|
|
# 5 (24), 15 մարտի, 2005 թ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՎԵՐ Է
Արցախի ժողովրդավարական կուսակցության (նախկինում՝ ԺԱՄ) կենտրոնական խորհրդի գրասենյակի գաղափարական բաժինը (ահա այսպիսի ազդու և աբսուրդային անվանում) նորերս հանդես է եկել մի սենսացիոն վերլուծությամբ և այն վերնագրել այսպես՝ «Վաղաժամ «վերլուծությունների» գայթակղություն» («Հայրենիք», 8 մարտի): Վերլուծելով արցախյան քաղաքական դաշտի վերջին զարգացումներն ու միտումները՝ այս, թող ներվի ասել, գաղափարական մարմինը ինքզինքը հարց է տալիս. «Որևէ դերակատարություն ունի՞ այստեղ Արևմուտքը»: Ու ինքն էլ պատասխանում է. «Այս հարցի պատասխանը դժվար է տալ: Փաստենք միայն. շատ արտառոց պետք է համարել, որ արևմտյան դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ ինքնադրսևորվող Ստեփանակերտի մամուլի ակումբը դարձել է «Շարժում-88» գրեթե ծայրահեղ ազգայնական կուսակցության գաղափարական հենարանն ու խոսափողը»: Վերջապես: Իրականացավ: Թե չէ արդեն կասկածում էինք, որ մտքները փոխել են: Ախր սա վաղուց պիտի ասվեր, այս քարը վաղուց պիտի նետվեր: Որպեսզի ընթերցողին չտանջեմ՝ մղելով ենթադրությունների գիրկը, թե ինչու եմ այսպես մեկնաբանում վերոհիշյալ զրպարտությունը, միանգամից բացեմ խաղաքարտերը: Անցած տարվա վերջին երկրի բարձրագույն ղեկավարներից մեկը (ոչ առաջին դեմքը) մի «նեղ կրուգի» պատվիրել էր Ստեփանակերտի քաղաքապետ, «Շարժում-88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանին ներկայացնել որպես արցախյան Յուշչենկո, շրջանառության մեջ դնել այն վարկածը, որ Արևմուտքը ֆինանսավորում է այդ քաղաքական ուժին: Ուշադրություն դարձրեք պատվիրման ժամկետին՝ անցած տարեվերջ: 2-3 ամիս հետո միայն՝ մարտի 5-ին, հրապարակվեց ԼՂՀ նախագահի հրամանագիրը խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետի մասին (հունիսի 19): Այսինքն՝ մարդիկ ամիսներ առաջ նստել ու մտածել էին, թե ինչպես վարկաբեկեն հիմնական մրցակիցներին՝ նախքան ընտրարշավը: Քանի որ ձեռքների տակ ոչինչ չկար, ապա խորհուրդ տրվեց չխորշել ոչնչից, թացը խառնել չորին, օգտագործել ճշմարտանման ցանկացած հնարավորություն: Պատվիրատուն, ըստ երևույթին, թքած ուներ երկրի իմիջի, իր այդ քայլից բխող վտանգների վրա և ավելորդ անգամ ապացուցեց, որ կա իշխանավորների մի տեսակ, որն իր անձնական հարցերը լուծելու համար պատրաստ է ողջ երկիրը վարի տալ, առաջնորդվելով «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: Հակված չենք կարծելու, որ այդ հարցում հիշյալ անձն իրենով մարմնավորել է ամբողջ իշխանության կարծիքը, միևնույն ժամանակ այնքան միամիտ չենք եզրակացնելու համար, որ դա նրա զուտ անձնական նախաձեռնությունն էր: Ինչ որ է, փոխանակ ուրախանալու, որ Արցախում հասունանում է դեպքերի զարգացման մի ֆանտաստիկ ու հետխորհրդային տարածքում աննախադեպ տրամաբանություն, որի դեպքում երկրի հանրությունը քաղաքականապես այնքան է հասունացել, որ առանց դրսի օգնության ու ռեժիսորության կարողանում է ինքը որոշել իր հետագա ճակատագիրը, իր ձեռքն առնելով պետականաշինության լծակները (ինչումն էլ կայանում է ժողովրդավարության էությունը), իշխանական լծակներն իրենց ձեռքերում կենտրոնացրած և այդ լծակները միայնումիայն իրենց անձնական շահերին ծառայեցնող որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ որոշեցին գնալ «վա-բանկ»-ի՝ այս բազմաչարչար երկիրը տանելով մի նոր, այս անգամ արդեն՝ արհեստական փորձության եւ օրորոցում խեղդել այն դրական ներուժը, որը խթանելու է երկրի զարգացումը: Փորձության տանողները ոչ միայն չեն հասկանում, որ հանրության ներկայիս քաղաքական հասունության մակարդակի պայմաններում նման ջանքերը դատապարտված են անհաջողության, այլև ատելությամբ, պաթոլոգիական ատելությամբ են լցված նույն այդ հասունության նկատմամբ: Մարդ որքան պիտի ատի սեփական ժողովրդին, որ նման փորձությունների տանի նրան, որ փորձի այդաստիճան հիմարացնել նրան: Ինչ որ է, խաղաքարտերը բացված են, դիմակները պատռված, իսկ պատվերն էլ՝ սկսել է կատարվել: Այսինքն՝ ամեն ինչ պարզ է ամառային ջինջ երկնքի պես: Այս պարզությունն էլ այն երաշխիքն է, որ ժողովուրդն այլևս չի խաբվի: Այնուամենայնիվ, մի պարզաբանում չէր խանգարի: Արևմտյան հետքի անպտուղ որոնումները ստիպել են մեր իշխանավորներին կառչել ծղոտից, օգտագործել այն հանգամանքը, որ տողերիս հեղինակը Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահն է և «Շարժում-88»-ի երկու փոխնախագահներից մեկը, իսկ ակումբն էլ, որպես հասարակական կազմակերպություն, մասնակցում է լրատվական դաշտում իրականացվող մի շարք միջազգային ծրագրերի: Նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ ԼՂՀ լրագրողների միությունը Արցախի ժողովրդավարական կուսակցության գաղափարական հենարանն ու խոսափողն է այն պարզ պատճառով, որ միության որոշ անդամներ լուրջ դիրքերում են նաև ԱԺԿ-ում: Բայց այս աբսուրդը մեզ չի սազում, ինչպես չի սազում քար նետել գործընկեր կազմակերպության բոստանը. սա արդեն ԱԺԿ-ի, թող ներվի ասել, գաղափարական մարմնի իրավասությունն է: Ինչպես և նրա իրավասության ենթակա է այնպիսի մի ճչացող անգրագիտություն, որպիսին էր «Շարժում-88» կուսակցությունը ծայրահեղ ազգայնական անվանելը: Ինչպես ասում են՝ կենացները խառնել են: Մի կողմ թողնենք «Շարժում-88»-ի պարագան և պարզաբանենք Ստեփանակերտի մամուլի ակումբին առնչվող մի հարց. տեղեկատվական դաշտից դուրս ակումբը առաքելություն չունի: Եւ սա տեսանելի է բոլոր նրանց համար, ովքեր տեսնելու ցանկություն ունեն: ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լրահոս ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԸՆՏՐՎԵԼ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ Արցախի պետական համալսարանում կայացած հանդիպման ժամանակ երկրի նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն ինքն իրավունք չունի վերընտրվել երրորդ անգամ: Միեւնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ շարունակվում է Սահմանադրության տեքստի մշակումը: Ըստ շրջանառվող կարծիքի, Սահմանադրության ընդունման դեպքում նախագահը կարող է կրկին ընտրվել:
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՅԱՆԱՆ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ Համաձայն երկրի նախագահի հրամանագրի, խորհրդարանական ընտրությունները ԼՂՀ-ում կկայանան հունիսի 19-ին: Առաջին անգամ խորհրդարանի 1/3-ը կձեւավորվի համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով: Այդ ամենը ենթադրում է կուսակցությունների դերի բարձրացում ինչպես նախընտրական պայքարում, այնպես էլ ընտրվելիք Ազգային ժողովում: Բնական է, որ ընտրությունների նախօրեին վերակառուցվեցին գործող կուսակցությունները եւ ստեղծվեցին նորերը: Թվարկենք. ավանդական ՀՅԴ-ն, որն արդեն հայտարարել է իր ընդդիմադիր դիրքորոշման մասին, կոմունիստները, որոնք բավականին մեծ զանգված են ներկայացնում, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» վերածված ԺԱՄ-ը, որը գործող իշխանությունների քաղաքական հենարանն է հանդիսանում (ԱԺԿ-ին միացել են սոցիալ-դեմոկրատները, Արմենական կուսակցությունը), ՏԻՄ ընտրությունների նախօրեին ստեղծված «Շարժում 88» կուսակցությունը, որն իր ակտիվում արդեն ունի լուրջ հաղթանակ: Ընտրություններում իրենց թեկնածուներին կառաջադրեն նաև «Սոցիալական արդարություն» եւ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները, որոնք դժվար թե միանան իշխանամետ կուսակցություններին: Իսկ ահա նորերս ստեղծված «Ազատ Հայրենիք» կուսակցությունն իրեն աջ-կենտրոնամետ է հռչակել: Ամենայն հավանականությամբ, կստեղծվեն նախընտրական դաշինքներ, քանի որ բավականին բարձր է կուսակցական ցուցակներով խորհրդարան մտնելու շեմը: Ինչ որ է, ընտրապայքարը սկսվում է, եւ մնում է հուսալ, որ այն կընթանա քաղաքակիրթ ձեւով:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԸՆՏՐԱՆՇԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԸ Անցած համարյա բոլոր ընտրությունների խոցելի տեղերից մեկը ընտրաթերթիկներում միասնական նշանի բացակայությունն էր: Ընտրած թեկնածուի անվան կողքին ցանկացած նշան դնելու իրավունքը հնարավորություն էր ստեղծում, որ ինչ-ինչ ուժեր իրենց «պատկանող» ընտրողներին ստիպեն ընտրաթերթիկում դնել այս կամ այն նշանը՝ հետագայում նրանց «հավատարմությունը» ստուգելու համար: Դա ընտրողների բնական դժգոհությունն էր հարուցում: Վերջերս ընդունած Ընտրական օրենսգրքում ամրագրվեց, որ ընտրությունների նշանը պետք է մեկը լինի: Օրերս ԿԸՀ-ը հաստատեց այն V-ձևով:
ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ Սահմանադրության մեջ չեն նշվելու ԼՂՀ սահմանները՝ այդ մասին հայտարարել է նախագահ Ա. Ղուկասյանը, նկատելով, որ սահմանները կճշտվեն բանակցությունների ընթացքում, իսկ հիմնական օրենքը կսահմանի շրջանների քանակը: ԼՂՀ-ում կստեղծվեն նյութական ապրանքների պետական պահուստային պաշարներ: Կառավարությունն արդեն հաստատել է փախստականի կարգավիճակ եւ համապատասխան արտոնություններ ստանալու կարգերը: Հանրապետությունում շարունակվում է 1993 թ-ից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցումը. այս անգամ ավանդների դիմաց որոշակի գումար կստանան մինչեւ 1944 թ. ծնված քաղաքացիները, առաջին կարգի հաշմանդամներն ու զոհված ազատամարտիկների ընտանիքները: Աշխատանքից ազատվել է Ստեփանակերտի քաղաքային դատախազ Յուրի Սահակյանը եւ այդ պաշտոնում նշանակվել է Սեւակ Հակոբյանը:
ՍԵՄԻՆԱՐ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ Ստեփանակերտի մամուլի ակումբը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի հետ համատեղ փետրվարի 26-ից 28-ը կազմակերպեց հերթական սեմինարը՝ «Զանգվածային լրատվամիջոցների հետ հարաբերությունների զարգացման» թեմայով: Սեմինարի մասնակիցները հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ էին: Լոնդոնում տեղակայված Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը /ԲՏԻ/ գործնական դասընթացներ է կազմակերպում լրագրողների համար, նաև սովորեցնում է փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպություններին, թե ինչպես աշխատել լրատվամիջոցների հետ: Կազմակերպության գործունեության այդ շրջանակներում էլ կազմակերպվեց այս սեմինարը: «Մենք ուզում ենք Ղարաբաղի հասարակական կազմակերպություններին սովորեցնել, թե ինչպես ավելի լավ հարաբերվել լրատվամիջոցների հետ,- լրագրողների հետ շփվելիս՝ ասաց ԲՏԻ-ի ներկայացուցիչ Լլոյդ Դոնալդսոնը,- շատ կարևոր է, որ նրանք կարողանան կապ հաստատել ԶԼՄ-ների հետ»: Հանրապետությունում գործող հասարակական կառույցները /ՀԿ/ լրատվամիջոցների հետ շփվելու որոշակի փորձ ունեն: Սակայն այդ շփումները չի կարելի կազմակերպված ու նպատակային համարել: Հաճախ լրատվամիջոց հրավիրելու առիթ է դառնում ՀԿ-ի կողմից կազմակերպած այս կամ այն միջոցառումը և նույնիսկ այդ առիթը արդյունավետ չի օգտագործվում ՀԿ-ի գործունեությունը լուսաբանելու համար: Այս խնդիրների լուծմանն էր նպատակաուղղված սեմինարը: 3 օրվա ընթացքում գործնական վարժությունների, խաղերի միջոցով ՀԿ-ի ներկայացուցիչներին լրագրողների հետ հարաբերվելու ունակություն հաղորդվեց: Տեսախցիկի օգնությամբ կազմակերպած խաղ-հարցաքննումը լրագրողական ճնշմանը դիմակայելու նպատակ էր հետապնդում: Լլոյդ Դոնալդսոնի խոսքերով, թեև շատերը տեսախցիկի առջև հանդես գալու փոքր փորձառություն ունեին, իրենց շատ վստահ են դրսևորել: Մի քանի մասնակիցներ էլ խաղի կանոնները լուրջ ընդունելով, իրապես հուզվել էին: «Շատ բան տվեց այս սեմինարը: Նույնիսկ չէի պատկերացնում, թե ինչքան սխալներ էի թույլ տալիս ձեզ հետ շփվելիս,- իր տպավորությունները կիսեց «Վիտա» ՀԿ նախագահ Արևիկ Պետրոսյանը,- սովորեցինք, թե ինչպես պիտի պահենք մեզ լրագրողների հետ: Չէ որ հաճախ լրագրողները հարցազրույց վարելիս ուզում են շեղել զրուցակցին, զրույցը տանել իրենց հետաքրքրող նյութի ուղղությամբ: Մենք իմացանք, թե ինչպես պիտի պաշտպանենք մեր շահերը»: ԶԼՄ-ների հետ ակտիվ հարաբերվող Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալբերտ Ոսկանյանը խոստովանեց. «Ե°վ մամլո ասուլիսներ ենք կազմակերպել, և° հարցազրույցներ ենք տվել, սակայն, հավատացեք, շատ նրբությունների անտեղյակ էինք: Սեմինարը լրացրեց այդ բացը»:
Սեմինարի 3-րդ օրը ՀԿ-ներին միացան լրագրողները: Երկուստեք ներկայացրին
առօրյա շփումների դժվարությունները: Կազմակերպվեց խաղ-մամլո ասուլիս, որի
ընթացքում ցուցաբերած կազմակերպվածությունը հաճելիորեն զարմացրեց
լրագրողներին: ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Մարտի 7-ին ժամը 11.00-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտ, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խումբը փորձ է արել ներթափանցել ԼՂՀ Պաշտպանության բանակի թիկունքը: Ղարաբաղյան զինված ուժերի՝ մարտական հերթապահություն կրող զինծառայողները կանխել են ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործողությունները և ձեռնարկել նրա վնասազերծման անհրաժեշտ միջոցներ: Սկիզբ առած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը ստիպված էր նահանջել: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ադրբեջանական կողմը շարունակում է ձեռնարկել գործողություններ, որոնք ուղղված են դեմարկացիոն գծում իրավիճակի ապակայունացմանը՝ դիմելով ԼՂՀ զինված ուժերի թիկունքում դիվերսիոն ակտերի կատարման փորձերի, ինչպես նաև մոտեցնելով իրենց պահակետերը ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջին գծին: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերթական անգամ նախազգուշացնում է, որ ադրբեջանական կողմի ցանկացած գործողություն, որը կարող է սպառնալ ԼՂՀ անվտանգությանը և հղի է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմամբ, այսուհետ ևս վճռականորեն կասեցվելու է: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ադրբեջանական կողմին կոչ է անում՝ անվերապահորեն պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և սպառնալիքի տակ չդնել տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը:
ք.
Ստեփանակերտ
ԴԻՏԱՐԿՈՒՄ Մարտի 7-ին ԵԱՀԿ առաքելությունը Աղդամ-Բարդա ավտոմայրուղու հատվածում անց է կացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը /Չեխիա/ և Փիթեր Քիին /Մեծ Բրիտանիա/: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն գրանցվել: Ղարաբաղյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն
ԼՂՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Մարտի 9-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտ, ադրբեջանական ստորաբաժանումները հրազենային զենքի կիրառմամբ փորձ են արել իրենց դիրքերը մոտեցնել ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջին գծին: Ղարաբաղյան զինված ուժերի զինծառայողների կողմից պատասխան կրակ է բացվել: Սկիզբ առած փոխհրաձգության արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ չնայած ղարաբաղյան կողմից Ադրբեջանին ուղղված բազմաթիվ կոչերին, այդ երկրի զինվորական ղեկավարությունը չի դադարեցնում սադրիչ գործողությունները, որոնք կարող են լրջորեն բարդացնել իրավիճակն ինչպես շփման գծում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում: ԼՂՀ իշխանությունները համապատասխան միջազգային կառույցներին իրազեկել են Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների և դեմարկացիոն գծում դեպքերի զարգացման մասին:
ներքաղաքական
ԼՂՀ-Ն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ Ղարաբաղի առաջին՝ համեմատաբար ազատ ընտրությունները եղել են 2000 թվականի խորհրդարանական ընտրությունները, քանի որ մինչ այդ ամեն ինչ որոշում էր «կամանդույուշի» Սամվել Բաբայանը, որի գործոնը առաջիկա ընտրություններում ընդհանրապես բացակա է: 2000 թվականին ձեւավորված խորհրդարանում մեծամասնություն ստացավ նախագահ Արկադի Ղուկասյանի հովանավորյալ՝ Ժողովրդավարական Արցախ միությունը, որը վերանվանվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության: Կառավարող համարվող ԱԺԿ-ին ընդդիմություն է համարվում ՀՅԴ-ն, որն այսօր խորհրդարանում ունի երկու հանձնաժողովի նախագահ եւ երկու հանձնաժողովի նախագահի տեղակալ: Ղարաբաղի քաղաքական դաշտը հստակ պատկերացնելու համար պետք է առանձին ուսումնասիրել այն երկու բեւեռները, որոնց տեսականորեն կարելի է բաժանել Արկադի Ղուկասյանի կողմնակիցների եւ նրա ընդդիմախոսների: Փորձենք առանձին անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին: Արցախի քաղաքական դաշտում գործող ամենահին կուսակցությունն, անշուշտ, ՀՅԴ-ն է, որը ե°ւ 1997, ե°ւ 2002 թվականների նախագահական ընտրություններում պաշտպանել է նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը, եւ մինչեւ 2004 թվականի ՏԻՄ ընտրությունները ՀՅԴ-ի մասին որպես ընդդիմության խոսելն այնքան էլ ճիշտ չէր լինի: ՀՅԴ-ն ներկայացած էր կառավարությունում, ի դեմս կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արմեն Սարգսյանի եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանի: ՀՅԴ անդամ ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը ղեկավարում էր «Արցախգազ» ՓԲԸ-ն, ՀՅԴ մի շարք ներկայացուցիչների հնարավորություն էր տրվել մասնավորեցնել Ստեփանակերտի ալրաղաց կոմբինատը: Չնայած դրան, 2004 թվականի ամռանը ՀՅԴ-ն Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում չունենալով սեփական թեկնածու, պաշտպանեց ոչ թե ԱԺԿ ներկայացուցիչ Պավել Նաջարյանին, այլ «Շարժում-88» կուսակցության նախագահ Էդիկ Աղաբեկյանին, ինչն էլ վճռորոշ եղավ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում նրա ընտրվելու համար: Փորձելով վրեժխնդիր լինել ՀՅԴ-ից՝ 2004 թվականի վերջին Արկադի Ղուկասյանը ելույթ է ունենում տեղական հեռուստատեսությամբ եւ հայտարարում կառավարությունում առկա կոռուպցիայի մասին, իսկ մի քանի օր անց աշխատանքից ազատում կրթության եւ մշակույթի նախարար, ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանին: 2004 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն տարածում է մի հայտարարություն, որում նկարագրելով Արմեն Սարգսյանի պաշտոնանկությունը՝ ասում է. «Իր այդ քայլով նախագահը Արցախի առաջատար քաղաքական ուժին` դաշնակցությանը, փաստորեն, մղում է ընդդիմություն»: Ի պատասխան այդ պաշտոնանկության, ՀՅԴ-ն իր հայտարարությամբ հետ է կանչում գործադիր իշխանության մեջ ներգրավված ՀՅԴ անդամներին: Այդ կոչին հետեւում է միայն վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանը, իսկ «Արցախգազ» ՓԲԸ տնօրեն, ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը կուսակցության որոշումը չկատարելու համար հեռացվում է կուսակցությունից: ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը նաեւ պնդում է, որ ԼՂՀ իշխանությունների հետ իրենց հակասությունների պատճառը ոչ թե ՏԻՄ ընտրություններն են, այլ դրանից առաջ ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի պետ գեներալ Հակոբյանի հայկական մամուլում արտահայտած այն մտքերը, թե ղարաբաղյան կողմը պետք է Ադրբեջանին հանձնի ազատագրված տարածքները, որոնք գեներալը համարում է օկուպացված: «Մենք գտնում էինք, որ այդ վայ գեներալը ոչ միայն այդ կոչումը կրելու, այդ պաշտոնում մնալու, այլ նույնիսկ հայ զինվոր կոչվելու իրավունքը չունի: Դրա համար մենք պահանջում էինք, որ իշխանությունները հստակեցնեին իրենց դիրքորոշումը գեներալի հայտարարությունների նկատմամբ: Մինչդեռ իշխանությունները ոչ միայն դա չարեցին, այլ գեներալը նոր ծառայողական մեքենա ստացավ: Այդ պահից մեր դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ 180 աստիճանով փոխվեց»,- ասում է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը: ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ մոտ 50 ներկայացուցիչներ ընտրվել են գյուղապետեր: 2004 թվականին, աջակցելով «Շարժում-88» կուսակցության ներկայացուցչին, ՀՅԴ-ն պատրաստվում է 2005-ի խորհրդարանական ընտրություններին գնալ հիշյալ կուսակցության հետ դաշինք կազմած: Գրիշա Հայրապետյանն ասում է, որ արդեն կա նախնական պայմանավորվածություն: Իսկ ի՞նչ խնդիր է ուզում լուծել ՀՅԴ-ն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով: Արդյո՞ք ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կարող է լուրջ մտահոգություն ունենալ, որ խորհրդարանում մեծամասնություն ստացած ՀՅԴ-ն մեծամասնություն ստանալու դեպքում կարող է դնել իր պաշտոնանկության հարցը: Մեր զրուցակից ՀՅԴ ներկայացուցիչը ասում է, որ իրենք իրենց առջեւ նման խնդիր չեն դրել. «Մենք ուզում ենք խորհրդարանում ունենալ ընդդիմադիր ուժերի այն քանակը, որը բավարար է իշխանություններին զսպելու համար, ստիպելու, որ նրանք ծառայեն մեր ժողովրդին, մեր պետականությանը»: Այս հավաստիացումը այնքան էլ համոզիչ չի թվում, եթե նկատի ունենանք, որ ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգված են այն հնարավորությամբ, որ Արկադի Ղուկասյանը կարող է փորձ անել մասնակցելու նաեւ 2007 թվականի նախագահական ընտրություններին, որը նրա համար կլինի երրորդ ժամկետը: Եթե Հայաստանի դեպքում կա այն համոզմունքը, որ դա Սահմանադրության կոպիտ խախտում է եւ դրան դեմ կլինի միջազգային հանրությունը, ապա Սահմանադրություն չունեցող եւ միջազգայնորեն չճանաչված ԼՂՀ-ում դա շատ ավելի հեշտ է անել: ՀՅԴ հնարավոր դաշնակից «Շարժում-88» կուսակցության նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Էդիկ Աղաբեկյանը կա°մ ավելի ընդդիմադիր է տրամադրված, կա°մ ավելի անկեղծորեն է արտահայտում իր կուսակցության ապագա ծրագիրը: Իրեն ուղղված այն հարցին՝ ընդդիմությո՞ւն է ինքը, թե՞ ոչ, պատասխանում է, որ եթե ներկա իրականությունը համարենք դիմություն, ապա ինքը այդ իրականությանը ընդդիմադիր է: Աղաբեկյանը «ներկա իրականությունը» նկարագրում է այսպես. «Սոցիալական ծայրահեղ բեւեռացում, մենաշնորհների գոյություն, տնտեսության մեջ պետության դերի խիստ նվազեցում»: Աղաբեկյանը վստահ է, որ ընդդիմության հաղթանակի դեպքում անպայման պետք է անվստահություն հայտնել կառավարությանը, իսկ նախագահի անվստահության հարցը բարձրացնելուց առաջ պետք է քննարկել, թե դա կվնասի՞, թե կօգնի Արցախի միջազգային վարկի բարձրացմանը: Իմփիչմենտի փոխարեն նա առաջարկում է գնալ նախագահի լիազորությունները սահմանափակելու ճանապարհով: Ըստ Աղաբեկյանի, երկրում գործող կառավարման նախագահական համակարգը պետք է փոխարինվի կիսանախագահականով: «Գործող նախագահական մոդելը հակասում է արցախյան ավանդույթներին: Մի քանի հարյուր տարի շարունակ Ղարաբաղը ղեկավարել են մելիքները, որոնք բոլորն էլ ունեցել են հավասար իրավունքներ եւ ցանկացած հարց լուծվել է գառի խաշլամայի սեղանի շուրջ, այսինքն՝ ներկայիս հասկացություններով կոլեգիալ` պառլամենտարիզմի սկզբունքով: Խորհրդարանը պետք է դառնա մշտապես գործող մարմին, ունենա վերահսկող գործառույթներ, իսկ ավելի ցանկալի կլինի, որպեսզի վարչապետին եւս նշանակի խորհրդարանական մեծամասնությունը, որպեսզի յուրաքանչյուրն իրեն զգա պետական կառավարման մասնակից»,- առաջարկում է Ստեփանակերտի քաղաքապետը: Նա իր ղեկավարած կուսակցությունը համարում է ձախ կենտրոնամետ եւ չի բացառում ապագա խորհրդարանական ընտրություններում դաշինքի ստեղծում ոչ միայն ՀՅԴ-ի, այլ նաեւ Արցախի կոմունիստական կուսակցության հետ: «Շարժում 88»-ի ձախ կենտրոնամետությունը արտահայտվում է նրանով, որ կուսակցությունը կողմ է տնտեսության մեջ պետության կարգավորիչ դերի մեծացմանը եւ ուժեղացմանը: Հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակի լուրջ հնարավորություն ունի նորաստեղծ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որի համանախագահներն են «Հայ եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպության ղեկավար Ռուդիկ Հյուսնունցը, «Ղարաբաղ գոլդ» ձեռնարկության սեփականատեր Արայիկ Հայրապետյանը, ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը եւ Արցախի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արպատ Ավանեսյանը: «Ազատ հայրենիքը» համարվում է պրոիշխանական կուսակցություն եւ, ըստ տարածվող լուրերի, ստեղծվել է Արկադի Ղուկասյանի իշխանությունը փրկելու համար: ՀՅԴ շրջանակներին մոտ կանգնած գործիչները բացատրում են, որ ԼՂՀ իշխանությունները գիտակցելով, որ ԱԺԿ-ն չի կարող ստանալ ընտրողների աջակցությունը, ստեղծել են մի կուսակցություն, որը, ֆորմալ իմաստով, որեւէ կապ չունենալով իշխանության հետ, այնուամենայնիվ, ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ի տարբերություն ՀՅԴ-ի եւ «Շարժում 88»-ի, չի բարձրացնի իրենց անվստահություն հարցը: Որպես իշխանությունների հետ կապվածության ապացույց է ներկայացնում այն հանգամանքը, որ 2004 թվականի Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում «Ազատ Հայրենիքի» համանախագահ Արայիկ Հայրապետյանը եղել է ԱԺԿ կողմից պաշտպանվող Պավել Նաջարյանի նախընտրական շտաբի պետը: Ի պատասխան այդ մեղադրանքների՝ «Ազատ Հայրենիքի» ներկայացուցիչները ասում են, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է դարձել իշխանական կերակրատաշտից զրկվելու պատճառով եւ պայքարում է դրան հնարավորինս մոտենալու համար: Կուսակցության համանախագահ Ռուդիկ Հյուսնունցը ասում է, որ իրենց կուսակցությունը չի կարելի իշխանամետ համարել գոնե միայն նրա համար, որ ի տարբերություն ԱԺԿ-ի եւ ՀՅԴ-ի, իրենք չունեն նախագահի խորհրդականներ, քաղաքապետեր, անվտանգության խորհրդի անդամներ, գյուղապետեր: Հյուսնունցը պնդում է, որ իրենք չեն պատրաստվում խորհրդարանական ընտրությունների գնալ իշխանամետ ԱԺԿ-ի հետ, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանի ղեկավար մարմինների ընտրության հարցում չի բացառում դաշինքի ստեղծում, ինչպես ԱԺԿ-ի, այնպես էլ ՀՅԴ-ի հետ: Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում ԼՂՀ նախագահին անվստահություն հայտնելու հնարավորությանը, պարոն Հյուսնունցը ասում է. «Ըստ օրենքի ԼՂՀ նախագահին իմփիչմենտ հայտնելու համար պետք է քվեարկի պատգամավորների 2/3-ը: Ամենամեծ ցանկության դեպքում ընդդիմադիրները խորհրդարանում չեն կարող ունենալ 22 տեղ, քանի որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ԼՂՀ նախագահին վստահում է ընտրողների առնվազն 35 տոկոսը, իսկ 20 տոկոսն էլ համարվում է չկողմնորոշված: Թեկուզ հենց այս թվերից էլ երեւում է, որ նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ հասնել ԼՂՀ նախագահի պաշտնանկությանը: Ինչքան ինձ հայտնի է, ո°չ ՀՅԴ-ում, ո°չ «Շարժում 88»-ում, ոչ էլ մեր կուսակցությունում այդպիսի հարց չի քննարկվում: Եթե կան էլ այդպես մտածողներ, ապա դա ընդամենը անձնական տեսակետ է»: Ինչ վերաբերում է ԱԺԿ-ին, այս կուսակցության ղեկավարությունը չցանկացավ հանդիպել մեզ հետ, սակայն, դատելով ԱԺԿ պաշտոնաթերթ համարվող «Հայրենիք» թերթի հրապարակումներից, որի խմբագիրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն է, ԱԺԿ-ն լիովին վստահ է խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակին:
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՊԱՐՈՆԱՅՔ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՊԵՏՔ ՉԷ ԳԱՅԹԱԿՂՎԵԼ «Հայրենիք» թերթի վերջին համարում (8 մարտի, 2005 թ.) Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի Գրասենյակի գաղափարական բաժնի հեղինակած «Վաղաժամ «վերլուծությունների» գայթակղություն» հրապարակման մեջ կան այսպիսի տողեր. «Փաստենք միայն. շատ արտառոց պետք է համարել, որ արևմտյան դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ ինքնադրսևորվող Ստեփանակերտի մամուլի ակումբը դարձել է «Շարժում-88» գրեթե ծայրահեղ ազգայնական կուսակցության գաղափարական հենարանն ու խոսափողը...»: Հարգարժան պարոններին հիշեցնենք, որ Ստեփանակերտի մամուլի ակումբին (ՍՄԱ) անդամակցում են տարբեր նախասիրությունների անկախ և անկուսակցական լրագրողներ, որոնք աշխատում են արցախյան տարբեր լրատվամիջոցներում՝ հանրային հեռուստառադիոընկերությունում ու «Ազատ Արցախ» պաշտոնաթերթում, Արցախյան պատերազմի վետերանների միությունում ու պետական կառույցներում, այդ թվում՝ ԼՂՀ Նախագահի աշխատակազմում: Այնպես որ՝ իսկապես պետք չէ «գայթակղվել վաղաժամ վերլուծություններով» և հայտնվել ծիծաղելի իրավիճակի մեջ: Մի բան էլ. ՍՄԱ-ն արտասահմանյան դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացրել ու իրականացնում է ծրագրեր, որոնք միտված են նպաստելու ժողովրդավարական արժեքների արմատավորմանն ու քաղաքացիական հասարակության կառուցմանը Արցախում: Այսինքն՝ Ստեփանակերտի մամուլի ակումբը կատարում է այն, ինչ չեն կատարում մեր երկրի նյութական միջոցներով սնվող մի քանի տասնյակ պետական ու հասարակական կազմակերպություններ՝ միասին վերցրած: Եվ, ի դեպ, մեր երկրում ու արտերկրում ավելի մեծ հեղինակություն ունի, քան վերոհիշյալ պետական ու հասարակական կազմակերպությունները: Իսկ ինչ մնում է «Շարժում-88»-ը ծայրահեղ ազգայնական պիտակավորելուն, ես ինձ իրավունք չեմ վերապահում այդ կազմակերպության «փաստաբանը» լինելու, սակայն որպես այս երկրի քաղաքացի, հիշեցնեմ, որ 1988-ին ևս ոչ միայն խորհրդային կայսրապետությունն ու ազերիները, այլև որոշ մերազգիներ Արցախյան շարժումը որակեցին այդ նույն պիտակով, սակայն դա վերջիններիս չխանգարեց, այնուհետև կերպարանափոխվել ու, հայտնվելով Շարժման փրփուրների երեսին, օգտվելով այդ նույն Շարժման պտուղներից, ձեռք գցել շատ բարձր պաշտոններ: «Հայրենիքի» նույն համարում «Իսկ ինչո՞ւ չեն պատասխանել» վերնագրով միաժամանակ տեղ է գտել մի հրապարակում՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի վերջերս կազմակերպած թոք-շոուի մասին: Ուրախալի է, որ հեղինակը, ի տարբերություն Ժողովրդավարական կուսակցության գաղափարական բաժնի, չի գայթակղվել վաղաժամ վերլուծություններով և միանգամայն անկողմնակալ է ներկայացրել ՍՄԱ-ի հեղինակած հիշյալ միջոցառումն ու ըստ արժանվույն գնահատել ակումբի գործունեությունը:
Վարդգես
ՕՎՅԱՆ
կուսակցական
«Ո°Չ ԻՇԽԱՆԱՄԵՏ ԵՆՔ, Ո°Չ ԷԼ՝ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ». Իսկ նրա մասին ասում են՝ «Կ. Օհանջանյանը Ղարաբաղի անցյալ, ներկա եւ ապագա բոլոր ղեկավարների ամենամոտ բարեկամն է»: 2004-ի նոյեմբերին Արցախի քաղաքական դաշտում հայտնվեց մի ուժ, որը պաշտոնապես գրանցվեց որպես «Սոցիալական արդարություն» կուսակցություն: Հիմնադիր համագումարում կուսակցության ղեկավար է ընտրվել Կարեն Օհանջանյանը: Կ. Օհանջանյանը հայտնի է որպես Արցախում առաջին ոչ կառավարական՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության հիմնադիր, որպես մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ջատագով: Ակտիվ շփումներ ունի միջազգային մի շարք կառույցների եւ գիտական կենտրոնների հետ: Բրյուսելի քաղաքական գիտությունների միջազգային ակադեմիան նրան շնորհել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Խաղաղության եւ մարդու իրավունքների բնագավառում միջազգային մրցանակի դափնեկիր է: - Յուրաքանչյուր նորաստեղծ քաղաքական կազմակերպություն առաջին հերթին ձգտում է հանրությանն իրազեկել իր ծրագրի ու խնդիրների մասին: Ակտիվ քարոզչությունը Ձեր պարագայում զարմանալիորեն բացակայել է, եթե հաշվի առնենք լրատվամիջոցների հետ Ձեր մշտական բարեկամությունը: Եվ, ընդունեք, տպավորությունը մի տեսակ ուրիշ է: - Սովորաբար կուսակցությունները, քաղաքական մյուս ուժերն ավելի ակտիվ են սկսում գործել ընտրությունների նախօրյակին՝ արդեն պատրաստ պաշարներով: Մենք պարզապես հռչակել ենք քաղաքական կազմակերպություն եւ ենթադրում ենք, որ խորհրդարանական ընտրությունների շեմին ավելի ակտիվ կգործենք: Իհարկե, ավելի հստակ կներկայացնենք մեր կուսակցության նպատակները: - Իսկ ովքե՞ր են հարում կուսակցությանը: - Կուսակցությունն իր բնույթով լիբերալ է, աջ թեքումով, բայց՝ սոցիալապես ավելի կողմնորոշված: Հիմնականում հենվելու ենք մտավոր ներուժի վրա, մեզ հետաքրքրում են նաեւ տնային տնտեսուհիները: Կարեւորում ենք սոցիալական այդ խավի դերը, անշուշտ, նկատի ունենալով արեւմտյան ժողովրդավարական արժեքները: Ընդհանրապես, ցանկացած քաղաքական ուժ պետք է տեսադաշտում ունենա հասարակության բոլոր խավերին: - Ինչ խոսք, կազմակերպություններ հիմնադրելու հարցում աչքի եք ընկնում արհեստավարժությամբ: Կներեք, դրական իմաստով չեմ հարցը հնչեցնում. ոչ հեռավոր անցյալում հայտնի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիրը դարձյալ Դուք էիք, բայց որտե՞ղ այն ի վերջո հանգրվանեց: - Այն եւս լիբերալ կուսակցություն էր, որի գործունեությունը գլխավորապես նպատակաուղղված էր մարդու իրավունքների պաշտպանությանը: Դրա հիմնադրումը բխում էր «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության նպատակներից, մենք փորձում էինք մի հարթությունում համատեղել հասարակական ու քաղաքական կազմակերպությունների աշխատանքը: Կուսակցության կրախը կապված էր 2000 թվականի մարտին մեր հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Արդյունքում ժողովրդավարությունը մղվեց հետին պլան: Առանձին անհատների նկատմամբ քաղաքական հետապնդումները փաստորեն զրկեցին բնականոն աշխատանք ծավալելու հնարավորությունից: Դրանից հետո ես համոզմունք հայտնեցի, որ կուսակցության ղեկավարությունը կարելի է վստահել Ալբերտ Ղազարյանին, ինչին, պետք է ասեմ, դեմ էր անդամների մեծամասնությունը: Առողջ ուժերը հեռացան կազմակերպությունից, եւ այնտեղ մնաց միայն Ա. Ղազարյանը: Ի վերջո, պարզվեց, որ ես սխալ որոշում էի կայացրել: - Կուզենայինք իմանալ բնակչության հետ ձեր կազմակերպության շփումների մասին: - Մեր ամենօրյա շփումների ժամանակ փորձում ենք իրազեկվել բնակչության սոցիալական հիմնահարցերին, նպաստել դրանց լուծմանը: Այսպես, մեզ հաջողվել է վերստին վերականգնել «Արփեն» կենտրոնի գործունեությունը Արցախում: Չեմ ուզում ծանրանալ նմանատիպ դեպքերի վրա, պարզապես ավելացնեմ՝ կանայք մեր հասարակության ակտիվ խավն են, աջակցության կարոտ, սակայն նրանց խնդիրները քչերին է մտահոգում: Այս առնչությամբ նորից եմ հիշեցնում՝ կուսակցությունը կանանց ավելի մեծ ուշադրություն է դարձնելու: - Քիչ առաջ նշեցիք, որ աջ թեքում ունեք, կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանությունների կողքին եք: - Մենք իշխանամետ չենք, եւ ոչ էլ՝ արմատական ընդդիմություն: Ընդունում ենք իշխանությունների գործունեության մեջ դրականը, բացասականը՝ քննադատում: Պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, որն այսօր խոր արմատներ է ձգել հասարակության մեջ: - Կարծես հակասություն է առաջանում. մի կողմից՝ մատնանշում եք կոռուպցիայի առկայությունը, սոցիալական անարդարությունները, ինչի համար պատասխանատու են այս իշխանությունները, մյուս կողմից՝ հրաժարվում հասարակական-քաղաքական կյանքի արմատական վերափոխումներից: - Ես այսպես եմ պատկերացնում. առաջին հերթին պետք է համախմբենք հասարակության բոլոր խավերին ու հասարակական-քաղաքական կազմակերպություններին: Զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրենք առկա չարիքների, գլխավորապես՝ կոռուպցիայի վրա: Երկիրը չի կարող ժողովրդավարական կոչվել, եթե այնտեղ ապրում է ծայրաստիճան աղքատ զանգված: Չքավորությունն ու ժողովրդավարությունը չհամատեղվող հասկացություններ են: Ի դեպ, այս մտքին կուզենայի հավելել հետեւյալը. պատգամավորները ժողովրդի ընտրյալներն են, ասել է թե՝ ներկայացնում են այս երկրի չքավոր զանգվածին եւս, ուրեմն, այդ ինչպե՞ս են նրանք ստանում ամսական հինգ հարյուր դոլար աշխատավարձ, եթե իրենց ընտրողները մի կերպ են հայթայթում կենսական միջոցները: Պատգամավորի ապրելակերպը պետք է ինչ-որ չափով համապատասխանի երկրի բնակչության կենսամակարդակին: Մեր երկրում ձեւավորված է մարդկանց մի խումբ, որը տիրապետում է ամբողջ տնտեսությունը: Հարց է՝ ինչ սկզբունքներով են նրանք հարկ մուծում պետությանը: Եթե մեզ հաջողվի տեղեր զբաղեցնել խորհրդարանում, ապա մեր ուշադրությունը սեւեռելու ենք գլխավորապես այդ ոլորտի վրա: Ասվածից հետեւում է, որ համապատասխան փոփոխությունների պիտի ենթարկվի նախեւառաջ հարկային օրենսդրությունը: - Դուք ճշտե՞լ եք թեկնածուների ցուցակը, համոզվա՞ծ եք, որ նրանք արժանի են պատգամավորական մանդատ կրելու: - Այս պահի դրությամբ հայտնի են երեք թեկնածուներ՝ Կարեն Օհանջանյան, Իոսիֆ Ադամյան եւ Էլլադա Սահակյան: Սակայն ընտրությունների նախօրեին մենք ավելի կհստակեցնենք մեր անելիքները: Միաժամանակ, թեկնածուներ ենք առաջադրելու համամասնական ընտրակարգով, մյուս կողմից՝ աշխատելու ենք խոչընդոտել հասարակության համար ոչ հաճելի մարդկանց մուտքը խորհրդարան: - Դուք ժողովրդավարական հայացքների կրող եք, ուստի ինչ-որ առումով անհասկանալի է, թե ո՞ւմ եք հատկապես տհաճ մարդ անվանում: - Այո, յուրաքանչյուր ոք կարող է հավակնել պատգամավորի կոչմանը, բայց նաեւ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քննադատել նրանց, ում չի ընդունում: - Որտեղի՞ց եք հայթայթելու ընտրարշավին անհրաժեշտ ֆինանսական միջոցները: - Կուսակցության բոլոր անդամները իրենց նվիրատվություններով կլուծեն այդ խնդիրը: Քանի որ մեր թեկնածուները հասարակության մեջ հեղինակություն ունեցող անձինք են, ուրեմն՝ քարոզարշավը նրանցից այնքան էլ շատ միջոցներ չի պահանջի: - Գաղտնիք չէ, որ Դուք այսօր հանրապետության նախագահի մերձավոր շրջապատում եք գտնվում, ինչն, անկասկած, Ձեր իշխանամետ կեցվածքի մասին է վկայում: Արդեն խոսակցություններ կան, որ կուսակցությունը ծառայեցնելու եք նախագահի քաղաքական նպատակներին: - Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել հենց նախագահի խոսքերն իմ անձի մասին՝ Կ. Օհանջանյանը Ղարաբաղի անցյալ, ներկա եւ ապագա բոլոր ղեկավարների ամենամոտ բարեկամն է: Հնարավոր է՝ դա այդպես է: Ես բավական լավ հարաբերություններ եմ ունեցել այն մարդկանց հետ, ովքեր այսօր պաշտոններ են զբաղեցնում: Սակայն մյուս կողմից՝ բոլորն էլ քաջ գիտեն, որ ամենաճգնաժամային պահերին, երբ գործը հասնում է հասարակության շահերին, ես ինքս իմ վրայով, ինչպես նաեւ իմ թիկունքին կանգնած մարդկանց վրայով չեմ ցատկում: Իմ անձի եւ վարքագծի վրա ոչ մի պաշտոնյա չի կարող վճռական ազդեցություն ունենալ: -Քաղաքական հայացքների վրա նույնպե՞ս: -Նաեւ քաղաքական հայացքների վրա: Նոր խորհրդարանի ձեւավորումը բավական լուրջ իրադարձություն է երկրի ներքին կյանքում, հետեւաբար, դրան նույնքան լուրջ պետք է վերաբերվել: - Դուք եվրոպական արժեքների ինչ-որ մաս կրում եք Ձեր մեջ, եթե հաշվի առնենք միջազգային կառույցների հետ հաճախակի շփումները: Այս տեսանկյունից, ի՞նչ եք կարծում, մեր երկրում իրակա՞ն ժողովրդավարություն է գերիշխում, թե՞ ժողովրդավարության իմիտացիան: - Ավելի շատ՝ իմիտացիան, սակայն, եթե մարդ ինչ-որ բան ցուցադրում է, ժամանակ առ ժամանակ այն կարող է նաեւ իրականության վերածվել: - Ի՞նչ կուզենայիք ավելացնել: - Հինգ տարին մեկ հասարակական կյանքի արմատական վերափոխման հնարավորություն է ընձեռվում: Ուրեմն, ընտրություններից առաջ պետք է մտորել՝ ի՞նչ անել՝ կյանքի պայմանները փոխելու համար, ինչպիսի՞ խորհրդարան ընտրել: Ճիշտն ասած, այսօրվա դրությամբ ես չունեմ լավատեսական մեծ հույսեր, որ ինչ-որ բան կփոխվի: - Դուք գտնում եք, որ հասարակությունը պատրա՞ստ չէ ընտրությունների ճանապարհով հասնել դրան: - Դեռեւս՝ ոչ, չնայած Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունը ցույց տվեց, որ մեր ժողովուրդն ընդունակ է արմատական որոշում կայացնելու: Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԵՎ ՎԻՀ ԿԱ Պետականության իմաստն ու բովանդակությունը ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու եւ անվտանգությունը երաշխավորելու չափորոշիչներով են բնութագրվում: Եվ այդ բնութագիրը տալուց առաջ ժողովուրդը, մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն հաշիվ տա, թե ինչ չափով է նպաստել պետության ամրապնդմանը: Այս ամբողջությունն էլ իմաստավորվում է միայն հասարակական արդարությամբ: Արդարություն, որ պետք է իշխի քաղաքական, տնտեսական, իրավական եւ ընկերային ոլորտներում: Մեր ընտրած ուղու ճշտությունն ու ապագան ստուգելու համար պետք է նաեւ մեկ-մեկ ետ նայել, խոսել հին սխալների մասին եւ այնպես անել, որ այդ սխալները չկրկնվեն, որովհետև, որքան էլ ցավալի լինի, այդ սխալները նորից կրկնվում են: Խորհրդային պետության փլուզումից հետո մեր հասարակության մեջ անմիջապես տեղի ունեցավ սոցիալական շերտավորում, բեւեռացում: Բնակչության այն մասը, որը նախապատրաստված էր այդ իրադարձությանը, իր ձեռքում կենտրոնացրեց նյութական բոլոր ռեսուրսները, մի փոքր մասն էլ սկսեց զբաղվել փոքր ու միջին բիզնեսով, իսկ գերակշիռ մեծամասնությունը դարձավ աղքատության ու սոցիալական անարդարությունների գերին: Գնալով ավելի է ծանրանում բնակչության նյութական բարեկեցությունը, կյանքի բարելավման երաշխիքները դեռ լավ չեն նշմարվում: Մեր աշխատավորությունը, մտավորականությունը ղեկավարության տեսադաշտից դուրս են մնացել: Ճիշտ է, այսօր 40-45 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարդիկ 6-7 հազար դրամի փոխարեն ստանում են 9-12 հազար դրամ կենսաթոշակ, բայց գների ամենօրյա թանկացման մրցավազքում, պետության կողմից մատուցվող ծառայությունների հարաճուն գների պայմաններում դրանք չնչին գումարներ են: Սակայն ցավալի է, որ հանրապետության տարբեր բնագավառի աշխատողներ (ուժային, իրավական) 10-15 անգամ գերազանցող թոշակ են ստանում հիմնական թոշակառուների համեմատությամբ: Իրեն հարգող ոչ մի պետության մեջ այսպիսի աղաղակող սոցիալական անարդարություն չկա: Եթե պետությունը չմտահոգվի եւ մասնակիորեն չբարենորոգի իր սոցիալական քաղաքականությունը, ապա ազգային միասնականությունն ու միաբանությունը կդրվեն վտանգի տակ: Մեր իշխանավորները երեսով պիտի շրջվեն դեպի ժողովուրդը, վերացնեն իրենց միջև առկա անդունդը: Մինչդեռ այսօր մեր փոքրիկ ինքնիշխան պետության մեջ, ուր շատերս իրար ճանաչում ենք, հնարավորություններ չեն ընձեռվում տարիներով կուտակված պրոբլեմների մասին խորհրդակցելու համար մտնել որեւէ պետական պաշտոնյայի մոտ, դեռ չենք խոսում պետական բուրգի բարձրագույն ղեկավարների մասին: Մարդկանց սխալ տեղաբաշխման, կադրային սխալ քաղաքականության հետեւանքով պետությանը հասցվող նյութական ու բարոյական վնասներն ահռելի են: Դրա հետևանքները շատ դժվար է լինում վերացնել: Սոցիալական ոլորտում անհավասարակշիռ քաղաքականությունը շատերը բացատրում են անցման շրջանի գործոններով: Սակայն ամեն ինչ դրանով բացատրելը այնքան էլ ճիշտ չէ: Մեր չճանաչված հանրապետությունն այլ երկրներից վարկեր չի ստանում, բացի Հայաստանից, գումարած՝ սփյուռքից եկած օգնությունը: Կործանվել են մեր երկրի երբեմնի բավականին լուրջ ներուժով արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Դա քիչ է, մեր գլխավոր հարստություններից մեկը՝ անտառտնտեսությունը, ևս ոչնչացվում է: Առաջներում մեր հյուրերին ցույց էինք տալիս վիթխարի ընկուզենիների եւ հսկա կաղնիների անտառները, մինչդեռ հիմա մեր իսկ մեղքով դրանք չկան, արտահանվել են արտերկիր: Որոշ տնտեսավարող սուբյեկտներ եւ ենթակառույցներ դեռեւս ամբողջովին չեն մտցվել հարկման դաշտ, թեեւ կառավարության գործունեությունն այդ ուղղությամբ շատ հստակ է: Ինչ խոսք, այս բնագավառում իր բացասական ներգործությունը դեռեւս զգացնել են տալիս վաղեմի ախտերը՝ անպատժելիության, ամենաթողության, հովանավորչության գործոնները: Այս ամենի պատճառները կադրային ոչ ճիշտ քաղաքականությունն է եւ այլ գործոններ, այլ ոչ թե անցման շրջանը: Մինչ հիմա էլ սոցիալական քաղաքականության ոլորտում սոսկ տեղապտույտներ են: Առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամների, նույնիսկ բանտարկյալների անչափահաս երեխաներին տրվում է դրամական հատուցում, իսկ երրորդ կարգերի հաշմանդամների երեխաներին զրկում են դրանից: Սակայն ի՞նչ տարբերություն կա երկրորդ եւ երրորդ կարգերի միջեւ: Տարբերությունը երբեմն միայն այն է լինում, որ վերջիններս այնքան էլ «շուստրի» չեն գտնվել: Սա վտանգավոր քաղաքականություն է, որ իրականացնում է կառավարությունը, մասնատելով հասարակությունը տարբեր սոցիալական խմբերի: Իրենց հերթին ազգը մասնատում են նաեւ իրար հետեւից ստեղծվող քաղաքական կուսակցությունները՝ որքան հնարավոր է ավելի մեծ ընտրազանգված խլելով իրարից: Այս կուսակցություններն էն գլխից որդեգրում են ժողովրդի շահերի պաշտպանությունը եւ շուտ էլ մոռանում նույն այդ շահերը: Բայց նրանց պարտքն է ակտիվ կերպով մասնակցել մեր կառավարության սոցիալական քաղաքականության ձեւավորման գործընթացներին, մտահոգվել ազգի միասնականությունը ապահովելու կարեւորագույն խնդիրներով:
Արարատ
ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ «Կլոր սեղան»՝ Արցախի քաղաքական ուժերի մասնակցությամբ «Շարժում-88» կուսակցությունը մարտի 5-ին կազմակերպեց կլոր սեղան՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում եւ պետական շինարարություն. հիմնախնդիրներ եւ առնչություններ» թեմայով, որին հրավիրված էին հանրապետության քաղաքական ուժերի ներկայացուցիչները, պատգամավորներ ու փորձագետներ: Ներկայացված էին ՀՅԴ, «Ազատ հայրենիք», «Սոցիալական արդարություն», ԱԺԿ (նախկին՝ ԺԱՄ) կուսակցությունները: Այն փաստորեն Երեւանում փետրվարի 1-ին կայացած հանդիպման շարունակությունն էր, որն անցկացվեց փորձագիտական մակարդակով՝ հայտնի քաղաքական գործիչներ Վազգեն Մանուկյանի, Պարույր Հայրիկյանի եւ Աշոտ Մանուչարյանի նախաձեռնությամբ: Հիմք է ընդունվել այն անվիճարկելի դրույթը, ըստ որի՝ հանրությունն իրավունք ունի անմիջականորեն մասնակցելու մարդկանց եւ ամբողջ ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի քննարկմանն ու լուծմանը: Հանդիպման նախաձեռնող կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանն իր ներածական խոսքում նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չգիտես ինչու օրախնդիր չէ մեզ մոտ, կարծես տաբու է դրված, մինչդեռ՝ այն պիտի լինի երկրի հասարակական ու քաղաքական ուժերի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը: Նրա խոսքերով՝ անցած հինգ տարիների ընթացքում մեր խորհրդարանը, որպես քաղաքական մարմին, գոնե մեկ անգամ ըստ էության չանդրադարձավ այդ խնդրին: Ներկաներին իրազեկվեց երեւանյան հանդիպման մանրամասներին, նշվեց, որ Արցախից հրավիրված էին ԼՂՀ նախագահի խորհրդականներ Մանվել Սարգսյանը, Գեորգի Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը եւ «Շարժում-88» կուսակցության փոխնախագահ Գեղամ Բաղդասարյանը: Քննարկվող թեմայի շրջանակներում ուշադրություն է դարձվել նաև Հայաստան-ԼՂՀ հարաբերություններին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման եւ հայոց պետականաշինության համատեքստում: Գ. Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչ այս ղարաբաղյան խնդրին նվիրված քննարկումները Հայաստանում, որպես կանոն, հանգեցվում են ներիշխանական կամ պարզապես իշխանափոխության խնդիրների: Մաքսիմ Միրզոյանը, ներկայացնելով իր տեսակետը, խորհուրդ տվեց հստակ իրարից սահմանազատել երկու մոտեցումներ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորում եւ ղարաբաղյան խնդրի լուծում: Վերջինս հնարավոր է միայն ղարաբաղյան կողմի մասնակցությամբ: Միտքն ավելի պատկերավոր հնչեցնելու համար շեշտեց, որ հնարավոր չէ շենքի հիմքը դնել Ղարաբաղում, իսկ պատերը փորձել կանգնեցնել Հայաստանում: Անդրադառնալով կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ պետությունների գործունեությանը, Մ. Միրզոյանը նշեց, որ նրանց կողմից հաշտեցմանն ուղղված կոչերը իրականում ոչ մի դրական նշանակություն չեն կարող ունենալ մեզ համար: Իսկ ինչ վերաբերում է Հայաստան-Արցախ միացման գաղափարին, ապա պատգամավորի համոզմամբ, միացումը հնարավոր էր այն քաղաքական դաշտում, որտեղ գտնվում էինք, այսինքն՝ մինչեւ անկախության հռչակումը: Այժմ իրավական դաշտը փոխվել է, եւ ստեղծված իրավիճակում մեզ մնում է միայն մի ճանապարհ՝ անկախ պետականության զարգացում՝ բառի լիարժեք իմաստով: Նախքան միջազգային հանրության կողմից ճանաչվելը՝ առաջին հերթին մենք ինքներս մեզ պիտի ճանաչենք, իսկ Հայաստանն ու Սփյուռքն այս գործընթացում պիտի խաղան իրենց վերապահված դերը: Բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու պատճառները փորձեց բացատրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ հիշեցնելով հայկական դիվանագիտության պատմությունը՝ Ժելեզնավոդսկի համաձայնագրի ստորագրումից մինչեւ մեր օրերը: Եվ եթե այդ ընթացքում Ղարաբաղը դադարել է որպես հակամարտող կողմ բանակցություններին մասնակցելուց, ապա, նրա խոսքերով, այդ մասին տեղյակ է պաշտոնական Ստեփանակերտը: Հանձնաժողովի նախագահն իր խոսքն ընդհանրացրեց այսպիսի հարցադրումով՝ պետք է իմանանք, թե ՀՀ արտաքին-քաղաքական գերատեսչությունը Ղարաբաղի ո՞ր կարգավիճակն է գերապատվելի համարում, արդյո՞ք, Հայաստանի համար ընդունելի տարբերակը ընդունելի կլինի նաեւ մեզ համար: «Ազատ հայրենիք»-ից նրան արձագանքեց Արպատ Ավանեսյանը՝ ասելով, որ իրավիճակի խոսուն վկայությունն է հենց միայն այն փաստը, որ մեր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատկերացում չունի, թե իրականում ինչ է կատարվում ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններում: Շարունակելով միտքը՝ նա առաջարկեց խնդիր դնել հայաստանյան իշխանությունների առջեւ՝ Ղարաբաղին վերաբերող հարցերը քննարկել միմիայն ղարաբաղցիների մասնակցությամբ: ՀՅԴ խմբակցության նախագահի խոսքերով՝ պատերազմում հաղթանակի հասած երկիրը հայտնվել է խնդրողի դերում, իսկ Ադրբեջանը հանդես է գալիս որպես պահանջատեր: Հիշեցնելով 1918 թվականին Անդրկովկասում ստեղծված չորրորդ՝ Արցախի հանրապետության գոյությունը, Վահրամ Բալայանը շեշտեց, որ Ադրբեջանի հետ մենք կարող ենք բանակցել ոչ միայն ազգերի ինքնորոշման, այլեւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մեր պատմությունն ապացուցում է, որ Արցախը ոչ մի կապ չի ունեցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Նա միաժամանակ դատապարտեց այն իրողությունը, որ մեր պետության սահմանները քարտեզներում գծվում են նախկին ձեւով՝ ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջան: Ուրեմն, էլ ինչ դժգոհենք հակառակորդ պետության քարոզչական մեքենայից: Փորձագետ Մուրադ Պետրոսյանի կարծիքով՝ բանակցությունների մասին մեզ չեն իրազեկում, քանի որ մեր օգտին մեզ ոչինչ չկա: Դիվանագիտությունը, նրա խոսքերով, իրենն է անելու, մեզ անհրաժեշտ է ունենալ արդյունավետ պետություն: Մյուս կողմից՝ նա գտնում է, որ եթե մենք զիջումների չգնանք, ապա մոտակա չորս-հինգ տարիների ընթացքում պատերազմի վերսկսման հավանականությունը կմեծանա: «Ազատ հայրենիք»-ը՝ ի դեմս համանախագահ Ռուդիկ Հյուսնունցի, կոչ արեց քաղաքական բոլոր ուժերին՝ համախմբվել ու ձեռքբերված նվաճումները ամրագրել քաղաքականության ու դիվանագիտության ոլորտներում: Հարկ է նշել, որ հանդիպման մասնակիցները, քննարկելով կարգավորման հեռանկարներին ու պետական շինարարությանը վերաբերող հարցերի շրջանակը, չծանրացան չկարգավորվածության պայմաններում Հայաստանի եւ ԼՂՀ-ի իշխանությունների, քաղաքական ուժերի եւ հանրության փոխհարաբերությունների վրա: Համենայն դեպս Գ. Պետրոսյանի արտահայտած միտքը՝ ղարաբաղյան խնդրի քննարկումը Հայաստանում ներիշխանական խնդիրների հասցնելու մասին, շարունակություն չունեցավ: Հանդիպումից հետո մասնակիցներից մեկն այն կարծիքը հայտնեց, որ մեր իշխանությունները ձգտում են խնդրո առարկայի շուրջ ընդհանրապես չբախվել ՀՀ իշխանությունների հետ՝ նկատի ունենալով տնտեսական, քաղաքական կախվածությունը եւ այլ պատճառներ: Իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան գործոնը, որպես հայ իրականության մեջ կատարվող գործընթացների շարժիչ ուժ, հետզհետե դադարում է գոյություն ունենալ: Այս վերջին հանգամանքը ի՞նչ անդրադարձ կունենա հիմնախնդրի կարգավորման հեռանկարների, բուն բանակցային գործընթացի վրա. այս եւ նման այլ հարցերի կփորձեն պատասխանել հաջորդ հանդիպման մասնակիցները, որը նախատեսված է անցկացնել դարձյալ Ստեփանակերտում՝ հայաստանյան փորձագետների մասնակցությամբ: Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
ԼՂՀ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ... «Դեմո»-ի նախկին՝ պատահաբար ձեռքս ընկած համարներից մեկում կարդալով Ս. Գաբրիելյանի հոդվածը՝ «Պատրաստիր սայլը ձմռանը կամ՝ ով է լինելու մեր երկրի հաջորդ նախագահը» (թիվ 4, 2004 թ.), որոշեցի արձագանքել: Իմ ձեռքի տակ չունենալով «Դեմո»-ի մյուս բոլոր համարները, տեղյակ չեմ, թե ինչ արձագանքներ է ունեցել սույն հոդվածը, ինչպիսի կարծիքներ ու բանավեճեր են եղել դրա շուրջ, սակայն լինելով ծննդով ղարաբաղցի, կփորձեմ ես ևս իմ կարծիքը հայտնել Արցախի ապագա նախագահի հարցի վերաբերյալ: Անկասկած ես կարող եմ թվարկել հոդվածագրի մատնանշած այն հինգ կարևորագույն որակները, որ, ըստ իս, պիտի ունենա ԼՂՀ ապագա նախագահը: Այն է՝ 1. Անպայման ունենա հայերեն կրթություն, քաջատեղյակ լինի հայ ժողովրդի պատմությանը և լիովին տիրապետի մայրենի լեզվին, 2. Կարողանա իր անձնական շահը ստորադասել հանրայինին, այսինքն՝ լինի մարդասեր ու հայրենասեր, 3. Լինի ազնիվ ու սկզբունքային, երբեք չենթարկվի այնպիսի մեծ ու փոքր գայթակղությունների, ինչպիսիք են շողոքորթությունն ու կաշառքը, և իր բոլոր գործողություններում առաջնորդվի երկրի բարեկեցությանն ու ժողովրդավարացմանը միտված գաղափարներով, 4. Լինի քաղաքականապես հասուն, ունենա դիվանագիտական կարողություններ, որպեսզի կարողանա միջազգային քաղաքական անցուդարձերում պաշտպանել իր երկրի շահերը, 5. Քաջածանոթ լինի ոչ միայն իր երկրի, այլև համաշխարհային մշակույթի արժեքներին... Վերևում ես շեշտեցի, որ «անկասկած ես կարող եմ թվարկել այն հինգ կարևորագույն որակները...» և թվարկեցի: Սակայն Արցախում ապրող յուրաքանչյուր ողջախոհ քաղաքացու համար պարզ է (մինչևիսկ դրսից է դա ցայտուն երևում), որ տիրող վարչակազմում այդպիսի որակներով քաղաքական գործիչ չկա: Մասնագիտությամբ լինելով ճշգրիտ գիտությունների բնագավառից (ֆիզիկոս եմ), առավել ևս լինելով ռեալիստ և ծանոթ լինելով Հայաստանի ու Ղարաբաղի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութա-լուսավորչական կյանքին, մյուս կողմից՝ որպեսզի ինձ չմեղադրեն ֆանտաստիկ երազանքների մեջ և, վերջապես, որպեսզի ինչ-որ մի Օստապ Բենդեր կարդալով նախագահի իմ վերոթվարկյալ հինգ որակները, երեսիս չնետի. «ԾՏՋպՑ ոօՑՖ Ցպոպ ՊՈՑՖ պքպ Սսþփ ՏՑ ՍՉՈՐՑՌՐօ, չՊպ ՊպվՖչՌ սպՋՈՑ?!...», ապագա նախագահի իմ պատկերացումները կփորձեմ ներկայացնել առավել իրական և ժամանակի բարքերին ու ոգուն համահունչ: Ահավասիկ. 1. Բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, բավական է, որ նա երբևէ կարդացած լինի Թումանյանից հինգ ստեղծագործություն և իմանա, թե ովքեր են Րաֆֆին, Կոմիտասը, Մարտիրոս Սարյանը և Արամ Խաչատրյանը, 2.Սեփական-անձնական բիզնեսից և առօրեական զվարճալիքներից բացի երբեմն զբաղվի հանրության ու երկրի պրոբլեմներով (կարծում եմ՝ եթե վերջինիս տրամադրի 10 % ժամանակ, ապա երկիրն անշեղորեն կբարգավաճի), 3. Բոլորին հավասար աչքով նայի և երբեք ժողովրդին արհեստականորեն չբաժանի երկու մասի՝ յուրայինների և ոչյուրայինների (հակառակ դեպքում մի օր կարող է պարզվել, որ նա ընդամենը 100-150 հոգու նախագահն է...), 4. Քաղաքական հասունությունը լինի թեկուզև այն մակարդակի, որպեսզի հակառակորդ երկրի ներկայացուցիչների կամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրեն թույլ չտա «ավել-պակաս դուրս տալ», 5. Հայրենի հեռուստա-ռադիոեթերը կարողանա մաքրել ապազգային հաղորդումներից, այդ թվում՝ թուրքա-արաբական և ազգայինի տեղ հրամցվող ղավալային երաժշտությունից... Այսինքն՝ կարողանա սեփական երկրում հաստատել ազգային մշակույթի և մայրենի լեզվի իշխանություն ու հայեցի ապրելակերպ: Վերոթվարկյալ այս հինգ որակներն ունենալով, ԼՂՀ ապագա նախագահը, համոզված եմ, իսկապես կկարողանա իր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին մենք բոլորս վաղուց երազում ենք տեսնել... Ընտրությունների ժամանակ, սիրելի հայրենակիցներ, անպայման ձեզ կփորձեն կրկին հիմարացնել, կաշխատեն ձեզ համոզել, թե «իրենք ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը», ընտրություններից առաջ այնպիսի խոստումներ են տալու, որ մի պահ թվալու է, թե իրենք ոչ թե հասարակ մահկանացուներ են, այլ աստծո հրեշտակներ: Եվ որքան շատ խոստումներ տան, այնքան ավելի անգթորեն են խաբելու ձեզ: Իսկ դուք այլևս խաբվելու իրավունք չունեք: Պատերազմի մեջ գտնվող Ղարաբաղին բոլորովին պետք չեն սեփական ժողովրդին արտասահմանյան գերթանկարժեք ավտոմեքենաների սև ապակիների ետևից նայող ղեկավարներ:
Գարեգին
ՀՈՎՍԵՓՅԱՆ
մենք ենք՝ մեր պրոբլեմները ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ՝ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ Այս թեմային էր հիմնականում առնչված «Ոսկեհատիկ» հոլդինգի փայատեր Մովսես Սահակյանի՝ մարտի 2-ին հրավիրած մամլո ասուլիսը: Նախ, պարզաբանելով հոլդինգի և գործարանի միջև եղած կապը՝ Մ. Սահակյանը նշեց, որ «Ոսկեհատիկ» հոլդինգը ստեղծվել է 2004 թվականի նոյեմբերին և ներառում է իր մեջ Ստեփանակերտի Հացի գործարանն ու Ստեփանակերտի ալրաղացը: Հոլդինգի փայատերերը ամերիկահայեր են, որոնց վարչության նախագահն է Ա. Պողիկյանը: Փայատերերի կազմը հետևյալն է. Մովսես Սահակյան (Լոս Անջելես), Արմեն Թոփուզյան (Դեթրոյտ), Հասմիկ Տերտերյան (Լոս Անջելես), Վարուժան Կունդակչյան (Լոս Անջելես), Արմեն Մարտ (Լոս Անջելես), Էդուարդ Մսրյան (Սան Ֆրանցիսկո) և Աբրահամ Պողիկյան (Լոս Անջելես), ովքեր, Մ. Սահակյանի խոսքերով, բացարձակապես նպատակ չունեն Ղարաբաղից որևէ հասույթ դուրս հանելու, այլ հակառակը՝ ինչ շահ ունենան, այդ ամենը պիտի գործի դնեն այստեղ՝ նոր ծրագրեր իրականացնելու համար: Անդրադառնալով սպասվող փոփոխություններին՝ Մ. Սահակյանը նշեց, որ սպասվում են փոփոխություններ հենց գործարանի ներսում և արդեն նորոգվում է արտադրամասերից մեկը, ինչը հնարավորություն կտա բավականին տնտեսումներ կատարել հաց արտադրելիս: Այդ աշխատանքները արդեն սկսված են, և հավանաբար մի քանի ամիս հետո կհասցվեն ավարտին: Երկրորդ փոփոխությունը, որի մասին պարոն Սահակյանը մեզ տեղեկացրեց, այն է, որ հոլդինգը համաձայնություն է կնքել լավաշ-հացի արտադրությամբ զբաղվող «Դայանա» մասնավոր ձեռնարկության հետ, և Հացի գործարանը արտադրելու է նաև լավաշ: Ինչ վերաբերում է գներին, նշվեց, որ լավաշի կիլոգրամը Երևանում վաճառվում է 300 դրամով, այստեղ ավելի թանկ՝ 500 դրամով, և որ փորձեր են կատարվում գնային ճիշտ քաղաքականություն վարել՝ լավաշը վաճառել 400-450 դրամի սահմաններում: Երրորդ փոփոխությունն այն է, որ գործարանը շուտով կսկսի նաև խմորեղեն և թխվածքներ արտադրել: «Ինչ վերաբերում է սպասարկմանը,- նշել է Մ. Սահակյանը,- ապա ունենք հատուկ մասնագիտացված խանութներ ունենալու ծրագիր, և հույս ունեմ՝ մինչև ամառ կամ գոնե մինչև այս տարվա վերջը այդ ծրագիրը կիրականացնենք»: Դա, ըստ ամենայնի, կլինի խանութների ցանց, որտեղ կվաճառվի միայն Հացի գործարանում արտադրված հացաբուլկեղենը: Մ. Սահակյանի հավաստմամբ՝ սպասվող բոլոր փոփոխությունների տրամաբանական հետևանքը կլինի նաև նոր աշխատատեղերի բացումը, ինչը, ըստ նրա, մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու այն փաստը, որ փայատերերը ավելի շատ բարեգործական նպատակներ են հետապնդում, ինչի վառ ապացույցն էլ այն է, որ Արմեն Թոփուզյանը ունի մանկապարտեզների ծրագիր, որի միջոցով հոգում է Քարին տակի մանկապարտեզի ծախսերը, Էդուարդ Մսրյանը հոգում է Շուշիի մանկապարտեզի ծախսերը, Հասմիկ Տերտերյանին ճանաչում են որպես մի շարք զոհված ազատամարտիկների ընտանիքների հովանավոր, Աբո Պողիկյանին ճանաչում են որպես Ղարաբաղում լայն ներդրումներ կատարողի, Արմեն Մարտը նույնպես ունի բարեգործական ծրագրեր, իսկ ինքը՝ Մ. Սահակյանը, Հացի գործարանի միջոցով կհոգա «Զանգակ» մանկապարտեզի ծախսերը: Անդրադառնալով այն գնային քաղաքականությանը, որ իրականացնում է Հացի գործարանը և խոսելով հացի գների իջեցման մասին՝ Մ. Սահակյանն առաջին հերթին հերքեց տարածված այն լուրերը, որ հացի գինը էժանացվել է քաղաքական ինչ-ինչ նպատակներով: «Գները մենք իջեցրել ենք մեր բիզնեսի նկատառումներով,- հավաստիացրել է նա,- և ոչ թե որևէ մեկի խնդրանքով: Որոշումը պատկանում է մեր տնօրենին և փայատերերին: Մենք մտածել ենք, որ հացն էժանացնելով կարող ենք շատացնել թխվող հացի քանակը և հետևաբար շահույթ ապահովել, ի վերջո այդ ժողովուրդն է, որ պիտի շահի էժանացումից»: Բացի այդ, Մ. Սահակյանը նշել է նաև, որ հացի էժանացումը նաև պարզ հետևանք է այն բանի, որ շուկայում իջել են ալյուրի գները. «Երբ մեկ պարկ ալյուրի գինը 12-13 հազար դրամ էր, հացը վաճառվում էր 120 դրամով, հիմա մի պարկի գինը 8 հազար դրամի շուրջ է, ուստի հացն էլ վաճառվում է 80 դրամով: Այստեղ շահույթ կորցնելու խնդիր չկա՝ ալյուրը էժանացել է, հացն էլ էժանացել է»: Լրագրողների այն հարցին, թե ինչքանով է իրատեսական այն հավաստիացումը, որ խորհրդարանական ընտրություններից հետո հացի գները նորից չեն թանկանա, Հացի գործարանի գործադիր տնօրեն Արարատ Հայրիյանը նշեց, որ ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, հացը ոչ թե նորից կթանկանա, այլ՝ կէժանանա: Անդրադառնալով Ստեփանակերտի ալրաղացին, որն, ի տարբերություն գործարանի, դեռ լրիվությամբ չի սեփականաշնորհվել, բայց «թղթաբանությունն արդեն սկսված է»,- Արարատ Հայրիյանը մատնանշեց ալրաղացի հնարավորությունները: Նրա խոսքերով՝ այսօր, նոր պահեստներ կառուցելուց հետո, ալրաղացը կարող է ամբարել 14-15 հազար տոննա ցորեն, նախկին 7 հազար տոննայի փոխարեն: Մեր ալրաղացը իր հզորությամբ այսօր կարող է ապահովել ողջ Ղարաբաղը՝ նշել է նա: Ա. Հայրիյանը կարևորեց նաև նոր պահեստների կառուցումը, ինչը, բացի ցորենի մեծ պաշարներ ամբարելու հնարավորությունից, թույլ կտա նաև որակավորել ամբարված ցորենը: Իսկ դրանից, նրա խոսքերով, մեծամասամբ կախված է նաև հացի որակը. «Եթե ցորենը չի տեսակավորվում, անհնար է արտադրել ստանդարտացված ալյուր, իսկ ստանդարտացված ալյուրը թույլ է տալիս ստանալ անհրաժեշտ պնդությամբ խմոր»: Ինչ վերաբերում է վաճառվող հացի քանակին, ապա տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ Հացի գործարանը ապահովում է քաղաքում վաճառվող հացի քիչ տոկոսը, ինչը, խոստովանում է Մ. Սահակյանը, իրենց չի բավարարում: Իսկ ի՞նչն է խանգարում հացի գործարանին իր ուզած քանակով հաց վաճառել: Գործադիր տնօրենը կարծում է, որ եթե իրենց ուզած քանակով հաց մատակարարեն՝ կասեն, որ հացի շուկան մենաշնորհվել է: Հ.Գ. Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Ծամոն դարձած հացի խնդիրը» հոդվածում նշել էինք, որ եթե սանիտարահամաճարակայինից մեզ դիմեն, ապա սիրով կտրամադրենք այն փռերի հասցեները, որոնք «բախտ» ենք ունեցել այցելելու: Սակայն այդպես էլ ոչ մեկը չկապվեց մեզ հետ: Հետևաբար, տրամաբանական մի հարց է ծագում՝ ինչո՞ւ: Կարելի է անել երկու հետևություն՝ կամ սանիտարահամաճարակայինի հեչ պետքն էլ չի, թե ինչ վիճակում և որտեղ են գտնվում վերոհիշյալ հացի փռերը, կամ էլ լռում է, որովհետև ինքը մեզանից լավ գիտի դրանց տեղը: Երկրորդ դեպքում առաջանում է ևս մի տրամաբանական հարց՝ եթե գիտի, ուրեմն ինչպե՞ս են կարողանում նման փռերում շարունակել զբաղվել ստրատեգիական ռեսուրսի արտադրությամբ: Երկու դեպքում էլ համաճարակայինի քար լռությունը զարմանք է առաջացնում: Իսկ գուցե արդեն այնքան էլ զարմանալի չէ... Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԲԱՆՏԱԽՈ՞ՒՑ, ԹԵ՞ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՅՐԵՆԻՔ 2005 թվականի փետրվարի 16-ին կայացավ զինակոչիկ Արեգ Սարգսի Ավանեսյանի դատավարությունը, որը քաղաքում մեծ արձագանք գտավ: Պատճառն այն է, որ վերջինս իր կրոնական պատկանելության պատճառով հրաժարվել էր անցնել զինվորական ծառայության. «Եհովայի վկաները» հրաժարվում են ծառայել բանակում, քանի որ զենք վերցնելը դեմ է իրենց սկզբունքներին: Իսկ մեր օրենսդրությամբ էլ զինվորական ծառայությունից խուսափելը համարվում է հանցագործություն, որի համար էլ զինակոչիկին դատել են և ենթարկել ազատազրկման: Պարզաբանումների համար դիմեցինք գործը քննած դատավոր Վոլոդյա Ստեփանյանին: Վերջինս նախ մատնանշեց ռազմական դրության մասին օրենքը, ապա ավելացրեց, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի՝ ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը համարվում է հանցագործություն, որի համար նախատեսված պատիժը կախված է այն բանից, թե երկրում ռազմական դրություն է, թե՝ ոչ: Քանի որ Հայաստանում հայտարարված չէ ռազմական դրություն, ուստի այնտեղ գործում է սույն հոդվածի առաջին կետը, իսկ մեզ մոտ, ռազմական դրության պայմաններում՝ հոդվածի երրորդ կետը, որով նախատեսված է 4-8 տարի ազատազրկում: «Մինչև վերջին պահը հրաժարվելով անցնել զինվորական ծառայության՝ ամբաստանյալը նախընտրել է կալանքը,- նշեց դատավորը,- և դատապարտվել է չորս տարի ազատազրկման»: Դատավորի խոսքերով՝ ամբաստանյալը պնդում էր, որ զենք վերցնել չի ուզում և որ ինքը խաղաղության կողմնակից է: «Իսկ մի՞թե մենք խաղաղության կողմնակից չենք,- շարունակում է դատավորը,- բայց այսօրվա դրությամբ, այդ խաղաղությունը հնարավոր է պաշտպանել միայն զենքի ուժով»: Դատավոր Ստեփանյանը նշեց նաև, թե սկզբից մտավախություն կար, որ «Եհովայի վկաները» դատը այլ ձևով կմեկնաբանեն, ուստի և դատին մասնակցելու համար հրավիրել են հեռուստալրագրողների: Բացի այդ, ինքը՝ դատապաշտպանը, անձամբ ձայնագրել է ամբողջ դատական պրոցեսը, որից հետո, դատավորի խոսքերով, մեծ երախտագիտությամբ նշել, որ դատավարությունը եղել է բոլոր նորմերին համապատասխան, և որ ինքը չէր էլ պատկերացնում, որ մեզ մոտ կարելի է այսպիսի մակարդակով դատ անցկացնել:
ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ. Կյանքն առանց տոների անհնար է պատկերացնել՝ մարդկությունն իր պատմության ողջ ընթացքում միշտ էլ հորինել է առիթներ՝ դրանք տոների վերածելու համար: Դրանցից մի քանիսը ժամանակի ընթացքում մոռացվել են, որոշներն էլ առայսօր շարունակում են մնալ արդիական և սիրելի: Մեզ մոտ էլ կարելի է ասել, որ տոների պակաս չունենք, երբեմն նույնիսկ ընդհակառակը. դեռ խորհրդային ժամանակներից մնացած տոներն էլ շարունակում ենք տոնել, երբեմն չխորանալով դրանց իմաստի մեջ: Սակայն սա մի կողմ, քանի որ կասեք՝ է, հետո, տոն է. տոնել ենք ու դեռ կշարունակենք տոնել: Խնդիրն այլ է: Ինչպես ասում են՝ ինչ տոն՝ առանց նվերների և ծաղիկների: Եվ այն նույն ժամանակ, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը ցանկացած, և հատկապես սիրելի, տոների նախօրյակին իջեցնում է շատ ապրանքների գներ՝ հաշվի առնելով, որ, միևնույն է, շահույթի կորուստ չի լինի, մեզ մոտ կատարվում է հակառակ պրոցեսը. Նոր տարվա նախաշեմին գրեթե կրկնապատկվում են ապրանքների գները, դե, իսկ եթե կանանց միջազգային տոնի նախաշեմին կրկնակի և եռակի չբարձրացնեինք ծաղիկների գները՝ մեզ չէին ճանաչի: Հատուկ տրամաբանություն ունենալու անհրաժեշտություն չկա, հասկանալու համար, որ մարդիկ ուզած-չուզած, այսպես թե այնպես պիտի շնորհավորեն իրենց ծանոթ, բարեկամ կանանց, դե, իսկ ո՞ւր առանց ծաղիկների: Եվ ահա այստեղ էլ մարդկանց ամեն անգամ սպասվում է մի նոր անակնկալ՝ եթե մի քանի օր առաջ, օրինակ՝ վարդի գինը 300-400 դրամ էր, ապա տոները մոտենալուն պես այն հասնում է 1000 և ավելի դրամի: Ընդ որում, հնարամիտ ծաղկավաճառները թարմ ծաղիկների հետ մեկտեղ վաճառում են նաև «թարմությունը փոքր-ինչ կորցրած» ծաղիկներ՝ դրանց գլխիկները փաթաթելով թափանցիկ ծաղկե թղթերով՝ պատճառաբանելով, որ այդ ձևով ծաղիկներն ավելի երկար են ապրում: Հոգալով հին, բայց դեռ «կանգուն» ծաղիկների մասին, հերթը հասնում է կոտրվող, կամ արդեն կոտրված ծաղիկներին՝ դրանց համար էլ արդեն վաղուց նախատեսված են ասեղները, որոնց միջոցով ծաղկի գլուխը ամրացնում են ծաղկակոթին և ապա վերջինս հնարամտորեն խցկում նախօրոք պատրաստված ծաղկեփնջի մեջ: Արտաքինից ամեն ինչ կարծես կարգին է թվում, հետո էլ՝ ով հավես կանի ծաղկեփունջը քանդել տալ: Մի քանի օր առաջ, ավելի կոնկրետ՝ մարտի 8-ից դեռ մի երեք օր առաջ որոշեցի ծաղիկ գնել, և ինքնաբերաբար վաճառողուհու հետ զրույց բացեցի ծաղիկների թանկացման մասին: Իմ այն հարցին, թե ինչու են ծաղիկները թանկացել, նա զարմանալի պատասխան տվեց՝ դե, մարտի 8 է գալիս: Հա, լավ, հասկացանք, որ մարտի 8-ը գալիս է, բայց դուք ինչո՞ւ եք ձեր ապրանքը հատուկ թանկացնում՝ կրկին հարցրեցի ես: Պատասխանն ավելի քան հանճարեղ էր՝ այդ օրերին մարդիկ շատ են ծաղիկ առնում: Մեր «հաճելի» զրույցը այսքանով ավարտվեց՝ թեև ծագած հարցերը այդպես էլ անպատասխան մնացին. ասենք՝ ի՞նչ տրամաբանությունից ելնելով են նրանք բարձրացնում ծաղկի գները, անհասկանալի է, թեև գուցե և հասկանալի է՝ այնպիսի տպավորություն է՝ ասես աշխարհի վերջը գալիս է. այսօր վաճառենք ինչքան կարող ենք, մեկ է ստիպված պիտի առնեն, իսկ վաղը ինչ կլինի՝ կլինի: Եվ դեռ չենք խոսում այն մասին, որ Ստեփանակերտ բերում են ընդամենը 3-4 տեսակ ծաղիկներ, որ ոչ մի ծաղիկ վաճառող խանութում կամ կրպակում ծաղկի դիզայներ չկա, ուստի և վաճառվող ծաղկեփնջերն էլ միայն հեռվից են ծաղկեփունջ հիշեցնում, թեև անհասկանալի է, թե ինչով են զբաղված այդ նույն ծաղկավաճառները՝ գոնե ծաղկեփունջ պատրաստելու մասին մի գիրք կամ մի ամսագիր ընթերցեին: Չենք խոսում նաև այն մասին, որ ամբողջ քաղաքում ծաղիկ ընդամենը երկու տեղ են վաճառում՝ Հաղթանակի հրապարակում և թ. 8 դպրոցի հարևանությամբ: Մի բան էլ՝ ինչպես գիտենք, ծաղիկների զանգվածային գնումներ անում են ոչ միայն, այսպես կոչված, ուրախ, այլ նաև սգո օրերին՝ երկրաշարժի օրը, եղեռնի օրը: Այդ օրերին հուշահամալիրում ծաղիկների հսկայական կույտ է հավաքվում. ասում են՝ եղել են դեպքեր, երբ նույն օրվա ուշ երեկոյան հուշահամալիրում տեսել են մարդկանց, ովքեր հավաքում էին ծաղիկները՝ այն վերավաճառելու նպատակով: Թանկացումն էլ ջհանդամը, բայց, տա Աստված, որ այս վերջին հանգամանքը ընդամենը ասեկոսե լինի:
տարածաշրջան - region ՍԻՐԻԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԼԻԲԱՆԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ Մարտի 7-ին Լիբանանի եւ Սիրիայի նախագահներ Էմին Լահուդը եւ Բաշար Ասադը հանդիպել եւ բանակցել են Սիրիայի զորքերը Լիբանանից դուրս բերելու հարցի շուրջ: Մարտի 8-ին սիրիամետ «Հեզբոլահը», որը Լիբանանի հզոր ռազմաքաղաքական ուժերից է, հանրահավաք էր կազմակերպել՝ ի պաշտպանություն Սիրիայի ներկայությանը այդ երկրում: Դիտորդների կարծիքով՝ այդ հանրահավաքի մասնակիցների քանակը բազմիցս գերազանցել է ընդդիմության ցույցերի մասնակիցներին: Նշենք, որ մարտի 5-ին Ասադը ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել է, որ սիրիական զորքերը նախ տեղակայվելու են Սիրիայի սահմանամերձ շրջանում, ապա Լիբանանի ազգային համաձայնության նոր կառավարության հետ, այդ հարցի շուրջ բանակցելուց հետո, կտեղափոխվեն Սիրիա: Միաժամանակ, նա շեշտել է, որ քանի դեռ Իսրայելը չի հեռացել գրավյալ տարածքներից, Միջին Արեւելքում խաղաղություն չի հաստատվելու: Սա այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Ասադի ելույթից քիչ առաջ, խոսքն ուղղելով Սիրիայի նախագահին, հայտարարել էր, թե Վաշինգտոնը Դամասկոսից պահանջում է սիրիական զորքերի եւ անվտանգության ուժերի անվերապահ դուրս բերումը Լիբանանից... Բուշը ընդգծել է նաեւ, որ Սիրիան որպես ահաբեկչության հովանավոր, լուրջ պատնեշ է դարձել «Մեծ Միջին Արեւելքում» խաղաղություն հաստատելու ճանապարհին: Փետրվարի 28-ին, երբ Լիբանանի խորհրդարանում քննարկվում էր Հարիրիի ահաբեկման եւ Օմար Քարամիի գլխավորած կառավարությանը վստահության քվե տալու հարցը, ընդդիմության կոչով ցույցի դուրս եկած տասնյակ հազարավոր ցուցարարների ճնշման ներքո վարչապետը հրաժարական ներկայացրեց, որն արեւմտյան քաղաքական գործիչներն ու միջազգային ԶԼՄ-ները գնահատել են իբրեւ «թավշյա հեղափոխություն»՝ Ուկրաինայի օրինակով, որի արդյունքում խորտակվել է Քարամիի կառավարությունը: Այդօրինակ տեսակետ էր հայտնել նաեւ Ջոնբալաթը, նշելով, որ իրենք գնալու են հենց այն ճանապարհով, որով գնացել են ուկրաինացիները, և շարունակելու են «թավշյա հեղափոխությունը»: Սակայն վերլուծաբաններից շատերն Ուկրաինայի հետ Լիբանանի դեպքերի համեմատությունն այնքան էլ պատշաճ չեն համարում, քանզի այստեղ կատարվել է ահաբեկչություն, որն հանգեցրել է կառավարության հրաժարականին: Նշենք, որ 1990-ից ի վեր Լիբանանում իշխանությունը բաժանված է եղել երկրում առկա ուժերի միջեւ՝ նախագահը քրիստոնյա է եղել, վարչապետը՝ սունի, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա: Այսօր էլ այդ երկրի քաղաքական թատերաբեմում հենց այդ ուժերն են: Ավելին, ինչպես ենթադրվում էր, Լահուդը մարտի 10-ին կրկին վարչապետ է նշանակել Օմար Քարամիին: Լիբանանում ընդհանուր առմամբ արմատավորված են ժողովրդավարական սկզբունքներ, որը թերեւս Ֆրանսիայի ազդեցությունը կրելու հետեւանք է: Լիբանանը զգալիորեն տարբերվում է արաբական աշխարհից, որտեղ գլխավորապես իշխում են բռնապետական վարչակարգեր, որոնք սերտ կապեր ունեն Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ, իսկ Լիբանանում, հակառակ արաբական ողջ աշխարհի, կարելի է փաստել, որ բնակչությունն է հակված դեպի Արեւմուտք: Ինչ վերաբերում է Սիրիայի ազդեցությանը Լիբանանում, ապա այն խոր արմատներ ունի, որը չի վերանա նաեւ սիրիական զորքերն այդ երկրից հեռանալուց հետո: Ավելին, Միջին Արեւելքի հարցերով իրանցի փորձագետ Համիդ Ահմադին շեշտում է, որ թե° շիա եւ թե° սունի մահմեդականների կարծիքով՝ Սիրիայի ներկայությունը նպաստում է երկրի կայունությանը, թեեւ քրիստոնյաները դեմ են դրան: Ահմադիի կարծիքով, Սիրիան ցանկանում է պատվով հեռանալ Լիբանանից, եւ ոչ թե դրսի ճնշման հետեւանքով: Հանգամանք, որը բացատրվում է Դամասկոսի մտավախությամբ առ այն, որ հակառակ դեպքում բացառված չէ, որ լիբանանյան իրադարձությունները ոչ ցանկալի արձագանքներ ունենան Սիրիայում, մանավանդ, որ արաբական երկրների ղեկավարներն էլ են միացել Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների ղեկավարներին: Այսուհանդերձ, քաղաքական գործիչներից եւ փորձագետներից շատերը պնդում են, որ Լիբանանի ապագան մշուշապատ է, և պարզ չէ, թե ինչ ուժեր են իշխանության գալու, մինչդեռ լիբանանցիներին, այդ թվում՝ քրիստոնյա մարոնիներին, ստեղծված իրավիճակը չի մտահոգում: Վերջիններիս հոգեւոր առաջնորդ կարդինալ Պետրոս Սերը մարտի 3-ին, ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթին տված հարցազրույցում շեշտել է, որ այդ երկրին պարզապես, անհրաժեշտ է անաչառ, անկողմնակալ կառավարություն եւ անվտանգության երաշխիքներ: Նա շեշտել է, որ Լիբանանում ներքին բախումները չեն սպառնում, քանզի լիբանանցիները ոչ պատերազմելու ցանկություն, ոչ էլ հնարավորություն ունեն: Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
ՋԱՎԱԽՔ «Կարիք չկա ավելորդ գրգռել իրավիճակը Ջավախքում» Մարտի 13-ին Ախալքալաքում նախատեսվող հանրահավաքին, որն անցկացվելու է տեղի ռուսական ռազմակայանի դուրսբերման կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի որոշման դեմ, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը չի մասնակցելու: «Ռուսական ռազմակայանների խնդրով ռուս-վրացական հարաբերությունների վերջին օրերի լարվածությունը չի բխում ջավախքահայության շահերից եւ դրա համար կարիք չկա ավելորդ գրգռել իրավիճակը Ջավախքում»,- ասվում է Խորհրդի մամլո հաղորդագրությունում: Ի դեպ, հանրահավաքին չի մասնակցելու նաեւ «Ջավախք» ժողովրդական շարժումը: Միաժամանակ, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի մամլո հաղորդագրությունը անդրադառնում է որոշ լրատվամիջոցներով տարածված այն հայտարարությանը, թե իբր Ջավախքում ստեղծվել է նոր` «Միասնական Ջավախք» անունով հասարակական միություն եւ որի նախաձեռնողներից մեկը իբր Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդն է: Խորհրդի մամլո հաղորդագրությունը հաստատում է, որ «ի սկզբանե կողմ լինելով Ջավախքի միասնական ճակատով հանդես գալուն, Խորհուրդը իր համաձայնությունը չի հայտնել իր մասնակցությամբ նոր միության ստեղծմանը այն նկատառումով, որ Խորհուրդն արդեն միասնականության առաքելությունն իրականացնում է»: Հայ պատգամավորները տարբեր դիրքորոշում են ցուցաբերել Մարտի 9-ին եւ 10-ին՝ խորհրդարանական քննարկման եւ քվեարկության ժամանակ, Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները տարբեր դիրքորոշում են ցուցաբերել ռուսական ռազմակայանները Վրաստանի տարածքից դուրս բերելու հարցի վերաբերյալ: Հարցի քննությանը հայ պատգամավորների մասնակցության կարեվորությունը առանձնանում է նրանով, որ ռազմակայաններից մեկը տեղակայված է հայաբնակ Ախալքալաքում: Երկրի խորհրդարանը ձայների 158 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշում է ընդունել մինչեւ սույն թվականի մայիսի 15-ը ռուսական ռազմակայանները երկրի տարածքից դուրս բերելու հարցում Ռուսաստանի Դաշնության հետ հստակ ժամկետ չճշտելու դեպքում` պահանջել ՌԴ-ից մինչեւ 2006թ. հունվարի 1-ը դադարեցնել իր ռազմական ներկայությունը Վրաստանի տարածքում: Այս քննարկմանը հայ պատգամավորներից Համլետ Մովսիսյանն ընդհանրապես ներկա չի եղել. Մելիք Ռայիսյանը քննարկման կեսից թողել է նիստը. Հայկ Մելիտոնյանը կողմ է քվեարկել, իսկ Հենզել Մկոյանը եւ Վան Բայբուրդյանը, քվեարկությունից առաջ արտահայտելով իրենց ժխտողական դիրքորոշումը տվյալ բանաձեւի նկատմամբ, ցուցադրաբար չեն մասնակցել քվեարկությանը: Քննարկվել են ազգային փոքրամասնությունների իրավունքները Մարտի 5-6-ին Ախալքալաքի երիտասարդական միության նախաձեռնությամբ եւ Փոքրամասնությունների հարցերով Եվրոպական կենտրոնի (ECMI) օժանդակությամբ Ախալքալաքում տեղի ունեցավ «Ազգային փոքրամասնությունների խնդիրը միջազգային իրավունքում եւ Վրաստանի օրենսդրությունում» խորագրով սեմինար-խորհրդաժողով, որին մասնակցում էին Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների երիտասարդության ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան Ախալքալաքում Վրաստանի ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ Լեւոն Լեւանյանը («Ազգային փոքրամասնությունների խնդիրը միջազգային իրավունքում»), «Ա-ԻՆՖՈ» լրատվական գործակալության տնօրեն Խաչատուր Ստեփանյանը («Ազգային փոքրամասնությունների խնդրի առաջացման պատմությունը միջազգային իրավունքում»), իրավաբան Գիորգի Սուլաքաձեն («Վրաստանի օրենսդրությունը ազգային փոքրամասնությունների առնչությամբ»), Ախալքալաքի Բարեփոխումների եւ ժողովրդավարության նպաստման կենտրոնի տնօրեն Արարատ Եսոյանը («Միջազգային իրավունքը եւ Վրաստանի օրենսդրությունը ազգային փոքրամասնությունների առնչությամբ»): Բոլոր զեկուցողները սեմինարի մասնակիցներին ներկայացրին ազգային փոքրամասնություններին միջազգային իրավական բազմաթիվ փաստաթղթերով տրվող իրավունքները հոգեւոր, մշակութային, կրթական, սոցիալական, տնտեսական եւ այլ առումներով: Միաժամանակ նշվեց Վրաստանի պարագայում այդ միջազգային փաստաթղթերին կամ չմիանալը, կամ դրանք չհարգելը: Սեմինարին մասնակից երիտասարդները դժգոհություն հայտնեցին Վրաստանի ղեկավարության ազգային փոքրամասնությունների հանդեպ որդեգրած խտրական քաղաքականությունից հատկապես կրթության եւ հոգեւոր-մշակութային ոլորտում: Տեղի է ունեցել ողբերգական դեպք Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ծալկա քաղաքում: Մի խումբ սվաններ, որոնք բնակության համար լեռնային Սվանեթիայից տեղափոխվել են Ծալկա, սպանել են Ծալկայի բնակիչ՝ ազգությամբ հույն Միշա Չամուռվեին: Սպանությունը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ: Մարդասպանները իրենց զոհից նախ խլել են տանը եղած ամբողջ փողը, ապա մորթել նրան: Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Սակայն Ծալկայի շրջանից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հայկ Մելտոնյանը նշում է, որ իրավապահներից հանցագործներին պատժելու կապակցությամբ առանձնապես մեծ հույսեր չի կարելի կապել: Ըստ պատգամավորի, Մ. Չամուռվեի սպանությունը մեկ տարվա ընթացքում 18-րդն էր եւ մյուսներից առանձնանում էր իր սադիստական բնույթով: Մինչեւ այժմ որեւէ սպանություն իրականացնող իր արժանի պատիժը չի կրում: «Նույնը կարող է լինել Միշա Չամուռվեին սպանող մարդկանց նկատմամբ»,- մտահոգված է Հ. Մելտոնյանը: «Ա¬ԻՆՖՈ»
նամականի ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԷ ՃԱՐՊԱԿԱԼԵԼ ՔԱՂՑԱԾ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻՆ Շնորհակալություն «Դեմո» ժողովրդական թերթին և հարգարժան Մ. Բալյանին «Ամեն պատահական մարդու չի կարելի պաշտոն վստահել» հոդվածի համար («Դեմո», 2005, 31 հունվարի): Եվ ինչ էլ հարմար լուսանկարով է հրապարակվել: «Կարկուտը, երաշտը, ահավոր սելավները, տարերայի բոլոր աղետները երկրին այնքան վնաս չեն պատճառում, ինչքան բախտից ու թախտից երես առած աթոռամոլները, մեր օրերի, մեր ժամանակների քաջնազարիկները»,- գրում է Մ. Բալյանը, առաջարկելով պետության ու ժողովրդի հաշվին հղփացող գոնե մեկ պետական պաշտոնյայի մերկացնել ու պատժել օրենքի ուժով, որն «իսկապես դաս կլինի պոտենցիալ թալանչիների համար»: Այսօր մեզ մոտ ստեղծված իրավիճակում անտարբերությունն ու լռելը պարզապես հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ, և սա հատկապես վերաբերում է մտավորականությանը, որին ընդունված է համարել «ազգի ուղեղը» և որը պարտավոր է բացել ժողովրդի աչքերը, օգնել նրան՝ այս անելանելի քաոսում ճիշտ կողմնորոշվելու և իր իրավունքներին տեր կանգնելու: Թե ինչ է կատարվում մեր երկրի «վերևներում», այս մասին ժողովուրդը պիտի իմանա լրատվամիջոցներից, սակայն, ցավոք, որոշ ԶԼՄ-ներ դարձել են իշխանությունների խոնարհ ծառան և շրջանցում են ոչ հաճելի իրողությունները երկրում: Մեր ընտրած նախագահը կամայականորեն ում ուզում է՝ հեռացնում է պաշտոնից, ում ցանկանում՝ պաշտոն է ընծայում: Դրանում ոչ միայն ինքը, այլև իր շրջապատն ու մեր հասարակությունն է մեղավոր: Առանց հանրությանը տեղեկացնելու պատճառների մասին՝ ԿՄՍ նախարար Արմեն Սարգսյանին ազատեց աշխատանքից: Կամ թե՝ գեներալ Վիտալի Բալասանյանին ասպարեզից հեռացնելը, որ նույնպես վրդովմունք է առաջ բերել բնակչության շրջանում: «Սա, մեղմ ասած, լավ բան չէ: Ավելին՝ երևույթն այս ինքնին հուշում է այն մասին, որ ժողովրդավարության անունից խոսող իշխանության ու հանրության միջև գոյացել է մի անհաղթահարելի անջրպետ, որը լրջորեն պետք է մտահոգի ոչ միայն «վերևում» նստածներին, այլև ներքևում կանգնածներին»,- նկատում է Մ. Բալյանը: «Ներքևում կանգնածները»՝ այսինքն ժողովուրդը՝ կարիքավոր, կիսաքաղց, համբերում է դեռ: Սակայն որքան դիմացկուն ու համբերատար, նույնքան էլ անողոք ու արդարադատ է նա: Վախեցեք նրա ահեղ դատաստանից, պարոնայք պետական այրեր՝ ընտրված թե նշանակված: Բարոյական չէ քաղցած ժողովրդի աչքի առաջ ճարպակալել ու զեխանալ, բարոյական չէ 20-25 հազար դրամ ամսվա ապրուստ՝ զոհվածի նպաստ ստացող ընտանիքների կողքին ստորագրել և ստանալ 150-ից 250 հազար աշխատավարձ: Գոնե հարգեցեք ինքներդ ձեզ, բացեք ձեր խղճի աչքերը, նայեք թերասնումից գունատ ու վտիտ անչափահասներին, հատկապես անհայր մեծացողներին, փորձեք մտնել նրանց զոհված հոր «մաշկի տակ», որն իր արյունն է տվել այս հողի համար, որպեսզի իր որդին հպարտ ու երջանիկ քայլի իր երկրում: Իմացեք նաև՝ ոչինչ և ոչ ոք անպատիժ չի մնում: Մեր փոքրիկ Արցախը վիթխարածավալ Ռուսաստան չէ: Այստեղ բոլորը լավ գիտեն բոլորին և քաջատեղյակ են, թե ով՝ ով է, և ով ինչով է զբաղվում, ով է այս երկրի տունը քանդում և ում հոգին է իսկապես ցավում այս երկրի բախտի համար: Պետական պաշտոնյան, նա, ով պատասխանատու է ժողովրդի ու երկրի ճակատագրի համար, իրավունք չունի միայն իր «ես»-ի, իր մերձավորների բարեկեցության մասին մտածելու, չարաշահելով պաշտոնեական դիրքը: Իսկ մեր պետական այրերի մի զգալի մասը բիզնեսմեններ են՝ խոշոր խանութների ու հողահանդակների տերեր... Վաղուց արդեն Ժամանակն է ազատվել «բիզնեսմեն» ղեկավարներից, որոնց ուշադրությունը սեւեռված է միայն կապիտալ կուտակելու վրա: Այնինչ, օրինականության ուղեգիծ հռչակած ԼՂՀ նախագահն ազատում է ժողովրդի հարգանքը վայելող կադրերին, որոնց անունները նշեցինք վերևում: Եվ սա պառակտում է մեր շարքերը, ցասումով լցնում ժողովրդի հոգին, ինչը կործանարար է երկրի համար: Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՕՐԻՆԱԶԱՆՑԻՆ ՊԱՏԺԵԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է ՌԴ Պետդուման վերջերս պահանջեց Ռուսաստանի առողջապահության և սոցապահովության նախարար Ալեքսեյ Զուրաբովի հրաժարականը՝ թոշակառուներին և հաշմանդամներին թոշակների և նպաստների տրման ժամկետներում թույլ տված թերությունների համար: Կամա թե ակամա համեմատում ես մեզ հետ: Չէ՞ որ մենք էլ ունենք «պետդումա»՝ 33 հոգուց բաղկացած Ազգային ժողով, որն ունի վերահսկիչ պալատ, մշտապես գործող հանձնաժողովներ, փորձագետներ և այլ: Շուտով ավարտվելու է ներկայիս խորհրդարանի ժամկետը: Եղե՞լ է, արդյոք, դեպք, երբ մերոնք քննարկեն նման հարց: Զեկուցե՞լ են, արդյոք, պատգամավորները, թե նախընտրական հանդիպումներում հենց իրենց տված խոստումներից քանիսն են դարձրել օրակարգի հարց, որոնց հիմքում ընկած էին ժողովրդի շահերի պաշտպանությունը, աղքատության դեմ պայքարը, աշխատատեղերի ստեղծումը և այլն: Դա երկրորդական պլան է մղվել: Դրա փոխարեն հասկանալի պատճառներով մեծ թափ է ստացել նոր կուսակցությունների ստեղծման մրցավազքը, որի կարևորությունը մեծ է հատկապես նախընտրական շրջանում: Երկրի նախագահը դեկտեմբերին կայացած հանրապետական խորհրդակցությունում ընդհանուր բառերով քննադատեց առողջապահության համակարգի աշխատանքը, նշելով, որ այդտեղ եղել են կաշառակերության դեպքեր, դեղամիջոցների բարձր գներով վաճառք, ոչ լիակատար բուժման դեպքեր և այլն: Վերջում ավելացրել է, որ այդ համակարգի սխալները վերացնելու համար տրվում է երկու ամիս ժամկետ: Ճիշտ է դիտողությունը: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում է Ռուսաստանի բնակչության մեկ հազարերորդականը և տարածքի մեկ երեքհազարերորդական մասը: Այդ ահռելի պետության երկու ոլորտները՝ առողջապահությունը և սոցապահովությունը, գլխավորում է մեկ նախարար և, թվում է, թե հնարավոր են բացթողումներ, իսկ մեր մի բուռ բնակչությանը սպասարկում են երկու նախարարներ, որոնք ունեն տեղակալներ, բաժիններ, առանձին-առանձին շենքեր, մեքենաներ, վարորդներ և այլն, և այլն, ուստի այստեղ թերությունների, խախտումների, օրինազանց երևույթների մասին խոսք անգամ չպիտի լինի: Բայց ի՞նչ. նախագահի զեկույցից մեկ շաբաթ անց հեռուստատեսությամբ հանդես է գալիս առողջապահության նախարար տիկին Զոյա Լազարյանը և հայտարարում հետևյալը. «Ճիշտ են մեր համակարգի հասցեին արված նախագահի բոլոր դիտողությունները: Ես հանձն եմ առնում, որ իմ հանձնարարությունների մի մասը մնում են անկատար: Առանձին մասնագետներ չէին ենթարկվում ինձ: Մեզ հասցեագրված ահազանգերին ուշադրություն չէինք դարձնում: Մենք հաշվի կառնենք այդ բոլոր դիտողությունները և այսուհետև կաշխատենք առանց սխալների և օրինազանցների նկատմամբ կձեռնարկենք կոնկրետ միջոցառումներ, ընդհուպ մինչև կադրային փոփոխությունները»: Ելույթը հաջող էր և հուսադրող: Բայց ահա դրանից մեկ շաբաթ անց նույն նախարարը հեռուստատեսությամբ, այս անգամ ծննդատնից, հանդես է գալիս հետևյալ բովանդակությամբ ելույթով. «Ճիշտն ասած, մեր նախագահի սուր քննադատությունից հետո, որի մեծ բաժինը ձեր կոլեկտիվի հասցեին էր, որոշել էի կատարել կադրային փոփոխություններ՝ մեղավորներին պատժելու, ժողովրդի բողոքներին ընդառաջելու, ձեր կոլեկտիվում ամուր, օրինավոր կարգ ու կանոն ստեղծելու նպատակով: Սակայն իմ ձեռքին է ձեր բոլորիդ ստորագրություններով ինձ հասցեագրված դիմում-խնդրանքը, որի մեջ գրված է՝ մեր կոլեկտիվում տեղ գտած սխալների համար մենք բոլորս մեղք ունենք և մասնակից ենք դրան: Խնդրում ենք ձեզ մեզ մոտ ոչ մի կադրային փոփոխություն չմտցնել: Ի՞նչ արած, ես էլ ձեզ նման մարդ եմ, և չեմ կարող հաշվի չառնել ձեր բոլորիդ կարծիքը: Ոչինչ չեմ ձեռնարկում, միայն աշխատեք այնպես, որ այսուհետ ձեր հասցեին չլինեն բողոքներ»: Եվ վերջ: Կամ վերջերս նույն առողջապահության համակարգի մեջ մտնող ռազմական հոսպիտալում գործող օրենքով բացահայտվել է կաշառակերության դեպք, որը ենթակա է քրեական պատասխանատվության, սակայն ամեն ինչ հարթ ձևով լուծվել և խաղաղ ավարտ է ունեցել: Այսպիսի դեպքերում կամ ուղարկում են թոշակի, կամ տեղափոխում աշխատանքի այլ վայր: Ես գտնում եմ, որ հարցի այսպիսի լուծումը բոլորովին էլ ժողովրդի օգտին չէ: Ժողովրդավարությունը յոլա տանել չէ, այլ այն, որ հանցագործը դատվի, տրված վնասը վերականգնվի մեղավորի հաշվին, իրեն չարդարացնող կադրը ազատվի պաշտոնից, քննվողները, շողոքորթները մեկուսացվեն, խախտված գներով դեղեր վաճառող դեղատները փակվեն և այլն: Մի քանի մարդու պատժելով՝ հազարավոր մարդիկ կշահեն: Այս է ճիշտ ժողովրդավարությունը: Այսքանից եզրակացնում ենք, որ ամեն ինչի հիմքը կադրերի ճիշտ ընտրությունն է: Սերգեյ ՀԱԽՈՒՄՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆ ԸՆՏԱՆԻՔՆ Է Ընտանիք ասելով՝ հասկանում եմ սիրահար զույգի հավատարմությամբ ձևավորված մի փոքր տնտեսություն: Ընտանիքի հիմնադիրներն ունենում են մի վեհ նպատակ՝ ունենալ նոր սերունդ, հոգալ նրա հոգսերը: Որպեսզի զավակները մանուկ հասակից մինչ հասուն երիտասարդության հասնելը ճիշտ դաստիարակություն ստանան և պատրաստ լինեն ինքնուրույն երջանիկ կյանք արարելու, դառնան ժամանակակից հասարակության պատվարժան անդամներ: Պետություն ասելով՝ հասկանում եմ բազմաթիվ ընտանիքների գումարը: Այդ դեպքում պետության ղեկավարությանը ձգտող կամ արդեն դրան հասած այն ո՞ր կուսակցությունն է, որ իր վրա է վերցնում այսպիսի պարտականություններ: Ես մեր բազմաթիվ կուսակցություններից ոչ մեկին չեմ տեսնում, որ պատրաստ լինի ողջ արցախցիներիս հոգատարությունն իր վրա վերցնելու համար: Որովհետև նրանցում չկա լենինյան նախկին կուսակցությունը, որի ղեկավարության օրոք մեկ տարեկան մանուկն անգամ ունեցել է մանկամսուրում իրեն հատկացված սնվելու, քնելու, խաղալու տեղը: Նրա ծնողներն ունեցել են իրենց կայուն աշխատանքը: Այն ո՞ր կազմակերպությունն է, որ կարող է իր վրա վերցնել պատանիների ու երիտասարդության դաստիարակությունը և աշխատանքով ապահովելու պարտականությունը, ինչը ժամանակին անում էր կոմերիտմիությունը: Ո՞ր կուսակցությունն է՝ որի ծրագրում լինի մատաղ սերնդի ձրի կրթության, ձրի բուժման, բնակարանով ապահովման պարտականությունը: Չգիտեմ, թե ուրիշները ոնց են մտածում, ես ցանկանում եմ բոլոր կուսակցությունների համախմբում մեկ կամ երկու կուսակցությունների մեջ: Ցանկալի է երկու մրցակից կուսակցությունների առկայություն, քանի որ մեկի դեպքում երբեմն փորձում են ապացուցել, որ մածունը սև է լինում: Օրեցօր նոր կուսակցությունների ծնունդը ինձ հիասթափություն է բերում: Բազմակուսակցական պետությունը ժողովրդավարական կոսմետիկայով նմանվում է մի ընտանիքի, որի հիմնադիր-ծնողները սիրեկանների նկատմամբ ավելի հոգատար են, քան իրենց զավակների: Ամենակարևորը՝ ժողովրդավարությունը աղքատների գաղափարախոսություն չի կարող լինել, ժողովրդավարությունն ու աղքատությունն անհարիր են: Եթե երկրումդ աղքատություն է, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին ես խոսում: ժողովրդավարություն է, երբ բնակչության ութսուն-իննսուն տոկոսը բարեկեցիկ կյանքով է ապրում: Նարեկ ԱՍՐՅԱՆ
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ «Ապառաժ» թերթի թիվ 22-ում կարդալով «Մի խումբ ուսանողներ» ստորագրությամբ «Ամանորյա նվեր ուսանողների՞ն, թե՞ ուսանողներից» հոդվածը, և ապա ս. թ. համար 1-ում տպագրված վերոհիշյալ հոդվածի պատասխանը, որպես ընթերցող, ինձ համար բազմաթիվ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան: Նախ ողջունելի է, որ Նարեկացի համալսարանն այսօր, ինչպես երկրորդ նյութի հեղինակն է նշում, իր ուրույն տեղն ունի հայ իրականության մեջ: Ողջունելի է նաև, որ բազմաթիվ ուսանողներ սովորում են զգալի զեղչերով կամ պարզապես անվճար: Բայց առաջին հոդվածի մեջ թերևս այս խնդիրը չէ, որ բարձրացվել էր. «մի խումբ ուսանողները» հավաստիացնում էին, որ ամերիկյան տարադրամի բարձր կուրսի ժամանակ բուհի ռեկտորը ուսման վարձը վերցնում էր տարադրամին համարժեք դրամով, իսկ ցածր կուրսի դեպքում՝ վերջինս ուսման վարձը մուծելու նոր պայմաններ էր դրել: Իսկ այս հարցին, ինչքան էլ փնտրեցի, երկրորդ հոդվածում այդպես էլ պատասխան չգտա՝ բացի, իհարկե, անհարկի անձնական վիրավորանքներից, ընդհուպ մինչև այն, որ «մի խումբ ուսանողները» մեղադրվում էին տարրական թվաբանական գործողություններին անճանաչության և «լրագրական լեզվի» բացակայության մեջ: Քավ լիցի, ոչ ոքի վիրավորել չեմ ցանկանում, բայց, համեմատելով երկու հոդվածները, ավելի տրամաբանական կլինի «լրագրական լեզվի» բացակայության մեջ մեղադրել վերոհիշյալ բուհի անունից հանդես եկող երկրորդ նյութի հեղինակին՝ ուսխորհրդի նախագահին, որն ինքը, անձնական ամբիցիաներ օգտագործելով, անընդհատ խուսափում է կոնկրետ պատասխան տալ բուն հարցին: Մեկ հանգամանք ևս. երկրորդ հոդվածի հեղինակը առաջիններին մեղադրում է լրագրական լեզվի անճանաչության մեջ, բնականաբար հարց է ծագում՝ իսկ ինչո՞վ է զբաղված «հայ իրականության մեջ իր ուրույն տեղն ունեցող» համալսարանի դասախոսական կազմը, եթե իրենց ուսանողները աչքի են ընկնում նման տարրական անգրաճանաչությամբ: Իհարկե, բնական է՝ ուսխորհուրդն, իր նախագահի ղեկավարությամբ, ցանկացել է պաշտպանել բուհի ռեկտորին, սակայն դա նրան այնքան էլ չի հաջողվել, եթե չասենք, որ ընդհակառակը՝ իր հոդվածով ինքը պարզապես արջի ծառայություն է մատուցել համալսարանի ռեկտորին՝ ավելի կասկածելի դարձնելով բաձրացված հարցերը: Մի բան էլ. պատասխանի դեպքում հեղինակին կխնդրեինք կրկին անգամ չշեղվել բուն թեմայից և, իհարկե, ուշադրություն դարձնել իր իսկ ասած «լրագրական լեզվին»: Ա. ԱՄԻՐՅԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈ՞ՐՏ, ԹԵ՞... Ընդհանրապես, երթուղային տաքսիները ստեղծվել են հասարակության համար՝ նրանց հոգսերը փոքրիշատե թեթևացնելու, ավելի հեշտ ու հաճելի դարձնելու մարդկանց կենցաղը: Մեր մայրաքաղաքում գործում է հասարակական տրանսպորտի միայն մեկ ձև՝ երթուղային տաքսին, և քանի որ քաղաքը փոքր է՝ կարծես թե բավարարում է բնակչությանը: Բայց, ավաղ, միշտ չէ այդպես: Մրցակից չունենալով՝ երթուղային տաքսիների վարորդները երբեմն չարաշահում են մարդկանց համբերությունը: Այսինքն՝ մեր վարորդները ոչ թե աշխատում են բնակչության օգտին, այլ իրենց «գրպանների» օգտին: Այսինքն՝ հիսուն դրամի համար նրանք ինքնամոռաց վտանգում են թե իրենց, թե ուղևորների կյանքը, մեծ արագությամբ՝ մեկը մյուսից առաջ ընկնելով՝ ուզում են ավելի շուտ հասնել հաջորդ կանգառ, մոռանալով, որ երբ նստած են ղեկին՝ ապա պատասխանատու են ուղևորների համար: Կանգնեցնում են ուր ասես՝ ինչ արագությամբ էլ երթևեկելիս լինեն, ինչի պատճառով էլ վթարային իրավիճակներ են ստեղծվում: Այո, փող բոլորին էլ հարկավոր է, բայց պետք չէ, որ մեր վարորդները «Շումախերներ» դառնան: Կամ էլ, երբ նստում ես երթուղային տաքսի և մեջը լինում են երկու, երեք ուղևոր, ուրեմն բախտդ չի բերել՝ վարորդները կանգառներում այնքան կկանգնեն, որ կափսոսաս ոտքով չգնալու համար (այդպես ավելի շուտ տեղ կհասնեիր): Ո՞վ պիտի կարգուկանոն մտցնի, «խաղի» հստակ կանոններ սահմանի:
Գենադի ԵՐԵՄՅԱՆ
մշակույթ
«ԿԱՐԵՎՈՐՆ
ԱՅՆ Է, ԹԵ ԻՆՉ ԵՍ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԲԵՄԻՑ». Արցախի կամերայինը փետրվարի 28-ին հանդես եկավ հերթական համերգով՝ թարմացված ծրագիր, նոր կատարողներ: Այս անգամ համերգին հրավիրվել էին նաև Արմեն և Վահագն Ճենթերեճյանները՝ ջութակահար Աշոտ Ճենթերեճյանի եղբայրն ու որդին: Ձեզ ենք ներկայացնում մեր թերթին տված նրանց հարցազրույցը:
- Աշոտ, սեպտեմբերին կամերայինի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում Դուք ասել էիք՝ «եղբայրս գնաց Սիրիա, ես եկա Արցախ: Մեկնելուց առաջ նա ինձ ասաց՝ տեսնենք մեզանից ով ավելի շատ և արդյունավետ կաշխատի: Հիմա, կես տարի անց, ի՞նչ կասեք այդ մասին»: Աշոտ Ճենթերեճյան - Կարծում եմ, այսպես ասած, ակնհայտ, շոշափելի արդյունքների առումով ես ավելի շահեկան վիճակում եմ, որովհետև Արմենի արած աշխատանքը դեռ տարիներ հետո կերևա: Ես ավելի շահեկան վիճակում գտնվեցի, քանի որ մենք աշխատում ենք և համերգներ ենք տալիս, և այդ, կոպիտ ասած, արտադրանքը տեսանելի է: Արմեն Ճենթերեճյան - Ես այնտեղ երկար ժամանակ զբաղված էի ուսումնամեթոդական ծրագրերի հիմնմամբ, այսինքն՝ զուտ տեսական աշխատանքով և, իհարկե, եթե հետևողական վերաբերմունք լինի՝ թե մանկավարժների, թե սովորողների կողմից, առնվազն մեկ տարի կպահանջվի, որպեսզի արված աշխատանքը երևա: Աշխատանքը փաստացի կատարված է և արված է բավականին մանրակրկիտ ու լուրջ կերպով: - Ովքե՞ր են Ձեզ հրավիրել: Արմեն Ճենթերեճյան - Ինձ հրավիրել է Համազգայինի Սիրիայի վարչությունը՝ տեղի Կանաչյան երաժշտանոցը ղեկավարելու համար: Դա մի կառույց է, որտեղ արդեն որոշակի աշխատանք էր արված, բայց նրանք եկան այն մտքին, որ երաժշտության դասավանդումը պետք է կատարվի այն «շկոլայով», որի հետևորդներն ենք մենք: Բարեբախտաբար, նրանք դրանում ոչ մի կոմունիստական, կամ ռուսական ավանդույթներ չեն տեսնում, իսկ այդ «շկոլան» 19-րդ դարի վերջերին, 20-րդ դարի սկզբներին հիմնել են հանճարեղ մարդիկ, որոնց արժանի հետևորդն է եղել Հովհաննես Նալբանդյանը: Ինձ համար դա երկու հրաշալի ջութակահարների, մանկավարժների հիմնադրած դպրոցն է, և ինձ համար շատ հաճելի է, որ գոնե Հալեպի հայ երեխաները իրենց կրթությունը կսկսեն, և, տա Աստված, կշարունակեն այդ «շկոլայով»: Իհարկե, Աշոտի արածը ավելի շոշափելի և տեսանելի է: Եվ ուզում եմ ասել՝ ես շատ մեծ հաճույքով երեկ նվագեցի, շատ մեծ բավականություն էր փորձերին մասնակցելը: Իհարկե, ունեմ շատ մեծ ցանկություններ, ունեմ նույնիսկ լուրջ դիտողություններ, բայց այն աշխատանքը, որ արված է, իրոք շատ մեծ աշխատանք է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ամենն արվել է ընդամենը վեց ամիսների ընթացքում: Չմոռանանք, որ այս նվագախմբի մեկ երրորդից ավելին Ստեփանակերտի երաժիշտներն են՝ ջութակահարների ճիշտ կեսը Ստեփանակերտից են, որոնք օբյեկտիվ պատճառներով չէին կարող պրոֆեսիոնալ կրթություն ստանալ. հասկանալի է՝ երկիրը պատերազմի մեջ էր: Իսկ ոչ մի պատերազմող երկրում այնպիսի բարվոք պայմաններ չեն լինում, որ մարդիկ սկսեն մտածել երեխաների գեղագիտական, պրոֆեսիոնալ կրթության մասին: Սա շատ ցավալի, բայց օբյեկտիվ իրականություն է: Բոսնիայում էլ պատերազմ եղավ, բայց ես չեմ պատկերացնում, թե այնտեղ երբ կկարողանան կամերային նվագախմբի մասին մտածել: Իսկ Ստեփանակերտում այն այսօր արդեն կա: Շատ հարուստ, ապահովված և անհիշելի ժամանակներից պատերազմ չտեսած երկրներ այսօր կամերային նվագախումբ չունեն: - Ոմանք ասում են՝ մեր ինչի՞ն է պետք կամերային նվագախումբը, բայց մի՞թե լեցուն դահլիճներն արդեն իսկ չեն պատասխանում այդ հարցին: Աշոտ Ճենթերեճյան - Ամբողջ հարցն այն է, որ մեր՝ որպես Ճենթերեճյան դուետ, համատեղ անցած ճանապարհին շատ ենք շփվել ֆունկցիոներների հետ, որոնց համար խնդիրները լուծելու ամենահեշտ միջոցը դա էր՝ ինչների՞ս է պետք ջութակահարների դուետ: Բնականաբար, հարց էր ծագում՝ դու մի ամբողջ քաղաքի անունից ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս այդպես խոսել: Կարծում եմ, որ սա ահազանգ պիտի լինի ԼՂ իշխանություններին, որ հանկարծ չփորձեն այդպիսի արտահայտություն անել, որովհետև լեփ-լեցուն դահլիճները վառ ապացույցն են այն բանի, որ պետք է: Այո, ֆունկցիոները շատ հարցեր կարող է լուծել, կարող է և չլուծել՝ ըստ իր գիտելիքների, վերջապես, ըստ իր ցանկության, դա արդեն հարցի մի կողմն է, բայց որ դահլիճները լեփ-լեցուն են, դա է հիմնականը: Երեկ՝ համերգի վերջում, ես արդեն շնչահեղձ էի լինում, այնքան մարդ կար, որ ձմեռվա վերջին օրվա համերգին սրահում արդեն շոգ էր: Մենք՝ ես և եղբայրս, շատ վաղուց ենք ծանոթ արցախյան ունկնդրի վարքին, ճաշակին, ազնիվ կատարվող երաժշտությանը ինտուիտիվ գնահատական տալու ունակությանը և ուրախ եմ, որ այսքան դժվար տարիներից հետո Արցախը չի կորցրել իր մշակութասեր-արվեստասեր դիմագիծը: - Արմեն, իսկ Ձեր աշխատանքը Սիրիայում արդեն ավարտվա՞ծ է, թե՞ դեռ նորից պիտի մեկնեք: Արմեն Ճենթերեճյան - Ես դեռ պիտի ընդունեմ երկրորդ կիսամյակի քննությունները: Այնտեղ էլ շատ պրոբլեմներ կան, զգացվում է ավանդույթների պակաս: Եթե զուգահեռներ անցկացնենք, ապա կտեսնենք, որ այստեղ եղել են շատ հիանալի ավանդույթներ, որոնք ընդհատվել են՝ որոշակի ժամանակով, որոշակի տնտեսական և ռազմական ծանր իրավիճակների թելադրանքով, բայց եթե կա ավանդույթ և այն կանգ է առնում, դա շարունակական պրոցեսի ինչ-որ մի մասն է միայն, հետագայում ավանդույթներ ստեղծելու խնդիր չի լինի, կլինի միայն դրանք շարունակելու անհրաժեշտություն: - Աշոտ, Ձեր եղբայրը նշեց, որ ղարաբաղցի երաժիշտների մեղքը չէ, որ պրոֆեսիոնալ կրթություն չունեն՝ պատճառը պատերազմն էր: Այսօր Դուք, բացի կամերայինում նվագելուց, դասավանդում եք, զբաղվում եք մանկավարժությամբ: Ըստ ձեզ, հնարավո՞ր է, արդյոք, որ որոշ ժամանակ անց, ներկայիս սերունդը լրացնի այդ բացը: Աշոտ Ճենթերեճյան - Իմ վերջնական նպատակը դա է՝ տարիներ հետո այստեղ տեսնել լուրջ մասնագետներ: Նոր խոսեցինք նախորդ դարի ռուսական կամ պետերբուրգյան «շկոլայի» մասին: Մեր պրոֆեսորները սովորել են Մոսկվայում, Լենինգրադում, ապա այդ «շկոլան» Երևանում փոխանցել են մեզ: Երևանը մի քաղաք էր, որի հետ Մոսկվայում հաշվի էին նստում, իսկ երևանյան լարային «շկոլայի» հիմնադիրներն են եղել Ավետ Գաբրիելյանը, Դոմբաևը, Հրաչյա Բոգդանյանը: Հիմա մեր ամբողջ նպատակն այն է, որ մենք կարողանանք այդ երևանյան, պրոֆեսիոնալ «շկոլան» հիմնավորենք Արցախում: Իհարկե, անընդհատ պատճառաբանել, թե, գիտե՞ք, պատերազմող երկիր է, աղքատ է, այդ երեխան ի՞նչ է տեսել, այսպիսի պատճառաբանությունները մեզ առաջ չեն տանի: Ես այդ ժամանակը չունեմ, և եթե ես ձեռնարկել եմ այդ խնդիրը, ուրեմն այդ երեխաները ինձ հետ հավասար պիտի անզիջում լինեն, այսինքն՝ չգնան կոմպրոմիսների: Ես պիտի այստեղ տեսնեմ շատ արագ կայացող դպրոց: Դրանում մեծ դեր պիտի խաղան նաև ծնողները. ես միշտ ասել եմ՝ հայ բութ երեխա չկա, կան հայ բութ ծնողներ: Պարզապես Ստեփանակերտում ծնողները պիտի գիտակցեն, որ ջութակի վրա նվագելը մասնագիտություն է, թե չէ երջանկանանալ նրանով, որ ես մի երեխայի փողոցից կտրեցի... - Արմեն, Սիրիայից վերադառնալուց հետո, ի՞նչ պլաններ ունեք, հնարավո՞ր է, որ Դուք էլ ներգրավվեք Արցախի կամերայինում: Արմեն Ճենթերեճյան - Առայժմ չեմ մտածում այդ մասին, բայց ցանկացած առիթի դեպքում սիրով կգամ: Նախ, որովհետև շատ սիրում եմ մեր երկրի արևելյան հատվածը, շատ սիրում եմ Ստեփանակերտը, հետո էլ՝ այստեղ ունեմ շատ լավ ընկերներ, բայց գալ երկարատև աշխատանքի՝ առայժմ չեմ մտածում, գուցե դա նրանից է, որ տղաս դեռ փոքր է և, իմ ներկայությունը դեռ նրան անհրաժեշտ է: - Ստեփանակերտում առայսօր խոսում են տարիներ առաջ ունեցած ձեր համատեղ համերգի մասին: Հետադարձ հայացք ձգելով և համեմատելով այն ժամանակվա և մեր օրերի արցախյան հանդիսատեսին, տարբերություններ տեսնո՞ւմ եք: Արմեն Ճենթերեճյան - Զուտ որպես ունկնդիր տարբերություն չեմ տեսնում, պարզապես 70-ականների վերջերին կյանքն ավելի հանգիստ էր, ինչպես բոլոր նորմալ ռիթմով ապրող քաղաքներում: Պատերազմի տարիներին զգացում կար, որ մարդիկ ուղղակի լարված են, բնականաբար, շատ հասկանալի պատճառներով, բայց դա ոչ մի կերպ չէր անդրադառնում մեր՝ նվագող-ունկնդիր այդ հրաշալի, սուրբ կոնտակտին: Ասեմ, որ երաժշտական ճաշակը գենետիկորեն փոխանցվող հատկություն է, և եթե մարդկային այդ տեսակը հարատևում է, ապա այդ ճաշակը ևս անպայման շարունակվում է: Փոխվում են արտաքին պայմանները, սակայն բարձր որակի համերգ միշտ և բոլոր վայրերում էլ լավ են ընդունում: Կարևորն այն է, թե մենք ինչ ենք մատուցում բեմից: Աշոտ Ճենթերեճյան - Ես նախ ուզում եմ նշել մի շատ կարևոր բան՝ արցախյան իշխանությունների վերաբերմունքը: Անընդհատ ասում են՝ եթե դու արվեստագետ ես, ինչի՞ ես խառնվում քաղաքականությանը: Բայց դա այն դեպքում, երբ քաղաքականությունը քեզ չի խանգարում, իսկ այսօր այն վիճակն է, որ մենք շատ կախված ենք: Հասարակ օրինակ՝ այս ընթացքում մենք ունեցել ենք կրթության երկու նախարար՝ Արմեն Սարգսյանը և հիմա՝ Աշոտ Ղուլյանը: Նրանցից որևէ մեկի չնչին իսկ չկամության դեպքում մենք այսօր շատ պրոբլեմների առաջ կկանգնեինք, էլ չեմ ասում, որ թիկունք կանգնելը վարչապետի մակարդակով է արվում, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ տղամարդկանց. նրանք հեռու են նայում և հասկանում են, որ վաղը այս նվագախումբը Արցախին քաղաքական դիվիդենտներ է բերելու: Այո, մենք անընդհատ ասում ենք՝ Մետրոպոլիտեն օպերա, գիտե՞ք, այնտեղ ինչպիսի գներ են և այլն, բայց, գիտե՞ք, որ եթե Պավարոտին այնտեղ երգում է, ապա հիսուն հազար դոլլար գումար է ուզում, համապատասխանաբար՝ դիրիժորն էլ մի 35 հազար կուզի, չէ՞, բա էդ փողերը որտեղի՞ց: «ՋեներալՄոթորսն» է ֆինանսավորում՝ աշխարհի ամենահզոր կոնցեռնը, այն պետականորեն պարտավորվածություն ունի Մետրոպոլիտեն օպերան ֆինանսավորելու: Հիմա մենք այդ մասշտաբներից իջնենք ցած, բայց մեզ էլ է պետք, չէ՞, ֆինանսավորում, կամ գոնե, ասենք, պետական պաշտոնյայի բարյացակամ վերաբերմունք: - Աշոտ, գիտենք, որ ձեր պայմանագրի ժամկետը երկու տարի է: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն եք տեսնում կամերայինը երկու տարի հետո: Աշոտ Ճենթերեճյան - Այս երկու տարին բացարձակապես չի նշանակում կամերայինի ապրելու ժամանակահատված, բոլորն էլ թող վստահ լինեն, որ սա հիմնված կոլեկտիվ է, ծնված զավակ է, և նա պիտի ապրի: Այլ խնդիր է, թե այդ երեխան ինչ դաստիարակների ձեռք կընկնի: Այսօր այդ երեխան շատ երջանիկ է, իսկ այդ ժամկետի հարցը բացարձակապես երեխայի կյանքի հետ չէ կապված: Սա չի նշանակում, որ երկու տարի հետո նվագախումբը գոյություն չի ունենա: Ինչ-որ մարդիկ կգնան, կվերադառնան Երևան, կհրավիրենք ուրիշների, կարծում եմ, որ մի 6-7 տարի հետո մենք արդեն տեղում կունենանք անհրաժեշտ կադրերը: - Վահագն, մենք հանդիպել ենք աշնանը, և դու այն ժամանակ խոսեցիր քո պլանների մասին, բավականին ժամանակ է անցել, ի՞նչ ես արել այս ընթացքում, արդյոք կարողացե՞լ ես իրականացնել քո պլանները: Վահագն Ճենթերեճյան - Փոքր-ինչ: Մեկ ամիս առաջ սկսել եմ երկրորդ CD-ի վրա աշխատել, և ուզում եմ մինչև ամառվա վերջը թողարկել երկրորդ ձայնասկավառակս: Բացի այդ, մի երկու ամսից արդեն ավարտում եմ կոնսերվատորիան, և աշխատում եմ պետական, ավարտական քննությանս ծրագրի վրա: - Նախորդ հանդիպման ժամանակ նշել էիր, որ առաջին ձայնասկավառակիդ տարածման հետ ինչ որ պրոբլեմ կա, այդ մասին պատմիր, խնդրեմ: - Առաջին ձայնասկավառակս արեցի շատ քիչ քանակով, այն նպատակով, որպեսզի տեսնեմ, թե ինչ ճակատագրի կարժանանա: Այդ է միայն: - Նշել էիր նաև, որ կատարում ես հայ կոմպոզիտորների և հայ ժողովրդական ստեղծագործություններ: Արդյո՞ք, դրանք տեղ են գտել նաև քո ձայնասկավառակներում: -Առաջին ձայնասկավառակիս մեջ այդպիսիք չկան, իսկ երկրորդիս մեջ կլինի Կոմիտասի ստեղծագործություններից մեկը: Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԱՆԱԿՆԿԱԼ՝ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ Մարտի 7-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպեց միջոցառում, որն իր ջերմությամբ լցրեց կանանց սրտերը: Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում ստեփանակերտցիները հավաքվել էին ունկնդրելու վերջին տարիներին մեծ ճանաչում գտած «Վերնատուն» խմբին և կանանց օրվա կապակցությամբ շնորհավորելու արժանի հայ կանանց: «Վերնատունը»՝ ի դեմս Լուսինե Գասպարյանի (սոպրանո) և Ռուզան Ներսիսյանի (քանոն), Վիտալի Ղազարյանի (բարիտոն) և վերջերս բանակից վերադարձած Վարդան Բադալյանի, ու ընտանիքի հոր՝ Տիգրան Մկրտչյանի, ուրախացրեց իր ունկնդիրներին հայ ժողովրդական երգերի հիանալի կատարմամբ: Երգեր, որտեղ հիմնականում որպես հերոսներ հանդես են գալիս սիրահար պատանիներն ու պարմանիները, և որոնց պատկերացմամբ աշխարհը վառ ու լուսավոր է, սիրով ու հարգանքով լեցուն: Այդ երեկո երգերը հնչում էին իսկ և իսկ տեղին՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի ամենաարժանավոր կանանց: Երգերով էր սկսում երեկոյի յուրաքանչյուր հերոսուհու մուտքը, որոնց համար, ասես, այդ երգերը լավագույն նվերն էին, որ կմնան նրանց հոգիներում դեռ երկա¯ր ժամանակ: Բավական է անուններով նշել այն կանանց, որոնք բարձր են պահել ու պահում են արցախուհու պատիվը. Աիդա Սահակյան, Իրինա Իգոշկինա, Ռիմա Խաչիյան, Նելլի Ղուլյան, Վիոլետա Բաղդասարյան, Օֆելյա Հայրապետյան, Վերա Գրիգորյան, Հասմիկ Միքայելյան: Նրանց բոլորի համար քաղաքապետարանը՝ նախարարությունների հետ համատեղ, պատրաստել էր նվերներ: Բազմաթիվ բարեմաղթանքներ հնչեցին այդ կանանց հասցեին, որոնցից յուրաքանչյուրը մտքում կամ բարձրաձայն կասեր՝ նման ջերմ բառերի և ուշադրության արժանի է յուրաքանչյուր արցախուհի: Բայց որ լավագույն նվերը ներկա բոլոր կանանց համար մատուցեցին վերնատունցիները՝ անկասկած այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Եվ այդ մասին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանից, որին տրվել էր փակման խոսքը, ավելի լավ հազիվ թե ասվի. «Ես միանում եմ կանանց հասցեին հնչած շնորհավորանքներին, նրանք արժանի են դրան: Ինչ վերաբերում է համերգին, երգերը մատուցվեցին կատարողական բարձր վարպետությամբ: Խումբն արժանի է հովանավորման և օժանդակության...»: Վ. ՄԱՆԱՍՅԱՆ
ԿՈՄԻՏԱՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՍԿԱՆՅԻ Մարտի 11-ին Երիտասարդության պալատում կայացավ Արցախի պետական կապելլայի հերթական մենահամերգը: Ավանդության համաձայն, համերգը սկսվեց հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններով, որոնց ջանադիր քարոզիչն է Կապելլան՝ իր գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանի ղեկավարությամբ: Բացի Կոմիտասից, երգչախումբը կատարեց նաև արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ի դեպ, հանդիսատեսին հաճախ անակնկալներ մատուցող երգչախումբն այս անգամ էլ հուսախաբ չարեց և վերջում հանդիսատեսին ներկայացրեց իր նոր մեներգչին՝ Մակենա Բաղրյանին, որը կատարեց հատված Մասկանյիի «Գյուղական ասպետություն» օպերայից: Կատարումն այն աստիճան գրավեց և հուզեց հանդիսատեսին, որ երկար ժամանակ չէին դադարում ծափողջույններն ու «բրավոները», իսկ անընդհատ հնչող «բիս»-երը ստիպեցին մեներգչին և երգչախմբին կրկնել կատարումը, որը ևս ընդունվեց ջերմ ծափերով... Հուսանք, որ սա Մ. Բաղրյանի առաջին լուրջ հաջողությունը կլինի երգարվեստում, իսկ «բրավոներն» ու «բիսերը» կհնչեն ոչ միայն հայ բեմում, այլև աշխարհի բոլոր ծայրերում:
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Մեկ տարի առաջ մամուլում հրապարակվել էր Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության հայտարարությունն առ այն, որ արվեստի և գրականության բնագավառում շնորհվելու են մրցանակներ ութ անվանակարգերով՝ գրականություն, կերպարվեստ, թատրոն, կինո, հեռուստառադիոլրագրություն, երաժշտություն, ճարտարապետություն, հումանիտար գիտություններ: Ըստ կազմակերպիչների՝ մրցույթը նպատակ ունի նպաստել հայոց մշակույթի և գիտական մտքի զարգացմանը, խրախուսել արվեստագետներին և այն ստեղծագործությունները, որոնք արտացոլում են հայրենական կյանքի գեղարվեստական պատկերները, շենացնում ու հարստացնում են հայրենի երկիրը, դրսևորում են հայեցի մտածողություն, զարգացնում ու տարածում են մայրենին և օժտված են գրականության, արվեստի և հումանիտար գիտությունների մնայուն արժեքների հատկանիշներով: 2004թ.-ի փետրվարից մինչև սեպտեմբեր ընդունվում էին հայտեր: Հայտեր չեն ներկայացվել միայն թատրոնի և երաժշտության անվանակարգով: Գրականություն անվանակարգով ներկայացվել էր 34 անուն գիրք, հումանիտար գիտություններ՝ 4 հեղինակների 5 գիրք, ճարատարապետություն անվանակարգով՝ ճարտարապետական նախագծերի հայտեր չեն եղել, սակայն ներկայացվել էին 2 աշխատություններ, որոնք կարելի է որակել որպես խիստ անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներ, կինոյի բնագավառում ներկայացվել էր 3 վավերագրական ֆիլմ, հեռուստալրագրություն անվանակարգով հայտեր էին ներկայացրել 4 հեռուստաընկերություններ: Կերպարվեստի բնագավառում մրցութային ցուցահանդես էր կազմակերպվել հւնվարի 26-ին (ներկայացվել էին 27 աշխատանքներ): Օրերս «Վահան Թեքեյան» կենտրոնում տեղի ունեցավ մրցանակաբաշխության արդյունքների ամփոփում և մրցանակների հանձնում: Գրականության ասպարեզում մրցանակ շնորհվեց Արմեն Շեկոյանին՝ «Երևան հյուրանոց» բանաստեղծական ժողովածուի համար: Ճարտարապետություն անվանակարգով հանձնաժողովի միաձայն որոշմամբ մրցանակը տրվեց «Ճարտարապետական հուշարձանների վերականգնումը» ուսումնական ձեռնարկին: Հումանիտար գիտությունների անվանակարգով մրցանակ շնորհվեց Երջանիկ Գևորգյանի «Հայոց շարժումային բառարան» ստվարածավալ գրքին: Հատկանշական է, որ այս աշխատությունը եզակի երևույթ է հայոց լեզվաբանության բնագավառում: Ի դեպ, հեղինակն այդ գրքի վրա աշխատել է 25 տարի, ինչի արդյունքում կորցրել է տեսողությունը: Կինոյի բնագավառում հանձնաժողովը որոշեց մրցանակը շնորհել կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Պատերազմ առանց մեկնաբանության» ֆիլմաշարին՝ նվիրված Արցախյան պատերազմին: Կերպարվեստի անվանակարգում հաղթող ճանաչվեց երիտասարդ գեղանկարիչ Գևորգ Եղիազարյանը՝ «Երկատված կյանք» մեծակտավ աշխատանքի համար:
Լիլիթ
ԱՍՐՅԱՆ
ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԿ Քայլում ես մայրաքաղաք Ստեփանակերտի մարդաշատ փողոցներով: Ամենուրեք մարդիկ են՝ դեմքեր, հայացքներ: Ոմանց հայացքում ոսկու և թղթադրամների դրոշմած ցոլքն է փայլում, իսկ ոմանց էլ ուզում ես հագիդ վերջին շորն էլ հանել և տալ՝ խղճահարությունից: Մեկ էլ ցանկանում ես մի լավ ապտակ հասցնել մի քանիսին՝ սթափեցնելու անծայր հարստության արբունքից: Այդպես խորհելով ու մարդկանց հայացքները քննելով՝ քայլում ես: Մեկ էլ լսում ես ծեր տատիկի ձայնը, որ ողորմություն է խնդրում: Ի՞նչ անել: Հանել ու տալ դրամապանակիդ ողջ պարունակությո՞ւնը, թե՞ կանգնել մայթի մեջտեղում ու ողջ ձայնով գոռալ. - Սա՞ է ձեր պահած բարեկեցիկ երկիրը: Սա՞ է սոցիալական հավասարությունն ու ապահովվածությունը, որ լոզունգի նման հնչեցնում եք բարձր ամբիոններից: Գոռալ այնպես, որ ձայնդ իսկապես հասնի վերևներին: Մտածում ես, բայց նորեն սթափվում մուրացող կնոջ ձայնից: Ու մեքենայաբար ձեռքդ խոթում ես գրպանդ ու հանում-տալիս ես գրոշներ՝ մեկ, երկու կամ մի քանի: Ու, չգիտես ինչու, առջևդ պատկերացնում ես սեփական տատիկիդ՝ մուրացողի կերպարանքով, կեղտի մեջ կորած՝ պատառոտված հագուստներով ու կիսամերկ ոտքերով, ու... ոտնահարված արժանապատվությամբ: Կյանքից դառնացած շրջվում, շարունակում ես ճանապարհդ ու այդ ծանր տպավորության տակ կքած, անիծում ես աշխարհի բոլոր օրենքները: Ու թե մարդ ես, էլի, անցնելու լինես այլ փողոցներով, ուր մարդկանց շարժն ավելի ակտիվ է, կհանդիպես այդպիսի շատ տատիկների, ինչու չէ՝ պապիկների, դեռահասների: Ու որերորդ անգամ հնչեցրած խոսքերն ես լսում, մեխանիկորեն շնորհակալություն հայտնում ու, մուրող հայացքը որսալով, հանում ու «վճարում» ես բարեմաղթանքի դիմաց: Հարց է ծագում. ո՞վ է մեղավոր. ե՞ս, նա՞, իսկ գուցե ճակատագի՞րը: Ամենևին էլ՝ ոչ: Վերջապես եզրահանգում ես, որ մեղավոր է հասարակությունը՝ իր բարձրադիր բաղադրիչներով: Այո, մի՞թե պետբյուջեում ճեղքվածք կառաջանա, եթե նմաններին մի քանի հազար դրամ ամսական հատկացվի... Դրանով գոնե կկարողանան արժանապատվորեն գոյատևել... Պարզապես տգեղ է, երբ մի փոքրիկ հանրապետության փողոցներով արտասահմանյան ամենավերջին թողարկման թանկարժեք ու շքեղ ավտոմեքենաների կողքով քարշ են գալիս մուրացիկ տատիկներ: Նրանք աղճատում են մեր հասարակության բարեկեցության, քաղաքակրթության ֆոնը: Փորձենք իսկապես ապրել բարեկեցիկ միջավայրում, բարեկեցիկ երկրում, որի ազատության պատվանդանը կերտելու համար շատ թանկ ենք վճարել: Վճարել ենք մեր հայրերի, եղբայրների, որդիների կյանքի գնով: Իննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԷՌՆԵՍՏ ԵՍԱՅԱՆ - 50 Լրացել է բանաստեղծ, լրագրող և մանկավարժ Էռնեստ Եսայանի ծննդյան 50-ամյակը: Նա հեղինակ է մեկ տասնյակ չափածո, արձակ, փաստա-վավերագրական և գեղարվեստական գրքերի, մամուլում տպագրված բազմա-թիվ հրապարակախոսական հոդվածների: ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ
Իմ
ժամանակը այդպես էլ գնաց՝ * * *
Մեր
տան ներսում ՝ մենք անտուն... 1994թ. | ||
Հրատարակվում է "Conciliation Resources" կազմակերպության ֆինանսական և Ստեփանակերտի մամուլի ակումբի ստեղծագործական աջակցությամբ | |||