|
|
7 (26), 15 ապրիլի, 2005 թ.
ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱ՞ՐՀ. ՉԷ ՄԻ՝ ՊՈԶԵՐ Վերջերս, արտասահմանյան հյուրերից մեկի հետ հանդիպման ժամանակ, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, խոսելով մեզ մոտ ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության մասին, ասել է, որ ցանկության դեպքում ինքը կարող է Թուրքմենբաշի դառնալ, բայց չի ուզում: Որ սա անսպասելի զեղում կամ պատահականություն չէր, վկայում է նաև այն հանգամանքը, որ նույն միտքը նա հայտնել է Մարտունիում ու Հադրութում կայացած մի քանի հանդիպումների ժամանակ և այլ առիթներով: Նման կարծիքը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ՝ այն պատճառով, որ ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության մասին թեզը հեքիաթ դարձնող հանգամանքը հենց Թուրքմենբաշի դառնալու հնարավորությունն է, այսինքն՝ նախագահը պիտի հասկանար, որ երկրորդ պնդմամբ ինքն իսկ հերքում է իր առաջին պնդումը: Սակայն խնդրո առարկան մի քանի այլ ուշագրավ կողմեր էլ ունի: Թուրքմենբաշի դառնալու հնարավորության մասին պնդումը վկայում է, թե Ա. Ղուկասյանը որքան վատ է տեղեկացված իրերի իրական վիճակի ու իր մասին հանրության կարծիքի ու վերաբերմունքի մասին: Սա, իհարկե, «հեքիաթասաց» շքախմբի մեղքն է, թեև հարկ է ասել, որ ամեն ղեկավար ինքն է ընտրում իր շքախումբը, այլ կերպ ասած՝ շքախումբը նախագահին ասում է այն, ինչ նրան հաճելի է, այսինքն՝ ինչ նա ուզում է լսել: Շքախումբը շատ լավ էլ գիտակցում է, որ դրանով վնասում է նախագահին, բայց, ինչպես ցանկացած շքախումբ, այս մեկն էլ մտածում է միայնումիայն իր մասին: Հաջորդ կարևոր հանգամանքը: Առանձնապես հակված չեմ նախագահին մեղադրելու, որովհետև ցանկացած մահկանացուի համար մեծ գայթակղություն է Թուրքմենբաշի դառնալը: Իսկ սովորական մահկանացուները, ինչպես հայտնի է, մեծ դժվարությամբ են դիմադրում մեծ գայթակղություններին: Չեմ բացառում նաև, որ ասվածը անշառ կատակ էր նախագահի կողմից: Ես ավելի շատ հակված եմ մեղադրելու մեզ՝ ինձ, քեզ, մյուսներին: Ուրեմն՝ նախագահը, մեղմ ասած, բարձր կարծիքի չէ մեր (իմ, քո, մյուսների) մասին, որ մտքովը նման բաներ են անցնում, թեկուզև՝ կատակի տեսքով: Ի վերջո, ժողովրդավարությունն ամրակայված է լինում, կամ ժողովրդավարական բարեփոխումներն իրապես անշրջելի են լինում միայն այն դեպքում, երբ որևէ ղեկավար ուզում է Թուրքմենբաշի դառնալ ու չի կարողանում, քանի որ չեն թողնում՝ ես, դու, մյուսները: Սակայն չեմ ուզում, որ մեր հասարակությունը լուրջ ընդունի և մտահոգվի այս հարցով: Մեզ մոտ թուրքմենբաշիզմն անհնար է: Ոչ թե այն պատճառով, որ նախագահը չի ուզում, այլ որ մենք չենք թողնի: Խնդրո առարկայի ամենահետաքրքիր կողմը, սակայն, այլ է: Բանն այն է, որ թուրքմենբաշիզմը մեզ մոտ հնարավոր չէ ևս մեկ պատճառով: Թուրքմենբաշիզմն էլ սովորական երևույթ չէ, հեշտ բան չէ: Հաճելի կողմերից զատ այն ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն ու ջանքեր, ժողովրդի վիճակի բարելավմանն ուղղված քայլեր, առանց որոնց հնարավոր չէ պահպանել ժողովրդի հոր առասպելը: Մասնավորապես, նույն Թուրքմենստանում էլեկտրականությունն ու գազը ձրի են: Իսկ մեր բարձրագույն ղեկավարները «չար երազում» անգամ չեն տեսնում նման բան իրենց ժողովրդի համար: Այնպես որ, ոչ մի կողմից էլ թուրքմենբաշիզմ մեզ չի սպառնում: ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ապրիլի 7 - ապրիլի 16 Հասարակության մեջ միշտ էլ տարածված է եղել այն կարծիքը, որ կան մասնագիտություններ, որոնք տղամարդկանց մենաշնորհն են: Ուժային կառույցներն այդ մենաշնորհների ցուցակում առաջին տեղն են զբաղեցնում: Սակայն այսօր կան այնպիսի կանայք, որոնք ձեռնոց են նետում հասարակական կարծիքին և ապացուցում են, որ կանայք նույնպես կարող են համահավասար կատարել, այսպես կոչված, «տղամարդու գործը»: Ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության, և ապրիլի 16-ի՝ Ոստիկանության օրվա առիթով որոշեցինք փոքրիկ հարցազրույց անցկացնել այդպիսի մի կնոջ, ոստիկանության կապիտան Արևիկ Նաջարյանի հետ: Նա աշխատում է ՆԳՆ Ասկերանի շրջանային բաժնում որպես անձնագրային ծառայության ավագ տեսուչ: - Դժվար չէ՞ աշխատել տղամարդկանց հետ, հատկապես այդպիսի մի կառույցում, ինչպիսին ոստիկանությունն է: - Ընդհակառակը, նրանց հետ շատ հաճելի է աշխատել, և պիտի ասեմ, որ ունեմ կոլեկտիվ, որով միայն հպարտանում եմ: Եվ հենց այդ կոլեկտիվն է, որ քանի տարի ստիպում է ինձ ամեն օր Ստեփանակերտից գնալ Ասկերան ու գալ: Կարծում եմ՝ բացարձակապես նշանակություն չունի այդ հանգամանքը. տղամարդ, կին: Կարևորն այն է, որպեսզի կարողանաս համակերպել: - Իսկ կոլեկտիվն է՞լ է այդ կարծիքին: - Բնականաբար, սկզբից վերապահումով վերաբերմունք կար, թվում էր՝ բոլորը հատուկ զգուշավորությամբ են քեզ վերաբերվում: Բայց հիմա նրանք նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ այդ աշխատանքը ինձանից բացի կարող է անել ինչ-որ մեկ ուրիշ անձնավորություն: Կարծում եմ, նույնիսկ ոստիկանությունում կան ծառայություններ, որտեղ պիտի աշխատեն հենց կանայք. օրինակ՝ անձնագրային բաժինը: Այս ծառայությունն ավելի շատ շփումներ է պահանջում մարդկանց հետ, և մեծ նշանակություն ունի, թե այդ աշխատանքը կանի կի՞ն, թե՞ տղամարդ: Ըստ իս, միայն կանայք կարող են լսել այցելուների երկար նախաբանները: Գալիս են, ժամերով պատմում են այն մասին, թե տան հետ, տեղափոխման հետ կապված ինչ խնդիրներ ունեն, տան անդամներն ինչ պրոբլեմներ ունեն այդ կապակցությամբ և այլն, տղամարդը, բնականաբար, այնպես չի կարողանա հասկանալ այդ մարդկանց, ինչպես կինն է հասկանում: - Կարո՞ղ եք պատկերացնել Ձեզ մեկ այլ աշխատանքում: - Ես տիպիկ ոստիկան եմ, իմ աշխատանքը մոտ է իմ բնավորությանը, և չեմ պատկերացնում, որ կաշխատեմ մեկ այլ տեղ: Ես ընտրել եմ այդ ուղղությունը, քանի որ դա «իմն» է, հայրս 37 տարի աշխատել է ներքին գործերի մարմիններում, և ես մանկուց, կարելի է ասել, կապված եմ եղել այդ աշխատանքին: Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ
լրահոս ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 2005 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է Աբսուրդային թվեր. Ստեփանակերտի թ. 5 ընտրատարածքում առաջադրվել է 14 թեկնածու Ապրիլի 12-ին կայացավ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը տեղեկացրեց, որ ապրիլի 5-ից 10-ը մեծամասնական 22 ընտրատարածքներում առաջադրվել է 128 մարդ. 71-ը՝ քաղաքացիական նախաձեռնությամբ եւ 57-ը՝ կուսակցությունների կողմից: Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Ստեփանակերտում, որտեղ 8 ընտրատարածքներում առաջադրվել է 79 մարդ: Առաջադրվածների ռեկորդը՝ 14 մարդ, գրանցվել է մայրաքաղաքի թ. 5 ընտրատարածքում: Հունիսի 19-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում 11 պատգամավորներ առաջին անգամ կընտրվեն համամասնական կարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով: 9 գրանցված կուսակցություններից ցուցակներ են ներկայացրել 8-ը՝ «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական կուսակցություն /նախկին ԺԱՄ/, «Հանուն բարոյական վերածննդի», Կոմկուս, «Մեր տունը Հայաստանն է» եւ «Սոցիալական արդարություն»: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը եւ «Շարժում-88» կուսակցությունը ընտրություններին ներկայացել են դաշինքով: Կուսակցական ցուցակներով ընդհանուր առմամբ առաջադրվել է 81 մարդ: «Ազատ հայրենիք» կուսակցության 17-հոգանոց ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Ռուդիկ Հյուսնունցը, Արայիկ Հարությունյանը եւ Ռոմելա Դադայանը, ԱԺԿ-ի ցուցակում՝ Աշոտ Ղուլյանը, Անդրանիկ Սարգսյանը եւ Արմո Ծատրյանը /ընդհանուր թիվը՝ 25/, «ՀՅԴ-«Շարժում- 88» Դաշինքը» ներկայացրել է 18 հոգի, առաջին տեղերում են՝ Արմեն Սարգսյան /ՀՅԴ/, Էդուարդ Աղաբեկյան /«Շարժում-88»/ եւ Վիտալի Բալասանյան /անկուսակցական/: Կոմկուսը առաջադրել է 10 թեկնածու, առաջին եռյակում են Հրանտ Մելքումյանը, Բահատուր Դավթյանը եւ Վլադիմիր Զաքիյանը: Նիստին հրավիրված ՀՅԴ ներկայացուցիչը հանձնաժողովին է ներկայացրել օրինախախտման մի շարք փաստեր. մասնավորապես, նշվել է, որ «Ազատ հայրենիք»-ից պատգամավորության թեկնածու առաջադրված Ռ. Հյուսնունցը ոստիկանության պետի հետ համատեղ Մարտակերտի շրջանի գյուղերում նախընտրական քարոզչություն է սկսել, նույնն էլ Ասկերանում է անում Սամվել Հակոբյանը՝ կրկին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ: ԿԸՀ անդամ՝ ՀՅԴ ներկայացուցիչ Սերգեյ Շահվերդյանը հանձնաժողովին առաջարկեց դիմել ոստիկանությանը՝ քարոզարշավին չմիջամտելու պահանջով եւ կրկին անգամ տեղեկացնել հանրությանը, որ քարոզչությունը թույլատրվում է միայն մայիսի 16-ից հունիսի 17-ը: Թե որքանով են բերված փաստերը համապատասխանում իրականությանը, հավանաբար կպարզի ԿԸՀ-ը: Համենայն դեպս, ԿԸՀ քարտուղարը նիստում առաջարկել է նման դեպքերում գրավոր դիմել հանձնաժողովին՝ ստուգելու համար ներկայացվող փաստերը: Սեփ. լրատվություն
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ՕՐԵՆՔԻՑ ՇԵՂՈՒՄՆԵՐ Նորերս Վերահսկիչ պալատի նախագահ Արկադի Սողոմոնյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ հայտարարել է, որ 2004 թ. անցկացված 7 աուդիտների ընթացքում արձանագրվել են օրինախախտումների եւ պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման փաստեր: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչ խախտումներ են արձանագրվել, օրինակ, դատախազությունում, ՎՊ նախագահը մի քանի անգամ նշել է, որ դատախազները խախտել են «Լեզվի մասին» օրենքը: Պարզվում է, դատախազության ղեկավարը նաեւ մի փոքրիկ չարաշահում է թույլ տվել՝ աշխատողների արձակուրդների վճարման համար նախատեսված գումարների գերածախս, բայց դա, իհարկե, իր պատճառներն ունի: Հաջորդ մի քանի նախադասությամբ Ա. Սողոմոնյանը լրիվությամբ արդարացրեց դատախազության ղեկավարության կողմից թույլ տված խախտումները, բացի, իհարկե, լեզվականից: Ասուլիսի ժամանակ լրագրողներն այդպես էլ չլսեցին, թե ինչ լուրջ խախտումներ է արձանագրել Վերահսկիչ պալատը եւ ինչ հետևանքներ են ունեցել բացահայտումները: Հակառակը՝ պարզվեց, որ ոչ մի պաշտոնյա պատիժ չի կրել թույլ տված սխալի համար, ավելին, գործադիրը հարկ չի համարել նույնիսկ պատասխանել Վերահսկիչ պալատին: Այս ամենը մի հարցի է հանգեցնում. ո՞ւմ է պետք ՎՊ-ն: Եթե այն ստեղծվել է պետական միջոցների օգտագործումը վերահսկելու համար, ապա ինչո՞ւ չեն մշակվել դրա համար գործուն մեխանիզմներ: Եթե Պալատի ստեղծումը պարզապես տուրք է ինչ-ինչ պահանջների, գոնե իմանանք եւ մեծ հույսեր չկապենք: Թե չէ՝ ստուգումներ ենք անցկացնում, եզրակացություններ անում, ասուլիսի ժամանակ ձեւական հարցեր տալիս եւ նույնանման պատասխաններ լսում: Ո՞ւմ ենք խաբում: Մեղադրանքներով չսահմանափակվենք, փորձենք պարզել ստեղծված իրավիճակի պատճառները: Թերեւս, ամենակարեւորն այն է, որ ՎՊ-ի ստեղծման ընթացքում, ըստ երեւույթին, անհետացել է վերահսկիչ մարմին ունենալու սկզբնական նպատակը՝ թույլ չտալ պետական, այսինքն՝ հանրային միջոցների ոչ նպատակային օգտագործում: Դա տեղի է ունեցել մի պարզ պատճառով. օրենսդիրների մեծ մասը բոլորովին էլ շահագրգռված չէ գործադիրին վերահսկել, քանի որ, հավանաբար, կախված է նրանից: Եթե շահագրգռված լինեին, ապա վերահսկելու ձեւեր կգտնեին: Օրինակ, համաձայն ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի՝ Վերահսկիչ պալատն իրավասու չէ իրավապահ մարմիններին ներկայացնել հայտնաբերած խախտումները: Միաժամանակ, այդ իրավասությունն ունի խորհրդարանը, ինչպես նաև պատգամավորը: Ինչու՞ ոչ մի պատգամավոր չի օգտվել իր այդ իրավունքից: Պարզ չէ՞, որ ցանկություն չի ունեցել:
Սա ոչ
միայն Վերահսկիչ պալատի, այլև ամբողջ հանրության խնդիրն է, հանրություն, որ
չի ցանկանում վերահսկել իր կողմից ընտրված մարդկանց, անպատիժ է թողնում
փոքր և մեծ խախտումներն ու հանցանքները, հետո չգիտես ումից նեղանում ու
ասում, որ բոլորն իրեն խաբում են: Հանրություն, որն ամաչում է խոսել ինչ-որ
մեկի սխալի մասին՝ ինչ է թե հակառակորդը կուրախանա: Սեփ. լրատվություն
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ Մարտի 29 -ին ԼՂՀ քաղծառայության խորհրդի անդամները անցկացրին սեմինար-խորհրդակցություն աշխատակազմերի ղեկավարների համար: Խորհրդակցության սկզբից, հանդիսավոր պայմաններում, կատարվեց շրջվարչակազմերի աշխատակազմերի նորանշանակ ղեկավարների երդման արարողությունը: Ապա խորհրդի անդամները ներկաների ուշադրությանը ներկայացրին ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել «Քաղաքացիական ծառայողի մասին» օրենքում: Առաջին փոփոխությունը վերաբերում է մրցույթներին մասնակցած, սակայն հաղթող չճանաչված անձանց, որոնք, ըստ նախատեսվող փոփոխությունների, կարող են հանձնաժողովի որոշումը բողոքարկել հենց քաղծառայության խորհրդին: Վերջինս պետք է նույն օրը կայացնի համապատասխան որոշում և ներկայացնի այն բողոքարկուին: Երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկել ոչ միայն գիտական, այլ նաև ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներին: Բացի այդ, մրցույթներին դիտորդի կարգավիճակով կկարողանան մասնակցել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախատեսվող մյուս փոփոխությամբ կերկարացվի ատեստավորմանն ու վերապատրաստմանը հատկացված ժամանակահատվածը: Նախատեսվում է երկարաձգել նաև ժամկետային պայմանագրով աշխատանքի վերցնելու ժամկետը (փոփոխությունից հետո հնարավոր կլինի նմանօրինակ պայմանագրեր կնքել մինչև վեց ամիս ժամկետով): Որոշակի փոփոխություններ կլինեն նաև մրցութային հարցաշարերում: Վերջում աշխատակազմերի ղեկավարները քննարկեցին վերոհիշյալ հարցերի վիճելի կետերը և դրանց վերաբերյալ արեցին իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է Արցախյան քաղաքական դաշտի երկու ազդեցիկ ուժեր՝ ՀՅԴ Արցախի կազմակերպությունը և «Շարժում-88» կուսակցությունը նախընտրական դաշինքով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին որոշում կայացվել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և «Շարժում-88» կուսակցության վարչության համատեղ նիստում: «ՀՅ Դաշնակցություն-«Շարժում-88» Դաշինքը» թեկնածուներ է առաջադրել մեծամասնական բոլոր ընտրատարածքներում և ներկայացրել է 18 հոգու անուն ընդգրկող համամասնական ցուցակ: Սեփ. լրատվություն
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ «Դեմո» հանրային թերթը, հավատարիմ մնալով իր կողմից հռչակված սկզբունքներին ու գաղափարներին, ձգտելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրեին ըստ ամենայնի ներկայացնել արցախյան քաղաքական դաշտը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա ծանոթանալու կուսակցությունների ծրագրերին ու անելիքներին, ինչն էլ կօգնի կողմնորոշվելու նախընտրությունների հարցում: «Դեմո»-ի խմբագրակազմը համագործակցության առաջարկով արդեն դիմել է արցախյան քաղաքական ուժերին և ակնկալում է համարժեք վերաբերմունք: Խմբագրակազմն իր պատրաստակամությունն է հայտնում մինչև մայիսի 16-ը թերթի էջերում կուսակցությունների տրամադրած նյութերը զետեղել անվճար հիմունքներով, իսկ մայիսի 16-ից մինչև հունիսի 17-ը, այն է՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, դրանք հրապարակել օրենքով նախատեսված կարգով ու վճարովի հիմունքներով: Տեղեկացնում ենք, որ «Դեմո»-ն ընդունել է վճարովի գովազդի միասնական գնացուցակ, ըստ որի լրագրային մեկ էջ մակերեսի համար նախատեսվում է 40 հազար դրամ: Նվազ կամ ավել լրագրային մակերեսի համար վճարը հաշվարկվելու է՝ ելնելով հիշյալ գումարից: «Դեմո» թերթի խմբագրակազմ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ Էդ. Աղաբեկյանը հավաստիացնում է, որ ծրագրերն իրականացվել են ավելի քան հարյուր տոկոսով Ապրիլի 13-ին Ստեփանակերտի քաղաքապետի հրավիրած մամլո ասուլիսում Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց Ստեփանակերտի համայնքի կողմից 2005 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքները՝ մասնավորապես անդրադառնալով 2005 թվականի առաջին եռամսյակի համայնքի բյուջեի կատարողականին: Բարձրացված հարցերի շարքում քաղաքապետն անդրադարձավ նաև համայնքի ավագանու կողմից ընդունված որոշմանը, ըստ որի՝ սույն թվականից յուրաքանչյուր ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի օրը, ժամը 12-ին ողջ համայնքում հայտարարվում է լռության րոպե: (Էդ. Աղաբեկյանի մամլո ասուլիսի մանրամասները կարդացեք մեր թերթի հաջորդ համարում): Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ
ՆՎԵՐՆԵՐ՝ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՈՒՅՍՈՎ ԱՊՐՈՂ ԿԱՆԱՆՑ Ապրիլի 5-ին ԼՂՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում կայացավ միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության օրվան: Միության նախագահ Վերա Գրիգորյանը և առաջին կին գնդապետ Էլմիրա Աղայանը անհայտ կորած ազատամարտիկների երեսուն կին հարազատների հանձնեցին ծաղկեփնջեր և նվերներ: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան միության անդամ կանայք՝ անհայտ կորած ազատամարտիկների տիկնայք և ծնողներ, ինչպես նաև հյուրեր, որոնք այդ օրը եկել էին իրենց հարգանքի տուրքն ու երախտագիտությունը մեկ անգամ ևս մատուցելու այն կանանց, որոնց ամուսիններն ու զավակները դարձել են արցախյան ազատամարտի հերոսներ, հերոսներ, որոնց ճակատագիրը, սակայն, արդեն տաս տարուց ավելի մնում է անհայտ: Սեփ. լրատվություն
ներքաղաքական ՄԻ ԽՈՒՄԲ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻՔ ԴԱՌՆԱԼ Թե ում ձեռքին՝ կարևոր չէ Վերջերս Ասկերանում շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Սլավա Առուշանյանի նախաձեռնությամբ կայացել է շրջկենտրոնի մի խումբ վետերանների եւ երկրապահների համատեղ ժողով, որի ընթացքում այդ երկու կազմակերպությունների անդամները որոշել են միավորվել: Ողջունելի որոշում է, եթե չլինեին մի քանի հանգամանքներ: Առաջին՝ ժողովին մասնակցել են Ասկերանի ոչ բոլոր վետերանները, նույնիսկ՝ ոչ մեծամասնությունը: Սակայն դա չի խանգարել ներկաներին խոսելու ամբողջ կազմակերպության անունից: Երկրորդ՝ վետերանների կազմակերպության Ասկերանի քաղաքային խորհրդի նախագահը փաստորեն չի մասնակցել ժողովին, եւ հավաքը վարել է շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը: Երրորդ՝ ժողովի մասին չի տեղեկացվել Վետերանների հանրապետական խորհուրդը, ավելին՝ ամեն ինչ արվել է, որպեսզի խորհրդի նախագահ, Ասկերանի բնակիչ Վիտալի Բալասանյանը չկարողանա ազդել այդ ամենի վրա: Չորրորդ՝ ժողովի ժամանակ մի քանի անգամ ընդգծվել է գալիք խորհրդարանական ընտրությունների հանգամանքը եւ նշվել, որ «մենք կօգնենք նրանց, ով մեզ կօգնի»: Եւ հինգերորդ՝ «օգնողների» շարքում նշվել են ասկերանցի մի քանի հայտնի մարդիկ: Ղարաբաղյան պատերազմի վետերաններին հիշում են միայն ընտրությունների նախօրեին՝ դառնությամբ փաստեցին հիշյալ ժողովի մասնակիցները: Իսկ հիշում են, որովհետեւ նրանք ուժ են, եւ ցանկացած կողմ աշխատում է դեպի իրեն ձգել այդ ուժը: Ահա այս անգամ էլ՝ ընտրություններից առաջ, հանկարծ պարզվում է, որ պատերազմի մասնակիցները մնացել են հետպատերազմյան իրողությունների «աուտում», որ նրանք արժանի են ոչ թե ներկայիս, այլ ավելի լավ կյանքի: Օգնության խոստումներ են հնչում... Խեղճ վետերանի առանց դրան էլ թեժ արյունը նման «ճշմարտությունից» սկսում է եռալ: Հենց այդ պահին էլ նրան «հիշեցնում են» մի մարդու անուն, որն, իբրեւ, մեղավոր է ամեն ինչում: Եռած արյունը շիկանում է, եւ դրանից հետո տար այդ վետերանին ուր ուզես: Հետո, երբ «հովանավորը» կհասնի նպատակին, վետերանը կրկին կմնա նույն «աուտում»: Վերոհիշյալ ժողովի ժամանակ հնչել են մեղադրանքներ Արցախի վետերանների միության ղեկավարների հասցեին, որ նրանք ոչինչ չեն անում պատերազմի մասնակիցների համար: Մեզ հետ զրույցի ժամանակ ԱՎՄ հանրապետական խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը նշեց, որ դժվար է միանգամից լուծել 7000 մարդու խնդիրները, առավել եւս, որ դրանց մեծ մասը բնակարանային խնդիր ունի: Այստեղ խոսքը ոչ այնքան սոցիալական օգնության մասին կարող է լինել, որքան ճիշտ քաղաքականության: Ինչ վերաբերում է պատերազմի վետերանների երկու կազմակերպություններին, որոնք ստեղծվել են բոլորիս հայտնի պայմաններում՝ ներքաղաքական պառակտումը կանխարգելելու համար, ապա մինչ հիշյալ ժողովը այդ կազմակերպությունների ղեկավարներ Վիտալի Բալասանյանը եւ Արկադի Կարապետյանը արդեն համաձայնության էին եկել միավորվելու մասին եւ արդեն որոշ քայլեր են ձեռնարկել այդ ուղությամբ: Ընդ որում, նրանք որոշել են անել դա սեպտեմբերին, երբ արդեն հանդարտված կլինեն հետընտրական կրքերը: Կարծես ինչ-որ մեկին շահավետ չէր այդ ճանապարհը, եւ նա որոշեց «ներքեւից» ստեղծել նոր կազմակերպություն, քանի որ այդ դեպքում հինը ուժը կորցրած կճանաչվի: Հավանաբար, այդ «ինչ-որ մեկը» չգիտի ԱՎՄ ներկա ղեկավարներին քաղաքական դաշտից հեռացնելու այլ ճանապարհ: Համենայնդեպս, այդ մասին է խոսում այն փաստը, որ Ասկերանի քաղաքային ժողովում արդեն պատգամավորներ են ընտրվել նոր կազմակերպության շրջանային կոնֆերանսի համար: Նշվել է նաեւ, որ նման շարժում սկսվել է նաև այլ շրջաններում: Ժողովի ժամանակ, ըստ մասնակիցների, հստակ խոսվել է այն մասին, որ այս ամենը կապված է հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, եւ որ նոր կազմակերպությունը կհայտնվի նրանց կողքին, ովքեր մինչ ընտրությունները կապացուցեն, որ կարող են օգնել վետերաններին: Սակայն պետք չէ մարգարե լինել հասկանալու համար, որ ակնկալվում է իշխանամերձ գործարարների աջակցությունը (որոնք դրանով իրենց սեփական հարցերն են լուծելու) և իրենց աջակցությունը նրանց, որովհետև միայն իշխանությանը մոտ կանգնած մարդիկ կարող են և լծակներ ունեն «ապացուցելու», որ ի վիճակի են օգնելու: Այն հանգամանքը, որ հիշյալ ժողովի կազմակերպիչների թվում էր վարչակազմի ղեկավարի տեղակալը, միանշանակ բերում է այն համոզման, որ վետերանների այս խումբը հող է նախապատրաստում ինչ-որ մարդկանց ձեռքին գործիք դառնալու համար և արդեն իսկ զբաղված է ինքնաարդարացմամբ, քաջ գիտակցելով, որ հանրության համար ոչ միայն հասկանալի է լինելու այդ խաղը, այլև նույն այդ հանրությունը չի ընդունելու այն: Այս ամենի ֆոնի վրա մի խումբ վետերանների այն պնդումը, թե «մենք չենք խառնվելու քաղաքականությանը, մենք փորձելու ենք, օգտվելով նախընտրական պայքարից, լուծել մեր խնդիրները», ուղղակի փարիսեցիություն է: Ինչ վերաբերում է նրան, որ ոմանք կարող են օգնել, ապա չգիտես ինչու հիշյալ վետերաններին չի հուզում այն հարցը, թե ինչու մինչ նրանց չեն օգնել: Չէ՞ որ մի ժամանակ իշխանությունները թմբկահարում էին, թե ամբողջ ժողովուրդն է պատերազմի վետերան: Եթե իրոք այսպես է, ապա վետերաններին պիտի մտահոգի երկրի ճակատագիրը, պիտի այնպես անեն, որ երկրում բարեփոխումներ լինեն, որպեսզի լավ ապրեն պատերազմի վետերանները, ասել է թե՝ ժողովուրդը: Ինչ որ է, իրապես ցանկալի կլիներ, որ վետերանները սեփական ճակատագրի ու երկրի մասին մտածեին, այլ ոչ թե ինչ-որ ուժերի մասին: Այս ամենում, սակայն, ամենավատն այն է, որ Ասկերանի բնակիչները հայտնվել են մի անհասկանալի ու անիմաստ ընտրության առաջ՝ «եթե մեզ հետ չես, ապա մեր դեմ ես»: Իսկ ո՞վ է այդ «մենք»-ը:
Ն.
ԱՎԱՆԵՍՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ - ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ - ԺՈՂՈՎՈՒՐԴ Վերջերս սկսել են շինարարական աշխատանքներ կատարել կառավարական շենքի հարավ-արևմտյան մասում: Ասում են՝ կառուցում են չորս հարկանի կառավարական շենք, որի վրա նախատեսված է բյուջեից ծախսել մեկ միլիարդ դրամ: Չհավատալով լսածիս, կարծեցի, թե կատակի կարգով են ասել, բայց համոզվեցի, որ լսածս բոլորովին էլ կատակ չէ: Դրանից ընդամենը 2-3 շաբաթ առաջ էր, երբ այդ տարածքում կանգնած էր երկու հարկանի նորմալ շենք: Կարճ ժամկետում վերանորոգեցին նրա պատուհանները, դռները, տանիքն ամբողջությամբ փոխարինեցին նոր՝ սպիտակ թիթեղով: Կողքով անցնողները և վերանորոգող բանվորներն անգամ չգիտեին, թե ինչ նպատակի պետք է ծառայի այդ արագ տեմպերով նորոգվող շենքը: Նորոգումն ավարտելուց երկու շաբաթ հետո սկսեցին շենքը քանդել: Քանդեցին մինչև հիմքը: Սա կարելի է նաև ֆելիետոնի ձևով գրել, բայց զսպեցի ջղերս: Մոտավոր հաշվումներով՝ այդ շենքի վերանորոգման, քանդելու, ավտոերթերի, ծախսած վառելիքի, քանդած շինանյութի վաճառքից ստացած (միայն ճիշտը) գումարներն ու մյուս ծախսերը հերիք են, որպեսզի քաղաքի ծանր աշխատանք կատարող և ամսական 15 հազար դրամ ստացող բանվորների աշխատավարձը բարձրացվի 20-30 տոկոսով, որը խոստացել էին կատարել հունվարի մեկից, սակայն դրժեցին իրենց խոստումը, առաջացնելով անվստահություն, անգամ ցույցի դուրս գալու տրամադրություն: Կառուցվող շենքը կոչվում է կառավարական շենք: Այժմ մեկնաբանում ենք: Այսօր 145 հազար բնակչությանը կառավարելու համար տրամադրված է 4 հարկանի հսկա շենք, առողջապահության, սոցապահովագրության, գյուղատնտեսության, արտաքին գործերի, քաղաքաշինության նախարարությունների, պետական կադաստրի առանձին-առանձին շենքեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի տասնյակ սենյակներից: Զգացվում է, որ այս ամենը նեղվածք է կառավարողների համար: Ինձ մտահոգում է այն, թե ինչու բյուջեի բաշխողները և հաստատողները ետ չեն նայում ու համեմատություններ չեն անում, որ միայն մեկ շենքում տեղավորված և 5-10 հնամաշ էժանագին ավտոմեքենաներ ունեցող մարզխորհուրդը տեղավորված էր միայն այդ 4 հարկանի շենքում, որը կառավարում էր 180 հազար բնակչի (այն էլ՝ ոչ միատարր): Այդ հիմնարկի աշխատանքի արդյունքն էր տարեկան 180 հազար տոննա խաղողի ստացումը, կգ-ն 1 ռ. 85 կոպեկ մսի արտադրության ապահովումը, 200-ից ավելի կոլտնտեսությունների ու սովխոզների կենտրոնացված ղեկավարությունը, մի քանի տարվա ընթացքում անտուն բնակիչներին քաղաքի արևելյան մասում կարճ ժամկետում կառուցած բազմահարկ շենքերում բնակարաններով ապահովելը և այլն: Մեր պետական բյուջեի երկու երրորդը տրվում է վարկով, այսինքն՝ պարտքով: Իսկ պարտք վերցնողը առաջին հերթին այն ծախսում է ամենակարևոր, հրատապ հարցերի լուծման համար: Կարիքավոր ընտանիքը պարտքը վերցնում է ոչ թե խորոված ուտելու համար, այլ ընտանիքի անդամներին ցամաք հացով բավարարելու համար, որն ամենաանհրաժեշտն է: Այժմ, ըստ իս, որոնք են պարտքով վերցրած մեկ միլիարդի ծախսման ամենաանհրաժեշտ օբյեկտները: 1. Հետաձգել այդ շենքի կառուցումը մինչև պետական եկամուտների ավելացումն ու պետության տնտեսապես հզորացումը: Մեկ միլիարդի երեք քառորդով կառուցել բնակելի շենքեր քաղաքի կենտրոնում՝ նախկին «Հոկտեմբեր» կինոթատրոնի և մարզխորհրդի օր-օրի աղբանոցների վերածվող թաղամասերում, նրանցում տեղավորելով 20-30 տարի բնակարանի հերթագրված և անտանելի պայմաններում ապրող հարյուրավոր ընտանիքների, բարեկարգել զբոսայգիները, ծաղկանոցները, պուրակներ կառուցել այդ աչք ծակող տեղամասերում: Իսկ մեկ միլիարդի մեկ չորրորդը հատկացնել զոհվածների ընտանիքներին, պատերազմի հաշմանդամներին, մեր քաղաքին և ազգին չսազական փողոցային մուրացկանության վերացմանը, ընդունակ, բայց անվճարունակ երեխաներին բուհերում սովորելը ապահովելուն, ցածր աշխատավարձ ստացող բանվորների աշխատավարձերը գոնե 18-20 հազար դրամի հասցնելուն և այլն: 2. Հույժ կարևոր է մեր երկրամասի պաշտպանունակության, անվտանգության հարցը: Եղած միջոցները պետք է օգտագործենք մեր բանակի հզորացման, նորագույն զենքեր ձեռք բերելու, ռազմական հմուտ կադրեր պատրաստելու և այլ հրատապ հարցեր լուծելու համար: Պետք է ժամանակն ու միջոցներն օգտագործել առաջին հերթին հրատապ հարցերի լուծման համար: Այն է՝ աղքատության վերացում, երկրի պաշտպանունակության ամրապնդում, երկրի տնտեսական հզորացում, ժողովրդի միասնականություն և վստահության ձեռք բերում, արտագաղթի կանխում և այլն: Մնացածը՝ շքեղ կաբինետները թանկարժեք կահույքով կահավորելը, «Ժիգուլին»՝ «Վոլգայով», «Վոլգան»՝ «Ջիպով» փոխարինելը, հսկա առանձնատների կառուցումը և այլն համարել ոչ այսօրվա հարց: Ահա այն հարցերը, որոնց հիմքում դրված է ժողովրդավարությունը, և որոնք պետք է լինեին «Ազգային ժողովի» պատգամավորների ուշադրության կենտրոնում՝ բյուջեի հարցը քննարկելիս: Սերգեյ ՀԱԽՈՒՄՅԱՆ
հիմնախնդիր
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄՆ Է Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ երեւանյան լսումներից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը մասնակցեցին Ստեփանակերտում կայացած սեմինարին: Սեմինարը, որի թեման էր՝ «Ղարաբաղյան խնդիրը՝ միջազգային քաղաքականության համատեքստում», կազմակերպել է Արցախի ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական միությունը: Սեմինարից առաջ Արմեն Ռուստամյանն ու Լեւոն Մկրտչյանը հանդիպում են ունեցել հասարակայնության հետ: Հանդիպումը կարեւոր էր գոնե այնքանով, որ, թերեւս, առաջին անգամ ղարաբաղյան հասարակայնությանը փորձել են հաղորդակից դարձնել նման քննարկումներին: Իսկ թե ինչու սեմինարը կայացել է հենց այս օրերին՝ միայն ենթադրել կարելի է: Ըստ հյուրերի՝ առիթը ՀՀ ԱԺ-ում վերջերս կայացած լսումներն են ու մեզ մոտ անցկացվելիք ընտրությունները: Սակայն զրույցի ընթացքում նշմարվեցին ավելի խոր պատճառներ. աշխարհն, ըստ երեւույթին, համոզվել է, որ քննարկել ղարաբաղյան հարցը առանց ղարաբաղցիների՝ պարզապես աբսուրդ է, որ բոլորիս համար առավել շահավետ կլինի ղարաբաղյան հարցը ներկայացնել ոչ թե նեղ ազգային, այլ ավելի լայն՝ համամարդկային, իրավական համատեքստում: Իսկ Հայաստանին՝ Ղարաբաղի շահերը պաշտպանելու համար առնվազն պետք է խորհրդակցել ղարաբաղցիների հետ: Հենց այդ մասին է խոսվել հանդիպման ժամանակ: Արմեն Ռուստամյանի խոսքերով, միջազգային հանրությունը կարող է ընդունել որեւէ երկրի անկախություն միայն երկու պայմանների առկայությամբ. եթե անկախության գաղափարը՝ ժողովրդի կամքի արտահայտումն է, եւ եթե ինքնորոշվող պետությունը ընտրում է ժողովրդավարական ուղի: Այս առումով անչափ կարեւոր է ապացուցել, որ ղարաբաղյան շարժումը ժողովրդի կամքի արտահայտությունն է, հիմնված նրա կյանքի անվտանգության իրավունքի վրա՝ ԼՂՀ-ն կառուցում է ժողովրդավարական պետություն, որի հիմքում դրված են ազատ ընտրությունների արդեն իսկ ձեւավորված ավանդույթները: Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անկատարությամբ էր, ըստ Ռուստամյանի, պայմանավորված Աթկինսոնի ոչ հայանպաստ զեկույցը. «Եթե հիշում եք, այն եղել է Հայաստանում տեղի ունեցած հայտնի հանրահավաքներից հետո»: Ա. Ռուստամյանը նշեց, որ եւ° Հայաստանը, եւ° Ղարաբաղը պետք է ընդունեն միջազգային հանրության պահանջները ոչ թե ձեւականության համար, այլ «մեզ համար»: «Չի կարելի ժողովրդավարություն ձեւացնել եւ միաժամանակ կառուցել ավտորիտար պետություն», - ընդգծել է նա, նկատելով, որ այդ առումով մեզ մոտ կայանալիք խորհրդարանական ընտրությունները չափազանց կարեւոր են, ուստի անհրաժեշտ է դրանք անցկացնել պատշաճ ձեւով եւ հրավիրել հնարավորինս շատ դիտորդներ: Ինչ վերաբերում է հայկական դիվանագիտությանը, ապա, ըստ բանախոսի, մենք հետ ենք մնացել գործընթացներից եւ չենք նկատել, որ Ադրբեջանը փոխել է մարտավարությունն ու փորձում է տեղափոխել ղարաբաղյան հարցի քննարկումը խորհրդարանական, այսինքն՝ ոչ պրոֆեսիոնալ ասպարեզ: Մենք նույնպես պարտավոր ենք փոխել քաղաքականությունը եւ տարբեր մակարդակներով՝ փորձագիտական, խորհրդարանական, քաղաքացիական, ներկայացնել ղարաբաղյան կարգավորման մեր պատկերացումը, որի գլխավոր բաղադրիչներն են՝ երկրի կարգավիճակն ու անվտանգության երաշխիքները: Ընդ որում, երաշխիքները պետք է համադրելի լինեն սպառնող վտանգին: Լեւոն Մկրտչյանի կարծիքով, Ադրբեջանի ռազմատենչությունը մեր հաջողությունների ապացույցն է. նրանց համար ակնհայտ է, որ Ղարաբաղի եւ Հայաստանի փաստացի միավորումը արդեն տեղի է ունեցել, եւ Ղարաբաղում կառուցվում է ժողովրդավարական պետություն: Մնում է ապացուցել միայն, որ ղարաբաղցիք պատերազմել են ապրելու համար, եւ անվտանգության նրանց միակ երաշխիքն այսօր ինքնորոշումն է: Եթե միջազգային հանրությունը կարող է առաջարկել անվտանգության այլ երաշխիքներ, ապա դրանք կարելի է քննարկել: Ընդ որում, ըստ Լ. Մկրտչյանի, խոսքը գնում է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ժողովրդի լինել-չլինելու մասին: Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
ՄԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻՑ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ մարտի վերջին Երեւանում կայացած խորհրդարանական լսումներից հետո ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Աթանեսյանն ու Գագիկ Պետրոսյանը հայտարարել են, որ ընդհանուր առմամբ գոհ են լսումներից: Նախ, Վ. Աթանեսյանի խոսքերով, դա հանրության համար լավ հնարավորություն էր ծանոթանալու Հայաստանի իշխանությունների եւ քաղաքական ուժերի դիրքորոշումներին, երկրորդ՝ պատգամավորները համոզվեցին, որ գոնե ղարաբաղյան խնդրում հայաստանյան դիմությունն ու ընդդիմությունը միակարծիք են, եւ երրորդ` լսումներն առիթ էին կրկին անգամ համոզվելու, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը այս հարցում չի փոխվել: Ավելին՝ պարզվեց, որ ըստ ՀՀ արտգործնախարարի, հայաստանյան դիվանագիտությունն իր հայեցակարգից հանել է «անկախությունից ցածր, ինքնավարությունից բարձր» բանաձևը եւ իր բոլոր ուժերն ուղղելու է ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Վ. Աթանեսյանը տեղեկացրեց, որ ԼՂՀ դիրքորոշումը լսումներում ներկայացրել է արտգործնախարար Արման Մելիքյանը, ահա թե ինչու մեր պատգամավորները մասնակցել են միայն քննարկումներին: Նա սկզբունքորեն համաձայն է արտգործնախարարի հայտնած մտքերին, սակայն ունի ղարաբաղյան խնդրի կարգավորման իր հայեցակարգը: Նրա կարծիքով, ղարաբաղյան կողմը պետք է օգտագործի հետեւյալ փաստրկները. ԽՍՀՄ փլուզման արդյունքում Ադր. ԽՍՀ-ն բաժանվել է երկու պետությունների` Ադրբեջանի Հանրապետություն եւ ԼՂՀ: Ճանաչել ԼՂՀ-ն ներկա ԱՀ-ի տարածքում՝ նշանակում է ճանաչել 1920-ական թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Երկրորդ՝ միջազգային հանրությունը, ըստ պատգամավորի, պարտավոր է գնահատել Ղարաբաղի ներդրումը ԽՍՀՄ փլուզման գործում ոչ այլ կերպ, քան ԼՂՀ անկախության ճանաչմամբ: Գագիկ Պետրոսյանի փաստարկներն էլ հետևյալն են. ԼՂՀ-ի ստեղծման իրավական անվիճելի հիմքերը, այն, որ Ղարաբաղն ու Ադրբեջանը կարող են խոսել միայն սահմանների ճշտման մասին, եւ, վերջապես, ԼՂՀ-ի՝ Ադրբեջանից առավել ժողովրդավարական լինելը: Ինչ վերաբերում է լսումների ժամանակ հնչած՝ հանրաքվեի գաղափարին, ապա, ըստ Աթանեսյանի, ղարաբաղցիներն արդեն արտահայտել են իրենց կամքը 1991-ի դեկտեմբերին, սակայն, «եթե կարիք լինի, կարող են դա անել եւս մի անգամ»: Վ. Աթանեսյանը համամիտ է Արման Մելիքյանի առաջարկությանը՝ առանձնացնել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը կարգավորման ընդհանուր գործընթացից: Առաջին հարցը պետք է քննարկվի միայն Ադրբեջան-Ղարաբաղ ձեւաչափում, իսկ մնացյալի՝ հակամարտության եւ պատերազմի հետեւանքների քննարկմանը կարող է մասնակցել նաեւ Հայաստանը: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր են, արդյոք, նման լսումներ ԼՂՀ խորհրդարանում, ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ նպատակահարմար չէ գտնում դա անել գալիք ընտրությունների նախաշեմին: Դա մի քիչ տարօրինակ հնչեց նույն Վ. Աթանեսյանի՝ դրանից մի քանի րոպե առաջ ընդգծած այն հանգամանքի ֆոնի վրա, որ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը լսումների ժամանակ կարողացել են համազգային շահը գերադասել ներքաղաքական խնդիրներից: Ուրեմն, Վ. Աթանեսյանը չի՞ հավատում ղարաբաղյան ուժերի սթափությանը: Հետաքրքիր է՝ հատկապես ու՞մ չէ նա վստահում: Ն. Հ.
ԼՈՒԾՈՒՄ ԿԱ՞ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻՆ Այս հարցի շուրջ հայ հանրությունը եւ միջազգային շահագրգիռ կազմակերպությունները տարբեր, հաճախ իրարամերժ պատասխաններ են տալիս: Փաստ է նաեւ, որ միջազգային իրավունքի երկու առայժմ ընդունված ստանդարտների` ազգերի ազատ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության շրջանակներում նույնպես չի գտնվում ինչ-որ տարբերակ, որ կարող է բավարարել ԼՂՀ, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին: Իրենք` համանախագահները, հաճախ խոստովանում են, որ չափազանց դժվար է այդպիսի լուծում գտնելը, եւ որ Ղարաբաղի խնդիրն ամենեւին էլ համեմատելի չէ հետխորհրդային տարածքի մյուս` Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի խնդիրներին: Մյուս կողմից, ԼՂՀ, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն արդյոք քայլեր ձեռնարկո՞ւմ են այնպիսի հասարակարգեր կառուցելու ուղղությամբ, որոնք պատրաստ կլինեն գոնե ապագայում որեւէ համաձայնության գալ: Իսկ մինչ այդ, թերեւս, արժե քննարկել մի շարք հանգամանքներ եւ իրադարձություններ: Նախ, անդրադառնանք 1994թ. Մոսկվայում կնքված կրակի դադարեցման մասին պայմանագրին: Մեկ տասնամյակից ավելի այդ պայմանագրի կետերից գործում է ընդամենը մեկը` կրակի դադարեցումը (եթե չհաշվենք սահմանային լոկալ միջադեպերը): Պայմանագրի մյուս կետերը չեն գործել, եւ հասարակությունն էլ, խոշոր հաշվով, տեղյակ չէ դրանց մանրամասներին: Ավելին, այդ պայմանագիրը չի անցել միջազգային-իրավական ընթացակարգ` Սահմանադրական դատարան, Ազգային ժողով եւ այլն: Ըստ այդմ, ո՞րն է պատճառը, որ այդպիսի պայմանագիրը մեկ տասնամյակից ավելի ապահովել է զինադադարը: Պատասխանը թերեւս մեկն է` ՀՀ եւ Ադրբեջանի պարտավորվածությունը Ռուսաստանի առաջ: Պետք է նշել նաեւ, որ պայմանագիրն առանձնապես ուշադրության չի արժանացել եռանախագահների կողմից, եւ որեւէ պարտադրանք չի եղել այն ստորագրած կողմերին` ի կատար ածելու բոլոր կետերը: Պայմանագիրը ստորագրելուց 10 տարի անց բանակցային զանազան ֆորմատների, կարգավորման տարբերակների եւ այլնի ֆոնին հնչում է Էլիզաբեթ Ջոնսի հայտնի հայտարարությունը չկարգավորված խնդիրների եւ կոռումպացված վարչակարգերի առնչությունների մասին: Այս հայտարարության տարբեր արձագանքների ու մտահոգությունների ֆոնին Մոսկվայում տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի հետ, որը Կրեմլի «պոլիտեխնոլոգների» վաղեմի երազանքն էր: Դրա իմաստն ըմբռնելու համար պետք է տեսնել, թե ինչ հնարավորություններ եւ ազդեցություն ունի Ռուսաստանը հետխորհրդային տարածքում: Վրաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների փորձը ցույց տվեց, որ Մոսկվայի ազդեցությունը անշեղորեն թուլանում է: Ռուսաստանին մնում է կա°մ ընդունել իր ակնհայտ ձախողումները եւ երկրների հետ հարաբերություններում որդեգրել ժամանակակից քաղաքակիրթ «պրոեկտ», որը պուտինյան քաղաքականության տեսակետից անհնար է թվում, կա°մ գտնել այն հենման կետը, «ֆորպոստը», որով ապահովի իր ներկայությունն ու կարեւորությունը հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում: Հայաստանն արդեն այդ դերի համար չի ստացվում. չնայած տնտեսական-քաղաքական աննախադեպ ճնշումներին, Հայաստանում ռուսական գործոնը թուլանում է: Նույնիսկ ռուսական ազդեցության գործակալներն են փոխում իրենց արտաքին կողմնորոշումները: Մյուս կողմից, 1994թ. «ջենտլմենական» պայմանագրի մյուս կետերը թերեւս իրականանային, եթե Ադրբեջանը հատուցեր այն գինը, որ Ռուսաստանը ուզում էր ստանալ Ղարաբաղի դիմաց: Շատերն այն կարծիքին էին, որ այդ գինը պետք է լիներ Բաքու-Ջեյհան նավթամուղի ծրագրի տապալումը, սակայն նավթամուղն այլեւս իրողություն է, ավելին, այդ նավթամուղով հոսելու է նաեւ ռուսական նավթը: Մնում է ենթադրել, որ գինը լինելու է այն, որ Ադրբեջանը միանա Հավաքական անվտանգության պայմանագրին՝ դրանով իսկ թիկունքից հարվածելով ԱՄՆ-ին: Հետեւելով վերջին շրջանի իրադարձությունների ընթացքին` Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական դաշինքի ստեղծման քայլերը, Ալիեւի այցը Թավրիզ, Ադրբեջանի հայտարարություններն այն մասին, որ պատրաստ է իր տարածքում օտար ուժեր տեղակայել, եթե դա կօգնի ի նպաստ Ադրբեջանի լուծել ԼՂ հարցը, ԼՂՀ խորհրդարանի ընտրությունների նախօրյակին Ա. Ղուկասյանի այցը Մոսկվա եւ, ամենացավալին` հայ-ադրբեջանական սահմանին գրանցված զինված միջադեպերը՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական ստորաբաժանումները, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանագրի կետը, այն համաձայնեցրել են Ռուսաստանի հետ: Նպատակը պարզ է` հայերին ստիպել ընտրություններն անցկացնել կա°մ ռազմական դրության պայմաններում, կա°մ ընդհանրապես տապալել դրանք` հարված հասցնելով Ղարաբաղի` տարածաշրջանում ամենաժողովրդավար պետություն լինելու հեռանկարին: Սա հենց այն կռվանն էր, որ թույլ է տվել Ղարաբաղի խնդիրն առանձնացնել մյուս հակամարտություններից: Սրանով Ա.Ղուկասյանը ստանում է բացարձակ իշխանություն, Արեւմուտքը լիովին դուրս է մղվում կարգավորման գործընթացից, Ռուսաստանը հնարավորություն է ստանում դառնալ միակ եւ ադրբեջանամետ գործոնը Ղարաբաղի խնդրում` ի չիք դարձնելով ժողովրդի զրկանքներն ու նվաճումներն այս 10 տարիներին: Հետո կսկսվի ավանդական ողբը` ռուսները մեզ դավաճանեցին, Արեւմուտքը ծախեց, եւ այլն, եւ այլն: Արդյոք սա վերջնագի՞ր է, որի տակ պետք է ստորագրեն ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարները: Եւ ո՞րն է ելքը. այն, ինչ ունեցել ենք` քաղաքացիական բարձր որակներ եւ զինվորի տոկունություն: Ոչ թե թղթի վրա, այլ իրական գործերով պետք է ցույց տալ, որ ԼՂՀ ժողովուրդն ունակ է ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորել եւ ստեղծել եվրոպական ստանդարտներին համապատասխան ժողովրդավարական հասարակարգ` մնալով ազատատենչ ու հայրենասեր, դրանով իսկ մերժելով Ռուսաստանի միանձնյա դերն ու ի չիք դարձնելով 1994թ. պայմանագրի չիրականացած աննպաստ կետերը:
Գևորգ
ՍԱՐԳՍՅԱՆ
սահմանից անդին ՍԱՖԱՐՈՎԻ ԲՈՒԴԱՊԵՇՏՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ «Եթե Հռոմի պապը ներկա գտնվի փորձաքննության գործընթացին, ապա նույնիսկ նա հնարավորություն չի ունենա ինչ-որ կերպ ազդել դրա արդյունքների վրա»,- ադրբեջանցիների` ոճրագործ Ռամիլ Սաֆարովի փորձաքննությունը ևս մեկ անգամ անցկացնելու պնդմանն այսպես են պատասխանել փորձաքննությունն անցկացրած, ավելի քան 30 տարվա փորձ ունեցող մասնագետները: Ըստ ադրբեջանական կողմի` Սաֆարովը սպանությունը կատարելու ժամանակ անմեղսագիտակ է եղել: Նրանց պահանջով` նշանակվել է կրկնակի փորձաքննություն: Փետրվարի 8-ին Բուդապեշտում վերսկսվել էր հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի գործով դատավարությունը, որն ընդմիջվել էր վկաներին դատակոչելու պատճառով: Սակայն ոչ լիտվացի և ոչ էլ ադրբեջանցի վկաները դատական նիստին չեն ներկայացել: Հայ մյուս սպա Հայկ Մակուչյանի հետ նույն սենյակում ապրած լիտվացի սպա Սաուլաս Պաուլիսը նիստին չի կարողացել մասնակցել, քանի որ հրավերը Լիտվա էր ուղարկվել ոչ լիտվերեն լեզվով: Դատարանը պարզաբանել է, որ 5 ամիս ժամանակ է պետք, որպեսզի պաշտոնական հրավերը հունգարերենից թարգմանվի լիտվերեն և կրկին ուղարկվի: Ըստ այդմ էլ` լիտվացի վկան հնարավորություն կունենա ներկա գտնվել սեպտեմբերի 27-ի նիստին: Մյուս վկան` ազերի սպա Ամար Ալիևը, բացակայել է գլխի վնասվածքի պատճառով: Այժմ նա, ըստ Ադրբեջանի ՊՆ` բուժվում է Թուրքիայում և ներկա կգտնվի միայն 3-րդ դատական նիստին: Հայկական կողմից դատավարությանը մասնակցել են տուժողի պաշտպանությունն իրականացնող Նազելի Վարդանյանը և այս գործով փաստաբանական խմբի անդամ Հայկ Դեմոյանը: Վերջինիս հետ ունեցած զրույցի ընթացքում տեղեկացանք, որ փաստորեն, ադրբեջանական կողմը դատավարության ընթացքում փորձել է ինչ- ինչ ձևերով քարոզչություն իրականացնել դատարանում ներկա գտնվողների շրջանում, այդ թվում և դատավորի` հույս ունենալով ազդել դատական գործի ներկայիս ուղղվածությանը: Ադրբեջանական կողմը մասնավորապես ներկայացրել է Խոջալուի դեպքերի մասին պատմող տեսաերիզներ, որոնք ըստ Հ. Դեմոյանի` այնքան «կեղտոտ» էին, որ տպավորություն էր ստեղծվում, թե դրանք վերցվել են տեսաերիզի առաջին իսկ պատահած վարձույթի կետից: Ի վերջո` դատավորն անտեսել է տեսաերիզներն ու գրքերը և կոչ է արել այդուհետ դատավարության դահլիճում չտարածել ղարաբաղյան հարցին վերաբերող նյութեր և փաստաթղթեր, քանի որ դրանք չեն քննարկվի և չեն ազդի դատավարության հետագա ընթացքին: «Գիտակցելով, որ դատական գործընթացն ադրբեջանական կողմն անպայման օգտագործելու է քաղաքական նպատակներով` հայկական պատվիրակությունը նախօրոք պատրաստել էր ղարաբաղյան հիմնախնդրին և սպանությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև փաստաթղթերի առանձին փաթեթներ: Դրանք 100-ավոր օրինակներով տարածվել էին Հունգարիայում և, դատելով ադրբեջանական թերթերում եղած դժգոհ արձագանքներից` որոշակիորեն ազդեցություն են թողել հունգար հասարակության շրջանում` նպաստելով գործի շուրջ օբյեկտիվ կարծիքի ձևավորմանը: Բացի այդ, հայկական կողմի նախաձեռնությամբ պատրաստվել է http://budapest.sumgait.info/safarov-interrogation.htm ինտերնետային կայքը, որտեղ անգլերեն լեզվով տեղադրվել են պարբերաբար թարմացվող նյութեր»,- ասաց Հ. Դեմոյանը: Ըստ իմ զրուցակցի` պաշտպանող կողմը Սաֆարովի արարքն ամեն կերպ ցանկացել է կապել ղարաբաղյան հակամարտության ժամանակ մեղադրյալի ապրած հուզումներով և շեշտադրում է արել հայկական քաղաքականության ագրեսիվության և 1993թ-ի օգոստոսի 23-ին ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի կողմից Ռ. Սաֆարովի հայրենի քաղաք Ջեբրայիլի բռնագրավման վրա: «Առաջին հերթին ինքը` Սաֆարովը խոստովանում է, որ 91 թ.-ից ապրել է Բաքվում, իսկ հետո ռազմական ուսումը շարունակելու նպատակով գտնվել է Թուրքիայում: Այսպես թե այնպես՝ ղարաբաղյան ուժերի Ջեբրայիլ մտնելու ժամանակ նա այնտեղ լինել չէր կարող: Հայկական կողմը պատրաստել և Հունգարիայում շահագրգիռ անձանց է ներկայացրել պաշտոնական փաստաթղթեր, այդ թվում՝ նաև ադրբեջանական ռազմական փաստաթղթեր`օգոստոսի 15-ից Ջեբրայիլում տեղակայված 522 աֆղան մոջահեդների ռազմակայանների վերաբերյալ: Հենց աֆղան մոջահեդների` հարավային ուղղությամբ հարձակվող ադրբեջանական բանակին միանալն է հիմնական պատճառ հանդիսացել հայկական ուժերի հակահարձակման ժամանակ կրակակետերի ճնշմանն ու Ջեբրայիլի գրավմանը: «Այս ամենին ծանոթանալուց հետո բոլորին ակնհայտ դարձավ, որ պաշտպանող կողմի փաստարկները նման են «ջրի վրա եղանով գրվածքի»»,- ասաց Հ. Դեմոյանը: Ադրբեջանական կողմը դատարան է ներկայացրել նաև ցուցակ` Սաֆարովի` իբր թե «ղարաբաղյան պատերազմի» ընթացքում սպանված կամ անհայտ կորած հարազատների անուններով, որոնց թվում չի եղել Սաֆարով ազգանունով և ոչ մի անձ : Դատավոր Անդրաշ Վասկուտին խնդրել է դատարան չներկայացնել գործին չվերաբերող նյութեր: Ինչպես նշեց Հ. Դեմոյանը, ադրբեջանական կողմը աշխատում է հնարավորինս ձգձգել դատական պրոցեսը: Օրինակ` հետաքննության ժամանակ Սաֆարովն ասել էր, որ ռուսերենին և թուրքերենին տիրապետում է այնպես, ինչպես մայրենի լեզվին, և բավականին ակտիվ ցուցմունքներ էր տալիս ռուսերեն լեզվով: Սակայն առաջին իսկ դատական նիստի ժամանակ նա «հրաժարվել է»` ասելով, որ ռուսերեն չի հասկանում և պահանջել է թարգմանիչ` նիստը թուրքերենով թարգմանելու համար: Այդ լեզվով թարգմանված մեկ նիստ Սաֆարովն, իրոք, հասկացել է: Սակայն, միայն մեկը: Շուտով նա հայտարարել է, որ թուրքերեն ինքը չի հասկանում և պահանջել է ադրբեջաներեն թարգմանիչ: Երբ նրան ապահովել են ադրբեջաներեն թարգմանիչով, պարզվել է , որ մեղադրյալն այդ լեզուն ևս լավ չի հասկանում: Այժմ Սաֆարովն, այսպես ասած, ընտրում է` որ լեզուն է ավելի լավ հասկանում` ադրբեջաներե՞նը, թե՞ թուրքերենը: Դատական նիստին ներկա գտնվող փորձագետներն ասել են, որ Ռամիլ Սաֆարովն իրենց հայտնել է. «Ես հարյուր տարի հետո էլի հայ եմ սպանելու»: Այս բոլոր փաստերը շոկային վիճակ են առաջացնում հունգարների մոտ՝ ընդգծեց Հ. Դեմոյանը: Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 10-ին: Այս նիստին լսվելու են փորձաքննության արդյունքները և ադրբեջանցի վկան: «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի բուդապեշտյան պատահարի օրինակով պետք է հասկանա, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Շատ հնարավոր է, որ մեզնից յուրաքանչյուրը նշանակետ դառնա, անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում: Մեր դիրքորոշումը պետք է այնպիսին լինի, որպեսզի այսուհետ կանխենք նմանատիպ երևույթների կրկնությունը»,- եզրահանգում է Հ. Դեմոյանը: Լիլիթ ԱՍՐՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ 1993 թվականից սկսած մեր հարաբերությունները Հայաստանի հետ անընդհատ հակառակվում էին սահմանային խնդիրների շուրջ: Ապրիլի 24-ի նախաշեմին այդ հարցում շոշափելի լարվածությունը բացատրվում է նաեւ Թուրքիայի վրա արտաքին ճնշմամբ՝ Եվրամիությանն անդամակցելու ենթատեքստում, հայկական լոբբիի եւ այլ շրջանակների գործունեությամբ: Վերջին ժամանակներս ԶԼՄ-ների հիմնական թեման հանդիսացող «Հայերի ցեղասպանության» բազմաթիվ դեբատների արդյունքում կարծիք է ձեւավորվում, որ Թուրքիան պետք է հրաժարվի իր այժմյան քաղաքականությունից եւ բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ դիրքորոշումը անհրաժեշտ է ուսումնասիրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանի մասին խոսակցություններն աստիճանաբար կակտիվանան: Բանավեճերի մեծամասնության ընթացքում, այժմյան քաղաքականության փոփոխման անհրաժեշտության համոզիչ փաստարկների փոխարեն, կողմերը սահմանափակվում են միայն դեկլարատիվ հայտարարություններով, անտեսելով մյուս կարեւոր գործոնները եւ այդ կերպ ցուցադրելով անբավարար իրավասու լինելը միջազգային հարաբերությունների եւ արտաքին քաղաքականության հարցերում: Տվյալ հոդվածում մենք կդիտարկենք այն փոքրաթիվ փաստարկները, որոնք օգտագործվում են սահմանի բացման վերաբերյալ բանավեճերում: Իմաստ ունի սահմանազատել կարծիքների երկու վեկտոր՝ առաջինը Կարսի զարգացումն է, երկրորդը՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը: Ներքեւում մենք մանրամասնորեն կանդրադառնանք Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող փաստարկներին: Առավել տարածված փաստարկներից, որին մոտենում են սահմանի բացման կողմնակիցները, «ցեղասպանության» մեղադրանքների դադարեցումն է: Նրանց խոսքերով, «ցեղասպանության» իրենց մեղադրանքներով հայերը Թուրքիային անկյուն են քշել: Ամեն օր որեւէ երկրի կամ նահանգի խորհրդարան ճանաչում է, որ Թուրքիան «ցեղասպանություն» է իրագործել: Եթե դրան ի պատասխան Թուրքիան բացի սահմանը, հայերը կհրաժարվեն ցեղասպանության մեղադրանքներից: Այդ փաստարկը բավականին վտանգավոր է եւ ապացուցում է, որ ի տարբերություն թուրք մտավորականության, հայ մտավորականությունը, այսպես կոչված, ցեղասպանության համաշխարհային ճանաչման հասնելու իր քայլերում հետեւողական եւ հնարամիտ է: Նախ, պահանջելով բացել սահմանները, որպեսզի կանգնեցնենք «ցեղասպանության» մեղադրանքները, մենք փաստորեն ընդունում ենք, որ մեր նախնիները կատարել են այդ, բայց հպարտությունը մեզ թույլ չի տալիս դա ընդունել, եւ մենք փորձում ենք կանգնեցնել գործընթացը, հայերին կաշառելով սահմանի բացմամբ: Դրա համար «ցեղասպանության» մեղադրանքները առեւտրի առարկա չպետք է դառնան, մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհին համոզենք, որ անմեղ ենք, ինչպես որ մենք ենք հավատում դրան: Բացի դրանից, բացելով սահմանը «ցեղասպանության» խնդրի փոխարեն, այն հետագայում կդառնա այն ցավոտ կետը, որի վրա Հայաստանը ճնշում կգործադրի ամեն անգամ: Եւ վերջապես, ինչը ամենակարեւորն է, նրանք, ովքեր առաջադրում են այդ փաստարկը, չեն կարող ասել, ինչպես կարելի է կանգնեցնել «ցեղասպանության» մեղադրանքների մեքենան, եթե բացվի սահմանը: Սահմանի բացման կապակցությամբ հաճախ կարելի է լսել եւ այլ փաստարկ՝ էմբարգոյի քաղաքականությունը անարդյունք դուրս եկավ: Այդ փաստարկը սխալ է եւ վկայում է այդ հարցում անբավարար տեղեկացվածության մասին: Նախ, պետք է հաշվի առնել, որ էմբարգոն, որպես ճնշման միջոց, արդյունք է ունենում երկարաժամկետ հեռանկարի դեպքում: Դա կարող է երկարաձգվել մինչեւ մի քանի տասնյակ տարի: Օրինակ, ինչպես ԱՄՆ-ի էմբարգոն Կուբայի նկատմամբ, որը շարունակվում է առավել քան 40 տարի, չնայած կոմունիզմի սպառնալիքն արդեն գոյություն չունի: Էմբարգոյի սկզբում Հայաստանը դեռ ապրում էր սովետական ժամանակների իներցիայով: Այդ պատճառով էլ էմբարգոյի ազդեցությունը սկսեց առանձնակի ուժով անդրադառնալ 1990-ականների երկրորդ կեսին: Հենց Հայաստանի հայտարարությունների ակտիվացումը կապված էմբարգոյի հետ, վկայում է նրա արդյունավետության մասին: Մյուս կողմից սոցիոլոգները կամ փորձագետները նշում են, որ այսօր Հայաստանում բնակչությունն անընդհատ վերաիմաստավորում է իրավիճակը: Դա էմբարգոյի հաջողությունն է: Սակայն արժեքների վերանայման գործընթացը առայժմ չի շոշափել քաղաքական գործիչների մակարդակը: Այդ պատճառով սահմանների բացումը կարող է արմատական, միլիտարիստական եւ իռացիոնալ տարրերի ուժեղացման խթան դառնալ, որոնք այսօր Հայաստանում կորցնում են սոցիալական հիմքը, եւ ցույց կտա, որ ցեղասպանության մեղադրանքները կարող են հանգեցնել որոշակի արդյունքների: Մյուս փաստարկը հետեւյալն է. բացելով սահմանը՝ Հայաստանին կախման մեջ գցել Թուրքիայից, հետագայում օգտագործելով այդ կախվածությունը որպես ճնշման մեխանիզմ: Երբ 1993 թվականին Թուրքիան որոշեց փակել Հայաստանի հետ սահմանը, փակվեց եւ քաղաքացիական չվերթերի օդային միջանցքը: 1996 թվականին այդ որոշումը փոխվեց: Դրանից հետո չվերթերը դեպի Հայաստան իրագործեցին նաեւ մասնավոր ավիաընկերությունները: Դարձավ դա, արդյո՞ք, Հայաստանի վրա ճնշման գործող լծակ: Բոլորին հայտնի է, որ դա տեղի չունեցավ: Առավել եւս, հայերը գիտեն, որ վատթարագույն դեպքում նրանք կվերադառնան այսօրվա իրավիճակին: Այդ պատճառով էլ նրանք չեն հրաժարվի ցեղասպանության մեղադրանքներից, ինչպես չեն հրաժարվում եւ հիմա: Վերջին փաստարկը. սահմանի բացումը կօգնի տարածաշրջանում կայունությանը եւ խաղաղությանը: Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը շատ կարեւոր գործոն է: Սակայն այլ փաստարկների անհաստատունության հետեւանքով այդ կանխադրույթն աստիճանաբար դառնում է դիվանագիտական արտահայտություն, որը օգտագործվում է ցանկությունների արդարացման համար: Հայաստանը, անկասկած, խանգարում է Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանը: Այդ պարագայում միտքն այն մասին, որ խաղաղությանն ու կայունությանը կօգնի քայլը, որը կնպաստի զավթիչի հզորացմանը, զուրկ է տրամաբանությունից:
Չնայած նրան, որ Հայաստանը չի ընդունել Թուրքիայի առաջադրած եւ ոչ մի
պայման, Հայաստանի սահմանի բացումը մեծ հաջողություն կլինի, իսկ Թուրքիայի
համար՝ պարտություն, որի հետեւանքները դժվար կլինի վերացնել: Այսպիսով,
Հայաստանը առաջին հերթին կոչնչացնի թուրք-ադրբեջանական ճակատը, եւ
Ադրբեջանի նկատմամբ տարած ռազմական հաղթանակի հետ միասին, Թուրքիային
դիվանագիտորեն ծնկի կբերի:
հայրենական
ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ (սկիզբը՝ նախորդ համարում) Երեխաներին այստեղ միմիայն հայկական անուններով էին կոչում. նորածիններին շրջանի ազատագրության համար զոհվածների եւ նրանց մայրերի անունները դնելու սովորույթն այստեղ բարի ավանդույթ էր դարձել: Ցուցանակներն անցորդներին հորդորում էին Հայրենի միջավայրը մաքուր պահելու մասին: Նայելով շուրջը՝ հասկանում էինք, որ այդ հորդորները փաստորեն մշտապես կատարվում էին բոլորի կողմից. Հայրենիքի Տեր լինելու գիտակցությունը շատ բարձր էր: Երբ մեզ հյուրընկալող պանդոկից հեռանում էինք, կայանատեղում թողած ինքնաշարժի մաքրությամբ հիանալու աստիճան մեր զարմանքը նկատած տեղի աշխատողներից մեկը մոտեցավ մեզ եւ «Մեզ մոտ հանգստացող հաճախորդների ինքնաշարժերի մաքրության ապահովումը սպասարկման գնի մեջ է մտնում, ձեզ բարի ճանապարհ ենք մաղթում» ասելով՝ հեռացավ: Դեռ մենք չէինք էլ հասցրել «Ահա եւ քեզ քաղաքակրթության եւ քաղաքավարության մակարդակ» ասելով հիանալ, որ հաճելի մի այլ երեւույթի ականատեսը եղանք: Կայանատեղում ինքնաշարժից իջավ Կուբաթլուի շրջանի վարչակազմի նվիրյալ անդամներից գրող տիկին Ալվարդ Պետրոսյանը: Ինձ հետ եղող ՀՅԴ նախկին անդամ սփյուռքահայ ընկերս մեզ ծանոթացրեց միմյանց հետ: Տիկին Ալվարդը կարճատեւ զրույցում հասցրեց պատմել, որ արդեն հինգ տարուց ավելի է՝ մշտապես բնակվում է ազատագրված տարածքներում, շրջանի վարչակազմում կրթական համակարգի հարցերով է զբաղվում, նաեւ այստեղ ավարտած իր չորրորդ գիրքն է հրատարակման պատրաստում, ուր պատմում է ազատ, անկախ եւ միացյալ հայրենիքի այս փոքր հատվածում կատարվող ազգանվեր, հաճելի իրադարձությունների մասին: Ճիշտը ա°յս է, այստե°ղ է, մնացածը աներեւույթ խոսքերի շարան լինելուց բացի ուրիշ եւ ոչ մեկ իմաստ չեն պարունակում: Ապրելու եւ ազատագրված հողերում հայ նոր սերունդ դաստիարակելու, հայրենիքը խոսքից գործի վերածելու մարտահրավերը կամովին է ընդունել նա, իր հետ այստեղ է բերել նաեւ իր գերդաստանից 50-ից ավելի մարդու, եւ բոլորով այստեղ Հայրենիք են կերտում, աշխատում միասին: Մեզ հետ զրույցում հաճելի մի այլ նորության մունետիկը լինելու առաքելությունը ստանձնելով՝ տիկին Ալվարդ Պետրոսյանն իր պատումն ավարտեց հետեւյալով. ըստ նրա ասածի՝ մոտ օրերս ՀՀ նախարար երկու դաշնակցական ընկերներ՝ Դավիթ Լոքյանն ու Աղվան Վարդանյանը եւս, հրաժարվելով իրենց նախարարական պաշտոններից, մշտապես բնակվելու նպատակով գալու եւ հաստատվելու են այստեղ: Նրանցից մեկը գյուղատնտեսությամբ է զբաղվելու, մյուսը՝ «Նորից Նախիջեւան» անունով թերթ հրատարակելով: Գովեստի եւ գնահատանքի արժանի այս հաճելի նորության մեզ բոլորիս պատճառած անբացատրելի զգացումներով իրար հրաժեշտ տվինք: Երբ հասանք Ջաբրայիլ, թեեւ արդեն մթնել էր, բայց լուսաշաղախ ճամփեզրերով մի մեծ քաղաք տեսանք, որ յուրովի բարի գալուստ էր մաղթում իր գեղեցիկ եւ տրամադրող գիշերային սրճարանների գույնզգույն լույսերով: Ջաբրայիլում իջեւանեցինք իմ երբեմնի Լոսանջելեսաբնակ, նախկին սփյուռքահայ ընկերոջ՝ Արամի տանը: Նրա տունը երեք հարկանի էր ու մեծ, եւ կարող էինք հինգ հոգով, առանց տանտերերին որեւէ նեղություն պատճառելու, գիշերել այնտեղ: Արամն ու իր նախկին պոլսահայ տիկինը՝ Նվարդը, մեզ շատ մեծ ուրախությամբ դիմավորեցին: Երեք տարի առաջ այստեղ ծնված իրենց դուստրը՝ Աղավնին, արդեն քնած էր: Փոքրիկին չանհանգստացնելու միտումով իրար հետ փսփսալով մեր խոսելը նկատած տանտիկինը «Մենք, որ Լոս Անջելեսի Ֆռիվեյի մոտ ապրելով՝ ահռելի աղմուկի մեջ երեք երեխա մեծցուցինք, այստեղի խաղաղ ու հանգիստ պայմաններե՞ն պիտի վախնանք» ասելով՝ մեզ հանգստացրեց: Արամն ու Նվարդը ծանոթացել ու ամուսնացել էին Պոլսում, հետո արտագաղթել Լոս Անջելես, ուր քսան տարի շարունակ ապրել էին: Իրենց երեք երեխաներից ավագն անբուժելի թմրամոլ էր դարձել եւ հինգ տարի առաջ քաղաքի հանրային զուգարաններից մեկում բարձր քանակի թմրանյութ սրսկվելու հետեւանքով էլ մահացել էր: Իրենց միջնեկին էլ այդ նույն վտանգն էր սպառնում, երբ Արամն իր ընտանիքի բոլոր անդամներով եկավ Հայրենիք ու հաստատվեց Ջաբրայիլում: Այստեղ ունեցան եւս մեկ երեխա, եւ արդեն չորս տարի է, որ հայրենաբնակ են: Ընթրիքին Պոլսի համեղ ճաշերը ճաշակելու ժամանակ նրանք մեզ պատմեցին, թե ինչքան ճիշտ են վարվել՝ Հայրենիք ներգաղթելով, որ այստեղ իրենց երեխաներն անդորր են վայելում եւ ամերիկյան զզվելի կյանքից հեռացել են: «Ծո, Կոկա-Կոլան ալ, համբուրգերն ալ իրենց թող ըլլան, թելեվիժընը կը բանաս՝ մարդասպանություն, ռադիոն կը լսես՝ բռնաբարություն: Փոխանակ երեխաներն իրենց ծնողներուն թաղեն, ես իբրեւ ծնող այնտեղ իմ երեխայիս թաղեցի: Թմրանյութը Ամերիկայի մեջ նույնիսկ մանկապարտեզ մտած է: Եղբայրս եւ քույրս եկան մեզ այցելեցին հոս եւ հիացած էին մեր կյանքով: Հավանաբար անոնք ալ գան ու հաստատվին հոս» պատմելով՝ չէին հանդարտվում ընկերներս: Ամուսիններով պաղպաղակի արտադրություն էին նախաձեռնել, եւ գործերը լավ էին. մեծ աղջիկը տեղի ինստիտուտում անգլերեն էր դասավանդում, միջնեկը դեռ դպրոցական էր, իսկ փոքրը՝ հազիվ երեք տարեկան, եւ նա իրենց՝ Հայաստանում ծնված առաջին երեխան էր՝ Հայաստանում ապրելու եկած հայ մարդկանց քոչվոր լինելուց դադարելու որոշման փաստը: Մինչեւ Արաքսի ափ, այսինքն՝ Իրանի սահման, շրջանի բնակչությունը հասել էր 70 հազարի եւ միմիայն ազատագրված տարածքներում ապրող հայերի թիվը հատել էր 300 հազարը, իսկ Լեռնային Արցախի բնակչությունն էլ հետը՝ ավելի քան կես միլիոն հայություն էր կազմում. եւ դա այս 7 հազար քառակուսի կիլոմետրանոց տարածքում: Առավոտյան հրաժեշտ տալով իմ ծանոթներին, ուղեւորվեցինք դեպի Հորադիզ՝ Արաքս գետի ափին գտնվող մեր սահմանային վերջին գյուղաքաղաքը: Շրջանի եռուզեռը զգացվում էր ճանապարհին երթեւեկող ինքնաշարժերի քանակից: Խաղողի այգիներում աշխատողները բազմահազար մրջյունների էին նմանվում, ամեն տեղ աշխատանք կար, ամեն պահ՝ շարժում: Այստեղ հանդիպեցինք «Հայ ազգը պիտի ցեղենք» հայտարարող հանրապետականներից Տիգրան Թորոսյանին եւ Գալուստ Սահակյանին. մեկն իր զոքանչի տնից էր թողել հեռացել, մյուսը՝ երեւանյան երթուղայինների շահավետ բիզնեսից, ու ընտանիքներով հանդերձ եկել հաստատվել էին Հորադիզում: Այստեղ նրանցից առաջինը տեղի Գարեգին Նժդեհի անվան ինստիտուտի փիլիսոփայության ֆակուլտետում Նժդեհյան ուսմունք էր դասավանդում, իսկ մյուսը՝ խաղողագործների բրիգադիր էր, եւ տեսակը վերանալու վտանգի տակ եղող հայկական խաղողատեսակներն էր աճեցնում: Երկուսի գործերն էլ լավ էին, եւ երկուսն էլ իրենց հալալ ու զուլալ քրտինքով ապրելու հպարտությամբ հեզ ու հանգիստ շարունակում էին իրենց խաղաղ կյանքը: Այստեղ շատ մոտիկ գտնվող մի այլ գյուղում էր հաստատվել նաեւ «Արսոյլ» նավթամթերային ընկերության նախագահ, երիտասարդ գործարար Գուրգեն Արսենյանը: Նա եւս, լինելով Տարոնական շարժման ակունքներում դաստիարակված ու քաղաքականության մեջ իր առաջին մկրտությունը ցեղակրոն շարժման շնորհիվ ստացածներից, այս վայրերում նաֆթահորեր փորելու նպատակով ներդրումներ էր կատարում. չէ՞ որ Հորադիզը Կասպից ծովից շատ էլ հեռու չէ: Մեր ազգային ջոջերի՝ ազատագրված տարածքներում հաստատված լինելու ուրախալի փաստով ոգեւորված՝ շարունակելով Ֆիզուլի տանող ճանապարհը՝ մոտակա զինվորական տեղամասի մերձակայքում հանդիպեցինք նախկինում Լիբանանի բանակի բարձրաստիճան սպա, այժմ թոշակառու գեներալ Նարեկ Աբրահամյանին, որն ինձ հետ եղող ծնունդով Լիբանանի Այնճար գյուղից սփյուռքահայ ընկերներիցս մեկի համագյուղացին էր: Այս հանդիպումից էլ տեղեկացանք, որ գեներալ Նարեկը, իբրեւ թոշակառու, որոշել է իր բանակային ռազմագետի գիտելիքները կամովին ի սպաս դնել իր հայրենի զինուժի զարգացմանն ու ուժեղացմանը. նա ազատագրված տարածքներում հաստատվելով՝ գործուն զինվորականի կյանքը նախընտրել էր Միջերկրականի ծովափնյա հանգիստը վայելելուց: Գեներալն այստեղի բնակչության հույսն ու հավատն էր դարձել, պահպանվող խաղաղության ու անվտանգ կյանքի խորհրդանիշը: Ֆիզուլի քաղաքում էր տեղակայված ամբողջ շրջանում 24-ժամյա հեռուստահաղորդումներ հեռարձակող եւ առայժմ տեղի միակ՝ Ազատ հեռուստատեսությունը: Եվ ի¯նչ երջանիկ պատահականություն է, որ այս ընկերության նախագահը բոլորիս ծանոթ Ալեքսան Հարությունյանն է, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: Նրանք իրենց ընտանիքներով եկել ու հաստատվել են հենց այստեղ, քանի որ Ֆիզուլին Արցախի Մարտունուց եղող Ալեքսան Հարությունյանի եւ բաքվեցի աներհոր՝ Ռոբերտ Սահակյանցի ծննդավայրերին ամենամոտիկն էր, եւ կարոտն էլ, անշուշտ, ազգային կատեգորիա էր: Հետո էլ՝ իրենց համար զուտ ընտանեկան բիզնես եղող Ազատ հեռուստատեսությունը լիցենզիա ստանալիս ստիպված չեն եղել Ա1+-ի հետ մրցելու եւ Ամալյանի Հանձնաժողովի օգնության կարիքը զգալու: Այստեղ ամենազարմանալի երեւույթը, գրեթե իրոք անհավատալի եղող երեւույթը, Ռոբերտ Սահակյանցի՝ մեր ոսկեղենիկ հայերենով հաղորդումներ վարելն էր: Բաքվից Երեւան տեղափոխվելուց առ ազատագրված տարածքներ հիմնովին հաստատվելը՝ հայերենն արհամարհելուն սովոր եւ միմիայն ռուսերեն խոսող մարդը, հարգելով ազատագրված տարածքներում գործող օրենքները եւ իբրեւ օրինապաշտ հայ, Ֆիզուլու Ազատ հեռուստատեսությամբ հայերեն հաղորդումներ էր վարում: Իսկ Ալեքսան Հարությունյանը Հանրայինում ամեն օր ցուցադրվող «–Դոլորես, ես քեզ սիրում եմ : – Ո°չ, Խոսե Միգուել, ես իմ նախկին ամուսնու եղբայր Ֆելիփեին եմ սիրում, չնայած նրա կնոջ եղբայր Կառլոսից եմ հղիացել» ասող, անբարոյականություն սերմանող սերիալներն Ազատ հեռուստատեսությամբ հեռարձակելն արգելել էր. այստեղ միմիայն բարոյականություն քարոզող նյութեր էին եթեր դուրս գալիս, եւ ոչ մի Դոլորես ոչ մի Խոսե Միգուելի չէր սիրում եւ, առավել եւս, Ֆելիփեի կնոջ եղբայր Կառլոսից չէր հղիանում: Ֆիզուլուց վերադարձի օրը Ազատ հեռուստատեսությամբ մի լավ լուր հաղորդեցին, որտեղ հայտնում էին, որ նախկին վարչապետներից, ի տարբերություն աշխարհի մնացած հայերի՝ դեռ մանուկ հասակում խավիար ճաշակած լինելու առավելությունն ունեցող Արմեն Դարբինյանի գլխավորած Արժանապատիվ Ապագա կուսակցության ինքնալուծարման մասին: Հեռուստատեսությամբ արդեն մոտ տաս տարուց ավելի, տարածաշրջանում բնակություն հաստատած կուսակցության նախկին նախագահը հանդիսացող եւ ամենայն հայոց սոցիոլոգ Տիկին Լյուդմիլա Հարությունյանի հետ կայացած հարցազրույցն էին ցուցադրում եւ նա, իր երբեմնի կուսակցության այս խոհեմ որոշումը ողջունելով, ասում էր, որ կատարվածը տրամաբանորեն հաստատում է ազատագրված տարածքներում իրական արժանապատիվ ապագայի կայացած լինելու արդեն արձանագրված անհերքելի փաստը: Կուբաթլուն դարձել էր ամբողջ ազատագրված տարածքների շրջկենտրոնը՝ նախ իր 40 հազար բնակչությամբ, ապա՝ այնտեղ հանգրվանած ազգիս ընտրյալների ընտրանիով. Զորի Բալայանը բոլորիս տարիներ շարունակ պանթուրքիզմով վախեցնելու եւ Երեւանում իր ու իր բարեկամների համար մայրաքաղաքային հողատարածքներ հաջողացնելու գործը թողած՝ ահա եւ եկել հաստատվել էր այստեղ ու սիրահոժար կերպով սփյուռքից ներգաղթող հայրենակիցների տարբեր հարցերով էր զբաղվում: Ըստ նրա՝ այստեղ մշտական բնակություն հաստատող սփյուռքահայերը տարածքի բնակչության ավելի քան 45 տոկոսն են կազմում, իսկ իր պես նախկին ղարաբաղցիները՝ 35 տոկոսը, եւ այստեղ գործող համատեղ ձեռնարկությունների թիվը հասել է 85-ի: Արտահանման ծավալները գերազանցում էին ներկրման ծավալներին, եւ տարեկան տնտեսական աճը 22 տոկոսին էր հասել, որն էլ, բնականաբար, կովկասյան հրաշք կարելի էր անվանել: Ու քանի որ երկրի ողջ տարածքում կաշառքն ու կաշառակերությունը բացակայում էին, անգործությունից հոգնած Բագրատ Եսայանը եւս որոշել էր գալ եւ Կուբաթլուում հաստատվել: Նա այստեղ վերադարձել էր իր նախասիրած նախկին գործունեությանն ու շրջանի սկաուտական շարժման գլուխն էր անցել: Սկաուտականները 12 հազարից էլ շատ էին եւ ամենշաբաթյա բանակումներից ու կազմակերպված արշավներից բացի, օգնության կարգով, կամավորական սկզբունքով մասնակցում էին բոլոր շինարարական աշխատանքներին: Բնականաբար, այս բոլորը կատարվում էր իրենց 114 տարվա կուսակցության կազմակերպչական աջակցության շնորհիվ՝ չնայած հենց իրենց իսկ մեղքով էր Ախալքալակի հայաթափման տխուր փաստը իրականացել, բայց նրանք քավության նոխազ չլինելու համար՝ անում էին ամեն ինչ նախկին ախալքալակցիներին ազատագրված շրջաններում տեղավորելու համար: Այդ իսկ պատճառով էլ ամենուր երեւում էին «Մեր նպատակը միացյալ բարգավաճ Հայաստանն է» եւ «Դեպի երկիր» կարգախոսները: Հնչակյանները նրանցից ետ չէին մնում, նրանց ներդրումների շնորհիվ շրջանում գորգագործությունը լուրջ զարգացում էր ապրել եւ, կարելի է ասել, չկար առանց գորգ հյուսող դազգահի հայի տուն: Մետաքսե ձեռագործ գորգերը դեռ չավարտված՝ արդեն մեծ գումարների դիմաց վաճառվում էին Եվրոպայում եւ Ամերիկաներում: Շրջանում գոյություն ունեցող երեք փայտամշակման եւ կահույքի գործարանները եւս հնչակյան ազգայինների կատարած ազգանվեր գործի արդյունքն էին: Եվ այս ամենով չբավարարվող հնչակյանները հիմա էլ նախաձեռնել էին գինու, օղու եւ կոնյակի նոր գործարանի կառուցումը: Միայն նրանց ջանքերի շնորհիվ սփյուռքից տարածաշրջան ներգաղթել էր 15 հազարից ավելի հայ: Կուբաթլու-Զանգելան ճանապարհի աջ եզրում Ռամկավարների կողմից կառուցված համակարգչային սարքավորումներ արտադրող հսկա գործարանն էր, ուր օրը երկու հերթափոխով 6 հազար մարդ էր աշխատում: Գործարանի տնօրենը պատմում էր, թե եկող տարի կառուցվելիք նոր գործարանում մոտ 8 հազար հոգի եւս աշխատելու է: Պարզապես նեղ մասնագիտացված աշխատողների քանակի պակասի պատճառով, որոնք այժմ նախապատրաստական դասընթացների են հետեւում, գործարանի բացումն ուշանում է: Ուրախալի էր, անշուշտ, տարիներ շարունակ եւ ամբողջ Հայաստանով մեկ մասոնականության ցանց հյուսելով զբաղված եւ Սողոմոնի տաճարի շինարարության օգտին աշխատած մարդկանց այժմյան հայրենանվեր գործունեությանն ականատես լինելը: Զանգելանում, որ հիմա իր հնամենի անվամբ Կովսական է կոչվում, կարողացանք մնալ միայն կես օր, քանի որ շտապում էինք ճիշտ ժամին հասնել Մեղրու միջազգային երկու օդանավակայաններից մեկում ամենօրյա Բեյրութ-Հալեպ-Մեղրի չվերթն իրականացնող օդանավի վայրէջքին: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Զանգելանն իր անծայրածիր բամբակի դաշտերով, թեթեւ արդյունաբերության՝ մետաքսի, կտորի, կերպասի արտադրության գերժամանակակից երկու հզոր գործարաններով տարածաշրջանի չորս երկրներից ամենաորակավոր արտադրանքը տալով՝ միջազգային շուկայում իր գներով անմրցելիություն էր ապահովել արդեն: Արդյունաբերության այս ճյուղում աշխատում է մոտ 8 հազար մարդ եւ շրջանի բնակչության թիվը գերազանցում է 35 հազարը: Մեղրու միջազգային երկու օդանավակայաններից «Արաքս-1» հասանք կես ժամ ուշացումով: Մեզնից բացի Բեյրութից Հայաստան ներգաղթող երկու հայ ընտանիքին դիմավորելու էին եկել արդեն երեք տարուց ավելի Հայաստանում հաստատված իրենց հարազատները: Եկողներից մեկի կինն ինձ հետ եղող սփյուռքահայ ընկերոջս հարազատ քույրն էր, մյուսը՝ հայտնի գրող Անդրանիկ Ծառուկյանի ծոռը: Նրանք օդանավի վայրէջք կատարելուց տասը րոպե անց արդեն իրենց իրերով դուրս էին եկել: Օդանավակայանի պետական ծառայությունների աշխատակիցները բավականին բարեհամբույր էին եկողների նկատմամբ, նրանց ոչ միայն որեւէ նեղություն կամ տհաճ վերաբերմունք ցույց չէին տվել, այլեւ ընդհակառակը՝ օգնել էին՝ ինչով կարողացել էին: Մեղրու «Արաքս-1» օդանավակայանից դեպի Շվանիձոր շարժվող մեր ինքնաշարժերի ձայնասփյուռով վերջերս մոդայիկ դարձած եւ գրեթե մեր բոլոր երգիչ-երգչուհիների կողմից երգվող, բոլորի կողմից սիրված մի երգ էր հնչում՝ Փառք քեզ Հայաստան, դու վերածնված Հայրենիք հայոց:
Հ. Գ. - Սույն հոդվածում գրված եւ ոչ մեկ բան իրականությանը չի համապատասխանում. հորինվածք են բոլոր անուններն ու դեպքերը: Սա ընդամենը մի ուղեցույց է նախ հայրենի իշխանությունների, ապա եւ՝ վերջերս ազատագրված տարածքներ այցելելու ցանկություն հայտնած հայ լրագրողների համար: Երեւան, 10 օգոստոս, 2004 թ.
անդրադարձ ԴԱՐՁՅԱԼ ՄԱՅՐԵՆԻԻ ԴԵՄ՝
այս անգամ՝ под маской мыслителя Այս բնաբանով է սկսվում Սամվել Քոչարյանի պատասխանը («Դեմո», 31 մարտի) Աշոտ Սարգսյանի «Մեր լեզուն մեր հայրենիքն է» («Դեմո» 15 փետրվարի) հոդվածին: Ասեմ, որ հոդվածի գլխավերևում դրված այս հավակնող ու շքեղ բնաբանն իմ մեջ կասկած ծնեց, քանզի միշտ չէ, որ շքեղ գլխարկների տակ այդ շքեղությանն արժանի օբյեկտներ են լինում: Եվ, ցավոք, չսխալվեցի: Հոդվածում գրեթե ամեն ինչ գտա, բացի «մտածել-տրամաբանելու» հետքերից: Փոխարենը, որքան ասես՝ գլխիվայր շուռ տված փաստեր ու հակատրամաբանություն: Պատասխան այս հոդվածում սկզբից մինչև վերջ կարմիր թելի պես անցնում է ատելությունը մեր մայրենիի (որը ցլամարտի կարմիր շորի պես հաճախ, մեղմ ասած, նյարդայնացնում է ոմանց) և հայերի դեմ: Եվ, բնականաբար, ես փորձեցի նախ պարզել հոդվածագրի ազգությունը: «Я все же армянин»,- իր մասին ասում է հեղինակը: Պրպտեցի իմ ձեռքի տակ եղած բոլոր բառարաններն ու հանրագիտարանները, բայց «Չրպ Ջպ ՈՐՎÿվՌվ» անվամբ ազգություն չգտա:
Հենրիխ ԼԱՈՒԲԵ Սակայն, ավելի լավ է անցնենք հեղինակի «տրամաբանական» փաստարկներին: Առաջին. նա հայտարարում է, թե Արցախում, հատկապես Ստեփանակերտում, գերակշռում են ռուսալեզու մարդիկ: Պարզապես դիմենք վիճակագրությանը. 1999-2001թթ. ուսումնական տարում մայրաքաղաքի դպրոցների հայկական դասարաններում սովորում էին 8088, ռուսական բաժնում՝ 420 աշակերտներ: Այս ուսումնական տարում նույն դպրոցների հայկական դասարաններում սովորում են 6775, ռուսական բաժնում՝ 281 աշակերտներ: Մասնավորներից, օրինակ՝ «Էրուդիտ»-ում (ռուսական) սովորում են ընդամենը վեց տասնյակ երեխաներ... Արցախի շրջաններում երեխաները բացառապես ստանում են հայեցի կրթություն... Նույնիսկ կևորկովյան տարիներին մայրաքաղաքի աշակերտության առնվազն 70 տոկոսը ստանում էր հայեցի կրթություն: Այնպես որ՝ պետք չէ ցանկալին ներկայացնել իրականության տեղ:
...Թող մանկանա քո շուրթերին
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ Նախ՝ վիճակագրական ի՞նչ տվյալներ կան, որ ղարաբաղյան էլիտայում գերակշռում են «ռուսալեզուները», և հետո՝ ինչ ասել է «էլիտա», ու հոմանիշնե՞ր են, արդյոք, «էլիտա» և «պաշտոնյա-չինովնիկ» հասկացությունները: Ու, ընդհանրապես, իրար հետ ի՞նչ կապ ունեն էլիտան ու իշխանությունները: Ի դեպ, կադրային հարցն Արցախում վաղուց խրոնիկական հիվանդություն է դարձել. մարդիկ այսօր պետական կառույցներում տեղավորվում են ոչ թե ընդունակությունների ու մասնագիտական գիտելիքների հաշվառումով, այլ որովհետև այս կամ այն մեծ ու փոքր չինովնիկի բարեկամն ու սիրուհին են, ազգականի զոքանչի եղբոր փեսան կամ քարտուղարուհու եղջյուրակիր ամուսնու հորաքրոջ որդու բաջանաղը... Երրորդ. «Հայրենասիրությունը դա սիրո զգացում է Հայրենիքի, սեփական ժողովրդի հանդեպ, ոչ թե նրա մի մասի...»,- գրում է Ս. Քոչարյանը և գտնում, որ Աշոտ Սարգսյանը նացիոնալիստ է: Նախ՝ ավելացնեմ, որ Հայրենիքն էլ իր հերթին ոչ միայն գեղեցիկ լեռներն ու ծաղկածիծաղ դաշտերը, սեփական բանջարանոցն ու ասֆալտապատ փողոցներն են, այլ այդ տարածքում ապրող ժողովրդի ազգային լեզուն ու մշակույթն է, ազգային ոգին ու կերպը: Իսկ ինչ մնում է Ա. Սարգսյանին նացիոնալիստ անվանելուն, ապա, հիշեցնեմ, որ բարեբախտաբար այսօր 1937 թիվը չէ, երբ «նացիոնալիստի» պիտակով մարդկանց քշում էին Սիբիր և ոչնչացնում: Ասեմ նաև, որ Արցախյան շարժման տարիներին մեր թշնամիները նույնպես «նացիոնալիստ» էին անվանում մեզ, և այդ նույն Աշոտ Սարգսյանն այդ տարիներին վտանգում էր իր կյանքը, որպեսզի «Ղարաբաղի էլիտան» (հոդվածագրի մատնանշած չինովնիկության «ծաղիկը») իրեն ապահով ու անվտանգ զգա նկուղներում: Եվ հետո, ես գտնում եմ, որ ավելի լավ է մեր ազգը կազմված լինի Ա. Սարգսյանի և հարյուրավոր հայորդիների նման «նացիոնալիստներից», քան все же армянин-ներից: Չորրորդ. պատասխան հոդվածի հեղինակն ասում է, թե մոռացել ենք, որ «ոչ վաղ անցյալում Ղարաբաղը գտնվում էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգում, որի պատճառով ռուսներն ունեին հատուկ կարգավիճակ»: Դեռ ավելին՝ ռուսական շովինիզմն այնպիսի լկտիության էր հասել, որ մեր Հայրենիքում փակում էին հայկական դպրոցները: Հիշեցնեմ, նաև որ ոչ միայն Ղարաբաղը, այլև ողջ Անդրկովկասը (ներառյալ՝ Կարսը) նույնպես գտնվում էին նույն կայսրության կազմում, սակայն այդ տարածաշրջանում այժմ գոյություն ունեն երեք ճանաչված ԱԶԳԱՅԻՆ հանրապետություններ: Եվ Ռուսաստանի սահմանն այսօր անցնում է ոչ թե Ստեփանակերտի միջով, այլ Արցախից հարյուրավոր կիլոմետրեր այնկողմ՝ Կովկասյան լեռների հյուսիսային մասով... Հինգերորդ. «Որտե՞ղ է ժողովրդավարությունը, որի մասին խոսում են բոլորը. որտե՞ղ է ժողովրդի իշխանությունը, նրա իրավունքը»,- հարցնում է հոդվածագիրը: Սակայն նա հասցեն շփոթել է. իր այդ հարցը (նաև մեր կողմից) պիտի ուղղեր ոչ թե Աշոտ Սարգսյանին, այլ դաժան պատերազմում հաղթած ժողովրդին աղքատության եզրին հասցրած «ղարաբաղյան էլիտային»... Վեցերորդ. հեղինակը զուգահեռ է անցկացնում Ռուսաստանի Դաշնությունում գործող հայկական կրթօջախների և մեզ մոտ գործող նույն հաստատությունների միջև, մոռանալով, սակայն, որ Ռուսաստանում դրանք գործում են ոչ թե Պուտինի, այլ տեղի հայկական համայնքների միջոցներով, և այդ դպրոցներում սովորում են հայերի° զավակները: Մինչդեռ Ստեփանակերտում գործող ռուսական դասարանների առնվազն 95 տոկոսը ոչ թե ռուսների, այլ հայերի երեխաներ են: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր բարեկիրթ մարդ, մայրենի լեզվից բացի, պետք է կանոնավոր տիրապետի առնվազն մեկ այլ լեզվի: Չիմանալ մայրենի լեզուն և միայն ռուսերենով աջ ու ձախ հոխորտալը տկարամտություն է: Չեմ կարծում, թե հայոց լեզվի հանդեպ արհամարհանքը, ստելը, փաստերը խեղաթյուրելն ու մի ողջ ժողովրդի դեմ կույր ատելությունը мыслитель ձևանալու լավագույն եղանակն է և, ընդհանրապես, դատելու ունակությունը ռուսական վալենկաներ չեն, որ հագնես ու քեզ Լև Տոլստոյ երևակայես: Զարգացնելով վերոնշյալ իր «փաստարկները», հոդվածագիրն առաջարկում է ռուսերենին տալ պետական կարգավիճակ: Արցախի ռուսախոս «էլիտայի» ինքնասիրահարված շեփորահարին կցանկանայի հարցնել. իսկ ինքը հարցրե՞լ է, արդյոք, ամեն կարգի ՕՏԱՐ շղթաներից հայրենի երկիրն ազատագրելու համար նահատակված հազարավոր մեր հայրենակիցների, այդ թվում՝ նաև նրանց կարծիքը, ովքեր թեև ռուսական կրթություն են ստացել, բայց որոնց զավակներն այսօր ուսանում են հայկական դպրոցներում ու բուհերում... Վերջում պարզապես հիշեցնեմ, որ մեր լեռների վրայով շա¯տ հողմեր են անցել՝ Լենկ-Թեմուր, արաբ նվաճողներ, թուրք-սելջուկներ, ստոլիպինյան շովինիզմ, ազերիներ և այլն, բայց մեր երկիրն ու մայրենին միշտ եղել են ու կան: Եվ քանի Արցախում հայ է ապրում, ես և ՀԱՅ իմ հայրենակիցները հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրի պետական լեզուն լինի միայն ՀԱՅԵՐԵՆԸ: Սա Հայո°ց երկիր է, Հայաստա°ն, և նրա պետական լեզուն կա և ընդմիշտ պետք է լինի միայն հայերենը: Հավատացնում եմ, որ մեր ազգային մշակույթի և ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ արժանապատվությունը մենք՝ ՀԱՅԵՐՍ, պաշտպանելու ենք այնպես, ինչպես պաշտպանել ու պաշտպանում ենք մեր ՄԱՅՐԵՐԻՆ... Վարդգես ՕՎՅԱՆ
ՕՏԱՐԱՏԱՌ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ ԱՉՔ ԵՆ ԾԱԿՈՒՄ «Դեմո»-ի թիվ 3-ում (15 փետրվարի 2005թ.) հրապարակված «Մեր լեզուն մեր հայրենիքն է» վերնագրով հոդվածում հարգարժան Աշոտ Սարգսյանը կարևոր խնդիրներ է արծարծում: Հայոց լեզվի գերակայության և մաքրության համար տարվող պայքարը Հայաշխարհում միայն մասնագետների պարտքը չէ: Հրատապ այս խնդրով մտահոգ պիտի լինեն համապատասխան կառույցները: Հոդվածի հեղինակը «խայտառակ փաստ» է համարում այն իրողությունը, որ 2 տարի առաջ ՀՀ լեզվի պետական տեսչության արցախյան մասնաճյուղն ինքնալուծարվել է: Բացի այդ, ինչպես հեղինակն է նշում, «գոյություն ունեցող մասնաճյուղի աշխատակիցները 7 տարիների ընթացքում Հայաստանից միայն ժամանակին աշխատավարձ են ստացել»: Ա. Սարգսյանն ի ցույց է դրել մայրենի լեզվի անտեսման, ոտնահարման և աղավաղման բազմաթիվ օրինակներ: «Հայոց լեզվի դրվածքը բավարար չէ Արցախի ուսումնական հաստատություններում,- գրում է հեղինակը:- Խրոխտ քայլերով շարժվող անգլերենի մրցակցությունից տուժում է հայերենը: Որոշ ծնողներ և մանկավարժներ մոռանում են, որ օտար լեզուների իմացությունը չպիտի կատարվի հայոց լեզվի օտարման հաշվին: Երեխան կտրվում է հայկական արմատներից, իսկ երևույթը կրկնվելու դեպքում, երրորդ սերնդից սկսած, ուծացվում է»: Միանգամայն ճիշտ է նկատել: Որպես ասվածի ապացույց՝ կարող ենք բերել բազմաթիվ օրինակներ, թե ինչպես համալսարանի օտար լեզվի բաժնում սովորող ուսանողության զգալի մասը չի տիրապետում հայոց լեզվին, ինչը, առանց չափազանցության, աղետ է: Արցախահայությունը ոտքի է ելել իր ազգային դեմքը անխաթար պահելու համար, իսկ ի՞նչ ազգ ու ազգայինի մասին կարող է խոսք լինել՝ առանց ազգային լեզվի: Հոդվածագիրը տեղին հարց է տալիս. «Այդ ինչո՞ւ երբ խախտում են ֆինանսներին, հարկերին, գույքին, մի խոսքով՝ նյութական ոլորտին վերաբերող օրենքները, օրինազանցներին պատասխանատվության են ենթարկում, ժամանակին մուծումներ չկատարելու դեպքում մարդկանց զրկում են ջրից, գազից, էլեկտրաէներգիայից, կոմունալ ծառայություններից օգտվելու հնարավորությունից, իսկ «Լեզվի մասին» օրենքը խախտելու դեպքում մնում են անպատիժ: Մի՞թե Հայոց երկրում գործող հայոց լեզվին վերաբերող օրենքը գոնե այլ օրենքներին համահավասար չէ: Օտարներին «հինգ աստղանի» հյուրանոցներով, Լաս Վեգաս հիշեցնող խաղատներով չես զարմացնի: Օտարներն էլ պիտի զգան, որ հայի երկիր են եկել...»: Ցավով պետք է նկատել նաև այն փաստը, որ մեր մայրենիի մասնագետների մի մասը նույնպես մեղանչում է հայոց լեզվի հանդեպ՝ արտահայտվելով ռուսախառը բարբառով: Մինչդեռ նրանք 1600-ամյա ճանապարհ անցած մեր 36 զինվորների, նրանցով ստեղծված մեր բազմահարուստ գրականության ու հայոց հազարագանձ լեզվի կրողները, ջատագովներն ու պահապանները պետք է լինեն: Հուսանք, որ մեր «վերևները» նույնպես կզգան լեզվի պետական տեսչությունը բարձրորակ մասնագետներով զինելու անհրաժեշտությունը, և գործուն միջոցներ կձեռնարկեն մայրենին պահպանելու համար: Մանավանդ, որ մեր ժողովուրդը պատրաստվում է այս տարի նշելու հայոց գրերի գյուտի 1600-ամյակը: Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հրապարակի վրա նման գիրք չկա: Տասներկու տարի է, ինչ աշխատում ենք այն ստեղծելու ուղղությամբ: Համարյա ավարտին էինք հասցրել այդ շատ ծանր և, միևնույն ժամանակ, ոգեշնչող աշխատանքը, որը, սակայն, մեզնից անկախ պատճառներով հետաձգվում է անորոշ ժամանակով: Բանն այն է, որ 2001-ին լույս տեսավ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բառարանագրության բաժնի կազմած «Հայոց լեզվի բարբառային բառարան» բազմահատորյակի Ա հատորը, որին հաջորդեցին Բ հատորը (2002թ.), Գ հատորը (2004), իսկ մնացած հատորների հրատարակության ժամանակն անորոշ է: Ա հատորի առաջաբանում նշվում է, որ բազմահատորյակը ընդգրկում է հայերենի 220 բարբառների ու խոսվածքների բարբառային բառերի մեծ քանակ (շուրջ 100.000), դրանցով կազմված ոճական արտահայտություններ, դարձվածներ ու կայուն բառակապակցություններ: Բառարանն ունի գիտագործնական նպատակ՝ կորստից փրկել բարբառային հարուստ բառագանձը, այդ բառերը մատչելի դարձնել բոլորին, արժեքավոր անսպառ նյութ տալ տարբեր գիտությունների (բարբառագիտություն, լեզվաբանություն, պատմություն, ազգագրություն): Պահանջվեց քարտագրել հրապարակված հատորներում եղած, Ղարաբաղի բարբառին պատկանող բոլոր բառերը, ոճական արտահայտությունները, դարձվածներն ու կայուն բառակապակցությունները և դրանք համեմատել մեր կազմած բառաքարտարանի հետ: Պարզվեց, որ մեր բառաքարտարանում կան հազարավոր բառեր, ոճական արտահայտություններ, որոնք չկան հատորներում, ինչպես նաև այն, որ այդ հատորներում կան հազարավոր բառեր, ոճական արտահայտություններ, դարձվածներ ու կայուն բառակապակցություններ, որոնք վերագրված են հայերենի ուրիշ բարբառների, սակայն գործածական են Ղարաբաղի բարբառում: Ամեն ինչից երևում է, որ «Ղարաբաղի բարբառի բառարան-հանրագիտարանը» համեմատաբար հարուստ կլինի, բայց ոչ լիակատար, քանի որ լիակատար բառարան կազմելը միշտ եղել և մնում է բառարանագիրների երազանքը: Իսկ ինչո՞ւ բառարան-հանրագիտարան և ոչ թե բառարան, ինչպես անվանել են «Հայոց լեզվի բարբառային բառարան» կազմողները: Մեր քարտագրում նյութերն այնքան բազմազան են ու բովանդակալից, որ բառարան անվան տակ տեղավորվել չեն կարող: Ժողովրդական ծեսերի, խաղերի, կերակրատեսակների համեմատաբար ծավալուն նկարագրությունները բառարանին տալիս են հանրագիտարանային բնույթ, որը չի կարելի հաշվի չառնել: Հաշվի առնելով, որ բառերի, ոճական արտահայտությունների, դարձվածների, կայուն բառակապակցությունների և նախադասությունների գիտական տառադարձությունը կդժվարացնի մարդկանց կողմից նրանց ընկալումն ու օգտագործումը, մենք նպատակահարմար գտանք դրանք ներկայացնել այնպես, ինչպես արտասանվում և լսվում են: Այդպես են վարվել նաև «Հայոց լեզվի բարբառային բառարանի» հեղինակները: «Ղարաբաղի բարբառի բառարան-հանրագիտարանի» բառապաշարը ներկայացվելու է հետևյալ շերտերով. 1. հնդեվրոպական հիմք լեզվից եկած բառեր, 2. գրաբարյան բառեր, 3. փոխառյալ բառեր, 4. ղարաբաղցու ստեղծած բառեր, դարձվածներ և կայուն բառակապակցություններ: Նշված բառաշերտերը ստույգ որոշելու և բնութագրելու համար ունենք անհրաժեշտ տեղեկատվական գրականություն:
Գուրգեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
երկիրը՝ ափի մեջ
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԽՏ Է, ՈՐ ՋԼԱՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒԺԵՐԸ «...ՀՅԴ ներկայացուցիչները համոզված են, որ խորհրդարանական ընտրություններում առավել մեծ թվով ընտրակեղծիքներ կարող են տեղի ունենալ հենց այս (բառացի ի նկատի է առնված ՀՅԴ-ի ներկայացուցչի խոսքերով Քելբաջարի եւ Լաչինի) շրջաններում, որտեղ իշխանությունները ստիպում են բնակչությանը, հատկապես մանկավարժներին եւ պետական պաշտոնյաներին անդամագրվել իշխանամետ Արցախի ժողովրդավարական կուսակցությանը: Արցախի ՀՅԴ ներկայացուցիչները, չցանկանալով վիրավորել հայաստանցիներին, ասում են, որ դա հնարավոր է դառնում հատկապես այդ շրջաններում, որտեղ բնակչության մի ստվար զանգվածը հայաստանցիներ են` ակնարկելով, որ հայաստանցիները ավելի հեշտ են ենթարկվում իշխանության ճնշումներին, իսկ արցախցիները ավելի սկզբունքային են...»: «Ակունքի» 8-րդ համարում գրված այս տողերը կարդալով՝ պարզապես սահմռկեցի: Նորի՞ց հայաստանցի-արցախցի փշալարախզում: Հարց՝ ո՞ր բարոյականով: Իմ արեւ, Ձեր արեւ, հերիք է սրտաճաք անեք մեզ, հերիք «ալիքները» խառնեք: Իսկ հիմա մեկնեմ Ձեզ մի պարզ ճշմարտություն. մենք Ձեր դիվանագիտական դիլետանտիզմը չենք ընդունում, մեզ մի խառնեք կուսակցական դիմաթոհուբոհի մեջ, թողեք հանգիստ ապրենք վայկունյաց բազմաչարչար հողում` մեր հոգսերին եւ ուրախություններին հարիր: Եւ այստեղ է, որ չեմ կարող մեջբերում չանել Մեծն Նժդեհից. «Կույր ատելությամբ հիվանդ կուսակցությունները մեր տկարացնում են ժողովրդին, խաթարում նրա հոգին, անում այն, ինչ կաներ մեր թշնամին: Փոխարեն բարոյական կշտամբանքի (որից ինչքան կշահեր ժողովուրդը մեր), կուսակցություններն այդ փողփողում են լոկ` սուտ ու զրպարտանք եւ խեղաթյուրում` իրականությունը»: Ասում եմ Ձեզ միանշանակ. Վայկունիքում «համաշխարհային հեղափոխությունն» իր սեւ գործն արեց մի քանի տարի առաջ եւ շրջանին կպցրին-կոչեցին նրա առաջնորդներից մեկի՝ Ստեփան Շահումյանի անունով, մի կողմ դնելով չքնաղ Վայկունիքը: Հոյակապ է. ՀՅԴ-ի մի քանի ներկայացուցիչներ Ստեփանակերտից անհանգիստ են Շահումյանի հայաստանցի ընտրողների համար, որոնք արցախցիներից սկզբունքային չեն: Հրաշալի բաժանում է: Իսկ մենք ապրում ենք իրար կողքի եւ չենք հաշվում, թե գեղարքունիքցիներն են շատ, լոռեցիները, շիրակցիները, ապարանցիները, թե արցախցիները: Եւ գիտե՞ք ինչու, որովհետեւ Վայկունիքում ամեն մի ընտանիք իր մասնավոր առաքելությունն ունի. մեկն անասնապահ է, մյուսը՝ հողագործ, երրորդը՝ շինարար, չորրորդը՝ մանկավարժ, հինգերորդը՝ ոստիկան... էլի՞ շարունակեմ, ու բոլորն էլ այսօր՝ արցախցի, ու բոլորն էլ՝ հայ: Նման դիմաթոհուբոհի գործն է, որ այսօր շրջանում պաշտոնեական աթոռներին ձգտելու շահումյանցիների իրարամեջ գզվռտոց կա, որ ոստիկաններ դառնում են միայն ու միայն հարեւան շրջանի մի քանի գյուղերի անձինք, որ հայաստանցիները դժվարությամբ են պաշտոն ստանում: Այնինչ, առաքելությունը բոլորի համար մեկն է՝ վերաբնակեցնել հայոց մի չարչրկված անկյունը: Մի՞թե դժվար է դա հասկանալ... Մենք գործող կուսակցությունների բարոյական աջակցությանն ենք կարոտ, այլ ոչ կուսակցական շահերից բխող բամբասանքներին, որոնց հետեւանքն ավերիչ է: Ինչ մնում է մեզ վարչական ճնշումների միջոցով որեւէ ազդեցությունների ոլորտ քաշելուն, ապա դա համարում եմ անհեթեթ զրպարտանք: Բանն այն է, որ կցկտուր տեղեկությունները, որոնք, ընկեր ՀՅԴ ներկայացուցիչներ, Ձեզ են հասցնում Ձեր կուսակցության ծրագրին ու պատմությանն անտեղյակ, նույնպես կցկտուր բաներ իմացող, իրենց պաշտոնեական աթոռներից դողացող ու պաշտոնների ձգտող մեր շրջանի ՀՅԴ այն անդամները, որ պաշտպանվելու համար հագել են ՀՅԴ թիկնոցներ, Ձեզ ապատեղեկատվությամբ են պարուրում: Դրանից առավել եւս չեք շահում ինքներդ, քանի որ հեղինակազրկվում եք: Եւ նորից դիմենք ազգի մեծագույն առաջնորդ Վեհ Նժդեհին, որը սովորեցնում է. «Հոգու հիվանդություն ունեն այն մարդիկ, որ դժգոհում են սեփական հայրենիքից: Ով հայ ժողովուրդ, կանգնեցրու նրան, որ ապրել գիտի առանց մտածումի օգնության, որ իր անզորությունն ատելու քաջություն իսկ չունի, որ փորձում է քաղցր խաբկանքի մեջ պահել իր ժողովրդին...»: Նյութի հեղինակը բնավ էլ կուսակցական չէ: Ցանկանում է, որ առանց հետին մտքերի եւ ճշմարիտ խոսք ասվի: Ի սեր Աստծո, հիմա էլ չասեք, թե ես ասում եմ, որ շրջանում ընտրական գործընթացը 100 տոկոսանոց մաքրությամբ է ընթանալու: Համոզված եմ, որ մեր կուսակցություններն արժանի են իրար: Սակայն, ընկեր ՀՅԴ ներկայացուցիչներ, մի բանում համոզված եղեք, որ Վայկունիքի ընտրատարածքներում ընտրող հայաստանցիները եւ արցախցիները, այսինքն՝ հայերը, դավանում են մի պարզ ճշմարտության, այն է՝ կուսակցականությունն ախտ է, որ ջլատում է ժողովրդի ուժերը: Արտահայտությունը նույնպես Նժդեհինն է:
Ալբերտ ԱՎԵՏՅԱՆ
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ՏԱՐՐԵՐԸ Մտավորական... մտավորականություն... Ո՞րն է նրանց դերը հասարակության մեջ: Ի՞նչ պարտք ունի մտավորականությունը հանրության հանդեպ: Մտավորական անվանվում է մարդկանց այն շերտը, որը հասկացողությամբ և մտային որակներով է զինված, որպես աշխատանք կատարում է հասարակության առաջ ծառայած խնդիրների լուծման գործը և տեսականորեն ու գործնականորեն մղված է դրան: Մտավորականությունը համարվում է ժողովրդի գիտակից մասը և առաջնորդում է նրան բախտորոշ ժամանակներում և այդ է պատճառը, որ դառնում է թշնամի ուժի գլխավոր թիրախը: Սակայն մտավորականությունը միշտ չէ, որ վերոհիշյալ բարձր և ազգաշահ գաղափարներով է լինում տոգորված: Եթե խոսք է բացվել մեր մտավորականության մասին, ապա հարց տանք ինքներս մեզ. արդյո՞ք մեր մտավորականության մեջ բոլորն են իսկական մտավորականներ: Փաստ է, որ մտավորականությունը միաբան ու միաբևեռ չէ, իմա՝ շահերն էլ նույնը չեն: Ըստ այդմ էլ, թող թույլ տրվի տարանջատել մտավորականության մի քանի դաս: Առաջին խումբը, ըստ հասկացողության և դասակարգային շահի ապրելով նույն հասարակության մեջ, կիսելով նրա լավն ու վատը, իր ամբողջ մտավոր և ֆիզիկական ունակություններով մղված է իր ժողովրդի ճնշող մեծամասնության առաջմղման գործին: Մտավորականության մի շերտն էլ իր ողջ մտավոր և ֆիզիկական ներուժը ի սպաս է դնում իշխանություններին և ունի իշխանամետ կեցվածք: Այս խավը միշտ ձգտում է այն բանին, որ ազգի մտավորականությունը միևնույն հարցի կամ խնդրի շուրջ չհամախմբվի, որպեսզի ինքը կարողանա մնալ հեգեմոնիկ դիրքում: Եթե առաջներում նրանք «երեսուն արծաթով» էին ծախվում, ապա այսօր գներն ուրիշ են՝ ժամանակին համապատասխան: Նրանք դրամասեր ու դրամաշորթ են (բյուջեից կամ ընձեռված հնարավորություններից) ոչ պակաս, քան իրենց վրա իշխող խավը: Այս շերտը կարող է իշխող խավի դրդմամբ ու պահանջով ծախել ազգային արժանապատվություն, հետն էլ՝ Նախիջևան ու Արցախ: Մտավորականության երրորդ շերտում նրանք են, ովքեր հանգամանքների բերումով հայտնվել են «չեզոք» գոտում: Նրանք ավելի շատ ցույց են տալիս, թե իրենք մտավորական են և չեն ուզում կրել հասարակական իրենց պարտականությունների ծանրությունը: Այս խավը ավելի շատ ճամարտակում է, շատախոսում սալոն ու սրճարանում, զբոսայգի-շուկաներում ու այլուրեք և կարծում, թե մտավորականության իշխող ու իշխանամետ մասի մեղքով է, որ իրենք մեկուսացված են էլիտայից: Հասարակական և ազգային շահերի շուրջ ընթացող ներքին ու արտաքին պայքարից և վեճ-խոսքակռիվներից հեռու մնալու ցանկությունը կամ դրանց մասին միայն ԶԼՄ-ներից իմանալը այս խավի գլխավոր մարտավարությունն է: Պահպանողական մտավորականության այս պոչուկը ավելի շատ լճացում և փչացում է բերում, քան օգուտ: Եվ սրանցից օգտվում են «անհոգ» ու կիսագրագետ չինովնիկները: Անկեղծ լինելու համար ասենք, որ մտավորականության այս շերտերից բացի ունենք իշխանավորների օճառն ու սրբիչը դարձածներ, սեփական հարստություն կուտակելուն մղված գրագետներ ու կիսագրագետներ, փառամոլության ու պաշտոնի համար հոգին տվողներ, պետական միջոցների հաշվին գոյատևողներ և այլք: Բայց քանի որ մտավորականության հիմնաձևավորումից ի վեր նրա համախմբման գերխնդիրը եղել և մնում է ազգին ու հասարակությանը ծառայելը, ուրեմն մի կողմ թողնենք որակումներն ու պիտակները և հիշեցնենք բոլորին, որ մտավորականությունն ազգի առաջատար ուժն է: Ուրեմն՝ ի՞նչ պետք է անի մտավորականությունը, առաջավոր ու առաջադեմ մտավորականությունը: Ամենակարևորը, պետք է գաղափարի, ազգանպաստ գաղափարի գերի լինի, կարողանա անձնականը ստորադասել հանրայինին, պետք է գործով ապացուցի հայրենասիրությունը, որովհետև հայրենասիրությունը միայն ճոռոմաբանություն չէ: Եվ ամենակարևորը՝ պետք է գործել ու գործել: Երիցս ճիշտ է Շառլ Ազնավուրը. «Եթե մտավորականը գործում է... ուրեմն՝ ազգն է գործում...»: Էմին ԱՐԱՄՅԱՆ
ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ.ԲԱՅՑ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԵՆՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ Երբ 1988 թվականին Արցախի ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները, բոլորս միակամ էինք: Բոլորս նվիրաբերվեցինք պայքարին: Կորցրինք քաջ երիտասարդների: Ես կորցրել եմ 25-ամյա տղայիս՝ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի պաշտպանության ժամանակ: Մարդիկ կան, որ կորցրել են երկու-երեք զավակների, մարդիկ կան, որ նույնիսկ չեն իմանում իրենց զավակների տեղը, ուստի կարող եք պատկերացնել, թե ինչքան է դժվար նրանց համար: Բայց կան մարդիկ, որ այդ դժվարին ժամանակներում իրենց չափահաս զավակներին փախցրել են և այժմ էլ գտնվում են Ռուսաստանի խորքերում կամ այլ տեղերում: Նրանցից ոմանք, որ լքել են հայրենիքն ու հեռացել, պատերազմից հետո վերադարձել են և այժմ, պաշտոններ գրաված, աշխատում են, իսկ զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները և նույնիսկ վիրավոր ազատամարտիկները պարապ տանը նստած՝ օրվա հացի փող չունեն: Մի ցավալի հարց ևս. քաղաքացին ունի 30-40 տարվա աշխատանքային ստաժ, ստանում է 6-10 հազար դրամ թոշակ: Ու հարց է ծագում. նա ինչպե՞ս կարող է այդ գումարով կոմունալ վճարները մուծել և իր գոյությունը պահպանել: Ինձ թվում է, թե ստեղծված կացությունում ժողովրդին պետք է կարեկից լինեն հատկապես նրանց կողմից ընտրված պատգամավորները, կոնկրետ միջոցներ ձեռնարկեն մարդկանց կենսական հարցերը լուծելու համար, մինչդեռ ոչինչ չեն անում, չնայած նախընտրական արշավների ժամանակ տված մեծ-մեծ խոստումներին: Բոլորիս է հայտնի, որ մեր ժողովուրդը վատթար վիճակում է, չկան աշխատատեղեր, չեն գործում ֆաբրիկաներն ու գործարանները: Թող չթվա, որ այս ամենի համար ես մեղավոր եմ համարում մեր հանրապետության նախագահին: Ոչ, ամենևին էլ այդպես չէ, ֆաբրիկաները, գործարանները քարուքանդ անելու տարիներին նա հանրապետության նախագահը չէր: Բայց որ անգամ հիմա վիճակը չի փոխվում՝ դա է, որ չեմ հասկանում: Խորհրդային իշխանության ժամանակ, երբ կոմկուսն էր իշխում, յուրաքանչյուր ղեկավար ունեցել է ընդունելության օր, բայց, ցավոք սրտի, մեր նորաստեղծ հանրապետության ղեկավարների մոտ այդպես չէ: Ոչ միայն ընդունելության օր չունեն մեր պաշտոնյաները, այլև մարդկանց նամակներին ու դիմումներին էլ մատների արանքով են նայում: Բերենք կոնկրետ օրինակ: 2002թ. նոյեմբերին տեղի է ունեցել ՆԳՆ թոշակառումների միության ժողով, թոշակառուների կողմից հարց է բարձրացվել, որ իրենց թոշակները ստանան ՆԳՆ-ից: Այդ հարցով մեր թոշակառուները ցանկացել են մտնել վարչապետի մոտ, բայց չի ստացվել, ասել են՝ վարչապետը ընդունելության օր չունի: Ստիպված նամակով դիմել ենք նրան, կցելով ժողովի արձանագրությունը: Խնդրել ենք կառավարությանը վերանայել 2000թ. մարտի 21-ի թիվ 53 որոշումը: Մեր նամակն ուղարկվել է ՆԳՆ-ին, կարծես թե վերջինիս տեղը մենք չգիտենք: ՆԳՆ իր հերթին մեզ գրավոր պատասխանել է, որ դա հնարավոր չէ, քանի որ կա կառավարության համապատասխան որոշումը: Ահա այսպիսի շրջապտույտ: Ու չես հասկանում, թե հարցերն ինչպես են լուծվում մեր երկրում: Անկեղծորեն ասած, ինքս անձամբ լավ կարծիքի եմ ՆԳ նախարար Ա. Իսագուլովի մասին, գնահատում եմ նրա վաստակը, բայց հարց, այնուամենայնիվ, չի լուծվում: Մի քանի խոսք էլ մեր հանրապետության նախագահի մասին: Դեկտեմբերի 16-ի ելույթը բոլորս ենք հիշում: Ես որպես քաղաքացի հավանություն եմ տալիս այդ ելույթին: Նա իր ելույթում կանգ առավ առողջապահության նախարարության վրա և նշեց կաշառակերության մասին, երկու ամիս ժամանակ տվեց նախարարին՝ կարգավորելու հարցերը: Երկու ամիս էլ անցավ, ավելի էլ, բայց, դժբախտաբար, ոչինչ չի փոխվել: Հանրապետության նախագահն առաջներում էլ ելույթներ է ունեցել: Հիշում եմ, դրանցից մեկում նա ասել է, որ ինքն անձամբ է զբաղվելու ծագած խնդիրներով: Բայց հարց է առաջանում. իսկ մինչև հիմա որտե՞ղ եք եղել, պարոն նախագահ: Մի անգամ նա ակնարկել է, որ իրեն խանգարողներ են եղել: Հետաքրքիր է՝ հիմա ովքե՞ր են խանգարողները: Այսպես թե այնպես, ուզում եմ դիմել համաքաղաքացիներիս՝ եկեք ոչ թե խանգարենք նախագահին, այլ օգնենք նրան լուծելու հարցերը: Այո, պրոբլեմներ շատ կան, բայց որպեսզի դրանք լուծվեն, պիտի թիկունք կանգնենք նախագահին: Իհարկե, նա էլ պիտի հասկանա, որ պարտավոր է մեզ թիկունք կանգնել: Ու ահա այդ դեպքում մինչև մեկ-երկու տարի մեր նորաստեղծ հանրապետությունը կլինի առաջավոր պետությունների շարքում:
L.
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
մշակույթ
ԿՄՍ
ՆԱԽԱՐԱՐԻ 100 ՕՐԸ Ապրիլի 5-ին իր հարյուրօրյա աշխատանքային գործունեության կապակցությամբ մամլո ասուլիս հրավիրեց ԿՄՍ նորանշանակ նախարար Աշոտ Ղուլյանը: Նա լրագրողներին ներկայացրեց երեք ամսվա ընթացքում նախարարության բոլոր բաժինների կողմից կատարված աշխատանքները և ակնկալվող նորամուծությունները: Նախատեսվում է անցում 12-ամյա միջնակարգ կրթության Ինչպես նշեց նախարարը, մարտին հաստատվել են հանրակրթության պետական հայեցակարգը և միջնակարգ կրթության պետական չափորոշիչը: Վերջինիս կիրառումը, նախարարի հավաստմամբ, 2006 թվականի սեպտեմբերի 1-ից ենթադրում է նոր մոտեցում ամբողջ համալիրի նկատմամբ. փաստաթուղթը ենթադրում է բարեփոխումներ կրթական համակարգում: Մասնավորապես, 2006 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է անցում 12 ամյա միջնակարգ կրթության՝ երեք աստիճաններով. 1-4 դասարանները՝ տարրական դպրոց, 5-9 դասարանները՝ միջին դպրոց, 10-12 դասարանները՝ ավագ դպրոց: Իսկ հանրակրթության ամբողջ համակարգը նոր կրթակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար, Ա. Ղուլյանի խոսքերով, նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ համաժողովների, սեմինարների տեսքով, ինչի նպատակը մեր մանկավարժական ողջ անձնակազմին նոր հայեցակարգի մանրամասներին ծանոթացնելն է: Օրենքը հնարավորություն է տալու մտնել համաեվրոպական կրթական դաշտ Անդրադառնալով բարձրագույն կրթությանը, Ա. Ղուլյանը տեղեկացրեց, որ մարտի վերջին կառավարության կողմից հավանության է արժանացել «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը, որը, ըստ նրա, կլուծի գոյություն ունեցող բոլոր խնդիրները՝ կապված բուհերի հետ: Դրանք հիմնականում պետական հավատարմագրման, լիցենզավորման, կառավարման համակարգի, ուսանողների իրավունքների հետ կապված խնդիրներ են. «Օրենքի նախագիծը նախատեսում է առաջին հերթին անցումը երկաստիճան կրթական համակարգին՝ բակալավրիատ և մագիստրատուրա, նախատեսում է կրեդիտային համակարգի ներդրումը՝ գիտելիքների կուտակման և փոխանցման համակարգ, նախատեսում է նաև հավատարմագրված բուհերի իրավահավասարության ապահովումը՝ անկախ սեփականության ձևերից: Օրենքը նաև մեծ հնարավորություն է տալու մտնել համաեվրոպական կրթական դաշտ»: Դպրոցաշինությունը առաջին պլանում Նախարարը կարևորել է նաև դպրոցաշինությունը, նշելով, որ ամեն տարի կառավարությունը փորձում է ավելացնել այդ գործին հատկացվելիք գումարները: Նրա խոսքերով՝ միայն այս տարվա պետական բյուջեում նախատեսված է 17 դպրոցների և կրթական հաստատությունների կառուցում, մասնակի կամ լրիվ վերանորոգում և 15 մշակութային ու մարզական կրթօջախների կառուցում, մասնակի կամ լրիվ վերանորոգում: Նախատեսվում է նաև մանկապարտեզների ցանցի վերականգնում: Պետբյուջեն աչքաթող չի անի մշակութային օջախները Ա. Ղուլյանի հավաստմամբ, 2005 թ. պետբյուջեում նախատեսված են հատկացումներ մշակութային օջախներին՝ նոր բեմադրությունների, հանդերձանքի և երաժշտական գործիքների համար: Նախարարի խոսքերով, այսօր երկրում կան տարբեր տեսակի համույթներ, որոնց առկայությունը, սակայն, նրա խոսքերով, դեռ չի նշանակում, որ պետական հոգածությունը պետք է բավարարվի նման կարգի աշխատատեղեր ունենալով, աշխատավարձ վճարելով, և, ընդհանուր առմամբ, պետական դոտացիա հատկացնելով. «Ժամանակն է, որպեսզի պետական դոտացիաները վերադարձվեն՝ արված, տեսանելի աշխատանքների տեսքով»: Մասնագետներ հրավիրելու են, իսկ Նարեկ Դուրյանի մասին խոսք անգամ չկա Մեր թերթին տված իր հարցազրույցում («Դեմո», թիվ 19) ԿՄՍ նախկին նախարար Արմեն Սարգսյանը նշել էր, որ 2005 թվականին նախատեսվում է Ստեփանակերտ հրավիրել խմբավար Հովհաննես Չեքիջյանին, երկու ռեժիսորի, չորս պարուսույցների, այդ թվում՝ Վանուշ Խանամիրյանին, Սուրեն Չանչուրյանին, Նորիկ Մեհրաբյանին, որոնք պետք է մեկական բեմադրություններ անեն այստեղ: Բացի այդ, Ա. Սարգսյանը նշել էր, որ կա պայմանավորվածություն Օհան Դուրյանի որդու՝ հայտնի ռեժիսոր Նարեկ Դուրյանի հետ, որը «մայր հայրենիքի և Ստեփանակերտի թատրոնի դերասանների համագործակցությամբ» եղեռնի 90-ամյակի կապակցությամբ պիտի բեմադրեր «Նեմեսիս» կոչվող ներկայացումը՝ Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» պիեսի մոտիվներով: Մարտին պիտի սկսվեին ներկայացման փորձերը, իսկ առաջնախաղը պիտի կայանար Ստեփանակերոտում՝ ապրիլի 24-ին: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ առայսօր թատրոնի դերասանները անգամ տեղյակ չեն այն մասին, որ Ն. Դուրյանը պետք է ներկայացում բեմադրեր այստեղ, և արդյո՞ք մյուս պայմանավորվածությունները ևս այս մեկի ճակատագիրը կունենան, Ա. Ղուլյանը պատասխանեց, որ «նախատեսված բոլոր մասնագետները հրավիրվելու են, պարզապես դեռ կոնկրետացված չէ, թե ով է գալու, և ընթացքում որոշ հարցեր հնարավոր է փոփոխվեն»: Ինչ վերաբերվում է Ն. Դուրյանին, նախարարը նշեց, որ «նման կարգի բան վարչության նույնիսկ ծրագրերի մեջ չի եղել», ավելացնելով, որ հնարավոր է՝ եղել է նախնական ինչ-որ պայմանավորվածություն, սակայն այդպիսի բեմադրություն այսօրվա դրությամբ չի նախատեսվում (թեև անհավատալի է, որ նախկին նախարար Ա. Սարգսյանը կարող էր անհիմն հայտարարություններ անել մի հարցի կապակցությամբ, ինչն «անգամ ծրագրերի մեջ նախատեսված չի եղել»): Սակայն, չնայած դրան, նախարար Ղուլյանը նշեց, որ Ստեփանակերտի դրամատիկը անմասն չի մնա եղեռնի 90-ամյակին նվիրված միջոցառումներից՝ թատրոնը շուտով կունենա ցեղասպանությանը նվիրված «Արտոնված եղեռն» ներկայացման առաջնախաղը, որին ներկա կլինի նաև պիեսի հեղինակը: Ֆիզիկական կուլտուրայի դրվածքը ցածր է Անդրադառնալով սպորտի բաժնին, նախարարը նշեց, որ առանձին մարզաձևերում կան որոշակի հաջողություններ՝ ընդհուպ մինչև Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ, սակայն սպորտը Ղարաբաղում զանգվածային բնույթ չի կրում, և սա գաղտնիք չէ: Այս ուղղությամբ, նախարարի խոսքերով, անհրաժեշտ է ձեռնարկել լուրջ քայլեր, որպեսզի մարդկանց համար հնարավոր լինի սպորտը դարձնել ավելին, քան հաճելի ժամանց: Մանկապատանեկան կազմակերպությունները ձևական բնույթ են կրում Ինչ վերաբերում է արտադպրոցական և երիտասարդական բաժնի գործունեությանը, Ա. Ղուլյանը դժգոհություն հայտնեց այդ բաժնի գործունեությունից, նշելով, որ մանկապատանեկան կազմակերպությունները ձևական բնույթ են կրում: «Բաժինը թույլ է կատարում նաև համակարգող կառույցի իր դերը: Որի արդյունքում,- շեշտել է նախարար Ղուլյանը,- այսօր չի կարելի խոսել երիտասարդական կանոնակարգված քաղաքականության մասին: Երկու-երեք տարի առաջ մենք երիտասարդական կազմակերպությունների հարցով վակուում ունեինք, այսօր այդ վակուումը չկա, փոխարենը ունենք պասիվ գործող երիտասարդական կազմակերպություններ»: Հուշարձանները ևս ֆինանսական ուշադրություն են պահանջում Անդրադառնալով հուշարձանների պահպանության ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին՝ նախարարը հայտնեց, որ երկար տարիների հնարավորությունների բացակայությունից հետո, 2005 թվականի բյուջեով հուշարձանների պահպանության համար նախատեսված է բավականին պատկառելի մի գումար՝ 100-ից ավել մլն դրամ: Արդեն սկսված է նախագծային հաշվարկային փաստաթղթերի պատրաստումը, իսկ պլանների մեջ մտցված են Շուշիի գերեզմանատների, Շուշիի և Ասկերանի ամրոցների վերականգնումը: Աշխատանքները ժամանակին ավարտին հասցնելու դեպքում, ըստ նախարարի, հաջորդ տարիներին հուշարձանների պահպանությանը հատկացվող գումարները կավելանան: Գրերի գյուտի 1600-ամյակը կտոնվի մեծ շուքով. նախարարը խոստանում է անակնկալներ Այդ կապակցությամբ Ա. Ղուլյանը նշեց, որ տոնակատարության շարքում, որի մանրամասներն այսօր մասամբ գաղտնի են պահվում, կլինի հայագիտական մեծ գիտաժողով, և աշխարհի տարբեր համալսարաններից 15-20 հայագետներ համաձայնվել են մասնակցել այդ գիտաժողովին: Հայաստանից տոնակատարությանը կմասնակցի 50-60 հոգուց բաղկացած մեծ պատվիրակություն:
Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ
Ինչպես և խոստացել էինք մեր թերթի նախորդ համարում, ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նորաստեղծ լարային քառյակի երաժիշտների հետ մեր հարցազրույցը: 2004 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտ ժամանեցին մի խումբ երաժիշտներ՝ հայտնի դիրիժոր Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ, իր պատմության մեջ առաջին անգամ Արցախում կամերային նվագախումբ ստեղծելու նպատակով: Այսօր, գրեթե կես տարի անց, կարելի է ասել, որ մեզ մոտ կա կայացած նվագախումբ, որը պարբերաբար հանդես է գալիս համերգներով: Իսկ բոլորովին վերջերս նվագախմբի թվով չորս երաժիշտների ուժերով ստեղծվեց նաև լարային քառյակը: Վերջինս հանդես եկավ կամերայինի Մեծ եղեռնին նվիրված համերգի ընթացքում՝ կատարելով Կոմիտասի մի քանի ստեղծագործություններ: Չորս տարբեր անձնավորություններ, որոնք մինչ Արցախ գալը իրար անգամ չէին էլ ճանաչում, և որոնց այս միության հիմնական «մեղավորը» կարելի է համարել հենց Արցախն ու Արցախի կամերայինը: Իրինա Սոկրատյան (ջութակահարուհի, քառյակի առաջին ջութակ) - Ծնվել և մեծացել եմ Երևանում: Ավարտել եմ կոնսերվատորիան, ապա նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Ավարտել եմ Դոմբաևի դասարանը: Դոմբաևի անունը ցանկանում եմ հատուկ նշել, քանի որ թեև նա այսօր կենդանի չէ, բայց շարունակում է ինձ համար մնալ իմ Մեծ ուսուցիչը: Ղարաբաղ գալս առաջին հերթին աշխատանքի պահանջ էր, բացի այդ, իմանալով, որ նվագախումբը ղեկավարելու է Գ. Մուրադյանը (իսկ ես նրան ճանաչում եմ վաղուց, նրա հետ ես աշխատել եմ Երևանի սիմֆոնիկ նվագախմբում), շատ հանգիստ եկա այստեղ: Քրիստինե Մարգարյան (ջութակահարուհի) - Ծնվել եմ Թիֆլիսում, որտեղ ապրել եմ 19 տարի: Նախնական երաժշտական կրթությունս ստացել եմ այնտեղ՝ ավարտել եմ երաժշտական դպրոցն ու ուսումնարանը, որից հետո եկել եմ Երևան՝ կոնսերվատորիայում սովորելու: 2004 թվականին ավարտեցի այն և հենց այդ ամռանն էլ տեսա Արցախի կամերայինի մասին հայտարարությունը, ու թեև այդ պահին երկու տեղ աշխատում էի, այնուամենայնիվ, որոշեցի հետաքրքրվել: Անկեղծ ասեմ, սկզբից չէի էլ մտածում, որ մենք պիտի գանք Ղարաբաղ: Դե, իսկ երբ իմացա, որոշեցի գալ: Լուսինե Սանոսյան (թավջութակահարուհի)-Չայկովսկու անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ կոնսերվատորիա, որից հետո, աշխատել եմ նույն դպրոցում, ապա չորս ամիս՝ Լիբանանում: Իսկ փոքրիկ դադարից հետո եկա Ստեփանակերտ: Հրանտ Ասլանյան (ալտահար) - Ավարտել եմ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, ապա՝ կոնսերվատորիան, որտեղ սովորելուն զուգահեռ ընդունվել եմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ: Դա, որպես երաժիշտ, իմ առաջին աշխատանքային փորձն էր: Հետո, մինչև Ղարաբաղ գալը, աշխատել եմ ազգային օպերային ակադեմիական թատրոնի նվագախմբում՝ միաժամանակ աշխատելով կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբում: -Ի՞նչ կասեք լարային քառյակի մասին, արդյո՞ք այն համարում եք կայացած խումբ, և ինչպիսի՞ն եք տեսնում նրա ապագան: Հրանտ - Սա ինչ որ առանձին բան ստեղծելու մեր առաջին փորձն էր և, կարծում եմ, ամեն ինչ կախված է մեր աշխատանքից: Մտահղացումն այն է եղել, որպեսզի նվագախմբից դուրս նորից զբաղվենք երաժշտությամբ: Եվ բացարձակապես էական չէ, թե դա ինչ ձևով կլինի՝ դուետի, տրիոյի, կվարտետի, թե կվինտետի: Կարևորն այն է, որպեսզի մենք երաժշտություն մատուցենք, միշտ լինենք այդ երաժշտական պրոցեսի մեջ: Քրիստինե - Ես վաղուց էի ուզում այդպիսի մի մտահղացում իրականացնել, բայց քանի որ նոր եմ եկել այստեղ և գալուց բացարձակապես պատկերացում չունեի, թե ուր եմ գալիս, ում հետ եմ աշխատելու, ինչպես է ամեն ինչ լինելու, ուստի ամենասկզբից դժվար էր այդ մասին անգամ խոսել: Իսկ երբ արդեն առաջարկեցին նվագել քառյակում, մտածեցի՝ իհարկե, պետք է փորձել, իսկ ժամանակը արդեն ցույց կտա, թե ինչ կստացվի: Իրինա - Մեր քառյակը ստեղծվեց նվագախմբի հիման վրա ու հենց նվագախմբի անդամների միջոցով: Բավականին դժվար պայմաններում պատրաստվեցինք, քանի որ վրա հասավ ձմեռը, իսկ մենք ավելի շուտ էինք ուզում նվագել: Այդ իսկ պատճառով մենք կարողացանք ցույց տալ ընդամենը Կոմիտասից մի քանի հատված, թեև պատրաստում էինք Մոցարտի քառյակը: Մոցարտ նվագելու ծրագիր առայսօր ունենք, կկայանա կվարտետային երաժշտության երեկո, որին կմասնակցեն երևի երկու քառյակ: Երեկոյի ընթացքում մենք կնվագենք Մոցարտ: Քառյակի գոյությունը նվագախմբից դուրս չեմ տեսնում, որովհետև բոլոր տարրերը վերցնում ենք նվագախմբից, այսինքն՝ այն պահանջները, որոնք մաեստրոն ունի նվագախմբի հանդեպ, այդ նույնը մենք կիրառում ենք քառյակում: Եվ կարելի է ասել, որ հիմքը դրված է Գևորգ Մուրադյանի պահանջների և մեր ալտահարուհի՝ Մարգարիտա Հախնազարյանի աջակցության վրա: Թե հետագայում ինչ կլինի, ցույց կտա ժամանակը: -Այսօր ձեր նվագախմբի երաժիշտների մի մասը նաև դասավանդում է տեղի երաժշտական օջախներում: Ի՞նչ կասեք այդ մասին: Լուսինե - Ես ունեմ երկու աշակերտ: Ու ամենացավալին այն է, որ շատ մարդիկ բացարձակապես անտեղյակ են, թե ինչ ասել է թավջութակ, նրանք նույնիսկ չգիտեն էլ, թե դա ինչ է, լինում են դեպքեր, երբ նույնիսկ անունը չեն կարողանում հիշել: Ծնողները հաճախ ասում են՝ ախր ես երաժշտական կրթություն չունեմ, ինչպե՞ս երեխայիս օգնեմ: Ու ես ստիպված եմ լինում բերել իմ օրինակը՝ իմ ծնողներն էլ երաժշտական կրթություն չունեն, բայց նրանք օգնել են ինձ: Պարզապես պետք է, որպեսզի ծնողները տանը հետևեն իրենց երեխաներին, գոնե մի կես ժամ: Կարևորը վերահսկողությունն է: Այդ դեպքում է հնարավոր միայն, որպեսզի երեխաները ընտելանան իրենց համար այդ անծանոթ գործիքին: Իրինա - Ես դասավանդում եմ Շուշիի գիշերօթիկ դպրոցում, ունեմ 6 աշակերտ: Շատ ցավալի փաստ է, որ երեխաները մեծացել են դժվար պայմաններում, բայց պիտի ասել, որ այն հիմքը, որն այսօր անհրաժեշտ է, նրանց մոտ բացարձակապես բացակայում է: Նման պայմաններում, բնականաբար, դժվար է ինչ-որ բան կերտել: Ունեմ 6-րդ, 7-րդ դասարանի աշակերտներ, որոնք իրենց մասնագիտական պատրաստվածությամբ շատ թույլ են: Թեև, կոնկրետ աշխատանքների դեպքում, միգուցե նրանք կարողանան ապագայում աշխատել Արցախի որևէ երաժշտական կոլեկտիվում, եթե ոչ լարային նվագարանների վրա, ապա, ասենք, փողային գործիքների. ամեն դեպքում, հնարավորություն կունենան, կապելու իրենց կյանքը երաժշտության հետ: Հրանտ - իմ կոլեգան՝ տիկին Մարգարիտան, արդեն զբաղվում է մանկավարժությամբ: Իհարկե, չեմ կարծում, որ մեկ ալտահար-մանկավարժը բավական է, բայց այսօրվա պայմաններում սկիզբն այդպես պիտի դրվի: Իսկ հետագայում գուցե ևս մեկի պահանջ լինի: Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ
ՎԱՅ-ԵՐԳՉԻ ՏՈՆ՝ ՍՊԱՅԻ ՏԱՆԸ Ներիր, Տեր, ներիր, եթե մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դեմ: Արդար է հայրենիքին ծառայել ամեն ինչով՝ բացի ստորությունից: Գ. Նժդեհ Վերջերս ներկա էի հայ երգարվեստում միանգամայն անծանոթ Կարեն Գալումյանի և սիրիացի պորտապարուհու համերգին: Ես սիրում եմ արևելյան երաժշտությունն ու պարարվեստը և համոզված եմ, որ մշակութային կապերը, փոխադարձ շփումներն ու մերձեցումներն աշխարհի բոլոր ժողովուրդների միջև անհրաժեշտ ու բնականոն երևույթներ են: Բայց, տվյալ դեպքում, ինձ անակնկալի բերեցին մի կողմից՝ «երգչի» ցածր կատարողական ընդունակությունները, մյուս կողմից՝ նրա քաղքենությունն ու լկտիությունը, որի գագաթնակետը եղավ հայ երգի պայծառ աստղեր Օֆելյա Համբարձումյանի և Գոհար Գասպարյանի անունների հետ կապված նրա պատմած գռեհիկ անեկդոտը... Փառք Աստծո, հանդիսատեսի վերաբերմունքը «երգչի» ու նրա «արվեստի» նկատմամբ միատեսակ չէր: Սակայն ինձ առանձնապես մտահոգեց 13-17 տարեկան աղջիկների ապշեցուցիչ-հիացական-քծնամոլ հայացքները, աղաղակներն ու վարքագիծը: Ինչպե՞ս կարելի է բացատրել մեր հանրապետության ամենապատվելի բեմերից մեկի (այստեղից մեր պետական այրերը բարձրախոսում են հայրենասիրության, ազգային ոգու, արյան գնով ձեռք բերվածը պահպանելու և ամրապնդելու ու նման այլ արժեքների մասին) տրամադրումը այնպիսի «վայ արվեստագետի», ինչպիսին Կարեն Գալումյանն է: Ի՞նչ է դիտում արցախցի երիտասարդը հեռուստատեսությամբ (ի նկատի ունեմ ԼՂՀ տարածքում արբանյակային ալիքներով հեռարձակվող հեռուսատահաղորդումները և տեղական-մասնավոր ռադիոալիքներով սփռվող հաղորդումները) և ի՞նչ է նրան հրամցվում որպես արվեստ: Մենք բազմամիլիոնանոց ազգ չենք և իրավունք չունենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործընթացը միայն պլակատներով ու հազարից մեկ անցկացվող լուրջ միջոցառումներով պաշտպանել՝ ազատ շուկայական քամիների ու ցնցումների հորձանուտից: Մեր երկրի վաղվա օրը կերտողներն այսօրվա մեր երիտասարդությունն է: Մի՞թե այսօրվա մեր պետական այրերն արդեն հասցրել են իրենց երեխաների ու բարեկամների համար ապահով տեղեր հայթայթել աշխարհի «տաքուկ» անկյուններում, որ այդքան անտարբեր են ժողովրդի վաղվա օրվա հանդեպ: Պետությունը պարտավոր է ունենալ հատուկ ազգանպաստ գաղափարախոսություն և դրա վրա հիմնված նպատակասլաց քաղաքականություն՝ աճող սերնդի բարոյական, հոգեբանական, ոգեղեն դաստիարակության ուղղությամբ: Դպրոցը միայնակ անզոր է կասեցնելու դրսից եկող ամենաթողության, անպարկեշտության, «զարգացվածության» հեղեղը: Հայ ժողովուրդը դարերի խավարի միջով է պահպանել ազգային արժանապատվության և, ընդհանրապես, արժանապատվության զգացումը: Ժամանակը դեռ կդատի այսօրվա այն պետական այրերին, ովքեր ուրացել են ժողովրդին պահել-պաշտպանելու և նրա հոգսը թեթևացնելու իրենց սուրբ պարտքը: Գայանե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԿԱՄԵՐԱՅԻՆԻ ՆՎԵՐԸ ԱՐՑԱԽԻ ԿԱՆԱՆՑ Ապրիլի 9-ին Սպայի տանը կայացավ Արցախի կամերային նվագախմբի հերթական համերգը՝ նվիրված մայրության և գեղեցկության օրվան: Այս անգամ էլ, ավանդության համաձայն, նվագախումբն անակնկալներ մատուցեց լեփ-լեցուն դահլիճին՝ համերգին ներգրավելով նաև Արցախի նորաստեղծ Ջազզ Բենդին (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Տիգրան Լալայան) և Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից գործող քոլեջի ջութակի դասարանի սաներին, որոնք համերգի վերջում Կամերայինի և Ջազզ Բենդի հետ համատեղ կատարեցին Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»: Վերջում կամերայինի գեղ. ղեկավար և դիրիժոր Գևորգ Մուրադյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ հրավիրեց Մեծ եղեռնի 90-ամյակին նվիրված ապրիլի 23-ին կայանալիք համերգին: Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ | ||
Հրատարակվում է "Conciliation Resources" կազմակերպության ֆինանսական և Ստեփանակերտի մամուլի ակումբի ստեղծագործական աջակցությամբ | |||