|
|
# 3 (45)28 փետրվարի, 2006 թ. ![]()
լրահոս ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՒՄԲ-ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 18-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ Լրանում է սումգայիթյան ոճրագործության 18 տարին: Մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը« որ իրականացվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից« նպատակ ուներ ահաբեկել արցախահայությանը« խեղդել մեր ժողովրդավարական եւ օրինական ձգտումը: Ոչ նախկին ԽՍՀՄ եւ ոչ էլ« ցավոք« միջազգային հանրությունը ժամանակին իրավաքաղաքական գնահատական չտվեց մարդկության նորագույն պատմության մեջ իր նախադեպը չունեցող այդ եղեռնագործությանը: Անպատժելիությունը ծնեց նոր չարիքներ Գանձակում« Բաքվում« Հյուսիսային Արցախում՝ ստեղծելով հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվելիք ցեղասպանության իրական վտանգ: Այդ սպառնալիքը չեզոքացվեց միայն արցախահայության ինքնապաշտպանությամբ« որի շնորհիվ 1994թ. մայիսին հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ հաստատվեց հրադադար: Կարելի է ափսոսալ« որ երկու ժողովուրդներին մարդկային եւ նյութական ահռելի վնասներ պատճառած՝ հակամարտության զինված փուլից հետո էլ Ադրբեջանում չեն հրաժարվում հակահայկական պետական քարոզչությունից« որի վկայությունն են այդ հանրապետության բարձրագույն ղեկավարության պարբերական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Այդ քաղաքականության դրսեւորում են նաեւ հայ ժողովրդի դեմ ոճրագործություններ իրականացրած անձանց ազգային հերոսի պատվանդանին բարձրացնելու փաստերը. Ադրբեջանում սումգայիթյան ցեղասպանության իրականացնողները համարվում են հերոսներ« իսկ 2005թ. տարվա մարդ է ճանաչվել Ռամիլ Սաֆարովը« որը վայրենաբար կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սա ինքնին խոսում է մեր հարեւան հանրապետության որդեգրած «արժեքային համակարգի» մասին« ինչի օրինակ կարող է դիտվել նաեւ Հին Ջուղայի հայկական պատմաճարտարապետական կոթողների ավերման փաստը: Հիշելով սումգայիթյան եւ, առհասարակ, Ադրբեջանի հակահայ քաղաքականության անմեղ զոհերի հիշատակը« մենք փաստում ենք« որ փետրվարի 26-28-ը միայն սգո օրեր չեն« այլ նաեւ՝ ոգեկոչման: Մենք վերահաստատում ենք մեր ուխտը՝ համաժողովրդական արդար պահանջն իր հաղթական ավարտին հասցնելու գործում: Ժամանակն այսօր մեզնից պահանջում է միակամություն՝ դիմակայելու համար բոլոր մարտահրավերները՝ հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման: Այս նպատակին հասնելու համար մենք առաջնորդվում ենք 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հռչակած ուղեգծով« հանրաքվե« որն ունի բարձրագույն իրավական եւ անվերանայելի ուժ: «Հայ Յեղափոխոական Դաշնակցություն-Շարժում 88» պատգամավորական խմբի, «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների անունից՝
Արմեն
ՍԱՐԳՍՅԱՆ 25 փետրվարի 2006թ.
ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐԸ 1988 թվականի փետրվարի 28-ին Սումգայիթում կատարված բարբարոսությունների տարելիցի առիթով Արցախում գործող երիտասարդական կազմակերպություննները, ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ, դատապարտող դիմում-պահանջագիր են հղել: Պահանջագիրն անգլերեն թարգմանությամբ ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, այլ երկրների ներկայացուցչություններին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև լրատվամիջոցներին: Արցախի երիտասարդական կազմակերպությունները պահանջել են. 1. Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումներում պատշաճ գնահատական տալ և դատապարտել Սումգայիթի եւ Բաքվի հայ բնակչության ջարդերը, միջազգային պատժամիջոցներ կիրառել Ջուղայի հայկական մշակութային արժեքների ոչնչացման եւ Հունգարիայում հայ սպայի նկատմամբ կատարված ոճրի հեղինակների նկատմամբ: 2. ԼՂՀ-ն ընդունել որպես ինքնապաշտպանվող երկիր (ինքնապաշտպանություն ընդդեմ Ադրբեջանի կազմակերպած տնտեսական ու ռազմական ագրեսիայի): 3. Դադարեցնել ԼՂՀ-ն Ադրբեջանին բռնակցելու նկրտումները, քանի որ բռնակցումը կնշանակի հայկական Արցախի ադրբեջանականացում: Զորավիգ լինել, որպեսզի Ղարաբաղը չդառնա մի նոր Նախիջեւան: 4. Դադարեցնել խաղաղարար ուժերի տեղակայման թեման: Խաղաղարար ուժերը մեր ժողովրդի անվտանգության երաշխիքը չեն: Մենք վստահում ենք միայն մեր բանակին, որն էլ ԼՂՀ ժողովրդի խաղաղարար-պահապան ուժն է:
«ՄԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԷԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ» Փետրվարի 25-ին կայացավ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի մամլո ասուլիսը, որը նվիրված էր Ֆրանսիայի Փարիզ և Նիցցա քաղաքներում կայացած բուհական ֆորումին իր մասնակցությանը: Ֆորումին մասնակցել են ԱՊՀ երկրների պետական և ոչ պետական թվով 15 բուհեր: Ընդ որում՝ «Մաշտոց» համալսարանը միակն էր, որ ներկայացնում էր Հայաստանն ու Արցախը, թեև մասնակցության հրավեր ստացել էին նաև երևանյան երկու ոչ պետական բուհեր: Ֆորումը կազմակերպել էր Ֆրանսիայի «Արդյունաբերության աջակցության ասոցիացիան», որն ունի գրեթե 200 տարվա պատմություն: Մասնակիցներն այցելել են Փարիզի և Նիցցայի պետական և ոչ պետական բարձրագույն դպրոցներն ու համալսարանները: Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի և Նիցցայի տնտեսագիտական համալսարանի միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն: Պայմանավորվածության արդյունքում, տիկին ռեկտորի հավաստմամբ՝ 1-2 տարի հետո արդեն «Մաշտոց» համալսարանի յուրաքանչյուր ուսանող կկարողանա ստանալ Նիցցայի համալսարանի դիպլոմ, իսկ լավագույն շրջանավարտներն ու երիտասարդ դասախոսները կգործուղվեն Ֆրանսիա՝ վերապատրաստման: Այն հարցին, թե ինչու հենց «Մաշտոց» համալսարանն է ստացել հեղինակավոր հաստատության հրավերը, Դ. Գաբրիելյանը նշեց, որ պատճառն այն է, որ նախ՝ իրենք մասնակցել են վերջերս կայացած Բուհական միջազգային ցուցահանդեսին, երկրորդ՝ իրենց մասին շատ է խոսվել լրատվամիջոցներում և վերջապես՝ համալսարանը ներկայացված է Ինտեռնետում: Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԿԱՅԱՑԱՎ LՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՄԲԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԵՐԳԸ Ջազ երաժշտությունից քիչ թե շատ գիտակ գրեթե յուրաքանչյուր մարդ գիտե, թե ինչ բան է «հայկական ջազ» կոչվածը. Կոնստանտին Օրբելյան, Լևոն Մալխասյան, Արտո Թունջբոյաջյան՝ երաժիշտներ, որոնց շնորհիվ աշխարհն իր համար բացահայտել է հայկական ջազը: Իսկ ի՞նչ ասել է «ղարաբաղյան ջազ»: Այդ հասկացությունը ղարաբաղցիների համար միայն բառերի գեղեցիկ համադրություն չէ: Դեռ անցյալ դարի 50-ականների վերջերին արցախցի վիրտուոզ-երաժիշտ Գենադի Բարխուդարյանի ջանքերով Ատեփանակերտում ստեղծվել էր «Ղարաբաղ» ջազ-նվագախումբը: Ասում են՝ սկզբում նվագախմբի տղաները որոշել էին այն անվանել «Արցախ», բայց հայտնի պատճառներով նրանց արգելեցին դա անել: Նվագախումբը կոչվեց «Ղարաբաղ» և սկսեց իր ելույթները՝ մի քանի տարվա ընթացքում հասնելով մեծ հաջողության: Համերգ համերգի հետևից, և ամենուր հաջողություն. բանը հասնում է նրան, որ նվագախումբը դառնում է նախկին ԱդրԽՍՀ երկրորդ պետական նվագախումբը: Ասում են նաև, որ հաջողությունն այնքան մեծ էր, որ «Ղարաբաղը» պատրաստվում էր ելույթ ունենալ նաև Մոսկվայում: Սակայն 70-ականների սկզբին խումբը ցրվում է: Հետո սկսվում է Արցախյան շարժումը, ապա՝ պատերազմը, և ասես մոռացության է մատնվում ղարաբաղյան ջազը: Բայց ահա 2005 թվականին երաժիշտ Տիգրան Լալայանը, ով տարիներ շարունակ երազում էր վերակենդանացնել ղարաբաղյան ջազի ավանդույթները, ստեղծում է անկախ Արցախի առաջին ջազ-նվագախումբը, որը նույն թվականին էլ ստանում է պետական կարգավիճակ: Եվ ահա փետրվարի 15-ին և 16-ին Ստեփանակերտի Սպայի տանը կայացավ Արցախի պետական ջազ-նվագախմբի անդրանիկ համերգը: Ծրագրում, բացի ավանդական արևմտյան կոմպոզիտորներից, ընդգրկված էին նաև հայ հեղինակների ստեղծագործություններ: Հյուրի կարգավիճակով համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև կոմպոզիտոր, Արցախի կամերային նվագախմբի տնօրեն Սիմոն Սարգսյանը: Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ Շարունակելով նախորդ տարիների ավանդույթը, 2006թ. եւս ԼՂՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ԼՂՀ-ում գործող ոչ պաշտոնական լրատվամիջոցներին: Ընդ որում, նոր տարում բյուջեից հատկացվող միջոցները թերթերին ու ամսագրերին (հանդեսներին) կբաշխվեն գրեթե հավասար չափով: Այս մասին նշեց ԼՂՀ փոխվարչապետ Արարատ Դանիելյանը՝ փետրվարի 22-ին հանրապետության զանգվածային (ոչ պաշտոնական) լրատվամիջոցների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Կարեւորելով մամուլի դերը երկրի ժողովրդավարացման գործընթացների հետագա խորացման, ազատ խոսքի, անկաշկանդ հրապարակայնության ապահովման բնագավառում, փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ ոչ պաշտոնական մամուլի համար հանրապետությունում հնարավորինս հավասար պայմաններ կստեղծվեն՝ ծավալելու արդյունավետ ու բեղմնավոր գործունեություն: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հասարակություն-մամուլ կապերի ամրապնդման անհրաժեշտության, «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ԼՂՀ օրենքում ամրագրված մի շարք սկզբունքային շեշտադրումների վերաբերյալ: Հնչեցին կարծիքներ՝ կապված դրամաշնորհների տրամադրման կարգի հստակեցման հետ, արվեցին մի շարք արժեքավոր առաջարկություններ:
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԶԻՆՎՈ°Ր Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ փետրվարի 24-ին քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտների ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպել էր «Մանկավարժ» հասարակական կազմակերպությունը: Միջոցառումը կրում էր «Ես հավատում եմ քեզ, զինվո°ր» խորագիրը: Ներկա էին «Մանկավարժ» ՀԿ անդամներ, ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ, գնդապետ Ռոբերտ Բաղրյանը, քաղաքապետարանի ԿՄՍԶ բաժնի պետի տեղակալ Կարինե Հարությունյանը, նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը, ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ: Պատանի նկարիչներն իրենց աշխատանքներում արտացոլել էին զինվորի բարձր կոչման էությունը, սերն ու նվիրվածությունն առ հայրենիք: Ուշագրավ է, որ նկարներում գերակշռող մոտիվը խաղաղությունն է, տուն վերադարձող զինվորի կերպարը: Մեզ հետ զրույցում գնդապետ Ռ. Բաղրյանը ողջունեց նման միջոցառման անցկացումը և բարձր գնահատեց մրցույթի մասնակիցների աշխատանքները. «Վստահ եմ, որ այս երեխաները բարձր կպահեն իրենց հայրենիքի պատիվը: Այն հողերը, որ մենք ազատագրել ենք մեր արյան գնով, նրանք կպահպանեն սրբությամբ: Դրա ապացույցը հենց պատանի նկարիչների այս մրցույթն է: Երեխաները պատկերացնում են զինվորի կոչման էությունը, նրա առջև ծառացած խնդիրները: Ես տեսնում եմ, որ այս երեխաները քաջ գիտակցում են, որ մեր հայրենիքը մենք պետք է պաշտպանենք»: Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ աչքի ընկած հինգ մասնակիցներ պարգևա-տրվեցին արժեքավոր նվերներով: Առաջին տեղը գրավեց Արամ Նուրինջանյանը, երկրորդ տեղը՝ Հարութ Հովսեփյանը, իսկ երրորդ տեղը՝ Արտակ Մարտիրոսյանը: ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի կողմից հատուկ նվերի արժանացավ Հարութ Հարությունյանը: «Մանկավարժ» ՀԿ նախագահ Արտակ Ղուլյանը նշեց, որ իրենք այսուհետ եւս նման ծրագրեր կիրականացնեն: Իրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԺԿ-Ն «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը փետրվարի 27-ին Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցում կազմակերպել Է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես նախկին ԱդրԽՍՀ հայության իրավունքների երաշխավոր» թեմայով «կլոր սեղան»: Քննարկմանը մասնակցել են հանրապետության քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու պետական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ: Սեփ. լրատվություն
հայրենական ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ Թանկագին հայրենակիցներ: Ադրբեջանի հետևողական քաղաքականության, դիվանագիտական ու քարոզչական նպատակաուղղված պայքարի շնորհիվ, ինչպես նաև Հայաստանի քաղաքական վերնախավի թողտվությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը վերաձևվել է հայ-ադրբեջանական հակամարտության: Հայաստանյան ղեկավարությունը ԼՂՀ-ի փոխարեն մասնակցելով բանակցություններին, Արցախը դարձրել է տարածքային վեճ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս ենթատեքստում Ադրբեջանի համար մեծ դժվարություն չէր հայկական բանակը միջազգային ատյաններում և զանազան փաստաթղթերում գրանցել որպես ագրեսոր, ազատագրված տարածքները՝ «գրավյալ տարածքներ» և այլն: Հայ դիվանագիտության պարտվողական կեցվածքի պատճառով պատերազմ սանձազերծող կողմը՝ Ադրբեջանը, միջազգային հանրության համար դահճից ու ագրեսորից վերածվել է զոհի, պահանջատերի: Ի պատասխան հակառակորդի կողմից զօրուգիշեր հնչող հակահայկական հիստերիայի և ատելության առ հայ ժողովուրդը, հայ քաղաքական գործիչները հանդես են գալիս տարածքներ հանձնելու, ադրբեջանցի փախստականների վերադարձի և Արցախում 15 տարի հետո կրկին հանրաքվե անցկացնելու հայտարարություններով: Արդյունքում՝ միջազգային միջնորդական կազմակերպություններում «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում» անվան տակ շրջանառվում են փաստաթուղթ-փաթեթներ, որոնց իրականացումն ի վերջո հանգեցնելու է Արցախի կորստին: Փոխզիջում անվան տակ, որ նշանակում է զիջումներ բացառապես հայկական կողմից, փորձ է արվում հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով ձեռք բերված Հաղթանակը մաս առ մաս զիջել թշնամուն: Այսօր ոչ մի խոսք չի գնում Գետաշեն-Շահումյանի և հայկական մյուս գերված բնակավայրերի մասին, բայց ամենայն մանրամասնությամբ խոսվում է ազատագրված տարածքները (Դաշտային Ղարաբաղը, որ մեզ համար հայրենի հող է, կենսատարածք և հետո՝ նաև անվտանգության գոտի) վերադարձնելու մասին: Հայաստանյան քաղաքական մթնոլորտում սխալմամբ այն կարծիքն է շրջանառվում, որ այդ տարածքների հանձնումը նշանակում է խաղաղության և անվտանգության երաշխիք: Մենք՝ արցախցիներս, 7 տասնամյակ շարունակ մեր մաշկի վրա զգացել ենք Ադրբեջանի նմանատիպ «երաշխիքների» արժեքը: Թշնամին կարճ ժամանակում այդ տարածքները կրկին կդարձնի ռազմական հենակետեր՝ Արցախի վրա նոր հարձակում սկսելու համար (անշուշտ, եթե մինչ այդ չկարողանա փախստականների ու հանրաքվեի շնորհիվ «ետ բերել կորցրածը»): Իսկ հաղթողին չեն դատում, հատկապես երբ տեր են կանգնում այդ հաղթանակին: Ո՞վ է այսօր հիշում Սևրի պայմանագիրը: Արևմուտքը մի քանի դատապարտող հայտարարություններ կանի և՝ վերջ: Այսօր միջազգային միջնորդական ատյաններում չի խոսվում նաև Ադրբեջանի հայաբնակ բնակավայրերից մազապուրծ փախած 400 հազար հայ փախստականների մասին: Փոխարենը խոսվում է Արցախից հեռացած 40 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, ովքեր զենքը ձեռքներին, իրենց եղբայրակից ասկյարների հետ, Արցախի ողջ տարածքը դարձրել էին մարտադաշտ: Ասել է թե՝ Շուշիի բարձունքից Ստեփանակերտն ու արցախյան մյուս բնակավայրերը հրթիռահրետակոծող «խաղաղ բնակիչները» պիտի վերադառնան և կրկին վտարանդի դարձնեն իրենց իսկ ազգակիցների ձեռքով Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից վտարված, ջարդերից մազապուրծ փրկված մեր հայրենակիցներին... Միանգամայն պարզ է, որ 400 հազար հայ փախստականներից ոչ մեկն այլևս չի ցանկանա կրկին վերադառնալ այնտեղ, որտեղ կացնով, քար ու մահակով մարդ են մորթում: Ուրեմն, բնականաբար, ոչ մի խոսք չպիտի լինի նաև հայերի հանդեպ մինչև ուղնուծուծը ատելությամբ ու թշնամանքով ներարկված ադրբեջանցի 40 հազար փախստականների վերադարձի մասին: Ինչ մնում է 10-15 տարի հետո Արցախում անցկացվելիք հանրաքվեին, ապա ղարաբաղցիները միանշանակ դեմ են դրան, և հասկանում են, որ դրա նպատակն է այստեղ վերադարձնել ադրբեջանցիներին (անկասկած առնվազն կկրկնապատկեն նրանց թիվը, և դժվար չէ գուշակել, թե 10-15 տարի հետո որքան ազերի ընտրողներ կլինեն Արցախում) և նրանց շնորհիվ Ղարաբաղը վերջնականապես դարձնել ադրբեջանական... Սիրելի հայրենակիցներ, արցախյան պատերազմում մենք հաղթել ենք, որովհետև դուք և Սփյուռքը եղել եք մեր թիկունքում, բազմաթիվ ձեր զավակներ մեզ հետ կյանքի ու արյան գնով պաշտպանել են հայկական այս հողը: Այսօր երևանյան որոշ «գործիչներ» Արցախն ու արցախցիներին նույնացնելով հայաստանյան որոշ բարձրաստիճան անձանց հետ, իրենց ատելությունն ուղղելով այն ամենի դեմ, ինչ ղարաբաղյան է, փորձում են սեպ խրել հայ ժողովրդի երկու հատվածների միջև: Ղարաբաղը նախ և առաջ Մուրացանն է, Լեոն, Սարդարապատի հերոսներ Փիրումյան եղբայրները: Ղարաբաղը արցախյան ազատամարտի հազարավոր նահատակների ու անհայտ կորածների, վիրավորվածների ու հաղթանակած զինվորների ընտանիքներն են, ազնիվ ու արդար քրտինքով օրվա հաց վաստակող, այսօր իրենց օջախները հայեցի պահող բազմահազար ղարաբաղցիները... Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ բանալին բանակցություններում արցախյան կողմի մասնակցության մեջ է: Եթե ԼՂՀ-ն, որպես երկու հիմնական հակամարտող կողմերից մեկը, մասնակցի այդ բանակցություններին, ապա Ադրբեջանն այլևս չի կարող շահարկել «տարածքային ամբողջականության» սկզբունքը, որովհետև Ղարաբաղը երբեք չի եղել ինքնիշխան Ադրբեջանի կազմում (որն, ինչպես գիտեք, Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ): Ինչ մնում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ապա նույն կերպ նա հոխորտում էր նաև 1988-90 թվականներին, բայց արդյունքում՝ դուրս է շպրտվել ոչ միայն Արցախից, այլև կորցրել է ռազմական հենակետերի վերածած 7 շրջան ևս: Ղարաբաղյան հակամարտությունը պիտի լուծեն ոչ միայն և ոչ այնքան իշխանությունները, որքան հայ ժողովուրդն ամբողջությամբ, միայն ժողովրդի գիտակցական կամքով կարելի է հայեցի պահել Արցախը: Հայրենակիցներ, ահա թե ինչու այսօր առավել շատ մենք զգում ենք ձեր բարոյական աջակցությունը: Ղարաբաղի հաղթանակը ոչ միայն ղարաբաղցիներիս, այլև ողջ հայ ժողովրդի հաղթանակն է: Հիշենք Արցախի հերոս Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը»...
ԳԱԼՅԱ
ԱՌՍՏԱՄՅԱՆ - ԼՂՀ զոհված ազատամարտիկների ծնողների միության նախագահ Ստեփանակերտ, 23 փետրվարի 2006 թ.
ՀԱՏՎԱԾ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ ՆԻՍՏՈՒՄԱԻՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆԻ ԽՈՍՔԻՑ Արցախեան հարցի մասին: Մեզ համար շահեկան կարգավորման ամենալուրջ խոչընդոտը եղել է եւ մնում է արցախակենտրոն մտածելակերպը: Արցախակենտրոն նշանակում է, ամեն ինչի հիմքում Արցախն է, Արցախի խնդիրը մեր գէրխնդիրն է եւ այլն, եւ այլն: Եւ դա գէրագոյն խոչընդոտն է Արցախի հարցի լուծման ճանապարհին: Արցախի հարցը հենց սկզբից պետք է ընկալվեր որպես ռուս (կոմունիստ)¬թուրքական դաւադրութեան հետեւանք, սակայն այն (առանց Նախիջեւանի) դարձավ ոչ միայն հայ ադրբեջանական հարաբերութիւնների հիմնական խնդիր, այլեւ հայ թուրքական հակառակութեան առանցք: Եթե մենք հայ ադրբեջանական հարաբերութիւններ ենք քննարկում, ապա այդտեղ անպայման պետք է ներառված լինի նաեւ Նախիջեւանը: Եթե առանձին քննարկում ենք Արցախի հարցը, ապա դա ինքնորոշման հարց է: Մինչդեռ տեսնում ենք, որ հայ ադրբեջանական հարաբերութիւնները խախտուած են, իսկ Թուրքիան էլ Հայաստանի սահմանը փակել է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը պահանջում է ցեղասպանութեան հետեւանքների վերացում, այլ փակել է, որովհետեւ հայերս «օկուպանտ» ենք: Սա արցախակենտրոն մտածելակերպի բացասական հետեւանքն է: Արտառոց վիճակ է մի ազգի համար, որը գերխնդիր ունի 1915¬ 1923թթ. ցեղասպանութեան հետեւանքների վերացումը: Սա է մեր գերխնդիրը, որի մէջ մտնում է նաեւ Արցախի հարցը: Մինչդեռ մեզ ստիպեցին մանրանալ եւ ոչ թէ մեծից գնալ փոքրին, ռազմավարականից՝ մարտավարականին, այլ մարտավարականը գէրխնդիր հայտարարել: Ժամանակին հենց այդ նպատակով էլ Արցախն ու Նախիջեւանը տրված էին Ադրբեջանին, որ երբ հայերս կամենանք անկախանալ, հիշում եք, հին դարերում պատանդ էին վերցնում, հիմա դրանք պատանդ էին վերցուած եւ հանուն պատանդի քայլեր ձեռնարկողը երբէք հաջողութեան չի հասնում նաեւ հենց պատանդի հարցում: Այսպիսով՝ մենք շատ ենք հապաղել, շատ ենք ետ մնացել եւ այսօր մեզ համար ելքը իսկապես իշխանափոխութիւնն է եւ իշխանափոխութեան հետ արտաքին քաղաքականութեան նոր ռազմավարութիւն ասպարեզ բերելն է: Մենք պետք է փոխենք մեր արտաքին քաղաքականութեան ռազմավարութիւնը, այս իշխանութիւնների հետ դա անել չի լինի, ոչ թէ այն պատճառով, որ վատն են, այլ իրենք այլ ռելսերի վրա են, պետք է ուղղութիւնը ամբողջապէս փոխել:
18
փետրվարի 2006թ.
կարգավորում ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԲԱՆԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ» Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը համոզված է, որ բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ: «Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում հայտարարեց Արկադի Ղուկասյանը: Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքով, բնական է, որ Ադրբեջանը շահագրգռված է բանակցել միայն Հայաստանի հետ, որովհետեւ «լավ քարոզչական էֆեկտ ունեն այդ ֆորմատից՝ հեշտ է ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր է, գրավել է Ադրբեջանի տարածքները»: «Ես մի բանաձեւ ունեմ. երբ Ադրբեջանը խոսում է միայն Հայաստանի հետ՝ զբաղվում է պրոպագանդայով: Իսկ երբ սկսի խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, ինձ համար ազդանշան կլինի, որ Ադրբեջանը փորձում է հարցը կարգավորել», - նշեց Արկադի Ղուկասյանը: - «Ես հասկանում եմ՝ եթե Հայաստանը հրաժարվեց բանակցել Ադրբեջանի հետ, որոշ ժամանակ ընդհանրապես ոչ մի բան չի լինի: Եվ սա էլ վտանգավոր է, որովհետեւ Ադրբեջանը դեռ պետք է հասունանա էն ֆորմատին, որից մենք սկսել ենք»: «Ես գտնում եմ, որ եթե այսպես շարունակվի, եթե մենք տեսնենք, որ Ադրբեջանը իրոք որեւէ զիջումների պատրաստ չէ, մենք պետք է արդեն հարց դնենք, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, - շարունակեց Ղուկասյանը: - Երկրորդը՝ որ մենք Հայաստանի օգնությամբ փորձենք աշխատել ամբողջ աշխարհում՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար»: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հասարակությունները պատրաստ են կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ասաց. «Ստեղծված է անվստահության մթնոլորտ, չկա որեւէ շփում: Ադրբեջանում ամեն օր խոսվում է, որ «հայը մեր թշնամին է, մենք պետք է ուժով ազատագրենք մեր հողերը»... Այս ֆոնի վրա խոսել հարցի կարգավորման մասին՝ ես գտնում եմ, որ դա լուրջ չէ: Այս հարցը հնարավոր է կարգավորել միայն փոխվստահության մթնոլորտում»:
Կարինե
ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
ԲՈԼՈՐԸ ՍԽԱ՞Լ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ Ըստ երեւույթին Վարդան Օսկանյանի մոտ ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս վառ արտահայտված տեքստաբանական գիտելիքներ, եւ նրան թվում է, թե ինքն ավելի լավ է ընկալում այս կամ այն տեքստը (խոսքը), քան Հայաստանի բոլոր ԶԼՄ-ները միասին վերցրած: Մեկնաբանելով ԼՂՀ նախագահի՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցը, որում վերջինս նշել էր, թե բանակցային գործընթացին ԼՂ-ին միանալու միայն մեկ ձեւ կա՝ Հայաստանի հրաժարումը Ադրբեջանի հետ բանակցելուց, Օսկանյանը երեկ, մասնավորապես, հայտարարել է. «Մենք ծանոթ ենք ԼՂՀ նախագահ պարոն Ղուկասյանի ասածներին եւ կարծում ենք, որ հայկական մամուլի խորագրերն այնքան էլ ճիշտ չեն մատուցում նրա ասածների էությունը»: «Առավոտ», 23 փետրվարի
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ - ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ - Ղարաբաղի դիրքորոշման նպատակի համատեքստում /որը նպատակաուղղված է Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը/ ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ անմիջական բանակցությունները շատ ավելի բնական եւ նպատակահարմար են: Ղարաբաղը ունի բանակցություններին մասնակցելու համար բավական կոնցեպտուալ պաշար: Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ - ԼՂՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» խմբի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար - Նման մոտեցումն ինքնին նպատակաուղղված է տարածաշրջանում ղարաբաղյան գործոնի ամրապնդմանը: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործում Հայաստանի դերին, ապա ՀՀ-ն մի կողմից պետք է ըստ ամենայնի նպաստի, որպեսզի ԼՂՀ-ն հանդես գա որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, իսկ Ղարաբաղն էլ՝ բանակցությունների օբյեկտից վերածվի սուբյեկտի, մյուս կողմից՝ ՀՀ-ն պիտի հանդես գա որպես ԼՂՀ ժողովրդի անվտանգության եւ անկախության երաշխավոր: Մասնավորապես, ցանկալի ու նպատակահարմար է, որ մինչ խնդրի քաղաքական կարգավորումը ՀՀ ԱԺ-ն որոշում ընդունի ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման նպատակով այստեղ ՀՀ զինված ուժեր տեղաբաշխելու մասին՝ ղարաբաղյան կողմի համապատասխան նախաձեռնության դեպքում: Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ - ԼՂՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» խմբի անդամ - Այս թեման ղարաբաղյան հանրությունում շատ է քննարկվել վերջին շրջանում, ընդ որում խոսքը գնում էր ոչ թե բանակցային գործընթացին Հայաստանի մասնակցելու կամ չմասնակցելու, այլ ղարաբաղյան կողմի պարտադիր մասնակցության մասին, եւ առաջարկվում էր հստակեցնել այդ գործընթացում երկու հայկական պետությունների իրավասությունների շրջանակը: Հայաստանը շահագրգիռ կողմ է եւ, բնականաբար, իրեն առնչվող հարցերի շրջանակում պիտի մասնակցի բանակցություններին՝ որպես ԼՂՀ ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավոր, այստեղից բխող հարցերի շրջանակով եւ պատասխանատվության չափով: Ղարաբաղյան կողմը ոչ միայն իրավասու է մասնակցելու բանակցային գործընթացին՝ իր ճակատագրին առնչվող հարցերում, այլեւ պարտավոր է այդ հարցերում ստանձնել պատասխանատվության իր բաժինը: Արպատ ԱՎԱՆԵՍՅԱՆ - «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ - LՂՀ քաղաքական վերնախավը լուրջ գործոն է դարձել, եւ Ղարաբաղի ղեկավարությանը բանակցային գործընթացից դուրս թողնելը ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող: Ա.Ղուկասյանը փորձված քաղաքական գործիչ է եւ ճիշտ պահ է ընտրել հայտարարության համար: Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆ - «Բարոյական վերածնունդ» կուսակցության ղեկավար, «Ինչ անել» թերթի խմբագիր - Դա պետք է ասվեր եւ գործեր 1997 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Կոպենհագենում ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ասել է. «Խաղաղարար ջանքերին խոչընդոտող լուրջ գործոն է հանդիսանում Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հետ անմիջական բանակցությունից հրաժարվելը: Ավելին, Ադրբեջանը չի ցանկանում Ղարաբաղին ճանաչել որպես լիիրավ կողմ՝ նույնիսկ վերջինիս կարգավիճակի մասին բանակցություններում: Ի հակակշիռ դրա, չի կարելի չնշել, որ նախկին Խորհրդային Միության տարածքում առաջացած հակամարտություններում հակամարտող բոլոր կողմերի ղեկավարները վարել եւ վարում են անմիջական բանակցություններ: ԵԱՀԿ-ն պետք է հստակ պահանջի՝ կարգավիճակի խնդիրներին վերաբերող բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի՝ որպես լիիրավ կողմի անպայման մասնակցությունը, այլապես, առանց նրա մասնակցության այդ հարցով ոչ մի պայմանավորվածություն չի կարող ձեռք բերվել: Այս հայտարարությունը պետք է հնչեր ոչ թե դեկտեմբերին, այլ նույն տարվա մարտին, երբ Բաքուն սկսեց խստացնել իր դիրքորոշումը, իսկ մենք՝ նահանջել: Գոնե Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո... Մանավանդ որ նա հեռացել է՝ անթույլատրելի քայլերի ցանկության մեջ մեղադրվելուց հետո: Կորցրած դիրքերի եւ սկզբունքների վերականգնման իդեալական պահ էր: Եւ դա Ա.Ղուկասյանի մեղավորությունը չէր: Դա Հայաստանի ղեկավարության մեղքն էր: Ինչո՞ւ հիմա այդպիսի կտրուկ ելույթ է ունեցել ԼՂՀ նախագահը: Որովհետեւ մոտեցել ենք ֆինիշին՝ մտածելու համար բաց թողնված լիմիտն ավարտման եզրին է, Հայաստանի ղեկավարությունն իրապես զգում է միջազգային հանրության կողմից աճող ճնշումը: Այն հայտնվել է երկու կրակի միջեւ. եթե գնաս հասարակության կարծիքին հակառակ՝ կարժանանաս Լ.Տեր-Պետրոսյանի ճակատագրին, բռնել միջազգային հանրության հետ դիմակայության դիրքորոշումը՝ աղքատ երկրի նախագահի ուժերը չեն հերիքի, առավելապես՝ լավագույն դեպքում 15 տոկոս ռեալ վարկանիշ ունեցող նախագահի: Ինչ վերաբերում է Ա.Ղուկասյանին, նա միշտ հայտարարել է, որ առանց Ղարաբաղի մասնակցության ոչինչ չի ստացվի, սակայն այս անգամ նա առաջ է քաշել կոնկրետ առաջարկ՝ որպեսզի ԼՂՀ-ն կարողանա զբաղեցնել իր տեղը, Հայաստանը պետք է հրաժարվի իր տեղից: Եւ դա հիմք է հանդիսացել իմ վերլուծության, չէ որ առանց ՀՀ նախագահի հետ համաձայնության՝ նման հայտարարությունը Ա. Ղուկասյանի կողմից ոչ կոռեկտ կլիներ: Հայաստանը մի կողմ չի քաշվի, քանի որ նրան չեն թույլատրի դա անել: Պահը բաց է թողնվել, այն հնարավոր էր կատարել Ռ. Քոչարյանի նախագահության առաջին շրջանում:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՏԵՂՆ ՈՒՆԻ, ՂԱՐԱԲԱՂՆ՝ ԻՐ Մենք բանակցային գործընթացի արդյունավետությունը կապում ենք մի շարք գործոնների հետ, այդ թվում կապում ենք նրա հետ, որ բանակցային գործընթացը լիարժեք կդառնա, եթե դրան մասնակցեն բանակցային բոլոր կողմերը: Բայց սա չի նշանակում, որ Հայաստանի դերը պետք է նսեմացվի: Հայաստանը շատ մեծ դեր է կատարել: Երկու ծայրահեղություններից պետք է խուսափենք: Հայաստանը չի կարող փոխարինել Ղարաբաղին: Ղարաբաղն էլ չի կարող փոխարինել Հայաստանին: Ամեն մեկն իր տեղն ու դերակատարումն ունի: Հայաստանը պետք է իր մասնակցությունն ունենա ամբողջ պրոցեսի մեջ՝ որպես երաշխավոր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման:
Արմեն
ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԽԱԼ ԵՆ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ 1998 թվականից հետո մեթոդոլոգիական երկու սխալ են իշխանությունները թույլ տվել: Փոխվել է բանակցությունների ֆորմատը, եւ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից: Ես սա համարում եմ իշխանությունների սխալ քաղաքականության հետեւանք: Եվ երկրորդը՝ փոխվել է հարցադրումը: Ըստ էության, իշխանությունների մեղքով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ինքնորոշման իրավունքից այժմ մեկնաբանվում է որպես տարածքային վեճ: Եւ այս պարագայում, բնականաբար, Հայաստանը պետք է դիտարկվեր ագրեսոր, որպես Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունեցող երկիր: Եւ Արկադի Ղուկասյանի հայտարարությունները պետք է մեկնաբանել հենց այս կոնտեքստում: Կարծում եմ, որ նա շեշտադրումը կատարել է հենց այն հանգամանքի վրա, որ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղը պետք է համարվի կողմ: Ընդ որում, դա կարելի է ասել տարբեր վարիացիաներով, բայց վերջին հաշվով ես համաձայն եմ Արկադի Ղուկասյանի այն հարցադրման հետ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ: Բնականաբար, դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ, իսկ ամբողջ կոնֆլիկտի պատմությունն այն է, որ կոնֆլիկտը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ գործող օրենքներով Ղարաբաղը ինքնորոշվել է եւ դրանից հետո Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այսինքն՝ Ղուկասյանի հարցապնդումը ինձ համար միանշանակ ընդունելի է: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից, դրա կարիքը չկա: Մի փոքր համեմատություն: Եթե Քվեբեկի ֆրանսիացիները փորձում են ինքնորոշվել Կանադայում, շատ տրամաբանական է, որ Ֆրանսիան աջակցում է Քվեբեկի ազգաբնակչությանը: Ուրեմն, շատ տրամաբանական է, որ ՀՀ-ն իր բոլոր հնարավորություններով աջակցում է եւ փորձում է տեր կանգնել Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքին, քանի որ նրանք ինքնորոշվել են իրենց պատմական հայրենիքում: Ղուկասյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ ՀՀ ղեկավարության եւ ԼՂՀ ղեկավարության միջեւ պրոբլեմներ գոյություն ունեն: Պատահական չէ, գուցե հատկանշական, որ Քոչարյանը Փարիզյան հանդիպումից հետո Ղուկասյանի հետ հանդիպում չի ունեցել: Կարծում եմ, որ նա պետք է հանդիպեր եւ բանակցություններից առաջ, եւ հետո: Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ - ՍԻՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր - Լիովին կիսում եմ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է հրաժարվի ԼՂ հիմնախնդրի բանակցություններից, որպեսզի Ադրբեջանը սկսի բանակցել Ղարաբաղի հետ: Արցախահայությունը պետք է կանգնի իր նախագահի թիկունքին: Վստահ եմ, որ Արցախում խնդիրն այս կամ այն չափով կլուծեն, իսկ Երեւանն այդ ուղղությամբ ոչինչ չի անում: Արցախի անկախության գաղափարը Հայաստանում չի ծնվել, այն ներմուծվել է Հայաստան՝ Արցախը ՀՀ-ից որոշակի հեռավորությամբ անջատելու համար: Եթե ժամանակին իրականացվեր վերամիավորված երկրի տարբերակը, ապա մենք ավելի մեծ հաջողություններ կունենայինք: Արամ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ - ՀԴԿ նախագահ - Ես ուզում եմ ողջունել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ վաղուց սպասված դիրքորոշումը: ԼՂՀ ղեկավարն, իրոք, պետք է հե°նց այսպես արտահայտվեր, որովհետեւ բանակցային պրոցեսը, եթե դա կարելի է բանակցային անվանել, կսկսվի միայն այն պահից, երբ այնտեղ ներկայացված լինեն ԼՂ ներկայացուցիչները, երբ նրանց մասնակցությամբ ձեւավորվեն հարցի կարգավորման աշխատանքային խմբեր: Ճանաչելով երկու կողմերին (ՀՀ եւ ԼՂ իշխանություններին), տեղյակ լինելով« թե ինչպիսի տրամադրություններ են տիրում ԼՂ-ում հասարակության եւ ղեկավարների շրջանում՝ կարող եմ միանշանակ ասել, որ սա պայմանավորված քայլ չէ: Սա ինքնուրույն քայլ է, որի դրդապատճառների մասին կարող եմ ենթադրել: Բանն այն է, որ վերջին տարիների ընթացքում արդեն քանի անգամ Ա. Ղուկասյանն ակնարկում էր, որ առանց ԼՂ-ի՝ բանակցությունները որեւէ արդյունքի հասնել չեն կարող: Ակնարկելով դրա մասին՝ նա նաեւ ակնկալում էր, որ Հայաստանը անպայման կպնդի բանակցություններին ԼՂ մասնակցության հարցը կամ կհրաժարվի առանց ԼՂ-ի բանակցելուց: Այդ ակնարկները Հայաստանում չընկալվեցին: Միաժամանակ ԼՂ ղեկավարության համար պարզ դարձավ նաեւ, որ Քի Ուեսթից սկսած մինչեւ Ռամբույեում տեղի ունեցած «բանակցություններում» հակամարտող կողմերին առաջարկված ոչ հայանպաստ տարբերակները չեն ընդունվել բացառապես Ադրբեջանի ղեկավարության կողմից, որոնք մշտապես պահանջել են հարցը լուծել միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մինչդեռ ՀՀ իշխանությունները այդ առաջարկներին սկզբունքորեն դեմ չեն եղել: Գնահատելով այդ իրավիճակը՝ ԼՂ իշխանությունները շատ կոշտ դիրքորոշում ընդունեցին՝ հասկանալով, որ հակառակ դեպքում կարգավորման սկզբունքները համաձայնեցվելու են առանց իրենց՝ ԼՂ-ի մասնակցության: Վ. Օսկանյանն ասում է՝ երբ մենք սկզբունքների շուրջ համաձայնության գանք, նոր ԼՂ-ին բանակցություններին մասնակից կդարձնենք: Հարց՝ եթե դուք եք սկզբունքները համաձայնեցնելու« էլ ինչի՞ մասին է բանակցելու ԼՂ-ն:
հասարակություն ՈՐՊԵՍԶԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՓԵԱՓ ՉԽՓԻ 1988 թվական, փետրվար: Հրաբխի պես պոռթկացել էր Արցախի ողջ ժողովուրդը: Դա երևի երկրամասի պատմության մեջ նախադեպը չունեցող մի բռնկում էր, համազգային մի շարժում, որի նպատակն ազատության ու անկախության ձգտումն էր, իսկական ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ստեղծումը: Շարժմանը մասնակցում էին բոլորը՝ մեծն ու փոքրը, երիտասարդն ու տարեցը, մտավորականն ու հողի մշակը, ինժեներն ու բանվորը, բժիշկն ու շինարարը, գիտնականն ու ուսանողը... Նպատակը մեկն էր, բոլորն էլ նույն նշանակետին էին խփում: Պատմության մեջ հազվադեպ երևույթ էր սա. մի ամբողջ ժողովուրդ հանդես էր եկել որպես ամենահարազատներից բաղկացած մի ընտանիք, մարդկանց ամենօրյա բառապաշարից կարծես վերացել էին «իմն» ու «քոնը», մնացել էին միայն «մերն» ու «մունքը»: Ով ինչ ուներ՝ ամենքինն էր, բոլորինը, ժողովրդինը: Մեկի տանը եղած մի բուռ ալյուրը նաև հարևանինն էր: Մի կտոր հացն անպայմանորեն կիսում էին՝ առանց դիմացինին ճանաչելու: Մարդիկ միասին էին ճաշակում բոլոր տեսակի ուրախությունները, միասին էին սգում վիշտն ու դառնությունները, ցանկացած կորուստ միայն «իմն» ու «քոնը» չէր, այլ ողջ ժողովրդինը: Այդպես չլիներ, չդրսևորվեր այդ միակամությունը՝ մենք չէինք դիմանա, ի վիճակի չէինք լինի դիմագրավել այն ամենին, ինչ կիրառվել է մի բուռ ժողովրդի նկատմամբ: Մենք չէինք հասնի մեր նպատակին: Արցախցիներն, այո, համբերատար ժողովուրդ են, նաև խելացի ու իմաստուն: Նա՝ ժողովուրդը, գերազանց գիտե, որ երկրի առջև կանգնած բազում հիմնահարցերի մեջ կարևորագույնը խաղաղության ապահովումն է, ղարաբաղյան հիմնահարցի լուծումը: Ահա թե ինչու տարիներ շարունակ նա ստիպված էր տանել բոլոր տեսակի նվաստացումները: Այն ժամանակ երևի թե յուրաքանչյուր արցախցի մտածում էր, որ ցուցաբերված աննախադեպ միակամությունից հետո երկրում պետք է տիրեն կարգուկանոնը, ամենուր պետք է իշխեն օրենքն ու արդարությունը: Դժբախտաբար, այդպես չեղավ: Մարդկանց սպասելիքները չարդարացան: Կյանքն ընթացավ միանգամայն այլ հունով: Չգնահատվեցին կամ ավելի ճիշտ՝ պատշաճորեն չգնահատեցին նրանք, ովքեր այդ իրավունքը նվաճել էին ժողովրդի ու երկրի համար ամենաճակատագրական պահերին: Դեռ ավելին՝ նմանների բախտն ու ճակատագիրը հանձնվեցին առավել ճարպիկներին, նրանց, ովքեր գրեթե ոչինչ չեն արել ժողովրդի համար, և ում միակ նպատակը գրաված պաշտոնական դիրքերի ամրապնդումն է: Այսօր մի իրականություն է ստեղծվել, որ մեր ժողովրդի ամենամոտիկ անցյալն անգամ երանելի է դարձել: Ժողովրդի անանց սխրանքի մասին մեր որոշ պաշտոնյաներ միայն ճառելու նպատակով են հիշում: - Հետո էլ գալիս են, թե՝ «բարեկամներ, հարազատներ»,- դառնությամբ կիսվում է ծանոթներիցս մեկը,- տո, ես քո ի՞նչ բարեկամն ու հարազատն եմ, երբ դու 300 հազար դրամ ես ստանում, իսկ ինձ 10-15 հազար ես տալիս... Կամ այս տարվա հունվարից իբր ավելացրել են կենսաթոշակների չափերը. 40-42 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների կենսաթոշակի չափն ավելացել է մոտ 800-1000 դրամով, այսինքն՝ խորհրդային ժամանակների մոտավորապես մեկ ռուբլու չափով. մի՞թե նվաստացուցիչ չէ սա... Այսօր այն տպավորությունն է ստեղծվում, թե մեր բառապաշարից վերացել են «մարդկային բարոյականությունը», «կարեկցանքն ու գութը», «ընկածին ձեռք մեկնելը», նմանատիպ այլ արտահայտություններ: Դրանց փոխարեն հիմա ավելի շատ գործածական են դարձել «խլելն ու թալանելը», «տիրանալն ու իշխելը», «անարդարությունն ու օրինախախտությունը», «կոխկրտելն ու վիրավորանքը»... Դժվար է ըմբռնել, թե ինչու արցախցիներս կարողացանք այսքան շուտ մոռացության մատնել մեր աչքով իսկ տեսածը: Մի՞թե մենք իրավունք ունենք մոռանալու մեր ժողովրդի այն քաջազուն զավակներին, որոնց արյունով է ներկված Արցախ աշխարհի յուրաքանչյուր թիզ հողը: Մեր հերոս նահատակների շատ այրիներ ու մայրեր, նրանց երեխաներից շատերն այսօր խղճուկ պայմաններում են ապրում, աղքատության մեջ: Այսօր օրենքներ են ընդունվում, որոնց մի մասը չի կատարվում, այսօր պարգևներ են սահմանվում, որոնց հաճախ արժանանում են նրանք, ովքեր իրենցից ու իրենց մերձավորներից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Մեր ազնիվ, հայրենիքին նվիրված մարդկանցից ոմանք այսօր խաղալիք են դարձել նրանց համար, ովքեր ձեռքները գրպանները դրած՝ սպասել են հարմար պահի, որպեսզի մեյդան գան ու աթոռներ նվաճեն, որպեսզի «այս ո՞ւմ հոտն է, ո՞ւմ նախիրը, այս ո՞ւմ արտն է, ո՞ւմ խանութը, ո՞ւմ ճաշարանն ու ռեստորանը, ո՞ւմ խաղատունն ու հյուրանոցը» հարցերին մարդիկ պատասխանեն. «Չախ-Չախ թագավորինն են»: Ժողովուրդն, այո, լավ գիտե, որ հասարակությունն իր սոցիալական կազմով միատարր չի լինում ու միշտ էլ ուրախացել ու հպարտացել է հայազգի բոլոր հարուստներով՝ աշխարհի որ ծագում էլ ապրելիս լինեն նրանք: Մարդկանց մտահոգում է այն, թե այսօր մեզ մոտ ով ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, ո՞ւմ հաշվին է կուտակում իր հարստությունը, թե ո՞վ է այսօրվա օրինախախտը, եթե ոչ իրենք՝ մեր որոշ պաշտոնյաներ ու օրենսդիրներ: Եվ մի՞թե նաև նրանց մեղքով չէ, որ չեն նոսրանում աղքատների շարքերը եւ մերկ ու սոված երեխաների թիվը, որ չի նվազում գործազուրկների ու արտագաղթողների քանակը... Ժողովուրդը հսկայական ուժ է, և նա է երկրի միակ տերը: Պիտի ճիշտ գնահատել այդ ուժը: Իսկ ճիշտ գնահատել ժողովրդին՝ նշանակում է հոգալ նրա մասին, այնպես վարվել, որպեսզի այդ համբերատար, ամենածանր պայմաններին անգամ անտրտունջ հարմարվող, երկրին ու հայրենիքին այնքան տաղանդներ տվող ժողովուրդն ափեափ չխփի, չալեկոծվի, որպեսզի նոր ցնցումների տեղիք չտրվեն (որից, որպես օրենք, նորից մի բուռ մարդիկ պիտի օգտվեն): Չէ՞որ մենք դեռ շատ ճանապարհ ունենք միասին անցնելու, իսկ կես ճանապարհին կանգնելու իրավունք երևի ոչ ոք չունի, մանավանդ՝ Արցախի ժողովուրդը: Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆ
ՄԵԾ ՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ՋՈՋԵՐԸ Անշուշտ, մեզանից շատերը Աստծո գրեթե ամեն օր փողոցում հանդիպում են անտուն-անօթևան, սոված-ծարավ, գրպանները բոլորովին դատարկ մարդկանց, որոնց պատառոտված շորերի քղանցքների արանքով միջանցիկ քամին է անցնում: Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնց մենք բոլորս արդեն սովորել ենք մուրացկան կամ թափառաշրջիկ անվանել, արդյո՞ք նրանք իրենց ցանկությամբ են դրսում գիշերում և որտե՞ղ պիտի գտնել այս հարցերի պատասխանները: Փողոցում հայտնվածներից ոմանք իրենց անմտության պատճառով են այս սարսափելի վիճակին հասել՝ բավարար կրթություն եւ հնարամտություն չեն ունեցել, որպեսզի դասավորեն իրենց իսկ կյանքն այնպես, ինչպես երբևէ երազել են: Մի՞թե նրանք երբևէ չեն երազել կամ երազում, մի՞թե նրանք զուրկ են մարդուն յուրահատուկ այս հատկանիշից: Ոչ, բնավ, նրանք ևս երազել և շարունակում են երազել: Մինչդեռ նույն կեղտոտ անկյունում են քնում, դարձել են «մեծ քաղաքի փոքր ջոջերը», որոնք ոչ ոքի պետք չեն: Մարդ Աստծո, կողքովդ քանի անգամ մուրացիկներ անցած կլինեն, երբևէ փորձե՞լ ես իմանալ այն դրդապատճառները, որոնք նրան այդ վիճակին են հասցրել: Ոչ, իհարկե: Եվ գրեթե բոլորս ենք այդպես վարվում: Սարսռում ես, երբ նորածինը գրկին քեզ է մոտենում մայրը և մանկանը կերակրելու համար փող խնդրում: Գուցե ոմանք սենտիմենտալություն որակեն նկարագրածս սարսուռը, բայց կյանքն, իրոք, դաժան է: Եւ մենք էլ ենք դաժանացել: Մեկ այլ օրինակ բերեմ, ու փորձեք չսարսռալ: Պատառոտված շորերով, կիսաբոբիկ, հղի կինը մոտենում է ջահել աղջիկներին և հարսներին. - Մեկ ամսից ծննդաբերելու եմ: Կարո՞ղ է երեխան որևէ մեկիդ պետք գա: Խոսքեր, որոնք արգելակում են արյանդ շրջանառությունը, երակներումդ սառչում և քար է դառնում արյունը: Ոմանք կասեն՝ ի՞նչ իմաստ ունի այս ամենի վրա ուշադրություն բևեռել: Բայց, ախր, եթե չբարձրաձայնենք, ապա ինչպե՞ս կարող ենք մեր պետական այրերի ուշադրությունը հրավիրել նրանց վրա, ինչպե՞ս կարող ենք ստիպել, որ տնտեսական աճի մասին խոսելիս մեր պետական այրերը աչքի տակ ունենան նաև նկարագրածս մարդկանց: Ինչպե՞ս կարող ենք մեր համաքաղաքացիների ուշադրությունը ևս հրավիրել այս ամենի վրա: Բոլորիս պիտի մտահոգի մեր կողքին ապրող, մեր նյութական և հոգևոր օգնության կարիքը ունեցող մարդկանց վիճակը: Սակայն փաստ է նաև, որ այս մարդկանց կամ, ինչպես ռուսներն են անվանում՝ ոՏՎՋ-երից ոչ բոլորն են ֆիզիկապես անկարող աշխատելու: Շատ տատիկներ կան, որոնք ամսական ստանում են իրենց հասանելիք կենսաթոշակը, իսկ եթե լրացուցիչ փող է անհրաժեշտ, ապա ոչ թե փողոց են դուրս գալիս մուրալու, այլ իրենց «եկամտի» մի փոքր մասով մշակված արևածաղիկը արևին և ցրտին 25 դրամով վաճառում են՝ պատվով գոյատևելու համար: Բայց հաճախ մեզ հանդիպած մուրացիկներն ասում են. - Ես հաշմանդամ եմ: Ի վիճակի չեմ աշխատելու: Բայց չէ՞ որ պետությունը իր ուժերի ներածին չափով օգնություն է ցուցաբերում այս մարդկանց: Իսկ անօթևան, մուրացող հոգով ու մուրացող աչքերով մարդկանց շարունակում ենք հանդիպել: Ինչ խոսք, իշխանությունները պիտի մտածեն այս մարդկանց կարիքները հոգալու համար ավելին անելու մասին, բայց հարցի մյուս կողմն էլ կա՝ հանրությունը ևս չպիտի անտարբեր լինի նրանց նկատմամբ: Մինչդեռ մենք ևս անտարբեր ենք դարձել: Ասածս ապացուցելու համար մեկ այլ օրինակ բերեմ: Բոլորս էլ ականատես ենք լինում, թե ինչպիսի եռուզեռ է լինում մեր մայրաքաղաքի փողոցներում նոր ուսումնականի շեմին, երբ ամենուր գրենական պիտույքների տոնավաճառ է: Ահա այդպիսի մի օր մարդաշատ մի փողոցում մի ծերուկ հայտնվեց՝ արտաքին տեսքից երևում էր, որ միայն ոսկորն ու կաշին են մնացել և մաշված շորերը: Հանկարծ նա ուշաթափ ընկավ ճանապարհի կողքին՝ մայթից քիչ հեռու: Պատկերացրեք՝ երթուղային տաքսիների վարորդները և, առհասարակ բոլոր վարորդները, հանգիստ անցնում էին դեպքի վայրի կողքով, կարծես թե ոչինչ էլ չի պատահել: Նույնը՝ նաև անցորդներն ու գնորդները: Բայց ահա եթե մի ինչ-որ թանկարժեք, նոր մակնիշի մեքենա էին տեսնում՝ ուշադրություն էին դարձնում: Միայն մի ծաղկավաճառ կին մոտեցավ և փորձեց խեղճին ուշքի բերել: Ապա վերջապես մի «Լադա» մակնիշի մեքենա կանգնեց, վարորդը ծերուկին խցկեց մեքենան և տարավ: Այսինքն՝ մեկ-երկուսն ընդամենը գտնվեցին մարդկանց հոծ զանգվածի մեջ: Եթե նրանք էլ չլինեին, երևի ծերուկը իր հոգին կավանդեր հենց այդ մարդաշատ փողոցում: Ի՞նչ են մտածում այս ամենի մասին մեր համաքաղաքացիները. Դավիթ (զինվորական) - Ինձ համար շատ ցավալի է, որ «մուրացիկ» բառն ընդհանրապես գոյություն ունի: Ամեն անգամ խորը կսկիծ եմ զգում, երբ հանդիպում եմ նրանց: Շատ կուզենայի, որ այս «հիվանդագին երևույթը» երբևիցե իր բուժումը ստանա: Ալբերտ Միքայելյան (ուսուցիչ) - Եթե մեր շրջապատում կան այդպիսի մարդիկ, ապա մենք որևէ չափով ևս պետք է մեզ վրա մեղավորություն կրենք: Պետք է ազգովի կրենք մեզ հասանելիք խաչը: Մհեր (ուսանող) - Երևույթը, իհարկե, շատ տհաճ է և ոչ ցանկալի: Ես, օրինակ, ամառվա ընթացքում ականատես եղա, թե ինչպես «Լունա պարկ» կոչվող մանկական զբոսայգում երկու ամիս շարունակ հայրը, մայրը և 6-ամսական նորածինը քնում էին թերթով ծածկված գետնին: Ես պարզապես զարմանում եմ՝ մի՞թե 60 օրվա ընթացքում ոչ ոք չտեսավ այդ ընտանիքին: Ահա այսպիսի բաներ: Եւ համաձայն եմ զրուցակիցներիս հետ: ԱՄՆ-ի Կոնգրեսում կամ այլուր նստածներին չի հետաքրքրի, թե ԼՂՀ-ի փողոցներում կան մարդիկ, որոնք աղբարկղերից առանց այն էլ ոչինչ չմնացած սննդի մնացորդներով են սնվում: Մենք պիտի հոգանք նրանց մասին: Բոլորս: Նեցուկ լինենք նրանց, ովքեր անգամ մեր չնչին օգնությունից կարող են ժպտալ և երջանիկ լինել: Շուշան ԱՍԿԱՐՅԱՆ
ԴԱՐՁՅԱԼ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ցավալի է տեսնել մայրաքաղաքի փողոցներում թափառող և անցորդներից օգնություն խնդրող մարդկանց: Եվ որքան տհաճ է տեսնել, թե ինչպես են նրանք քրքրում աղբարկղերը՝ ինչ-որ բան գտնելու հույսով: Եթե փորձենք որևէ մուրացկանի հարցնել իր կյանքի մասին, նա, անկասկած, կասի, որ տարիներ առաջ լավ էր ապրում, որ պատերազմից հետո նա ստիպված «փայ է հավաքում»: Իհարկե, ես գիտեմ, որ պատերազմի պատճառով շատ մարդիկ անօթևան դարձան: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ մարդ պետք է կորցնի իր կամքի ուժն ու հավատը: Մի տհաճ երևույթ ևս. հաճախ հանդիպում ենք մուրացկանների, որոնք արտաքին տեսքից կույր կամ հաշմանդամ են ձևանում, բայց հենց որ նրանց մի քանի դրամ ես տալիս, իսկույն տեղից վեր են կենում ու շտապում օղի գնելու... Վերջերս մի օր մեր տան դուռը ծեծեցին, ներս մտավ մի կին՝ պատառոտված հագուստով և խճճված մազերով: Նա ասաց, որ իր որդին հիվանդանոցում է և խնդրեց որևէ բանով օգնել: Ես էլ ինչով կարող էի՝ օգնեցի: Սակայն այդ կինը հաջորդ օրվա նույն ժամին նորից եկավ՝ մի թուղթ ձեռքին, որտեղ գրել էր այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրեն: Այս անգամ նա ոչ թե խնդրում էր, այլ՝ պահանջում: Նա ինձնից փող էր պահանջում: Այս անգամ չկարողացա նրան օգնել, և նա անիծելով հեռացավ... Հետո իմացա, որ ոչ մի հիվանդ էլ գոյություն չունի: Սակայն մեր քաղաքում կան նաև ծեր կանայք, ովքեր ի վիճակի չեն աշխատելու, և նրանց գոյատևման միակ միջոցը մուրացկանությունն է: Դե, եկ ու իրական կարիքավորին տարբերիր խաբեբայից...
Տաթևիկ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
անհատ և հասարակություն ՄԻՄԻԿՐԻԱ Գիտական բացատրությամբ՝ միմիկրիան շրջապատի իրադրությանը հարմարվելու ընդունակությունն է, կենսական գոյերի նմանվումը այն միջավայրին, որտեղ նրանք ապրում և գործում են: Սա տարածված և լիովին տրամաբանական երևույթ է կենդանական ու բուսական աշխարհում. բազմաթիվ կենդանիներ ու բույսեր շատ արագ իսպառ կոչնչանան, եթե զրկվեն միմիկրիայի ինքնապաշտպանական կարողությունից: Միմիկրիան ծավալուն տեղ է գրավում նաև հասարակական կյանքում, ճիշտ է՝ այլ ձևով ու կատարմամբ, բայց պահպանելով բուն բովանդակությունը՝ հարմարվում և նմանվում, դարձյալ ի շահ ինքնագոյության, բայց արդեն ոչ թե պաշտպանելով ու զարգացնելով իր միջավայրը, այլ թուլացնելով ու գորշացնելով այն, մեծապես խոչընդոտելով առաջադիմությունը: Միմիկրիան այս կամ այն չափով բնորոշ է բոլոր ազգային ու պետական հանրություններին, բայց մեզ ներկա պահին հուզում է մեր հասարակական կացությունը, որ, դժբախտաբար, աչքի է ընկնում միմիկրիայի աննախադեպ ծավալմամբ ու խորացմամբ: Ներքաղաքական միմիկրիա: Այստեղ իշխող կայունությունը հազիվ թե տեղին է որակել իբրև առկա քաղաքական ուժերի նպատակային գործունեության արգասիք՝ համաձայնեցված քայլերով, թե առանձին-առանձին: Հաստատված կայունությունն առողջ ու հեռանկարային չես բնութագրի, այն գերազանցապես գործուն ընդդիմության բացակայության և իշխող քաղաքական վերնախավի ու նրան սատարող հիմնական կուսակցական ուժի (ԱԺԿ) միացյալ վարչական գործողությունների արդյունք է: Իշխանական մաս չունեցող քաղաքական խմբավորումները ներքին ցնցումների տեղիք չտալու գաղափարից դրդվա՞ծ, թե՞ անզորության հետևանքով համակերպվել-հարմարվել են հասարակական-քաղաքական ոլորտում էական դերակատարություն չունեցողի կարգավիճակին, այդպես մեծամասամբ կորցնելով հանրության վստահությունն ու համակրանքը: Ակտիվ և համեմատաբար գործնական հարմարվողական ձև է կիրառում լոկ մեկ քաղաքական ուժ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որ դուրս չգալով վերին իշխանական վերահսկողության խաղի կանոններից, ճգնում է լինել սեփական անվան տեր ու իշխանակից: Ներքաղաքական միմիկրիան սաստկանում է հատկապես այն ժամանակ, երբ հանրությունը շարունակում է գերի մնալ վախի սինդրոմին, և ժողովրդավարությունը չի դարձել հանրության համար ինքնապահովման հիմնական միջոց: Մեր պարագայում այդ երկու գործոնների ազդեցության լիցքերը դեռևս ուժգին են, և ներքաղաքական կյանքին ազնվորեն ու արդյունավետորեն մասնակցել ցանկացող ուժերի մեծամասնության համար դրսևորվելը հավասարազոր է դարձել մի ծանր ու հուսահատեցնող արգելավազքի, ուր իշխում են չգրված օրենքները: Հաղթահարել ներքաղաքական միմիկրիան՝ նշանակում է իշխանությունը վերադարձնել առողջ ու օբյեկտիվ գործունեության հուն, իսկ քաղաքական «անկյունային» ուժերին ընձեռել սեփական դեմքն ու վարկը գտնելու իրական հնարավորություն: Եվ հաղթահարման բեռը մեծապես ընկած է հենց «անկյունայինների» ուսերին: Արտաքին քաղաքական միմիկրիա: Այս ասպարեզում խորացող հարմարվողականությունը, թվում է, ամենից քիչ է պատճառաբանված մեր սեփական կամքով ու կողմնորոշումների խեղաթյուրմամբ: Թեպետ արտաքին աշխարհը հզորների բերանով ու կարծր դիրքորոշմամբ դեռ ճանաչելի չէ համարում ԼՂՀ անկախությունը, այսուհանդերձ, մեր քաղաքական իշխանությունը ժողովրդի ընտրությունը շարունակաբար վերահաստատում է՝ Արցախի ինքնորոշումը հայտարարելով գերակա և քաղաքական սակարկման չենթակա: Այս կետում գոնե միմիկրիայի ցայտուն նշաններ նկատելի չեն: Բայց ԼՂՀ արտաքին քաղաքականությունը չի սպառվում միայն ճանաչման հիմնախնդրով: Մեր ժողովրդի համար շատ էական է միաժամանակ, թե ինչ սահմաններ է ունենալու Արցախը՝ նրա քիչ թե բավարար պաշտոնական ճանաչումից հետո, անվտանգության ի՞նչ շրջագոտով է երիզվելու մեր երկիրը, փախստականների ի՞նչ ներհոսք է սպառնում նրան... Կարգավորումը հավասարակշիռ փոխզիջման սկզբունքով տանելն իսկ ղարաբաղյան կողմի համար հարմարվողականության դրսևորույթ է՝ ի հայտ եկած արտաքին ուժերի ճնշման ներքո և նրանց պարտադրած աշխարհաքաղաքական փիլիսոփայությամբ: «Հաղթողներ-պարտվողներ չլինելու» տարբերակի կիրարկումը ազդանշան է, որ Ղարաբաղն առնվազն չի գնահատվելու հաղթողի դերում, երբ նա հաղթական ավարտի է հասել Ադրբեջանի հրահրած պատերազմում, երբ իրավամբ նրա կողմն են պատմական ու մարդկային արդարությունը: Հարմարվել ու միմիկրիայի ենթարկվել սեփական շահերին հետամուտ միջնորդների ձևավորած կարգավորումային մթնոլորտ-միջավայրում՝ նշանակում է տեղիք տալ տարածքային, անվտանգության և բարոյական գալիք զգալի կորուստների: Պետք է ապավինել սեփական քայլվածքի ու շահի տրամաբանությանը, չտրվելով արտաքին քաղաքական միմիկրիայի: Սոցիալ-տնտեսական միմիկրիա: Ամենամեծ անարդարությունն ու հարմարվողականությունը գրանցվում են այս միացյալ ոլորտում: Տնտեսական առաջընթացը գերազանցապես ապահովվում է արտասահմանյան ներդրումների և Հայաստանի ֆինանսական օժանդակության (միջպետական վարկի) միջոցով: ԼՂՀ ներքին տնտեսական համակարգը, կառավարումն ու սուբյեկտների փոխհարաբերությունները առավելս ներմուծովի-շաբլոնային են, գերի՝ հին-ավանդական խեղվածությանն ու բարքերին՝ կլանայնության, հովանավորչության և կաշառակերության բուրգի շրջանակում: Ազատական մեր տնտեսությունը չափազանց ազատ է մի խումբ մարդկանց (արդեն՝ անթաքույց օլիգարխական կենսակերպով) և բավական դժվարամատչելի՝ գործարարների մեծամասնության համար: Պետությունն ու ժողովուրդը ակամա հարմարվել են այնպիսի արտառոց իրավիճակի, որ բնութագրվում է՝ մի կողմից բուռ մը մեծահարուստների և մի ստվար զանգված հանդիսացող ապահով չինովնիկական խավի տրիումֆով, մյուս կողմից՝ կարիքավոր, չքավոր և գործազուրկ մեծաքանակ խավի տանջալից գոյությամբ: Սոցիալ-տնտեսական միմիկրիայի գաղափարա-հոգեբանական ազդակն ու հիմնավորումը, նախ, տրվում է իշխանության կողմից՝ իբրև տարածաշրջանային ներկա կացության օբյեկտիվ հետևանք և՝ ըմբռնումով պետք է մոտենալ դրան, ապա՝ հասարակությունն է հեռատեսորեն ու համբերությամբ ինքնահանգստացնում իրեն, որ այդ փորձությունն էլ կանցնի: Հոգևոր-մշակութային միմիկրիա: Հարմարվողականության իշխող միտումներն այս ոլորտում արտահայտվում են առավելաբար օտար-կասկածելի արժեքների անվերապահ, անքննադատ, գրկաբաց ներմուծմամբ ու ներընկալմամբ, սեփական արժեքների անտեսմամբ և ցածրորակ ու անպետք գործերի մասսայականացմամբ: Ինտելեկտուալ լուրջ աշխատանքը մեր պետության ու հասարակության կողմից առանձնապես պահանջված ու խրախուսվող չէ: Մեր զանգվածը սրընթաց հարմարվում-վարժվում է անարվեստ, թեթև ու գորշ (ռաբիս) մտավոր-հոգևոր արտադրանքի: Լուսանցքային են դառնում հատկապես այն գործիչները, որոնց պրոֆեսիոնալ բարձրակարգ արարվածքները պահանջում են միանգամայն լուրջ ու հեռատես վերաբերմունք: Այս ասպարեզում միմիկրիան անխուսափելի ու խթանված է նաև այն մտայնությունից, որ փոքր երկիրն ի զորու չէ մեծ ու ծանրակշիռ ստեղծագործության, և ինտելեկտուալ փրկության ապահով միջոց է դիտվում խոշոր մշակույթներին արտակցվելն ու դրանց մակերեսային նմանակումը: Լիովին վրիպյալ հայացք: Հոգևոր դաշտում աղանդավորական հոսանքների մուտքն ու բնավորվումը իր հերթին վկայում է, որ մեր հավատքային տարածքը մասնատված է կենսալից գրեթե ոչինչ չխոստացող կրոնական ուժերի միջև, և հասարակությունը ամենից շատ հարմարվում է նրանց վեճ ու տարաձայնություններին, հոգևոր լիարժեք ու ավանդաշահ դավանաբանության և ծիսակարգի սղությանն ու բացակայությանը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առավելս հայեցողական կեցվածքը գայթակղում է կրոնական որոշ արկածախնդիրների, և նրանք ջանում են երկիրը վերածել դավանաբանական փորձադաշտի: Լրատվական միմիկրիա: Սա բնորոշ է հատկապես պետական լրատվամիջոցներին, որ ունենալով տեխնիկա-տնտեսական զգալի հնարավորություններ (ոչ պետական մամուլի համեմատությամբ), իշխում են իրենց հետևող ընդարձակ լսարանի: Սակայն դիտելով, ունկնդրելով և ընթերցելով պետլրատվամիջոցները, շատ քիչ բան կիմանաս մեր իրական կյանքի, պետության և ժողովրդի մեջ տարածվող տրամադրությունների, տեսակետների, կատարվող դեպքերի և իրադարձությունների մասին: Բազմակողմանի ու անաչառ լուսաբանություն՝ չիք: Խոսքի ու հայացքների անազատություն, միալարություն ու մակերեսայնություն, գորշ թեմատիկա ու դեմքեր, ցածր պրոֆեսիոնալիզմ ու գրագիտության պակաս - հաճախ հենց նման հատկանիշների են հարմարված պաշտոնապես թե կոչումով հանրային համարվող մեր պետական լրատվամիջոցները: Հանրությունը կերակրում է նրանց, ինքը մեծամասամբ զուրկ մնալով ամբողջապես արտահայտվելու և տեղեկանալու հնարավորությունից: Եվ այդ ամենը՝ այնտեղ խորացող կառավարման միմիկրիայի հետևանքով, արհեստականորեն պարտադրվող փաստացի գրաքննությամբ, հնաոճ մտածողությամբ՝ լրագրողական լավ ուժերի առկայությամբ հանդերձ: Ոչ պետական մամուլում միմիկրիայի երևույթը գլխավորապես սահմանափակվում է անպայման քննադատելու կրքով, դրական զարգացումներին թռուցիկ անդրադարձներով և միանգամայն անկախ ու չեզոք մեկնաբանությունների սղությամբ: Փառք Աստծո, որ դրանք թեկուզև քիչ, բայց կան: Անհատական-մարդկային միմիկրիա: Ամենամեծ ողբերգություններն այս գծի վրա են: Մարդիկ ավելի ու ավելի են հարմարվում դժվարին կյանքին ու անարդարություններին՝ այլասերվելով ու բարոյալքվելով: Երկրում առկա բարոյա-հոգեբանական ծանր մթնոլորտն ու տնտեսական նոր կացությունը շատերին ստիպում է սսկվել, հնազանդվել, անկյուն քաշվել ու մարդկայնորեն «գունափոխվել»՝ հպարտ էությունից ու ինքնուրույնությունից վերածվելով կամազուրկ, կամակատար, գետնաքարշ ու քսու արարածների: Նրանց, նախ, անկեղծ ու ճշմարիտ, ջերմ ու կարեկից խոսք է պետք: Եվ դա ասելն, իրոք, պարտքն է բոլորիս: Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ԽՌՈՎՔ»-Ը Արմեն Դանիելյանը պոեզիայի տաճարը մտնելու իրավունքը նվաճել է իր մարդկային անբասիր նկարագրով և անցած մարտական ուղով: Արցախյան գոյապայքարի բովով անցած մարտիկ - բանաստեղծներից մեկն է նա և ընթերցողին հայտնի է «Լուսե պսակ» բանաստեղծությունների ժողովածուով և «Բեկորն ինչպես որ կար» հուշապատումով: Հերթական ժողովածուն, որ վերնագրված է «Խռովք», հաճելի անակնկալ եղավ պոեզիայի սիրահարների համար: Գրքի վերնագրից իսկ կարելի է ենթադրել, որ այն վարդ ու բլբուլի երանավետ սիրո զեղումներ չի պարունակելու: «Խռովք»-ը մեր դժվարին ժամանակներում իր մարդկային նկարագիրն անխաթար պահած, վառ անհատականության զգայուն սրտի բողոքի ճիչն է՝ ընդդեմ անիրավությունների: Այն ճշմարիտ հայելու պես արտացոլում է արդի ժամանակաշրջանը՝ իր լույս ու ստվերով: Հեղինակը «բարդ» երևալու ճիգեր չի գործադրում իր սերնդի որոշ գրողների պես, երբեք չի թաքնվում տողատակերում: Նա տողատակեր չի տեղափոխում ասելիքը: Ասելիքը պարզ է միանգամայն և խոր, քանզի սնունդ է առնում դասական բանարվեստից՝ միանգամայն արդիական հնչեղություն ունենալով հանդերձ: Ա. Դանիելյանի քնարական հերոսը երազում է այն բաղձալի օրը, երբ իր և իր ընկերների արյամբ ազատագրված հայրենի եզերքը կշնչի արդարությամբ և «մարդը կհաղթի ցավին»: Ընթերցողը հավատում է հեղինակի տողի շիտակությանը, և ստուգապես գիտե, որ բանաստեղծ Ա. Դանիելյանն ունի մեկ դեմք, կյանքում և գրքում նույնն է, հայրենիքի և ճշմարտության նվիրյալ նույն զինվորը, հազարերեսանի կեղծիքի երդվյալ թշնամին, նրա պոետական խառնվածքին հատկանշական է մարտնչող ազնվությունն ու երբեք տեղի չտվող անհանդուրժողականությունը: Իրերին իրենց անունները տալ և մաքառել հանուն արդարության հաղթանակի՝ այսպես է ըմբռնում բանաստեղծի առաքելությունը նրա քնարական հերոսը, հակադրվելով համակերպվող, պատեհապաշտ շրջապատին... Այսօրվա իրականության ճշմարիտ պատկերն է ներկայացված «Խռովք»-ի «Մի բուռ Հայաստան» բանաստեղծության մեջ, որը, հիրավի, կարելի է համարել բանաստեղծական սխրանք. Պալատների մեջ՝ ուռած գլուխներ, Իսկ փողոցներում՝ ցավ ու տառապանք, Իսկ փողոցներում՝ մուրացող որբեր, Իրենց մարմինը վաճառող լրբեր, Փողոցը՝ շուկա, Ժողովը՝ շուկա, Դպրոցը՝ շուկա, Ավետյաց հողս դարձրին շուկա, Ավետյաց հողս, դրախտավայրս, Արնով շաղախված մի բուռ աշխարհս... Բանաստեղծության շարունակության մեջ Արցախ աշխարհի հերոս, բայց «Խորթ տղերքի» ճարահատ քայլն է ներկայացվում, երբ նրանք հաց աշխատելու համար ճարահատ թողնում են հարազատ եզերքը, որովհետև «երկրի տերերի» մեղքով տեսադաշտից դուրս է մնացել երկրի իրական ու իսկական տերը՝ ժողովուրդը, հետևանքը՝ համատարած անտիրություն, անտարբերություն ու մորթապաշտություն: Եվ չկա մեկը, որ մարդավարի Նետի կապանքը սեփական լեզվի: Ու ողջ ձայնով մեկ գոռա մի անգամ. Տո, հերիք եղավ, մերկ է մեր արքան... Ու գտնվում է այդ մեկը, և նա երկրի բանաստեղծն է՝ երգի արքան, որի առաքելությունը ժողովրդի շահերը պաշտպանելն ու նրա պայքարի առաջնորդ լինելն է: Մի բուռ Հայաստան՝ բոլորը տերեր: Բոլորը տերեր, իսկ երկիրն՝ անտեր,- այսպիսի ընդհանրացմամբ է ավարտվում «Մի բուռ Հայաստան» բանաստեղծությունը: Դանիելյանի պոետական աշխարհը մեր իրական աշխարհն է, որտեղ «տխուր ու հոգսաշատ» մարդիկ են վազում, ազգային-ավանդական բարոյականության ակունքներից հեռացած աղջիկները «սեր են վաճառում», որովհետև «ավերներ են եղել նրանց հոգու տաճարում», «խելառ ամբոխները» բախտ գտնելու հույսով դիմում են գրբացներին, և խաբված, անուշադրության մատնված հասարակ մարդիկ «հիմարի պես հավատում են ամեն գրածի» ու գրբացի: Եվ փրկության հույսը մնում է Տերը. Գնամ մարդկանց բյուր մեղքերը Տիրոջ մոտ քավեմ: («Երևանյան խճանկար»): Ազատագրական պայքարի մարտիկը չի կարող երգեր չձոնել իր մարտական ընկերներին: Անհուն սիրո և չմարող կարոտի նրբին թրթիռներով է առլեցուն Մհեր Ջուլհաճյանին նվիրված քերթվածը, որտեղ անկախության համար պայքարի ելած Արցախը ներկայացվում է միանգամայն ռեալիստորեն:
Իսկ
Արցախում ցավ էր, Արմեն Դանիելյանը բանաստեղծական ու մարդկային հազվագյուտ կերպարով առանձնանում է արցախական արդի պոեզիայում, նրա ստեղծագործությունը սթափության կոչող զանգ է: «Կեղծիքի ու ստի այս դարին» «վերևներում» քեֆ անողներին բանաստեղծի քնարական հերոսը ձեռնոց է նետում, գիտակցելով հանդերձ, որ հնարավոր է խենթի համարում ձեռք բերի, և իր «բախտի վրա խաղալ» է նշանակում դա: Գրքի սիրային բանաստեղծությունները զետեղված են «Քո պատճառով» խորագրի տակ և թարմ են ու ապրված, ինքնատիպ ու բարձրարվեստ: Իրավացի է գրախոսվող գրքի խմբագիրը, երբ գրում է. «Առնական ու հպարտ է բանաստեղծի սերը այդ առնականության ու հպարտության մեջ՝ քնքույշ ու անդավ, անկեղծ ու պոռթկուն, անմնացորդ ու անկաշառ: Այդ սիրուց է բխում նրա հոգու խռովքը և ընթերցողին «դատապարտում» նրա հետ միասին տառապելու, հուզվելու, նաև տոգորվելու նույն սիրով, հավատով առ կյանքը, ազգն ու առ Աստված»: Ա. Դանիելյանի երգը՝ նրա պոեզիան, հիրավի, «վալերիանի երկու կաթիլ այն հեղուկն է», որը զորու է ներգործելու մարդու սրտի վրա և նպաստելու նրա հոգևոր առողջությանը: Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
պատմություն ՄԵՐ ՈՉ ՎԱՂԵՄԻ ԱՆՑՅԱԼԸ Սկիզբը՝ նախորդ համարներում Ճիշտ է, դրությունն իսկույն շտկվեց, հայազգի ուսանողներին տրվեցին ավելի շատ տեղեր, քան մինչ այդ: Բայց իմ նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքն ավելի սառեց, քանի որ Բ. Կևորկովի երաշխավորությամբ նամակը ես էի ստորագրել: Չէ որ Բաքվում դեռ չէին մոռացել մինչ այդ մարզային կուսակցական կոնֆերանսում ունեցած իմ ելույթը, ուր տեղ էին գտել վերահիշատակված հարցերը, ինչպես նաև մարզում սեփական հեռուստատեսություն, հասարակական-քաղաքական ամսագիր ունենալու պահանջները: Մարզկոմում քարտուղարի պաշտոնից իմ ազատվելու հարցը ես արդեն լուծված էի համարում: Եվ հերթական կուսկոնֆերանսում դա արվեց: Ի դեպ, համանման վարմունքի համար իր ժամանակին նույն այդ պաշտոնից ազատվել էին Հ. Շահրամանյանը, Ա. Հարությունյանը և ուրիշներ: Վերջում կուզենայի իմ կարծիքը հայտնել Բ. Կևորկովի անձի, նրա գործունեության մասին: Նախ նշեմ, որ բարձր էրուդիցիայի տեր էր, ուներ նախանձելի հիշողություն: Առանց երկմտանքի կարելի է ասել, որ նրա գործունեության երկրորդ շրջանը կարելի է գնահատել դրական: Նա մեզ մոտ աշխատանքի էր եկել հավատալով Ադրբեջանի ղեկավարության այն կարծիքին, թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, մանավանդ մտավորականության և երիտասարդության շրջանում ծաղկում է ազգայնամոլությունը և, որպես կուսակցության գործին նվիրված անձ, իր պարտքն էր համարում պայքարել դրա դեմ, ավելին՝ արմատախիլ անել այն: Բայց, որպես փորձառու կուսակցական գործիչ և իրադրության մեջ ճիշտ կողմնորոշվող անձ, նա, թեկուզ ուշացումով, բայց գլխի ընկավ, որ այդ տեսակետը մոլորություն է: Ում վստահում էր, չէր թաքցնում, որ ԽՄԿԿ Կենտկոմում Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու փոքր իսկ միտում չունեն և, ավելին, դատապարտում են նման հայեցակետ ունեցողներին: Ուստի մտերմական շրջանում նա խորհուրդ էր տալիս պահել-պահպանել Ղարաբաղը, հոգալ նրա տնտեսության զարգացման մասին, կանխել բնակչության արտահոսքը: Ադրբեջանի ղեկավարների հետ իր խոսակցություններում շատ համարձակ էր, ոչ քիչ դեպքերում Մոսկվայի իրեն մտերիմ ղեկավարների աջակցությամբ նրան հաջողվում էր լուծել ոչ քիչ թվով հարցեր: Ես կասեի, որ նա իր արժանի ներդրումն ունի մարզը գազիֆիկացնելու, Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղին կառուցելու, մեր մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ արմատապես վերակառուցելու, մարզի տասնյակ ավաններում դրանց մասնաճյուղեր ստեղծելու, մեր մի շարք տնտեսական և կենցաղային գերատեսչություններ հարե-ւան շրջանների ենթակայությունից հանելու և այլ գործերում: Էլ չեմ ասում բնակարանային շինարարության թափի աննախադեպ աճի, գյուղատնտեսության, մանավանդ՝ անասնապահության և խաղողագործության (ութսունականների վերջերին մարզն արդեն այսօրվա 8-9 հազարի փոխարեն 150-170 հազար տոննա խաղող էր արտադրում) բուռն զարգացման մասին: Գնահատելով Բ. Կևորկովի գործունեությունը, չպետք է մոռանալ, որ նա Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի և նրա առաջին անձերի ուժեղ վերահսկողության տակ էր: Նրա պնդմամբ, նույնիսկ նրա «ՎՉ» հեռախոսը հսկողության տակ էր: 1982 թե 1983 թվականին նա հրավիրված էր մասնակցելու Երևանում Անդրկովկասյան զինվորական օկրուգի ղեկավարության հերթական նիստին: Որոշել էր ծառայողական մեքենայով գնալ Կիրովաբադ-Ղազախ ճանապարհով: Բայց Բաքուն թույլ չտվեց դա. չէ՞որ նա պետք է անցներ Հայաստանի տարածքով: Նրան հրավիրեցին Բաքու, իրենց հետ տարան Երևան, իրենց հետ ետ բերեցին Բաքու և ճանապարհեցին Ստեփանակերտ: Երևանում էլ այն մեքենան, որ նրան էր սպասարկում, շրջագայելու դեպքում միշտ խոթում էին «իրենց մարդը համարվող» մեկնումեկին: Տպավորությունն այնպիսին էր, որ նույնիսկ Կեւորկովի ննջասենյակն էր հսկողության տակ: Հիացած էր Երևանով, նրա արդյունաբերական ձեռնարկություններով, մշակութային հիմնարկներով: Շատերը չգիտեն, թե նա ինչու չէր ընդունում, այսպես կոչված, հանրահայտ «13»-ի նամակի հեղինակներին, Զորի Բալայանին: Չէր կարող, քանի որ նա խիստ զգուշացված էր Բաքվի կողմից և գիտեր, որ կան անձինք, ովքեր իսկույն կիմանան այդ մասին և կհայտնեն ուր պետք է: Ինչ վերաբերում է Լեոնիդ Հուրունցին, ամեն անգամ ներկայացնելիս՝ սիրալիորեն ընդունում էր նրան: Բայց Հուրունցը Կևորկովի մասին բացասական էր գրում Մոսկվային, որի պատճառով էլ լարվեցին նրանց հարաբերությունները: Ոչ քչերն են մեղադրում Բ. Կևորկովին մարզում ադրբեջանական բնակչության անհամեմատ մեծ աճի հարցում: Անշուշտ, մարտյան պլենումն այդ գործում իր դերն ունեցել է: Չէի ցանկանա, բայց ստիպված եմ ասելու, որ առյուծի բաժինը մեր տնտեսվարներինն էր: Ոչխարաբուծական ֆերմաներում, բացի ֆերմայի վարիչներից և հաշվորդներից, այլևս հայ անասնապահ չկար: Կաթնապրանքային շատ ֆերմաներում ևս գերակշռում էին դրսից եկածները: Ինչո՞ւ այդպես էր: Բանն այն էր, որ եկածներին տրվում էին ոչ քիչ արտոնություններ: Տնտեսությունների հաշվին նրանք պահում էին իրենց մեծաքանակ սեփական անասունները, դրա համար, անշուշտ, նյութապես սիրաշահում «մեծերին»: ԽՄԿԿ Կենտկոմից հղված մի նամակի հետքերով Մարտակերտի շրջանի վերին գյուղերից մեկը (անունը չեմ հիշում) գործուղման գնաց կուսմարզկոմի գյուղատնտեսական բաժնի վարիչ Մ. Գաբրիելյանը: Եվ նրանում նշված փաստերը լրիվ հաստատվեցին՝ Լաչինից եկած ինչ-որ մեկը ֆերմայում տնտեսության հաշվին պահում էր իր մեծաքանակ ոչխարներն ու կովերը: Որոշվեց բռնագրավել նրա ունեցվածքը և հանձնել մսի կոմբինատին, բայց մինչև միլիցիայի աշխատողների տեղ հասնելը՝ նա հասցրել էր իր ունեցվածքով ճողոպրել այդ գյուղից:
Եղիշե
ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱԶԱՐԱՎՈՐ... ԵՎ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՎԿԱՆԵՐ Ինչո՞ւ եմ այս վերնագիրն ընտրել: Շուշիի պատմա-ճարտարապետական հուշարձաններից ու հին գերեզմանատներից հավաքած վիմագիր արձանագրություններն այն հազարավոր անխոս վկաններն են« որ տեղեկություն են տալիս ինչպես 18-19-րդ դարերում քաղաքում ապրող 100-ից ավելի հայ գերդաստանների« նշանավոր մարդկանց ու պատմական կարևոր դեպքերի« այնպես էլ արտաքին աշխարհի հետ ունեցած կապերի մասին: Իսկ որո՞նք են մյուս երկու վկաները: Դրանք այն վկաներն են« որ առեղծված էին մինչև վերջերս: Ուզում եմ խոսք բացել նախ մի շիրմաքարի արձանագրության« ապա մի գերդաստանի մասին« որի տոհմածառի պատմությունը գտնվում է պարսիկ հեղինակ Համիղ Ալգարի «Միրզա Մելքում խան» 308 էջանոց գրքի մեջ« Լոս-Անջելեսում՝ 1973 թվականին: Նախ՝ ներկայացնեմ արձանագրությունը: Շիրմաքարը« որի արձանագրության վերջում նշված է հանգուցյալին 1751 թվին հողին հանձնելու մասին« գտնվում է քաղաքի Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավ-արևելյան կողմի գերեզմանատանը: Շիրմաքարը տափակ է« 1«2 X 60 X 30 սմ չափսերի« տեղադրված լաստապատցի Ալմաստի որդի Ասզատուրի /Ասծատուր/ շիրմին ու վրան արձանագրված. ԱՅՍ է ՏԱՊԱՆ ԼԱԱՏԱՊԱՏՑԻ ԱԼՄԱԱՏԻ ՈՐԴԻ ԱՍԶԱՏՈՒՐԻՆ ԹՎԻՆ ՈՄ ԷՐ (Տես՝ նշված գերեզմանատունը« արձանագրություն հ. 31): Այսքանն արձանագրության մասին: Իսկ հիմա Միրզա Մելքում խանի մասին: Ինչպես տոհմածառի սկզբնամասում, այնպես էլ վերը նշված գրքում« պարսիկ հեղինակը միանշանակ ասում է« որ գերդաստանի նահապետ Մելքոմի ընտանիքը օրիգինալ (իսկական) հայկական էր Ղարաբաղում՝ հայկական տարածաշրջանում: Մեջբերում եմ գերդաստանի տոհմածառից հատված՝ թարգմանաբար. «Մելքումի¬ (լ) Մելքո(լ)մի - Մելքոմի ընտանիքը բնիկ հայկական ընտանիք է Ղարաբաղ (Զանգեզուր) Հայաստանի ռեգիոնում»: Գրքի շապիկի վրա պատկերված է Միրզա Մելքոն խանի գերդաստանի գերբը՝ ծխախոտի տերևներ« իսկ կենտրոնում՝ թուրը գլխավերևում պահող առյուծ: Նշեմ« որ ըստ գերդաստանի 7-րդ սերնդի՝ Հովհաննես Մելքոմ բեկի պատմածի« գերդաստանի նահապետը« որի անունն է կրում ինքը« բնակվելիս է եղել Շուշիում և զբաղվել է առևտրով 1600-ական թթ. վերջերին« կինը եղել է Զանգեզուրից: Որպեսզի այս կապակցությամբ կասկածներ չառաջանան« ասեմ« որ Բելգիայի թագավորական պալատի հայտնի բժիշկը լավ պատմություն գիտե« իսկ Ղարաբաղի պատմությունն էլ՝ առավել: 1700 թվականին տոհմի ավագն ունեցել է մեկ արու զավակ՝ Հակոբ անունով« մասնագիտությամբ՝ բժիշկ« որն էլ իր հերթին ունեցել է երեք տղա՝ Աղանուր Մելքոն« Տիգրան Մելքոն և Աբրահամ Մելքոն: 1720-ական թթ. Միրզա Մելքում խանը« օգտվելով այն հանգամանքից« որ հետամնաց ագրարային Պարսկաստանը խարխլվում է« թողնելով առևտուրը Շուշիում« տեղափոխվում է Սպահան: Մտերմանալով Պարսից շահի հետ« հատուկ ֆարմանով (հրամանագիր) տնօրինում է Պարսկաստանի ծխախոտի արդյունաբերությունն ու արտադրանքի մեծածախ առևտրով զբաղվում: Կարճ ժամանակում զարգացնում է ծխախոտի արտադրությունն ու ստանում մեծ եկամուտ: Երբ տնտեսական ու քաղաքական վիճակը երկրում ավելի է բարդանում« գերդաստանի հաջորդ ավագը՝ Աղանուրը, կարողանում է ունեցվածքի կեսից ավելին մի կերպ վաճառել ու տեղափոխվել Հնդկաստան« որտեղ 1851 թ. ծնվում են նրա երկու որդիները: 1880-ականներին ավագ որդին՝ Դանիել Մելքում բեկը, տեղափոխվում է Ինդոնեզիա և շարունակում զբաղվել առևտրով: Նա ունեցել է երեք արու զավակ՝ Ռոբերտ Մելքոմ« Պավել Մելքոմ և Գրիգոր Մելքոմ: Ինդոնեզիայի մայրաքաղաք Բատավիայում (հետագայում՝ Ջակարտա) Ռոբերտ Մելքոմը 1932 թ. ունեցել է արու զավակ« որին կոչել են իրենց նահապետի անունով՝ Մելքոմ բեկ: 1939 թ. Ռոբերտ Մելքոնն ընտանիքով տեղափոխվել է Հնդկաստան: Նույն թվականին ճանապարհորդելու նպատակով գնացել են Ֆրանսիա: Երբ գտնվում էին Մոնտե Կառլոյում« սկսվել է 2-րդ համաշխարհային պատերազմը: Մարտական գործողությունների գոտուց դուրս գալու նպատակով ընտանիքը տեղափոխվել է Իտալիայի առևտրական կենտրոն Վենետիկ« որտեղ էլ Հովհաննես Մելքոմ բեկը հաճախել է դպրոց: 1945-ին« երբ վերջացել է պատերազմը« նրանց ընտանիքը նորից գնացել է Ինդոնեզիա և Ջակարտայում մնացել մինչև 1954 թվականը: Նույն թվականին Հովհաննես Մելքոն բեկն ընդունվել է Գենտի համալսարանի բժշկական ֆակուլտետը« որտեղ սովորել է 5 տարի և ստացել ընդհանուր վիրաբուժության« երակների խցանման և այլ հիվանդությունների բուժման մասնագիտություն: Նշված համալսարանի բանասիրական ֆակուլտետն է ավարտել նաև տաղանդաշատ բանաստեղծ Դանիել Վարուժանը« որի հարթաքանդակը« շագանակագույն մարմարից« փակցված է համալսարանի առաջին հարկի դահլիճի պատին« որը պարզ երևում է դոկտոր Մելքոն բեկի և Բելգիայի նավթային արդյունաբերության բենզինի լաբորատորիայի համար կառուցված զտարանի հեղինակ« այժմ թոշակառու՝ Մաթոս Մաթոսյանի լուսանկարում: 2001 թվականից հայտնի բժիշկ Հովհաննես Մելքոմ բեկը սեփական տուն ունի քաղաքի երևանյան դռներին պատկից և Շուշիի պատվավոր քաղաքացի է: Հովհաննես Մելքոմ բեկ« 1932 թ.: Այսպիսիք են նրա տվյալներն ըստ անձնագրի« որ ընդունված է գրել արտասահմանյան երկրներում: Իսկ ըստ տոհմածառի տվյալների, հայրանունը Ռոբերտ է: Վստահ կարող ենք գրել այսպես՝ Հովհաննիսյան (Հովհաննեսյան) Մելքոմ բեկ Ռոբերտի« ծնված 1932 թ. Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում: Այս գերդաստանի զավակ Ջոզեֆ Մելքոն խանը Վենետիկի ս. Ղազար կղզու Մխիթարյան միաբանության համալսարանում դասավանդել է մաթեմատիկա: Որպես փայլուն մասնագետի« նրա մեծադիր նկարը տեղադրված է համալսարանի թանգարանում« որի մասին առանձին զրույցի ժամանակ նշել է բելգիահայ Մաթոս Մաթոսյանը: Եթե ուշադիր հետևենք արխիվային փաստաթղթերի հիման վրա պարսիկ հեղինակ Համիդ Ալգարի կազմած Մելքոն խանի տոհմածառում նշված տարեթվերին« կտեսնենք« որ Շուշիում հայն ապրում է 1600-ական թվականներից: Այդ են վկայում նաև այն բազմաթիվ առանց արձանագրությունների շիրմաքարերը« որոնց ականատես ենք այսօր Շուշիի հին հայկական գերեզմանատներում: 1751 թ. հայ քարագործ վարպետը շիրմաքար է տաշել ու արձանագրություն գրել՝ նշելով տարեթիվը մեսրոպատառ: Իսկ ադրբեջանական« ինչու չէ, նաև հայկական որոշ աղբյուրներում էլ գրում են« որ իբր Շուշիի հիմքը դրվել է 1752 թ., չներկայացնելով որևէ սկզբնաղբյուր ու փաստ: Հեռու չգնանք: Դրանում համոզվելու համար բերենք որպես օրինակ «Դարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994)» հանրագիտարանը՝ բաղկացած 864 էջից« տպագրված Երևանում՝ 2004 թ.: Այնտեղ Շուշիի մասին գրված է. «18-րդ դարի 2-րդ կեսին թուրքական սարըջալու քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ Ալին« օգտվելով Ղարաբաղի Մելիքությունների ներքին անհամաձայնություններից« Վարանդայի Մելիք Շահնազար Բ-ի օժանդակությամբ տիրացել է Շուշիի ամրոցին: 1752 թ. հիմնվել է Շուշիի կամ Ղարաբաղի խանությունը« իսկ Փանահ Ալին իրեն հռչակել է Ղարաբաղի խան« բերդը բնակեցրել նախ՝ թուրքական վաչկատուն ցեղերով« ապա՝ Ագուլիսից« Ղազանչիից« Մեղրիից և այլ վայրերից տեղահանված հայ շինականներով ու արհեստավորներով» (էջ 525-526« ակնարկը ներկայացրել է Բ. Կարապետյանը): Գրախոսելու միտում չունեմ« միանգամայն այլ թեմա է« սակայն հպանցիկ նշեմ« որ ճշգրտումների մեծ կարիք ունի հանրագիտարանը: Եվ, կարծում եմ« կարիք չկա նման վիճակում այն թարգմանել և ռուսերեն էլ դնել ընթերցողի սեղանին: Ինչպես տեսնում ենք« հազարավոր վկաներին գումարվելով« անհերքելի վկայություն են բերում և իրենց անջնջելի կնիքը դնում Համիդ Ալգարի «Միրզա Մելքում խան» գիրքն ու վերը նշված շիրմաքարի արձանագրությունը: Հուսանք« որ ասպարեզ կգան նոր վկաներ ևս ու կխոսեն հինավուրց Շուշիի ավելի վաղ շրջանի մասին« վերահաստատելով« որ սա հայկական ռեգիոն է« ինչպես Ալգար Նաղին է ասում: Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
նամականի ԴԱՌԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Պատերազմից հետո մեր քաղաքը բավականին բարգավաճել ու շքեղացել է: Սա, թերևս, փաստ է« որ տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Կենտրոնական փողոցով քայլելիս՝ անհնար է պատկերացնել« որ այսպիսի մի քաղաք երբևէ պատերազմ է տեսել: Սակայն ամենո՞ւր է նույն կերպարանքը: Կարող ենք համոզվել« որ ոչ: Արդյո՞ք բոլոր փողոցները ունեն իրենց շքեղությամբ հպարտանալու հնարավորություն: Ցյսօր դեռ կան փողոցներ« այնտեղով անցնելիս ակամայից մտաբերում ես հետպատերազմյան Ստեփանակերտը: Իսկ գիշերային ժամերին՝ անգամ թշնամուս չեմ ցանկանա անցնել այդ քարուքանդ եղած ճանապարհներով« քանզի որևէ կարգի վնասվածք ստանալը անխուսափելի է ու հաճախ՝ նաև ճակատագրական: Խոսքերիս վառ ապացույցն է հանդիսանում Խաչատուր Աբովյան փողոցի անմխիթար վիճակը: Անշուշտ, այս փողոցի մասին անհնար է« որ չիմանան մեր քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները« բայց, չգիտես ինչու, կարծես ոչ ոքի չի մտահոգում« որ այստեղ ևս մարդիկ են ապրում« նրանք ևս հարկեր են վճարում և հարմարավետություններից օգտվելու ոչ սակավ ցանկություն ունեն: Այստեղ են ապրում նաև վարձով բնակվող բազմաթիվ ուսանողներ՝ մեր փոքրիկ հանրապետության ամենատարբեր շրջաններից« որոնք, անշուշտ, այսպիսին չէին պատկերացնում մայրաքաղաքը: Չանդրադառնալով ուսանողական կյանքի ցավալի կողմերին՝ նշենք« որ անուշադրության մատնված այս փողոցը մեծ տարածություն չի զբաղեցնում, հետևաբար ֆինանսական մեծ ներդրումներ չեն պահանջվում այն գոնե մասամբ կարգի բերելու համար: Մի քանի մեծահարուստներ՝ նույն փողոցին պատկանող դեպի իրենց նորակառույց հյուրանոցները տանող ճանապարհը, անշուշտ, մոտ ապագայում կվերանորոգեն« իսկ հասարակ բնակիչներին մնում է երազել« որ իրենց թաղամասում էլ մի օր մի «մեծահարուստ» կբնակվի ու իրենց էլ բախտ կվիճակվի քայլել հարթ ու ասֆալտապատ փողոցով: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս ի հայտ եկան այսքան մեծահարուստները« չէ՞որ բոլորս միասին էինք պայքարում... Ոչ վաղ անցյալում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս թեման ևս ծառայել է որպես խոստումների առարկա« իսկ բարեհաջող ընտրվելուց հետո« բնականոն կերպով մոռացության տրվել: Այս երևույթը այնքան բնական է դարձել մեր ժողովրդի համար« որ արդեն իսկ հարմարվել է մշտապես խաբված ու հուսախաբ եղածի իր կարգավիճակին: Այս պարագայում բողոքելու փորձ անգամ անելը ոչ այլ ինչ է« եթե ոչ կատարյալ միամտություն: Հարցին մեկ այլ տեսանկյունից մոտենալու դեպքում դժվար չէ գիտակցելը« որ դեռ էլի կլինեն ընտրություններ ու կրկին կարվեն խոստումներ« իսկ թե երբ իրականություն կդառնան այդ խոստումները, հայտնի է միայն իրենց՝ ընտրվողներին: Մեր պարտականությունն է ընտրել« ինչն էլ մեծ պատասխանատվությամբ կատարում ենք: Ու, որ ամենակարևորն է« այնուհետև ոչինչ չենք պահանջում« քանզի գիտակցում ենք« որ նրանք էլ ունեն տուն« տեղ« երեխաներ: Նրանց որդիներն էլ ցանկանում են ավտոմեքենա ունենալ ու օգտվել կյանքի զանազան հաճույքներից: Այս պրոբլեմների մեջ գտնվող մարդուն արժե՞ մտահոգել ինչ որ ճանապարհի հարցով: Հետո ինչ՝ խոստացել է« կամ չի խոստացել: Մեծ քաղաքականությունն ունի իր թե դրական և թե բացասական կողմերը: Իսկ մեզ մնում է համբերությամբ սպասել՝ հույսներս դնելով հաջորդ ընտրությունների վրա: Միգուցե մի օր էլ Խաչատուր Աբովյան փողոցի բնակիչներին բախտ վիճակվի քայլել հարթ« բարեկարգ ու լուսավոր փողոցով... Ալեք Մանուկյան փողոցի զույգ մայթերի սալիկապատման աշխատանքների ավարտից ընդամենը մի քանի տարի է անցել, սակայն այսօր երբեմնի գեղեցիկ այդ մայթերի մի մասում քարուքանդ արված սալիկների տեղում ցեխախառն գետին է մնացել... Հետաքրքիր է, սփյուռքի մեր բարերարների կողմից այդ փողոցի բարեկարգման համար ուղարկված գումարներն, արդյո՞ք, լրիվությամբ են ներդրվել շինարարական աշխատանքներում, թե՞...
Մհեր
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ Երբ ցուցադրվում էր ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկը»՝ դահլիճը գրեթե դատարկ էր: Հեռուստացույցն այսօր լսարանին մատուցում է տարբեր ժանրերի ֆիլմեր, որոնց մեծ մասը հեղեղված է բռնություններով, դաժանություններով ու մարդասպանություններով: Նրանք բոլորն էլ ունեն միանման սյուժե և իրենց մեջ արվեստի ոչ մի տարր չեն ներառում: Այսօրվա կինոյի նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքը պարզելու նպատակով մենք հարցումներ կատարեցինք հասարակության տարբեր խավերի մոտ: Կարծիքները, բնականաբար, կիսվեցին: Մի մասին բավարարում է այսօրվա կինոն: Նրանց համոզմամբ, կյանքը Ղարաբաղում միապաղաղ է և գոնե կինոյում նրանք ուզում են տեսնել անիրական, թեկուզ և՝ դաժան տեսարաններ, ինչը և տեսնում են: Մյուսն մասն էլ այսօրվա կինոն շատ պրիմիտիվ է համարում: Նրանք հոգնել են դաժանությունից և, կարծում են, որ կինոն պետք է հուզի մարդուն, նրան հաճույք պատճառի և խորհելու տեղիք տա: Ելնելով այն հանգամանքից, որ հեռուստացույցն այսօր լսարանին մատուցում է բազմաթիվ ֆիլմեր, նշանակալիորեն դժվարանում է կինոթատրոնի վիճակը: Ինչպես ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության Ստեփանակերտի կայազորի Սպայի տան պետ Ռ. Խաչատրյանը, իրենք չգիտեն ինչպիսի ֆիլմ ցուցադրեն, որ հետաքրքրի մարդկանց. «Մենք հնարավորություն չունենք հարցումներ կատարել և պարզել, թե մարդիկ ո՞ր ֆիլմն են ուզում տեսնել էկրանին: Միայն սեփական փորձից եկանք այն եզրակացության, որ մարդիկ ավելի շատ գալիս են կատակերգություն և մելոդրամա դիտելու: Բացի դրանից, մենք ընտրություն չունենք: Պատերազմի ժամանակ ավերվել է մեր արխիվը և այսօր մենք ստիպված ենք բավարարվել ընդամենը մի քանի կրպակներում առաջարկվող տեսաֆիլմերով»: Հարկ է նշել, որ այսօր մեր կինոդահլիճում ցուցադրվում են ոչ թե կինոֆիլմեր, այլ տեսաֆիլմեր (վիդեոֆիլմեր), քանի որ կինոֆիլմ ցուցադրելու համար հատուկ սարքավորումներ են անհրաժեշտ, որոնց ձեռք բերումը մեծ գումարների հետ է կապված: Այն արժե մոտավորապես 150-160 հազար ԱՄՆ դոլար: Ռ. Խաչատրյանն իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցել երիտասարդների հետ՝ նրանց կինոյի բարձր արվեստին ավելի մոտիկից հաղորդակից դարձնելու համար: Այժմ մշակվում է մի ծրագիր, համաձայն որի երիտասարդությունը հնարավորություն կունենա իր ընտրած ֆիլմը տեսնել էկրանին, այն էլ շատ հարմար գնով, որը կկազմի ներկայիս տոմսի գնի 50 տոկոսը՝ 150 դրամ:
Յուլիա
ՎԱՆՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ Է ՊԵՏՔ Ցանկացած քաղաքակիրթ երկիր ունի իր ներքին ու արտաքին խնդիրները: Դրանցից առավել կարևոր են ներքին խնդիրները, որոնց միջոցով ծանոթանում ենք տվյալ երկրի, այսպես ասած, բնավորությանը: Մեր երկրում, հատկապես՝ մեր մայրաքաղաքում, ներքին խնդիրները շատ-շատ են: Զբոսնելով մեր մայրաքաղաքի փողոցներով՝ ականատես ենք դառնում մի շատ տհաճ իրականության: Քաղաքում չկա մի այնպիսի շենք, մի այնպիսի կառույց, որի վրա բազմաթիվ թղթեր, հայտարարություններ ու տարբեր երգիչների նկարներ չլինեն: Շատերի համար դրանք ոչինչ չեն նշանակում, ոմանց համար էլ ինչ-որ տեղ նաև հաճելի է տեսնել սիրած երգչի կամ երգչուհու նկարները քաղաքի պատերին, բայց ոչ ոք չի հիանա պատերին փակցված մի թղթով, որն այնտեղ է արդեն մի տարի: Այս խնդրով կարծես թե ոչ ոք չի հետաքրքրվում, ոչ ոքի չի հուզում այս հարցը, մի՞թե սա էլ ներքին խնդիր չէ, որը պիտի մտահոգի բոլորին: Քաղաքի ամենօրյա մաքրման (փողոցների սրբում) կողքին պետք է հաշվի առնել նաև այս խնդիրը: Մեծ կարևորություն ունեցող հարցը շուտափույթ լուծում է պահանջում, քանզի ցանկացած երկիր (քաղաք) կատարյալ է իր խնդիրների նվազությամբ:
Արևիկ
ԱՎԱՆԵՍՅԱՆ
Շուրջ վեց ամիս է, ինչ Կրկժանում գործում է երթուղային տրանսպորտը: Եվ հետաքրքիրն այն է, որ սկզբից այնտեղի բնակիչները ոգևորված էին և շատ ուրախ, քանի որ նրանք ստիպված չէին լինի ոտքով գնալ աշխատանքի կամ էլ որոշակի ճանապարհ անցնել, իսկ այնտեղից երթուղային տաքսի նստել: Սակայն երթուղային տաքսիների անկանոն աշխատանքը տեղիք տվեց բնակիչների դժգոհությանը: Լինում են դեպքեր, երբ բնակիչները մի քանի ժամ սպասում են «55» համարի երեք երթուղային տաքսիներին, բայց մեկն էլ չի հայտնվում թաղամասում: Հուսանք, որ մոտ ապագայում կկանոնակարգվի երթուղային տաքսիների աշխատանքը, և բնակիչներն ամեն անգամ ստիպված չեն լինի ուշանալ աշխատանքից, էլ չենք խոսում ուսանողների մասին, ովքեր այդ պատճառով ամեն անգամ ուշանում են դասերից:
Իրա
ԶԱՔԱՐՅԱՆ
ԷՐԵԿ ԼԱՎ ԷՐ, ՔԱՆՑ ՎՈՒՐ ԷՍՕՐ Այս ո՞ւր հասցրեց մեզ 21-րդ դարը: Եվ դեռ ասում ենք, թե օրինապահ ժողովուրդը ենք՝ օրինավոր երկրում: Իսկ ինչո՞վ է, արդյոք, պայմանավորված մեր «օրինապահությունն» ու «օրինավորությունը»: Փողոցներում ամեն քայլափոխի ոստիկանների ներկայությա՞մբ, թե՞ այն հանգամանքով, որ մերթընդմերթ սպանության մի նոր լուր է ճեղքում մեր առօրյա անդորրը: Մերօրյա մարդասպանների կերպարն այսօր մեր մտքերում սկսել է այնքան մեծ տեղ զբաղեցնել, որ դադարել ենք միշտ հաղթող բարու մասին մտածել: Ի՞նչ բարու մասին կարող է խոսք լինել, երբ չարն արդեն իր թաթը դրել է մեր հասարակության վրա: Այն ժամանակ, երբ աշխարհն էր դողում ահաբեկչություններից, մենք, լինելով հեռու այդ ամենից, մեզ ինչ-որ չափով ապահով էինք զգում: Կարծում էինք, թե պատերազմի հետ վերջացել են բոլոր սարսափները: Բայց ո՞վ կպատկերացներ, որ մի օր մեզ մոտ ևս կավելանան սպանությունները: Բոլորն են տեղյակ, թե վերջերս քանի նման դեպք գրանցվեց: Գուցե պատճառն այն է, որ օրենքի ամենայն խստությամբ դատվելու փոխարեն որոշ մարդիկ իրենց արարքների համար պատասխան տալու ավելի ձեռնտու միջոցներ գիտեն, որոնք, ըստ երևույթին, շատ հեշտ էլ կիրառվում են: Գիտակցել է պետք, որ հանցապարտներին խնայելով՝ ազնիվ մարդկանց կյանքն ենք վտանգում: Եթե մեր երիտասարդները, ինչու չէ, նաև անչափահասները, որոնց աչքերում աշխարհը դեռևս հեքիաթ է, որոշել են ամեն գնով փորձել սպանության դառը համը, ապա ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչ ապագա պիտի ունենա վաղը մեր պետությունը, մեր երկիրը... Ասում են՝ «արդարության սուրը պատյան չունի»: Մեր իրականության մեջ, դժբախտաբար, հաճախ է հակառակը լինում: Երևի վերջերս կատարված ցավալի իրադարձությունների պատճառն էլ դա է:
Սյուզաննա
ԱՎԱՆԵՍՅԱՆ
պարենային անվտանգություն ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎԻՐՈՒՍԻ ՄՈՒՏԱՑԻԱՆ՝ ԿԱՊՎԱԾ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ Թռչնագրիպի անսպասելիորեն և միաժամանակյա հայտնվելը մի շարք եվրոպական երկրներում ու մեր հարևան Թուրքիայում, մայր Հայաստանի սահմաններից ոչ հեռու տարածքներում, սպառնալիքի տակ է առել սահմանամերձ մեր մի շարք բնակավայրեր: Քանի դեռ թռչնագրիպի ներմուծման ուղիները լրիվությամբ չէ, որ պարզաբանված են, Թուրքիայի որոշ շրջաններում այն սկսել են կապել բիոլոգիական դիվերսիայի հետ: Այնուամենայնիվ, թռչնագրիպի միաժամանակյա բռնկումները երկրագնդի տարբեր ծայրերում վեր է ածվել հանելուկային երևույթի, հատկապես, երբ ապացուցված չէ չվող թռչունների վարկածը: Թռչնագրիպի հանելուկային տարածումը որոշակի խուճապ է առաջացրել բնակչության մեջ, հատկապես՝ անտեղյակ մարդկանց մոտ: Շատերին մտահոգում է, թե արդյո՞ք այն չի ներխուժի մեր տարածքները կամ մեզ կհաջողվի՞ բնակչությանը պաշտպանել այդ վտանգից: Այս ամենի պարզաբանմանն էին նվիրված ճիշտ ժամանակին ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը թռչնագրիպի մասին, որոնք կանխեցին խուճապը: Լրատվամիջոցներից պարզ դարձավ նաև այն, որ թե° Հայաստանում, և թե° մեզ մոտ պետության կողմից արդեն մշակվել և իրականացվում են վարակի տարածումը կանխարգելելու ծրագրերը, որ թռչնագրիպի դեմ պայքարը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Օգտագործվում է կայանների և անասնաբուժական ծառայությունների ներուժը: Սակայն մտահոգություն դեռ կա: Մարդկանց մի մասը գտնում է, որ պետք է ոչնչացնել վայրի, հատկապես չվող թռչունները: Կարծես նորից եկել է մաուցզեդունյան ճնճղուկաորսի դարը: Մինչդեռ թեմայի մանրազնին ուսումնասիրություններն ապացուցում են միանգամայն այլ հանգամանքներ: Թռչնագրիպի ձևափոխությունները (մուտացիան) և նրա հարմարվողական (ադապտացիան) հատկանիշներն իր համար անսովոր միջավայրում պատահական երևույթներ չեն: Անկասկած, այդ ամենը կապված է նաև վիրուսի, արտաքին միջավայրի մի շարք այլ գործոնների կամ փոփոխվող բնակլիմայական պայմանների հետ: Գուցե և ճիշտ կլինի այն կապել անգամ երկրագնդի գլոբալ տաքացումների հետ, ինչը դեռ շարունակվում է: Թռչնագրիպի միաժամանակյա բռնկումները կապված են նաև այլ, մեզ անհայտ պատճառների հետ: Օրինակ, ՌԴ թռչնաբաններին դեռևս չի հաջողվել պարզելու անցյալ տարի Չելյաբինսկում այդ հիվանդության բռնկման պատճառները՝ չվող թռչունների գործոնի բացակայության պարագայում: Ես բացասաբար եմ վերաբերվում նաև ընտանի թռչունների զանգվածային ոչնչացմանը, ինչը դիտվում է վարակի տարածման գլխավոր կանխարգելիչ միջոցառում: Նախ՝ հնարավոր չէ ամբողջովին ոչնչացնել ընտանի և վայրի թռչուններին: Հետևապես, վարակի աղբյուրն այդ ձևով չեզոքացնել անհնար է: Վիետնամում, Ինդոնեզիայում կամ Չինաստանում միլիոնավոր ընտանի թռչունների ոչնչացումը չի կասեցրել թռչնագրիպի վտանգը: Ես կողմնակից եմ վարակի նկատմամբ անապահով համայնքների կամ թռչնագործարանների ընտանի թռչունների ոչնչացմանը՝ իրենց հարևանությամբ գտնվող բնակավայրերի թռչունների հետ միասին: Բայց դեմ եմ թռչնագրիպի նկատմամբ անապահով օջախներից 100-ավոր կմ հեռավորության վրա գտնվող առողջ թռչունների ոչնչացմանը: Թուրքիայում անապահով բնակավայրերի ընտանի թռչունների զանգվածային ոչնչացումը դրական արդյունքներ չի տալիս: Հետևաբար, այն անպայմանորեն պետք է զուգակցվի համալիր միջոցառումների պատշաճ կատարմամբ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թռչնի, խոզերի և մարդու գրիպի վիրուսներն ունեն նույն ծագումը և օժտված են նույն մուտացիոն և ադապտացիոն հատկանիշներով: Ընկնելով բնակլիմայական տարբեր պայմաններ՝ նրանք կարող են վերածվել այնպիսի տարատեսակների, որոնք հնարավորություն կունենան թռչնից ու խոզերից վարակելու մարդուն: Ուստի, անկախ նրանից, թե դա որ տարատեսակն է, պիտի իրարից մեկուսացված լինել: Ես լավատես եմ եւ համոզված եմ, որ գիտության ու տեխնիկայի մերօրյա առաջընթացի պայմաններում որևէ մի հնար կգտնվի թռչնագրիպի վիրուսի դեմ նախօրոք պահանջվող քանակի պատվաստանյութ պատրաստելու համար: Չեմ կասկածում, որ ներկա պահին գործը համաճարակի չի հասնի: Ամերիկացի գիտնականներին հաջողվել է նոր պատվաստանյութի մշակումը՝ նորագույն տեխնոլոգիաների տիրապետությամբ: Այսքանով հանդերձ, բնակլիմայական պայմանների փոփոխությունները մարդու կամքից չեն կախված: Եվ դեռ անհայտ է, թե ինչպիսի պայմաններն են կանխում, և ինչպիսի պայմաններն են նպաստում վիրուսի զարգացմանը, կամ տարբեր հիվանդությունների բռնկումներին: Ուստի թռչնագրիպի դեմ պայքարը թուլացնելն անթույլատրելի է: Միշտ պետք է զգոն լինել և ըմբռնումով մոտենալ կատարվող միջոցառումների անհրաժեշտությանը, հրաժարվել շտապողականությունից: Հայտնի է, որ թռչնագրիպի վիրուսը անկայուն է բարձր ջերմաստիճանի դեպքում: Օրինակ, 70 աստիճանի պայմաններում կես ժամում, 75 աստիճանում՝ 5 րոպեում, 80 աստիճանում՝ 1 րոպեում ոչնչանում է վիրուսը, իսկ եռացման դեպքում թռչնամթերքները անվնաս են դառնում մարդու համար: Բայց այստեղ չպետք է մոռանալ նաև նրա մյուս կողմը: Մինչև մորթած հավը կամ ձուն կաթսա հասնելը՝ մի քանի անգամ լվացվում են: Եվ ահա այդ ջրերի մեջ է, որ վիրուսը կարող է կենդանի մնալ և վարակի աղբյուր դառնալ, եթե նրանք թափվեն գետնին կամ բաց կոյուղու մեջ, իսկ մեզ մոտ կոյուղին բաց է: Ուստի կեղտաջրերը մինչև թափելը ևս պետք է տաքացվեն մինչև եռման աստիճանի, նոր միայն թափվեն, իսկ հավամթերքների հետ գործ ունեցող մարդն ամեն անգամ պետք է ձեռքերը լվանա օճառով: Որպես ախտահանիչ նյութեր, բացի կծու նատրիայի, ֆենոլի 3 տոկոսանոց կամ ֆորմալինի 0.1 տոկոսանոց ջրային լուծույթների, կարելի է օգտագործել նաև տնային պայմաններում նախօրոք պատրաստված ու պահպանվող փայտի, մոխրի ու կրաջրի 15-20 տոկոսանոց ջրային տաք լուծույթները, որոնց պատրաստման համար առանձին ամաններում մոխրի և չհանգած կրի վրա հավասար ծավալներով ջուր են լցնում, լավ խառնում ու թողնում մի քանի օր, ամեն օր խառնելով այն: Վերջում, երբ նստվածք են տալիս, վերցնում են նրանց երեսին կուտակված մաքուր ջուրը և օգտագործում որպես ախտահանիչ: Վայրի կամ ընտանի թռչունների դիակների հայտնաբերման դեպքում բաց ձեռքերով դիպչել չի կարելի: Ձեռքերը փաթաթելով ցելոֆանի թաղանթով, պետք է դրանք տեղավորել կրկնակի պարկերի մեջ և ուղարկել լաբորատոր քննությունների, իսկ տեղանքը՝ հրկիզել, բահով մաքրել ու յոդել: Եթե թռչունը սատկել է տան բակում կամ թռչնանոցում, ապա թռչնանոցը նախօրոք պետք է ախտահանվի, մաքրվի ու նորից ախտահանվի մոխրի կամ կրաջրի տաք լուծույթներով: Թռչնագրիպը, այո, վտանգավոր է, բայց, կրկնում եմ, այն չպիտի պատճառ դառնա թռչունների նկատմամբ թշնամաբար վերաբերմունքի: Եվ ամենակարևորը՝ ամեն ինչ պետք է անել մասնագետների խորհուրդներով:
Էդուարդ
ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ՝ ՍՆՆԴԻ ՀԵՏ Վերջին ժամանակներս Արցախում սկսել է աճել տարբեր վիրուսային հիվանդությունների դեպքերի քանակը: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ այդ հիվանդություններից շատերը տարածվում են օդի կամ ուղղակի շփման միջոցով, ուստի խիստ անհրաժեշտ է պահպանել սանիտարական կանոնները: Ցավոք, այդ կանոնները ներկայումս չեն պահպանվում, հատկապես՝ խանութներում: Սննդամթերքների որոշ խանութներում վաճառողը նույն ձեռքերով գնորդին միաժամանակ կարող է տալ և° հաց, և° օճառ, կամ առանց ձեռնոցի լցնել, ասենք, թխվածքաբլիթներ ու մատուցել սպառողին: Հնարավոր է նաև վիրուսային հիվանդությամբ տառապողն իր ձեռքերով պատրաստած թխվածքները վաճառելու նպատակով հանձնում է որոշ խանութների: Այս ամենից կարելի է ենթադրել, որ մտնելով խանութ, կարող ես ձեռք բերել ոչ միայն մթերք, այլ նաև տարբեր վիրուսային հիվանդություններ: Զարմանալին այն է, որ այս ամենի նկատմամբ հաճախ անտարբերություն են ցուցաբերում ոչ միայն վաճառողները, այլև տուժողները՝ գնորդները: Խնդրի առկայությունն, անշուշտ, պայմանավորված է նրանով, որ մեր քաղաքում չկան հատուկ ուսումնական հաստատություններ, որտեղ սովորողները հնարավորություն ունենան ծանոթանալ այն կանոններին, որոնք անհրաժեշտ են առևտրի սրահներում աշխատելու համար: Գուցե ժամանակն է խնդրին լուրջ ուշադրություն դարձնել՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր: Կարծում եմ, այդ դեպքում գոնե ձմռան ամիսներին զերծ կմնանք անհանգստանալու մի քանի առիթներից, և դպրոցների ու տարբեր ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդները չեն հետաձգվի աշակերտների և ուսանողների հիվանդության պատճառով...
Ալեքսեյ
ՖԻՐՅԱՆ
ԻՆՉՈՎ է ՍՆՎՈՒՄ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ Վերջին մի քանի տարիների ընթացքում բացվել են շատ սեփական ձեռնարկություններ: Բայց միշտ չէ, որ այդ ձեռնարկությունների արտադրանքը համապատասխանում է բոլոր չափանիշներին: Իմ զրուցակիցներից շատերի կարծիքով, պատասխանատու մարմինները ուշադրություն չեն դարձնում, թե ինչ որակի սննդամթերքներ են վաճառվում մայրաքաղաքի խանութներում: Եվ այդ պատճառով մթերքների մեծ մասը ժամկետանց են լինում: Մարսիկ Գաբրիելյանը ասում է, որ Հայաստանում արտադրվող կոնֆետի մեջ երկաթի կտոր է հայտնաբերել: Իսկ Կարինե Խաչատրյանն ասում է, որ ինքն էլ հացի մեջ է երկաթի կտոր հայտնաբերել: Եվ ցավալին այն է, որ նմանատիպ օրինակներ շատ կան: Այդքանից ելնելով, կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր մարդ տնային պայմաններում կարող է բացել սեփական ձեռնարկություն և արտադրանքը հանձնել խանութներին: Իսկ հասարակության առողջությանը վնաս հասցնելու և հասարակ սպառողների իրավունքները խախտելու հանգամանքը ոչ մեկին չի մտահոգում: Ստեփանակերտցիներից ոմանց էլ անհանգստացնում է նաև այն, որ խանութներում վաճառվում են թուրքական արտադրության սննդամթերքներ: Արմեն Պողոսյանն ասում է. «Իմ կարծիքով, Հայաստանն ի վիճակի է հայ ժողովրդին մատակարարել Հայաստանում արտադրվող առողջ սնունդ»: Եվ իսկապես, այս հարցերը շտապ լուծման կարիք ունեն: Ցավալի է, որ տուժողներից բացի ոչ-ոք ուշադրություն չի դարձնում, թե ինչով է սնվում մեր հասարակությունը:
ԾԱՄՈՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ «Հացը կանգնած կտրեցեք,- հորդորել են մեզ մեր տատերը,- դրանով դուք հարգանք եք ցուցաբերում հացի նկատմամբ»: Կամ էլ՝ «Հացը սուրբ է, երբ այն ընկնի, բարձրացրու և համբուրիր երկու կողմից էլ, այդպես ներողություն կխնդրես անփութությանդ համար»: Ցավալի է, բայց այսօր այդ նույն հացը, որ հայերիս համար դարեր ի վեր սրբություն է համարվում, դարձել է ընդամենը բիզնեսի մի ձև, հեշտ փող վաստակելու միջոց: Եթե ոչ վաղ անցյալում հացի փուռերը կարելի էր հաշվել մեկ ձեռքի մատների վրա, ապա այսօր երկու ձեռքերի մատներն էլ չեն հերիքի դրանք հաշվելու համար: Բայց, ինչպես ասում են, կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը: Թարմ հացը դեռևս լավ հաց չի նշանակում: Իսկ լավ հաց ասելով՝ հասկանում ենք առաջին հերթին խնամքով, մաքուր, սանիտարահիգիենիկ պայմաններում թխվող հացը, ինչը, ցավոք, շատ հեռու է մեզ՝ բնակիչներիս վաճառվող հացից: Ահա մի տեսարան, որ, հավատացած եմ, չի զարմացնի ոչ մեկին: Առավոտ է: Պատշգամբից հետևում էի անցուդարձին: Այդ պահին, ինչպես միշտ, հացի մեքենան կանգնեց մեր շենքի դիմացի խանութի առջև: Մեքենայից դուրս եկավ վարորդը և բացելով թափքը, հացը վերցրեց և քայլերն ուղղեց դեպի խանութ: Ճանապարհին, անփութության թե պարզապես չափազանց շատ վերցնելու պատճառով, մի հաց գցեց գետնին և, առանց վարանելու, շատ հանգիստ վերցրեց այն ու մտավ խանութ: Եվ փույթ չէ, այդ նույն ձեռքերով վարորդը, որ միաժամանակ և հաց ցրողն է, հասցրել է տաբատի փոշին թափ տալ, ավտոմեքենայի ղեկից, մեքենայի տարբեր մասերից բռնել և «ձեռքով բարևել» տասնյակ ընկեր-բարեկամների: Այն, որ ոչ վարորդ-ցրիչը, ոչ վաճառողները հատուկ հագուստ չեն հագնում՝ ևս փույթ չէ, չէ՞որ հացը, միևնույն է, վաճառվում է... Մտնում ես խանութ՝ հաց գնելու և ի՞նչ... Հերիք չէ, որ հացը անուշադրության է մատնված (լավագույն դեպքում այն ծածկված է լինում անորոշ գույնի մի փալասով), նրա կողքին էլ մի բծախնդիր գնորդ կարծես «հոգու պարտքն է համարում» իր աջով օրհնել բոլոր հացերը: Ախր ո՞ր մեղքի համար է հացն այսպիսի լլկանքների և արհամարհանքի ենթարկվում: Կարծում եք հեռո՞ւ է այն օրը, երբ այդ նույն սուրբ հացը կդառնա հազար ու մի հիվանդության աղբյուր...
Քնար
ԲԱԲԱՅԱՆ
խաչմերուկ ԿԱՅԱՑԱՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ Փետրվարի 18-ին կայացավ Արցախի հեռուստատեսության պատմության մեջ նախադեպը չունեցող մի երևույթ՝ մրցանակաբաշխություն: Հաշվի առնելով, որ սա առաջին անգամն էր՝ անվանակարգերը կազմված էին կեսկատակ-կեսլուրջ սկզբունքով, ընդ որում՝ մրցանակների և դրամական պարգևների արժանացավ անվանակարգերում ներկայացված հեռուստատեսության գրեթե ողջ ստեղծագործական կազմը: Ասել է թե՝ անդրանիկ միջոցառումն ավելի շուտ Արցախի հեռուստատեսությունում աշխատողների տարիների աշխատանքը գնահատելու փորձ էր, պարգևատրություն՝ շաղախված հումորով: Ըստ արժանվույն գնահատելով մեր կոլեգաների համար այդ նշանակալից իրադարձությունը՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փոքրիկ հանգամանքի վրա. միևնույն հաստատության գրեթե բոլոր աշխատողների պարգևատրության արարողությունը կարելի էր չանվանել մրցանակաբաշխություն: Եթե սա բացառություն էր և հետագայում կգործի լավագույնների ընտրության տարբերակը (ինչպես իր ելույթում խոստացավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Մաքսիմ Հովհաննիսյանը և ինչպես պահանջում են մրցանակաբաշխության կանոնները), ապա ո՞վ է որոշելու այդ լավագույններին: Ու եթե կազմակերպիչները նպատակ ունեն այն հետագայում դարձնել լուրջ մրցանակաբաշխություն, ապա հարկ կլինի թերևս ընդգրկել ոչ միայն հեռուստատեսության աշխատակիցներին: Ինչևէ, տեղեկացնենք, որ «Խմբագիրներ» անվանակարգում պարգևատրվեցին. Արա Վանյանը՝ «Միշտ կադրից դուրս», Նարինե Ղազարյանը՝ «Ամենաբազմազավակ մայր», Նորեկ Գասպարյանը՝ «Ամենազբաղ և բազում ծրագրերի հեղինակ», Սոֆի Իվանիդիսը՝ «Հեռուստատեսության գլխավոր բժիշկ», Մարինե Մկրտչյանը՝ «Հեռուստաարկած», Համլետ Մարտիրոսյանը՝ «Հեռուստալրագրողներից ամենադերասանը», Լուսինե Ավանեսյանը՝ «Ամենաքաղաքականացված օրերի հեղինակ», Մերի Դավթյանը՝ «ԱՄՆ հասած հեռուստատեսության առաջին լրագրողը», Մելորա Բաղդասարյանը՝ «Մանուկների աշխարհում», Գոհար Ռուստամյանը՝ «Ի՞նչ կա հեռուներում», Վարդգես Բաղրյանը՝ «Անվերջ վերադարձ»: Ռեժիսորների և օպերատորների անվանակարգում. Հրայր Ավետիսյանը՝ «Միշտ մոնտաժման վահանակին», Վարդգես Ուլուբաբյանը՝ «Տեսախցիկ և սուր», Բենիկ Ղարախանյանը՝ «Աշխատասեր մեղու», Մհեր Մկրտչյանը՝ «Հանրահայտ դերասանի դուբլիկատ», Սամվել Սաիյանը՝ «Հավերժ մանչուկ», Մերուժան Հայրապետյանը՝ «Ի՞նչ կա նկարահանելու», Արտավազդ Գրիգորյանը՝ «Լույսի առաջին մարդը»: Պարգևատրվեցին նաև «Գոյամարտ» ստեղծագործական խումբը՝ «Պատերազմ և խաղաղություն», Նարինե Աղաբալյանը և Գրիգոր Գասպարյանը («Ծիր Կաթին» ստուդիա)՝ «Հեռուստատեսությունում և հեռուստատեսությունից դուրս», Արտակ Ղուլյանը՝ «Հաղորդավարից մինչև լրագրող՝ կես քայլ», Ծովինար Բարխուդարյանը՝ «Մանկությունից մինչ այսօր», Սոս Մայիլյանը՝ «Կյանքը երգ է», Կարինե Հարությունյանը՝ «Սոլի Բանալի» և Արմինե Հայրիյանը՝ «Ամենակրտսերը»: Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ
«ՍԱ ՈՉ ՏԵՖԻ Է, ՈՉ ՕՍԿԱՐ» «Սա ոչ Տեֆի է, ոչ Օսկար, այլ սովորական մրցանակաբաշխություն»,- այսպիսի միտք արտահայտվեց փետրվարի 18-ին ԼՂՀ ՊԲ մարզաառողջարարական համալիրում կազմակերպված երեկո-մրցանակաբաշխության ժամանակ, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը, Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, նախարարներ, պատգամավորներ և հյուրեր: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ՝ Արցախում հեռուստատեսության հիմնադրման մասին, ելույթ ունեցան հեռուստատեսության մի քանի աշխատակիցներ, հյուրեր, տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Հեռուստատեսության մի խումբ աշխատակիցներ՝ խմբագիրներ, օպերատորներ, ռեժիսորներ, հաղորդավարներ, պարգևատրվեցին դրամական պարգևներով և հուշանվերներով: Մրցանակաբաշխության վերաբերյալ տողերիս հեղինակի առաջադրած հարցերին պատասխանեցին Արցախի Հանրային հեռուստատեսության գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը և գլխավոր օպերատոր Բենիկ Ղարախանյանը: - Ի՞նչ նշանակություն ունի այս մրցանակաբաշխությունը ձեզ համար: Նորեկ Գասպարյան - Սա առաջին մրցանակաբաշխությունն է և դրա համար էլ կարելի է ասել, որ դա բավականին ընդգծված բնույթ է կրում, դա ոգևորիչ է, դա գնահատական է: Այս ամենը կայացավ շնորհիվ այն մարդկանց, ովքեր իսկապես սիրում են հեռուստատեսությունը, գնահատում են այն և գիտեն, թե ինչ է նշանակում հեռուստատեսությունը երկրի համար: Բենիկ Ղարախանյան - Ինչպես գիտենք, լրագրողները համարվում են 4-րդ իշխանություն: Ցավոք սրտի, այս գաղափարը մեր հանրապետությունում չի գործում, և այսօրվա լրագրողները մի տեսակ անտեսված են: Եվ ահա վերջապես կազմակերպվեց այնպիսի միջոցառում, երբ մեր «տեղը իմացան»: Սա, ինքնին, հաճելի երևույթ է: Ես կցանկանայի, որ նման միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն և լրագրողները պարգևատրվեն ըստ արժանվույն, քանի որ նրանք կատարում են շատ ծանր աշխատանք, նրանք են, որ ամեն օր եթեր հեռարձակելով կողմնորոշում են ժողովրդին այս կամ այն հարցում: - Ո՞ւմ կարծիքը հաշվի առնվեց մրցանակակիրների ընտրության հարցում: Նորեկ Գասպարյան - Մենք գրեթե ողջ կոլեկտիվով որոշեցինք, այսինքն և° գլխավոր խմբագիր, և° գլխավոր օպերատոր, և° գործադիր տնօրեն, և° Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ: Յուրաքանչյուրն ասաց իր կարծիքը և վերջում եկանք այն եզրակացության, որ սա առաջինն է, ուրեմն բոլորն արժանի են մրցանակների, և մենք որոշեցինք ստեղծագործական ամբողջ կազմին պարգևատրել: Այստեղ խոսքը ոչ թե դրամի մասին է, այլ ուշադրության: - Արդյո՞ք օպերատորները գնահատվեցին ըստ արժանվույն: Բենիկ Ղարախանյան - Բոլորին էլ հայտնի է, որ հեռուստատեսությունը չի կարող գոյություն ունենալ առանց օպերատորների: Հիրավի, ոչինչ են ծավալուն տեքստերը, գայթակղիչ և հուզիչ խոսքերը, եթե չկան կադրեր: Այդ իսկ պատճառով օպերատորներին պետք է գնահատել պատշաճորեն, ըստ նրանց թափած ջանքերի: Դե, քանի որ սա առաջինն է, ապա կարելի է ասել, որ օպերատորները գնահատվեցին համարյա թե արժանվույն: Իհարկե, սա ապագայի համար մեծ նշանակություն կունենա, քանզի այն կօգնի օպերատորներին աշխատել ավելի մեծ սիրով և եռանդով: - Իսկ ինչ-որ բան կփոխվի՞ մրցանակաբաշխությունից հետո հեռուստատեսության աշխատանքում: Նորեկ Գասպարյան - Կարծում եմ, վաղն արդեն բոլորը աշխատանքի կգան ավելի ոգևորված, ավելի գոտեպնդված: Աշխատանքի կգան բարձր տրամադրությամբ, նոր ծրագրերով և, կարելի է ենթադրել, որ վաղը հեռուստատեսությունը կլինի ավելի հետաքրքիր: Մենք ևս միանանք այս խոսքերին և հուսանք, որ մեր հանրապետության միակ հեռուստատեսության ծաղկուն ապագան դեռ առջևում է: Յանա ՂԱՐԱԽԱՆՅԱՆ
ԳԻՐՔ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Օրերս լույս է տեսել Արցախյան ազատամարտի մասնակից, ճակատային բուժքույր Տանյա Առստամյանի «Սուրբ գործի նվիրված փրկիչներ» վերնագրով գիրքը, որ պատմում է Ասկերանի գնդի բուժծառայության անցած մարտական ուղու մասին: «Հայ զինվորն ու սպան ոգեպնդվել ու իրենց պաշտպանված են զգացել, երբ կողքին զգացել են բժշկական պայուսակով, կարմիր խաչով իրենց կողքից շարժվող բուժակին, առավել ևս՝ բուժքրոջը»,- գրքի առաջաբանում գրում է Ասկերանի գնդի նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: «Այն, ինչի մասին գրել է հայրենիքի իսկական դուստր, մարտիկ ու բուժքույր Տանյա Առստամյանը, շատ համեստ ու արժելից մի պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր պատերազմը տարել են և° որպես հայրենիքի զինվոր, և° որպես բուժօգնության նվիրյալներ»,- գրում է նույն գնդի բուժծառայության նախկին պետ Էդուարդ Աղաբեկյանը: Այդ ծանր ու դժվարին տարիներին մեր յուրաքանչյուր վիրավոր զինվորի կյանքի համար պայքարող, նրանց մոտ անքուն գիշերներ անցկացնող բուժծառայության մարտիկներից ոմանք կենդանի չեն այսօր, նրանցից ոմանց մասին գրվել են, ոմանց մասին առաջին անգամ է գրվում, և, անշուշտ, փոքրիկ այս գրքույկում, ինչպես գրում է հեղինակը, հնարավոր չէ պատմել ամենքի և ամեն ինչի մասին: Սակայն մարտիկ-բուժքույր Տանյա Առստամյանի այս գիրքը ոչ միայն բուժծառայության մարտիկների պատերազմական տարեգրությունն է և՝ տուրք ու մեծարանք բուժծառայության վետերաններին, այլև հայրենասիրության օրինակ է մերօրյա և գալիք սերունդների համար: Սեփ. լրատվություն
ԿԻՆՈՊՐԵՄԻԵՐԱ ԼՂՀ ՊՆ աջակցությամբ՝ օրերս կայացավ արցախցի երիտասարդ կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ կինոռեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Ջիվան Ավետիսյանի «Սեփական պատմության հետքերով» վավերագրական ֆիլմի արցախյան պրեմիերան, որն արդեն դիտել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Կանադայում, Պարսկաստանում. հերթը արցախցի հանդիսատեսինն էր: Հիշեցնենք, որ սա Ջիվանի թվով երկրորդ արցախյան պրեմիերան է. մեկ տարի առաջ արցախցի հանդիսատեսը դիտել էր նրա «Քամուն ընդառաջ» ֆիլմը: Իսկ իր յուրաքանչյուր աշխատանք Ջիվանը պարտադիր ցուցադրում է Արցախում, քանի որ իր իսկ խոսքերով՝ ինչ էլ անի, ուր էլ գնա, ինքը նախ և առաջ Արցախի հանդիսատեսի առաջ է հաշվետու: Իսկ արցախցի հանդիսատեսը գնահատող հանդիսատես է. դահլիճը գրեթե լիքն էր, մեծամասնությունն էլ՝ երիտասարդներ: «Սեփական պատմության հետքերով»-ը «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության արտադրանքն է, նկարահանվել է Արևմտյան Հայաստանում և պատմում է մի խումբ երիտասարդների պատմական հայկական տարածքներ կատարած այցի մասին. տասնամյակներով մոմի երես չտեսած եկեղեցիների պատեր, Վանա լիճը, Ախթամարը, Կարսը, Անին... Ինչո՞ւ հենց Արևմտյան Հայաստանը: Ջիվանի խոսքերով՝ որովհետև այնտեղ նա իրեն զգում էր՝ ինչպես տանը: «Թող որ տունն ավերված է, թող որ այնտեղ ուրիշներն են ապրում, բայց այն իմ հոգում է, իսկ դա ինձանից խլել ոչ ոք չի կարող»: Միակ բանը, որ մասին Ջիվանը չի խոսում, պլաններն են: Դրանց վերաբերող յուրաքանչյուր հարցի պատասխանում է՝ «Առաջն աստված»: Ք. ԽԱՆՈՒՄՅԱՆ | ||
Հրատարակվում է "Conciliation Resources" կազմակերպության ֆինանսական և Ստեփանակերտի մամուլի ակումբի ստեղծագործական աջակցությամբ | |||