31 հունվարի 2008 թ. 01 (87)


ԲԱՌԻ ԳԻՇԵՐ
 

Բառն էլ է կենդանի օրգանիզմ, բառն էլ բնավորություն ունի, որ գլուխը կախ ու հեզուխոնարհ դրսեւորում է: Բառի բնավորության առավելությունը կամ նրա իմաստի անաղարտության գրավականն այն է, որ նա համեստ է, որ նա խոսող մունջ է: Մարդն է իր բնավորությունն ու իմաստը արտահայտում բառով, «ւ այդժամ բառը հենց մարդուն է բնորոշում, իրեն օգտագործողին: Այս առումով բառը «հանգիստ» է, ինքը չէ, որ դրսեւորվում է, այլ իրենով դրսեւորվում են: Եւ բառը դառնում է լակմուսաթուղթ ու գնահատական:

Բայց կա մի վտանգ, որ սպառնում է նաեւ բառին, հնչած ու տպված բառին: Շատ, անիմաստ շատ հնչող բառերն ամենեւին էլ անհետ չեն կորչում, ինչպես բնության մեջ ոչինչ անհետ չի կորչում «ւ, կուտակվելով, մի տեղով դուրս է գալիս: Ուրիշ բան որ չլինի՝ մեգով պատում են երկինքը, մեր մտքի ու հոգու երկինքը ծածկվում է բառախուղով, որը մեր տեսած մառախուղից ավելի ճնշող է: Ու գալիս է բառի գիշերը: Գալիս է բառիմաստի գիշերը:

Մեր նորանկախ երկրում երբեք այնքան շատ չի օգտագործվել «ժողովրդավարություն» բառը, որքան վերջին 7-8 տարում, այս առումով երեւի նույնիսկ յուրօրինակ ռեկորդ ենք սահմանել՝ բնակչության մեկ շնչի հաշվով, կամ մեկ հեկտարի վրա աճեցված բառամթերքով: Սրա միակ դրական կողմն այն է, որ մթնոլորտում այդ գաղափարն է թեւածում, ինչը այս կամ այն չափով պարտավորեցնում է, բայց ամենամեծ վնասն էլ այն է, որ իրական ժողովրդավարություն այդպես էլ չտեսած ժողովուրդն արդեն հասցնում է հոգնել «ժողովրդավարությունից» «ւ ակամա սկսում մտորել «ուժեղ ձեռքի» մասին: Սա էլ հենց բառախուղի բերած պղտորությունն է:

Ասում են՝ լռելը հատկապես դժվար է լինում այն ժամանակ, երբ բան չկա ասելու: Իմա՝ երբ արվածը քիչ է: Իսկ երբ արվածը շատ է լինում՝ բառերը հանգստանում են կամ հայտնվում են իրենց իսկական տեղում: Երբ խոսում են գործերը՝ բառերը լռում են: Բառերը լռում են, ու շրջակայքում ամեն ինչ սկսում է խոսել՝ տունը, ծառերը, քարերը, աստղերը: Ու մարդ լսում է այդ ամենն իր մաշկով, իր մորթի վրա է զգում: Ու ցրվում է բառախուղը:
Ու գալիս է բառի լույսը:
Ուրեմն՝ ԲԱՌԻ ԼՈՒՅՍ նոր տարում:

 

լրահոս 

Քաշաթաղի զարգացման ծրագիրը կքննարկվի միջազգային կոնֆերանսում 

Մարտի 28-ին տեղի կունենա Քաշաթաղին նվիրված միջազգային կոնֆերանս: Այդ մասին հայտնել է վարչապետ Արա Հարությունյանը կառավարության նիստում: Ա. Հարությունյանի խոսքերով, կոնֆերանսին կմասնակցեն բարեգործական եւ մարդասիրական ֆոնդերի ներկայացուցիչներ: Ներկայումս կառավարությունը Քաշաթաղի վարչակազմի հետ համատեղ մշակում է Քաշաթաղի վերականգնման ծրագիր, որը կներկայացվի կոնֆերանսի մասնակիցներին: Վարչապետը մեծ ներդրումներ եւ բարեգործություններ է ակնկալում շրջանի համար:

 1.5 միլիարդ դրամ Ժամկետանց վարկ 

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ժամկետանց վարկերի մարման խնդրի շուրջ: Նախնական տվյալներով՝ ԼՂՀ քաղաքացիներն անցած տարիներին պետությունից ստացել եւ չեն վերադարձրել ընդհանուր առմամբ 1.5 մլրդ դրամի վարկ:

Ա.Հարությունյանը հիշեցրեց, որ ժամկետանց վարկերի մարման հարցով վերջերս ԼՂՀ նախագահը ստեղծել է հանձնաժողով՝ վարչապետի գլխավորությամբ, եւ իրավասու մարմինների հրատապ գործն է՝ ժամանակին հանգուցալուծել այդ խնդիրը: Նա խորհրդակցության մասնակիցներին հանձնարարեց 10-օրյա ժամկետում լիովին ճշտել պարտքերի վերածված վարկերի ամբողջական պատկերը, առանձնացնել խոշոր վարկառուների ցուցակը: Նախատեսվում է վերադարձման գործընթացն ավարտել մինչեւ 2009 թ. հունվարի 1-ը:

Խորհրդակցությունում վարչապետ Ա.Հարությունյանը ներկաների ուշադրությունը սեւեռեց մեկ այլ հրատապ հարցի՝ ժամկետանց վարձավճարների մարման անհրաժեշտության վրա: Նշվեց, որ վերջին տարիներին չմուծված վարձավճարների չափը հասել է 243 մլն դրամի: Նախնական քննարկմամբ՝ տույժերից կազատվեն այն պարտապանները, ովքեր պարտքերը կմարեն մինչեւ ս.թ. նոյեմբերի 1-ը: Վարձավճարներից, ամենայն հավանականությամբ, կազատվեն հրդեհված դաշտերի սեփականատերերը:

Միայնակ մայրերին տրվող նպաստի չափը չի փոխվել

Միայնակ մայրերին տրվող նպաստի չափը չի փոխվել: Նրանք նախկինի պես ամսական կստանան 5000 դրամ: Նույնչափ նպաստ է տրամադրվում նաեւ միայնակ մայրերի երեխաներին: ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ վերոնշյալ երկու նպաստների չափերը մնացել են նույնը:   Փոփոխության է ենթարկվել, օրինակ, մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաներին տրվող նպաստի չափը, որը նախկին 7000 դրամից դարձել է 8500 դրամ: Միակողմանի ծնողազուրկ երեխաները 5000-ի փոխարեն կստանան 10000 դրամ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները` 10000-ի փոխարեն` 20000: Ալիմենտ ստացող երեխաների նպաստը 4000-ից հասել է 5000 դրամի:  4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր երեխային կտրամադրվի 5500 դրամ` նախկին 4500-ի փոխարեն:  1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամների երեխաները նախկինում ստանում էին 4500 դրամ: Այս տարվանից 1-ին կարգի հաշմանդամների երեխաների նպաստը կկազմի 9000 դրամ, իսկ 2-րդ կարգի հաշմանդամների երեխաներինը` 5500 դրամ:  Մինչեւ 2 տարեկան երեխաներ խնամող բոլոր մայրերը հունվարի 1-ից կստանան 4500 դրամ, իսկ մինչեւ 1 տարեկան երեխաների սննդի ապահովման համար կտրամադրվի 6000 դրամ` նախկին 4500 դրամի փոխարեն:

 Ստեփանակերտում պահածոների գործարան կբացվի

 Ստեփանակերտում նախատեսվում է վերամշակող ձեռնարկություն բացել: Պայմանավորվածության համաձայն, այն լինելու է պահածոների գործարան, որը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա մայիսի 9-ին: Այս մասին Karabakh-Open.com-ին ասել է ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը:  Սա նշանակում է, որ Ղարաբաղում ինչ-որ չափով կլուծվի բանջարեղենի, մրգերի եւ հատապտուղների իրացման հարցը:  Փոխվարչապետի խոսքերով, գործարանի բացումը նախաձեռնում է երեւանաբնակ մի գործարար, որը նախատեսում է միայն գործարանում բացել 150-200 աշխատատեղ: Իսկ բիզնես-ծրագրով շուրջ 3 մլն դոլարի ներդրում պետք է կատարվի: Ա.Ծատուրյանի հավաստմամբ` պետությունը գործարարին կաջակցի միայն բանկից վերցված վարկի տոկոսադրույքի մի մասի մարման գործում:

Զինծառայողների համար Շուշիում տներ կկառուցվեն 

2007 թվականին ԼՂՀ Պաշտպանության բանակի միջոցներով զինծառայողների համար կառուցվել է 132 բնակարան: Այս տարի շինարարության համար նախատեսված ծախսերն աճել են 50 տոկոսով: Նախատեսված է կառուցել 174 բնակարան, որից 60-ը` Շուշիում:  Հարցին, թե ինչո՞ւ հենց Շուշիում, պաշտպանության նախարարը պատասխանել է, որ շինարարության տեմպը Շուշիում պետք է գերազանցի մնացած բնակավայրերին: Բացի այդ, Շուշիում տեղակայված է զորամաս, եւ այնտեղ ծառայողների ընտանիքները մինչեւ տարեվերջ ապահովված կլինեն բնակարանով: Նախարարը չի բացառել, որ Շուշի կտեղափոխվի եւս մեկ զինվորական ստորաբաժանում:

 Գներն աճում են 

Հանրապետությունում սպառողական գների ինդեքսը 2007 թվականի դեկտեմբերին 2006 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 108.2 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք «ւ ծխախոտ)` 114.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.2, ծառայությունների սակագներինը՝ 102.8 տոկոս: Կտրուկ աճ է արձանագրվել հետեւյալ ապրանքախմբերում. հացամթերք` 134.2 տոկոս, կենդանական «ւ բուսական յուղ` 155.3 տոկոս ու կրթության ծառայություններ` 113.2 տոկոս:   2007 թվականին 2006 թվականի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.4 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք «ւ ծխախոտ)` 105.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.2, ծառայությունների սակագներինը՝ 108.3 տոկոս: Սպառողական գների ինդեքսը 2007 թվականի դեկտեմբերին 2006 թվականի համեմատ կազմել է 110.4 տոկոս:

 Հիպոթեքային վարկավորման կարգը դեռ չի հաստատվել 

Հիպոթեքային վարկերի պետական աջակցության կարգը ներկայացված է կառավարության քննարկմանը: Այս մասին Karabakh-Open.com-ին հայտնել է Արցախի ներդրումային հիմնադրամի ղեկավար Կարեն Եսայանը, որը հավաստիացրեց, որ կարգի հաստատումից հետո կհրավիրեն լրագրողներին, որոնց միջոցով բնակչությանը կտեղեկացնեն վարկավորման անհրաժեշտ մանրամասներին:  Հիմնադրամի ղեկավարը միաժամանակ ավելացրեց, որ ֆինանսական ոչ մի խնդիր չունեն եւ պատրաստ են իրականացնելու այդ ծրագիրը:  Հիշեցնենք, որ հանրապետության քաղաքացիները բնակարան կամ առանձնատուն կառուցելու համար Ղարաբաղում գործող բանկերից հնարավորություն կունենան տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով հիպոթեքային վարկ վերցնել: ԼՂՀ ֆինանսների նախարար Ս.Թեւոսյանի խոսքերով, բնակարանաշինության համար հիպոթեքային վարկի տրամադրման դեպքում կառավարությունը կմարի այդ 6 տոկոսից բարձր տոկոսադրույքի տարբերությունը:

 Անցնում ենք կենսաթոշակների անհատական հաշվառման

 2007թ. դեկտեմբերի 25-ին ԼՂՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական հաշվառման ներդրման կարգը, ըստ որի, յուրաքանչյուր աշխատող քաղաքացու համար կբացվի անհատական հաշիվ:  Ոլորտում ներդրվող նոր համակարգի մասին փորձեցինք մանրամասներ ստանալ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության եւ կենսաթոշակային ապահովության վարչության պետ Վահրամ Առաքելյանից:  Նրա խոսքերով, վերոնշյալ կարգի համաձայն, յուրաքանչյուր աշխատող քաղաքացու համար նախատեսվում է սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում բացել անհատական հաշիվ, որտեղ պետք է արտացոլվեն նրա աշխատանքային ողջ գործունեության ընթացքում կատարած աշխատանքի, ապահովության վճարների, զբաղեցրած պաշտոնների համաձայն աշխատավարձի չափի մասին տվյալներ:   Ներկայումս քաղաքացու կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում նրա ապահովագրական ստաժի տարին եւ կառավարության կողմից սահմանված հիմնական կենսաթոշակի չափը: Ստացվում է, որ ամենաբարձր վարձատրվող պաշտոնում աշխատած եւ նորմալ կամ ամենացածր վարձատրվող քաղաքացիները, եթե նույնչափ աշխատանքային ստաժ ունեն, հավասար կենսաթոշակ են ստանում: Այսինքն՝ հաշվի չի առնվում, թե այդ համակարգում քաղաքացին իր աշխատելու ժամանակ ինչքան սոցվճար է կատարել:   Վահրամ Առաքելյանի հավաստիացմամբ` նոր համակարգի ներդրման դեպքում քաղաքացու կենսաթոշակը ուղղակիորեն կախված կլինի նրա կատարած սոցվճարներից: Սա նշանակում է, որ եթե գործատուն խուսափում է իր աշխատողների համար սոցվճար կատարելուց, կամ ցածր է ցույց տալիս աշխատավարձի չափը, ապա աշխատողը պետք է շահագրգռված լինի, որպեսզի իր ամբողջ աշխատավարձը արտացոլվի անհատական հաշվում:   

 

 Ղարաբաղում նշվելու է Շարժման 20-ամյակը 

   ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ղարաբաղյան շարժման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ստեղծվել է տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որի համանախագահներ են նշանակվել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ վարչապետ Արա Հարությունյանը: Հանձնաժողովը քննարկել է 15 կետից բաղկացած ծրագիր, որով նախատեսվում է միջոցառումներին զերծ մնալ շռայլությունից եւ դրանք դարձնել համաժողովրդական:  Համաձայն ծրագրի նախատեսվում է Շարժման ակտիվիստների մասնակցությամբ բաց դասեր կազմակերպել դպրոցներում, գիտաժողովներ եւ այլն:   Իսկ փետրվարի 20-ին մայրաքաղաքում կկայանա միտինգ` համարյա թե ինչպես 1988-ին: Ազատության հրապարակից ժողովուրդը երթով կշարժվի դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ ԼՂՀ նախագահը հանդես կգա շնորհավորական ուղերձով: Հետո Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակների տեղադրման արարողություն տեղի կունենա: Վերջում, Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ: Ավելի ուշ, ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է կազմակերպել միջազգային գիտաժողով` նվիրված Շարժման 20-ամյակին: Աշոտ Ղուլյանը հայտնել է, որ գալիք ամռանն այդ ծրագրի շրջանակներում կկազմակերպվի նաեւ համահայկական ֆորում: Ծրագրի ներկայացումից հետո հնչել են առաջարկներ` կապված Շարժման ակտիվիստների ցուցակի հետ /արխիվային նյութերի հավաքում, Շարժման մասին հատուկ գրքի հրատարակում եւ այլն…/, ինչն արժանացել է կազմակերպիչների հավանությանը:  Համաձայնության է արժանացել նաեւ ԼՂՀ ԱԳ նախարարի առաջարկը` ԼՂՀ ներկայացուցչություններում միջոցառումներ կազմակերպելու մասին:

 

հասարակություն

 

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ Է, ԵԹԵ ԱՅՆ ՉԻ ՖԵՏԻՇԱՑՎՈՒՄ

Վերջերս իմ լավ ծանոթներից մեկը խնդրեց մի թեմայի մասին գրել: Նրան առաջարկեցի անձամբ այդ մասին գրել, սակայն նա ի պատասխան ասաց. «Չեմ կարող, մի կերպ աշխատում եմ ու ընտանիքս պահում»: Եվ նման դեպքեր քիչ չեն Ղարաբաղում, երբ մարդիկ իրենց հարցերը եւ ասելիքը փորձում են տեղ հասցնել ուրիշների միջոցով: Հարց է ծագում՝ իսկ այդ մշտական համարձակները ընտանիք չունե՞ն, նրանց երեխաները ոչնչի կարիք չունե՞ն:

Նախագահական ընտրությունների շեմին ի հայտ եկած միասնականության գաղափարը ոչ միայն բացառեց այլակարծությունը, այլեւ որոշ մարդկանց հատկանիշներից վերացրեց համարձակություն կոչվածը: Բայց առանց այդ համարձակության նույնիսկ միեւնույն թիմում աշխատելն անօգուտ է: Որովհետեւ եթե համարձակություն չունենաս թիմակցիդ սխալներն ասելու, ապա թիմը կարող է այդ եւ գալիք աշխատանքներում լուրջ թերացումներ ունենալ: Դա ինչ-որ տեղ նման է մի աննախանձելի թիմի, որտեղ թելադրողը միայն թիմի ավագն է, իսկ թիմակիցները չեն համարձակվում քննարկել կամ առարկել, անկախ այն բանից՝ ցուցումները ճի՞շտ են, թե՞ սխալ:

Իսկ այն, որ Ղարաբաղում միասնականության գաղափարի կրողներն աստիճանաբար զրկվում են սեփական կարծիքն արտահայտելու համարձակությունից՝ արտահայտվում է տարբեր ոլորտներում: Ոմանք չեն համարձակվում ինչ-որ բան անել կամ ասել նրա համար, որ իրենց պաշտոն է տրվել, ոմանք էլ՝ ինչ-որ օգնության կամ աջակցության պատճառով, երրորդները՝ աշխատանքը կորցնելու վախից, չորրորդները գուցե նրանից, որ ժամանակին միացել են միասնականության «շքերթին»:

Ոմանք համարձակություն չեն ունենում իրենց ասած խոսքին տեր կանգնել, ավելին՝ փորձում են ուրիշների վրա բարդել ամեն ինչ: Իսկ ոմանք էլ, մի կերպ հաղթահարելով այդ «վարակը», փորձում են իրենց համարձակությունն արտահայտել ուրիշների միջոցով: Դե, այդքանից հետո էլ ո՞վ կհամարձակվի իր թիմակցի հանդեպ մի բան ասել: Այդ համարձակության եւ խոսքերի համար պատասխանատվության բացակայությունը շատ անգամ սկսում է վնասել հենց իրենց՝ թիմակիցներին, քանի որ սկսվում է մեղքը մեկը մյուսի վրա բարդելու գործընթացը, որը ոչ միայն վատ է անդրադառնալու բոլորի ու յուրաքանչյուրի վրա, այլեւ վերջ չի ունենալու:

Գո՞ւցե ժամանակն է, որ ամեն մեկն իր գործով զբաղվի, իրեն վերապահված պարտականություններով, եւ պատասխան տա իր արած-չարածի համար, այլապես այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոչ ոք երբեք պատասխանատվության չի ենթարկվում իր կատարած սխալի համար: Դա Ղարաբաղում արդեն «ավանդույթ» էր դարձել, հիմա էլ ավելի է խորանում. նոր իշխանությունները քննադատում են նախկինում կատարած աշխատանքները, սակայն այդ սխալների ու խախտումների համար ոչ մեկին պատասխանատվության չեն ենթարկում: Իսկ պատճառները ամենաքիչը երկուսն են՝ ոչ բարեխիղճ կատարողները կամ լավ թիկունք ունեն, կամ էլ ժամանակին միացել են միասնականության գաղափարին ու բավականին աջակցություն են ցուցաբերել դրա իրականացմանը:

Կարո՞ղ է, արդյոք, ներկայիս իշխանությունը արմատախիլ անել այդ գործելակերպը: Չգիտենք, բայց որ պարտավոր է՝ դա միանշանակ է, քանի որ արդյունքում ամեն դեպքում տուժում է ժողովուրդը, որը այս կամ այն պաշտոնյայի գործունեության սխալներն ու ձեռքբերումները իր կյանքի կամ սոցիալական վիճակի, իմա՝ իր մաշկի վրա է զգում:

Իսկ գործելակերպը փոխել հնարավոր կլինի, եթե այլակարծությունը «որպես դասակարգ» չվերանա: Միասնականության գաղափարն ինքնին վատ չէ, եթե, իհարկե, այն չի ֆետիշացվում:

 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

ՀԱՎՍԱՐ, ԶԳԱՍՏ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 

Դեռեւս նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակներից էին խոսում հասարակություն-իշխանություն անջրպետի վերացման, իշխանությունների նկատմամբ մարդկանց վստահության վերականգնման մասին: Սա, թերեւս, խոսում է այն մասին, որ նախկին իշխանություններն այս հարցում, մեղմ ասած, թերացել էին: Եվ, բնականաբար, մարդկանց հավատն ու վստահությունը վերականգնելու համար պետք է խնդիր դրվեր այդ առումով չնմանվել նախկին իշխանություններին եւ ավելի թափանցիկ սկսել աշխատել:  Հնչեցված հայտարարություններն, անշուշտ, համոզիչ էին, սակայն արդյունքներն այդքան գոհացուցիչ համարել չի կարելի: Դրանք նույնիսկ սկսեցին շատ ծանոթ թվալ. նախկինի պես մարդկանց ինչ-որ պաշտոններից ազատում են՝ հասարակությանը չբացատրելով ինչի համար, որ սխալի կամ ձեռքբերման պատճառով: Ու այդ կադրային տեղափոխությունները հասարակության համար դարձյալ այնքան հանելուկային են, որ նրանք մինչեւ հիմա չեն հասկանում, թե ինչ է կատարվում:

Ոմանք նույնիսկ կատակում են՝ տեղափոխություններն այնպիսի հաճախականությամբ են տեղի ունենում, որ մարդիկ հազիվ են հասցնում նոր պաշտոնյայի անուն-ազգանունը հիշել, երբ նրան տեղափոխում են մեկ այլ աշխատանքի: Օրերս իմ ծանոթներից մեկն իր զարմանքն այսպես արտահայտեց. «Ես ընտրությունների ժամանակ քվեարկել եմ նախագահ Բակո Սահակյանի օգտին, ու դրա համար չեմ ափսոսում: Հավանում եմ նրա ծրագրերը՝ ուղղված մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուն, բայց ահա կադրային քաղաքականությունն ինձ համար անհասկանալի է: Մինչեւ հիմա չեմ հասկանում՝ ում ինչի համար են տեղափոխում կամ ազատում աշխատանքից, կամ ինչ սկզբունքով»:

Իշխանությունների թափանցիկ աշխատելու անհրաժեշտության մասին ընտրություններից հետո էլ էին շատ խոսում նորանշանակ պաշտոնյաները: Ու նաեւ ամենաբարձր ատյաններից հայտարարվում էր, որ յուրաքանչյուր պաշտոնյա պարբերաբար մամուլի ասուլիսներ կհրավիրի եւ հասարակությանը տեղյակ կպահի կատարված եւ ընթացիկ աշխատանքների, ինչպես նաեւ հետագա ծրագրերի մասին:

Իսկ թե ո՞ր պաշտոնյաները կատարեցին այդ «հրամանը»՝ թաքցնելու բան չէ: Կառավարության ձեւավորումից արդեն մի քանի ամիս է անցել, սակայն շատ քչերն են մամուլի ասուլիս հրավիրել՝ հասարակության առաջ հաշվետու լինելու նպատակով: Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ լրագրողներին հրավիրել են վարչապետ Արա Հարությունյանը, սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանը, իսկ վերջերս էլ մամուլի ասուլիս է տվել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Ավանդական՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս չի հրավիրել երկրի նախագահը, ինչպես նաեւ նախարարների մեծ մասը: Բացառություն չի կազմում նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, որի պաշտոնավարումից էլ է արդեն 100 օր անցել: Հարկ է նշել, որ Արցախի հանրային հեռուստատեսության եթերում մի քիչ ավելի հաճախակի են սկսել հանդես գալ տարբեր պաշտոնյաներ:

Իսկ որոշ նախարարներ էլ իրենց պաշտոնավարման հաշվին արդեն մի քանի 100 օր են գրանցել, սակայն մինչեւ հիմա հասարակության առաջ հանդես գալու նախաձեռնություն չեն ցուցաբերել: Եվ դրանց շարքում նույնիսկ այն նախարարներն են, որոնց ղեկավարած ոլորտը Ղարաբաղի ժողովրդի համար թերեւս ամենակարեւորներից է: Խոսքը, մասնավորապես, արտաքին գործերի նախարարության մասին է, որի ղեկավարներից վերջին մամուլի ասուլիս հրավիրածը նախկին նախարար Արման Մելիքյանն էր, ինչից արդեն շուրջ 2 տարի է անցել: Իսկ այն, որ արտաքին քաղաքականության ամենակարեւոր եւ կենսական նշանակություն ունեցող մանրամասներին հասարակությունում շատերն են անտեղյակ՝ դա ակնհայտ է: Ավելին՝ նախարարությունում արդեն երկար ժամանակ է մամուլի քարտուղար չկա, եւ մի հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար լավագույն դեպքում ստիպված ես լինում ոլորտում մի քանի հոգու դիմել: Ի դեպ, մամուլի քարտուղար չունի նաեւ երկրի նախագահը:

Սեփական ժողովրդի առաջ բաց ու թափանցիկ աշխատելու եւ հասարակության կարծիքը հաշվի առնելու համար խիստ անհրաժեշտություն է յուրաքանչյուր գերատեսչությունում հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի առկայությունը: Իսկ Ղարաբաղում նման բաժինները կամ բացակայում են, կամ էլ պարզապես արդյունավետ չեն աշխատում, ինչի արդյունքում էլ մարդիկ իրենց հարցերը չգիտեն ում ներկայացնել, եւ ստիպված են լինում երկրի նախագահին ուղղել՝ անկախ հարցի բնույթից ու նշանակությունից:

Այս պայմաններում խոսել իշխանությունների հանդեպ մարդկանց վստահության եւ հավատի վերականգնման մասին՝ դեռ վաղ է: Իսկ գուցե դա իշխանություններին պետք էլ չի, այլապես կանեին հնարավորը՝ ժողովրդին իրենց գործունեության մասին տեղեկացնելու, ինչպես նաեւ ամեն մի օրենքում կատարված փոփոխություններին ծանոթացնելու համար: Ստացվում է, որ հաճախ օրենքին կամ դրանում կատարված փոփոխությանն անտեղյակ մարդը ինչ-որ խոչընդոտների է հանդիպում, էլ չեմ ասում, որ հաճախ ինչ-որ խախտումներ է նաեւ թույլ տալիս: Այնինչ օրենքներին ծանոթացնելու միջոցներից մեկն էլ Ազգային ժողովի կայքի ստեղծումն է, որի մասին արդեն շուրջ մեկ տասնյակ տարի է խոսում են ու ամեն անգամ էլ ասում, որ շուտով կլինի, սակայն առայսօր այդ կայքը չի հայտնվում համացանցում:

Կարծում եմ, ժամանակն է բանակային լեզվով ասած՝ հավսար, զգաստ, հավասարությունը դեպի հասարակություն «դիրքն ընդունելու», այլապես հայտարարությունները կմնան որպես հայտարարություններ:

 

կարգավորում

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ ԱՅՆ ԿԵՏԻՑ, ՈՐԻՆ ԿՀԱՍՆԵՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԹԱՅՄ-ԱՈՒՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 Հիմնական սկզբունքը` ուժի չկիրառում 

Հունվարի առաջին կեսին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության գոտի: Ըստ երեւույթին, նրանք այլեւս նման կազմով տարածաշրջան չեն գալու եւ հայաստանյան ներկայիս գործող ղեկավարության հետ չեն հանդիպելու: Ինչպես հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, փետրվարի 19-ից հետո կփոխվի ինչպես Հայաստանի ղեկավարության, այնպես էլ՝ համանախագահների կազմը: Համանախագահներն իրենց հերթին հայտարարել են, որ մինչեւ տարվա վերջ ղարաբաղյան կարգավորման մեջ ընդմիջում՝ թայմ-աուտ է հայտարարված, համենայնդեպս՝ մինչեւ աշնանն ավարտվեն նաեւ Ադրբեջանի նախագահի ընտրությունները:

Ո՞ր կետում է բանակցային գործընթացում թայմ-աուտ հայտարարվել: Ըստ երեւույթին՝ զրոյական կետում: Համենայնդեպս, համանախագահներին այդպես էլ չի հաջողվել որոշել, թե որ սկզբունքն է կարեւոր միջազգային իրավունքում՝ ազգերի ինքնորոշո՞ւմը, թե՞ տարածքային ամբողջականությունը:

«Եթե ամեն անգամ, երբ խոսվի ինքնորոշման մասին, մենք ճանաչենք այս կամ այն տարածքի անկախությունը, մենք կխախտենք Հելսինկյան ակտի մեկ այլ սկզբունք՝ տարածքային ամբողջականության սկզբունքը», - այս մասին հայտարարել է ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: «Մեր՝ միջնորդներիս դերը կայանում է հենց դրանում, որ ստեղծված իրավիճակից ելք գտնենք՝ միջազգային նորմերից ելնելով, մասնավորապես՝ ուժի չգործադրման մասին սկզբունքից», - հավելել է նա:

Ուժի չկիրառման սկզբունքը, ըստ երեւույթին, հիմնականն է դառնում կարգավորման մեջ: Հունվարի 18-ին Եվրախորհրդարանը ընդունել է «Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության ավելի արդյունավետ քաղաքականություն. խոստումներից դեպի գործողություններ» բանաձեւ-զեկույցը: Բանաձեւը, մասնավորապես հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը անհրաժեշտ է ԵՄ հարեւանության կայունության, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Եվրախորհրդարանը նշում է, որ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հակասությունը նպաստում է Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունների երկարաձգմանը եւ գտնում է, որ այդ հիմնահարցերը պետք է կարգավորվեն միայն խաղաղ բանակցությունների միջոցով:

Հելսինկյան ակտի երրորդ՝ ուժի չկիրառման սկզբունքի մասին հայտարարություններն ավելի են կոնկրետացել Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի հետ համանախագահների հանդիպումից հետո: Դիվանագետները փաստորեն խոստովանել են, որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները համադրելու ձեւ չկա, եւ հակասությունները զինված հակամարտության չվերածելու միակ միջոցը ուժի չկիրառման երրորդ սկզբունքն է: Հետեւաբար, համանախագահության ջանքերն ուղղված կլինեն հենց դրան, որ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում պատերազմ կրկին չբռնկվի: Հավանաբար, հենց այդ պատճառով համանախագահները, իրենց երկարատեւ գործունեության ընթացքում առաջին անգամ, շփման գծում մասնակցել են հեթական դիտարկմանը: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, պատասխանելով հարցին, թե ինչի հետ է դա կապված, պատասխանել է, որ վաղուց ցանկացել է մասնակցել դիտարկմանը: Ու հավելել է՝ «ինչպե՞ս կարող եմ լավ դիտորդ լինել, եթե շփման գծում չեմ եղել»:

Երբ պարզ դարձավ, որ միջազգային հանրությունը կզբաղվի ոչ թե խնդրի կարգավորմամբ, այլ զինադադարի պահպանմամբ, Ադրբեջանում նոր ուժով սկսեցին հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով: Ղարաբաղի հարցն արդեն «լուծած» նախագահ Ալիեւը հայտարարել է, որ հայերը Երեւանում հյուրեր են: Կրկին «ակտիվացվել» է ալբանացիների վարկածը, ինչպես նաեւ հայտարարվել, որ Ղարաբաղում տեղակայված են Քրդական աշխատավորական կուսակցության ռազմական հենակետեր: Այսինքն, տեղեկատվական եւ քարոզչական պատերազմը վերսկսվել է նոր թափով:

 Մադրիդյան սկզբունքները մի կողմ դրվեցին 

Թերեւս, կարելի է արձանագրել, որ «մադրիդյան» սկզբունքները, որոնց շուրջ, իբր, վերջին տարիներին ընթանում էին բանակցությունները, մի կողմ են դրվել: Համենայնդեպս, համանախագահների հետ հանդիպումից հետո, նախագահ Բակո Սահակյանը հստակ ասել է, որ այդ համաձայնագրի մի քանի կետեր չեն համապատասխանում Ղարաբաղի շահերին: Նույն հայտարարությամբ Երեւանում հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանը: Իսկ դա նշանակում է, որ ամբողջությամբ չի ընդունվում հայեցակարգը:

Չնայած լրագրողի հարցին, թե որ չհամաձայնեցված կետերի մասին է խոսքը, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը կոկետաբար պատասխանել է՝ «չեմ ասի», այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ հայկական կողմը, մասնավորապես՝ Ղարաբաղը, համաձայն չէ նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները հանձնելու, ադրբեջանցի բոլոր փախստականների վերադառնալու եւ հանրաքվե անցկացնելու հարցը անորոշ ժամանակով հետաձգելու գաղափարին:

Չէ՞ որ Արցախում ընդունվել է Սահմանադրություն, որտեղ հստակ գրված է, որ ԼՂՀ-ն պետություն է՝ իր ներկայիս փաստացի սահմաններով, որոնք ոչ մի առնչություն չունեն նախկին ԼՂԻՄ-ի հետ: Իսկ երկրի նախագահն էլ երկրի տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է: Հավանաբար, նախագահ Բակո Սահակյանը դրանից ելնելով է հայտնել իր դիրքորոշումը հիմնարար սկզբունքների վերաբերյալ, ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում Ղարաբաղի շահերին:

 Ղարաբաղը կմասնակցի

 Նախագահի եւս մի նշանակալից հայտարարություն կապված էր բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հետ: Այդպիսի մասնակցության անհրաժեշտության մասին խոսվում է վաղուց, բայց այս անգամ նախագահը խոսել է ոչ թե բանակցություններին Ղարաբաղին կցելու, այլ Հայաստանի ապագա դերի մասին: Նա նշել է, որ Հայաստանը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին, դրանով իսկ նշելով, որ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է: Ակնհայտ է, որ ԼՂՀ նախագահն այդ թեմայով զրույց է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, եւ եթե նախկինում Երեւանը չէր պնդում բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, հիմա, երեւի, փոխել է իր դիրքորոշումը:

 Թայմ-աուտը կավարտվի անսպասելի

 Մինչ Ղարաբաղի շուրջ բանակցողները թայմ-աուտ են վերցրել, աշխարհի մյուս եզրերում «անկախացման» գործընթացները ակտիվացել են:

Կոսովոյի անկախությունը ճանաչելու դեպքում այլ անջատողական տարածքներում «ւս նկրտումներ կլինեն, այդ թվում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Այդ մասին Ստրասբուրգում վրացական հեռուստաընկերությանը հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: «Ես չեմ բացառում չճանաչված հանրապետություններ Աբխազիային եւ Հարավային Օսիային Եվրախորհուրդ հրավիրելու հնարավորությունը, որպեսզի լսենք նրանց դիրքորոշումները հակամարտությունների կարգավորման նկատմամբ, քանի որ հակամարտությունների կարգավորման համար պետք է ցանկացած երկխոսություն օգտագործել»,- ընդգծել է Դեւիսը:

Փետրվարի 3-ին Սերբիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եւ հավանական է, որ իշխանության կգան ազգայնական ուժեր, որոնք մտադրություն ունեն սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ: Ավելին՝ օրերս Բելգրադն ու Մոսկվան համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի սերբական ամենախոշոր նավթային ընկերության արժեթղթերի պետական փաթեթը վաճառվելու է ռուսական «Գազպրոմ»-ին: Փոխարենը Սերբիայով կանցնի խոշոր «ռուսական» գազատարը: Եւ ամենակարեորը՝ ռուսները չեն թույլատրի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անկախանալու հնարավորությունն ընձեռի սերբական Կոսովոյին:

Սակայն Կոսովոն արդեն հայտարարել է, որ, անկախ սերբական ընտրությունների արդյունքներից, կհռչակի անկախություն, եւ Պրիշտինային այդ գործում կսատարեն ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը:

Այս համապատկերի վրա կարելի է ենթադրել, որ թայմ-աուտը ղարաբաղյան հարցում կարող է կարճ լինել: Կոսովյան իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում ղարաբաղյան բանակցությունները կարող են վերսկսվել: Եւ այս ժամանակահատվածը հայկական դիվանագիտության համար չպիտի սպասման շրջան լինի. բանակցությունները կվերսկսվեն այն կետից, որին կհասնեն երկու կողմերի դիվանագետները թայմ-աուտի ընթացքում: Հիմա շարունակվում են անդրկուլիսյան գործընթացները, եւ նույնիսկ պարզ չէ՝ կփոխվի՞ համանախագահների կազմը:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ 

 

ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Նկատի ունենալով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների «ւ մասնավորապես նախագահի թեկնածուների՝ ղարաբաղյան կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման նկատմամբ արցախյան հանրության բնական հետաքրքրությունը՝ արցախյան «Դեմո» հանրային երկշաբաթաթերթը դիմել էր բոլոր թեկնածուներին, խնդրելով պատասխանել երկու հարցի. ինչպիսի՞ն է նրանց դիրքորոշումը ղարաբաղյան հարցում «ւ ինչպիսի՞ն պիտի, ըստ նրանց, լինի արցախյան հանրության վերաբերմունքը Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նկատմամբ: 9 թեկնածուներից արձագանքել է միայն մեկը՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Առնվազն տարօրինակ է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը իրենց քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը դարձրած անխտիր բոլոր թեկնածուները հրաժարվել են Ղարաբաղի հանրության հետ առնչվելու նման հնարավորությունից: Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրո առարկայի կարեւորությունը, «Դեմո»-ն իր ընթերցողներին է ներկայացնում մի շարք թեկնածուների դիրքորոշումը՝ քաղած տարբեր աղբյուրներից:

«ԴԵՄՈ»

 ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ 

- Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումները անարդյունավետ են եղել ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս: Անիմաստ է ակնկալել որեւէ փոխընդունելի լուծում, երբ նույն սկզբունքը կողմերից մեկի համար կիրառելի է, իսկ մյուսի համար՝ ոչ: Եթե խոսվում է ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղաշարժվածների իրավունքների մասին, իսկ հայ փախստականների իրավունքները անտեսվում են, ապա ակնհայտ է, որ կիրառվում են երկակի չափանիշներ: Իմ դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հետեւյալն է՝ ազատագրված բոլոր տարածքները սեփականության իրավունքով պետք է տրվեն ադրբեջանահայ փախստականներին որպես Ադրբեջանում կրած նյութական ու բարոյական վնասների փոխհատուցում: Պետք է ճանաչվի նաեւ նրանց ԼՂՀ քաղաքացիությունը՝ երկքաղաքացիության սկզբունքով: Այդ տարածքները պետք է հռչակվեն ԼՂՀ անքակտելի մաս, որը չի կարող օտարվել «ւ ոչ մի պայմանով: ԼՂ հիմնախնդրի լուծումը կարող է գտնվել մարդու իրավունքների ճանաչման «ւ պաշտպանության շրջանակներում, ինչը կիրառելի է «ւ հայերի, «ւ ազերիների պարագայում:

- Այդ վերաբերմունքը պետք է հիմնավորված լինի համահայկական շահերի հստակ գիտակցման վրա: Մի բան պարզ է, որ 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներից է կախված լինելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքի «ւ ազատագրված տարածքների ճակատագիրը:

 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ 

ԵԱՀԿ համանախագահները Երեւանում հայտարարեցին, որ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մղվել ՀՀ իշխանությունների որոշմամբ, երբ 1998թ.-ին նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը եւ որոշեց ԼՂ-ն ինքը ներկայացնել բանակցություններում:

«Ա1+»-ը Սերժ Սարգսյանի խոսնակից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է լուրջ ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների անմիջական մասնակից: «Ես չեմ ցանկանում այս նախընտրական պրոցեսում անդրադառնալ ԼՂ հիմնախնդրին: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ապա մեր թեկնածուի նախընտրական ծրագրում հստակ նշված են այն բոլոր 3 կետերը, որի շուրջ մենք ունենք մեր հստակ դիրքորոշումները եւ չենք պատրաստվում փոխզիջման գնալ այդ երեք կետերում, մնացած հարցերը մենք պատրաստ ենք միջազգային եւ ադրբեջանցի մեր գործընկերների հետ քննարկել եւ գալ օբյեկտիվ որոշման»:

Փոխանցելով թեկնածու Սերժ Սարգսյանի դիրքորոշումը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Պետք է հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ՀՀ-ն ու ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման եւ պետք է ապահովվի Արցախի սահմանների եւ արցախահայության անվտանգության իրավունքը»: Իսկ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում ընդգրկե՞լ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ձեւաչափի փոփոխություն, թե ՀՀ նախագահ դառնալու դեպքում, նա էլ է Ռոբերտ Քոչարյանի պես որոշելու բանակցություններում ԼՂ-ն ինքը ներկայացնել հարցին՝ Շարմազանովը պատասխանեց. «Պարոն Սարգսյանը մշտապես բանակցային պրոցեսներին քաջատեղյակ է եղել: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու դեպքում հայամետ որոշումը ԼՂ հարցում գերակշռող կլինի: Սերժ Սարգսյանը կկանգնի իր ընկերների եւ ժողովրդի ձեռքբերումների կողքին»:

www.a1plus.am

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրն իր համար հողային հարց չէ, այլ ինքնորոշման խնդիր: Առաջին նախագահն իր զարմանքն է հայտնել, որ միջազգային հանրությունը, ով այդքան խոսում է մարդու իրավունքի մասին, չի ցանկանում նկատել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մարդ չի համարում 150 հազար մարդուն: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, միջազգային հանրությունը Ղարաբաղի ժողովրդին փորձում է դիտել իբրեւ ազգային փոքրամասնություն: «Բայց քանի որ, ի դժբախտություն միջազգային հանրության, Ղարաբաղը ոչ թե էքստրատերիտորիալ, այլ էթնոտերիտորիալ, այսինքն՝ ազգային, տարածքային միավոր է, նրա վրա չեն կարող տարածվել ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները: Հետեւաբար՝ մնում է միայն հարցի մեկ լուծում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա գնահատմամբ, Ադրբեջանն ի վիճակի չէ ապահովել ԼՂՀ բնակչության անվտանգությունը, ազատությունը եւ բարօրությունը:

Մեկ անգամ ընդմիշտ պետք է գիտակցել, Հայաստանի ոչ մի նախագահ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող ծախել Ղարաբաղը: Ինչո՞ւ: Նախ եւ առաջ այն պատճառով, որ Ղարաբաղի բախտը պետք է վճռի ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ միայն ու միայն Ղարաբաղի ժողովուրդը: Եվ երկրորդ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի որոշմամբ, Հայաստանը չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Լրագիր»

 ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Մի հստակ դիրքորոշում կա. ԼՂՀ-ն պետք է անկախ լինի Ադրբեջանից եւ չի կարող լինել նրա կազմի մեջ: Պետք է այդ կարգավիճակը ֆիքսված լինի միջազգայնորեն ճանաչելի պայմանագրով, եւ ԼՂՀ-ն պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, ընդ որում` ոչ թե միջանցքային ձեւով, այլ ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ ընկած տարածքները պետք է հայկական վերահսկողության տակ լինեն: Ինչ-որ պահի երկու երկրների նախագահների մակարդակով արդարացված հանդիպումները արդյունք չեն տալիս, իհարկե, Ադրբեջանի պատճառով, որովհետեւ Ադրբեջանը դեռեւս հրապարակայնորեն չի հայտարարել, թե որն է իր զիջման իմաստը եւ բովանդակությունը: Փոխզիջման մասին խոսում են երկու կողմն էլ, իսկ հայկական կողմը դետալացնում եւ լուսաբանում է իր փոխզիջման պատկերացումները, ինչը, կարծում եմ, դեռ վաղաժամ է: Փոխզիջումների բովանդակությունը պետք է հստակ հնչի երկու կողմերից: Պետք է որոնել համաձայնությունը, որը դեռ չկա: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ միջազգային հանրության մեջ ճանաչվի եւ նկատելի լինի բանակցային փուլում Թուրքիայի բացասական դերակատարությունը, որպեսզի Թուրքիան զսպի իրեն: Մյուս քայլը փորձն է ԼՂՀ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ:

 www.armedia.am

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ  

Ղարաբաղի հարցը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցը չէ միայն: Ղարաբաղի հարցը Ղարաբաղի ժողովրդի իրավունքի հարցն է, ազատության հարցը, մեր արմատական ազգային  հարցը, այն, եթե կուզեք, մեր բանալին է դեպի ապագա: Եվ մենք պայքարելու ենք հետեւողականորեն Ղարաբաղի ազատության, անկախության համար: Շատ վտանգավոր է այն կարծիքը, թե Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք: Հանգիստ չեք ապրի. Հայաստանը կվերանա: Եվ մյուս տեսակետը՝ ոչ մի թիզ ոչ մեկին, սա մեր պապենական հողն է, նույնպես ճիշտ չէ, որովհետեւ դա քաղաքական մոտեցում չէ: Ղարաբաղյան շարժումը կրոնական պայքար չէր, էթնիկական պայքար էլ չէր, այլ պայքար էր ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար: Ղարաբաղը բանակցությունների բանակցող կողմ պիտի լինի: Ո՞վ է մեղավոր, որ բանակցությունները արդյունք չեն տալիս: Ադրբեջանը համոզված է, որ ժամանակը իր օգտին է աշխատում եւ պահանջում է ամբողջական զիջում: Հայաստանը մեղավոր է, որ չի կարողանում եւ լրջորեն չի փորձում ժամանակն իր օգտին օգտագործել:

www.armedia.am

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը կենսական նշանակություն ունի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար: Այն սերտորեն առնչվում է նաեւ Հայաստանի ազգային անվտանգությանը «ւ տարածաշրջանային կայունությանը: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը մեզանից պահանջելու է նոր նախաձեռնողականություն տարածաշրջանում «ւ աշխարհում, իրադարձությունների զարգացման երկարաժամկետ միտումների հստակ պատկերացում, դրանց ծառայեցում մեր շահերին «ւ նոր գաղափարների առաջադրում: Բանակցությունը «ւ խաղաղ կարգավորումը հիմնախնդրի լուծման միակ ճանապարհն է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է հենվի հետեւյալ սկզբունքների վրա.

- Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորման ճանապարհով չի կարող լինել սակարկության առարկա,

- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը «ւ Հայաստանի հետ ուղիղ սահմանի կապերը չեն կարող լինել սակարկման առարկա,

- անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ակտիվ ներգրավվածությանը բանակցային գործընթացում` որպես բանակցող կողմ,

- անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը «ւ պայմաններ ապահովել դրա իրականացման համար:

www.arturpresident.am
 

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՄԵՆԱՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆ ՈՉ ԹԵ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԱՅԼ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՐՏԵՐԸ

 Մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում մեր կողմից  անցկացված փոքրիկ հարցախույզը ցույց է տվել, որ արցախցիների մոտ առանձնակի հետաքրքրություն չկա Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների նկատմամբ: Այսպես, 20 հարցվածներից միայն 5-ն են տեղյակ, թե քանի թեկնածու է առաջադրվել ընտրություններում, իսկ այդ 5-ից էլ միայն երկուսը կարողացան թվարկել բոլոր 9 հավակնորդներին:

Շարքային քաղաքացիների պես առանձնակի հետաքրքրություն չեն դրսեւորում նաեւ տեղական լրատվամիջոցները: Արցախի հանրային հեռուստատեսությունը ընդամենը մի քանի անգամ է անդրադարձել ՀՀ նախագահական ընտրություններին, այն էլ զուտ ինֆորմատիվ մատուցմամբ՝ թեկնածուների քանակը, անուն-ազգանունները, կուսակցական պատկանելությունը: Տպագիր մամուլը նույնպես մակերեսորեն է անդրադառնում թեմային: Այս հարցում շահեկանորեն տարբերվում է «Ազատ Արցախ» թերթը, որն ավելի շատ է անդրադառնում խնդրո առարկային, թե«ւ հարկ է նաեւ նշել, որ մատուցվող տեղեկատվությունից հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել հայաստանյան նախընտրական իրական վիճակի մասին՝ ընդգծված «նախասիրությունների» պատճառով: 

Հայաստանյան իրադարձություններին Արցախում հնարավոր է հետեւել միայն երեք հայկական հեռուստաալիքներով՝ Հ1, հ2 եւ «Արմենիա»: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ ստիպված են ստանալ մոտավորապես միօրինակ տեղեկատվություն, այսինքն՝ քարոզչություն մի թեկնածուի «ւ հակաքարոզչություն՝ մեկ այլ թեկնածուի նկատմամբ: 

ՀՀ քաղաքացի Ռուզաննա Պետրոսյանը, ով ընտանիքի հետ ժամանակավորապես գտնվում է Ստեփանակերտում,  դժգոհում է, որ չի կարողանում օբյեկտիվ ինֆորմացիա ստանալ թեկնածուների եւ նրանց ծրագրերի մասին. «Հեռուստատեսությունը գովաբանում է Սերժ Սարգսյանին, իսկ տպագիր մամուլը՝ Տեր-Պետրոսյանին, հիմա ես ինչպե՞ս կողմնորոշվեմ, թե ում եմ ձայնս տալու»,- վրդովված հարցնում է նա:

Իսկ 58-ամյա Արկադի Գրիգորյանն ընդհանրապես հայաստանյան լուրերին չի հետեւում: «Դե որովհետեւ զայրանում եմ, դրա համար էլ չեմ նայում»,- խոստովանում է Գրիգորյանը: Նրա կարծիքով, ընտրություններն իմաստավորված չեն, քանի դեռ առկա  «ամեն ինչ կանխորոշված է» մտայնությունը:

 Իսկ ինչպիսի՞ն է արցախյան քաղաքական դաշտի վերաբերմունքը: Ինչ խոսք, այստեղ դժվար թե հիմք լինի խոսելու վատ տեղեկացվածության մասին, քանի որ կարելի է ենթադրել, որ շատերն են ուշի ուշով հետեւում հայաստանյան զարգացումներին, սակայն փաստ է նաեւ, որ այստեղ էլ նկատելի է հրապարակավ առանձնակի հետաքրքրության բացակայությունը: Կարելի է նաեւ ենթադրել, որ քչերն են հանգամանորեն ծանոթացել թեկնածուների նախընտրական ծրագրերին: Միգուցե դա է պատճառը, որ մի շարք տեղացի քաղաքական գործիչներ ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերում ԼՂ հիմնախնդրին վերաբերող տեսակետներին գնահատական տալուց հրաժարվում են: Իհարկե՝ ոչ բոլորը:

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նպատակահարմար չի գտնում միջամտել հայաստանյան ընտրություններին, բայց կողջունի այն նախագահին, որը քվեարկության արդյունքում կընտրվի: Նախագահի թեկնածուների ծրագրերում  Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող կետերին Ա. Թովմասյանը չի ուզում անդրադառնալ, ասում է, որ «դա իրենց ներքին խնդիրն է»:

Գնահատական տալու փոխարեն ՀՅԴ ԿԿ Արցախի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը ցանկություն են հայտնել, որ Ղարաբաղի հարցում բոլոր թեկնածուները ունենան միասնական կարծիք:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանին էլ թվում է, որ Հայաստանի ընտրազանգվածի մեծամասնությունը հենց այս՝ ղարաբաղյան կարգավորման ելակետից է գնահատելու նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրի նախընտրական ծրագրի« այսպես ասած« «ղարաբաղյան փաթեթը»: «Կա բանակցային գործընթաց« ուրվագծված է կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակը եւ մտածել« թե այս ամենը փոխվելու է ՀՀ նախագահի ցանկությամբ« առնվազն միամտություն է»,- ավելացրել է նա:  Ինչ վերաբերում է մեր ընկալումներին, ապա Վ. Աթանեսյանը ցանկալի է համարում, որ «ղարաբաղյան կողմի ընկալումները եւ ձգտումները որեւէ կերպ  չազդեին այդ գործընթացներին: Այսինքն« կարգավորման մասին ԼՂՀ պաշտոնական եւ հանրային պատկերացումները պետք է ներկայացվեն արդեն ընտրված նախագահին« այլ ոչ թե ՀՀ նախագահի թեկնածուներից որեւէ մեկի համար դառնան թերություն կամ առավելություն»:

ՀՀ նախագահական ընտրությունները համեմատաբար ակտիվ քննարկվում է միայն մեկ արցախյան ֆորումում՝ www.karabakhlive.com  էլեկտրոնային կայքում, սակայն այստեղ էլ շրջանառվում են միայն «ԼՏՊ»-ի եւ «մեր Սերժ»-ի անունները:

Ինչեւէ, Ղարաբաղում այսօր ամենահրատապ թեման ոչ թե հայաստանյան նախագահական ընտրություններն են, այլ աննախադեպ ցրտերը: Վերջիններս ավելի մոտ են մարդկանց: Չի բացառվում, սակայն, որ «տաքերն ընկնելուն պես» թեժանան նաեւ քաղաքական քննարկումներն առ ՀՀ նախագահական ընտրություններ:

 Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

 

սոցիալ-տնտեսական

 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՐԹՆԱՑՆԵԼ ԳՅՈՒՂԻՑ

 Վարչապետ Արա Հարությունյանը, որը քաջատեղյակ է գյուղատնտեսության բնագավառին, տնտեսական քաղաքականության հիմնական շեշտը որոշել է դնել հենց գյուղի զարգացման վրա: Կարելի է ենթադրել, որ դրանով իսկ կառավարությունը խոստովանում է, որ տնտեսության այլ ճյուղերը զարգացման այդչափ հեռանկար չունեն: Համենայնդեպս, ակնհայտ է, որ կառավարությունը հիմնական ջանքերն ուղղել է գյուղատնտեսության վրա:

«Ճիշտն ասած, աջակցության խոստումներ շատ ենք լսել այս տարիներին, բայց, կարծես, այս անգամ ռեալ օգնություն կլինի: Մեր գյուղից մի քանի հոգի արդեն ստացել են աշնանացանի համար գումարներ, ասում են՝ նաեւ էժան պարարտանյութեր են բերելու: Ես դեռ չեմ ստացել, աշնանացան չեմ կատարել: Փող չունեի, կառավարությունն էլ մի քիչ ուշ է սկսել այս գործընթացը: Բայց որ այսպես նայում եմ, հաջորդ տարի չօգտագործվող հողերս էլ կցանեմ», - մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Հադրութի շրջանի գյուղերից մեկի բնակիչը:

Կառավարությունը դեռ դեկտեմբերին է հայտարարել, որ մեծածավալ վարկեր կտրամադրի նրանց, ովքեր աշնանացան կկատարեն կամ հողերը սեւ ցելի տակ կթողնեն: Օրինակ, 80 նորագյուղցի արդեն ստացել է 3.5 մլն պետական վարկ գյուղատնտեսական աշխատանքների համար:

Միջոցառումները ժամանակին էին, քանի որ 2007-ի աշնանը կատարած վարն ու ցանքսը գրեթե կրկնակի քիչ էին, քան անցած տարի: Շարքային գյուղացին ոչ մի իմաստ չէր տեսնում իր հողակտորը մշակելու. սկզբնական կապիտալ չունի, հարկ պիտի վճարի, տեխնիկա վարձի, թանկ վառելիք եւ պարարտանյութ գնի, վերջում էլ կամ երաշտ կլինի, կամ կարկուտ, կամ էլ ալրաղացում ցորենը կընդունեն էժան գներով, փողն էլ «հետո» կտան: Էլ իմաստը ո՞րն է:

Հենց այդ իմաստն են փորձում բացատրել գյուղացիներին կառավարության անդամները: Վերջին ամսվա ընթացքում գրեթե ամեն օր վարչապետն ու նախարարները մասնակցում են գյուղական համայնքների ընդհանուր ժողովներին, փորձելով արթնացնել մարդկանց եւ հորդորել գործ անել, բայց գրագետ եւ մասնագիտորեն: Դժվար է կանխատեսել այդ քարոզչության արդյունքները, սակայն կարելի է հավաստել, որ գործնական քայլեր կատարվում են: 

Գյուղերում այցելությունների ժամանակ գործադիր իշխանության հին եւ նոր անդամները ականատես են լինում առկա գործընթացներին: Տեսնում են, որ գյուղում կյանքը նույն տեմպերով չի զարգանում, ինչ Ստեփանակերտում, որ այստեղ դեռ շատ են պատերազմի հետքերը, որ տեղական «իշխանիկների» ձեռքին են հայտնվել արտադրության հիմնական միջոցները, որ մարդիկ իրենց դեռ հողատեր չեն զգում: Նրանք ականատես են լինում, թե ինչպես են դատարկվում եւ ծերանում նախկինում ծաղկուն գյուղերը, չեն աշխատում տարիներով կառուցվող ջրատարները:  

«Ամոթալի է, որ այսօր մենք ցորենից, խաղողից եւ խոզի մսից բացի մնացած գրեթե ամեն ինչ ներմուծում ենք,- ասել է ԼՂՀ կառավարության ղեկավարը: - Ժամանակն է, որ մենք լիովին օգտագործենք մեր հանրապետության գյուղատնտեսական ներուժը»:

Որպես կարեւոր քայլ կարելի է համարել այն, որ Ստեփանակերտում նախատեսում են վերամշակող ձեռնարկություն բացել: Պայմանավորվածության համաձայն, այն լինելու է պահածոների գործարան, որը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա մայիսի 9-ին: Սա նշանակում է, որ Ղարաբաղում ինչ-որ չափով կլուծվի բանջարեղենի, մրգերի եւ հատապտուղների իրացման հարցը:

Փորձ է արվել նաեւ բարելավել Ղարաբաղի գյուղատնտեսական հիմնական ձեռնարկությունների գործունեությունը: Կառավարությունը «Ալրաղաց» եւ «Ստեփանակերտի հացի գործարան» ՓԲԸ-ները 750 միլիոն դրամ ընդհանուր գումարով ուղղակի վաճառքի ձեւով վաճառել է «ԷՌՄԻ» ընկերությանը, որի ղեկավարն է ռուսաստանաբնակ գործարար Կարեն Բաղդասարովը: Հիշեցնենք, որ վաճառքի հանված ընկերությունները վատ տնտեսավարման հետեւանքով սնանկացել եւ բռնագանձվել են «Արցախբանկ» ՓԲԸ-ի կողմից: Գործադիրը թույլատրել է հիշյալ ընկերությունների ամբողջ գույքը ուղղակի վաճառքի ձեւով օտարել «ԷՌՄԻ» ընկերությանը: Գործարքը վարչապետ Արա Հարությունյանը պարզաբանում է նրանով, որ այդ օբյեկտները կառավարությունը «Արցախբանկից» գնել է զգալիորեն էժան եւ վաճառել համեմատաբար թանկ՝ ընդհանուր առմամբ 750 մլն դրամով: Շահած 350 մլն դրամը կուղղվի «Ալրաղացի» պարտքերի մարմանը:

Այս ամենը, ինչպես նաեւ այն, որ կառուցվում են որոշ հիմնական ճանապարհներ /ավարտվել է Դրախտիկ-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ հատվածի շինարարությունը, այս տարի ավարտին կհասցվի Կարմիր շուկա - Սոս - Ճարտար - Գիշի - Մարտունի հատվածը/  հույս է ներշնչում, որ գյուղատնտեսությունը վերելք կապրի: Միայն թե այն չբախվի բյուրոկրատական եւ հարկային ծանր մեքենային եւ կրկին չխրվի «մարդկային գործոնի» ցեխի մեջ:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

Շուշի քաղաքում բնակվող ֆրանսահայ Արմենի /Օլիվեր Ռաքեդջյան/ մասին նյութը տպագրվել է Hetq.am-ի 2008 թ. հունվարի 7-ի համարում: Արմենի պատմությունը մեծ արձագանք է ունեցել եւ Ղարաբաղում, եւ նրա սահմաններից դուրս: 

ԱՐՄԵՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ «ԱՐԿԱԾՆԵՐԸ» ՉԵՆ ԱՎԱՐՏՎԵԼ,
եւ մենք փորձել ենք հետեւել դեպքերի զարգացմանը
 

Արմենի պատմությունը մեծ արձագանք է ունեցել եւ° Ղարաբաղում, եւ° նրա սահմաններից դուրս: «Հետքի» ֆորումի մասնակիցները նաեւ բանավեճ էին սկսել, որտեղ քննարկվում էին Սփյուռք-Հայաստան, սփյուռքահայ-հայաստանցի խնդիրները: Ինչպես խոստացել էինք, շարունակում ենք ներկայացնել այդ պատմությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2004-ին Արմենը Փարիզից տեղափոխվել է Շուշի, որտեղ շրջանի վարչակազմի եւ քաղաքապետարանի թույլտվությամբ երեք տարածք է գնել եւ բացել համակարգչային ծառայությունների կենտրոն, անշարժ գույքի գործակալություն եւ հուշանվերների խանութ: Սակայն որոշ ժամանակ անց, ինչպես Արմենն է պատմում, նրան լուրջ խոչընդոտների առաջ են կանգնեցրել ու սկսել են ետ վերցնել իր տարածքները: Համապատասխան մարմինների հետ երկար բանակցություններից հետո նա փորձել է իր իրավունքները դատարանի միջոցով պաշտպանել, բայց՝ ապարդյուն:

Արմենի տարբեր բողոքներից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակից եւ մամուլի հրապարակումներից հետո հարցով սկսել է զբաղվել ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը: Ծառայության պետ Հովիկ Ջիվանյանը պարզաբանումներ է տվել «Հետք»-ին:

Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 1 շենքի առաջին հարկում տեղակայված 121,34 քմ տարածքի վերաբերյալ «Անթառամ» ԱԿ-ի փայատերերի հետ սեփականության իրավունքի վեճ է տեղի ունեցել: Անհամաձայնություն է եղել նաեւ Արմենի ու հարկային ծառայության մարմինների միջեւ` կապված վերջինիս կողմից Արմենին պատկանող «Շուշի Գրուպ» ՍՊԸ-ում կատարված ստուգումների արդյունքների հետ: Վերահսկողական ծառայության կողմից կազմված տեղեկանքի համաձայն` Արմենը կարող է երկու մասով էլ իր իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան, չնայած որ առաջին հարցով արդեն կան առաջին ատյանի եւ գերագույն դատարանների վճիռները:

Ինչպես արդեն նշել ենք, ըստ Արմենի` իրեն հրավիրել են Շուշիի քաղաքապետարան եւ, Ազրյան փողոցի 6 ա հասցեում գտնվող տարածքը վերագրանցելու համար առաջարկել են երկու դիմում գրել` տարածքից հրաժարվելու եւ վերագրանցելու մասին: Առաջինը բավարարել են, իսկ երկրորդը` ոչ: Ավտոմատ ստացվել է, որ Արմենը կամավոր հրաժարվել է մի տարածքից, որը, ըստ առաջնային պայմանագրի, իրեն է տրամադրվել 99 տարով:

Այդ փաստի վերաբերյալ, ըստ վարչապետի վերահսկողական ծառայության պետի, պարզվել է, որ Շուշի քաղաքի քաղաքապետ Ֆելիքս Հակոբյանը խախտել է քաղաքացիների դիմում-բողոքների արձագանքման կարգը` գրավոր կերպով Օ. Մ. Ռաքեդջյանին տեղյակ չպահելով ընդունված որոշման, այն է` երկրորդ դիմումը չբավարարելու մասին:

Արմենը 2008-ի հունվարի 16-ին նորից է դիմել Շուշիի քաղաքապետին` վերոնշյալ տարածքը վերադարձնելու եւ իր անունով գրանցելու խնդրանքով, բայց քաղաքապետարանը պատասխանել է, որ այդ տարածքն արդեն տրամադրվել է «Գարդման» ՓԲԸ-ին:

Արմենի համար դեռեւս անհասկանալի է, թե քաղաքապետի սխալը հաստատելուց հետո ինչ ճակատագիր կունենա այդ տարածքը:

Վերահսկողական ծառայության պետ Հովիկ Ջիվանյանի խոսքերով` «համայնքի ղեկավարն էլ այդ հարցում մեղքի իր բաժինն ունի»: «Համապատասխան եզրակացությունը մենք արել ենք, ու համապատասխան միջոցներ անպայման կիրառվելու են: Դրանք վերաբերում են եւ° համայնքապետին, եւ° նոտարին, եւ° կադաստրին, եւ° այն մարմիններին, որոնք թույլ են տվել խախտումներ»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշել է Հ. Ջիվանյանը:

Ծառայության տեղեկանքում խոսք է գնում նաեւ Արմենի բնակարանի մասին, որը նրան տրամադրվել է 2004 թվականին: «Շուշիի քաղաքապետարանի որոշմամբ ծառայողական նպատակով «Շուշի Գրուպ» ՍՊԸ-ին հատկացված Ա. Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի բնակարանի սեփականաշնորհման հետ կապված տարաձայնության հարցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ առ այսօր Դուք գրավոր չեք դիմել Շուշի քաղաքի քաղաքապետարան»,- նշվում է տեղեկանքում:

Այստեղ նույնպես հուշվում է, որ նման կարգի գործարքները կատարվում են գրավոր դիմումի հիման վրա, սակայն Արմենը մինչեւ հիմա չի դիմել քաղաքապետարան զուտ այն պատճառով, որ այդ հարցում էլ կան անսպասելի խոչընդոտներ: Բնակարանը սեփականաշնորհելու համար, ըստ կարգի, անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանքներ, որ տվյալ բնակարանի վրա պարտքեր չկան:

«Որտեղ գնում եմ, որ տեղեկանք վերցնեմ` պարտքեր չունենալու մասին, ինձ ասում են, որ գրանցում չունեմ: Բոլոր վճարները` եւ° լույսի, եւ° ջրի, եւ° հեռախոսի, եւ° տան, իմ անունով եմ մուծում, բայց տեղեկանք, միեւնույն է, չեն տալիս»,- զարմանում է Արմենը:

Այժմ Արմենը Շուշիում ոչ մի սեփականություն չունի: Նա ասում է, որ մտադրություն չունի Ղարաբաղից հեռանալու: Ավելին` պատրաստվում է դիմել դատարան` «որոշ պաշտոնյաների իրենց սխալների համար պատասխանատվության ենթարկելու պահանջով»: Եւ փաստաթղթեր է պատրաստում քաղաքացիություն ստանալու համար:

Սակայն սա դեռ վերջը չէ: Արմենի նկատմամբ քրեական հետաքննություն է վարվում: Նրա խոսքերով` Շուշիում բնակվող Արմեն Բեգլարյանը, որից նա գնել էր ինտերնետ-սրահը ու հետագայում ֆինանսական ինչ-որ խնդիրներ է ունեցել, երկար ժամանակ Շուշիի բազմաթիվ բնակիչների մոտ իրեն խաբեբա է անվանել: «Դա այն դեպքում, երբ մենք լրիվությամբ լուծել էինք մեր ֆինանսական խնդիրները: Սակայն նա շարունակում էր ինձ խաբեբա անվանել, իսկ ես ոչ մի պատասխան չէի տալիս: Բայց անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին հերթական անգամ ինձ այդպես դիմեց, ու ես չհամբերեցի` շրջվեցի եւ խփեցի»,- այսպես է նկարագրում կատարվածը ֆրանսահայ երիտասարդը:

Հետաքննությունը դեռ շարունակվում է, եւ պարզ չէ` այս հարցով դատախազությունը կհարուցի՞ քրեական գործ: Թերեւս, դա կախված կլինի Արմենի «հնազանդությունից»:

 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
www.Hetq.am

 

«ՋՐԻ ՊՐՈԲԼԵՄԻ» ՊԱՏՃԱՌԸ ՄԻԱՅՆ ՋՐԻ ՊԱԿԱՍԸ ՉԷ

 Մեզանում ջրի հարցի (արդեն հիմնահարց է դարձել) մասին որքան ասես, որ չեն գրել, «ւ սայլը տեղից չշարժվելու հիմնական մեղավորը երկրի ղեկավարներն են եղել: Ի դեպ, տարիներ առաջ ֆրանսահայ իմ մի բարեկամը վրդովված խոստովանել է, որ արտերկրում հայրենասեր մարդիկ է գտել, ովքեր պատրաստ են ֆինանսապես աջակցելու, որպեսզի Մարտակերտի շրջանում ջրի հարցը լուծվի: Այդ առաջարկով նա դիմել էր նախկին վարչապետին, սակայն վերջինս առաջարկել էր այդ գումարները ներդնել շրջանում հեռախոսակապը կարգավորելու համար: Ըստ երեւույթին, բարձրաստիճան պարոնը կարծում էր, թե բավական է հող ու ջրի մարդիկ հեռախոսով իրար հետ զրուցեն «ւ… բոլոր խնդիրները հօդս կցնդեն: Ու այդպես էլ ձեռներեց այդ մարդիկ թքել-հեռացել են: Սա իմիջիայլոց:

Բոլորն էլ գիտեն, որ ջրի հարցն առավել սրությամբ զգացվում է մայրաքաղաքում, «ւ երկրի ղեկավարները տարիներ շարունակ պարբերաբար խոստումներ էին տալիս, որ այդ հարցը օրակարգում է «ւ «մոտ ժամանակներս» կլուծվի:

Երեւի թե ոչ ոք դեմ չէ, որ վերջապես հարցը լուծվի, սակայն ցավն այն է, որ Ստեփանակերտում ջրի մատակարարման վատթար վիճակի համար մեղքի իր բաժինն ունի նաեւ ջրմուղ կայանի ղեկավարությունը: Մեկ-երկու փաստ. ջրմուղ կայանում տարօրինակ մի սովորություն կա. երբ բնակիչները երեկոյան մեկ ժամով ջուր են ստանում, չգիտես ինչու կես ժամ հետո  ջուրն անջատում են «ւ 20-25 րոպե հետո կրկին միացնում... Արդյունքում՝ շարքից դուրս են գալիս ժամանակակից լվացքի մեքենաները, որոնց անխափան աշխատանքի համար նվազագույնը 45 րոպե անխափան ջուր է անհրաժեշտ…

Մի այլ օրինակ՝ մի կողմից ասում են՝ ջուրը պակաս է, ջուր չկա, սակայն որոշ շենքերի (օրինակ՝ Բաղրամյան փողոցին հարակից թաղամասում) «գրաֆիկից դուրս» գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին ջուր են բաց թողնում: Ու բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ջրաչափ չունեն «ւ ջրի վարձ են մուծում ըստ իրենց ընտանիքի անդամների թվաքանակի, քանի որ օրական հազիվ 1-2 ժամ են ջուր ստանում, ջրածորակը պարզապես չեն փակում… Եվ հազարավոր խորանարդ մետր ջուր հենց այնպես գրողի ծոցն է գնում:

Ու դեռ ժամանակակից հաշվիչներն առած հանում-գումարում-բազմապատկում են, թե որքան ջուր է պետք «ւ որքան գումար մայրաքաղաքում «ջրի հարց» լուծելու համար…

Քանի որ խոսք եղավ ջրի վարձի մասին, մի փոքրիկ պարադոքս «ւս: Ստեփանակերտում վաղուց սովորական է դարձել, որ ամսեամիս կամ առնվազն եռամսյակը մեկ դուռդ ծեծեն ու ջրի վարձ պահանջեն: Հետաքրքիրն այն է, որ անհանգստացնում են նաեւ այն ամիսներին, երբ ջրածորակից մի կաթիլ ջուր չի գալիս, «ւ դույլերն առած, ամառվա շոգին ձեռուոտ ընկած, շրջում ես բակից բակ՝ ջուր գտնելու հույսով, որպեսզի, տապից հեւալով, կենարար այդ հեղուկը բարձրացնես չորրորդ կամ հինգերորդ հարկ:

Ջրի վարձ են պահանջում նաեւ գարնան կամ պարզապես անձրեւային բոլոր այն եղանակներին, երբ ջրի փոխարեն ջրածորակից գորշասեւ հեղուկ է վխտում, որը քաղաքացիների առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Մինչդեռ քաղաքակիրթ այլ երկրներում, որտեղ փոքրիշատե հարգի է օրենքը, իրենց առողջության դեմ կատարված ոտնձգության համար քաղաքացիները դատի կտային ոչ միայն ջրմուղ կայանի ղեկավարությանը, այլեւ բոլոր այն իշխանավորներին, ովքեր ջրի փոխարեն գորշասեւ աղտեղություն են հրամցրել:

Ջրաչափ չունեցող հազարավոր քաղաքացիներ (ի դեպ, այլ հարց է, թե ինչու նույն շենքի մի մասի բնակարաններում ջրաչափ են տեղադրել, մյուսներում՝ ոչ), ինչպես վերեւում ասվեց, ջրի վարձ են մուծում՝ ըստ իրենց ընտանիքի անդամների թվի: Ասել է թե՝ եթե քեզ շուրջօրյայի փոխարեն լավագույն դեպքում երկու օրը մեկ կես ժամով ջուր են տալիս, ապա ձեր ընտանիքի բոլոր անդամների գլխաքանակի չափով պիտի այնքան վճարես, որքան եթե շուրջօրյա ջուր ստանայիր: Քաղաքացիներից ջրի վարձ են պահանջում նաեւ այն օրերի, ամիսների համար, որ ոչ մի կաթիլ ջուր չեն ստացել…

Այնպես որ՝ «ջրի պրոբլեմի» պատճառը միայն ջրի պակասը չէ:

Վարդգես ՕՎՅԱՆ

  

հիշողություն

 

ՄԵԾ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏԻ ԸՆՏԱՆԻՔԸ 

      Սասունի արծիվ զորավար Անդրանիկի անունը սիրելի անուն է հայ ժողովրդի համար, քանզի անվեհեր ֆիդայու մեջ ցոլանում են իր ազգի ամենագեղեցիկ ու ամենաազնիվ հատկությունները: Նա կամովին հրաժարվեց հանգիստ ու ապահով կյանքի հրապույրներից եւ իր կյանքի իմաստը տեսավ ժողովրդի պաշտպանության, նրա ազատության համար պայքարի քարքարոտ ու տառապալից ճանապարհներում: Անդրանիկը հայի աննկուն ոգու, լուսեղեն հույսի, անկոտրում կամքի ու ազատատենչ բաղձանքի մարմնացում էր: Շատերին են հայտնի նրա բազում քաջագործությունները, վտանգներով ու փորձություններով լի պայքարի դրվագները, բայց քչերին է հայտնի նրա անձնական կյանքի պատմությունը:

Պատմական Հայաստանի Սեբաստիա նահանգի Շապին-Գարահիսար գյուղաքաղաքն իր շքեղ գեղեցկության համար իրավամբ ստացել էր երկրորդ անունը՝ Փոքր Հայքի Զեյթուն, որը հայտնի էր նաեւ հայ բնակիչների մարտական եւ իմացական ոգով: Գյուղաքաղաքի հայ եւ թուրք բնակիչներն ապրում էին առանձին թաղերում: Մի քաղաք էր, բայց երկու տարբեր աշխարհ՝ տարբեր հավատներով, սովորույթներով, մշակույթով:

Օզանյաններն այստեղ էին եկել քաղաքից ոչ հեռու գտնվող Օզան գյուղից: Տեղացիները եկածներին անվանում էին օզանցիներ, բայց անվանումը աստիճանաբար փոխակերպվեց ազգանունների՝ Օզանյաններ: Եկեղեցու թաղում էր ապրում Թորոս /Թորիկ/ եւ Մարիամ Օզանյանների համեստ ընտանիքը, որի հարկի տակ 1865թ. փետրվարի 13-ին /25/ ծնվեց երկրորդ զավակը, որին մկրտեցին Անդրանիկ անվամբ: Նրանից ավագ էին Նազելի քույրը, որը շատ շուտ էր ամուսնացել, եւ եղբայրը, որ տնփեսա էր գնացել մերձակա գյուղը եւ շատ հազվադեպ էր այցի գալիս քաղաք: Անդրանիկի ծննդից մեկ տարի հետո աշխարհ էր եկել նաեւ ընտանիքի երկրորդ աղջիկը՝ Պահարը:

Ողջ թաղում հարգված երկաթագործ էր Թորիկ աղբարը, որը շուկային կից արհեստանոց ուներ եւ արդար քրտինքով էր վաստակում օրվա հացը: Մարիամը բնավորությամբ ամուսնու հակապատկերն էր` հանդուգն էր, անվախ, ազատատենչ: Դեռ նոր էր բոլորել Անդրանիկի մեկուկես տարին, երբ վախճանվեց մայրը: Մահվան անկողնում նա իր մոտ կանչեց հարսնացած աղջկան՝ ապագա հերոսի պաշտելի քրոջը, եւ պատգամեց. «Ես կմեռնիմ, Նազելի, քեզ մի խնդրանք ունիմ. Անդրանիկին որբ չթողուս…»:

Նազելին սատար կանգնեց որբերին. Պահարին տարավ իր մոտ, իսկ հոր մոտ մնացած Անդրանիկին իսկական մայրություն էր անում: Իր ողջ կյանքում Անդրանիկը ջերմ սիրով էր կապված Նազելիի եւ նրա զավակների՝ Արմենուհու, Միհրդատի, Մարիամի եւ Կարապետի հետ:

Մանկության տարիներն անցան աշխարհի բարուն եւ չարին անտեղյակ ու անհաղորդ: Դեռ փոքր տարիքում նա տանը սովորում էր հայոց այբուբենը, իսկ երբ արդեն պատանյակ էր, 1875թ. աշնանը հայրը ուսանելու տարավ տեղի Մուշեղյան նախակրթարան: Նա ուշիմ էր ու աչքաբաց, աչքի էր ընկնում իր աշխույժ խառնվածքով եւ ըմբոստ բնավորությամբ, բարի էր եւ անչափ ուղղամիտ: Ուսուցիչները պատանիների հոգում հարազատ ժողովրդին անսահման նվիրվածության սերմեր էին ցանում, նրանց մեջ բորբոքում հայրենասիրության կրակը: Անդրանիկը երդվեց ազգի զինվորը դառնալ, բայց դեռ փոքր էր, դասերից հետո վազում էր հոր արհեստանոցը, օգնում նրան, եւ շուտով աչքաբաց որդին բանեցնում էր արհեստանոցի գործիքները:

1883թ. մի դեպք տեղի ունեցավ, որը փոխեց Անդրանիկի կյանքի հունը: Մի անգամ մտնելով հոր արհեստանոցը, նա տեսնում է, թե ինչպես է թուրքը հայհոյում հորը եւ, չդիմանալով անարգանքին, Անդրանիկը աթոռը խփում է զազրախոսի գլխին: Արյունլվա թուրքին թողնելով ընկած՝ նա թաքնվում է, բայց շուտով ոստիկանները նրան ձերբակալում են: Բանտից ազատվելուց հետո նա երկու տարի հյուսնություն է անում Պոլսում: 20 տարին բոլորած Անդրանիկը 1886թ. գալիս է ծննդավայրը՝ տեսնելու հորն ու հարազատներին: Հայրը մտահոգ էր. չէր ուզում, որ որդին նորից հեռանա: Նա շատ էր ցանկանում ամուսնացնել որդուն, որպեսզի մորից որբ մնացած տղան վառեր ընտանիքի մարած լույսը:

Անդրանիկը ծանոթացել էր իր մտերիմ ընկեր Ավետիսի քրոջ՝ Վերոնիկայի հետ: Թաշճյանները՝ Սողոմոն աղան եւ Յուղաբերը, գոհ էին եւ ուրախ, քանի որ փեսացուն՝ Անդրանիկը, շատ էր դուր եկել իրենց: Խոսքկապից մեկ շաբաթ հետո փառավոր նշանդրեք եղավ, իսկ դրանից մեկ ամիս անց հարսանիք արեցին: Կնքահայրը Անդրանիկի հորեղբայրն էր՝ Գարեգին Օզանյանը:

Ամուսնանալուց հետո հայրենի քաղաքում Անդրանիկը բացեց պղնձագործի արհեստանոց-խանութ: 1887-ի ամռանը տիֆով հիվանդացան Անդրանիկն ու Վերոնիկան, երկուսն էլ առողջացան, բայց քանի որ կինը հղի էր,  ծննդաբերությունից հետո նորածինը մահացավ  /հավանաբար, դեղերից ու սրսկումներից/: 1890թ. աշնանը Վերոնիկան երկրորդ զավակն ունեցավ: Անդրանիկը երջանիկ էր, զավակին կնքեց Լեւոն անունով: Բայց երեխան մի քանի ամիս անց մահացավ: Ծնողները ծանր տարան երեխայի կորուստը:

Անդրանիկը մասնակցում էր իր սիրելի ուսուցիչների ղեկավարած գաղտնի խմբակի աշխատանքներին:

Լրանում էր արձակուրդի ժամանակը, եւ շուտով Անդրանիկը պիտի մեկներ Պոլիս: Կինը՝ Վերոնիկան, չէր ուզում բաժանվել ամուսնուց: Անդրանիկը որոշում է կնոջը տանել իր հետ, բայց այս անգամ էլ հայրն է աղիողորմ խնդրում գոնե հարսին իր մոտ թողնել, քանի որ չորս պատերի մեջ մենակ չի դիմանա: Որդին տեղի է տալիս: 1891թ. կեսերին նա մեկնում է Պոլիս, բայց ուշքն ու միտքը տանն էր, կարոտի կենտրոնում կինն ու հայրն էին: Նա ամիսը երկու նամակ էր ուղարկում, հուսադրում հարազատներին: Մի օր էլ գավառից Պոլիս եկած ծանոթներից մեկը փողոցում հանդիպում է Անդրանիկին եւ ցավակցություն հայտնում… հոր մահվան առիթով: Որդին շատ էր կապված հոր հետ: Նրա հայացքի առջեւ հոր պատկերը հառնում էր խաչված Քրիստոսի կերպարանքով: Վերոնիկան չէր ցանկացել տխուր լուրը հայտնել ամուսնուն: Անդրանիկի համար մեծ ցավ էր, որ այս աշխարհին հրաժեշտ տալիս հոր կողքին չկարողացավ լինել: Վերոնիկան տանը մնաց մենակ:

Թուրքերը գիտեին, որ Անդրանիկը հեղափոխականների հետ էր. սկսվեցին նրա ընտանիքի եւ հարազատների հետապնդումները: Մի օր էլ թուրք ոստիկանությունը շրջապատում է Վերոնիկայի տունը եւ սկսում խուզարկել: Այդ դեպքից հետո Վերոնիկան, որ խիստ վախեցել էր, հիվանդացավ եւ ընկավ անկողին: Հիվանդը տաքության մեջ զառանցում էր, տեսնում էր ամուսնուն՝ ճերմակ ձի հեծած, իր քաջերով: Վե