# 1 (43),  31 հունվարի 2006 թ.


ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ


Այս Ղարաբաղն է, Արցախը: Սա մեր Շուշիի ս. Ղազանչեցոց Մայր տաճարն է: Շուրջբոլոր մեր լեռներն են, մեր հանդ-հովիտները, մեր քաղաքներն ու գյուղերը...
Սրանք մեր երեխաներն են, մեր վաղը, մեր ապագան, մեր լինելության գրավականը: Նրանք ծնվել են պատերազմի տարիներին և պատերազմից հետո: Նրանք ծնվել են այն երկրում, որտեղ ծնվել են իրենց ծնողները, իրենց պապերը և իրենց պապերի ապուպապերը:
Այս Ղարաբաղն է, նրանց երկիրը, մեր երկիրը... Այս երեխաները և մենք բոլորս ցանկանում ենք ապրել այս երկրում, մեր երկրում: Որպես ազատ ու անկախ այս երկրի քաղաքացիներ: Ուրիշ երկիր և ուրիշի երկիր պետք չէ մեզ: Այս է ահա ողջ հարցը, ՙՂարաբաղյան հարցը՚, որի ՙլուծման՚ վրա գլուխ են կոտրում Արևմուտքը, եվրոպաներըª իրենց ԵԱՀԿ-ներով, խորհուրդներով ու զանազան հանձնախմբերով...
Մեր ապրելու իրավունքի հարցը, մեր ճակատագիրն այսօր փորձում են լուծել առանց մեզ, առանց մեր մասնակցության, և դրա համար մեղավոր ենք մենք բոլորսª մեր իշխանությունները, մեր քաղաքագետ-դիվանագետները, նաև ժողովուրդը, մենք, որ այսօր մեզ դրել ենք դիտորդի կարգավիճակում...
Մեզ սպառնացող վտանգներին հնարավոր է դիմակայել ողջ ժողովրդի գիտակցված կամքով ու միասնական ջանքերով£ Ինչ էլ լինի, մե°նք ենք այս հողի, այս երկրի տերը, և բոլոր դեպքերում, վերջին խոսքը պատկանում է ժողովրդի°ն, մե°զ£ Տեր կանգնենք մեր իրավունքներին:


 

լրահոս

 ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՉԻ ԼԻՆԻ

 ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի սպասելիքը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Փարիզում կայանալիք հանդիպումից այդքան էլ մեծ չէ: Իհարկե, հաշվի առնելով այն, որ Ղուկասյանն ինքն է խոստովանում, որ ունի առնվազն վիզուալ տպավորությունների պակաս, դժվար է ասել սովորական «մեծ»-ի եւ Ղուկասյանի «մեծ»-ի տարբերությունները: ԼՂՀ նախագահը նույնիսկ դժվարանում է պատասխանել, թե ինչ կտա նախագահների հերթական հանդիպումը:

«Դա իրենց հանդիպումն է եւ իրենք պետք է ասեն՝ կան հիմքեր սպասել ինչ որ արդյունքների, թե ոչ: Ես չեմ բացառում, որ որոշ հարցերում հնարավոր է արդյունավետ լինեն բանակցությունները: Բայց հստակ, վստահ չեմ կարող ասել՝ դա կլինի, թե ոչ: Մենք բոլորս իհարկե ցանկանում ենք, որ հարցը կարգավորվի, որովհետեւ ես մի անգամ ասել եմ, որ կարգավորման այլընտրանքը պատերազմն է: Պետք է խուսափել պատերազմից: Կարեւորը՝ որ միշտ լինեն բանակցություններ: Բանակցողը միշտ ճիշտ է: Այս տեսակետից ես ողջունում եմ ցանկացած հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Ինչ սպասելիքներ ես ունեմ: Ես չեմ գտնում, որ այդ հանդիպումը կունենա ճակատագրական նշանակություն, բայց ես նաեւ չեմ բացառում, որ որոշ հարցերի շուրջ իրենք կարող են գալ համաձայնության»,- ասում է ԼՂՀ նախագահը:

 «Լրագիր»

 

ԱՆԻՄԱ՞ՍՏ, ԹԵ՞ ԻՄԱՍՏԱՎՈՐ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Ասում են, Ղարաբաղում կադրային լուրջ տեղափոխություններ են տեղի ունենում: Իբր, հանել են հարյուր տարի այդ պաշտոնում աշխատած սոցապնախարար Լենստոն Ղուլյանին եւ տեղը նշանակել նախկին պատգամավոր Վասիլի Աթաջանյանին: Իբր, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւսյանին փոխվարչապետի պաշտոն են տալիս, նրա տեղն էլ նշանակում ներկայիս Հարկային ծառայության պետ Հակոբ Ղահրամանյանին: Խոսում են նաեւ քաղաքաշինության նախարար Բորիս Ալավերդյանի պաշտոնանկության մասին: Նրա տեղն էլ վերագրում են Փախստականների եւ միգրացիայի հարցերով վարչության պետ Պավել Նաջարյանին: Լուրերն այդ մասին անուղղակի հաստատում են նշված նախարարություններում, սակայն, կառավարության մամուլի ծառայությունում մեզ հայտնեցին, որ հստակ տեղեկություններ դեռ չկան:

Փորձագետների կարծիքով, դժվար կլինի գտնել նման փոփոխությունների իմաստը, եթե, նախկինի պես, երկրի ղեկավարությունը եւս չբացատրի, թե ինչով էր վատ նախկին նախարարը եւ ինչ առավելություններ ունի նորը: Եթե չբացատրեն, առավել եւս՝ եթե «նախկիններին» «այլ» աշխատանքի տեղափոխեն, ուրեմն՝ սովորական փոխատեղում է: Ավելի ճիշտ՝ նախագահն ու վարչապետը ցույց են տալիս, որ ինչ-որ բան անում են:

Նման փոխատեղումների իմաստը անհասկանալի է նաեւ այն պատճառով, որ «թիմային» առումով եւ «նախկինները», եւ «նորերը» ոչնչով չեն տարբերվում: Ղարաբաղում չկա կոալիցիոն կառավարություն, «կուսակցական» նախարարական պորտֆելներ, նույնիսկ ընդդիմություն չկա: Թե ինչով են այդ պարագայում պայմանավորված կադրային փոփոխությունները՝ անհասկանալի է:

 «Լրագիր»

 

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆ. «ԵԱՀԿ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊԵԼ ԽՆԴՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ»

Նորերս ԼՂՀ ժամանած ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի այցելությանն է հունվարի 29-ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: Նա մասնավորապես նշել է, որ այդ այցը չի կարելի քաղաքական համարել, քանի որ կատարվել է տեխնիկական աշխատանք: «Դեռեւս 1996-97թթ. խումբն այցելել է տարածաշրջան, որի ժամանակ  խմբին ուղեկցել եմ նաեւ ես՝ գեներալ Զինեւիչի հետ միասին: Այդ այցելություններից հետո նրանք պատրաստել են խաղաղապահ ուժերի տեղակայման չորս տարբերակ: Անցել է տասը տարի, այդ ուժերը մինչեւ հիմա այստեղ չկան, բայց խմբի համար նպատակահարմար է  տեղում ճշտել իրողությունները 10 տարի առաջ գրածների հետ»,- նշել է Մ.Մայիլյանը: Նա միաժամանակ փաստել է, որ խմբի անդամները եղել են այն նույն տեղերում: «Եղան Լեռնային Ղարաբաղի հյուսիսում, կենտրոնական ուղղությունում եւ հարավում: Այսինքն՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից մինչեւ Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղը»,- մանրամասնեց նա:

«Հնարավո՞ր է, որ ներկայիս այցելությունից հետո խումբը միառժամանակ հետո կրկին այստեղ գալու մտադրություն ունենա» հարցին ի պատասխան փոխարտգործնախարարը նկատել է, որ խումբը, որը ստեղծվել է 1994-ին, աշխատում է իր ստացած մանդատի շրջանակներում եւ որ դա «իրենց գործն է՝ նման ծրագրեր մշակել եւ ժամանակ առ ժամանակ այցելել  տարածաշրջան՝ ճշտելու համար իրենց նշումները եւ կատարված իրադարձությունները»:

ԼՂՀ փոխարտգործնախարարը նաև նկատեց. «Խմբի այցելության վրա հանրության ուշադրությունը միանգամայն հասկանալի է, քանի որ  ներկայումս շատ է խոսվում այն մասին, որ 2006 թվականը կարող է բեկումնային լինել ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործում եւ որ կարող է պայմանագիր ստորագրվել եւ այլն, բայց, չգիտես ինչու, մարդիկ խմբի այցը կապում են հենց այդ խոսակցությունների հետ: Ես խորհուրդ կտայի այս երևույթները չկապակցել միմյանց հետ, քանի որ դրանք տարբեր գործընթացներ են: Այցը չի նախատեսում որեւէ զեկույցի պատրաստում, պարզապես նրանք պիտի շտկեն իրենց դիտարկումները: Վերջին հանդիպման ժամանակ, երբ արդյունքներն ամփոփեցինք այդ խմբի անդամների հետ, նրանք խոստացան, որ  հնարավոր տարբերակների պատրաստման դեպքում  իրենք անպայման դրանք կներկայացնեն ԼՂՀ իշխանություններին»:

«Իսկ նման այցերը պարբերաբա՞ր են լինելու» հարցին Մ.Մայիլյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Եթե հաշվի առնենք, որ նրանք առաջին անգամ տասը տարի առաջ են այցելել հակամարտության գոտի, ապա կանխատեսումներ անել դժվար է: Դա, հավանաբար, կախված կլինի նաեւ բանակցային գործընթացից: Եթե կողմերը,  այդ թվում՝ ԼՂՀ-ն, որեւէ պայմանավորվածության գան, եւ եթե արդիական լինի խաղաղապահ ուժերի տեղակայումը: Դա եւս քաղաքական հարց է, ըստ այդմ էլ քաղաքական որոշում պետք է կայացվի մեր իշխանությունների կողմից՝ պե՞տք են մեզ խաղաղապահ ուժերը, թե՞ ոչ: Այդ դեպքում հնարավոր է, որ խումբը նորից այցելի  կամ չայցելի: Ամեն ինչ կախված է լինելու հետագա զարգացումներից»:

 

Մի շնորհանդեսի առիթով
ԼՈՆԴՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՎՌԱՄՇԱՊՈՒՀ

 Հունվարի 26-ին Երևանում կայացավ «Հաշտեցման պաշարներ» բրիտանական կազմակերպության «Ակորդ» հանդեսի 17-րդ համարի շնորհանդեսը: «Առաջնորդության սահմանները. ընտրանին և հասարակությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղարար գործընթացում» վերտառությամբ հանդեսի այս համարը նվիրված է ղարաբաղյան հիմնախնդրին: Հանդեսի հրատարակմամբ փորձ է արվել միջազգային հանրությանը ներկայացնել հակամարտության կողմերի տեսակետները, դրանով իսկ նպաստելով նրանց միջև երկխոսության ծավալմանը: Հակամարտության բոլոր կողմերից էլ հանդես են եկել դիվանագետներ, փորձագետներ, պետական պաշտոնյաներ, այն տարբերությամբ միայն, որ ղարաբաղյան կողմը ներկայացնող պաշտոնական տեսակետ չկա, ավելին՝ ներկայացվել են «ղարաբաղցի հայի» ու «ղարաբաղցի ադրբեջանցու» տեսակետները: Սա հանդեսի հիմնական թերությունն է, իսկ ընդհանուր առմամբ երևույթն ինքնին դրական է, համենայն դեպս՝ հայկական կողմի տեսակետներն ըստ ամենայնի ներկայացված են՝ համապատասխան տերմինաբանությամբ ու տրամաբանությամբ:

Այնուամենայնիվ, երևանյան շնորհանդեսի մասնակիցների հիմնական ուշադրությունը հենց այս հարցի՝ ղարաբաղյան կողմի ոչ հավուր պատշաճի ներկայացման վրա էր: Իր ելույթում ԼՂՀ նախկին արտգործնախարար, ներկայումս ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը, արդարացիորեն մատնանշելով վերոհիշյալ թերությունը, միևնույն ժամանակ չափից ավելի մեծ կարևորություն տվեց հանդեսի   ներկայացման ձևին, ի զարմանս շատերի ընդգծելով, որ այս պարագայում անգամ կարևոր չէ հանդեսի բովանդակությունը: Նա տարակուսեց, թե ինչպես է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը համաձայնվել, որ իր հոդվածը ներկայացվի համայնքային տրամաբանությամբ:

Պատասխան խոսքում Գ. Բաղդասարյանը նշեց, որ իր համար ևս տհաճ անակնկալ էր հանդեսի այս հատվածի նման ներկայացումը, քանի որ իր ու խմբագրի վերջնական պայմանավորվածությամբ հոդվածը պիտի լույս տեսներ «Հայացք Ղարաբաղից» խորագրով կամ վերնագրով, իսկ հանդեսում տեղ գտած տարբերակը իր հետ պայմանավորված չէր: Դրա հետ մեկտեղ նա նշեց.

- Համաձայն եմ նաև, որ հանդեսում արհեստական հավասարակշռման միտում կա, թեև ուրախ եմ, որ այդ հավասարակշռումը չի վերածվել հավասարեցման ու համահարթման: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմի համայնքային ներկայացմանը, ապա հանուն արդարության պիտի նաև նշենք, որ ոչ միայն նյութերի, այլև հանդեսի ամբողջ տրամաբանության մեջ չկա համայնքային մոտեցում, և դա պատահական չէ: ԼՂՀ-ն հանդիսանում է տարածաշրջանի ռազմաքաղաքական բալանսի բաղկացուցիչ մասը, որպիսին պարզապես չի կարող լինել ադրբեջանական համայնքը, և այս ընկալումը կա հանդեսի նյութերում:

Գ. Բաղդասարյանը շեշտեց հիմնախնդրին նաև «դրսի աչքերով» նայելու օգտակարությունը և տեղեկացված լինելու անհրաժեշտությունը, պարզաբանելով, որ իրատեսական չէ ակնկալել այլ երկրների մոտեցումներ՝ մեր իսկ մոտեցումների տրամաբանությամբ: Բայց անգամ այս հանգամանքի և այլ մոտեցումների առկայության պարագայում հանդեսը, Գ. Բաղդասարյանի ընկալմամբ, բավականին դրական լիցք է պարունակում:

Շարունակելով թեման, Ա.Մելիքյանն ընդգծեց, որ կազմակերպիչները հստակ նպատակ են ունեցել և ամեն ինչ արել են այդ նպատակին հասնելու համար, ինչն էլ հաշվի առնելով հանդեսը կարելի է «անթերի» համարել հենց այդ նպատակին ծառայելու առումով: Եւ վերջում ոչ դիվանագիտական, այլ զուտ մարդկային-զգացմունքային դիտարկում արեց.

- Ժամանակին, երբ մոսկվացի ընկերոջս տարել էի Մատենադարան, նա երկար կանգ էր առել Մաշտոցի ու Կորյունի կոթողի առաջ և ապա տարակուսել, թե ինչու նրանց կողքին չի հավերժացվել հայոց Վռամշապուհ արքան: Տրամաբանությունը հետևյալն էր՝ այո, մեծ է Մաշտոցի դերը, բայց, հավանաբար, նա այդ ամենը չէր կարող անել առանց արքայի թույլտվության ու աջակցության:

«Կեցցե նրանց Վռամշապուհ արքան»՝ այսպես ավարտեց իր ելույթը նախկին արտգործնախարարը՝ ակնարկելով կազմակերպիչներին:

Ինչ որ է, անկախ այս կամ այն զգայական ընկալումից ու մոտեցումների հավասարակշռված լինել-չլինելուց, հարկ է նշել, որ իրոք ղարաբաղյան կողմը հավուր պատշաճի ներկայացված չէ հանդեսում, թեև, ինչպես նրա խմբագիր Լոուրենս Բրոերսը, չժխտելով, որ իրենց մոտեցումներում առաջնորդվել են իրենց երկրի «գաղափարական բագաժով», նկատեց, ղարաբաղյան կողմի թերագնահատման գիտակցված նպատակ իրենք չեն ունեցել, ավելին՝ գտնում են, որ ղարաբաղյան կողմն ըստ ամենայնի ներկայացված պիտի լինի բանակցային գործընթացում: Միև-նույն ժամանակ, նա խորհուրդ տվեց ամեն ինչում չափից ավելի չգայթակղվել ձևով ու պիտակներով և ավելի շատ ուշադրություն դարձնել էությանն ու խորքին:

Տեղեկացնենք նաև, որ հանդեսի շնորհանդեսը մոտ ժամանակներս կկայանա Բաքվում, իսկ մեկ ամիս անց՝ Ստեփանակերտում:

 Սեփ. լրատվություն

 

ԻՆՉՊԵՍ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ

Կառավարությունը խոստանում է թափանցիկություն, իսկ ՀԿ-ների կասկածները դեռ լիովին չեն փարատվել

 Արցախում մեկնարկել է աննախադեպ մի գործընթաց, որը ներհատուկ է ժողովրդավարական հասարակությանը, սակայն միայն դեպքերի հետագա զարգացումը ցույց կտա, թե որքանով է այդ գործընթացը մինչև վերջ հարիր լինելու ժողովրդավարական բարեփոխումների էությանը: Կառավարությունն առաջին անգամ  դրամաշնորհների տրամադրման մրցույթ է հայտարարել հասարակական կազմակերպությունների համար: Դա նշանակում է, որ ՀԿ-ներն այսուհետ պետությունից գումար կստանան ոչ թե գեղեցիկ աչքերի կամ քաղաքական հակումների, այլ կոնկրետ ծրագրերի համար: Դա թույլ կտա պետությանը հասարակական զարգացման համար նախատեսված գումարները ծախսել առավելս նպատակային, վերահսկելի եւ արդյունավետ:

Անտեղյակներին տեղեկացնենք, որ առայսօր հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ պետությունից գումար էին ստանում, որի մեծ մասը ծախսվում էր տվյալ կազմակերպության պահպանման համար, այսինքն՝ աշխատավարձեր էին վճարվում, կոմունալ եւ այլ ծախսեր մարում: Այլ կերպ ասած, պետությունը փող էր տալիս, որ այդ կազմակերպությունները պահպանեն իրենց գոյությունը: Ընդ որում, տալիս էր միայն նրանց, ում գոյությունը իրեն ձեռնտու է: Սույն ավանդույթը գալիս է խորհրդային ժամանակներից, երբ ՀԿ-ները կոմկուսին պետք էին որպես ժողովրդավարության ապացույց եւ քաղաքական լծակ: Ժամանակները փոխվել են, եւ անգամ հետխորհրդային տարածքի մեծ մասում նման մեխանիզմ չի գործում: Միայն մեզ մոտ էին շարունակում ֆինանսավորել կազմակերպություններ, որոնց աշխատանքի հասարակական արժեքը, մեղմ ասած, դժվար տեսանելի է:

ՀԿ-ներին գումարներ տրամադրելու գաղտնիության եւ անհասկանալի սկզբունքներին դեմ էին արտահայտվում տեղական մի շարք հասարակական կազմակերպություններ: Օրինակ, Ստեփանակերտի մամուլի ակումբը ակցիաներ է կազմակերպել, փորձելով պարզել, թե ում եւ ինչպես են տրամադրվում գումարները, բայց ապարդյուն: Անցած տարվա աշնանը նույն հարցով «կլոր սեղան» է կազմակերպել «Բաց հասարակություն» կազմակերպությունը, որին հրավիրվել էր փոխվարչապետ Արարատ Դանիելյանը:

Զրույցի ժամանակ պարզվել է, որ կառավարությունն էլ է արդեն շահագրգռված պարզություն մտցնել այս ոլորտում: Ա. Դանիելյանը տեղեկացրել էր, որ պատրաստվում են մի մարմին ձեւավորել, որում կընդ-գրկվեն պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Այդ մարմինը կորոշի պետության համար առաջնային ոլորտները, ֆինանսավորման ծավալները եւ մրցույթ կհայտարարի դրամաշնորհներ տրամադրելու համար: Բայց ֆինանսները կտրամադրվեն ոչ թե կազմակերպության պահպանման, այլ կոնկրետ ծրագիր իրականացնելու համար: Առաջարկություն եղավ հասարակական կազմակերպություններին հավաքվել, ընտրել համակարգող մարմին եւ մի քանի ներկայացուցիչ պատվիրակել մրցութային հանձնաժողովներին:

Հասարակական կազմակերպությունները հավաքվեցին, բայց նպատակահարմար չհամարեցին ընդհանուր խորհրդի ստեղծումը: Նրանք ընտրեցին 2 հոգի, որոնք դիտորդի կարգավիճակով կմասնակցեն հանձնաժողովների նիստերին:

Վերջապես, 2006-ի սկզբին ստեղծվեց Հասարակական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են պետական մարմինների ներկայացուցիչներ և պատգամավորներ: Հունվարի 21-ին «Ազատ Արցախ» թերթում հրապարակվել է Հասարակական խորհրդի որոշումը մրցույթների կազմակերպման կարգը սահմանելու մասին: Այն ընդգրկում է բազմաթիվ պայմաններ, հատկապես՝ փաստաթղթերի ներկայացում: Դրանց մի մասի ներկայացման անհրաժեշտությունը որոշ հասարակական կազմակերպություններ անհասկանալի են համարում: Այդուհանդերձ, գտնում են, որ ավելի լավ է լրացուցիչ տվյալներ ներկայացնել, որ ամեն ինչ պարզ լինի, քան անորոշություն տիրի:

Ինչպես մեզ հետ զրույցի ժամանակ ասել է Հասարակական խորհրդի նախագահ Միքայել Գասպարյանը, մրցույթներն անց են կացվելու բաց, հրավիրվելու են լրագրողներ եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետ Ա. Դանիելյանի հավաստմամբ, կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի պետբյուջեի գումարները ծախսվեն նպատակային:

ՀԿ-ների ներկայացուցիչներն էլ հակված են կարծելու, որ հանձնաժողովի աշխատանքն անթերի չէ լինելու: Կգործեն եւ հին ավանդույթները, եւ, գուցե, հեղինակությունները, կլինեն դժգոհություններ, նախագահի մոտ «այցելություններ»: Ըստ երեւույթին, այդ ամենը գիտեն եւ Խորհրդի անդամները: Մնում է հուսալ, որ նրանք նաեւ գիտեն, որ ինչպես հիմքը դնես, այնպես էլ գործը կշարունակվի:

Հավելենք միայն, որ բոլոր կողմերն էլ գիտակցում են, որ կան սոցիալական ոլորտի մի շարք ՀԿ-ներ, որոնց գոյությունը պետության եւ հասարակության համար շատ կարևոր է, ուստի դեմ չեն, որ այդ կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրվի մրցույթից դուրս, այն ակնկալիքով, որ գալիք տարի նույն այդ կազմակերպություններն էլ ծրագրեր կներկայացնեն:

 Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

 

հայրենական

 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է 2005-ԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ 

Հունվարի 20-ին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը հրավիրեց մամլո ասուլիս, որի ընթացքում համայնքի ղեկավարը խոսեց ինչպես 2005 թ. արված, այնպես էլ 2006 թվականին նախատեսվող աշխատանքների մասին: Էդուարդ Աղաբեկյանը նշեց, որ բյուջեի  կատարողականը 2005-ին կազմել է ավելի քան 53 միլիոն դրամ, այն դեպքում, երբ 2004 թ. այդ թիվը կազմում էր 30 մլն 959,8 հազար դրամ: Անդրադառնալով համայնքի սեփական եկամուտներին, Էդ. Աղաբեկյանը նշեց, որ ի տարբերություն 2004-ի 105 մլն 349 հազար դրամի, 2005 թվականին սեփական եկամուտները կազմել են 144 մլն 502,4 հազար դրամ, որից 7.7 մլն դրամ ուղղվել է դեռևս նախորդ տարիներից գոյացած էլեկտրաէներգիայի պարտքերի մարմանը, շուրջ 39 մլն դրամ էլ՝ քաղաքի արտաքին լուսավորվածությանը:

110 %-ով աճ է արձանագրվել նաև պետական և տեղական տուրքերի մասով՝ կա պետական տուրքերի նվազման և տեղական տուրքերի հավաքագրման աճի միտում: Հավելաճ է գրանցվել նաև ոչ հարկային եկամուտներում՝ գույքի օտարման հիմնական միջոցներից՝ 17,1%-ով:

Հողի վարձակալական վճարները կազմել են 442 %, տարվա ընթացքում ընդամենը 63 մրցույթ կազմակերպելու արդյունքում օտարվել է մոտ 8 հա տարածք, իսկ  համայնքային բյուջե է մուտքագրվել 13 մլն դրամից ավելի գումար (նախորդ բոլոր տարիներին նույն 8 հա հողատարածքից ստացված գումարը կազմում էր առավելագույնը 164 հազար դրամ): Իրականացվել են 400-ից ավելի հողահատկացումներ, որից 219-ը՝ անհատական տների, իսկ մնացածը՝ հասարակական նշանակության օբյեկտների համար: Անցած տարում բազմաբնակարան շենքերի նորոգմանը հատկացվել է 60 մլն դրամ, իսկ 2006-ին նախատեսվում է այդ գումարը հասցնել է 80-82 մլն դրամի: 2 մլն դրամ էլ հատկացվել է աստիճանների նորոգմանը: 72 տեղերում մոտ 640 գծամետր երկարությամբ իրականացվել է ջրատարների նորոգում, վերացվել է 310-ից ավելի վթար:

Քաղաքապետարանին կից հանձնաժողովները տներ կառուցելու համար որոշակի խավերի առաջին անգամ անհատույց տրամադրել են մոտ 85 հողատարածքներ. դրանք են՝ փախստականները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, հաշմանդամ զինծառայողների ընտանիքները, բռնադատվածները, ավագանու որոշումով նաև՝ բազմանդամ ընտանիքները, ինչպես նաև փորձ է կատարվել այդ խմբում ընդգրկել 70-ական թվականներից բնակարանի հերթում գրանցված մարդկանց: Իսկ այսօր արդեն 85-ից ավելի ընտանիքների Արեշ  թաղամասում տրամադրվել են համապատասխան հողատարածքներ: Քաղաքապետի հավաստմամբ, եթե չլիներ նախորդ տարիներից կուտակված 50 մլն դրամից ավելի էլեկտրաէներգիայի պարտքը, համայնքի ղեկավարությունը բավականին միջոցներ կուղղեր նաև մանկական խաղահրապարակների կառուցմանը:

Բացի այդ, ողջ 2005 թ. ընթացքում քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանն ընդունել է 1128 որոշում, բողոքարկվել է 14-ը, որոնցից բավարարվել է 2-ը: Ի դեպ, այս 14-ը մի քանի անգամ ավելի ցածր թիվ է, քան նախորդ տարիներին, երբ ամենից ցածր թիվը եղել է 37: «Իհարկե,- նշել է քաղաքապետը,- այստեղ կա դատարանների հանդեպ վստահության-անվստահության հանգամանքը, սոցիալական գործոնը, բայց, այսպես թե այնպես, կա նաև մեր՝ իրավական ակտերի ընդունման ձևերում շտկումների արդյունք»:

Քաղաքապետի խոստովանմամբ՝ հետընթաց արձանագրվել է քաղաքի կանաչապատման բնագավառում, ինչը նա բացատրում է կանաչապատմամբ զբաղվող 3 տարբեր ընկերությունների կադրային և կառուցվածքային ոչ ճիշտ քաղաքականությամբ:

 Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

 
 

ՇԵՆԱՑՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ
կամ՝ ուշանում եք, տղաներ 

 «Ցանկացած հեղափոխություն (եւ ընդհանրապես ձեռք բերած ամեն մի նվաճում) արժեք ունի միայն այն դեպքում, եթե այն պաշտպանվում, ամրապնդվում եւ առաջ է մղվում»: Կարծեմ Մեծ առաջնորդն է ասել: Համենայնդեպս, անկախ այն բանից, թե ով է ասել, ճշմարիտ է ասված: Հատկապես մեր՝ Ղարաբաղի պարագայում: Արցախյան շարժումն էլ հեղափոխություն էր: Մեր պայքարն ի սկզբանե խաղաղ էր: Մեզ պարտադրեցին պատերազմ: Անհավասար, արյունալի պատերազմում մենք հաղթանակ տարանք: Ձեռք բերեցինք անկախություն: Հիմա մենք ենք տնօրինում մեր իրավունքն ու ճակատագիրը: Հետեւաբար հեղափոխությամբ ձեռք բերած այդ հաղթանակը մեծ արժեք է ներկայացնում մեզ համար: Իսկ  ձեռք բերած այդ արժեքը պետք է պահպանվի ու ամրապնդվի, եթե չենք ցանկանում, որ մեր այնքան զոհերի արյան գնով ձեռք բերած մեծ արժեքը կորչի: Եւ որպեսզի անվտանգ ու հանգիստ լինենք մեր սեփական հողի վրա, ապա պետք է լինենք հզոր ու ամուր, զգոն ու աչալուրջ:

Անտարակույս, հզոր դառնալու եւ լինելու համար բազմաթիվ ու բազմազան գործոններ կան: Դրանց մեջ առաջին եւ ամենագլխավորը մարդու գործոնն է: Այսինքն՝ երկիրը շենացնելն է: Մարդն է, որ կառուցում, բարիքներ է արարում, գիտություն, գրականություն, մշակույթ ստեղծում, տիեզերք  նվաճում, հայրենիքի վտանգի պահին զենք վերցնում այն պաշտպանելու համար: Ուրեմն, մեր պարագայում բոլոր այս բաղադրիչները, հատկապես եւ առաջին հերթին Հայրենին շենացնելը, հույժ անհրաժեշտություն է: Մի խոսքով՝ մենք հզոր պետություն պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեզ եւ մեր նվաճած արժեքը պահպանենք:

 Տարիներ առաջ պետական մակարդակով ուրվագծվեց մոտակա տարիների համար մի ծրագիր, ըստ որի Արցախում բնակչության թիվը մոտակա տարիներին պետք է հասցվեր 300 հազարի: Ինչ խոսք, ողջունելի ծրագիր էր եւ բարի ցանկություն: Կարծես որոշ քայլեր արվել են. Հյուսիս-Հարավ մայրուղին է կառուցվում, սահմանամերձ գյուղեր են վերականգնվում, բնակարաններ ու դպրոցական շենքեր կառուցվում, մշակույթի, կենցաղի օջախներ գործի գցվում եւ այլն:

Նախանշված ժամկետներն արդեն վաղուց անցել են, սակայն բնակչության քանակական աճը դեռեւս աննշան է: Նշանակում է՝ նման հիմնահարց լուծելու համար թերևս անհրաժեշտ են առավել լուրջ, հետեւողական ջանքեր եւ ամենահիմնավոր միջոցառումներ: Ասենք, օրինակ, ինչպես դա Հայաստանում է արվում, երբ առաջին դասարան ընդունվող դպրոցականին միանվագ որոշակի քանակությամբ դրամական գումար է տրվում, անվճար են տրվում դասագրքերն ու ուսումնա-նյութական պարագաները, հոգ է տարվում նոր մանկական հիմնարկների բացման համար, եւ մի շարք  այլ միջոցառումներ:

Հուսանք, որ այս եւ նպատակաուղղված այլ միջոցառումները, ասենք, պետական մակարդակով Մարդակերտի ու նաեւ հանրապետության մյուս շրջանների զարգացման ծրագրերի իրականացումը որոշակի թափ կհաղորդի սահմանամերձ գյուղերը շենացնելու կարեւոր գործին:

Սակայն, հարցի լուծման համար ամենագլխավոր գործոնը համարելով մարդուն, իմ ասելիքն այս անգամ ավելի շատ մեր երիտասարդությանն է վերաբերում:

…Վաղուց չէի եղել իմ հայրենի Սարդարաշեն գյուղում: Այս ամառ եղա: Արցախյան պատերազմի ժամանակ Աղդամից Խաչենի ուղղությամբ գյուղը յոթ անգամ հարձակման է ենթարկվել թուրք-ազերիների կողմից: Ճիշտ է, յոթ անգամ էլ ոսոխը ետ է շպրտվել, սակայն կորուստներից եւ ավերածություններից անմասն չեն մնացել մեր գյուղերը: Այդ մարտերում միայն փոքրիկ Սարդարաշենը 19 զոհ է տվել: Ավերվել եւ մասնակիորեն վնասվել են մեծ քանակությամբ տներ եւ այլ կառույցներ: Սակայն սարդարաշենցին, ոչ պատերազմի թոհուբոհին, եւ ոչ էլ նրա ավարտից հետո, ուրիշների նման չի լքել հարազատ գյուղը, այլեւ մնացել, վերականգնել է այն եւ ապրում է այնտեղ: Իհարկե, ոչ առանց բարերարների օգնության, ինչի համար բնակիչներն իրենց երախտագիտությունն են հայտնում: Եւ շենանում է գյուղս: Հաստատող վկան այսօր գյուղի մոտ հինգ տասնյակ տղաներն ու աղջիկներն են եւ նոր ծնունդները: Այնուամենայնիվ, հոգսերն էլ քիչ չեն, որոնց մասին լավատեղյակ են ե°ւ գյուղապետը, ե°ւ վերադասը, ե°ւ նաեւ Ազգային ժողովում նրանց ընտրյալները...

Ինչեւիցե… Եղա գյուղում: Քայլեցի մանկական եւ պատանեկան տարիներից հարազատ արահետներով, յուրովի հաճույք պարգեւելով ինքս ինձ: Հանդիպեցի համագյուղացիների հետ, իմացա նրանց հոգսերի, ցանկությունների մասին: Հանգամանալից զրույցներ ունեցա, հատկապես գյուղի երիտասարդների հետ: Շատերն աշխատանք ունեն: Գյուղում հող են մշակում, անասուն խնամում, գյուղատնտեսական բարիքներ արարում՝ իրենց պահանջները բավարարելու, նաեւ շուկայի համար: Որոշներն էլ աշխատանք ունեն  գյուղից դուրս, այս կամ այն հիմնարկ-ձեռնարկություններում: Իրենց տներն են նորոգում, նոր տներ են կառուցում: Ուրախալի է, նաեւ՝ օրինակելի:

 Ցավոք, մտահոգիչ մի երեւույթի էլ դեմ առա: Պարզվեց, որ մեր այս ջահելները, երիտասարդ տղաները չեն ամուսնանում, չնայած արդեն անցել կամ անցնում է նրանց ամուսնական, ինչպես ասում են, ամենալավ ժամանակը: Իմ այս մտահոգության մասին խոսք բացեցի գյուղերի հետ կապ ունեցող իմ տարիքի այլ մարդկանց մոտ, պարզվեց, որ նման երեւույթն առկա է նաեւ այլ գյուղերում, ինչու չէ, նաեւ Ստեփանակերտում ու հանրապետության մյուս քաղաքներում:

Չէ, ջահելները կտրականապես չեն հրաժարվում ամուսնանալուց: Գիտակցում են, որ դա անհրաժեշտ է, սակայն չեն վռազվում, ուշացնում են: Տարբեր պատճառներ են բերում. մեկն ասում է, թե առայժմ լավ աշխատանք չունի, երկրորդը թե՝ ժամանակը չէ, երրորդը՝ իբրեւ «հարմար աղջիկ» չի գտնում, չնայած, ամենալավ աղջիկները հենց գյուղում են, իրենց կողքին: Երեւի շատերն են հիշում, որ առաջներում եւ այժմ էլ հաճախ քաղաքի տղաները գյուղի աղջիկներ են կնության առնում: Գեղեցիկ, առաքինի, աշխատասեր, հավատարիմ ու ազնիվ գյուղի աղջիկներին:

Ուրեմն՝ անհիմն պատճառներ եք մեջտեղ բերում, սիրելի տղաներ: Ճիշտ չեք մտածում: Անձամբ ես չեմ կարող համաձայնել ձեզ հետ: Հիմնավոր չեն Ձեր պատճառաբանությունները: Տարիներ առաջ հարեւանիս տղան պետք է ամուսնանար: Մի կարգին հագուստ-կապուստ չուներ իր հարսանեկան հանդեսին հագնելու, կարգին մի շոր՝ հարսին հագցնելու համար: Հարեւաններն օգնության եկան եւ լուծեցին հարցը, եւ ամուսնությունը տեղի ունեցավ: Հետո տեսնեիք, թե ինչ օրինակելի ընտանիք ստեղծեց այս զույգը: Ուս-ուսի տվեցին մեր այս նորապսակները, քրտնաթոր աշխատեցին, տուն-տեղ ստեղծեցին, հինգ թե վեց երեխա ունեցան, մեծացրին, կրթություն տվեցին, ամուսնացրին, թոռ ու ծոռ ունեցան,  իրենք մնալով ջահել-ջահել:

Ասում եք՝ իբրեւ ձեզ չի բավարարում այն աշխատանքը, որը կատարում եք, կամ նման եկամտով ու աշխատավարձով չեք կարողանա ապահով պահել ձեր ընտանիքը:  Հիշեցեք, տղաներ եւ աղջիկներ, որ ընտանիքը միասնություն է եւ, որ այդ միասնությունն է ընտանիքի անդամներին բերում երջանկություն: Տղամարդը եւ կինը-դրանք այն երկու ձայնանիշ-նոտաներն են, առանց որի մարդկային հոգու լարերը չեն կարող տալ հստակ եւ լրիվ ներդաշնակություն-ակորդը: Լավ ու վատ աշխատանք չկա: Ցանկացած աշխատանք պատվաբեր է: Իսկ եթե «լավ» աշխատանք եք ուզում ունենալ, ապա, իմացեք. հիմա այնպիսի հասարակարգում ենք ապրում, որ ինքներդ պետք է ստեղծեք  ձեր սիրած աշխատատեղը: Եւ դեռ մի քանի հոգու էլ ներգրավեք աշխատանքի: Պետք է սիրել ամեն մի աշխատանք: Ոչ միայն սիրել, այլեւ ազնվորեն վերաբերվել աշխատանքի նկատմամբ: Մշտապես պետք է հիշել, որ եթե մարդ ապրում, սնվում է, սակայն չի աշխատում, ապա այդ նշանակում է, որ նա ապրում է ուրիշի հաշվին  եւ խժռում է ուրիշի աշխատանքը: Մի կարծեք, թե օտար ափերում ամեն ինչ թափած-լցված է եւ կարող եք ձրի ձեռք բերել: Այնտեղ էլ պետք է աշխատես, երբեմն կատարես ամենանվաստացուցիչ աշխատանքը: Էլ չեմ խոսում կարոտի մասին, որ քաշում են օտարության մեջ գոյություն քարշ տվողները,  կարոտ Հայրենիքի, ծնողների, հարազատ-բարեկամների, հայրական տան, բակի, փողոցի, ծառի ու ծաղկի, ամեն ինչի նկատմամբ…

Ուշացնելով ձեր ամուսնությունը, ուշացնում եք ձեր երեխաների ծնունդը: Ախր, դուք մեծ պարտականություն ունեք կատարելու Ձեր սեփական ընտանիքի եւ երեխաների հանդեպ: Նաեւ հիշեցեք, որ դուք ձեզ զրկում եք մանկան առաջին ճիչի, առաջին քայլի, առաջին թոթովանքի, ձեռքից բռնած դպրոց տանելու, միջնակարգն ավարտելու, բուհ ընդունելու եւ էլի բազում երջանիկ ու հաճելի պահերից: Ուշացնելով ձեր ամուսնությունը, դուք ուշացնում եք նաեւ թոռ ու ծոռ տեսնելու, նրանց հարսանեկան հանդեսի մասնակիցը լինելու այնքան մեծ հաճույքը:

Հիշեցեք, երբ դեռեւս չկար պետություն, կար ընտանիքը: Ընտանիքը պետության բջիջն է: Որքան ամուր ու հզոր է ընտանիքը, այնքան հզոր ու ուժեղ է պետությունը: Եթե իսկական հայրենասեր եք եւ ուզում եք Ղարաբաղը միշտ հայկական լինի, ուրեմն պետք է շենացնեք, հզորացնեք այն: 

Սիրելի երիտասարդներ, դուք եք մեր ապագան եւ հայրենիքի ապագան կերտողները: Շենացրեք մեր երկիրը եւ հզորացրեք այն: Սիրեք եւ ամուր պահեք մեր սիրելի Հող-հայրենին:

 Սերգեյ ԲԱՐՍԵՂՅԱՆ
պատերազմի և աշխատանքի վետերան

 

կարգավորում

 Ս. ՕՀԱՆՅԱՆ. «ԱՎԵԼԻ ՃԻՇՏ ԿԼԻՆԻ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ ԶԲԱՂՎԵՆ ՈՉ ԹԵ ԲԱՆԱԿԱՅԻՆՆԵՐԸ, ԱՅԼ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ» 

Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը առանցքային թեման էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի նորերս կայացած մամուլի ասուլիսում: Ուշագրավ է, որ այդ թեման առանցքային դարձավ լրագրողների ջանքերով, իսկ ՊԲ հրամանատարը նախընտրում էր խոսել բանակի ու բանակայինների նվաճումների և պրոբլեմների  մասին: Բանակի համար անցած 2005 թվականը նախարարը  գնահատեց որպես հաջողությունների տարի. «Մենք պատվով կատարել ենք մեր գերխնդիրը՝ պաշտպանել ենք մեր սահմաններն ու հայրենիքը»: Նա նաև շեշտեց, որ բանակը 2006 թվականն է թևակոխել անցած տարվա կարգախոսով. «Ակտիվ ուսուցում, մարտական վարպետություն, հաստատուն առաջընթաց»: Պատասխանելով «Դեմո»-ի թղթակցի հարցին, Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր մեր բանակի համար հրատապ հիմնախնդիր է ոչ թե շատերիս քաջածանոթ «դեդովշինան», այլ զինվորների շրջանում տարածքային-հայրենակցական գործոնը: Սակայն, ըստ նախարարի, նման հարցերի լուծման համար բանակում բավականին լուրջ ու հետևողական աշխատանք է տարվում:

Լրագրողներից շատերին հետաքրքրում էր այսօրվա քաղաքական իրավիճակը և այդ համատեքստում խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարը ԼՂՀ սահմաններում: Ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցում մեր բանակը, և ի՞նչ է մտածում պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանի խոսքերով, «չպետք է վախենալ այդ տերմինից, մանավանդ, որ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հարցը դեռ քննարկման փուլում է: Սակայն խաղաղարար ուժերի առկայությունը Ղարաբաղում չի նշանակելու, թե մենք չենք ունենալու սեփական բանակ: Այն լինելու է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն լինի ուժեղ և մարտունակ»: «Դեմո»-ի հարցը նաև վերաբերում էր վերջերս տարբեր ատյաններում շոշափվող, այսպես կոչված, գրավյալ տարածքների վերադարձմանը: Պաշտպանության նախարարի խոսքերով, «մենք ոչ մի թիզ հող թշնամուն չենք տա: Այդ հարցում բանակի կարծիքը լիովին համընկնում է մեր ժողովրդի կարծիքի հետ»: Ըստ Սեյրան Օհանյանի, ամեն դեպքում ինքը նախընտրում է, որ բանակը քիչ զբաղվի քաղաքական հարցերով. «Ավելի ճիշտ կլինի, որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվեն ոչ թե բանակայինները, այլ դիվանագետները»:

ԼՂՀ ՊԲ հրամանատարը լրագրողներին պատմեց նաև, որ յուրաքանչյուր Ամանորի իր զավակներին տանում է առաջին գիծ՝ ցույց տալու համար, որ հենց այդ գծից և այդ պահակակետում կանգնած զինվորից է իրականում սկսվում Հայրենիքը...

 Կ. ՕՀԱՆՅԱՆ

 

ԼՂՀ Աժ «ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ-ՇԱՐԺՈՒՄ-88» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին ժամանակներս ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացում ակտիվացել են միջնորդական ջանքերը, ամենատարբեր ատյաններում խոսվում է հիմնախնդրի մոտալուտ կարգավորման մասին, առաջարկվում են կարգավորման տարբերակներ, քննարկվում են հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի տեղաբաշխման եւ տևական ժամանակ անց հանրաքվեի անցկացման հարցերը:

Բանակցային գործընթացում ներկայումս նկատվող աշխուժությունը, այդ թվում ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի աննախադեպ ակտիվությունը, հակված ենք ոչ միանշանակ գնահատել այն պարզ պատճառով, որ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն աստիճանաբար դուրս է մղվել բանակցային գործընթացից, կամ չի հանդիսանում բանակցային լիիրավ կողմ, ավելին՝ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի: Ասել է թե՝ հարցականի տակ է մեր մասնակցությունը մեր իսկ ճակատագրի որոշման մեջ:

Մեզ անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ չնայած հակամարտության կարգավորման գործում հանրությանը ներգրավելու անհրաժեշտության մասին հավաստիացումներին, ժողովուրդը շարունակում է անմասն ու անտեղյակ մնալ այդ ամենին: Գիտակցելով և ընդունելով բանակցային գործընթացի որոշակի գաղտնապահության անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ համոզված ենք, որ հայ ժողովուրդը՝ ընդհանրապես, իսկ ղարաբաղի հանրությունը՝ հատկապես իրավունք ունի և պարտավոր է տեղյակ լինելու իր ճակատագրին առնչվող հարցերին:

Մեզ սպառնացող վտանգներին ու մարտահրավերներին հնարավոր է դիմակայել ամբողջ ժողովրդի գիտակցված կամքով ու միասնական ջանքերով: Ոչ մի իշխանություն չի կարող և չպիտի էլ թույլ տալ ստանձնելու ամբողջ ժողովրդի համար բախտորոշ հարցի պատասխանատվությունը: Բոլոր դեպքերում, վերջին խոսքը պատկանում է ժողովրդին: Ուստի« Ղարաբաղի հանրությունը իրավունք ունի տեղյակ լինելու այս բախտորոշ հարցին:

Կարևորելով հանրային կարծիքի դերն ու նշանակությունը «ՀՅ Դաշնակցություն - Շարժում-88» պատգամավորական խումբը մտադիր է մոտ ժամանակներս հանդես գալ նախաձեռնությամբ հիմնախնդրի շուրջ խորհրդարանական և հանրային քննարկումներ կազմակերպելու համար, ակնկալելով իշխանությունների, հասարակական-քաղաքական ուժերի և ամբողջ հանրության շահագրգիռ վերաբերմունքը:

 

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԴԵՄ ԵՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ

 «Բաց հասարակություն» ղարաբաղյան կազմակերպությունը անց է կացրել հարցում՝ «Ղարաբաղյան կարգավորման ուղիները Ղարաբաղի հասարակական կարծիքի համատեքստում» թեմայով: Հարցմանը մասնակցել է 309 մարդ Ստեփանակերտից եւ ԼՂՀ շրջաններից:

Հարցաշարում տեղ են գտել հարցեր, որոնք արտացոլված էին Միջազգային ճգնաժամային խմբի առաջարկներում: Նույն առաջարկների մասին խոսել են եւ Մինսկի խմբի համանախագահները, եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները: Դատելով այդ խոսակցություններից, միջնորդների առաջարկները ներառում են մի քանի միջոցառումներ. Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքների ապառազմականացում՝ հետագայում Ադրբեջանին հանձնելու պայմանով, ադրբեջանցի փախստականների վերադարձ, խաղաղարար ուժերի տեղակայում եւ 10-15 տարի անց՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացում: «Բաց հասարակություն» կազմակերպությունը փորձել է պարզել, թե ինչպես է Ղարաբաղի հասարակությունը վերաբերում նշված առաջարկներին:

Հարցման արդյունքներից պարզ դարձավ, որ ԼՂՀ հասարակայնությունը բացասական է ընդունում այդ բոլոր առաջարկները:

Այն հարցին, թե ինչպես եք վերաբերում Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնմանը, ոչ ոք դրական պատասխան չտվեց: «Համաձայն եմ, բայց փոխարենը պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը» պատասխանը տվել են 39 հոգի: Խիստ դեմ են այդ առաջարկին 217 մարդ: «Չի կարելի հանձնել բոլոր շրջանները»՝ ասել են 53 մարդ: Ընդ որում, առավել խիստ էին այդ հարցում մինչեւ 35 տարեկան երիտասարդները՝ 149 հարցվածներից 110-ը դեմ են արտահայտվել տարածքների հանձնման գաղափարին:

Հաջորդ հարցը վերաբերում էր փախստականների վերադարձին: Հարցը հնչում էր հետեւյալ կերպ. «Ձեր կարծիքով, ինչի՞ կարող է բերել փախստականների վերադարձը Ղարաբաղ»: «Ռազմական գործողությունների վերսկսման»՝ պատասխանել են 153 մարդ: Այս հարցում եւս երիտասարդներն առավել կտրուկ էին: Որ փախստականների վերադարձը կբերի հաշտեցման, համոզված են ընդամենը 12 հոգի: Ընդ որում, զինծառայողները, թոշակառուները եւ ուսանողները ընդհանրապես չեն գտնում, որ հաշտեցումն այդ քայլից հետո հնարավոր է: 105 մարդ նշել են, որ փախստականների վերադարձը կարող է բերել ժողովրդագրական պայթյունի եւ Ղարաբաղի հայաթափմանը: Եւս 24 հոգի կարծում են, որ դա կառաջացնի փախստականների նոր հոսք: 15 մարդու կարծիքով, դա ոչ մի կերպ չի ազդի կարգավորման գործընթացի վրա:

Հարցվածների մեծ մասը՝ 187 մարդ, կարծում են, որ խաղաղարար ուժերի տեղակայումը ղարաբաղյան հակամարտության գոտում կառաջացնի լարվածության նոր օջախ: Որ դա կբերի երկարատեւ խաղաղության՝ համոզված են 41 մարդ: Դրանցից 22-ը բնակվում են Ստեփանակերտում: Շրջաններում, որտեղ առավել շատ են տուժել պատերազմական գործողություններից, ոչ ոք նման կարծիք չարտահայտեց:

«Դա կբերի կարճատեւ խաղաղության» պատասխանը տվել է 21 մարդ: 58 հարցվածներ կարծում են, որ ուժերի մուտքը հակամարտության գոտի դրական չի ազդի կարգավորման վրա:

Հաջորդ հարցը վերաբերում էր նոր հանրաքվեի նպատակահարմարությանը: Այդ գաղափարին համաձայնություն են տվել 79 մարդ: Ընդ որում, նրանք նշել են, որ հանրաքվեն իմաստ կունենա, եթե անցկացվի մոտ ժամանակներս: Խիստ դեմ են այդ գաղափարին 168 մարդ: Հարցվածների մեծ մասը չի կողմնորոշվել այդ հարցում. 62 մարդ դժվարացել է  պատասխանել այդ հարցին: Ընդ որում, դրանցից 48-ը կանայք են: Պատասխանելով այդ հարցին, շատերը հարցնում էին՝ ո՞րն է նոր հանրաքվեի իմաստը: «Բացատրեք, գուցե, մենք մի բան չգիտե՞նք»,- ասել է մի կին: Հատկանշական է, որ շրջաններում շատ ավելի խիստ էր վերաբերմունքը այս հարցի նկատմամբ: Դա խոսում է այն մասին, որ Ստեփանակերտում քիչ են զգում պատերազմի հետեւանքները եւ իրենց առավել պաշտպանված են զգում:

Եւ ամենակարեւոր հարցը՝ ինչպես եք տեսնում Ղարաբաղի հարցի կարգավորումը: 173 մարդ ակնկալում են ԼՂՀ անկախության ճանաչում: 110 հոգի կողմ են Հայաստանի հետ վերամիավորմանը: Ադրբեջանի կազմում «լայն ինքնավարության» հեռանկարը ոչ ոքի չգայթակղեց: 6 մարդ տեսնում են խնդրի լուծումը եվրակառույցներում ինտեգրման մեջ: 12 մարդ գտնում են, որ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է: Իսկ 8-ը՝ որ հարցը դեռ երկար կմնա սառեցված:

www.lragir.am

 

ԻՄ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՒՄ ԵՍ ԱՆԿԱԽ ԵՄ

 Հարցազրույց «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել ԲԱԲԱՅԱՆԻ հետ

- Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան կարգավորման գործընթացի առկա իրավիճակը:

- Ես իրավիճակը համարում եմ շատ վտանգավոր: Շատ վատ է, ես վստահ եմ, որ հաջողության չենք հասնելու: Ես չեմ տեսնում խնդրի լուծում նրանց մեջ, ովքեր բանակցում են:

- Այսինքն, դուք չե՞ք պատկերացնում, թե ձեր պատկերացրածը չեք տեսնում:

- Իմ պատկերացրածը չեմ տեսնում, թե չէ, ինչու՞ չէ, շատ լավ եմ պատկերացնում, գոնե բանակցություններին 10 տարի մասնակցել եմ: Բավական է, որ երկու բառով արտահայտվեն, եւ դա ինձ հերիք է, որ հասկանամ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, ինչ ենթատեքստ ունի:

Ասենք, երբ Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանի իշխանությունների հետ կան փոքր-ինչ հակասություններ, եւ փորձում ենք դրանք լուծել, ապա ինձ համար արդեն պարզ է, թե դրանք ինչ հակասություններ են, ինչից են գալիս, ... Չեմ տեսնում ես լուծումը: Բայց, չեմ էլ շտապում:

- Այդ փոքր-ինչ հակասությունը ո՞րն է՝  Քելբաջարի շրջա՞նը:

- Ոչ, ինձ չի թվում, թե դա Քելբաջարի շրջանն է: Ինձ թվում է, դա կապված է կոնկրետ զորքերի տեղակայման, հանրաքվեի ժամկետների հետ: Ինչպես նաեւ վերադարձվող տարածքների չափը, որոնք այս պահին ես չէի ցանկանա կոնկրետացնել:

- Բայց մամուլում մի քանի անգամ նշվեց, թե դուք այդ սկզբունքներին համաձայն եք:

- Գիտեք, ընդհանրապես, մամուլում ով ինչպես է ձեւակերպում, դա ինձ հետաքրքիր չէ: Երբ ասում են, թե իմ տեսակետները նման են, ապա, այո, նման են, երբ ես էլ եմ գտնում, որ պետք է հանրաքվե լինի: Նման են, որ ես էլ եմ գտնում, որ մենք չենք կարող միջազգային հանրությանը, հարցի կարգավորմամբ զբաղվող գերտերություններին համոզել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ձայնով միանգամից անկախություն ձեւակերպեն, կամ ինչ-որ կարգավիճակ որոշվի: Ուրեմն պետք է եւ հայկական, եւ ադրբեջանական տեղահանված բնակչությունը վերադառնա, բայց ո՞ր տարածքով, ո՞ր հատվածով, Ղարաբաղը ի՞նչ տարածք է ունենալու. դա պետք է հստակեցնել: Երրորդը. ուզում եմ նաեւ նշել, որ ես խաղաղարար ուժերի տեղակայմանը դեմ եմ: Ես կարծում եմ, որ այնտեղ զորքեր բերելու կարիք չկա: Չեմ գտնում, որ Ադրբեջանը այն պետությունն է, որ մեզ վտանգ է սպառնում եւ դրա համար պետք է մեր միջեւ զորք լինի՝ խաղաղություն պահելու համար: Բավական է փոքր ուժերով ապահովել այդ տարածքների անվտանգությունը: Բայց նորից եմ կրկնում իմ տեսակետը. Լաչինը եւ Քելբաջարը՝ Ղարաբաղի 5 շրջանների հետ միասին պետք է լինեն մեկ միավոր: Եթե մենք փորձում ենք վստահություն ձեռք բերել այդ թեւերի մեջ, ապա, երբ հետագայում՝ 10-15 տարի հետո հանրաքվե կլինի. ժողովուրդը ինչ կարգավիճակ կստանա, ում հետ կմիանա, ինչ կորոշվի, թողնենք դա 15 տարուց հետո: Իմ տեսակետը այս հարցում հստակ է եւ այն երբեւիցե չի փոխվել. ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա: Լաչինն ու Քելբաջարը պետք է լինեն Ղարաբաղի ենթակայության տակ:

- Ձեր ասելով ստացվում է, որ Ղարաբաղին հարող հարավային շրջանները՝ Ղուբաթլին, Զանգելանը եւ այլն, պետք է վերադարձնել, որի դեպքում ռազմաճակատի գիծը բավական երկարում է: Դուք գտնում եք, որ այդ դեպքու՞մ էլ մենք մեր ուժերով կարող ենք ապահովել Ղարաբաղի անվտանգությունը՝ առանց միջազգային ուժերի:

- Ես նորից եմ կրկնում. բանակցություններում պետք է փոխզիջման գնալ: Թե դա որ շրջանները կլինեն, ինչպես դա կլինի, դա էլ իր ստրատեգիան ունի: Այստեղ զինվորականները պետք է ունենան իրենց դիրքորոշումը. ինչպես են պաշտպանելու այդ տարածքները, Ղարաբաղի բնակչության վերադարձն ու անվտանգությունը: Պետք է ճշտվի Ղարաբաղի ապագա կարգավիճակի լուծման մեխանիզմը: Հարավային Կովկասը ինտեգրվում է Եվրամիությանը, Ղարաբաղը լինելու է Եվրամիության վիճելի տարա՞ծք, թե այլ կարգավիճակ: Բայց ինչ-որ գոնե ժամանակավոր կարգավիճակ պետք է լինի, մինչեւ Կովկասը կհասունանա Եվրոպային ինտեգրվելու համար: Նոր հանրաքվե լինի:

- Ճի՞շտ հասկացանք, որ ձեզ համար Լաչինը եւ Քելբաջարը վերադարձնելը ընդհանրապես քննարկման առարկա չեն:

- Այո, ոչ մի դեպքում Լաչինը եւ Քելբաջարը չպետք է վերադարձվեն: Ընդհանրապես, Ղարաբաղի ամբողջ ջրային պաշարները՝ խմելու եւ ոռոգման, հոսում են այդ տարածքներից: Այսօր, երբ բազմաթիվ միջազգային փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ նշում են, որ 30-40 տարի հետո աշխարհի բնակչությունը լինելու է 10 մլրդ մարդ, եւ խմելու ջրի լուրջ դեֆիցիտ է լինելու, ջուրը նավթից թանկ է լինելու, հարց է ծագում. ի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում: Մենք անվտանգություն ասելով նկատի չունենք միայն բանակը կամ՝ որ զինվորը պետք է հսկի սահմանները: Դա հայոց պետականության համար կարեւոր խնդիր է, դա նաեւ Հայաստանի սահմանն է: Նորի՞ց մտնենք օղակի մեջ եւ հույս դնենք, որ միջազգային որեւէ գերտերություն մեզ պաշտպանելու՞ է: Դա լուրջ չէ, որովհետեւ մենք ունեցել ենք այդ գերպետությունը՝ ԽՍՀՄ-ը, որը փլուզվել է: Ո՞վ է ասում, որ մի գեղեցիկ օր էլ Եվրամիությունը չի փլուզվի: Կամ ի՞նչ երաշխիք, որ երաշխավոր գերտերությունները մի օր հակասություններ չեն ունենա, եւ մենք նորից չենք կանգնի փաստի առաջ:

Ուրեմն մենք պետք է այնպես հարցը լուծենք, որ որեւէ գերտերությունից կախում չունենանք, եւ անակնկալի չգանք, եւ նորմալ վիճակում լինենք, եւ կարողանանք ինքներս մեզ պաշտպանել:

Իսկ ինչ վերաբերում է մյուս շրջաններին, ապա եթե նկատեցիք, ես այդ թեման շրջանցում եմ, որովհետեւ այդ շրջանների հետ կապված կան տարածքներ, որոնք նույնպես ռազմական առումով կարեւոր են մեզ համար: Սա ես ասում եմ՝ լավ տեղյակ լինելով այդ շրջաններին: Սա է պատճառը, որ ես չեմ ասում այս կամ այն պատճառը:

- Իսկ ինչու՞ չեք կոնկրետացնում, օրինակ, Շահումյանի շրջանը:

- Կրկնեմ, երբ ասում եմ վերաբնակեցում, ապա նկատի ունեմ Ադրբեջանից տեղահանված մոտ 400 հազար հայերին: Այդ մարդկանց առջեւ, եթե մենք գնում ենք խաղաղության, պատասխանատվություն կրու՞մ ենք: Ի վերջո, նրանք Ղարաբաղի հարցի պատճառով են տեղահանվել: Ասենք, նրանք ցանկանում են կամավոր վերադառնալ Բաքու, բայց Բաքուն չի ապահովում նրանց անվտանգությունը կամ դեմ է դրան: Իսկ եթե նրանք ցանկանում են բնակվել Շուշիում կամ Քելբաջարում, ապա որպես Խորհրդային Ադրբեջանի քաղաքացիներ իրավունք ունե՞ն, թե՞ ոչ: Այդ հնարավորությունը պետք է տան: Կամ փոխանակում են. քելբաջարցուն կիրովաբադցու կամ բաքվեցու կամ նույն շահումյանցու հետ:

Դրա համար եկեք հարցը այդպես չդնենք, թե ինչպես ենք լուծում, օրինակ, Շահումյանի հարցը: Եթե խնդիրը մարդու իրավունքներն են, ապա այդ իրավունքները պետք է պաշտպանվեն: Փաստաթղթում պետք է հստակ երեւա, թե ինչպես ենք այդ մարդկանց հարցը լուծում:

«Չորրորդ իշխանություն»
(Տպագրվում է կրճատումներով)

 

կարգավորում

 ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, ԹԵՐԵՎՍ, ՊԵՏՔ Է ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ՀԱՆՁՆԵԼ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄԸ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 Ղարաբաղյան գործը որոշակի իմաստով տանուլ է տրված: Նույնիսկ հնարավոր է, որ գործը տանուլ է տրված միանգամայն կոնկրետ իմաստով: Կասկած չկա, որ մեր Հայրենիքը հանձնելու այդ ամբողջ դեգեներատիվ սխեման պայթելու է: Բայց, այնուամենայնիվ, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը այդպես հաջող, մեթոդիկ, հետեւողականորեն հայկական հանրությանը հանգեցրել է մտքին, որ ղարաբաղյան գավառը պետք է հանձնել ազերիներին, ապա կարելի է խոսել պարտության մասին: Դրանից կարող են հրճվել միայն անհույս տականքները: Հայկական հանրությանը, թերեւս, պետք է ինչ որ բան հանձնել, ներքին կոնֆլիկտայնության ուժեղացման համար, անհատական եւ հասարակական մեղքի զգացումը ուժեղացնելու համար: Դա շատ կարեւոր է ընդհանուր երջանկության համար: Իհարկե, դա պատահական երեւույթ չէ, բայց դրա մասին արժե խոսել, որովհետեւ տվյալ եզրահանգումները անհրաժեշտ են հետագա գործողությունների համար: Ինչպիսի նրբացվածություն, ընտրյալություն: Այդ մղումների հիմքը ուղղակի կաֆկայական է:

Որոշ մարդիկ այնպես են դատում, կարծես մենք բոլորս մահացել ենք: Շատերն արդեն չկան, բայց ոչ բոլորը: Օրինակ, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության հրատարակած «Ղարաբաղյան պատերազմի հանրագիտարանի» մեջ թվարկված են անձինք, որոնք բավական հեռավոր առնչություն ունեն այդ իրադարձությունների հետ, կամ ընդհանրապես չունեն որեւէ առնչություն, ներառյալ գողերին, «ցեցերին», անպիտաններին եւ մարմնավաճառներին (ոչ քաղաքական, այլ իսկական մարմնավաճառներին): Չեն հիշատակել նույնիսկ ՀՀՇ-ի կարկառուն գործիչներին: Դա, իհարկե, պատահական երեւույթ չէ, վկայող, որ, այսպես կոչված, հայկական հանրությունը վաղուց արդեն եւ անվերադարձ կորցրել է հասարակական բարոյականության վերահսկողությունը, էլ չասած քաղաքական գործընթացների մասին: Թույլատրվում է ամեն ինչ, նույնիսկ ընկածների հիշատակի վարկաբեկումը: Բայց հիշատակը ունի վրեժխնդիր լինելու յուրահատկություն:

1985-87 թթ. ժամանակահատվածը լիովին մոռացված անկեղծության պահ է հայ ժողովրդի համար: Ոչ թե խորհրդանշական 1988-ը, այլ հենց այդ երեք տարիները, երբ ընթանում էր զանգվածային շարժման նախապատրաստությունը: Մինչեւ այն, երբ ՊԱԿ-ը դարձավ ծիծաղի առարկա, ամենից աննման հայրենասերները դողացող ձեռքով ստորագրում էին տարբեր մեղայականներ եւ տեղեկագրեր: Ապագա «հայրենասերների», «պետականապաշտների» եւ «դեմոկրատների» մեծ մասը հանգիստ նստած էր իր առնետային որջում եւ լույս աշխարհ դուրս եկավ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ վտանգ չկա: Հետագայում հենց այդ առնետներն էլ դարձան նախարարներ, պատգամավորներ, հայկական հողերի «տերեր»:

Հայկական հանդիսատեսը ամենաազնիվն է աշխարհում: Քվեարկում են ինչպես ուզում են եւ ում օգտին ուզում են, վաճառում են իրենց ձայնը չնչին գնով (կա վարկած, որ, այնուամենայնիվ, առաջին անհրաժեշտության առարկաներով` օճառ, ծխախոտ, լույսի վարձ. մի՞թե դա էզոթերիկ կոդ չէ կամ պրոֆանացիայի զոհերի վերջին հույս): Հոգով կեղծում են նրանք, ովքեր պնդում են, որ Հայաստանի ընտրությունները արդար չեն: Ամեն ինչ արդար է եւ ազնիվ: Փողն ընդդեմ փողի, ինչպես եւ ԱՄՆ-ում, ինչպես եւ ցանկացած դեմոկրատական երկրում: Դրանից հետո անհնար է գտնել մարդ, որը կքվեարկի ամեն մի տականքի համար: Տականքի օգտին քվեարկողն ինքն է տականք: Այդպիսով, ամբողջ այդ գարշահոտը հիանալի համեմունք է ցանկացած լուծման համար: Այնպիսի տպավորություն է, թե սկսվում է նոր դատավարություն: Հայ ժողովրդին չի հասկանա նա, ում չի դատել այդ ժողովուրդը: Բայց դատերից բարձրագույնը դատավորների հանդեպ դատն է: Կա քավության հույս: Նացիոնալիստները մեղավոր չեն, որ նացիոնալիզմը դառնում է սրիկաների ապաստան:

Այժմ գրական հայհոյաբանությունից անցնենք ոչ մեծ վերլուծության: Լավ կլինի հասկանալ` ինչն է կարգավորման այդ նույն սխեմայի էությունը: Սխեման ներառում է մի քանի տարր, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում իրար` հողերի հանձնում-ապառազմականացում-փախստականների վերադարձ-խաղաղապահների տեղակայում-հանրաքվե 15 տարի անց: Բացարձակապես այդ բոլոր տարրերն ուղղված են ոչ միայն ղարաբաղյան հայության, այլեւ ընդհանրապես հայկական պետականության ոչնչացմանը: Դե, այդ տարրերից որ մեկն է նպատակատար: Դրանում կասկած չկա` «15» տարին: Ոչ թե հանրաքվեն 15 տարի անց, այլ հենց «15» տարին ինքնին: Միայն ապուշների համար է անհասկանալի, որ այդ հանրաքվեն տեղի չի ունենա երբեք: Քաղաքական նախագծողների համար միմիայն կարեւոր է նավթային ծրագրերի կայունության, անվտանգության եւ հաջող իրականացման համար անհրաժեշտ ժամանակի գործոնը: Այդ տասնհինգ տարին կարող է դառնալ նաեւ 20, որից հետո տարածաշրջանային նավթային պաշարները կսպառվեն: Չի կարելի չհամաձայնել իմ մի շարք գործընկերների հետ, որ խաղաղարար ուժերը նույնպես ունեն կարեւոր նշանակություն եւ կարող են դիտարկվել իբրեւ ինքնուրույն նպատակ եւ ինքնուրույն գործոն: Բայց այնուամենայնիվ, ոչ թե խաղաղարարների տեղակայումն է գործոն հանդիսանում, այլ ընդամենը ենթակայությունները` կարեւոր գործոն որոշակի քաղաքականության իրականացման համար: Տվյալ «15» տարին, որպես նպատակ արդեն չի կարող ապահովել խնդրի կարգավորումը, քանի որ տեղի է ունենում քաղաքական պարտադրանք Ադրբեջանի վրա` ի հաշիվ Հայաստանի շահի (ավելի շուտ, ի հաշիվ հայերի գոյության, որպես ազգ): Բայց նույնիսկ նույն այդ «15» տարիները, հանդիսանալով նպատակ, չեն արտացոլում հակամարտության կարգավորման տվյալ սխեմայի բնույթն ու գլխավոր բովանդակությունը: Տվյալ նախաձեռնությունը հասկանալու խնդիրն այն է, որ նրանց նպատակը ոչ մի կապ չունի կարգավորման նպատակի հետ, այն իմաստով, որ կարգավորումը նախաձեռնողներին չի հետաքրքրում իբրեւ արդյունք: Քաղաքական նախագծողները խնդիր են դրել ոչ թե հասնել արդյունքի, այլ ստեղծել նոր «իրավիճակ» կամ նոր իրադրություն, երբ չերաշխավորված անվտանգությունից իրադրությունը կստանա երաշխավորված անվտանգության կերպ, ընդ որում` հակամարտող կողմերի համար ցանկացած գնով: Ազերիները ձեւ են անում, թե ծայրաստիճան կասկածով են վերաբերվում այդ սխեմային, բայց իրականում ընդունել են այն որպես ամբողջ ղարաբաղյան գավառը գրավելու վերջին հնարավորություն: Այդ դատողություններից այն կողմ չի մնում ոչ մի էական եւ գործածական բան, որը կարող է օգնել հասկանալ խնդիրը: Դա հաստատում է այն, որ ամերիկյան եւ բրիտանական կոնսալտինգները, որ ստեղծել են ընդամենը տեղեկատվական բազան, տվյալ քաղաքական նախագծմանը չեն ունեցել որեւէ նշանակալից մասնակցություն: Այդ նախագծումը կատարվել է ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների գրասենյակներում եւ հաշվարկված է երկու հանգամանքի վրա` ազերիների նույն այդ վերջին հնարավորության, եւ հայկական հանրության հետ որեւէ խնդրի բացակայության վրա (կհամաձայնի ուղղափառ կատարածուն, կասկած չկա, եւ դեռ կհրճվի ուրախությունից):

Նման կարեւոր նպատակներն ու խնդիրները ենթադրում են ուժեղ քաղաքական ճնշում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների վրա: Բայց կարելի է միանգամայն պատասխանատվությամբ պնդել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության վրա չկա ոչ մի արտաքին ճնշում: Ստեղծված իրավիճակում տրամաբանական կլիներ քաղաքական ղեկավարությունից դժգոհություն սպասել արտաքին քաղաքական ճնշման հանդեպ, բայց դա բացարձակ չի զգացվում, որովհետեւ այդպիսի բան գոյություն չունի: Չի կարող կասկած լինել, որ Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ փետրվարին տեղի ունենալիք բանակցությունը պետք է որոշ արդյունք ունենա: 2006-ը պետք է լինի որքան հնարավոր է բովանդակալից, քանի որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, երբ 2007-08 թթ. ընտրական ժամանակաշրջանում Արեւմտյան հանրությունը լոյալ կվերաբերվի Հայաստանի ներկայիս կառավարող ռեժիմի սուբյեկտներին:

Ընտրություններ եւ ընտրական գործընթաց Հայաստանում ընդհանուր առմամբ անհնար է, բայց բոլորովին դա չէ խնդիրը: Խնդիրը OK ստանալն է, այլ ոչ թե ընտրությունը: Հանրաքվեի անցկացումը ցույց տվեց, որ ԱՄՆ եւ Եվրոպական հանրության գործիչները պատրաստ են շրջել թուրքմենական փարաջայով, պայմանով, որ իրականացվեն իրենց պլանները: Եթե 2006-ին ձեռք կբերվեն կարգավորման հայ-ադրբեջանական «սկզբունքներ», ապա երկու նախագահները պետք է հնարավորություն ունենան այդ գործընթացը շարունակել 2007-08 խորհրդանշական թվականների ժամանակահատվածում:

Ինչպե՞ս խուսափել աղետից տվյալ պատմական փուլում: Վնասակար եւ վտանգավոր է պատկերանում մոտալուտ աղետի համար բացառապես կառավարող ռեժիմին մեղադրելը: Կառավարող ռեժիմն ունի բազմաթիվ վաստակներ, օրինակ, հրատապ ընդդիմության փաստացի չեզոքացման առումով: Ես միշտ համարել եմ, որ ընդդիմադիր կուսակցությունները պարզապես ծրագրավորված են Ղարաբաղը հանձնելու համար: Դժվար է պատկերացնել, որ Արտաշես Գեղամյանը կամ Ստեփան Դեմիրճյանը պատրաստ են պաշտպանել մեր Հայրենիքը: Բայց այժմ այդ մասին խոսելն իմաստ ունի, որովհետեւ հասարակության մեջ տեղի են ունենում Դաշտային Ղարաբաղը հանձնելու ընդունելիության մասին խոսակցություններ: Դրա հետ մեկտեղ, կառավարող ռեժիմի ներկայացուցիչները եւ կառավարող կոալիցիայի կուսակցությունները նախընտրում են բողոքարկել հենց ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշումը, որոնք չեն տեսնում Դաշտային Ղարաբաղը պահելու հնարավորություն (դե նաեւ ամբողջ Ղարաբաղը): Հայաստանի քաղաքական դասը մինչեւ վերջ վարկաբեկել է իրեն եւ կարող է միայն կատարել արտաքին ուժերի, որոշակի պետությունների (լավագույն դեպքում) կամքի եւ քաղաքականության ուղեկցորդի դեր: Ստեղծված իրավիճակում (ցանկություն չկա օգտագործել պատմական ժամանակահատված հասկացությունը), ազգը սպասում է նացիոնալիստ նախագահի, այլ ոչ ժամանակավորների շուկայական պարադիգմայից եկած: Թեկուզ եւ ընդունելով նացիոնալիստ նախագահի դերը, Ռոբերտ Քոչարյանը կարող էր լուծել իր բոլոր խնդիրները առաջիկա 7 տարիների համար, բայց կարո՞ղ է արդյոք նա աջակցություն սպասել հանդիսատեսից, որն ատեց թե Ղարաբաղը, թե նրան: Տարածաշրջանի քաղաքական նախաձեռնությունների գլխավոր արարիչը` ԱՄՆ-ն, բավական հասկացավ` ով ով է: Ամերիկացիները լիովին ընդունում են կովկասյան տրիադան` տարանցիկ-սպասարկային Վրաստանը, ֆեոդալական Ադրբեջանը, նացիոնալիստական Հայաստանը: Դա զուրկ չէ իմաստից եւ բոլորովին էլ էքստրավագանտ ձեւակերպում չէ, ինչպես կարող է թվալ: Միայն Հայաստանը կարող է իրականացնել տարածաշրջանային ռազմավարական գործընկերոջ ֆունկցիա: Ռոբերտ Քոչարյանը բախվել է բավական ցավալի դիլեմայի` կամ հեռանալ իշխանությունից «ափսոսալի» կերպով եւ նրբանկատ մոռացության մատնվել, կամ դառնալ նացիոնալիստ նախագահ, գնալով որոշակի ռիսկի, բայց արժանիորեն մնալով պատմության մեջ: Դրա համար նա պետք է վերանայի գործընկերներին եւ քաղաքական հնարքները: Բայց դա ավելի բարդ խնդիր է, կա մտավախություն, որ այն իրականանալի չէ: Գալիս է հրաշամանուկների ժամանակը:

Մնում է դատողության եւս մեկ ասպեկտ: Կարգավորման այդ ամբողջ սխեման հաշվարկված է, որ ղարաբաղյան խնդրի հանդեպ նոր իրադրության ստեղծման շնորհիվ ի հայտ կգան ավելի անվտանգ ու կայուն պայմաններ: Կասկածից վեր է տարածաշրջանում անվտանգության նոր մակարդակի հասնելու ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ցանկությունը: Բայց դա բավական անորոշ հեռանկար է ու սպասում: Ներկայիս ստատուս-քվոյի խախտումը եւ նոր ստատուս-քվոյի ձեւավորման փորձերը անվտանգության առումով կարող են հանգեցնել արմատական փոփոխությունների, եւ նավթի ոչ մի կաթիլ չի գնա դեպի արեւմուտք: Եթե ինչ որ տեղ կա նավթ, ապա դա նշանակում է, որ այն կարող է հաջողությամբ արդյունահանվել եւ տեղափոխվել: Կան տխուր օրինակներ: Կովկասի եւ Բալկանների նմանատիպ խնդիրները ցույց են տալիս, որ արտաքին ազդեցությունը միայն հանգեցնում է լարվածության ուժեղացմանը: Ներկա դրությամբ, ձեռք բերված պայմանները միանգամայն ապահովում են էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, իսկ ԼՂՀ-ն ու նրա զինուժը հանդիսանում է անվտանգության էական տարր: Այլ պայմաններում, ստեղծվող էներգետիկ ենթակառուցվածքների համակարգից կմնա միայն հուշը եւ չի օգնի ոչ մի «կասպիական գվարդիա»: Իսկ ինչ է սպասվում, եթե տվյալ բարենպաստ սպասումներն իսկապես հօդս ցնդեն:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեր հայկական իրականության երկու ողբերգական ֆիգուրներն են: Ինչպես արտահայտվեց Սերգեյ Դովլատովը` «Ինչ որ ժամանակ նրանք ապրել են լեռներում»: Այժմ լեռներում մնացել է մեկ Արկադի Ղուկասյանը` մեր վերջին նախագահը: Մնացածներն իջել են «Ոսկե առյուծի Հովիտը»: Նացիոնալիստ նախագահը չի կարող ի հայտ գալ ինչ որ համընդունելի քաղաքական գործընթացի շնորհիվ: Նացիոնալիստ նախագահը զինված ուժերի արմատական որոշումների կամ հեղափոխական իրավիճակի պտուղ է, բայց ոչ «տրանզիտասպասարկային» տիպի կանխավճարված «նարնջագույն» հեղափոխության, այլ պահպանողական հեղափոխության պտուղ: Եվ դա այժմ արդեն այդքան էլ ֆանտաստիկ իրադրություն չէ: Կարգավորման սխեմայի իրացումը կհանգեցնի գեներալիտետի, սպայական կազմի եւ ընդհանրապես զինված ուժերի ծայրաստիճան արժեզրկմանը: Ում է պետք այդպիսի բանակը, որը թույլ է տվել այդպես ցինիկաբար վարկաբեկել երկիրն ու ազգը: Այդ պայմաններում անխուսափելի է զինված ուժերի որոշակի արձագանքը: Արժե ուշադրություն դարձնել, որ ավելի ու ավելի բարդանում է ռազմական գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանի քաղաքական դիրքը: Նա ավելի ու ավելի է հայտնվում քաղաքական ու հասարակական մեկուսացման մեջ եւ շատ անհարմար գործընկեր է դառնում ներքին ու արտաքին, եւ հատկապես ներքին, քաղաքական նախաձեռնությունների իրականացման համար: Մարդը, որն իր ուսերին է տարել ղարաբաղյան պատերազմի շատ դժվարություններ, երկար ժամանակ կապված է բանակաշինության հետ, հայտնվում է բավական անբարենպաստ դիրքում: Չարժե հիմա խոսել, թե ում հետ փոխկապակցված են դեպի քաղաքական նպատակներ շարժվելու տարբեր քաղաքական գործիչները, օրինակ, Գագիկ Ծառուկյանը, Տիգրան Ուրիխանյանը կամ Գուրգեն Արսենյանը: Չարժե խոսել նաեւ այն մասին, թե ինչպիսի նախապատվություններ է ունենալու Հանրապետական կուսակցությունը կամ ինչի մասին է զղջալու Դաշնակցությունը, բայց Հայաստանի իրավիճակը ուժերի ներքին դասավորության առումով մոտենում է որոշակիության առավել բարձր մակարդակի: Հայաստանի երկու գլխավոր գործընկերները` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն ձգտում աներկբա պաշտպանել Հայաստանի այս կամ այն քաղաքական խմբավորմանը: Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցը չհանգեցրեց պարտավորեցնող քաղաքական երկխոսության: Ռուսաստանն ավելի կասկածով է վերաբերվում մեր երկրին եւ նրա ղեկավարներին: Դրա հետ մեկտեղ, Սերժ Սարգսյանը այդքան պարզ անձ չէ, ինչպես կարող է թվալ: Իզուր չէր, որ 2003-ին ԱՄՆ-ի որոշակի հայկական շրջանակները լրջորեն մտադրվել էին մահափորձ կատարել նրա հանդեպ, եւ միայն սփյուռքի երկու ազդեցիկ դեմքերի միջամտությունը կանխեց այդ գործողությունը: Ու՞մ է նա խանգարում արմավենիների եւ անանասների, տպավորիչ եւ անվերջանալիորեն ծանոթ նշանների այդքան հեռավոր աշխարհում: Կանգնելով լիակատար մեկուսացման հեռանկարի առաջ` Սերժ Սարգսյանը կարող է որոշում ընդունել զինված ուժերին գործընթացների մեջ ներգրավելու մասին, որոնք երկիրը հասցնում են աղետի: Դրանով նա կլուծի շատ հարցեր` կվերադարձնի Հյուսիսային Արցախը եւ հրետանու համար կապահովի էներգետիկ ենթակառուցվածքների մատչելիությունը, մի պարզ քայլով կլուծի բոլոր ներքաղաքական հարցերը: Ներկա դրությամբ միայն նա կամ հեղինակավոր գեներալներից մեկը կարող են հավակնել նացիոնալիստ նախագահի դերին: Ընդ որում, նրա համար կապահովվի թե Ռուսաստանի, թե ԱՄՆ եւ թե նույնիսկ Իրանի աջակցությունը: Այդ տերությունների համար Հայաստանի նացիոնալիստ նախագահը կդառնա բավական հետաքրքրիր գործընկեր: Կձեւավորվի յուրահատուկ արտաքին քաղաքական իրադրություն: Եվրոպական հանրությունը եւ մնացած դեմոկրատական մարդկությունը, ընդ որում, «հանգստանում» է: Ժողովրդի աջակցությունը նախագահին կլինի աննախադեպ: Լավ կլիներ սրբազան պատերազմ հայտարարել անմտությանն ու դավաճանությանը. «Հրաշամանուկներ, օ¯ն առաջ: Եկել է Ձեր ժամանակը»: Երեւանյան անպարկեշտ նեոռեալիզմը հնացել է: Այդ իրավիճակի կարեւորությունը չհասկանալ կարող են միայն մանր խարդավանքների աղբանոցում թաղված մարդիկ: Ես ուշադրություն դարձրի, որ Վաշինգտոնը բավական գավառական քաղաք է: Վիսկոնսին ավենյուի վերին մասը մինչեւ հունական ուղղափառ եկեղեցին սարսափելի նման է Ղարաբաղի փոքր մի քաղաքի: Այնտեղ կա թթենիների մեծ քանակություն, շատ մեծ, սեւ թութ, որից պոկվելն անհնար է: Դա ուղղակի ցնցող է: Ինչպես տեսիլք: (Գավառական գործիչը եւ ընդհանրապես գավառացին չի կարող հասկանալ, որ սեքսը դա հաճույքի վերջին աստիճանն է):

Աղոթել է պետք, բայց աղոթող չկա: Իսկապես «շան» տարի է: Ոչինչ, կճեղքենք:

 Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ
17 հունվար 2006 թ.
www.lragir.am
 

 

 

դեմքեր

 

ՀԱՅՐԵՆԱՊԱՏՈՒՄ...

 Խոսքերը կարող են չափազանց թվալ, բայց չափազանցված չէ այն զգացումը, որ ծնել են այդ խոսքերը...

Արժանավորի գնահատումը կարող է գովք կարծվել, բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև արժանավորը դրա կարիքը չունի...

Պարույր Սևակ

 Ձկնառատ Խաչեն գետը շատ որսատեղեր ունի: Գետաբերանի ամեն քայլափոխի որսատեղ կգտնես: Սակայն մեկն առանձնանում է յուրօրինակ շքեղությամբ: Եվ այդ մեկը, կարծես, բնության բաժինն է: Դեռ հնուց, յուր հրաշագեղությամբ գերող որսատեղը, սիրելի էր շատ ձկնորսների համար:

Այստեղից գետը ծովի է նմանվում« թվում՝ անեզրական: Եվ գուցե հենց այդ պատճառով տեղամասը կոչվեց ԾՈՎԻ ՔԱՐ:

Թերևս« անհնար է չնկատել այն հանգամանքը« թե ինչպես է բնությունը« որպես ամենատես թիկնապահի, որպես աչալուրջ պահապանի՝ ԾՈՎԻ ՔԱՐ-ը հանձնել ժայռաբեկորի հսկողությանը: Եվ աշխարհի այս ութերորդ հրաշալիքը Վանք գյուղում է: Տակավին չեմ սխալվի՝ պատմելիքս անպատմելի կոչելով, կամ փորձել անպատմելին պատմել...

Լևոն Գուրգենի Հայրապետյան: Ծնվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Գուրգեն Հայրապետյանը, վաստակաշատ մանկավարժ էր, դասավանդում էր գյուղի դպրոցում: Բազմիցս արժանացել է ամենատարբեր մեդալների ու պատվոգրերի:

Ավանդապահ ընտանիքի ավագ զավակն է Լևոնը: Անսահման սերն ու համակրանքը, բորբոք հավատն ու հարազատությունը հարազատ օջախի նկատմամբ Լևոնի հոգում այլ կերպ բանաձևվեցին: Դեռ մանկուց հարազատ գյուղին կապված էր այլ կենսարար ջերմությամբ:

Իսկ ԾՈՎԻ ՔԱՐ-ի առեղծվածային գեղեցկությունը նա ընկալեց որպես բնաբուխ փայփայանք: Հենց այս պատճառաբանությամբ էլ Լևոնը կարող էր գիշերել ԾՈՎԻ ՔԱՐ-ում և լուսադեմին արթնանալ՝ գիշերվա մայրական օրոր երգող ջրի ձայնից, ու շտապել առաջինը կարթը ձգել ջուրն ու պատանեկան անհամբերությամբ սպասել նրա ծանրանալուն...

Մի առավոտ էլ Լևոնը գնաց ԾՈՎԻ ՔԱՐ առանց կարթի... Այդ օրը նա հարազատ վայրը եկավ որպես ուխտատեղի... Դժվար է կռահել Լևոնի համար նշանակալից օրվա խորհուրդը: Եվ նրա վերջին շշնջախոսությունը, կարծես ժայռաբեկոր, սկեց գետի անհունը և անհետացավ ընդերքում... Հեքիաթն իրականություն դարձավ, իրականը՝ անրջացավ:

Առասպելական ոչինչ թող չթվա, քանզի հետո շատերը պիտի ասեն, պիտի պատմեն, ու դեռ բազմիցս պիտի հիշեն արժանավորին:

Կայծակնային էր Լևոնի մուտքը միջազգային բիզնեսի աշխարհ: Համաշխարհային բիզնես: Քանի¯-քանի երկաթե շղթաներ կան այդ ճանապարհին: Որքան դռներ, ինչքան կեղծիք, որպիսի անանց բավիղներ... Միայն հայրենի սրով պայքարելը քիչ է, պետք է ունենալ սեփական վահան, պետք է մտածել ամենաճարպիկ մասնագետի ունակությամբ և սուր աչք ունենալ: Եվ մինչ կունենաս քո սեփական նավն ու թիակները, դու բիզնեսի ծովում չես կարող լողալ ու վերստին կմոլորվես: Ասելն է հեշտ՝ կմոլորվես:

Ահա սա է ընտրյալը: Կյանքում նման ընտրյալներ սակավ են լինում, այնքան քիչ, որ նույնիսկ մատների վրա կարելի է հաշվել: Ասում են՝ արմատների կանչը հատուկ հնչեղություն ունի, ձայնի յուրօրինակ ելևէջներ, որ երբ հասնում է հասցեատիրոջը, վերջինս, կամա թե ակամա, անձնատուր է լինում նրա կանչին: Ահա այդ կանչն էր, որ մի քանի տարի առաջ օտար ափերից հայրենի Վանք գյուղ բերեց Լևոն Հայրապետյանին: Նրա գալուստն անսպասելի էր գյուղի համար:

Պատմում է Վանք գյուղի բնակիչ Վազգեն Թովմասյանը:

- Մի խումբ անձինք, որոնց կողքին էր ինձ բավականին հարազատ, ճանաչելի դեմքը, հավաքվել էին Գանձասարի բակում: Բոլորն էլ կոկիկ էին հագված և ինձ թվաց, թե փոքր-ինչ էլ՝ մտահոգ: Խոսում էին, երբեմն, մատնանշելով գյուղի ողորկ վայրերը: Իմ հայրենակիցը հյուրերի հետ խոսում էր մերթ անգլերենով, մերթ հայերենով կամ ռուսերենով: Ես Լևոնի ասածներից կարողացա հասկանալ այս բառերը. «Որ լավ մտածեք՝ կստացվի»:

Ընդ որում՝ այս խոսքերը նա ասաց հայերեն, այն էլ՝ մեր հարազատ Վանքի բարբառով:

Կարոտս հաղթեց: Մոտեցա և բոլոր անծանոթ մարդկանց բարևեցի: Կարծես չգիտեի, թե ինչ ձևով բարևել մանկության ընկերոջս: Քիչ հետո Լևոնն ինձ գրկեց հարազատի պես, մի կողմ քաշեց ու ասաց. «Ասա, թող սեղան գցեն« իսկ ես հյուրերին ծանոթացնեմ մեր հրաշք գյուղի հետ»:

- Ես ամեն ինչ արեցի, ինչ պատվիրել էր Լևոնը,- շարունակում է Վազգեն պապիկը,- սակայն այդպես էլ գաղտնի մնաց, թե ինչի մասին էին այդքան երկար խոսում նրանք:

Վազգեն պապիկը հետո միայն պիտի տեսածին չհավատար... Ասես առասպելական այն մի գիշերվա մեջ բուսնող դղյակի նման պիտի վեր ելներ ԱԹԱ ՎԱՆՔ ԼԵՍ ՓԱՅՏԱՄՇԱԿՄԱՆ գործարանը, որ կարճ ժամանակահատվածում բոլոր աշխատատեղերը համալրեց բանվորներով:

Շինարարական աշխատանքների մեծ մեկնարկ սկսվեց: Աշխատասեր գյուղացին կարոտել էր գործին: Սնկի պես, մեկը մյուսի ետևից Վանքում բուսնում են «ՅՈՒՆԻԲԱՆԿ», բացօթյա հանդիսասրահ, հյուրանոց «ԷԿԼԵԿՏԻԿԱ», որը համապատասխանում է եվրոպական բոլոր նորմերին ու ստանդարտներին: Եվ նորից նորություն հայրենի գյուղում: Այս անգամ՝ կենդանաբանական այգի և բազում այլ շինություններ:

Ասում են՝ յուրաքանչյուր մարդ կյանքում ունի որևէ կուռք, իդեալ: Ես երազում էի հանդիպել մեծ հայրենասերի հետ: Ասում են նաև« որ ճանաչված մարդիկ չեն կարողանում տնօրինել իրենց օրն ու ժամը: Սակայն Լևոն Հայրապետյանն ունի հստակ ծրագիր: Մեծ աշխարհի շքեղ ու աղմկոտ վայրերից հոգնած, երազում է հանգստանալ հայրենի գյուղում: Եվ 2005 թ. դեկտեմբերին արդեն վանքեցիները գիտեին« որ պիտի ՆԱ գար:

Ես գյուղ շտապեցի և արդեն իրիկնանում էր, երբ հասա Վանք: Սիրտս անհանգիստ տրոփում էր: Կանգնել էի մի արտասովոր աղբյուրի մոտ, մի պարզ ու հասարակ մակագրությամբ՝ «ԳՈՒՐԳԵՆ ՀԱՅՐԻԿ»:

Երանի այն հորը, որ տարիներ հետո անմահական ջուր կդառնա հարազատ գյուղում: Լևոնն էր հոր հիշատակին կառուցել այս աղբյուրը:

Եվ հենց այդտեղ էլ, երբ ինձ մոտեցավ Լևոն Հայրապետյանը, ժպտադեմ բարևեց, թվաց, թե վաղուց էինք իրար ճանաչում: Հուզումս անցավ: Թերևս այստեղ են ասել, որ ինչքան մեծ են նրանք, այնքան պարզ են ու հասարակ: Մեծ գործարարը սիրով լսեց ինձ...

Հայրական տանը ոչինչ չփոխեց Լևոնը: Ամեն ինչ նույնը թողեց, ոչ ավել, ոչ պակաս...  Այնտեղ իր ծնողների մատնահետքերն են: Միայն կարծես բացակայում էր ինչ-որ մի բան: Իսկ հետո այդ բացական պիտի ներկայանար բոլորովին անսպասելի: Ի՞նչը կարող էր ամփոփել իր մեջ վերոնշյալ երրորդությունը, եթե ոչ սառնորակ աղբյուրը՝ «ԳՈՒՐԳԵՆ ՀԱՅՐԻԿ» մակագրությամբ:

Գուրգեն հայրիկն էլ ունեցել է այս բովանդակությունը: Եվ միայն այս բովանդակ երրորդության արգասիքը կարող էր երկնել Լևոն Գուրգենի Հայրապետյան:

Այսօր Վանք տանող ճանապարհին աջ ու ձախ կնկատես պաստառներ, տարբեր գրությամբ« սակայն նույն բովանդակությամբ: Լևոն Հայրապետյան... Մեծ բարերար... Մեծ հայրենասեր...

Եվ այսքանից հետո այն հարցին, թե ինչպես եք մեկնաբանում Ձեր կատարածը, նա պատասխանում է. «Ես ուղղակի համաճարակի նման ուզում եմ վարակել բազմաթիվ հայորդիների, ովքեր այսօր օտար ափերում են և մոռացել են հայրենիքի գոյության մասին...»:

Հարգելի Լևոն Գուրգենի  Հայրապետյան, թույլ տվեք ի սրտե մաղթել Ձեզ առողջություն, և թող Ձեր բարի գործերի ղողանջներն աշխարհիս չորս կողմ տարածվեն ու հայրենիք կանչեն բոլոր հայորդիներին:

Բարին ընդ Ձեզ...

Պարույր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱրՊՀ, ժուռն., 4-րդ կուրս

 

ՆՐԱ ՎԱՍՏԱԿՆ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ Է

 Այս անգամ կամենում եմ ջերմ խոսք ասել 20-րդ դարի լավագույն մանկավարժ, բազմավաստակ ուսուցչուհի, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության նվիրյալ Ելենա Ավագի Աղաջանյանի մասին:

Իմ մանկավարժական երկարատև գործունեության ընթացքում շատերի հետ եմ աշխատել, շատերին եմ հիշում, բայց եթե ես բարեբախտություն չունենայի Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում երկար տարիներ աշխատելու ընկ. Աղաջանյանի հետ, շատ բան կկորցնեի: Երևի այդ քսան տարիների համատեղ աշխատանքի ժամանակ խորապես չէի ընկալում, թե որքան հաճելի է նրա պես մանկավարժի կողքին աշխատելը. պատասխանատվության բարձր զգացում, լիակատար բարեխղճություն և աշխատասիրություն, անմնացորդ նվիրատվություն, մանկավարժական անթերի տակտ ու վարվելակերպ, աշակերտի ինքնասիրության գնահատում, անսահման բարություն: Եվ ինչպե¯ս էր կարողանում այս բոլորն ամփոփել իր մեջ: Սրանք հենց այնպես բառեր չեն, որ շռայլում եմ, ո°չ, հազար անգամ՝ ո°չ, նա այդպիսին էր իր ողջ էությամբ:

Ելենա Աղաջանյանը քիմիա էր դասավանդում: Խորապես տիրապետում էր իր առարկան, անընդհատ աշխատում էր իր գիտելիքների խորացման վրա: Նրա աշակերտներից շատերը բազմիցս մասնակցել են զանազան մրցույթների և գրավել առաջնային տեղեր՝ ուրախություն պատճառելով իրենց սիրելի ուսուցչուհուն:

Տարիներ են անցել, երկար ու ձիգ տարիներ, 90-ամյա վաստակաշատ մանկավարժի սաներից շատերն այսօր էլ աշխատում են մեր փոթորկահույզ կյանքի տարբեր ոլորտներում, իրենց ներդրումն են բերում մեր նորանկախ հանրապետության զարգացման, բարգավաճման գործում: Նրանք, անկասկած, խոր երախտագիտությամբ են հիշում իրենց սիրելի ուսուցչուհուն:

Ցավոք վերջերս իր մահկանացուն կնքեց բազմավաստակ մանկավարժ, Ստեփանակերտի 20-րդ դարի լավագույն մանկավարժ Գեորգի Փարամազյանը: Այս անգամ էլ մեր բժիշկներն անզոր եղան փրկելու մեր նվիրյալ հայրենակիցներից մեկին:

Ես և Գեորգին հաճախակի էինք հանդիպում, սրտաբաց զրուցում էինք մեզ հուզող հարցերի շուրջ, հաճախ էլ անդրադառնում էինք անցյալին, մեր լավագույն մանկավարժներին, որոնց լավ էինք ճանաչում: Հիանալի զրուցակից էր: Ընկ. Աղաջանյանին շատ էր սիրում, գնահատում նրա մարդկային, մանկավարժական արժանիքները.

- Ընկ. Աղաջանյանն աննման ուսուցչուհի էր, բացառիկ անձնավորություն: Նա մեր դասղեկն էր, բայց ինչպիսի¯ դասղեկ, մեզ համար մայր էր, իսկական մայր: Չեմ չափազանցում. այդպիսի ջերմ վերաբերմունք, հոգատարություն յուրաքանչյուրի նկատմամբ, սրտացավություն, դժվար է պատկերացնել: Բոլորս էլ շատ էինք սիրում նրան, քիչ է ասել՝ սիրում էինք, ուղղակի պաշտում էինք: Ինչպե¯ս էր բոլոր հարցերը մեծահոգաբար լուծում, երանի այստեղ լիներ՝ տեսնեի, շատ եմ կարոտել: Նրա կազմակերպած միջոցառումներն անջնջելի հետք են թողել, չեմ մոռանում նրա քաղցր խոսքը, նրա բարի, շատ բարի խորհուրդները:

Հիշում եմ, որ խնդրելու պես ասաց. «Ինչո՞ւ ընկ. Աղաջանյանի մասին մի լավ հոդված չես գրում, չես մեծարում, ախր նա շատ է արժանի»: Խոստացա, որ անպայման գրելու եմ:

Եվ ահա, կատարում եմ խոստումս, բայց խղճի խայթ եմ զգում, որ ժամանակին չկատարեցի. ի¯նչ իմանայի, որ Գեորգին «կդավաճանի» մեզ, այդպես անսպասելի հրաժեշտ կտա կյանքին՝ խոր վիշտ պատճառելով բոլոր ճանաչողներին: Այո, ընկ. Աղաջանյանի մասին իրենց սրտի անկեղծ խոսքն են ասում բոլոր նրանք, ովքեր աշակերտել են նրան կամ աշխատել նրա հետ: Լսենք երկարամյա մանկավարժ, կենսաթոշակառու Մարգո Լալայանին (նա այսօր էլ աշխատում է թ. 2 դպրոցում).

- Ելենա Ավագովնայի հետ աշխատել եմ երկար տարիներ և շատ ջերմ հուշեր ունեմ: Ե°վ որպես քիմիայի ուսուցչուհի, և° որպես թիվ 2 դպրոցի տնօրեն, և° որպես անձնավորություն, օրինակելի էր: Աշակերտներն ու ծնողները, ուսուցիչները սիրում ու հարգում էին նրան: Շատ բարի, ազնիվ, անկեղծ էր, սկզբունքային, նախաձեռնող աշխատանքում: Ընկ. Աղաջանյանն ասես հոգնել չգիտեր, ձեռք բերածով երբեք չէր բավարարվում: Ասեմ նաև, որ չէր տանում խոսք տանող-բերողներին, քծնողներին, անբարեխիղճներին, միշտ պատրաստ էր ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվողներին, իսկ ընկերական շրջանում էլ մաքուր էր, անշահախնդիր: Միշտ հիշում ենք նրան, հիշում ենք կարոտով ու ասում. «Ականջդ կանչի, ընկ. Աղաջանյան»:

Մի քանի տարի է, ինչ ապրում է Սանկտ-Պետերբուրգում՝ տղայի և աղջկա մոտ: Վերջերս աղջիկը եկել էր Ստեփանակերտ, շատ ուրախացանք, որ ընկ. Աղաջանյանը լավ է, ինչպես հարկն է նշել են ծննդյան 90-ամյակը: Շնորհավորել ենք, ջերմ բարևներ ու մաղթանքներ ուղարկել:

Այդ հիանալի մարդուն ճանաչողները միայն գովեստի խոսքեր են ասում նրա մասին:

Ընկ. Աղաջանյանը թիվ 2 դպրոցի տնօրեն էր 60-ական թվականներին, այն բուռն զարթոնքի ժամանակաշրջանում, երբ թռուցիկներ էին տարածում, որտեղ մեծն Շիրազի «Ղարաբաղի ողբը» բանաստեղծությունից կտորներ կային: Համարյա ամեն օր ներքին գործերի աշխատակիցները գալիս էին դպրոց, բարձր դասարանների աշակերտների գրավոր տետրերը ստուգում... Շատ լարված օրեր էին: Ընկ. Աղաջանյանը կարողացավ ամեն ինչ իր հունով տանել:

Ասեմ, որ նրա ջանքերով ստեղծվեց կրթական գործին նվիրված մանկավարժական առողջ կոլեկտիվ, ուշադրության կենտրոնում էր սովորողների գեղագիտական, ֆիզիկական, աշխատանքային ու բարոյական դաստիարակության խնդիրը: Այստեղ, ինչ խոսք, անուրանալի է 20-րդ դարի լավագույն մանկավարժներ Խաչիկ Հարությունյանի (ուսմասվար) և Գաբրիել Գաբրիելյանի (դաստիարակության գծով ուսմասվար) ներդրումը:

Նա օժտված էր զարմանալի հիշողությամբ: Դժվար է հավատալ, բայց փաստ է, որ նա գիտեր բոլոր աշակերտներին, նրանց ծնողներին: Դպրոց էր ներկայանում բոլորից շուտ, տուն էր դառնում բոլորից ուշ, տեղյակ էր բոլոր անցուդարձերին:

Բարության, ազնվության մարմնացում էր նա: Ահա մի տիպական օրինակ: Մի օր իր աշխատասենյակում օրվա անելիքներն էինք ծրագրում (ես 2-րդ ուսմասվարն էի): Դուռը ծեծեցին: «Մտիր»,- ասաց ընկ. Աղաջանյանը: Բայց դուռը բացող չեղավ: Դուռը բացեցի: Դեմս կանգնած էին մի կին և երկու մանչուկներ՝ ցնցոտիներով: Կինը կծկվել, մի բուռ էր դարձել: Քաշվելով ներս մտան. կինը պատմեց ողբերգական եղելությունը. Աղդամում էին ապրում, ամուսինը թուրքերի մատնությամբ բանտարկվել էր, մնացել էին անտեր-անտիրական: Խեղճ կինը երեխաների հետ մի կերպ հասել է Ստեփանակերտ, ծվարել բարեկամներից մեկի մոտ: Բերել է երեխաներին դպրոց: Երբ լսեցինք այս սոսկալի իրողությունը, ընկ. Աղաջանյանը կնոջը հանգստացրեց, կանչեց երկու դասվարի: Տղաներից մեծը 3-րդ դասարանում էր, փոքրը՝ 2-րդ, բայց ցավալին այն էր, որ ադրբեջաներեն են սովորել, հայերեն տառերը չգիտեին: Ճիշտ է, ուսուցչուհիները մի քիչ դժգոհեցին, որ դժվար է լինելու, բայց ընկ. Աղաջանյանը նրանց համոզեց, որ արտաժամյա պարապեն, ուշադրության կենտրոնում պահեն տղաներին: Տեսնել էր պետք, թե տառապյալ կինն ինչպես էր արցունքների միջից օրհնում, երկար կյանք մաղթում նրան:

Հաջորդ օրը Վլադիմիրն ու Արմանը հաճախեցին դպրոցը: Ընկ. Աղաջանյանը նրանց համար ձեռք բերեց դպրոցական համազգեստ, դասագրքեր, պայուսակներ ու գրենական պիտույքներ: Աչքաբաց տղաները կարողացան ուսուցչուհիների օգնությամբ հաղթահարել դժվարությունները...

Շատ օրինակներ կարելի է բերել ընկ. Աղաջանյանի մանկավարժական գործունեությունից, որի ընթացքում իրեն դրսևորել է մարդկային գեղեցիկ ու վեհացնող հատկանիշներով: 90-ամյա մեր հայրենակցուհուն, որ հանգամանքների բերումով ապրում է մեզանից հեռու, մաղթենք առողջություն ու երկար տարիների կյանք: Նրան ճանաչողներս երբեք չենք մոռանա անբիծ խղճով, անբասիր հոգով ապրած վաստակաշատ այդ կնոջը, չէ՞ որ նրա պես մարդկանցով է աշխարհը գեղեցիկ, կյանքը՝ հաճելի:

 Բորիս ԲԱՂՐՅԱՆ

 

 

սերունդներ

 ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ ՕՐԸ ՉԻ ՄԹՆՈՒՄ 

Խորհրդածություն բազմամյա մանկավարժ, բազմափորձ հոգեբան, բազմակի ղարաբաղցի, իմ բազմաշնորհ, բազմաչարչար ընկեր Գրիգոր Դանիելյանի մասին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ 

Տարիներս, տարիներս, ուր մնացին տարիներս,
Կանաչ-կարմիր, սև-սպիտակ տարիներս,
Իմ սառն ու տաք, ծուռ ու շիտակ տարիներս... 

1975-ին  դեմոկրատիան հոգեվարքի մեջ էր, երբ եկար Արցախ: Մենք Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողներ էինք: Այդ տարիներին շատերն էին գալիս, բայց գալիս էին «Արևելից աշխարհից», դու միակն էիր, որ եկար «Արևմուտքից»: Մենք՝ մատաղ հոգիներս, ճամփեզրին թառամող ծաղիկների նման շունչ ու հոգի առանք, ինչպես կենարար անձրևից հետո: Մի քանի օր անց արդեն հասկացանք, որ մեր օրերում էլ Մոսին կարող է սպանել Սարոյին, որ Անուշը նահապետական հոռի բարքերի զոհ չէ, այլ կա նամուսի ու արժանապատվության խնդիր, որի դեմ կոմունիստական գաղափարախոսությամբ չես պայքարի: Դու ասացիր նաև, որ թեև Գիքորն այսօր չի կանչում «էստի  համեցեք», բայց տարիներ հետո  կկանչի, և բազազ Արտեմը կլինի քաղաքի ամենահարգարժան օլիգարխը: Ձեր ասածները մեր ուղեղներում դժվար էին տեղավորվում, քանի որ կոմերիտական էինք և մարքս-լենինյան ուսմունքի ֆանատիկ նվիրյալներ: Համատարած  գորշության մեջ  դու ինչպե՞ս  համարձակվեցիր ի  լուր աշխարհի հայտարարել, որ ինտերնացիոնալիզմը  նացիոնալիզմի բարձրագույն դրսևորումն է, որ այս ապուպապոտ հինավուրց հողը հայկական է, որ Արցախում մոլեգնում է  սպիտակ ցեղասպանությունը մի բուռ իշխանավոր հայերի ստրկահաճ  կամակատարությամբ: Մենք բավական ուշ հասկացանք, որ դու քեզ վտանգելով, ականապատ հողում ցանում ես այն հունդերը, որ պետք է ծլարձակեին 1988-ին: Այն տարիներին մեր մանկավարժականում դու սպիտակ ագռավ էիր, որի համար հատուկ լիազորությամբ օժտված մարմինները  որոշեցին քեզ մեկուսացնել և «լաբորատոր» պայմաններում ուսումնասիրել քո ընդդիմադիր կենսաբանական-հոգևոր կառուցվածքը: Ու քեզ տարան... Բայց տանելու համար պետք էր 25 ռուբլի, որ անհայտ մարդու ձեռքով խոթեին անհայտ մարդու գրպանը և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեին, որ դա քո գրպանն է, եթե անգամ այդպիսին դու չունենաս: Տարիներ հետո հասկացա, թե ինչու արդարադատության աստվածուհուն պատկերում են փակ աչքերով. նա ամաչում է երբեմն իր արարքներից: Քո պարագայում նա իրեն ստիպեց մեկ անգամ ևս ամաչելու: Արդարադատության աստվածուհին ամաչեց, իսկ մյուսները՝ այդ ժամանակվա քայլող աստվածները, չամաչեցին:

Քեզ տարան, որ նորից ետ բերեն՝ դառնալու ականատեսը նալբանդյանական  ազատատենչ (բայց ոչ անբարբառ) բյուր մանուկների  ծով ալեկոծությանը: Արցախը մերն է... Մհերը դուրս էր եկել քարայրից...

 Բայց դու ծածկ չունեիր այս անծածկ երկնքի տակ: Քո բացակայության ժամանակ տունդ նվիրել էին թուրքի, ավտոտնակդ՝ սեփականացրել, հայրական օջախդ գյուղում՝ ավերել,  ձեռագրերդ՝ վառել: Միայն մի ձեռագիր էին թողել, այն էլ՝ քո հոգու խորքում. դա «լացերգությունն էր ավերակված Շուշիի» մասին: «Մեծահոգաբար» քո  դեմ բացեցին  հանրակացարանի դռները՝ ցրտաշունչ երկրում կրած տառապանքներից ստացած վերքերդ ամոքելու:  Թուրքերի տները դատարկվում էին, բայց դու տան կարիք չունեիր. դու հարուստ էիր... Քեզ հոգատար  վերաբերմունք ու արժանավայել գնահատանք էր պետք  քո վերածնվող մայրենի հողի գիրկը դառնալու, նոր բացվող օրվա անմեկնելի հպարտությունից ծնված արտասուքներդ սրբելու համար:

Միայն մեծագույն կենսախնդությամբ, դեպի լավն ու պայծառը անսահման հավատով տոգորված մարդը կարող է ութամյա ազատազրկությունից հետո «ի՞նչ եք անում» հարցին պատասխանել՝ շարունակում եմ սիրել: Այդ անպարփակ սիրո մեջ դու տեղավորեցիր բոլորին՝ մեծավորին, մերձավորին, սիրեցյալին, թոռնիկին, ծոռնիկին, աշխարհի մեծ ու փոքր ազգերին, մուրացկանին, միլիոնատերին, քաղաքագետին, անգամ քո հանդեպ «թխված» գործերի  հեղինակներին, որոնց մի ստվար մասն այլևս չկա:

...88-ին մի պայծառ տխրություն կար քո հոգում, ինչպես կասեր Բակունցը, դառն ուրախությամբ օծված մի ժպիտ. ինչի համար դատապարտվել ես աքսորի, նույնի համար կարող ես դառնալ ժամանակի հերոսը: Այդ տարիներին դու ժամանակի հերոս չէիր. այդ տարիների հերոսները շատ էին: Դու յոթանասունականների հերոս էիր: Պարզապես բազմահազարանոց «խելագար  ամբոխը» իր գոռում-գոչյուններով՝ առանց դատարանի քեզ արդարացնելու վճիռ էր կայացնում, դատավճիռ, որի մեջ գրկախառնվել էին շղթաների ծանրության թոթափման ու ազատության կենարար օդի անմեկնելի զգացողությունները: Իսկ դու՝ լռակյաց ու թախծոտ, արտասուքը ներս քաշելով, ապրում էիր քո ապրումներից մեծագույնը ու մրմնջում՝ վերջապես...

Այդ օրը գուցե  ծաղկած փշալարերի հետևում մնացած աքսորյալ հորդ բերեցիր ու ամփոփեցիր  Մռավի արևելահայաց  փեշերի գրկում՝ ապուպապերիդ հողում, ո՞վ գիտի:

Ժամանակը հոսեց, անանուն մերձավոր ընկերներդ մեծավորներ դարձան, իսկ դու մնացիր ինքդ քեզ հետ, բայց մեր մեջ: Հետո ի՞նչ,  թե Շուշին նրա համար է Շուշի, որ մի հուշ է մորդ արտասվալից աչքերում, երբ իր տան բակում եղնիկի թեթևասահ քայլքից քարացել-մնացել է: Հետո ի՞նչ, թե ավերակված Շուշիի և մորդ արտասուքների համար ցրտաշունչ երկրում «պրոֆեսորի» գնահատմամբ վերապատրաստման  դասընթացներից հետո եկել ու հանգրվանել ես աշխարհի քարտեզի վրա իր օրինական գրանցումը չգտած Արցախ կոչվող հողակտորի վրա, հետո ի՞նչ, որ մանկան հոգեբանությունը Թումանյանի երկերում  քո մեկնաբանությամբ շատ պրոֆեսորներ  չեն հասկանում այն պարզ պատճառով, որ  չունեն միջնակարգ դատողություն, հետո ի՞նչ,  որ  գրերի գյուտի  կապակցությամբ, Մաշտոցի հանդեպ ծայրահեղ հարգանքից ելնելով,  գիրք չունես հրատարակած, թեկուզ... Կարծում եմ, մեծահոգի Մաշտոցը  դրանից ողբերգություն չի ստեղծի: Մի° տխրիր, բավարարվիր այն մեծագույն գնահատանքով, որին արժանացար քո բազմամյա մանկավարժական գործունեության համար: Մի՞թե այնքան երախտամոռ կլինես, որ կմոռանաս այն 20 հազար դրամը,  որով Մայր բուհը գնահատեց քո տարիների վաստակը: Իմ խնդրանքով՝ բուհի տնտեսագիտական  ֆակուլտետի ուսանողների հաշվարկով քո 30-ամյա մանկավարժական գործունեության յուրաքանչյուր  տարվա համար և 85-ամյակի կապակցությամբ քեզ վճարվել է 1200 դրամ:  Մայր բուհը գուցե իրեն թույլ տար ավելի շռայլ գնահատելու քո վաստակը, եթե խոստանայիր, որ 85-ը քո կյանքի վերջին տարին է:

Լավ, արի մի քիչ ուրախ բաներից խոսենք: Դու արդեն 85 տարեկան ես, և դու գիտես, որ երկար ապրելու միակ ձևը ծերանալն է: Ախր, սատանան տանի, դու չես ծերանում: Քո նախկին ուսանողները շուտով քեզ կհասնեն, իսկ ոմանք էլ նույնիսկ կանցնեն. չլինի՞ բռնել ես անմահության ուղին, միայն թե Քաջ Նազարի նման չասես, թե՝ մտքներինս էդ ա: Կարծես Պիզայի նման թեքվում ես, բայց դեռ չես ընկնում:

Դե ի՞նչ, «խնդալու կամ լալու պատճառ կարծեմ չիք»: Բավարարվիր եղածով, հիշիր  Թումանյանի նամակը Ավոյին՝ Արփաչայի ափն ու կթան կովը, որ քեզ համար փոխարինվեցին Կարկառի ափով ու մի քանի ածան հավերով՝  շրջապատված փառահեղ աքլորի անթաքույց ուշադրությամբ, այն աքլորի, որ ամանորին պետք է հայտնվեր տոնական սեղանին ու այդպես էլ չհայտնվեց՝ հավերի մոտ ակնկալվող հուզումներից խուսափելու համար:

Քո տարիքի մարդուն խորհուրդ չեն տալիս, բայց ինձ՝ որպես քո նախկին ուսանողի ու այսօրվա ընկերոջ, թույլ տուր  մի բարի խորհրդով ավարտեմ խոսքս. եթե քեզ հանկարծ պրոֆեսորի կոչում տան, հրաժարվիր. առանց այն էլ դու էն գլխից իմաստուն ես... Գուցե և որոշել են հետմահու գնահատել քեզ: Ճակատագիր է...

 Ռազմիկ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԵՆՔ, ՈՐ ՃԱԿԱՏԱԳԻՐ ՀՆՁԵՆՔ

  Մեր երեխաները մեր ծերությունն են: Ճիշտ դաստիարակությունը մեր երջանիկ ծերությունն է, վատ դաստիարակությունը՝ մեր ապագա վիշտը, մեր արտասուքները, դա մեր հանցանքն է մյուս մարդկանց առջև, ամբողջ երկրի առջև:

Ա. Մակարենկո

 Աշխարհում երևի թե չկա ավելի հանդիսավոր հիմն, քան մանկական շուրթերի թոթովանքն ընտանիքում: Ահա թե ինչու մարդ իր կյանքում գուցե թե այնքան աչքալուսանքի չի արժանանում, որքան սեփական հարկի տակ երեխաներ ծնվելուց: Զավակներ ունենալը մեծ, չափազանց մեծ երջանկություն է, եթե, իհարկե, նրանք խելոք են ու բարի: Ինչ խոսք, որ բոլոր ծնողներն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները լինեն խելոք ու բարի, սիրված ու հարգված բոլորի կողմից: Սակայն երևի թե ոչ բոլորն են գիտակցում, որ երեխաներն ընդհանրապես բարի ու չար չեն ծնվում, որ նրանց այդպիսին են դարձնում դաստիարակությունն ու կրթությունը, միջավայրը: Միջավայրը, որտեղ ապրում, մեծանում, հասակ են առնում մեր երեխաները, ուր ձևավորվում է ապագա քաղաքացու բարոյական կերպարը, շատ հաճախ ճակատագրական դեր է ունենում նրանց կյանքում:

Մարդ ստանում է երկու դաստիարակություն: Դրանցից մեկը, ամենագլխավորն ու առաջնայինը երեխային տալիս են ծնողները: Երեխաների առաջին, ամենամեծ ու անփոխարինելի դաստիարակները նրանց ծնողներն են, որոնք լավ պետք է հիշեն, որ երեխայի դաստիարակությունը սկսվում է նրա ծնվելու օրից: Այո, երեխան դեռ չի լսում, չի խոսում, բայց արդեն սովորում է. փորձն ավելի ուժեղ է ներգործում, քան խրատն ու քարոզը: Իսկ դա նշանակում է, որ մեր ամեն մի քայլը կատարելիս մենք պարտավոր ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ մեզ հետևում են մեր զավակները, որ այն, ինչ հիմա մենք ենք կատարում, վաղն առավել ընդգծված չափերով կկատարեն նրանք:

Լինում են ծնողներ, ովքեր տեսնելով իրենց երեխաների՝ արդեն երիտասարդ դարձած տղայի կամ աղջկա վարքագիծը, ասում են. «Չունենայի՝ ավելի լավ կլիներ»: Սա տխուր, չափազանց տխուր երևույթ է: Եվ ո՞ւմ մեղադրել. չէ՞որ մարդ իր ցանածն է հնձում: Հոգեկան ուժեղ ցնցում էր ստացել հասարակության մեջ բավականին հայտնի մի մարդ: Բժիշկները ամեն ինչ արեցին նրան փրկելու համար, իսկ ինքը՝ հիվանդը հայտարարեց. «Իզուր մի չարչարվեք, ոչինչ ինձ չի օգնելու, ինձ սպանեց իմ մինուճար տղան»: Իսկ տղան, որ մեծ քաղաքի բուհերից մեկի ուսանող էր և ոչ մի բանի կարիք չուներ, ծանոթ մի կնոջ թալանելու նպատակով, ընկերների հետ սպանել է նրան: Մարդը մահանալուց հետո շատերն էին ասում՝ լավ մարդ էր, իսկ ոմանք էլ՝ ի՞նչ լավ մարդ, որ միակ տղան մարդասպան է դարձել:

Մեր մեծերն են ասել, թե նա, ով ամեն օր իր զավակներին որևէ օգտակար բան չի պատվաստում, նա իր հարկի տակ գող ու ավազակ է մեծացնում: Մանավանդ այսօր, երբ կյանքը լի է ամենատարբեր անակնկալներով, երբ նոր ժամանակները նոր երևույթներ են ծնել: Մարդ պիտի կարողանա ամեն հնարավորություն ստեղծել, որպեսզի դրանք՝ այդ նոր երևույթները, որքան էլ գայթակղիչ լինեն, չանդրադառնան երեխայի դաստիարակության վրա: Թոշակառու ուսուցիչը բուժվում էր հիվանդանոցում: Հարազատների հետ նրան հաճախակի տեսակցության էր գնում նաև 3-րդ դասարանցի թոռնիկը: Նման դեպքերում պապը շատ էր զրուցում թոռնիկի հետ:

- Գիտե՞ս, որդիս, մարդ երջանիկ է լինում, որ կյանքից հեռանում է իր սիրած գործից չկշտացած, երբ ինքը զգում է, որ ուրիշները հիսուն տարի շարունակ անհամբերությամբ են սպասել իրեն...

Եղավ մի պահ, և պապը հուզվեց: Կինը ցանկացավ բուժող բժշկին հրավիրել: «Մի շտապիր,- ասաց պապը,- ես պարզապես հուզվեցի. չէ՞որ ես ուսուցիչ եմ»:

- Եվ տնօրեն,- վրա է բերում թոռնիկը:

- Կարևորը, որդիս, լավ ուսուցիչ, լավ մարդ լինելն է, իսկ տնօրեն կարող ես կամ լինել, կամ չլինել: Կարևոր է, որ ամբողջ կյանքդ ապրես գեղեցիկն ու բարին կրծքիդ սեղմած, բարի լինես մարդկանց ու աշխարհի հանդեպ, գեղեցիկ ապրես, որ հետո տխրելու առիթ չունենաս և ուրիշներին չտխրեցնես:

Այսօր քիչ չեն այն ծնողները, ովքեր ոչինչ չեն մերժում իրենց զավակներին: Վերջիններս, դեռևս անաշխատունակ, հսկայական միջոցներ են քամուն տալիս և միշտ էլ համոզված են լինում, որ իրենք ինչ էլ անեն՝ ծնողները կօգնեն, ամեն վտանգից կփրկեն իրենց: Ոչ, չի կարելի երեխային պաշտամունքի առարկա դարձնել, այլապես կյանքում զոհողություններ շատ կլինեն: Դեռևս Ռուսոն է նշել. «Գիտե՞ք, թե որն է ձեր երեխային դժբախտ դարձնելու ամենահաստատ ձևը՝ դա նրան ոչ մի բանում չմերժվելուն սովորեցնելն է»: Խանութ էր մտել մի ուսանող, անհրաժեշտ ապրանքը վերցրել, մուծում է փողը: Մինչ վաճառողուհին մանրը կվերադարձներ՝ երիտասարդը ժպտաց նրան, բարձրից մի հայացք ձգեց ներկաներին ու դուրս եկավ՝ առանց մանրը, որ բավականին մեծ գումար էր, վերցնելու: Ակամայից մտածում ես. այո, երիտասարդն, ըստ երևույթին, գրպանում եղած դրամների հաշիվը չգիտեր, բայց, վերջին հաշվով, ի՞նչ է սա՝ լիության նշա՞ն, լավ ապրելու արտահայտության ցուցադրո՞ւմ: Ո°չ, սա պարզապես տխրություն է, ցավ ու վիրավորանք իր այն հասակակիցներին, ովքեր ամենաանհրաժեշտ իրերը գնելու հնարավորությունը չունեն: Սա դաստիարակության ճեղքվածք է, հիվանդություն, որի սև կողմերն այսօր, դժբախտաբար, չենք նկատում:

Յուրաքանչյուր երեխա ամեն ժամ ու օր յուրատեսակ ճամփորդություն է կատարում դեպի մեր՝ մեծերիս և, առաջին հերթին, իր ծնողների հոգևոր աշխարհը: Ու պատահական չէ, որ ասում են, թե մեր փոքրիկները մեզ՝ մեծահասակներիս, ավելի լավ են ճանաչում, քան մենք՝ իրենց: Ցավալի է ու ողբերգական, որ մեր երեխաները բարի կարծիք չունենան իրենց ծնողների մասին, չհրապուրվեն նրանց առաքինություններով, նրանց զուտ մարդկային որակներով:

Կան ծնողներ, ովքեր սիրում են ամեն պարագայում ու ամենուր պատմել երևույթների ընձեռած թեկուզև ամենափոքր հնարավորություններին շահադիտական տեսանկյունից մոտենալ կարողանալու իրենց «հնարամտությունների» մասին: Այդպես են վարվում նաև այն դեպքում, երբ ամենայն ուշադրությամբ լսում են իրենց զավակները: Մեծամտանում են՝ առանց փոքր-ինչ մտածելու հետևանքների մասին: Յոթ-ութ տարեկան երեխայի ձեռքից բռնած կինն իր ընկերուհուն պատմում է. «Ինչպես գիտես... խոհարար եմ աշխատում և ընտանիքիս ուտելեղենի հարցը գրեթե լուծված է. շուկա կամ խանութ հազվադեպ եմ գնում...»:

Զրուցում են ընկերները, իսկ երեխան կլանված լսում է: Նրանք չեն մտածում, որ դրանով աղավաղում են փոքրիկի հեքիաթային աշխարհը: Եկեք մեր վարվելակերպով մեր երեխաների կյանքը չդարձնենք գորշ ու աղքատիկ, նրանց չմղենք հանցագործությունների, այնպես անենք, որպեսզի մեր գործելակերպի ողջ ծանրությունը չմնա մեր զավակների ուսերին: Լավ հիշենք, որ մարդիկ երանի են տալիս այն ծնողին, ում երեխաները ոչ թե բարձրագույն կրթություն են ստացել կամ ինչ-ինչ պաշտոնների տիրացել, այլ նրան, ում զավակների մասին բոլորը լավ են խոսում և ամենայն հարգանքով վերաբերվում նրանց ծնողներին: Երջանիկ ու հարուստ է նա, ով ոչ թե շատ հարստություն ու նյութական կարողություն ունի, այլ լավ զավակներ: Ու. Թեքերեյն ասում էր. «Բնավորություն ցանեցեք, և դուք ճակատագիր կհնձեք»:

 Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆ

 

պատմություն

ՄԵՐ ՈՉ ՎԱՂԵՄԻ ԱՆՑՅԱԼԸ 

Եղիշե Գրիգորի ՍԱՐԳՍՅԱՆԸ  ԼՂԻՄ ղեկավարության առանցքային դեմքերից էր, հայտնի կուսակցական ու խորհրդային գործիչ, նաև լրագրող (տևական ժամանակ եղել է «Սովետական Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագիրը): Նա այսօր էլ մեր շարքերում գտնվող այն եզակի մարդկանցից է, որ շատ բան գիտե ադրբեջանական տիրապետության ժամանակ ղարաբաղյան անցուդարձի մասին: Այդ ժամանակների մասին քիչ չէ գրվել, սակայն շատ բան մինչև այսօր մնում է չլուսաբանված: Շարունակելով Ե. Սարգսյանի հուշապատումի հրապարակումը, հույս ունենք, որ այն օգտակար կլինի մեր ընթերցողների համար և թեման շարունակելու-լրացնելու առիթ կհանդիսանա, քանի որ, ինչպես ցանկացած հուշապատում, այս մեկն էլ զուրկ չէ նաև զուտ սուբյեկտիվ ընկալումներից: Այսպես թե այնպես, համոզված ենք, որ այն կնպաստի մեր ոչ վաղեմի անցյալի մութ էջերի վրա լույս սփռելուն:

«Դեմո» 

Սկիզբը՝ թիվ 22-ում

 Հիմա ուզում եմ անդրադառնալ Բորիս Կևորկովի կերպարին, հատկապես առաջին շրջանում նրա գործունեությանը: Վերոհիշյալ պլենումում նախատեսված էր նաև իմ ելույթը: Ռադիոկոմիտեում թարգմանելու և հաղորդելու համար նախօրոք ստացել էինք Կևորկովի զեկուցման տեքստը, որն ինձ չէր տրամադրում ելույթի: Պլենումից մի երկու օր անց Կևորկովը պահանջեց բացատրություն: Ես ասացի, որ ձայնս խզված է, բայց նա չհավատաց: Ստիպված էի նրա հետ վիճաբանել զեկուցման այն դրույթների շուրջ, որոնք, ըստ իս, չպետք է տեղ գտնեին այնտեղ և որոնք մեծ աղմուկ են հանելու Հայաստանում: Այս միտքը կարծես որոշ չափով  խեղճացրեց նրան, ձայնն արդեն նախկին ուժգնությունը չուներ: Նա շոշափեց նաև զեկուցման մեջ տեղ չգտած, բայց թեմայի հետ այս կամ այն առնչությունն ունեցող հարցեր:

- Ճի՞շտ ես համարում, որ Հայաստանում ամեն տարի նշում են Եղեռնի տարեդարձը, փառաբանում Անդրանիկին, Նժդեհին: Եւ կամ ճի՞շտ ես համարում, որ մերոնք հակված են դեպի Հայաստանը, չէ՞ որ Հայաստանի պես փոքրիկ հանրապետությունը չունի այն, ինչ Ադրբեջանը, և ընդհանրապես՝ Հայաստանը թույլ հանրապետություն է:

Հերթն իմն էր, և ես այդ ամենի մասին հայտնեցի իմ տեսակետները, որոնք, իհարկե, հակադիր էին Կևորկովի կարծիքներին: Հատկապես կանգ առա Անդրանիկի գործունեության վրա, ասացի, որ նա բանդիտ չի եղել, ինչպես նրան փորձում են ներկայացնել Բաքվում, և որ նա նույնիսկ խստորեն պատժել է իր այն չինովնիկներին, ովքեր անիրավություններ են արել թուրք և ադրբեջանական խաղաղ բնակչության նկատմամբ: Ես քաջածանոթ էի Հայաստանի տնտեսական վերելքին և ստույգ փաստերով հերքեցի նրա թերիմացությունը նաև այս հարցում:

Անկեղծորեն ասած, հակված չեմ կարծելու, թե մեր այս զրույցը փոխեց Բ. Կևորկովի վերաբերմունքը, բայց համոզված էի, որ իմ խոսքերը, նաև պլենումի մասին առաջին բացասական արձագանքները՝ նրան լուրջ մտորումների տեղիք տվեցին:

Մեր զրույցից հետո Կևորկովի աշխատասենյակում տեղի ունեցավ կուսմարզկոմի բաժնի վարիչների խորհրդակցություն, որի մասնակիցներն ինձ հայտնեցին  նրա հետևյալ խոսքերը.

- Այդ մարդն ինձ դուր է եկել, ինչ սրտում կա՝ չի թաքցնում: Պետք է վախենալ նրանցից, ովքեր կեղծում են, շողոքորթում:

Մեզ մոտ քիչ չէին մարդիկ, ովքեր չէին վախենում սեփական կարծիքը հայտնել, հարկ եղած դեպքում վիճել առաջին դեմքի հետ: Կևորկովի հետ առանց այլևայլության ազատ վիճաբանության մեջ էին մտնում մարզգյուղվարչության պետ Վ. Լազարյանը, Ղարմարզկոմին կից կուսակցական հանձնաժողովի նախագահ Վ. Հարությունյանը, Մարտակերտի սովխոզի դիրեկտոր Ս. Մամունցը, մարզխորհրդի նախագահի տեղակալ Շ. Պետրոսյանը և ուրիշներ: Այդպիսի զրույցների ժամանակ երբեմն կուսմարզկոմի առաջին քարտուղարը տեղի էր տալիս, երբեմն էլ զրույցն ընդհատում, մեկ-երկու օր խորհում բար-ձրացված հարցերի շուրջ: Նա հիմնականում զիջողական էր լինում:

Այդպիսի ղեկավար աշխատողների հետ առնչվել եմ նաև դրսում, այդ թվում՝ ԽՄԿԿ Կենտկոմում: Դեպքերի բերումով ես մտերմական հարաբերությունների մեջ էի ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարական բաժնի վարիչ Մ. Ալեքսանդրովի հետ: Մեր առաջին հանդիպումը կայացավ հենց այն ժամանակ, երբ ես, ինչպես արդեն նշել եմ, առաջին անգամ ԽՄԿԿ Կենտկոմում էի: Ինձ հայտնել էին, որ նա առաջինն է բաժնում աղմուկ բարձրացրել մեր մարզկոմի պլենումի մասին, բողոքել, որ «Պրավդա» թերթը իսկույն դրականորեն է արձագանքել այդ առթիվ: Լինելով պատմական գիտությունների դոկտոր, արևելագետ, նա քաջատեղյակ էր մեր ժողովրդի պատմությանը, ընկերական մտերիմ հարաբերությունների մեջ էր Կենտկոմի պատասխանատու աշխատողներից շատերի հետ:

- Կուզենայի իմանալ, թե ինչ են  Ձեզ ասել Կենտկոմում՝ Ձեր պլենումի մասին:

Պատմեցի, որ «դիտորդական» վերաբերմունք են ունեցել:

- Քիչ է,- շարունակեց նա,- պետք է, առաջիկայում կանխվեն նման դեպքերը: Խնդրում եմ Կևորկովին հայտնել իմ վճռողական բողոքը, խորհուրդ տալ գործել կշռադատված, սիրել Ղարաբաղը և նվիրյալ աշխատել նրա համար: Կասե՞ք:

- Անպայման,- պատասխանեցի ես:

- Գիտե՞ք,- շարունակեց նա,- կուսակցությունում արդեն գլուխ են բարձրացնում ստորաքարշները: Տեսեք, թե ինչ է կատարվում մեզ մոտ, շատերը ծնկի են գալիս Լ. Ի. Բրեժնևի առջև, օգտվելով այն հանգամանքից, որ նա ծերացել է և ընդունում է նման վարքը: Նմաններից է հենց ձեր Հեյդար Ալիևը: Կասկած չունեմ, որ ձեր մարզկոմի պլենումը կայացել է նրա ակտիվ միջամտությամբ, ասում են՝ պլենումում քննարկված զեկուցումը նա անձամբ խմբագրել, լրացումներ է կատարել: Իսկ գիտե՞ս, թե ինչ է գերստորաքարշությունը: Դա այն է, որ բարձրադիր պետիդ համար զեկուցում ես կազմում, դահլիճում այն կարդալու ժամանակ նստում առաջին շարքում, հաճախակի գլխով հավանության նշաններ անում:

Վերադառնալուց ես անմիջապես Կևորկովին հայտնեցի մեր պլենումի մասին Կենտկոմի կարծիքները և Մ. Ալեքսանդրովի խնդրանքը: Դեմքին զարմանք երևաց: Պարզ էր, որ նա տարակուսում էր, թե ինչու ինձ հայտնել են այդ մասին:

- Այդ մասին մեզնից միայն ես գիտեմ, հիմա էլ ավելացել ես դու, խնդրում եմ ոչ ոքի չասել այդ մասին:

Ես խոստացա, ճարս ի՞նչ՝ պետք է միասին դեռ աշխատեինք:

Այս ամենը լուրջ մտորումների տեղիք է տալիս այսօր: Արդյո՞ք ճիշտ է, երբ այսօր ոչ քչերը, որ ժամանակին պարզապես ոչնչություն էին, ցեխ են շպրտում խորհրդային շրջանի ոչ քիչ ղեկավար աշխատողների վրա, արհամարհում նրանց: Կուզենայի հիշեցնել, որ Ե.Ասատրյանը Ա. Ի. Միկոյանի մասին եղած ոչ քչերի թյուր կարծիքին (իբր ոչինչ չի արել Հայաստանի համար) հակադրում է իր տեսակետը, այն ամրապնդում փաստերով: Պարզվում է նաև, որ Ա. Միկոյանը ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի վիճահարույց հարցը հօգուտ Հայաստանի լուծելու համար: Բայց, ինչպես պատմում է գրքի հեղինակը, այդ մասը որոշ հանգամանքների բերումով հանել են գրքից:

Վերջերս ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկով գեղարվեստական կինոնկար ցուցադրվեց՝ նվիրված Լ. Ի. Բրեժնևին: Ֆիլմի էությունը սա էր՝ ցույց տալ, որ Բրեժնեևը ոչնչություն էր, մի բան, որ հակասում էր  կինոնկարի ռեժիսորի հայտնած կարծիքին, թե ինքը խորապես ուսումնասիրել է Լ. Ի. Բրեժնևի գործունեությունը և եկել է այն համոզմանը, որ նա եղել է խելամիտ քաղաքագետ, պահանջկոտ ղեկավար, հոգատար մարդկանց նկատմամբ, ուժերին ներածի չափ ազնվորեն ծառայել է մեր պետությանը, հավասարը հավասարի հետ հանդիպումներ ունեցել ԱՄՆ-ի նախագահի և այլ ղեկավարների հետ, և եթե իր գործունեության վերջին շրջանում թուլություններ է ունեցել, ապա մեղքը իրեն չէ, քանի որ երկու անգամ դիմել է քաղբյուրոյին իրեն փոխարինելու մասին: Այդ դեպքում ինչու՞ է նման ֆիլմ նկարահանվել, արդյո՞ք նպատակը մեր անցած 70-ամյա ուղին լրիվ սևացնելը, խորհրդային շրջանի բոլոր ղեկավարներին նսեմացնելը չէ: Ի դեպ, մեր այսօրվա ղեկավարներին չէր խանգարի այն խորհրդային ժամանակների ղեկավարների որոշ գծեր փոխառել: Իսկ որոշ թերությունների առումով մեր այսօրվա ղեկավարները պարզապես անգերազանցելի են:

Կրկին անդրադառնամ իմ մտերիմ ընկերներից մեկի՝ Եղիշե Թևոսի Ասծատրյանի՝ նորերս Երևանում լույս տեսած  «20-րդ դար: Հայաստանը կառուցման ճանապարհին» գրքին, որի մասին ջերմ խոսք է ասված «Գոլոս Արմենիի» թերթի անցած տարեվերջի՝ նոյեմբերի 26-ի համարում: Ե. Ասծատրյանը Արցախի լավագույն զավակներից է, ծննդով ճարտարցի, տեխնիկական գիտությունների թեկնածու, իր կյանքի տասներորդ տասնամյակը թևակոխած մարդ: Եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար, ժողտնտխորհի կուսակցական վերահսկողության հանրապետական մարմնի նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, նյութական մատակարարման հանրապետական վարչության պետ: Նրա անունը մտցված է Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Համաշխարհային կենսագրական տեղեկանքի՝ ով որ ինչպես կա» գրքի մեջ:

Ոչ բոլորը գիտեն, որ նա եղել է բանիմաց ղեկավար, 36 տարի շարունակ լինելով Հայաստանի կոմկուսի բյուրոյի անդամ, երբեք չի կեղծել իրեն, համառել է, եթե համարել է, որ ինքը ճշմարիտ է այս կամ այն հարցում: Պատահական չէ, որ նա ժամանակին, հակառակ գործող օրինակարգին, Արցախին նյութական մեծ օժանդակություն է ցույց տվել: Նա իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Մարտունիի և Ճարտարի մշակույթի պալատների կերտման գործում: Մի անգամ չէ, որ միջամտության շնորհիվ նա այս կամ այն հարցում օգնության է հասել մեր շինարարական կազմակերպություններին:

Գիրքը հիմնականում նվիրված է Խորհրդային Հայաստանի տնտեսության, գիտության և մշակույթի զարգացման գործում այն մեծ ծառայություններին, որ ունեցել են Միկոյանը, Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը, Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը և այլք:

(շարունակելի)

 

ԵՎ ՏԱՍՆԱՊԵՏԸ ՀՐԱՄԱՅԵՑ

 1905 թ. փետրվարի 6-ին Բաքվից սկիզբ էր առել հայ-թուրքական ընդհարումը Կովկասում: Նրա արյունաշաղախ գետը դուրս էր եկել ափերից եւ տարածվում էր: Մի հորդ վտակ էլ հասել էր Շուշի: Հայի նախկին սովորությամբ՝ ունեցվածքն ու սեփական տարածքները հենց այնպես «նվիրելը» կորցնում էր իր ուժը: Հայը սկսեց գալ այն համոզմունքին, որ պետք է ցույց տալ եւ ապացուցել, որ ինքն իրավունք ունի եւ կարող է պաշտպանվել ու պահել իր երկիրը:

Բաքվի դեպքերը, որ սկսվել էին 1905 թ. փետրվարի 6-ին, ստիպեցին, ու շուշեցիները գրեցին մի կոչ՝ ժողովրդին: Այն գրված է քաղաքի հյուսիսային գերեզմանատան շիրմաքարերից մեկի երեսին՝ այսպես. քանդակված են խաչ ու հրացան եւ աղեղնաձեւ գրված է. «Սա է մեզ փրկողը վտանգից ամեն» (տես Շուշիի հյուս. գերեզմանատուն, արձ. 154):

Սկսվեց հայդուկյան շարժում, պայքարի մտան բոլորը: Կենաց եւ մահվան կռիվ էր սկսվում: Մեծ ու փոքր ելան ոտքի: Կազմվում էին ջոկատներ, ստանում հանձնարարություն, շարժվում դեպի պաշտպանական դիրքեր: Պաշտպանական կարեւոր, գուցե ամենակարեւոր դիրքը «Փոստի փողոցի» հյուսիս-արեւմտյան մասն էր, որ ձգվում էր մինչեւ Ղազանչեցոց եկեղեցին, իր մեջ առնելով Ագուլեցոց եկեղեցին, մի շարք արհեստանոցներ ու Ագուլեցոց եկեղեցապատկան երկու տասնյակից ավելի խանութներ, որ գտնվում էին հայ-թուրքական թաղամասերի սահմանի վրա:

Դիրքը վերահսկում ու պաշտպանությունն իրականացնում էր հայդուկների մի տասնյակ, որի հրամանատարն էր քսանհինգամյա Ասլան Աղաբաբյանը:

Թուրքերի մի մեծ զինված ջոկատ դիրքավորվել էր հենց Ագուլեցոց եկեղեցու փայտաշեն երկրորդ հարկում ու կրակի տակ առել Ղազանչեցոց եկեղեցու շրջակայքը, որտեղ գտնվում էր հայերի մեծամասնությունը:

Եւս մեկ «քայլ» եւ թուրքերը կհայտնվեին Ղազանչեցոց եկեղեցում, ու կործանումը կլիներ անխուսափելի:

Այս պահը Ա-Դո-ն ներկայացնում է այսպես. «Հայերի մի զինված ջոկատ ուշ երեկոյան անցավ հակահարձակման Ակուլեանց մայր եկեղեցու ուղղությամբ: Թուրքերը հրդեհեցին եկեղեցին, մեծ զոհեր տալով փախան»:

Ինչպես նորահայտ արձանագրությունն է վկայում, զինված ջոկատը հայդուկների այն տասնյակն էր, որի տասնապետը Ասլան Աղաբաբյանն էր:

Եվ՝ ընթերցողին ներկայացնել գիշերվա մարտը եկեղեցու համար ավելի լավ, քան պատկերված էր շիրմաքարի կողերին գրված էպիտաֆիայում, ինձ թվում է անհնար է ու անիմաստ, քանզի այնտեղ ամեն ինչ ասված է:

Անհրաժեշտ եմ համարում ընթերցողին ներկայացնել Ա. Աղաբաբյանի շիրմաքարի արձանագրությունը, որն ասում է.

Ինչպես տեսնում ենք, հայդուկ Ասլանը գիտակցված զոհվել է հանուն հայ ազգի, Քրիստոսի սուրբ խաչի եւ այն աղջկա, որին սիրում էր:

 Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

մշակույթ

 ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ Է

 Մեր թերթի նախորդ համարում գրել էինք ծննդով արցախցի հնագետ Համլետ Պետրոսյանի գլխավորած հնագիտական արշավախմբի՝ նոր Շահումյանի շրջանի Հանդաբերդի վանքում և Շուշիի մերձակայքում 2004-2005 թթ. կատարած պեղումների մասին: Ձեզ ենք ներկայացնում Համլետ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մեր թերթին տված հարցազրույցը:  

- Ծնվել եմ Խնածախ գյուղում, բարձրագույն կրթությունս ստացել Երևանում: Իմ դիպլոմային աշխատանքի թեման «Խաչենի խաչքարերն» էին. 1978 թ. Արթուր Մկրտչյանի հետ միասին շրջում և մեկ-մեկ լուսանկարում էինք դրանք, փորձում էինք կարդալ արձանագրությունները, իսկ 1988 թ. պեղումներ եմ կատարել Արմենավանում, 1992-93 թթ.՝ Շոշի կուրգաններում, որտեղ մեծ դամբարանադաշտեր կան, 1990-ականների վերջերին՝ Քարաբլուրում: Երկար եմ զբաղվել Արցախի խաչքարերով, հատկապես՝ պատկերաքանդակներով, և ուզում եմ այս տարի ավարտել Արցախի խաչքարերին նվիրված գիրքը, իսկ Արցախի խաչքարերը շատ եզակի են. ժողովրդական և քրիստոնեական պատկերացումների համակարգերը շատ են անթեղված, և այդ ամենը պետք է անպայման մեկնաբանել, մատուցել, էլ չեմ խոսում էթնիկության, ինքնության մասին, չէ՞ որ մենք պիտի ապացուցենք, որ մենք՝ այդ մենք ենք... Այսպես վաղուց զբաղվում եմ այս գործով, բայց միշտ չէ, որ հնարավոր է լինում իրագործել ուզածդ:      

- Ինչո՞ւ...

- Որովհետև չկա պետական մոտեցում: Հնագիտությունը Հայաստանում հայտնի չափով խորհրդային տարիների ծնունդ է, ուստի հնագետները զբաղվել են միայն Խորհրդային Հայաստանի հնագիտությամբ: Եվ երբ դարձա ասպիրանտ, իմ ղեկավարին՝ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանին, ասացի, որ ուզում եմ Արցախի խաչքարերով զբաղվել, ինչին ի պատասխան նա ասաց. «Եթե մեկ անգամ էլ այդ անունը տաս, իմ ասպիրանտը չես լինի, հասկացի°ր, որ դու դրանով չես կարող պաշտպանել, որևէ մեկը քեզ չի թողնի դրանով թեկնածու, գիտնական դառնաս»: Եվ ընդամենը մի քանի տարի հետո պարզվեց, որ ադրբեջանցիները կարող են Արցախի խաչքարերը համարել աղվանական, զանազան գիտաժողովներում ներկայացնել դրանք, իսկ Հայաստանի որոշ հումանիտար ուղղություններ և հատկապես հայագիտությունը, խորհրդային տարիներին որոշակի պարտվողական նոտաներ սկսեց կրել իր մեջ: Այսօր էլ, ցավոք, ամեն ինչ նույնն է, քանի որ չկա միապետականության, հայկական ամբողջականության մասին հզոր գաղափարաբանություն: Սա ես ցավով եմ ասում, բայց այսօր չկա Հայաստանի միասնական հնագիտության գաղափար, չկա հայ մշակույթի միասնականության գաղափար, ուստի Հայաստանի մշակույթի նախարարության հռչակած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» գաղափարախոսությունը շատ հաճախ պլակատային զավեշտի տպավորություն է թողնում: Նման պայմաններում Արցախի մշակույթն էլ հաճախ դառնում է քաղաքական տարուբերումների զոհը: Ես մնացել էի շվարած, երբ Հնագիտության ինստիտուտը գիրք է հրատարակել, որտեղ գրված է «Հայաստանի հնագիտությունը 80-ականներից մինչև 2005 թվականը», և որտեղ չկա Արցախը: Ի՞նչ է, Արցախի հնագիտությունը խնդրենք, որ Ադրբեջանը գրի՞: Իմ հիմնական բողոքն այն է, որ այս ամենի մասին պետք է պետական մակարդակով մտածել: Մի քանի օր առաջ ինձ զանգեցին, թե՝ «Ալիևը ասել է՝ ադրբեջանական ակադեմիայի նպատակն է ապացուցել, որ հայերը Ղարաբաղի հողում եկվորներ են»: Այո°, Ալիևը այդպես է ասել, բայց ի պատասխան հնագետ Համլետ Պետրոսյանը պիտի Ղարաբաղից գա պատասխան տա՞, թե՞ մեր համապատասխան մարդն էլ ինքը պիտի մի բան ձեռնարկի ու ասի՝ այս մի բանը արեք: Եթե հնագետը ինքն է գնում սրան-նրան խնդրում, երկու կոպեկ է գտնում-բերում և պեղում է անում, ապա դա ի՞նչ է, այսպե՞ս պիտի մեր մշակույթը զարգացնենք: Ես հպարտանում եմ Հանդաբերդի պեղումներով, որ իրականացվել է «Երկիր» կազմակերպության միջոցներով, միջազգային մակարդակի պեղումներ են:  Այս ամենին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Չեմ ասում հպարտանալ, բանաստեղծություններ ու շարադրություններ ձոնել, անհրաժեշտ է մշակույթին ինքնաարտահայտվելու հնարավորություն տալ, այսինքն՝ հնարավորություն տալ, որ այդ նյութերը վերականգնվեն ու ցուցադրվեն: Ասում են՝ հայերը տեղացի չեն: Բա Հանդաբերդի վանքի 13-րդ դարի կղմինդրների կտորների վրա ո՞վ է հայերեն գրել: Ձեռագիր չէ, կանոնավոր արձանագրություն չէ, որ ասեմ եպիսկոպոսը կամ վարդապետն է գրել. ժողովուրդը տիրապետել է այդ լեզվին ու գրել է այդ լեզվով: Եթե դրանց աղվան եք ասում, ապա ո՞վ է հայը: Նորից եմ ասում՝ պետք է մեր մշակույթին ինքնաարտահայտվելու հնարավորություն տալ, իսկ դրա համար հարկավոր է ընդամենը, որ պետությունը մտածի այդ մշակույթի մասին: Պետք չէ սրտացավություն, պետք է պետական որոշակի նորմերն ուղղակի կատարել: Սրտացավ՝ նշանակում է կիրթ մարդ, մտավորական, պետք չէ չինովնիկը լինի մտավորական, բայց գոնե իրենց որոշակի գործառույթները պիտի կատարեն: Այ, եթե լիներ պլանավորում, եթե հասկացվեր, որ արդի հայագիտության կարևոր նպատակներից մեկն է Արցախի մշակույթի ինքնությունը շեշտող կերպարի վերհանումը և համաշխարհային մակարդակով ներկայացումը, ապա  մենք էլ այսօր շատ ավելի լավ վիճակում կլինեինք:

- Բացի պեղումների արդյունքում հայտնաբերված համահայկական նշանակություն ունեցող գտածոներից, դուք նշեցիք նաև, որ Շուշիի շրջակայքում պեղվել են մ.թ.ա 1-ին հազարամյակի դամբարաններ: Դրանք, երևի ոչ միայն համահայկական, այլև համամարդկային նշանակություն ունեցող գտածոներ են: Հարց է ծագում՝ ինչո՞ւ չհպարտանալ այս ամենով, ինչո՞ւ ի ցույց չդնել, որպեսզի մեզանից բացի ուրիշներն էլ իմանան այդ մասին:

- Բազմիցս ասել եմ, որ Շուշիի պեղումների խնդիրը նաև Շուշիի տուրիստական իմիջի ստեղծման խնդիրն է: Մարդիկ գիտեն Շուշին, գալիս են տեսնում ավերակներ՝ հիասթափվում են: Մենք ունենք Եղեռն, մեր ինքնության մի մասը ողբերգություն է, մենք կարիք չունենք մեր ինքնության ողբերգական հատվածը նորից մերկացնելու, մարդիկ չպիտի գան Շուշի լացելու, հայերը լացելու շատ այլ տեղեր ունեն: Գնացեք Հոնուտի ողջ կիրճը շրջեք, մտածեք, թե ի՞նչ անենք, որ կիրճը մի քիչ հրապուրիչ դարձնենք: Տեսեք, ինչ հոյակապ դամբարաններ են, ինչ նյութեր են, եկեք մի քանի տուրիստական խմբեր էլ հրապուրենք նրանով, թող գան, մասնակցեն պեղումներին, ուզում են՝ արշավախմբի հետ մնան, ուզում են՝ օրը երկու ժամ գան մասնակցեն. մշակութային տուրիզմը պետք է դարձնել Շուշիի կենսընթացի բաղկացուցիչ մասը: Ընդհանրապես, ով մտածում է Շուշիի մասին, թող նախ և առաջ բարի լինի պատասխանել, թե Շուշիում այսօր 2500 մարդ ինչպե՞ս ապրի: Ես ամռանն այնտեղ աշխատել եմ և 15 հոգու աշխատանքի եմ ընդունել: Երբ ասում են Շուշիի զարգացում, չեմ մտածում Շուշիում գեղեցիկ շենքեր կամ հրապուրիչ վայրեր կառուցելու մասին: Պետությունը պետք է ամեն ինչ վերցնի իր ձեռքը, Շուշիի հայեցակարգը պետք է ներկայացնեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, բայց վերջնական հայեցակարգը պետք է հաստատեն Արցախի իշխանությունները, և իրենք էլ հետևեն դրա իրագործմանը: Այս վերջին 1-2 տարում, սակայն, կարծես փոփոխություններ կան՝ ինչքան տեղյակ եմ, վերջերս ԼՂՀ նախագահը, ԿՄՍ նախարարը անձնապես զբաղվում են այդ հարցերով, և ես շատ եմ ցանկանում, որ նրանք վերջում միասնական ինչ-որ որոշման հանգեն:

- Որոշված է 2006-ին Շուշիին տալ մշակութային կենտրոնի կարգավիճակ: Ի՞նչ եք կարծում, դա որպես հետևանք, կհանգեցնի՞ Ձեր նշածներին, և այդ կապակցությամբ որևէ մեկը դիմե՞լ է Ձեզ որևէ առաջարկով:

- Ինձ որևէ մեկը (իշխանության մակարդակով) որևէ հարցով  չի դիմել, ընդհակառակը, ես ինքս եմ անընդհատ դիմում տարբեր մարդկանց՝ թե° իշխանություններին, թե° զանազան կազմակերպությունների: Բայց վերջերս, երբ խոսեցի ԿՄՍ նախարարի հետ, նա  առաջարկեց անպայմանորեն համագործակցել: Ես չինովնիկ չեմ, ես ակադեմիական գիտնական եմ և որևէ խնդիր չեմ տեսնում. եթե ասեն՝ աջակցիր, անպայման կաջակցեմ: Միայն թե՝ ինչ էլ անեն, ամենից առաջ նկատի ունենան կոնկրետ մարդուն. Շուշիում մարդիկ են ապրում: Թե չէ, եթե Շուշին հռչակենք ինչ-որ կենտրոն, մարդիկ դառնալու են դասախոսնե՞ր, ուսանողնե՞ր: Նախ և առաջ քաղաքը, որպես օրգանիզմ, պիտի սկսի ապրել, և հայեցակարգը պետք է ուղղված լինի այդ օրգանիզմն ապրեցնելուն: Չգիտեմ՝ գուցե փայտահատարան պիտի բացեն: Ինքս մշակույթի մարդ եմ, բայց հասկանում եմ, որ այսօր մշակույթը պիտի որոշակիորեն առնչվի բիզնեսի հետ: Եթե մենք պիտի բերենք և Շուշիում 10 թանգարան ստեղծենք և արդյունքում ունենանք 10 պահակ, մեզ պետք չի դա, պետք է Շուշիում այնպիսի միջոցառումներ անել, որ այդ մարդիկ կարողանան ապրել:

- Դուք առաջարկել եք Շուշիի մոտակայքը վերածել արգելանոցի: Ի՞նչ պատասխան տրվեց Ձեր այդ առաջարկին:

- Ես այդ մասին խոսել եմ նախարարի հետ, խոսել եմ հուշարձանների պահպանության վարչության պետի հետ և ինձ համար շատ հաճելի կլիներ, եթե այդ նախաձեռնությունն իրենք անեն: Մի 2-3 ամիս սպասենք, երևի համապատասխան կազմակերպությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն, և ես էլ անպայման կմասնակցեմ: Արդեն կազմել ենք Կարկառի երկու վտակների միջագետքի հնագիտական քարտեզը, և նորից հայտարարում եմ՝ Շուշիի պարիսպներից սկսած մինչև Շոշի ճանապարհը հոյակապ դամբարաններ կան, և ամեն մեկն իր մեջ անասելի հրաշքներ է պարունակում: Ասենք՝ Շուշիից մի քիչ ներքև Արցախի համար եզակի ցիկլոպյան ամրոց կա, Հայաստանում այդ ամրոցները շատ-շատ են, իսկ Արցախում գրեթե չկան: Մի խոսքով՝ ամեն ինչ կա, մնում է միայն նախաձեռնություն լինի:

- Վերջին օրերին անընդհատ խոսում են Հին Ջուղայում կատարվող «սպիտակ ջարդի» մասին: Հարցս այն է, որ եթե մենք ինքներս չենք կարողանում մեր տարածքում եղած հնագիտական բոլոր արժեքները պահպանել, էլ ինչո՞ւ մեղադրել ազերիներին:

- Նախ ասեմ, որ նորմալ մարդը չպիտի համակերպվի ոչ մի անարդարության հետ, լինի դա Կամբոջայում, Չադում, թե՝ Հին Ջուղայում: Իմ վերջին հոդվածներից մեկը կոչվում է «Ջուղայի խաչքարերի պատկերագրությունը»: Ախր Ջուղայի խաչքարերի պատկերաքանդակում կա հեռավոր արևելյան ոճ, կան մուսուլմանական զանազան ոճեր, կա հնդկական ֆրոնտալ ներկայացման ոճ, կան արևմտաեվրոպական պատկերներ: Ջուղան մի օազիս էր՝ մետաքսի ճանապարհի վրա, և հայ առևտրականները զարգանալով, տեսնելով աշխարհի տարբեր նորությունները՝ ամեն ինչ ամփոփել են, ինչն իր դրսևորումն է գտել հայ խաչքարերում: Ջուղայի խաչքարերը միայն հայկական չեն, ընդհանրապես խաչքարերը միայն ծագումով են հայկական, բայց ոչ իրենց էությամբ. դրանք համամարդկային արժեքներ են, իսկ Ջուղայինը՝ առավել ևս: Ադրբեջանը հանցագործ է, բայց, ցավոք, մենք էլ մի բան չենք: Ցանկացած ոչնչացնող՝ լինի ադրբեջանցի, թե հայ, նույնչափ հանցագործ է: Նույն բանն էլ Արցախում է կատարվում: Ես սարսափում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են Պտկեսբերդի սուրբ Գևորգ եկեղեցու բոլոր անկյունաքարերը քանդել, տարել, իսկ տաճարը շուտով փլվելու է: Դա ո՞վ է արել, հո ադրբեջանցին չի եկել քանդել: Ցավն այն է, որ Հին Ջուղայի խաչքարերի մասին ոչ մի լուրջ գիրք չկա: Այսօր ես ստեղծել եմ խաչքարերի մասին էնցիկլոպեդիկ բնույթի մի գիրք, տարիներ շարունակ մեկ-մեկ լուսանկարել եմ ամենը, գիրքը պատրաստել եմ, և փնտրում եմ մի մարդու, ով կկարողանա 15 հազար դոլար ներդնի, գիրքը տպագրի, ինքը բիզնես անի, որպեսզի ես ասեմ՝ երազանքս իրագործվել է, մեր ինքնությունն արտացոլող ամենահոյակապ մշակույթի մասին այսօր գիրք կա: Ցավալի է, բայց ո՞վ է այդ մասին մտածում: Հենց այս պահին Արցախի խաչքարերի մասին գիրքը պետք է շտապ հրատարակել...

- Պարոն Պետրոսյան, այն ամենը, ինչ Դուք պեղել եք այստեղ, և այն ամենը, ինչ կա արցախյան հողի ընդերքում և դեռ պեղված չէ, ի՞նչ կարող է տալ հայ մշակույթին, գիտությանն ու համայն մարդկությանը:

- Մշակույթը մարդկության ինքնաճանաչման ամենահզոր բանալին է, և դա հավասարապես այդպես է նաև Արցախի մշակույթի պարագայում: Մշակույթն ուսումնասիրել, պեղումներ անել, վերականգնել անցյալը, նշանակում է վերակերտել մեր հոգին: Այդ քարերը չեն շնչում, չեն խոսում, բայց այդ ամենն ուսումնասիրելով, ճանաչելով՝ ինքներս ենք հարստանում: Ի վերջո, մշակույթը դա ինքնակատարելագործման լավագույն ձևն է:

- Դա հոգևոր արժեքը, իսկ գիտությանը դա ինչ-որ նոր բան կարո՞ղ է տալ:

- Այդ գտածոներում ամեն ինչ էլ նորություն է: Տապանաքարեր կան, որոնց վրա պատկերված հանգուցյալի մի ձեռքում պնակիտ է, իսկ մյուսում՝ գրչատուփ ու թանաքաման: Տարիներ շարունակ մտածում էին, թե այդ պնակիտը հայելի է, և այդ գրչատուփն էլ սրինգ է: Արցախյան պատկերաքանդակներին, խաչքարերին շատ հերոսներ կան, որոնց ձեռքին բաժակ կա, և նրանց կողքին էլ մեկը կանգնած, ձեռքին սափոր ունի, մինչև հիմա պարզ չի, թե դա ինչ է նշանակում և ում են ներկայացնում: Ասում եմ՝ բոլորն էլ նորություն են:

- Այսինքն՝ գտածոները կարո՞ղ են նաև միջազգային հետա-քրքրություն առաջացնել:

- Մշակույթը միշտ էլ միջազգային հետաքրքրություն է առաջացնում, եթե այն համապատասխան չափով հետազոտվում և ներկայացվում է: Արցախում կան բազմաթիվ պատկերագրական քանդակներ, որոնց մասին ոչ ոք չգիտի: Հայ մշակույթը ցանկացած քաղաքակիրթ մարդու համար մեծ հայտնություն է, բայց այն նախ և առաջ թող հայտնություն լինի մեզ համար, ցավոք՝ մեզ համար էլ հայտնություն չէ: Որովհետև ամեն ինչ սկսել է նյութականացվել, չափվել միանգամայն այլ արժեքներով:

 Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

 

«ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻ» ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ՉԻ ՎՀԱՏՎՈՒՄ 

Շուշիի նախկին օրիորդաց դպրոցի շենքի երկրորդ հարկում է գտնվում «Երվանդ Մանարյան» տիկնիկային թատրոնը: Այս թատրոնը գործում է 1994 թ.-ից, երբ նույնիսկ մայրաքաղաք Ստեփանակերտում չկար տիկնիկային թատրոն: Խումբը սկսել է գործել Ռոբերտ Աղաջանյանի գլխավորությամբ, սակայն որոշ ժամանակ անց միջոցների սղության պատճառով խումբը ցրվել է: 1995 թ. թատրոնը վերածնվեց Կարինե Մաղաքյանի շնորհիվ: Հետպատերազմյան այն տարիներին, երբ շատերը մի կերպ էին պայքարում իրենց գոյությունը պահելու համար, նա համախմբում էր երեխաներին և, քանի որ թատրոնին հատկացված ոչ մի տեղ չկար, փորձերն անց էր կացնում բացօթյա: Ու մասնակիցների նվիրվածության ու անշահախնդրության շնորհիվ թատրոնը շարունակում էր գործել: 2000թ.-ին թատրոնը պետականացվեց: Ինչպես նշում է թատրոնի տնօրեն Նինա Գրիգորյանը. «Պետականացումից հետո փոխվեց այն, որ թատրոնի աշխատակիցներից մի քանիսը սկսեցին աշխատավարձ ստանալ, խմբին տրվեց երաժշտական կենտրոն և սինթեզատոր»:

Չնայած բազմաթիվ դժվարություններին, խումբը ստեղծման օրվանից գործում է մեծ ակտիվությամբ. իր խաղացանկում ունի ավելի քան 20 ներկայացումներ: Իսկ Շուշիի հանդիսատեսին որպես Նոր տարվա նվեր սպասվում է միանգամից 2 ներկայացում՝ «Թզուկի երազը» և «Հենզելն ու Գրետելը»:

Ծանոթանալով թատրոնի գործունեությանը՝ տեղեկացանք, որ 1999-ից թատրոնին կից գործում է նաև «Մեղեդի» պարախումբը: Տնօրենի հավաստմամբ, խմբի գործունեությունը չի սահմանափակվում միայն տեղական ելույթներով: Նրանք մասնակցել են տարբեր փառատոների և միշտ էլ արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Խոսելով խմբի պրոբլեմների մասին՝ տնօրեն Նինա Գրիգորյանը նշեց, որ խմբի առաջնային դժվարություններից մեկն այն է, որ ներկայացումների համար բոլոր դեկորացիաները, հագուստները, տիկնիկները պատրաստում են իրենք՝ խմբի անդամները, «ով ինձ հասկանում է»:

Տնօրենը պատմեց նաև, թե ինչպես փառատոներից մեկի ժամանակ սփյուռքահայ Գառնիկ Ջալալյանը խմբին 100 դոլլար նվիրեց՝ իբրև երեխաների «պաղպաղակի փող»: Սակայն ի՞նչ պաղպաղակի մասին կարող էր խոսք լինել, երբ նրանք փող չունեն ոչ ճանապարհածախսի, ոչ էլ պարախմբի աղջիկների բոբիկ ոտքերը ծածկելու համար: Իսկ մի այլ անգամ բեմի վարագույրների համար նախատեսված կտորից պարուհիների համար շորեր են կարել, միայն թե նրանք կարողանային մասնակցել փառատոնին:

Ահա այսպիսի պայմաններում է առայսօր գործում խումբը, բայց և չի հուսահատվում: Ընդհակառակը՝ լավատեսորեն է տրամադրված դեպի ապագան, հուսալով, որ երբևէ նոր փորձասենյակ կունենա (ոչ միայն արևի ճառագայթներից ջերմացվող), նոր շիրմա, վարագույրներ, բայց ոչ հանդերձանք կարելու համար, պահարան՝ տիկնիկների համար, սովորական աթոռներ...

 Հ.Գ.  Հաճախ ենք խոսում, որ մենք անառիկ Շուշի ունենք, որ ավերակներից վեր է հառնում մեր մշակութային օջախը... Եվ որքան  կարևոր է մեզ համար Շուշիի՝ որպես մշակութային օջախի վերածնունդը, այնքան էլ Շուշիի համար կարևոր է մեր հոգատարությունն ու ուշադրությունը: Մենք էլ մեր հերթին  հուսանք, որ արծարծված հարցին ավելի մեծ ուշադրություն կդարձվի:

 Լուսինե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

 

Ժամանակակից բարքեր
ԱՄՌԱՆ ԱՐԵՎՈՏ ՄԻ ՕՐ...

(իրապատում)

 Ամառային շոգ օրերին այնքան էլ հաճելի չէ շիկացած արևի տակ գտնվելը: Այդպիսի մի շոգ օր էր, շուկայում սովորական ժխոր: Գյուղատնտեսական մթերքներն ուղղակի գետնին, ասֆալտի վրա էին թափված, իսկ վաճառողները, որոնք հիմնականում վերավաճառողներ էին, իրենց ապրանքի կողքին մի կերպ նստելու հարմարություն էին ստեղծել՝ կարտոֆիլով լիքը տոպրակներ, զանազան չափի արկղներ, գլխիվայր դրված դատարկ դույլեր, քարի կտորներ, իսկ ոմանք էլ զրկված լինելով մյուսների նման «հարմարություն» ունենալու հնարավորությունից, կուչ եկած, գետնին էին նստել: Գնորդներն իրար հրմշտելով, մի կերպ ետ ու առաջ էին քայլում, աշխատելով գետնին թափած բանջարեղենը, զանազան մթերքները չկոխկրտել:

Երիտասարդ մի կին, երեխան ձախ ձեռքով գրկած, զանազան գնումներով լիքը տնտեսական պայուսակը աջ ձեռքին, երկու-երեք տարեկան մի տղա երեխա էլ պայուսակից բռնած, դիմակայելով հրմշտոցներին, կանգնեց կանաչեղեն վաճառողների մոտ: Մի չաղլիկ կին զբաղված էր երկու փունջը երեքը դարձնելու քրտնաջան աշխատանքով ու միաժամանակ իր կանաչին գովելու սովորական գործով:

- Եկեք, էժանացրել եմ, իմ կանաչու նման կանաչի չեք գտնի: Եթե ուզում եք կանաչի առնել, ինձնից առեք:

Այդ ձանձրալի գովազդը էլի կշարունակվեր, եթե երեխան գրկին կինը չընդհատեր նրան:

- Ինձ համար մի փունջ խառը կանաչի պատրաստիր:

- Աչքիս վրա, տես թե ինչ մեծ փունջ եմ պատրաստելու,- ասաց ու սկսեց արագ-արագ «խառը կանաչու» փունջը ձևավորել:

Երեխան գրկին կինը ձեռքի պայուսակը ցած դրեց, փոքրիկ տղային զգուշացրեց՝ կողքիցս չհեռանաս, հիմա կգնանք:

Փոքրիկ տղան կանգնած տեղում շուռումուռ գալով՝ հետաքրքրությամբ ուսումնասիրում էր շրջապատը: Մայրը կանաչու համար վճարում էր, մեկ էլ հանկարծ կողքից տղամարդու մի այնպիսի գոռոց լսեց, որ սիրտն ուժգին թպրտաց:

- Հիմար, չե՞ս կարող տեղդ հանգիստ կանգնել, այդ ի՞նչ արեցիր:

Երեխայի մայրը շրջվեց և ի՞նչ տեսավ: Երեխան անզգուշորեն դիպել էր իրար կողքի շարած բաքմազի (դոշաբի) շշերից մեկին՝ վայր գցել, իսկ տերը՝ բարձրահասակ մի երիտասարդ, բարկացած գոռալով, վրա հասավ, իսկույն բարձրացրեց, բայց ինչպես երևում է, կափարիչը պինդ չէր դրված, շշից մի քիչ բաքմազ էր թափվել: Երեխան վախից սեղմվեց մորը: Երիտասարդ առևտրականը գազազած շարունակում էր գոռգոռալ: Դրանով չբավարարվելով, կնոջ պայուսակը քաշեց իրեն ու, նստելով կարտոֆիլի տոպրակի վրա, վճռականորեն հայտարարեց.

- Մինչև բաքմազիս փողը չտաս, բաքմազս չառնես, պայուսակդ քեզ չեմ տա: Երեխան գրկին կինը շոգից շնչահեղձ էր լինում, ձեռքին միայն տրանսպորտի փող էր մնացել:

- Մոտս ավելորդ փող չկա, չեմ կարող առնել:

- Իմ գործը չի: Ապրանքս փչացրել եք, մինչև փողս չտաք, չեմ թողնի գնաք,- գոռգոռաց երիտասարդը:

- Էս ինչ փորձանքի մեջ ընկա,- հուսահատ ասաց կինն ու աջ բռունցքով խփեց պաշտպանվելու համար իրեն սեղմված երեխայի թիկունքին: Երիտասարդի գոռգոռոցի վրա այս ու այն կողմից մարդիկ հավաքվեցին, բայց ձեն հանող չկար, չէին ուզում խառնվել, ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել:

- Փողս տուր, պայուսակդ քեզ տամ: Մինչև փողս չտաս, չեմ տա,- շարունակ բորբոքված կրկնում էր բաքմազի տերը:

- Ճիշտ եմ ասում, ձեռքիս փող չկա, չունեմ, պայուսակս տուր, գնամ, ինձ վատ եմ զգում, չեմ կարող երկար կանգնած մնալ,- խնդրում էր երեխան գրկին կինը:

- Չէ, չեմ կարող, շշից պակասածը ես որտեղի՞ց լցնեմ: Ամբողջ շշի համար վճարիր, վերցրու տար,- պահանջում էր երիտասարդը:

- Չունեմ, չեմ կարող, ո՞նց ասեմ, որ հասկանաս: Մի գդալ բաքմազն ի՞նչ է, որ դու այսպիսի սկանդալ ես սարքել,- լացակումած արդարանում էր երեխան գրկին կինը:

Փոքրիկ տղան, մորը սեղմված, անձայն լացում էր: Նա զգում էր, որ իր պատճառով մայրը ծանր վիճակի մեջ է ընկել:

- Չունես, մեկից պարտք արա, փողս տուր, փո°ղս:

Հանկարծ, բարձրահասակ, լիքը-լիքը միջին տարիքի սևազգեստ, խունացած, մեծ գրպաններով գոգնոցը կապած, սպիտակախառն խուճուճ մազերը կարճ կտրած, խիստ տեսքով մի կին հայտնվեց ու կանգնեց գոռացող երիտասարդի դիմաց:

- Արա, հե°յ, մի ասա° տեսնեմ ինչի՞ համար ես ձենդ գցել աշխարհով մեկ՝ փո¯ղս, փողս հա փողս: Արա°, չե՞ս ամաչում, մայր, քույր, տատ չունե՞ս, մոր կաթ չես կերել, շնորհքդ է՞դ է: Ի՞նչ անենք, թե առևտրական ես, հոգիդ ի՞նչ ես փողի գերի դարձրել, ինքդ քեզ չե՞ս խղճում, մեղք չե՞ս: Ի՞նչ ես բոլորիս խայտառակ անում, մարդիկ էլ կարծեն, թե բոլոր առևտրականները քեզ նման են: Մի գդալ բաքմազդ ի՞նչ ես «մի կաթիլ մեղրի» պատմություն դարձրել, ժողովրդին գլխիդ հավաքել...

Կինը խոսում էր հուզված, արագ-արագ:

- Այ տղա°, մարդիկ ինչեր են կորցրել, իսկ դո՞ւ... Ամոթ է, այդ կնոջ պայուսակը տուր իրեն, թող գնա: Առ, վերցրու, կհաշվեմ, թե էսօր չեմ աշխատել, մեծ բան չի,- ասաց սևազգեստ կինն ու խունացած գրպանից հանեց մի հազարանոց, դրեց երիտասարդի բլուզի գրպանը,- մարդ ագահ, անկուշտ, աչքածակ չպիտի լինի, որքան ձեռնաբաց լինես, Աստված էնքան շատ կտա:

Նա երիտասարդի կողքից վերցրեց պայուսակը, տվեց երեխան գրկին տխուր կանգնած կնոջը:

- Շատ շնորհակալ եմ, լավությունդ չեմ մոռանա,- շփոթված ասաց երեխան գրկին կինն ու, պայուսակը թևը գցելով, փոքրիկ տղայի ձեռքից բռնեց, որ հեռանա: Այդ բոլորը հավաքվածների համար էլ էր անսպասելի: Նրանցից շատերն էին մտածում այնպես, ինչպես սևազգեստ կինը, բայց ոչ ոք չէր ուզում վեճին խառնվել: Երբ սևազգեստ կինը շրջվեց, որ միջադեպի վայրից հեռանա, բաքմազի տերը՝ երիտասարդը, արագ մոտեցավ, իր բլուզի գրպանից հանեց հազարանոցը, արագ շարժումով դրեց սևազգեստ կնոջ գոգնոցի գրպանը,- պետք չի, չեմ ուզում,- համարյա շշուկով, ընկճված ձայնով ասաց նա ու նորից նստեց կարտոֆիլով լի տոպրակի վրա, ոտքը ոտքով գցեց, մտախոհ  հայացքը հառեց բաքմազի շշին, որից մի քիչ, գուցե մի գդալ պակասել էր և այդ պակասածը, որպես սև լաքա մնացել էր գետնի վրա:

Հայացքը գամված էր բաքմազի փոքր, կիսատ շշին և հանկարծ զզվանքով ու ատելությամբ համակվեց այդ անշունչ, սև, թանձր հյութով լցված ողորմելի շշի հանդեպ, որից կախված էր իր օրվա հացը, ապրուստը: Մի պահ իրեն զգաց շատ խղճուկ, անզոր ու անընդունակ այն աստիճան, որ մի գդալ բաքմազի համար մեծ աղմուկ բարձրացրեց, անմեղ մարդկանց անտեղի նեղացրեց, և եկավ այն մտքին, որ ինքն էլ չի մեղավոր, քանի որ իր ապրուստը, ապագան, անկախ իրենից, կախված է այդ և նման այլ բաներից...

 Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
 

ՏՈՂԵՐ ՕՐԱԳՐԻՑ
ԿԱՄ՝ ՄԻԿՐՈՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
Կան մարդիկ, որոնց թվում է, թե Երկրագունդը պտտվում է միայն իրենց համար:

 Կան մարդիկ, որոնց հետ սկզբում հետաքրքիր ու հաճելի է լինում, հետո՝ ձանձրալի, վերջում՝ զզվելի:

 Մարդու մի տեսակ կա, որ ինչի մասին խոսում է, միշտ իր մասին է դուրս գալիս:

 Մարդու մի տեսակ էլ կա, որ այս կամ այն դեպքի մասին ականատեսին հարց է տալիս, հետո ինքը սկսում պատմել...

 Կան կանայք, ովքեր առանց խայթոցի չեն կարող ապրել: Նրանց կծածը ցավ է պատճառում, բայց երբեք չի սպանում: Այս տիպի կանանց չեն սիրում:

Կանանց մի տեսակ կա, որ հազվադեպ է խայթում: Սրանք տղամարդուն գցում են իրենց գեղեցիկ ոստայնի մեջ, ամուր փաթաթվում նրան և խեղդամահ անում: Կանանց այս տիպին տղամարդիկ սիրում են, բայց երբ հասկանում են, որ չարաչար սխալվել են, արդեն ուշ է լինում:

 Երբեմն մտածում եմ, որ մենք ավելի մեծ ճահճում ենք գտնվում, քան պատկերացնում ենք:

 Մերազգի որոշ գործիչներ չբավարարվելով իրենց ու իրենց ազգականների համար հերոսի «կոստյումներ» հաջողացնելով, չբավարարվելով իրենց կենսագրությունը  Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ խցկելով, այժմ էլ փորձում են Արցախյան շարժումը մտցնել սեփական կենսագրության մեջ, նմանվելով Յարոսլավ Հաշեկի այն հերոսին, որ փորձում էր ապացուցել, թե Երկրագնդի ներսում գոյություն ունի մի գունդ, որ զգալիորեն մեծ է դրսի գնդից...

 Որոշ գրողներ իրենք էլ համոզված լինելով, որ մահից հետո հազիվ որևէ մեկը հիշի իրենց, ձգտում են մահկանացուն կնքելուց առաջ, գոնե կենդանության օրոք վայելել իրենց «անմահությունը», և գրադարակները համառորեն շարունակում են լցնել շքեղակազմ խոտանով, որոնք այդպես էլ ոչ ոք չի կարդում:

Կան գրողներ, որ չնայած հեռանում են կյանքից, բայց նրանց ստեղծագործություններն ապրում են: Մյուս կողմից՝ կան գրողներ, որ շարունակում են ապրել և մեռած գործեր ծնել...

 «Աստված իմ, ինձ փրկիր բարեկամներից, իմ թշնամիներից ես ինքս գլուխ կհանեմ». չեմ հիշում ով է ասել, երբ է ասել, բայց որքա¯ն ցավ ու դառն ճշմարտություն կա այս խոսքերում:

 Արդեն աստիճանաբար ես էլ եմ համոզվում, որ մեզանում չի կարող լավ ղեկավար լինել: Լավ ղեկավարի դպրոց մենք երբեք չենք ունեցել, այդպիսի ղեկավարի ավանդույթ մեզ մոտ չի ձևավորվել: 

Վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ... Այսօր այդպիսի կոչումներ ենք բաժանում մարդկանց, որոնց վաղը ոչ ոք չի հիշելու:

 Անցումային շրջան է: Շարունակ անցնում ենք, անցնում, բայց տեղ չենք հասնում: Անցումային շրջան է. շրջանից դուրս չենք գալիս:

 Մի քսան տարի առաջ մենք ավելի ազատ ենք եղել: Այսօր, երբ ողջ ժողովուրդը ստրուկ է դարձել, նրան ասում են, որ դա կոչվում է ազատություն, անկախություն, ժողովրդավարություն և նման բաներ: Դա ասողները նույնպես ստրուկներ են, աթոռի, պաշտոնի, փողի ստրուկներ:

 Վարդգես ՕՎՅԱՆ 

Powered by NKSoft Company



Copyright Demo : 2006  

 

 Հրատարակվում է "Conciliation Resources" կազմակերպության ֆինանսական և Ստեփանակերտի մամուլի ակումբի ստեղծագործական աջակցությամբ