում, իսկ ինչ վերաբերում է կառավարությանը վերահսկելուն, ապա մեր օրենսդիրները քանի՞ գլխանի են, որ իրենց թույլ տան նույնիսկ մտածել այդ մասին:

Դատարանների անկախության մասին խոսելն առավել ևս ավելորդ է: Իսկ դատախազության անկախության մասին մտածելն էլ` պարզապես անլուրջ գործ: Հասկանալու համար՝ սոսկ մի համեմատություն: Մեր կողմից ոչ ժողովրդավարական համարվող Թուրքիայում գլխավոր դատախազությունն անօրեն է համարել իշխող կուսակցության գործունեությունը: Հիմա ինքներդ ձեզ հարց տվեք՝ մեզ մոտ հնարավո՞ր է ոչ թե իշխող կուսակցության, այլ գոնե մեկ փոքրիշատե լուրջ իշխանավորի «սխալ հանումը»:

Ինչ որ է, նորից վերադառնանք ժողովրդավարության այբուբենային այն ճշմարտությանը, որ իշխանությունը այլասերում է մարդկանց, այսինքն՝ իշխանությունը վնասակար ու վտանգավոր է: Ավելի պարզ՝ իշխանությունը թույն է: Հենց այս բանի ընկալումից էլ պիտի բխի մեր վերաբերմունքը իշխանավորների նկատմամբ:

Մենք պարզապես անտարբեր ու անհոգի վերաբերմունք ունենք մեր հարազատ իշխանավորների նկատմամբ, մենք ամբողջ թույնը թողել ենք նրանց, փոխանակ նրանց օգնության հասնելու ու կիսելու նրանց ցավը: Մենք պիտի այնպես անենք, որ այդ թույնը հավասարապես բաշխվի օրենսդիրների, դատավորների, լրագրողների, հասարակական գործիչների ու ստեղծագործական մտավորականության միջև: Այդ դեպքում վտանգը դիվերսիֆիկացված կլինի, այդ դեպքում յուրաքանչյուրս վերցրած կլինենք այդ թույնի մեր՝ թույլատրված, առողջության համար ոչ վտանգավոր չափաբաժինը: Այլապես մենք գիտակցաբար վտանգի տակ ենք դնում իշխանավորների առողջությունը եւ ինքներս մեզ սպառնում առողջ հանրություն եւ անառողջ իշխանություն ունենալու հեռանկարով:

Հանրային առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ իշխանությունը վտանգավոր է առողջության համար:

 

 

 

 

Քաղաքականություն

 

ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՄԵՆՔ

 

ՀՀ նախագահական վերջին ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր կառույցների արձագանքներին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի թ. 1609 բանաձեւի պահանջների կատարմանը, ինչպես նաեւ ԼՂՀ-Կոսովո հնարավոր զուգահեռներին են անդրադարձել վերջերս «Բաց հասարակություն» կազմակերպության կողմից Ստեփանակերտում անցկացված կլոր սեղանի ընթացքում, որին ներկա էին ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ, արտգործնախարարության, քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 

Հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքից գոնե պետք է պատշաճ դուրս գալ

 

Խոսելով Հայաստանի նախագահական վերջին ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքների մասին՝ քննարկումները վարող, Հայաստանում գործող «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը նշեց, որ Հայաստանում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի իրարամերժ գործողությունների ֆոնին հերթական անգամ եվրոպական կառույցները հայտնվեցին մի այնպիսի իրավիճակում, երբ մի կողմից խնդիր կար մի կողմ դնելով բոլոր քաղաքական նկրտումները, շահերն ու բախումները՝ արձագանքել այդ ամենին, եւ մյուս կողմից՝ այնքան համարժեք արձագանք տալ, որ չսպասարկել ոչ ԱՄՆ-ի, ոչ Ռուսաստանի շահը: Այս ելակետից էլ ծնվեց  ԵԽ թ.1609 բանաձեւը, որի պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ որոշակի պատժամիջոցներ:

Այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ԵԽԽՎ-ի մանդատից զրկվի, Կ.Բեքարյանը նկատեց. «Այն պատժամիջոցը, որը օգտագործվել է որպես սպառնալիք Հայաստանի պարագայում՝ ձայնի իրավունքից զրկումն է: Իմ կարծիքով, ՀՀ-ն շատ հարցերում իրավունք չունի իրեն պահել որպես այս կամ այն կողմի շահերի սպասարկու կամ լինել ավելի ազատ, քան դա հնարավոր է: Եթե ունես չլուծված հակամարտություն, ապա ցանկացած միջազգային ամբիոնում քո ձայնի իրավունքի կորուստը քաղաքական ֆոնի տեսանկյունից քեզ կարող է վնաս հասցնել նաեւ մի քանի ամիսների ընթացքում»:

ԵԽ-ի կողմից սանկցիայի կիրառումը կնշանակի, որ երկիրը հայտնվել է այն երկրների շարքում, որոնց մոտ ժողովրդավարության առկայության մասին խոսում են մեծ վերապահումով: Եթե Եվրամիությունը, որպես Հայաստանի համար հիմնական դոնոր, փոխի իր ռազմավարությունը երկրի նկատմամբ, դա կնշանակի նաեւ ֆինանսական հոսքերի կրճատում, տնտեսական հարված եւ այլն:

Նշվեց նաեւ այն կարծիքը, որ ԵԽԽՎ բանաձեւի պահանջները Հայաստանը չի հասցնելու կատարել ժամանակային առումով:

Ահա թե ինչու պարոն Բեքարյանը գտնում է, որ շատ կարեվոր է գոնե հունիսի  20-ին նշանակված հանրահավաքից պատշաճ դուրս գալը՝ օգտագործելով աշխարհում հաջողությամբ գործող հանրահավաքային մեխանիզմները: Բայց եթե մի կողմի սադրանքին պատասխանեն սադրանքով՝ բնականաբար, խնդիրներ կլինեն:

 

Կոսովոյի նախադեպ

լինել-չլինելը կախված է

օգտագործողից

 

Քննարկումների երկրորդ մասը նվիրված էր Կոսովո-ԼՂՀ հնարավոր զուգահեռներին եւ Կոսովոյի օրինակով հակամարտությունների կարգավորման եվրոպական փորձին: Կարեն Բեքարյանը, խոսելով Կոսովոյի անկախության ճանաչման շուրջ զարգացումների մասին, շեշտեց, որ իրականում պատժվեց ամենառուսամետ ազգը, որը խանգարում էր Հարավսլավիայում այն գործընթացների իրականացմանը, որոնք նպաստավոր էին Արեւմուտքի շահերի սպասարկման համար: Արդյունքում, ըստ նրա, այդքան կորուստներ ունենալով հանդերձ՝ Սերբիան, մեկ է, ներքաշվելու է Եվրոպական համայնք, բայց արդեն շատ հետաքրքիր, հոգեբանական նոր գործոնով՝ էլ երբեւէ հույս չկապելով Ռուսաստանի հետ:

«Հարավային Կովկասին սերբական կամ հարավսլավական ճակատագիր իրականում սպառնում է: Ունենալով չձեւակերպված քաղաքական օրակարգ, ներքին տարբեր խնդիրներ, մենք կարող ենք հայտնվել հարավկովկասյան Սերբիայի դերում: Այդ վտանգն այսօր կա: Դա պետք է զգալ եւ դրա դիմաց շատ հստակ գործող քաղաքական օրակարգ ունենալ,- շեշտել է Կարեն Բեքարյանը:- Կոսովոյում մի շատ հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել, ինչը մենք չստեղծեցինք՝ կամա թե ակամա: Կոսովոն կարողացավ ողջ հակամարտության գործընթացում, ներառյալ՝ քաղաքական էլիտայի խնդիրները, մի կողմից գոնե բոլոր արտաքին դրսեւորումներով իրեն զերծ պահել ալբանական ազդեցությունից եւ միաժամանակ ամեն ինչ արվեց, որպեսզի կոսովյան ղեկավարությունը չմտնի ալբանական էլիտա: Մեզ մոտ միանգամայն հակառակն արվեց: 1998-ին մեր երկրորդ նախագահի Հայաստանում հայտնվելուն պես  միաձուլվեց քաղաքական էլիտա ասածը՝ ողջ աշխարհի աչքի առաջ: Պատահական չէ, որ դրանից հետո Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս մնաց»:

Նշվեց այն միտքը, որ եթե Ղարաբաղի պայմաններում միջազգային հանրության պատկերացմամբ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է՝ դրանից բխող դրական եւ բացասական հետեւանքներով, Կոսովոյի պարագայում երբեւիցե միջազգային հանրությունը Կոսովոյի անվտանգության երաշխավոր չդիտարկեց Ալբանիային, եւ ինքը մտավ երաշխավորելու նրա անվտանգությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի եւ եվրոպական կառույցների:

«Սրանք տարբերություններ են, որոնք չէին կարող կարգավորման գործընթացի վրա հետք չթողնել,- պարզաբանել է Բեքարյանը:- Միամտություն է կարծելը, որ խնդիրը միայն իրավական հարթության մեջ է: Խնդիրն, այսպես թե այնպես, քաղաքական շահերի սպասարկման դաշտում է»:

Իսկ ինչ վերաբերում է Կոսովոյի նախադեպ լինել-չլինելուն, ապա, ըստ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահի, օգտագործողից է կախված: «Ճիշտ ձեւակերպած քաղաքականության եւ օրակարգի դեպքում այն հստակ կարելի է օգտագործել որպես նախադեպ՝ մեծ եւ դրական դիվիդենտներ ստանալով: Կիսատ-պռատ մտնելով այդ խնդրի մեջ՝ կարելի է օգտագործել այնպիսի մոտիվացիաներ, որոնք ընդամենը ամիսների տարբերությամբ բումերանգի պես կաշխատեն քո դեմ»,-ընդգծել է նա:

 

Քանի դեռ լուրջ ապտակ չենք ստացել

 

«Մենք արտաքին աշխարհի կողմից ինչ-որ ժամանակ դիտվելու ենք որպես շիզոֆրենիկ պետություն կամ ազգ»,-այս կարծիքն է արտահայտել Կ. Բեքարյանը, ավելացնելով, որ չպիտի անընդհատ խոսել խաղաղության գործընթացի մասին կամ նստել ու սպասել, թե երբ է դիմացինդ ուժեղանալու ու քեզ հարված հասցնելու: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանն անընդհատ ամենատարբեր մակարդակներով հայտարարում է, որ ուժեղանալու դեպքում հարցը ռազմական ճանապարհով է լուծելու: Այս պարագայում առավել քան կարեւոր էր, որ հայկական կողմից հնչեցվեր, որ այսպես շարունակվելու դեպքում դիտարկելու ենք կանխարգելիչ հարվածների հնարավորությունը՝ մեր իսկ անվտանգության համար:

Կան հարցեր, որոնք արդեն պետք է մի քիչ լայնակի դիտարկվեն, քան իշխանական փոխադարձ կապերն ու առնչությունները: Շեշտվել է նաեւ, որ վաղուց էին պահանջված ղարաբաղյան կողմի ինքնուրույնության դրսեւորումները: «Եվ եթե մինչեւ հիմա մենք մեր պասիվության համար լուրջ ապտակներ չենք ստացել, դա չի երաշխավորում, որ չենք ստանալու ընդհանրապես: Սրանք այն խնդիրներն են, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել եւ ավելի նախաձեռնող քաղաքականություն վարել»,- հավելել է մասնակիցներից մեկը:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ԲՐԱՅԶԱՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ՀԱՆՁՆԵՔ ՇՐՋԱՆՆԵՐԸ, ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ

 

Հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս նախագահների առաջին հանդիպումը: Մինչեւ հանդիպումը հայտարարվել է, որ այն ճանաչողական բնույթ կկրի, եւ միակ արդյունքը կարող է լինել բանակցությունները շարունակելու կամ չշարունակելու որոշումը: Ընտրվեց առաջին տարբերակը:

Այս ամենը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի լուրջ աշխատանքի ֆոնի վրա: Աշխատանքների արդյունքներն առավել քան նկատելի են: Ադրբեջանին փաստորեն հաջողվել է աշխարհում ձեւավորել ղարաբաղյան կարգավորման մի ընկալում, որը կտրականապես տարբերվում է մեր ընկալումներից: Հենց այդ ընկալումներից ելնելով են միջնորդները եզրահանգումներ անում եւ առաջարկներ ներկայացնում:

Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման օրը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան REGNUM  գործակալությանը տված հարցազրույցում շատ «համոզիչ» ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսլականը. «Իրավունքի տեսակետից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում: Սակայն անպես է ստացվել, որ այժմ այն գտնվում է այլ կողմի քաղաքական եւ ռազմական վերահսկողության տակ՝ ազգությամբ հայ անջատողականների: Կարեւոր է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, Ղարաբաղի կարգավիճակի բանաձեւը գտնեն: Եւ քանի որ տրամադրությունները փոխվում են, եւ մարդիկ փոխում են կարգավիճակի մասին իրենց ընկալումները, այդ հարցում շարժվելու տեղ կա: Մինչդեռ Հայաստանը մի բան է ասում, Ադրբեջանը՝ մի ուրիշ բան, մենք կարող ենք անել ամեն ինչ՝ տեղում նվազեցնելու պատերազմի վտանգը եւ բարելավելու մարդկանց կյանքը: Մենք կարող ենք հասնել նրան, որ Ղարաբաղի շուրջ 7 ադրբեջանական շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, եւ մենք կարողանանք ապահովել հայերի եւ ադրբեջանցիների համատեղ կյանքը: Հույս կա, որ համատեղ կեցությունը, աշխատանքը, առեւտուրը կնվազեցնեն կարգավիճակի հարցի սրությունը: Ես հույս ունեմ, որ մեր հայաստանյան ընկերները կզգան, որ տարածքների հանձնումից հետո պատերազմի վտանգը կտրուկ կնվազի»:

Նա փաստորեն ներկայացրել է առաջարկների այն փաթեթը, որի հիման վրա Սանկտ-Պետերբուրգում համաձայնվել են բանակցությունները շարունակել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Այն էլ վերապահումներով՝ ադրբեջանական կողմից: Մինչ հանդիպումը Բաքուն նույնիսկ հայտարարել է, որ գրավոր առաջարկ չի ստացել, իսկ բանավորի մեջ կարգավիճակի հարց չի քննարկվել:

Ինչպե՞ս ստացվեց, որ ամեն ինչ փոխվեց ոտից գլուխ: Ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն է թելադրում խաղի կանոնները՝ նույնիսկ միջնորդներին: Ինչպե՞ս ստացվեց, որ միայն հիմա է Հայաստանի արտգործնախարարն ասում, որ մեր քաղաքականությունը պետք  է նախաձեռնողական լինի:

Որքան էլ որ ուզենանք արդարանանք միջազգային խոշոր խաղացողների շահերով, հակառակ կողմի ուժեղացմամբ, այդուամենայնիվ պետք է խոստովանենք՝ արտաքին պասիվ քաղաքականություն ենք վարել, ավելին՝ ձեռքներիցս տվել ենք բոլոր նախաձեռնությունները, խաղաքարտերն ու առավելությունները:

Եւ թեկուզ Հայաստանի նախկին արտգործնախարարն ասում է, որ անցած 10 տարվա մեջ հաջողվել է հասնել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ակնհայտ  է այլ իրավիճակ՝ տարածքային ամբողջականությունը դառնում է գերիշխող սկզբունք:

Նախ՝ դա պայմանավորված է Կոսովոյի հետ կապված գործընթացներով: Կոսովոն ցույց տվեց, թե որքանով վտանգավոր կարող է լինել սահմանների վերաձեւումը: Եթե չլինեին ռազմական, դիվանագիտական, աշխարհաքաղաքական լծակները, միջազգային հանրությանը դժվար թե հաջողվեր Կոսովոն ճանաչել «անարյուն» ձեւով: Եւ երկրորդ՝ Կոսովոն Ադրբեջանի համար գերագույն զգուշացում էր, եւ Բաքուն ակտիվ անցավ կանխարգելիչ քայլերի:

«Իմ երկիրը սկսել է սեպարատիզմից, եւ դրանից հետո, երբ մենք հասել ենք անկախության, բազմաթիվ անջատողականներ դիմել են մեզ օգնության խնդրանքով: Մի դեպքում մենք սատարել ենք նրանց, մյուս դեպքում՝ ոչ: Միջազգային իրավունքի մեջ կա տարածքային ամբողջականության սկզբունք, եւ վերջին տարիներին այն զարգացել է: Միայն բացառիկ դեպքերում մենք կարող ենք խախտել այդ սկզբունքը: Կոսովոն նման բացառիկ դեպք է», - պարզաբանել է Մեթյու Բրայզան: 

Հունիսի 7-ի համարում բրիտանական «Guardian» թերթը նշել է, որ բացի հակամարտության գոտի լինելուց՝ Լեռնային Ղարաբաղը «ռազմականացված է եւ անվերահսկելի»: «Այդ տարածքը բազմաթիվ սպառնալիքների աղբյուր է դարձել՝ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ եվրոպական երկրների համար: Այդ կապակցությամբ Եվրամիությունը պետք է ցուցադրի նման սպառնալիքների չեզոքացման լուրջ պատրաստակամություն», - շարունակում է թերթը: Եւ թեկուզ կարող ենք ասել, որ հոդվածը գրվել է ադրբեջանական պատվերով, միեւնույն է՝ այն անպայման կնպաստի Ղարաբաղի բացասական իմիջի ձեւավորմանը:  

Ակնհայտ է նաեւ, որ Ադրբեջանի նախագահը մինչեւ աշնանը կայանալիք վերընտրությունը դժվար թե ակտիվ քայլեր ձեռնարկի կարգավորման գործընթացում: Այդ ժամանակահատվածը հայկական կողմը պարտավոր է օգտագործել ակտիվ քարոզչական եւ տեղեկատվական քաղաքականության համար: Եթե Հայաստանի արտգործնախարարի խոստացած նախաձեռնողականությունը դա է նշանակում՝ լավ է, իսկ եթե ոչ...

 

ՀԱՅ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները Ադրբեջանում զգույշ ուրախությամբ ընկալվեցին: Եւ քանի որ ադրբեջանական քարոզչական մեքենան բավականին ճկուն է, իսկույն մշակվեց «Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ պառակտման խորացման» մարտավարություն: Մարտավարությունն իրականացվում է բավականին պարզունակ եւ ոչ այնքան պրոֆեսիոնալ ձեւով, սակայն «միամիտ» ադրբեջանցիները հավատում են, որ դա էլ հաղթելու ձեւ է:

Նման մարտավարություն չէր մշակվի, եթե Հայաստանն առիթ չտար: Իսկ առիթներն, իրոք, շատ են: Վերջին զարգացումները՝ ընտրությունների հետ կապված, մի կողմ թողնենք, եւ «նեղ հայկական կրուգում» փորձենք դիտարկել հայ-հայկական պաշտոնական հարաբերությունները միայն:

Ղարաբաղյան հակամարտության գոտի այցելող փորձագետները, կողմերի դիրքորոշումներին ծանոթանալուց հետո, առաջին հերթին հարցնում են՝ հիմա ի՞նչ եք ուզում՝ անկախությո՞ւն, թե՞ միացում: Հայկական կողմի համար այդ հարցի պատասխանը, կարծես, պարզ է եւ ոչ կարեւոր, սակայն արտաքին աշխարհի համար այն շատ էական նշանակություն ունի: Անկախացման պարագայում աշխարհը մի մոտեցում է ցուցաբերում, մեկ երկրի մի մասի  վերամիավորմանը մյուսի հետ՝ մեկ այլ մոտեցում: Եւ դրանք երկու տարբեր ճանապարհներ են, որոնք նույնիսկ չեն հատվում:

Մեզանում այդ երկու երեւույթների հանդեպ մոտեցումն այնքան է լղոզված, որ մեկ-մեկ թվում է, որ տարբերությունը չի ընկալվում: Ճանապարհների «խառնումը» ընդգծվեց ԼՂՀ նախագահի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո: Մի քանի ամիս հետո Ղարաբաղի նախագահը Հայաստանի նախագահ ընտրվեց: Աշխարհի ընկալմամբ դա նույնքան անհասկանալի էր, որքան Ալիեւ-կրտսերի վարչապետ, այնուհետ նախագահ նշանակվելը:

Այդ ամենին հետեւեց Հայաստանի համաձայնությունը՝ բանակցություններում ներկայացնել նաեւ ղարաբաղյան կողմը: Դրա հետեւանքների մասին չենք խոսում՝ մինչ օրս ամբողջ հայությամբ փորձում ենք այդ հետեւանքները չեզոքացնել:

Նման լղոզված եւ անորոշ վերաբերմունքը շարունակվում է մինչ օրս: Նորերս Ստեփանակերտ է այցելել ՀՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որը զարմանալի հայտարարություններ է արել: Օրինակ, նա ասել է՝ «Մենք քիչ տեղեկատվություն են ստանում Արցախից, այդ բացը անհրաժեշտ է լրացնել տարբեր խողովակներով»: Նրա խոսքով՝ Ղարաբաղի ներքին հիմնախնդիրները պետք է կանոնավորապես ներկայացվեն, որպեսզի պաշտոնական Երեւանի կողմից լինի ժամանակին եւ անհրաժեշտ արձագանք: Ա.Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Արցախին, կհամակարգվի այդ աջակցությունը եւ պատշաճ վերահսկողություն կսահմանվի դրա իրականացման ընթացքում:

Չգիտենք՝ Ա. Բաղդասարյանի այցը եւ հայտարարությունները անձնակա՞ն նախաձեռնություն էին, թե՞ ուրիշի, սակայն վերոնշյալ արտահայտությունը բազմաթիվ հարցեր ծնեց: Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը պետք է «տեղեկատվություն» տրամադրի Հայաստանին: Ինչո՞ւ մեկ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսում է մյուս երկրի խնդիրներին ժամանակին արձագանքելու մասին: Ինչո՞ւ դրա մասին այդքան վստահաբար հայտարարում է հենց Արթուր Բաղդասարյանը: Արդյո՞ք նա լիազորված էր որեւէ մեկի կողմից:

Նույն օրը Ստեփանակերտում էին գտնվում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ Դավիթ Լոքյանն ու Աղվան Վարդանյանը: Հակառակ իրենց երկրի Անվտանգության խորհրդի նախագահի՝ նրանք հայտարարել են, որ եկել են ուսումնասիրելու, թե ինչով իրենց կուսակցությունը կարող է աջակցել անկախ Արցախի կայացմանն ու զարգացմանը:

Երեւի ժամանակն է վերոնշյալ երկու ճանապարհներից ընտրել մեկը եւ խփել նույն մեխին: Թե չէ՝ աջ ձեռքը չգիտի, ինչ է անում ձախը: Հետո դժգոհում ենք, որ դիվանագիտական ճակատում պարտվում ենք: 

 

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋ ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹԻ ՈՒ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՃՂՎԱԾ ՍՎԻՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Վրաստանում գտնվելուս օրերը համընկան հետընտրական իրադարձությունների հետ: Ի տարբերություն այլ օրերի՝ Թբիլիսիի հրապարակներում այս անգամ ամեն ինչ խաղաղ էր, եւ ցույցեր տեղի չէին ունենում: Վրացիները միաձայն փաստում էին, որ գոհ են անցկացված ընտրություններից, ինչն ապշելու չափ զարմանալի էր ինձ համար, քանի որ հայաստանյան  հեռուստաեթերները պարբերաբար հակառակն էին պնդում՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կեղծվել են եւ այլն:

Դա էր պատճառը, որ մասնագիտությամբ լրագրող ընկերներիցս մեկն ինձ բարեւելուց հետո անմիջապես սկսեց նախատել Հայաստանի լրագրողներին՝ վրացական ընտրությունները ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար. «Մեր ընտրությունները, կարծես, լավ առիթ էին, որպեսզի ձեր հայրենակից լրագրողները ապացուցեին, որ իրենք սուր աչք եւ քննադատելու ընդունակություն ունեն: Բա թող այդ ունակություններն օգտագործեին Հայաստանի  ընտրությունների ժամանակ: Բայց չեն անի երբեք, Ռուսաստանին եւ տեղական իշխանություններին չէին գոհացնի դրանով»: Այս կարծիքը, չզարմանաք, հայտնեց վրաստանյան լրագրող Էդիտա Բադասյանը:

Որքան էլ որ վրացիները դժգոհեն եւ բամբասեն Սահակաշվիլուց, միեւնույն ժամանակ չեն զլանում շեշտել, որ «Միշան բաց է աշխատում եւ երկիրը ոտքի է կանգնեցրել»: Տաքսու վարորդներից մեկն էլ այդ ամենին հավելեց, որ խելառ ու գիժ է Սահակաշվիլին: Իմ «ինչո՞ւ» հարցին նա այսպես պատասխանեց. «Կեսգիշերին փակվում են բոլոր փողոցները, նա տնից դուրս է գալիս, գնում ռեստորան՝ հաց ուտելու: Ասա՝ պրեզիդենտ մարդ ես, քնիր, էլի, ստամոքսիդ ձեռը կրակն ես ընկել ու քեզ գցել փողոցները»: Ահա այսպիսի հետաքրքիր դիտարկում արեց թիֆլիսահայ տաքսիստներից մեկը: Ու պատմում էր այնպես, կարծես թե խոսքն, օրինակ, իր հարեւանի տղայի մասին է:

Վրացիների՝ հպարտանալու եւս մի կարեւոր թեման երկրի առաջին տիկին Սանդրա Ռուլովսի մասնագիտությունն ու աշխատավայրն է: Պարզվում է, որ Սանդրան աշխատում է Թբիլիսի քաղաքի միջին կարգի հիվանդանոցներից մեկում՝ որպես բուժքույր: Ասում են նաեւ, որ առաջին տիկինն աշխատանքի է հաճախում առանց թիկնապահների: Իսկ նրա տված վերջին հարցազրույցներից մեկում այն հարցին, թե արդյոք չի ցանկանում ուսումը շարունակել եւ բժշկուհու մասնագիտություն ձեռք բերել, առաջին տիկինն ասել է, որ չի պատրաստվում շարունակել ուսումը, քանի որ նրան դուր է գալիս մարդկանց խնամել:

Սենսացիոն հարցազրույցներից մեկն էլ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեինն էր: Նախկին նախագահը հեռուստաէկրանին էր հայտնվել ճղված սվիտերով եւ սկսել բողոքել, որ պետական թոշակն իրեն չի հերիքում, եւ որ ինքն ստիպված ինչ-որ մասնավոր դասախոսություններ է կարդում ուսանողների համար: Որքան էլ խղճահարություն առաջացներ այս հաղորդումը օտարների մոտ, վրացիներն, այնուամենայնիվ, զվարճանքով են քննարկում այն, ենթադրելով, որ Շեվարդնաձեն հերթական անգամ  դերասանություն է անում հանրության առաջ:

 

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՋՈՂՎԵՑ «ԾԼԿԵԼ» ՊԱՆԿԻՍԻԻՑ

 

Թբիլիսի քաղաքից ընդամենը 200 կմ հեռավորության վրա գտնվող Դուիսի գյուղում կինը պարտավոր է կրել երկար շրջազգեստ եւ գլխաշոր: Այնտեղ գործող վահաբիստների մզկիթ մտնելու համար պետք է փակված լինեն մարմնի այն մասերը, որոնք Աստված հրամայել է /պարզվում է, որ Աստված չի հրամայել փակել միայն ձեռքի մատներն ու դեմքը/:

Մեքենայից դուրս գալուց առաջ ես եւս հետեւեցի «Աստծո հրամանին»՝ կարգի բերելով նախկին «անբարո տեսքս»: Բայց մզկիթի մոտ կանգնած չեչեն վահաբիստներին տեսքս չգոհացրեց եւ ինձ չթողեցին մտնել մզկիթ՝ նախ մեղադրելով ինձ, որ մուսուլման չեմ:

Երբ ետ մտա մեքենան, որպեսզի «վերանայեմ» տեսքս, մեքենայում մեր խմբին ուղեկցող, ազգությամբ չեչեն աղջիկը վախեցած ձայնով ինձ խնդրեց, որ այլեւս դուրս չգամ մեքենայից.

"շ րսպՊՌսՈ Տ փպՎ Ռ ՍՈՍ ՏվՌ ՐՈջչՏՉՈՐՌՉՈþՑ ր ՑՏոՏռ. ԿվՌ ÿՉվՏ ւՏՑÿՑ Ցպոÿ տՏւՌՑՌՑՖ. նՑՏ ց վՈր տՐՌվÿՑՏ, ֆՑՌՎ ՏվՌ ՊՏՍՈՋցՑ րՉՏþ սþոՏՉՖ Ս ըՏչց. ըՏսՖՔպ վպ ՉօւՏՊՌ Ռջ ՎՈՔՌվօ, ՏտՈրվՏ!''.

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Հարավկովկասյան լրագրողների ցանց» ծրագրի հերթական այցելությունը Պանկիսի կիրճն էր, որը մինչեւ վերջերս հայտնի էր որպես տեռորիստական գործողությունների կենտրոնակայաններից մեկը, որտեղ բնակվող չեչեն ահաբեկիչները զբաղվում էին թմրադեղերի, մարդկանց առք ու վաճառքով, թալանով, մարդասպանությամբ:

Պանկիսիի բնակիչները քիստիներ են, որոնք  վայնախյան ժողովուրդների մի հատված են եւ չեչեններից տարբերվում են  միայն բարբառային նրբերանգով:

Կախեթի տարածաշրջանի ղեկավարի նախկին տեղակալ, պատմաբան Զաուր Գումաշվիլիի խոսքերով՝ քիստիները այստեղ սկսել են բնակվել 19-րդ դարի կեսերից: Մինչեւ այսօր քիստիները շարունակում են պահպանել իրենց ավանդույթները. համայնքի բոլոր հարցերը որոշում է ավագների խորհուրդը, կայացնելով նույնիսկ դատավճիռ՝ անկախ երկրի դատական համակարգից:

Այսօր  վրացական իշխանությունները վստահեցնում են, որ իրենց  հաջողվել է Պանկիսի կիրճը մաքրազերծել ավազակախմբերից՝ տեղաշրջանը բերելով իրավական դաշտ: Այնուամենայնիվ, նույնիսկ այսօր Պանկիսին ասոցացվում է սպանության, վախի, թալանի, կողոպուտի, բռնաբարության հետ:

Չնայած այն բանին, որ այսօր ամբողջ աշխարհը եւ հատկապես Ռուսաստանը հետապնդում են վահաբիստներին, Վրաստանը, սակայն, հանդուրժողաբար է վերաբերվում նրանց:

Մեզ սպասարկող վարորդը՝ Վրաստանի հայազգի քաղաքացի Նորիկը, ատում է Դուիսիի բնակիչներին: Պատմում է, որ 1999 թվականին հենց այդ գյուղում մի ավազակախումբ իր վրա մահափորձ էր կատարել. «Ուղեւոր էի հասցրել Դուիսի: Կեսգիշերին տեղ հասանք: Պասաժիրին թողեցի տանը ու դեռ գյուղից դուրս չեկած՝ մի խումբ մարդիկ կանգնեցրին մեքենաս: Կարծում էին՝ նարկոտիկ առնելու եմ եկել: Եղած-չեղածս վերցրին ու սկսեցին ինձ ծեծել: Պիստալետը բերանս մտցրին՝ որ սպանեն: Ու կսպանեին, եթե էն մարդը, ում որ բերել էի գյուղ հասցրել, չիմանար եւ չգար ինձ փրկելու: Հնարավոր ա, որ ա¯յ էն մարդը եղած լինի էն ավազակը: Ատում եմ սրանց»:

Այդ դեպքից հետո Նորիկը, իր պատմելով, շաքարախտով է հիվանդացել:

Վահաբիստական մզկիթի իմամ, 25-ամյա Ամուրի Խանջուշվիլին ասում է, որ օրը 5 անգամ մզկիթ է հաճախում առնվազն 20 մարդ, իսկ ուրբաթ օրերին՝ մոտ 300 հոգի (ուրբաթ օրվա աղոթքը վահաբիստների մոտ համարվում է ամենակարեւոր աղոթքը): Իմամը խոստովանում է, որ մզկիթը, բացի հոգեւոր տուն լինելուց, խառնվում է նաեւ միջհամայնքային կոնֆլիկտներին եւ շահագրգռված է կողմերի միջեւ համաձայնություն հաստատել:

Դե, քանի որ այս հոդվածը առաջին դեմքից է գրվում, ուրեմն հեղինակի հետ ամեն ինչ նորմալ է: Ինչպես հեքիաթներում է լինում՝ ինձ հետ էլ Պանկիսիում ամեն ինչ, բարեբախտաբար, լավ ավարտվեց:

 

Լուսինե  ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ - Երեւան - Թբիլիսի -Պանկիսի - Թբիլիսի -Երեւան - Ստեփանակերտ

 

Վրաստանը մշակութային ժառանգության յուրացման հարցում գնում է Ադրբեջանի հետքերով

 

  Վրաստանի կառավարությունը, կարծես, լրջորեն ձեռնամուխ է եղել օտար մշակութային ժառանգության յուրացմանը: Չհասցրեց մարել Թբիլիսիի Սբ. Նորաշեն եկեղեցու «վրացիացման» հետ կապված պատմությունը, իսկ Թբիլիսին արդեն որոշել է յուրացնել Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին: Վրաստանը միջոցներ է որոնում Թուրքիայի արեւելքում գտնվող պատմական վանական համալիրի վերականգնման համար: Այդ մասին հայտարարել է Էրզրում նահանգի պաշտոնական ներկայացուցիչը, որի տարածքում է գտնվում Օշկվանք վանական համալիրը՝ Չամլիյամանչ տեղանքում: Այն կառուցվել է 963-973թթ. եւ նվիրված է Սբ.Հովհաննես Մկրտիչին:

Այն ընդգրկում է եկեղեցին, սեղանատունը եւ մատենագրության վայրը: Եկեղեցին տարածաշրջանի ամենամեծ խաչաձեւ գմբեթավոր եկեղեցին է, որն իր նշանակությունը պահպանել է մինչեւ 15-րդ դարի վերջը: 1985թ. Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում:

Միխաիլ Սահակաշվիլու կառավարության տրամաբանությունը միանգամայն պարզ է՝ Թբիլիսիում դեռեւս ապրում են հայեր, Էրզրումում՝ արդեն ոչ, մեծ աղմուկ ոչ ոք չի բարձրացնի: Առավել եւս, որ զարդաքանդակներից մեկի վրա հին վրացերենով արված արձանագրություն կա: Մի շարք պատմաբանների կարծիքով, Արեւմտյան Հայաստանի տարածքում նշված շրջանում վրացական եկեղեցիներ չեն եղել, իսկ Օշկվանք վանական համալիրը պատկանել է հայ-քաղկեդոնացիներին: Այնուամենայնիվ՝ հայերին, ոչ թե վրացիներին, ինչպես դա փորձում է ներկայացնել պաշտոնական Թբիլիսին: Իսկ Թուրքիան շահագրգռված է այս կամ այն եկեղեցու պատկանելության փոփոխման հարցում, հատկապես, եթե դա վերաբերում է հայկական եկեղեցիներին:

PanARMENIAN.Net

 

Լուրեր

 

ԽՈՍՈՒՄ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ: ՆԱԵՎ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՒՄ...

 

Հունիսի 11-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:

Արցախի հեռուստատեսության 20-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրվել են.

 

     «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝

 

Վարդգես Բորիսի Բաղրյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վաստակավոր ժուռնալիստ, Եղիշեի անվան

 մրցանակի դափնեկիր

 

Գրիգորի Սերգեյի Սողոմոնյանը                     Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի

 հեռուստառադիոկոմիտեի առաջին

 նախագահ  (հետմահու)

 

 

«Վաչագան Բարեպաշտ» մեդալով՝

 

Նարինե Էդուարդի Աղաբալյանը

հեռուստալրագրող, Լեռնային Ղարաբաղում

Հայաստանի հանրային

հեռուստատեսության

 «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակից

 

Բենիկ Ավանեսի Ղարախանյանը

ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության

 գլխավոր օպերատոր

 

 

 

 «Երախտագիտություն» մեդալով՝

 

Մելորա Սերգեյի Բաղդասարյանը

հեռուստալրագրող (հետմահու)

 

Գարիկ Ասծատուրի Խաչատրյանը              հեռուստառադիոլրագրող (հետմահու)

 

Գրիգորի Թաթոսի Խաչատրյանը                 Հայաստանի Հանրապետության հեռուստա-

 ընկերության գործադիր տնօրենի

խորհրդական

 (հետմահու)

 

                Սերգեյ Սերգեյի Համբարձումյանը                        հեռուստաօպերատոր (հետմահու)

 

                Մուշեղ Սերյոժայի Պապիկյանը

Հայաստանի Հանրապետության հեռուստա-

 ընկերության ինժեներ-մասնագետ

(հետմահու)

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով` մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառներում ցուցաբերած մասնագիտական բարձր վարպետության, ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը նպաստելու համար եւ Արցախի հեռուստատեսության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչում է շնորհվել Նորեկ Ալբերտի Գասպարյանին եւ Մարսել Հայկազի Պետրոսյանին:

 

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

«Դեմո»-ի խմբագրակազմն ի սրտե շնորհավորում է Արցախի հեռուստատեսության 20-ամյակն ու մաղթում ստեղծագործական խիզախություն ու վերելք: Առանձնակի շնորհավորանքներ մեր պարգեւատրված գործընկերներին ու սրտահովություն՝ հետմահու պարգեւատրվածների հարազատներին ու բարեկամներին:

 

«ԴԵՄՈ»

 

ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ

 

Օրերս «Արդշինինվեստբանկը» մասնաճյուղ է բացել Շուշի քաղաքում, որը հանրապետությունում թվով 5-րդն է՝ Ստեփանակերտից, Ասկերանից, Մարտունուց եւ Հադրութից հետո:

 

Հուլիսի 1-ից Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարների չափը կբարձրանա՝ 10 հազար դրամից դառնալով 20 հազար:

 

2008թ. հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար բերքահավաքի ենթակա տարածքներում հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով հունիսի 10-ից գործում են շարժական ճամբարներ, որտեղ կսահմանվի շուրջօրյա հերթապահություն, իսկ հացահատիկ մթերող կազմակերպությունները բերքահավաքի ընթացքում կկազմակերպեն բերքի շուրջօրյա անխափան ընդունում:

 

Հունիսի 6-ին «Ազատ Արցախ» թերթի խմբագիր է նշանակվել Լեոնիդ Մարտիրոսյանը, ով վերջին տարիներին աշխատել է ԼՂՀ արտգործնախարարությունում՝ որպես տեղեկատվական-վերլուծական վարչության պետ եւ նախարարության աշխատակազմի ղեկավար, իսկ  2007թ.-ին նշանակվել է ԼՂՀ նախագահի օգնական:

 

ԱրՊՀ-ում 2008թ. հունիսի 5-ին գրավոր քննության տեսքով տեղի ունեցավ դատավորների հավակնորդների մասնագիտական կարողությունների ու իրավաբանական գիտելիքների կիրարկման ունակությունների աստիճանի ստուգում, որին մասնակցած 21 հավակնորդներից դրական (21 և բարձր) միավորներ են ստացել Կարեն Սմբատի Սաղյանը, Հրայր Արտեմի Աբրահամյանը, Հովհաննես Վալերիի Գրիգորյանը, Արզիկ Մառլենի Հարությունյանը, Անատոլի Վլադիմիրի Թադեւոսյանը, Մարատ Գարիի Ավանեսյանը, Գայանե Էռնեստի Սեյրանյանը, Նորայր Վարդգեսի Գրիգորյանը,  Ռաֆիկ Երվանդի Ավանեսյանը, Հասմիկ Պարֆիոնի Խաչատրյանը եւ Կարեն Հենրիկի Մարդանյանը:

 

 

Համահայկական

 

Մեր թերթի նախորդ համարում հրապարակել էինք արցախյան ազատամարտի մասնակից, ազատամարտիկ-բուժակ Աղավնի Սահակյանի բաց նամակը արցախցիներին՝ հայաստանյան դեպքերի մասին արցախցիների վերաբերմունքի թեմայով: Նամակը լայն արձագանք է գտել, այն քննարկվում է ամենատարբեր շրջանակներում, մարդիկ հայտնում են զանազան կարծիքներ: Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում առաջին արձագանքներից մեկը:

 

«Դեմո»

 

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԷԻՆՔ ԼՌՈՒՄ...

 

Հարգելի Աղավնի:

Չեմ կարող չարձագանքել Ձեր նամակին, այն մասին, թե ինչպես «երկու ղարաբաղցի» ահաբեկում են ողջ ժողովրդին: Չեմ պատկերացնում, թե ինչպես է դա հնարավոր, եւ մի՞թե՝ ողջ ժողովրդին: Ես գիտեմ այն մարդկանց, ում մասին գրում եք Ձեր նամակում, գիտեմ նաեւ, թե ինչպես նրանք կարձագանքեին այն վիրավորանքներին, որ իրենց հասցեին ընդունել են այդ «երկու ղարաբաղցիները»: Գիտեմ հաստատ՝ վիրավորողները ողջ չէին մնա:

Աղավնի ջան, մենք չենք հանդիպել մարտի դաշտում, բայց ես Ձեզ իմ մարտական ընկերն եմ համարում եւ հարցնում եմ եղբայրաբար՝ ո՞վ է մեզ թույլ տվել Երեւանի փողոցներում, ասֆալտի վրա, խայտառակել զինվորական համազգեստը, ինչո՞ւ մեր համազգեստը կամ վետերանի վկայականը պիտի ընկալվի որպես արտոնություն եւ ոչ թե պատասխանատվություն, կամ ինչո՞ւ գիշերային ջարդարարները պիտի «ազգային հերոսներ» համարվեն: Մի՞թե հենց սա չէ Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին հասցված վիրավորանքը:

Թանկագին Աղավնի, չեմ կարծում, որ այն տղաները, ում մասին հոգում եք այդպես մայրաբար, բոլորի հետ ուս-ուսի մարտի էին գնում, դեռ չեմ խոսում նրանց մասին, ովքեր գլխավորում էին այդ շարժումը:

Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ ենք մենք՝ ղարաբաղցիներս, լռում:

Չլռե՞նք:

Պատճառը նույնն է, որ Ձեզ ստիպել է լռել այն պահին, երբ Ազատության հրապարակում Ղարաբաղի ժողովրդի հասցեին սպառնալիքներ էին հնչում:

Իսկ ի՞նչ է մնում մեզ. դեմ դուրս գա՞նք Դավթի աստղի տակ ցույցի ելած մեր հայրենակիցների դեմ: Ավելի լավ չէ՞ խնայենք մեր ուժերը հասունացող պատերազմների համար: Դրանք, ի դեպ, ինքներս ենք մոտեցնում՝ ցույցեր անելով այն հրապարակում, որտեղից սկսել ենք մեր սրբազան գործը: Մեզ մոտ ասում են. «Եթե քարերից մեկն ամուր է, մյուսը պետք է փափուկ լինի»: Այդպես էլ մենք: Լռում ենք:

Ես գիտեմ մեր այսօրվա հիվանդությունը՝ օտարացումն ու թշնամությունը բուժելու դեղատոմսը: Մենք չպետք է բաժան-բաժան լինենք՝ մանրախնդրությունից ու շահախնդրությունից դրդված: Դրանք կկորցնեն իրենց իմաստը, եթե թշնամին օգտագործի ասֆալտային հեղափոխության առաջնորդների ծառայությունները: Իհարկե, խոսքս չի վերաբերվում նրանց, ովքեր իսկապես մասնակցել են ազատամարտին եւ ազնիվ ու հայրենասեր մարդիկ են: Պետք է միավորվել համընդհանուր վտանգի շուրջ՝ հանուն մեր ընդհանուր հայրենիքի եւ մեր ընկած հերոսների հիշատակի:

Իսկ ինչ վերաբերվում է Ժիրոյին, ապա ես նրան գիտեմ որպես լավ մարտական հրամանատարի, բայց չգիտեմ նրան որպես քաղաքացու: Հոգով ցավում եմ նրա համար եւ հուսով եմ, ամեն ինչ արդարացի լուծում կստանա:

Վարդգես ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

 

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Պարոն նախագահ:

«Դեմո» թերթում կարդացի Շուշիի առանձնակի գումարտակի եւ 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դիմում-նամակը՝ իրեն ԼՂՀ-ում քաղաքացիության տալու մասին:

Ես 50 տարի մանկավարժական աշխատանքից հետո թոշակի անցած 75 տարեկան մարդ եմ, չկարողացա նամակը մինչեւ վերջ առանց արցունքի կարդալ: Ժիրայրը ընտանիքով է եկել մեզ մոտ, եղել է հրամանատար, մեր տարած հաղթանակում ինքն էլ ունի բաժին, չի ուզում հայրենիքից հեռանալ, փաստորեն աղերսում է Ձեզ` Արցախի քաղաքացու իրավունք տալու համար:

Հարգելի նախագահ, եթե Ժիրայրին քաղաքական ապաստան չտրվի, եթե այդ ընտանիքը այսպես կոչված դադարգյուն վիճակում հայտնվի, իմ խիղճը մինչեւ մահ ինձ հանգիստ չի տալու: Մեր հային Ձեզանից բացի էլ ո՞վ կարող է փրկել:

Հուսով եմ, որ իմ եւ իմ բազմաթիվ արցախցի հայրենակիցների խնդրանքը կկատարեք: Հաստատ համոզված եմ, որ դա բարի գործ է:

 

Ձեզ միշտ հարգող՝

Ժորա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Ժ. ՍԵՖԻԼՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

 

Հունիսի 9-ին, առավոտյան 9.40-ին, արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Հայ կամավորականների համախմբման» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նա դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման՝ իշխանությունը տապալելու կոչեր անելու եւ պատերազմի տարիներին ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի նվիրած զենքը կրելու համար: Սեֆիլյանը կրեց իր պատժաչափն ամբողջությամբ եւ որեւէ դիմում չգրեց այդ ընթացքում, բացառությամբ ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքի: Նրան դիմավորեցին հարազատները, ընկերները, լրագրողներ, որոնց ուղեկցությամբ Ժիրայր Սեֆիլյանը այցելեց Եռաբլուր՝ իր աջակցությունը հայտնելու հացադուլավորներին: Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Սեֆիլյանի պաշտպանության գործին, նշելով. «Ազատազրկման ժամկետի լրանալուց հետո վարչախումբը Ժիրայր Սեֆիլյանին պատրաստվում էր արտաքսել հայրենիքից, սակայն բողոքի հզոր ալիքը հնարավորություն չտվեց իրականացնել այդ անբարո եւ ակնհայտ անօրինական քայլը»:

«Առավոտ»

 

«Ազատություն» երիտասարդական ֆորում` ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի

 

2008 թ. հունիսի 7-ին Գրողների միության մեծ դահլիճում կայացավ «Ազատություն» երտասարդական ֆորումը, որը նվիրված էր Ժիրայր Սեֆիլյանին: Ֆորումը կազմակերպել էին

«ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնությունը և «Հույս» հկ-ն:

Ֆորումի նպատակն էր հանրությանը Ժիրայր Սեֆիլյան ազատամարտիկին, ազգային-հասարակական գործչին ու քաղբանտարկյալին համակողմանիորեն ներկայացնելը և նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու պահանջը երիտասարդության անունից բարձրաձայնելը:

Ֆորումին ներկա էին մի շարք կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ, երիտասարդական հ/կ-ների անդամներ, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանին աջակցող քաղաքացիներ:

Ֆորումի բացումը կատարեցին դերասան Երվանդ Մանարյանը և գրող Հրաչյա Մաթևոսյանը, որից հետո ելույթ ունեցան  ՀՀ ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը, Քաշաթաղի վերաբնակիչ, քաղաքագետ, պատմաբան Ալեքսանդր Քանանյանը, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քարտուղար, տնտեսագետ Արմեն Աղայանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստ Արսեն Խառատյանը և այլոք:

bhima.blogspot.com

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է

(Հատված՝ երիտասարդական ֆորումում ունեցած ելույթից)

 

...Վստահ եմ, որ դուք բոլորդ էլ ծանոթ եք մարդու իրավունքներին` կյանքի, գույքի և այլ իրավունքներին: Մարդու իրավունքների մասին այդ հիմնարար նորմերը միջազգային իրավական փաստաթղթերից սկսած, վերջացրած մեր Սահմանադրությամբ, ամրագրված են ամենուրեք: Իսկ մարդու իրավունքները տեսականորեն որտե՞ղ կարող են ամբողջ ծավալով պաշտպանվել: Իհարկե` Հայրենիքում, այնտեղ, որտեղ մարդն ապրում է իր նմանների մեջ, հարազատ պատմամշակութային և լեզվական միջավայրում, իրեն հարմար բնակլիմայական և աշխարհագրական պայմաններում: Ի՞նչ է Հայրենիքը. մի տարածք, որտեղ մարդու իրավունքները հարգվում են ինքնաբերաբար, այլ ոչ թե պետության պարտադրանքով, որովհետև մարդը հավասար է մյուսներին, նման նրանց, չի տարբերվում, չի էլ ուզում տարբերվել մյուսներից: Հայրենիքը չեն ընտրում, ինչքան էլ որ մեզ համոզեն նորօրյա ունիվերսալ գաղափարախոսությունների քարոզիչները, այն յուրաքանչյուր մարդու տրվում է ի վերուստ և մեկ անգամ, փոխել այն անհնարին է, ինչպես անհնարին է փոխել ծնողներին:

Ասվածի հիման վրա կարող ենք ձևակերպել հետևյալ հիմնարար իրավունքը. «Յուրաքանչյուր մարդ ունի Հայրենիք ունենալու իրավունք»:

Մեզ` հայերիս, համար այդ նորմը պետք է հնչի այսպես. «Հայաստանի Հանրապետությունը հայերի հայրենիքն է»: Վերը նշվածից հետևում է, որ ՀՀ Սահմանադրության քաղաքացիության մասին հոդվածում պետք է ամրագրվի հետևյալ միտքը. «Ազգությամբ հայերը ունեն ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք»: Իսկ Նախագահի մասին հոդվածում պետք է գրվի. «ՀՀ Նախագահը ապահովում է  հայերի ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը»:

 Հիմա անդրադառնանք մեր դաժան իրականությանը: ՀՀ գործող Սահմանադրությունը պատշաճ լուծում չի տվել այս կարևորագույն խնդրին: Ստացվել է մի հիմար վիճակ, երբ իր երկրի սահմաններից դուրս երկու անգամ ավելի քանակով Սփյուռք ունեցող պետությունը կարող է քաղաքացիություն շնորհել ինչ-որ Բալեպ Բա Նդումբուկի, կամ Աբդուռահման Բերդիահմեդովի, ովքեր ավելի մեծ հաջողությամբ, քան հայերը «խայտառակում են մեր ռեսպուբլիկան» սպորտի ասպարեզում, իսկ Ժիրայր Սեֆիլյանին և ուրիշ հայերի այդ նույն քաղաքացիությունը շնորհելը մերժվում է:

Մեր անելիքները այս ոլորտում. պետք է ամրագրել մեր հասարակական գիտակցության մեջ այն միտքը, որ ՀՀ քաղաքացիությունը հայերի համար ոչ թե Նախագահի կամ պետության, կամ էլ ինչ որ այլ պաշտոնյայի կողմից տրվող շնորհ է, այլ հայերի բնական և անօտարելի իրավունք: Իրավունք, որը որևէ պարագայում ենթակա չէ որևէ սահմանափակման, որը պետք է ամբողջ ծավալով ապահովվի մեր պետական մարմինների` առաջին հերթին նախագահի կողմից:

Ես առաջարկում եմ ձեզ, հարգելի երիտասարդներ, ընդհանրացնել Ժիրայրի քաղաքացիություն ստանալու պահանջը: Պահանջելով Ժիրայրի համար ՀՀ քաղաքացիություն, պահանջեք նաև ամրագրել բոլոր հայերի իրավունքը՝ ստանալու այդ քաղաքացիությունը: Դրանով գործնականում դուք նպաստած կլինեք ներազգային միասնության ամրապնդմանը և ավելի հիմնավոր կդարձնեք Ժիրայրին քաղաքացիություն տալու պահանջը: Թող որ Ժիրայրին քաղաքացիություն տալու պահանջը դառնա գործող Նախագահի համար փորձաքար: Թող որ գործող Նախագահը Ժիրայրին քաղաքացիություն տալ-չտալով գործնականում ցույց տա իր վերաբերմունքը Հայրենիք-Սփյուռք միասնության կարգախոսին, որի մասին ճոռոմաբանում են բոլոր չալարողները:

Եվս մի նկատառում: Քաղաքացիություն ստանալու հետ կապված միշտ նշվում է Ժիրայրի անցած մարտական ուղին: Կարծում եմ, որ դրանով չափազանց բարձր նշաձող ենք սահմանում ՀՀ քաղաքացիության  համար, որին ՀՀ ներկա քաղաքացիների 99 տոկոսը չեն համապատասխանի: Այնինչ, Ժիրայրի հայ լինելը լիուլի բավարար է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանի որ, կրկնում եմ,   ՀՀ քաղաքացիությունը հայերի բնական և անօտարելի իրավունքն է:

Տիգրան ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

 

ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ  ՀԵՂԱՓՈԽՈԻԹՅՈՒՆ

 

Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ

 

Այն, որ կապիտալիզմի մանկության շրջանն ինքնին ենթադրում է սոցիալական աղետ, կարելի է համոզվել, քննելով, թե ինչպես է հաստատվել այդ տնտեսակարգը Եվրոպայում: Կապիտալիզմի առաջացմանը նախորդել է իսպանական ինկվիզիցիայից մազապուրծ ավելի քան 300000 հրեաների տարագրվելը հյուսիս և արևելք, նրանց զգալի մասի հանգրվանումը Անգլիայում: Ներգաղթած հրեաները, համաձայն Հին Կտակարանի, ունեին տոհմային Աստված, որը միակ ճշմարիտ աստվածն էր համարվում, ամենահզորը, ամենատեսը, այն միայն և միայն հրեաների Աստվածն էր, իսկ մյուս բոլոր ժողովուրդների աստվածները սոսկ կուռքեր էին: Ամենահզոր այդ Աստծո ցեղակից հրեաներն իրենց համարում էին Աստծո կողմից ընտրյալ մարդիկ, որոնց համար հավերժորեն կանխորոշված էր այս աշխարհում մյուս ժողովուրդներին իշխելու և այն աշխարհում հոգու փրկության իրավունքը: Յուրաքանչյուր հավատացյալ հրեա աներկբայորեն իրեն երևակայում էր որպես Աստծո որդի, նույնիսկ եթե նա կյանքում ամենավերջին անհաջողակն էր:

Մյուս կողմից, ի հակադրություն քրիստոնեության, հրեաների հավատքը խրախուսում էր հաջողության հասնելը, հարստություն կուտակելը, քանի որ հաջողության մեջ էր բացահայտվում Տիրոջ կողմից օրհնված լինելը: Բայց հաջողության հասնելն ուներ որոշակի սահմանափակումներ՝ հավատքն արգելում էր հարստություն կուտակել հավատակիցների՝ «եղբայրների» հաշվին, արգելում էր, օրինակ, յուրայիններին տոկոսով փող տալ, նրանցից շահույթ կորզել: Իսկ այլոց հանդեպ վարվեցողությունը որևէ սահմանափակումների չէր ենթարկվում: Եվ հանգամանքների բերումով այլ էթնոսի մեջ հայտնվելով, հրեաները փաստորեն ստացան գործելու, հարստություն կուտակելու և այդ կերպ Աստծո կողմից իրենց ընտրյալությունն այլոց ապացուցելու ոչնչով չսահմանափակված հնարավորություն:

Հրեաների գաղթից շատ չանցած, կրոնական դաժան դիմակայություններից հետո, Անգլիա տարագրվեցին և այնտեղ փրկություն գտան զգալի թվով հուգենոտներ /ֆրանսիական կալվինիստներ/՝ վաճառականներ, բանկիրներ, արհեստանոցների տերեր, ինչպես նաև իսպանական իշխանությունների հետապնդումներից փախած և կաթոլիկությունը ֆանատիկորեն ատող, կալվինիստական ուղղության նիդեռլանդացի մեծահարուստ բողոքականներ: Հետաքրքրականն այն էր, ինչը և ունեցավ աշխարհի համար ճակատագրական նշանակություն, որ կալվինիստները ևս գտնում էին, որ մարդկանց նվազ քանակությունն է միայն հանդիսանում Աստծո արիստոկրատիա՝ դեռ աշխարհի ստեղծումից առաջ կանխորոշված երկրի վրա իշխանության և այլաշխարհյա հավերժական կյանքի համար, իսկ մարդկանց գերակշիռ մասը պարզապես աղբ է՝ դատապարտված տանջանքների, հավերժական մահվան, անեծքի՝ անկախ  այն բանից, բարի գործ են անում նրանք, թե չար:

Հավերժական հոգուց զրկվածները կալվինիստի համար միայն արտաքնապես մարդուն նման, մերօրյա ռոբոտ-էակներ էին, որոնց հետ Աստծո կողմից ընտրված մարդիկ կարող են և պարտավոր են վարվել որպես անասունի, իսկ եթե Աստծո կողմից արհամարհվածները բողոքեն իրենց բաժին ընկած ճակատագրից, նրանք կնմանվեն այն անասունին, որը դժգոհում է, որ չի ծնվել որպես մարդ: Համայն մարդկության փրկությանը ծառայող քրիստոնեությունը նեղ կաստայական ուսմունքի վերածած կալվինիստները գտնում էին, որ, այո, Քրիստոսը բարի է, բայց... ոչ բոլորի հանդեպ: «Չկա և չի կարող լինել ոչ բարեսրտություն, ոչ ներում Աստծո կողմից արհամարհված մարդակերպ անասունների համար, եթե անգամ նրանք ճշմարիտ հավատացյալներ են», «Քրիստոսը մեռավ միայն ընտրյալների փրկության համար, և միայն նրանց մեղքերն Աստված որոշեց հավերժ քավել Քրիստոսի մահով», «Ոչինչ չի կարող օգնել հավերժական հոգուց զրկված էակներին, ոչ ամենաբարձր բարեպաշտությունը, ոչ անձնական արժանիքներն ու քաջագործությունները, ինչպես նաև ոչ մի չարագործություն չի կարող անվանարկել ընտրյալին և խոչընդոտել նրա փրկությանը»,- սրանք էին կալվինիստների հիմնական թեզերը:

Կրոնական երկու ուսմունքների թեզերի այսպիսի նմանությունը պատճառ դարձավ, որ ներգաղթած հրեաները ընդունեն բողոքականություն, քանի որ այս կերպ նրանք ստանում էին գործելու և հարստանալու անսահման ազատություն:

Հրեաների համար որևէ խնդիր չկար պարզելու, թե իրենցից ո՞վ է ընտրյալ Աստծո կողմից և ո՞վ՝ ոչ, քանի որ իրենք բոլորն էլ Աստծո զավակ էին և, ինքնըստինքյան, ընտրյալ: Իսկ ահա բողոքական կալվինիստի առջև ծանրագույն խնդիր էր կանգնած՝ ինչպե՞ս պարզել Աստծո կողմից իր ընտրյալ լինելը: Կար մի ելք միայն. զգալ իրեն Աստծո «գործիք»: Համաձայն կալվինիստական դոկտրինների, այդ զգացողության հայտանիշը հաջողությունն էր, երկրային ցանկացած հաջողություն, բարի գործունեության, թե չար՝ կարևոր չէր, քանզի Աստված ինքն էլ հանուն բարու կարող էր չարիք գործել և Սատանան նույնպես հանդիսանում էր Աստծո «գործիք»: Այնպես որ, սեփական գործողություններում կարելի էր ընդօրինակել անգամ Սատանային, միայն թե այդ գործողություններին հաջորդեր Աստծո կողմից ընտրված լինելը հաստատող հաջողությունը:

Որոշակիորեն հրեականության ազդեցության տակ ընկած կալվինիստի համար հետզհետե որպես հաջողություն սկսեց ընկալվել շատ փող ունենալը, հարստությունը:

Կապիտալիզմի սկզբնավորման փուլը համընկավ ասպետականության շրջանի հետ, և այդ ժամանակվա բողոքականն իր էությամբ ասկետ էր, ու սկզբնական շրջանում մեծ փողերը նրան անհրաժեշտ էին ոչ թե բնական պահանջմունքները բավարարելու, այլ թե' իրեն, թե' այլոց ապացուցելու համար, որ ինքը հաջողություններ ունի, հետևաբար՝ չի պատկանում մարդակերպ անասունների դասին: Եվ սպասելի էր, որ հոգեբանական նման պայմանների առկայությունը հարստանալու կիրքը հետզհետե պիտի դարձներ անսանձ, և մարդը չպիտի բավարարվեր ունեցվածքի որևիցե չափանիշով:

Այս ձգտումների հիման վրա Անգլիայում ստեղծվեց ժամանակի և միջոցների խստագույն խնայության մասին գիտություն, ուր սահմանված էին առավել հաջող կուտակման կանոնները: «Եթե Աստված ձեզ ցույց է տալիս ուղին, որին հետևելով կկուտակեք ավելին, քան որևէ այլ ճանապարհով, և դուք մերժում եք այն ու նախընտրում նվազ եկամուտ բերող ճանապարհը, ապա դրանով հրաժարվում եք ընդունել Աստծո պարգևը: Ոչ թե հանուն պախարակելի հաճույքների, այլ հանուն Աստծո պիտի ջանաք հարստանալ: Աղքատ լինելու ցանկությունը հավասարազոր է հիվանդ լինելու ցանկությանը և արժանի է դատապարտման»,- ահա այն ժամանակվա գլխավոր կարգախոսներից մեկը:

Դարաշրջանին բնորոշ ասկետությունն աստիճանաբար մարեց, և կուտակած հարստության չափով սկսեց որոշվել նաև Աստծո կողմից ընտրյալության աստիճանը: Որքան շատ փող ուներ մարդը, այնքան մեծ էր Աստծո կողմից ընտրված լինելու վստահությունը: Կուտակած հարստությունը դարձավ մուտքի յուրահատուկ տոմս ոչ միայն երկրային, այլև, որ ավելի կարևոր է՝ անդրշիրիմյան հավերժական դրախտի համար: Եվ մարդուն գնահատելու չափանիշ դարձավ նրա կուտակած դրամի չափը: Այսօր էլ որևէ մարդու գնահատելու համար ամերիկացիները միմյանց հարցնում են. «Իսկ որքա՞ն արժե նա»:

Այսպիսով, անգլիական հասարակության մեջ հետզհետե ձևավորվեց ընչաքաղցության մոլուցքով համակված մի խավ: Այդպիսի խավ, ճիշտ և ճիշտ նման հակումներով, կայացել էր Եվրոպայի որոշ երկրներում ևս, սակայն այդ երկրներում «անգլիական» դաժանություն, այսօրվա տերմիններով արտահայտած՝ ցեղասպանություն, չարձանագրվեց և կապիտալիզմի ծաղկումն էլ, ի տարբերություն անգլիականի, շռնդալից չէր ամենևին:

Կապիտալիզմի շեշտակի զարգացման համար այդ խավի առկայությունը դեռ բավարար չէր, նաև անհրաժեշտ էր, որ այդ խավն իր գործողություններում բացարձակապես զերծ լիներ ազգ, հայրենիք և նման կարգի քնարական-զգայական սահմանափակումներից: Իսկ Անգլիայում, ի դժբախտություն անգլիացիների, կալվինիստները հիմնականում եկվորներ էին... Դա «նոր մարդու» մուտքն էր պատմություն, որն աշխարհին բերեց տնտեսական աննախադեպ առաջընթաց, բայց և պատճառ դարձավ սոցիալական բազում աղետների և միլիոնավոր մարդկանց ոչնչացման:

 

 «ՆՈՐ ՄԱՐԴԸ»

ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՀԸ

 

«Նոր մարդը» եկվորների՝ երկրի հետ արմատներով չկապված, գոյություն ունեցող հասարակական ավանդական հարաբերություններին անմասնակից, զգայական կապերով չսահմանափակված, հարստանալը կյանքի նպատակ դարձրած և այդ նպատակին հասնելու համար դիակների վրայով անցնելուն պատրաստ մարդկանց հավաքականությունն էր, որի համար խիղճ և բարոյականություն արտահայտությունները առավել քան ծիծաղահարույց էին, տեղացիների բարքերը խորթ էին և «հիմար», շրջակա միջավայրը գեղագիտական ոչ մի արժեք չէր ներկայացնում, ամեն ինչին նայում էին սոսկ անձնական շահի տեսանկյունից. անտառ տեսնելով ոչ թե հիանում էին բնության գեղեցկությամբ, այլ հաշվարկում, թե որքան փող կարելի է աշխատել՝ կտրտելով այն, ջրվեժն ընկալում էին միայն որպես էներգիայի աղբյուր, իրենց բնակավայրի եկեղեցու զանգը նույնն էր, ինչ որ մյուս վայրերինը, իսկ դրանցից նրանց հոգեհարազատը նոր ներկվածն էր միայն:

«Նոր մարդկանց» այս խավը, որն այնքան էլ փոքրաթիվ չէր, հանդես եկավ որպես ոչնչով չսահմանափակված մասնավոր սեփականատիրության, ձեռնարկչատիրության և ապրանքային հարաբերությունների ջատագով: Ագրարային ֆեոդալական Անգլիայում քաղաքական կշիռ ունեին միայն հողատերերը, և երկիր ներթափանցած «նոր մարդը» փութաջանորեն սկսեց հող գնել, ձեռք գցել այն հաջող ամուսնությամբ, այլապես նա ջենտլմեն կոչվելու իրավունք չէր ունենա: Նոր հավատքին հավատարմագրված գավառների ազնվականությունն արագորեն մոռացավ պետության հանդեպ ունեցած իր պարտականությունները և ինքն իրեն մասնավոր սեփականատիրական իրավունք շնորհեց այն հողերի նկատմամբ, որոնք մինչ այդ հատկացված էին սոսկ ֆեոդալական իրավունքով: Հին ֆեոդալական կալվածքներն այդպիսով վերածվեցին օտարման ենթակա ապրանքի և դարձան համեղ պատառ փողատեր «նոր մարդկանց» համար: Ձևավորվեց «նոր ազնվականություն», որը դաժան պայքարի մեջ մտավ հին արիստոկրատիայի դեմ, ջանալով վերացնել մարդկանց ըստ տոհմային ծագումի դասակարգման սկզբունքը: Շեշտը սկզբում դրվում էր «աբստրակտ»՝ տոհմային, համայնքային, ազգակցական կապերով չկաշկանդված և ապրանքադրամային հարաբերություններով ապրող մարդու մասնավոր նախաձեռնությունների ազատության վրա, պատճառ բերելով հին հայրենիքում հալածված «նոր մարդու» իրավազուրկ լինելը նոր հայրենիքում: Աստվածընտրյալության գաղափարը հենց այստեղ էր անհրաժեշտ:

Մարդու ազատությունից և իրավունքներից ճամարտակող «նոր ազնվականությունը» աստիճանաբար թափանցեց նաև խորհրդարան, իշխանությունից հեռացրեց պահպանողական հին արիստոկրատիային և ստացավ հողերի, այս անգամ արդեն՝ պետական, բռնատիրության անսահման հնարավորություն: Ոչ ոք և ոչինչ խանգարող չկար այլևս նրանց ճանապարհին, և «Նրանք օծեցին մի նոր դարաշրջան՝ պետական ունեցվածքի մինչ այդ գոյություն ունեցած չափավոր թալանը հասցնելով ահռելի չափերի: Պետական հողերը հատկացվում էին որպես նվիրատվություն, վաճառվում էին չնչին գներով կամ էլ բռնատիրությամբ պարզապես միացվում սեփական հողատարածքներին» (Մարքս, «Կապիտալ»):

Հարստության մոլուցքով համակված թալանչիների հաջորդ քայլը եղավ ձեռք բերված հողերն այնտեղ ապրող մարդկանցից մաքրելը, որն իրականացվեց դաժանագույն մեթոդներով: Կարճ ժամանակահատվածում բնիկ անգլիացի գյուղացիությունը, որ «ճանաչվել» էր որպես Աստծո կողմից արհամարհված մարդկային աղբ, կամ ոչնչացվեց ֆիզիկապես, կամ ունեզրկվելով՝ բռնությամբ քշվեց քաղաքները՝ «նոր մարդկանց» ֆաբրիկաներում վաճառելու իր աշխատուժը:

«Նոր մարդու» նյութապաշտությունից փրկվել չկարողացավ անգամ եկեղեցին. փակվեցին մենաստանները, վանքապատկան հողերն անարգել անցան փողատերերին, իսկ սրանք էլ շտապեցին վռնդել այդ հողերը վարձակալությամբ մշակող ֆերմերներին և եկեղեցու բարեգործությամբ գոյություն քարշ տվող հազարավոր աղքատներին: Երբեմնի ավանդապահ Անգլիան մատնվեց սոցիալական ահռելի աղետի:

 

ԱՎԱՆԴՈՒՅԹՆ ԸՆԴԴԵՄ

«ՆՈՐ ՄԱՐԴՈՒ»

 

Կապիտալիզմի կայացումը եվրոպական մյուս երկրներում ուղեկցվեց նվազ ցնցումներով, քանի որ այդ երկրներում նույն աստվածընտրյալությամբ համակված կալվինիստները հիմնականում տեղացի էին, և գոյություն ունեցող ազգակցական, հասարակական «հին» հարաբերությունները որոշակիորեն կաշկանդում էին դաժանության դրսևորումները: Բայց բավական էր նույն այդ կալվինիստը հայտնվեր գաղութացված երկրներում՝ լիակատար ազատություն էր տալիս իրեն. ԱՄՆ-ում հնդկացիները զանգվածաբար ոչնչացվեցին, քանի որ Աստծո կողմից ընտրյալները սպանված աբորիգենի գլխի համար պարգև էին սահմանել, ինչպես սահմանել էին նաև գայլի գլխի համար:

Այն երկրներում, ուր ավանդույթներն ու օրենքները բավականին խորն էին արմատացած, ունեցվածքի կապիտալիստական վերաբաժանումը նվազ աղետների հանգեցրեց, քանի որ «նոր մարդու» գործողությունները կաշկանդումների էին ենթարկվում, իսկ ահա խիստ ավանդապահ սևհարյուրյակային, ինքնամեկուսացված Ճապոնիան, ուր ներհամայնքային կապերն անհամեմատ ամուր էին, գրված և չգրված օրենքները՝ անսասան, բացարձակապես խուսափեց սոցիալական աղետ ծնող համատարած թալանից:

(շարունակելի)

 

 

 

 

Հասարակություն

 

ՄԻ ՓՈՒՆՋ ԿԱՆԱՉԻ

Հորս սրտի փուշը դեռ մնում է

 

Մայիս ամսում լրացավ իմ հոր 86-ամյակը: Հավաքվել էինք նրա տանը: Հայրս սիրում է երկար զրուցել դեսից-դենից: Սկսում է պատմել Հայրենական պատերազմի տարիներից, գոհանում է Աստծուց ամեն ինչի համար, այս խաղաղության համար, ասում է՝ էլ պատերազմ չտեսնենք:

Հորս հետ քայլում եմ Ստեփանակերտի փողոցներով, նորակառույց շենքերի մոտով: Նայելով ծառերի տերեւների ու խոտերի մուգ կանաչ գույնին, որը միայն մայիս ամսում է լինում, հայրս ասաց՝ «Փոխվում է ամեն ինչ, մարդիկ ծերանում են, փողոցները ասֆալտապատվում են, շենքերի տեսքը փոխվում է, բայց չի փոխվում Արցախի բնության մուգ կանաչ գույնը, որը  մագնիսի պես ձգում ու կարոտ է առաջացնում, հայրենի տուն վերադառնալու նպատակ է դնում մարդու սրտում»: Հայրս նայում է փոխված փողոցներին, շենքերին, պուրակներին, կանաչին ու այնպես է հիանում, կարծես այդ բոլոր փոփոխությունները իր համար լինեն:

Հայրս խնամքով մի թուղթ է պահում իր գրպանում, որն ամեն զրույցից հետո հանում է ու կարդում.

- Սա 1993 թվին ինձ տված շնորհակալական թուղթն է, որով շնորհակալություն են հայտնում իմ արած բարեգործության համար: Իմ չորս ամսվա աշխատավարձը՝ թոշակիս հետ միասին, տվել եմ զոհվածների ընտանիքների համար ստեղծված ֆոնդին:

Ասում եմ՝ «Հայր ջան, բա ինչո՞ւ չես հիշում 1994 թվականը, երբ մորս մահից դեռ վեց ամիս չանցած՝ Հեքիմյան փողոցի վրա գտնվող քո հինգ սենյականոց բնակարանը, որը երկար տարիներ սպասելուց հետո ուսուցիչների հերթով էիր ստացել, բռնի ուժով քեզնից վերցրին ու տվին զոհվածի ընտանիքի, պատճառաբանելով, որ տղադ Ռուսաստանում է ապրում, ռուսի հետ է ամուսնացած: Զարմացա՞ր, չէի՞ր հավատում, որ քեզ՝ Հայրենական պատերազմի մասնակցիդ, քո տնից կհանեն: Երկու տարի իմ տանը մնալուց հետո, բողոքելուց հետո մեկ սենյականոց բնակարան տվին քեզ: Ավելի լավ չէ՞ր այդ քո տված փողով քո բնակարանդ սեփականաշնորհեիր,